ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ ՂՈՒԿԱՍ ԱՒԵՏԱՐԱՆՉԻ
1
ՆԱԽԱԲԱՆ
1 Առաջին պատմութիւնը գրի առայ, ո՛վ Թէոփիլէ, այն բոլոր բաների մասին, ինչ Յիսուս սկսեց անել եւ ուսուցանել սկզբից 2 մինչեւ այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով պատուէր տուեց առաքեալներին, որոնց ինքն ընտրել էր, եւ երկինք վերացաւ: 3 Նա իր չարչարանքներից յետոյ իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում երեւալով նրանց եւ խօսելով Աստծու արքայութեան մասին: 4 Եւ մի օր նրանց հետ հաց ուտելիս պատուէր տուեց նրանց, որ Երուսաղէմից չմեկնեն, այլ սպասեն Հօր խոստումին, «որը, - ասաց, - լսեցիք ինձնից. 5 որովհետեւ Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք այս օրերից ոչ շատ յետոյ պիտի մկրտուէք Սուրբ Հոգով»:
ՅԻՍՈՒՍԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԸ
6 Նրանք, մօտենալով, հարցրին նրան եւ ասացին. «Տէ՛ր, այս ժամանակո՞ւմ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»: 7 Յիսուս նրանց ասաց. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց իր իշխանութեան մէջ. 8 այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը»:
9 Եւ երբ այս խօսքերն ասաց, մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացաւ, եւ ամպը նրան ծածկեց նրանց աչքերից: 10 Եւ մինչ իրենց աչքերը յառած նայում էին նրա երկինք գնալուն, ահա նրանց երեւացին սպիտակ զգեստների մէջ երկու մարդիկ, որոնք եւ ասացին. 11 «Ո՛վ գալիլիացիներ, ինչո՞ւ կանգնած նայում էք երկնքին. այս Յիսուսը, որ ձեր միջից երկինք վերացաւ, պիտի գայ նոյն ձեւով, ինչպէս տեսաք նրա երկինք գնալը»:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ
12 Ապա Երուսաղէմ վերադարձան Ձիթենեաց կոչուող լեռից, որ Երուսաղէմին մօտ է շաբաթ օրն անցնելիք մի ճանապարհի չափ(1012): 13 Եւ երբ քաղաք մտան, բարձրացան վերնատունը, որտեղ եւ բնակւում էին Պետրոսն ու Յակոբոսը, Յովհաննէսն ու Անդրէասը, Փիլիպպոսն ու Թովմասը, Բարթողոմէոսն ու Մատթէոսը, Ալփէոսի որդի Յակոբոսն ու Նախանձայոյզ Շմաւոնը եւ Յակոբոսի որդի Յուդան: 14 Սրանք բոլորը, միասիրտ, յարատեւօրէն աղօթքի մէջ էին կանանց եւ Յիսուսի մօր՝ Մարիամի ու նրա եղբայրների հետ:
ՄԱՏԱԹԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ
15 Եւ այն օրերին Պետրոսը վեր կացաւ եղբայրների մէջ (եւ այնտեղ հարիւր քսան հոգու չափ հաւատացեալների բազմութիւն կար) եւ ասաց. 16 «Ո՛վ եղբայրներ, պէտք է, որ կատարուէր գրուածը, ինչ որ նախօրօք Սուրբ Հոգին ասել էր Դաւթի բերանով Յուդայի մասին, որ Յիսուսին բռնողներին առաջնորդ եղաւ. 17 որովհետեւ նա մեզ հետ մեր խմբի մէջ էր. եւ նրան էլ վիճակուած էր այս սպասաւորութիւնը: 18 Սա իր անիրաւութեան վարձով մի ագարակ գնեց եւ ուռչելով(1013) մէջտեղից պատռուեց, ու նրա ամբողջ փորը դուրս թափուեց: 19 Եւ այս բանը յայտնի եղաւ բոլոր նրանց, որոնք Երուսաղէմում են բնակւում, այնպէս որ մինչեւ իսկ այն ագարակը կոչուեց իրենց բարբառով Ակեղդամա, այսինքն՝ Արեան ագարակ. 20 որովհետեւ սաղմոսների գրքում գրուած է. «Թող նրա տունը աւերակ լինի, եւ չգտնուի մէկը, որ նրա մէջ բնակուի». եւ՝ «Նրա պաշտօնը թող ուրիշն առնի»: 21 Արդ, մէկն այս մարդկանցից, որոնք մեզ ուղեկցում էին այն ամբողջ ժամանակ, երբ Յիսուս երկրի վրայ մեզ հետ էր, - 22 սկսած Յովհաննէսի մկրտութիւնից մինչեւ այն օրը, երբ մեր միջից երկինք վերացաւ, - պէտք է, որ նա մեզ հետ վկայ լինի նրա յարութեանը»: 23 Եւ ներկայացրին երկուսին՝ Յովսէփին, որին Բարսաբա էին կոչում, եւ որ վերանուանուեց Յուստոս, ու Մատաթիային: 24 Եւ աղօթք անելով՝ ասացին. «Տէ՛ր, դու որ գիտես բոլորի սրտերը, ցո՛յց տուր այս երկուսից մէկին, որին ընտրեցիր, 25 որպէսզի առնի վիճակն այն պաշտօնի եւ առաքելութեան, որից Յուդան ընկաւ իր տեղը գնալու համար»: 26 Եւ նրանց համար վիճակ գցեցին. վիճակը ելաւ Մատաթիային, եւ սա դասուեց տասնմէկ առաքեալների հետ:
2
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
1 Երբ Պենտեկոստէի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: 2 Եւ յանկարծակի երկնքից հնչեց մի ձայն՝ սաստիկ հողմից եկած ձայնի նման. եւ լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: 3 Եւ նրանց երեւացին բաժանուած լեզուներ, նման բոցեղէն լեզուների, որոնք եւ նստեցին նրանցից իւրաքանչիւրի վրայ: 4 Եւ բոլորը լցուեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խօսել ուրիշ լեզուներով, ինչպէս որ Սուրբ Հոգին նրանց խօսել էր տալիս: 5 Եւ կային Երուսաղէմում բնակուող հրեաներ, երկիւղած մարդիկ, եկած երկնքի տակ ապրող բոլոր ազգերից: 6 Եւ երբ այս ձայնը լսուեց, բազմութիւնը հաւաքուեց ու խռնուեց, որովհետեւ լսում էին, որ նրանք խօսում էին իրենցից իւրաքանչիւրի լեզուով: 7 Ամէնքը հիանում էին եւ զարմանում. ու միմեանց ասում էին. «Չէ՞ որ սրանք բոլորը, որ խօսում են, գալիլիացիներ են. 8 բայց ինչպէ՞ս է, որ մենք նրանց լսում ենք մեր իւրաքանչիւրի բարբառով, որ ծնուած օրից խօսում ենք: 9 Մենք՝ պարթեւներ, մարեր եւ իլամացիներ, եւ նրանք, որ բնակւում են Միջագետքում, Հրէաստանում(1014) եւ Գամիրքում, Պոնտոսում եւ Ասիայում, 10 Փռիւգիայում եւ Պամփիւլիայում, Եգիպտոսում եւ Կիւրենիայի հարեւան Լիբէայի շրջաններում, եւ Հռոմից եկածներ՝ 11 թէ՛ հրեաներ եւ թէ՛ հրէութեան դարձածներ, կրետացիներ ու արաբներ, - լսում ենք, որ նրանք խօսում են մեր լեզուներով Աստծու մեծագործութիւնների մասին»: 12 Բոլորը զարմանում էին եւ միմեանց ասում. «Ի՞նչ կարող է լինել սա»: 13 Իսկ ուրիշներ, ծաղրելով, ասում էին. «Նոր գինուց հարբած են»:
ՊԵՏՐՈՍԻ ՃԱՌԸ ՀՈԳԵԳԱԼՍՏԵԱՆ ՕՐԸ
14 Պետրոսը, Տասնմէկի հետ վեր կենալով, բարձրացրեց իր ձայնը եւ ասաց. «Ո՛վ հրէաստանցիներ եւ դուք ամէնքդ, որ Երուսաղէմում էք բնակւում, այս ձեզ յայտնի թող լինի, եւ իմ խօսքերին ակա՛նջ դրէք. 15 սրանք հարբած չեն, ինչպէս դուք էք կարծում, քանի որ դեռ առաւօտեան ժամը ինն է. 16 այլ՝ այս ա՛յն է, որ ասուեց Յովէլ մարգարէի բերանով.
17 “Եւ պիտի լինի սրանից յետոյ, վերջին օրերին,
- ասում է Աստուած, -
որ իմ Հոգուց պիտի թափեմ ամէն մարդու վրայ,
եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարէանան.
ձեր երիտասարդները տեսիլներ
եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն:
18 եւ իմ ծառաների ու իմ աղախինների վրայ
այն օրերին իմ Հոգուց պիտի թափեմ,
եւ նրանք պիտի մարգարէանան:
19 Եւ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցոյց տամ,
իսկ ներքեւում, երկրի վրայ՝ նշաններ.
արիւն եւ հուր եւ ծխի մրրիկ.
20 արեգակը խաւար պիտի դառնայ,
եւ լուսինը՝ կարմիր, ինչպէս արիւն,
քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը:
21 Եւ պիտի լինի այնպէս, որ ամէն ոք,
որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկուի”:
22 Ո՛վ իսրայէլացիներ, լսեցէ՛ք այս խօսքերը. Յիսուս Նազովրեցուն՝ այն մարդուն, որին Աստուած ձեզ ներկայացրեց զօրութեամբ, նշաններով ու զարմանալի գործերով, որ Աստուած նրա միջոցով արեց ձեր մէջ, ինչպէս դուք իսկ գիտէք այդ, 23 Աստծու սահմանած խորհրդով եւ կանխագիտութեամբ անօրէնների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրայ գամեցիք եւ սպանեցիք. 24 նրան Աստուած յարութիւն տուեց՝ քանդելով մահուան կապանքները, քանի որ կարելի չէր, որ մահը իշխէր նրան: 25 Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է.
“Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ,
որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսասանուեմ.
26 դրա համար իմ սիրտը ուրախ եղաւ, եւ իմ լեզուն ցնծաց,
եւ իմ մարմինն էլ պիտի ապրի յոյսով,
27 որովհետեւ իմ անձը գերեզմանում չես թողնելու
եւ ոչ էլ թոյլ ես տալու, որ քո սրբի մարմինը ապականուի.
28 ինձ ցոյց տուիր կեանքի ճանապարհները,
քաղցրօրէն(1015) լցրեցիր ինձ քո ներկայութեան ուրախութեամբ”:
29 Ո՛վ եղբայրներ, պէտք է վստահութեամբ ասել Դաւիթ նահապետի մասին, որ ե՛ւ մեռաւ, ե՛ւ թաղուեց, ու նրա գերեզմանը կայ մեր մէջ մինչեւ այսօր. 30 բայց որովհետեւ նա մարգարէ էր եւ գիտէր, որ Աստուած նրան երդուելով խոստացաւ նրա որովայնի պտղից մէկին նստեցնել իր գահի վրայ, 31 ուստի կանխօրօք գիտենալով՝ խօսեց Քրիստոսի յարութեան մասին, թէ՝
“Նրա անձը գերեզմանում չթողնուեց,
եւ ոչ էլ նրա մարմինը ապականութիւն տեսաւ”:
32 Այս Յիսուսին է, որ Աստուած յարութիւն տուեց, որին մենք ամէնքս վկայ ենք. 33 Աստծու աջ ձեռքով բարձրանալով, Սուրբ Հոգու խոստումը ընդունելով Հօրից՝ սփռեց այս, որ դուք այժմ տեսնում էք ու լսում. 34 որովհետեւ Դաւիթը, որ երկինք չէր ելել, ինքն իսկ ասում է.
“Տէրն ասաց իմ Տիրոջը՝
նստի՛ր իմ աջ կողմը,
35 մինչեւ որ քո թշնամիներին ոտքերիդ տակ
իբրեւ պատուանդան դնեմ”:
36 Արդ, Իսրայէլի ամբողջ տունը վստահօրէն թող իմանայ, որ Աստուած նրան ե՛ւ Տէր, ե՛ւ Օծեալ արեց, այն Յիսուսին, որին դուք խաչեցիք»:
ԱՌԱՋԻՆ ՆՈՐԱԴԱՐՁՆԵՐԸ
37 Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում եւ ասացին Պետրոսին եւ միւս առաքեալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»: 38 Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար, եւ պիտի ընդունէք Սուրբ Հոգու պարգեւը. 39 որովհետեւ խոստումը ձեզ համար է, ձեր որդիների եւ բոլոր հեռաւորների համար, որոնց կը կանչի մեր Տէր Աստուածը»: 40 Եւ Պետրոսը ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատեցէ՛ք ձեր անձերը այս խոտորեալ սերնդից»: 41 Ոմանք յօժարութեամբ ընդունելով նրա խօսքը՝ մկրտուեցին. եւ այն օրը նրանք մօտ երեք հազար հոգով աւելացան:
ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ
42 Եւ նրանք յարատեւում էին առաքեալների ուսուցման, հաղորդութեան, հացի բեկման ու աղօթքների մէջ: 43 Ամէն մարդու վրայ ընկել էր ահ եւ երկիւղ, եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ եւ զարմանալի գործեր էին կատարւում: 44 Հաւատացեալներն ամէնքը միասին էին, եւ ինչ որ ունէին, հասարակաց էր. 45 նրանք վաճառում էին իրենց կալուածքներն ու ինչքերը եւ բաժանում էին բոլորին՝ ում ինչ որ պէտք լինէր: 46 Ամէն օր, միասիրտ, վաղ գնում էին տաճար, տներում էին հացը կտրում եւ ուրախութեամբ ու սրտի պարզութեամբ էին կերակուր ուտում: 47 Օրհնում էին Աստծուն եւ ամբողջ ժողովրդի մէջ յարգանք էին վայելում: Եւ Տէրը օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր:
3
Ի ԾՆԷ ԿԱՂԻ ԲԺՇԿՈՒՄԸ
1 Պետրոսը եւ Յովհաննէսը տաճար էին բարձրանում կէսօրից յետոյ ժամը երեքի աղօթքի համար: 2 Եւ մօրից կաղ ծնուած մի մարդ կար, որին միշտ վերցնում էին ու դնում տաճարի այն դռանը, - որ կոչւում էր Գեղեցիկ, - որպէսզի նա տաճար մտնողներից ողորմութիւն խնդրի: 3 Սա տեսնելով Պետրոսին եւ Յովհաննէսին, որոնք տաճար էին մտնում, աղաչում էր, որ ողորմութիւն ստանայ: 4 Պետրոսը նրան նայեց Յովհաննէսի հետ եւ ասաց. «Նայի՛ր մեզ»: 5 Նա դարձաւ դէպի նրանք եւ ակնկալում էր նրանցից մի բան ստանալ: 6 Եւ Պետրոսն ասաց. «Արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կը տամ. յանուն Նազովրեցի Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց եւ քայլի՛ր»(1016): 7 Եւ բռնելով նրա աջ ձեռքից՝ վեր կացրեց նրան. եւ իսկոյն ամրացան նրա ազդրերն ու սրունքները(1017): 8 Նա վեր ցատկեց եւ սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտաւ. քայլում էր եւ վազվզում ու օրհնում Աստծուն: 9 Եւ ամբողջ ժողովուրդը տեսաւ նրան քայլելիս եւ Աստծուն օրհնելիս: 10 Եւ նրան ճանաչեցին, թէ նա էր, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մօտ ողորմութիւն ստանալու համար. եւ եղած նշանի վրայ զարմանքով լցուեցին:
ՊԵՏՐՈՍԻ ՃԱՌԸ ՏԱՃԱՐԻ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ ԲԱԿՈՒՄ
11 Եւ մինչ նա Պետրոսին եւ Յովհաննէսին բաց չէր թողնում, ամբողջ ժողովուրդը, զարմացած, վազեց նրանց մօտ դէպի այն բակը, որ կոչւում էր Սողոմոնի բակ: 12 Երբ Պետրոսն այս բանը տեսաւ, ժողովրդին ասաց. «Ո՛վ Իսրայէլացիներ, այս բանի վրայ ինչո՞ւ էք զարմացել կամ ինչո՞ւ ակնապիշ մեզ էք նայում, որպէս թէ մեր անձի զօրութեամբ կամ քաջութեամբ(1018) քայլել տուած լինէինք դրան: 13 Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը, մեր հայրերի Աստուածը փառաւորեց իր Որդուն՝ Յիսուսին, որին դուք մատնեցիք եւ Պիղատոսի առաջ ուրացաք, երբ նա որոշել էր նրան ազատ արձակել: 14 Եւ դուք Սրբին ու Արդարին ուրացաք ու խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհուի ձեզ. 15 եւ սպանեցիք կեանքի Առաջնորդին, որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց. եւ այդ բանին մենք իսկ վկայ ենք: 16 Յիսուսի անուան զօրութի՛ւնը բժշկեց այս մարդուն, որին տեսնում էք եւ ճանաչում, որովհետեւ նրա անուանը հաւատաց: Եւ Յիսուսի միջոցով եղած հաւա՛տն է, որ սրան տուեց այս առողջութիւնը՝ ձեր բոլորի ներկայութեամբ: 17 Եւ արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտութեամբ արեցիք դուք, ինչպէս եւ ձեր իշխանաւորները, 18 բայց ինչպէս որ Աստուած նախօրօք յայտնել էր բոլոր մարգարէների բերանով իր Քրիստոսի չարչարուելը, այդպէս էլ կատարեց: 19 Արդ, ապաշխարեցէ՛ք եւ դարձի՛ եկէք ձեր մեղքերը ջնջելու համար, 20 որպէսզի հանգստի ժամանակները գան Տիրոջ ներկայութիւնից, եւ որպէսզի նա ուղարկի Յիսուսին, որ ձեզ համար վաղօրօք սահմանուած է Քրիստոս, 21 որին երկինքը պէտք է ընդունի մինչեւ բոլոր բաների վրայ հաստատուելու ժամանակները, այն բաների, որոնց մասին Աստուած խօսեց իր սուրբ մարգարէների բերանով:
22 Մովսէսը մեր հայրերին(1019) ասաց. “Ձեր Տէր(1020) Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար. նրան պիտի լսէք ամէն ինչում, ինչ էլ որ նա ձեզ ասի. 23 եւ ամէն մարդ, որ այդ մարգարէին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջուի”: 24 Եւ Սամուէլից սկսած՝ բոլոր մարգարէներն էլ, որ խօսեցին, պատմեցին նաեւ այս օրերի մասին: 25 Դուք էք որդիները մարգարէների եւ այն ուխտի, որն ուխտեց Աստուած մեր(1021) հայրերի հետ ու ասաց Աբրահամին. “Երկրի բոլոր ազգերը քո սերնդով պիտի օրհնուեն”: 26 Աստուած նախ ձեզ համար յարութիւն տուեց իր Որդուն եւ ուղարկեց նրան, որ օրհնի ձեզ՝ իւրաքանչիւրիդ յետ դարձնելու համար ձեր չար գործերից»:
4
ՊԵՏՐՈՍԸ ԵՒ ՅՈՎՀԱՆՆԷՍԸ ԱՏԵԱՆԻ ԱՌԱՋ
1 Եւ մինչ նրանք խօսքն ուղղում էին ժողովրդին, նրանց վրայ հասան քահանաները եւ տաճարի իշխանաւորներն ու սադուկեցիները, 2 զայրացած, որ նրանք ժողովրդին ուսուցանում էին եւ, յանձին Յիսուսի, մեռելների յարութեան մասին էին պատմում: 3 Նրանց ձերբակալեցին եւ բանտարկեցին մինչեւ յաջորդ օրը, որովհետեւ երեկոյեան դէմ էր: 4 Իսկ խօսքը լսողներից շատերը հաւատացին, եւ հաւատացեալների թիւը հասաւ շուրջ հինգ հազարի:
5 Յաջորդ օրը Երուսաղէմում հաւաքուեցին նրանց իշխանաւորները, երէցներն ու օրէնսգէտները, 6 Աննա քահանայապետը եւ Կայիափան, Յովհաննէսը, Ալեքսանդրոսը եւ բոլոր նրանք, որ քահանայական ցեղից էին: 7 Եւ առաքեալներին մէջտեղ կանգնեցնելով՝ հարցաքննում էին. «Ի՞նչ զօրութեամբ կամ ո՞ւմ անունով արեցիք դուք այդ բժշկութիւնը»: 8 Այն ժամանակ Պետրոսը, Սուրբ Հոգով լցուած, ասաց նրանց. «Ո՛վ իշխանաւորներ ժողովրդի եւ երէցնե՛ր Իսրայէլի, 9 օրինաւո՞ր բան է այսօր դատել մեզ մի տկար մարդու հանդէպ եղած բարիքի համար, թէ ինչո՛վ նա բժշկուեց: 10 Թող յայտնի լինի ձեզ բոլորիդ եւ Իսրայէլի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Յիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած մեռելներից յարութիւն տուեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ:
11 “Սա՛ է այն վէմը, ձեզնից՝ շինողներիցդ անարգուած,
որ անկիւնաքար եղաւ”:
12 Եւ ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք»:
13 Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութեանն ի տես եւ վերահասու լինելով, թէ նրանք տգէտ եւ անուս մարդիկ են, զարմացան, որովհետեւ ճանաչում էին նրանց, որ Յիսուսի հետ էին. 14 եւ տեսնում էին նաեւ բժշկուած մարդուն, որ կանգնած էր նրանց հետ եւ չէին կարողանում որեւէ պատասխան տալ: 15 Եւ նրանց հրամայելով, որ ատեանից դուրս ելնեն, խորհրդակցեցին միմեանց հետ եւ ասացին. 16 «Ի՞նչ պիտի անենք այս մարդկանց, քանի որ նրանց միջոցով աչքի ընկնող նշան կատարուեց. Երուսաղէմի բոլոր բնակիչներին արդէն յայտնի է, եւ մենք չենք կարող ուրանալ: 17 Բայց որպէսզի ժողովրդի մէջ առաւել չտարածուի, սպառնանք նրանց, որ ոչ մի մարդու այդ անունով այլեւս չխօսեն»: 18 Եւ նրանց կանչելով՝ պատուիրեցին Յիսուսի անունով ամենեւին չխօսել եւ չուսուցանել: 19 Իսկ Պետրոսն ու Յովհաննէսը պատասխանեցին եւ ասացին նրանց. «Եթէ Աստծու առաջ արդար է առաւել ձե՛զ լսել, քան Աստծուն, ինքնե՛րդ որոշեցէք: 20 Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել»: 21 Նրանք, սպառնալով, արձակեցին նրանց՝ ոչ մի միջոց չգտնելով, թէ ինչպէ՛ս պատժեն նրանց՝ ժողովրդի պատճառով. որովհետեւ բոլորը փառաւորում էին Աստծուն՝ կատարուած բաների համար, 22 քանի որ այն մարդը, որի վրայ բժշկութեան այս նշանը կատարուեց, աւելի քան քառասուն տարեկան էր:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ԱՂՕԹՔԸ ՀԱԼԱԾԱՆՔԻ ԺԱՄԻՆ
23 Եւ այնտեղից ազատ արձակուելով՝ առաքեալները եկան իւրայինների մօտ ու պատմեցին, թէ իրենց ինչ բաներ ասացին քահանայապետներն ու երէցները: 24 Եւ նրանք լսելով՝ իրենց ձայնը բարձրացրին առ Աստուած ու ասացին. «Դո՛ւ, Տէ՛ր Աստուած, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը եւ ծովը եւ այն ամէնը, ինչ նրանց մէջ կայ, 25 Սուրբ Հոգու միջոցով մեր հօր՝ Դաւթի՝ քո ծառայի բերանով ասացիր.
“Ինչո՞ւ խռովուեցին հեթանոսները,
եւ ժողովուրդները սին բաների մասին խորհեցին.
26 երկրի թագաւորները իրար մօտ եկան,
եւ ժողովրդի իշխանները միասին հաւաքուեցին
Տիրոջ եւ նրա Օծեալի դէմ”:
27 Արդարեւ, քո սուրբ Որդու՝ Յիսուսի դէմ, որին դու օծեցիր, այս քաղաքում հաւաքուեցին Հերովդէսը եւ Պոնտիոս Պիղատոսը՝ հեթանոսների եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, 28 անելու այնչափ, որչափ քո ձեռքը եւ քո կամքը նախապէս սահմանել էին, որ լինի: 29 Եւ արդ, Տէ՛ր, նայի՛ր նրանց սպառնալիքներին եւ քո ծառաներին ամենայն համարձակութեամբ քո խօ՛սքը խօսել տուր. 30 եւ երբ քո ձեռքը մեկնես բժշկութեան համար, նաեւ նշաններ եւ զարմանալի գործեր լինեն քո սուրբ Որդու՝ Յիսուսի անունով»:
31 Եւ մինչ նրանք աղօթքի մէջ էին, շարժուեց այն տեղը, ուր նրանք հաւաքուած էին: Ամէնքը լցուեցին Սուրբ Հոգով. ու համարձակութեամբ Աստծու խօսքն էին խօսում:
ԱՄԷՆ ԻՆՉ ՀԱՍԱՐԱԿԱՑ
32 Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր: Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր: 33 Եւ առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին: Ու նրանց բոլորի վրայ մեծամեծ շնորհներ կային: 34 Եւ նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր, որովհետեւ, ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում 35 ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում:
ԲԱՌՆԱԲԱՍԻ ԱԶՆԻՒ ԱՐԱՐՔԸ
36 Յովսէփը, որ ղեւտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր. 37 նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ:
5
ԱՆԱՆԻԱՅԻ ԵՒ ՍԱՓԻՐԱՅԻ ԿԵՂԾԻՔԸ
1 Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց 2 եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ: 3 Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր. 4 չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»: 5 Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին: 6 Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին: 7 Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտաւ: 8 Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»: Եւ նա ասաց. «Այո՛, այդչափ»: 9 Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն»: 10 Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց:
Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ: 11 Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին:
ԲԱԶՈՒՄ ՆՇԱՆՆԵՐ ԵՒ ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳՈՐԾԵՐ
12 Եւ առաքեալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին լինում ժողովրդի մէջ. եւ բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահի մէջ էին: 13 Ուրիշներից ոչ ոք չէր համարձակւում մօտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց յարգում էր: 14 Եւ աւելի ու աւելի էին շատանում Տիրոջը հաւատացողները՝ տղամարդկանց եւ կանանց բազմութիւնը. 15 այնքան, որ հիւանդներին հանում էին հրապարակները եւ դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպէսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնէ նրա ստուերը հասնի նրանցից մէկին: 16 Եւ շրջակայ քաղաքներից բազմութիւնը հաւաքւում էր Երուսաղէմ. բերում էին հիւանդներ եւ պիղծ ոգիներից տանջուածներ, որոնք բոլորն էլ բժշկւում էին:
ՀԱԼԱԾԱՆՔ ԵՒ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆ
17 Քահանայապետը եւ բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցուեցին առաքեալների դէմ. 18 եւ ելան ձեռք դրեցին առաքեալների վրայ ու նրանց հրապարակաւ բանտ(1022) դրին: 19 Ապա Տիրոջ հրեշտակը գիշեր ժամանակ բացեց բանտի դռները եւ նրանց դուրս հանելով՝ ասաց. 20 «Գնացէք կանգնեցէ՛ք տաճարի մէջ եւ ասացէ՛ք ժողովրդին այս կենարար պատգամը»: 21 Եւ երբ այս լսեցին, առաւօտեան մտան տաճարը եւ ուսուցանում էին: Եկաւ քահանայապետը, եւ նրանք, որ նրա հետ էին. ի մի հաւաքեցին ատեանը եւ իսրայէլացիների ամբողջ ծերակոյտը. եւ մարդ ուղարկեցին բանտ՝ առաքեալներին բերելու: 22 Երբ սպասաւորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ու ասացին. 23 «Բանտը ամենայն զգուշութեամբ փակուած գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»: 24 Երբ տաճարի իշխանաւորները եւ քահանայապետները այս խօսքերը լսեցին, զարմանում էին դրանց վրայ, թէ արդեօք այդ ի՛նչ պէտք է եղած լինի: 25 Եւ մէկը եկաւ նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ժողովրդին ուսուցանում են»: 26 Այն ժամանակ իշխանաւորը, սպասաւորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնութեան, որովհետեւ վախենում էին ժողովրդից, որ չքարկոծուեն:
ԱՏԵԱՆԻ ԱՌԱՋ
27 Եւ բերելով նրանց՝ ատեանի առաջ կանգնեցրին: Քահանայապետը հարցաքննեց նրանց 28 եւ ասաց. «Ձեզ խստիւ չպատուիրեցի՞նք միթէ՝ չուսուցանել այն անունով(1023). եւ սակայն ահա հիմա Երուսաղէմը լցրիք ձեր ուսմունքով. եւ այն մարդու արեան պատասխանատուութիւնը ուզում էք մեր վրայ գցել»:
29 Պատասխան տուեցին Պետրոսն ու առաքեալները եւ ասացին. «Պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց: 30 Մեր հայրերի Աստուածը յարութիւն տուեց Յիսուսին, որին դուք սպանեցիք՝ խաչափայտից կախելով: 31 Աստուած նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպէս առաջնորդ եւ փրկիչ՝ Իսրայէլին տալու համար ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն: 32 Այս բաների համար նրա վկաները մենք ենք եւ Սուրբ Հոգին, որը Աստուած տուեց իրեն հնազանդուողներին»: 33 Եւ երբ նրանք այս լսեցին, սաստիկ զայրացան ու խորհուրդ էին անում նրանց սպանել:
ԳԱՄԱՂԻԷԼԻ ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆԸ
34 Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր, օրէնուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատուուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն. 35 ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք: 36 Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: 37 Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին(1024), ցիրուցան եղան: 38 Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի. 39 իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»: 40 Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց: 41 Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել: 42 Եւ ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին:
6
ԵՕԹԸ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ
1 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամենօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին: 2 Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել: 3 Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու(1025), որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար. 4 իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք»: 5 Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. 6 նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ, աղօթք անելով, նրանց վրայ ձեռք դրեցին: 7 Եւ Աստծու խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր: Եւ քահանաներից շատեր հնազանդւում էին հաւատին:
ՍՏԵՓԱՆՈՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ
8 Ստեփանոսը, շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում: 9 Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների(1026), կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան: 10 Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա: 11 Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծու դէմ»: 12 Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան: 13 Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. 14 լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թէ՝ “Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց”»: 15 Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր:
7
ՍՏԵՓԱՆՈՍԻ ՃԱՌԸ
1 Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»: 2 Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. 3 “Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ”: 4 Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդէացիների երկրից՝ բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք: 5 Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր: 6 Աստուած այսպէս խօսեց. “Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն: 7 Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, - ասում է Աստուած, - եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում”: 8 Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին: 9 Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր 10 ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիներին եւ նրա ամբողջ տան վրայ: 11 Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, եւ մեր հայրերը ուտելիք չէին գտնում: 12 Եւ Յակոբը լսելով, թէ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, 13 իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ Փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը: 14 Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգի: 15 Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքը եւ մեր հայրերը:
16 Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում: 17 Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, 18 մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին: 19 Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն: 20 Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որն Աստծու առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. 21 եւ երբ նրան ընկեցիկ արեցին, Փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր: 22 Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով: 23 Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը: 24 Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով՝ զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց եգիպտացուն սպանելով: 25 Մտածում էր, թէ իր եղբայրները կ՚իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան: 26 Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. “Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում”: 27 Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. “Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեր վրայ. 28 մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն”: 29 Եւ այս խօսքերի վրայ, Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները: 30 Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լերան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը՝ մի մորենու կրակի բոցերի մէջ: 31 Եւ Մովսէսը այս տեսնելով՝ զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. 32 “Ես եմ քո հայրերի Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը”: Եւ Մովսէսը, զարհուրած, չէր համարձակւում նայել: 33 Եւ Տէրը նրան ասաց. “Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, որովհետեւ այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է: 34 Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու: Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս”: 35 Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ “Ո՞վ քեզ մեր վրայ իշխան եւ դատաւոր կարգեց”, նրա՛ն Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ: 36 Նա՛ դուրս հանեց նրանց՝ նշաններ եւ զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ: 37 Ա՛յս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. “Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք”: 38 Ա՛յս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լերան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա՛ է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար: 39 Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան 40 եւ Ահարոնին ասացին. “Մեզ համար աստուածներ կերտի՛ր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսը, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց նրան”: 41 Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում: 42 Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս որ գրուած էլ է մարգարէների գրքում.
“Միթէ անապատում քառասուն տարի
զոհեր ու պատարագնե՞ր մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն.
43 այլ դուք վերցրիք Մողոքի վրանը
եւ Հռեմփա աստծու աստղը
եւ այն պատկերները, որ քանդակեցիք
նրանց երկրպագելու համար.
ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ
բաբելացիների երկրի միւս կողմը”:
44 Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր: 45 Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից: 46 Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծու(1027) համար մի բնակարան կառուցի: 47 Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. 48 սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում. 49
“Երկի՛նքն է իմ աթոռը,
եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի:
Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ, - ասում է Տէրը, -
կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար.
50 չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը”:
51 Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք: 52 Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին: Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, 53 դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքն ստացաք, բայց այն չպահեցիք»:
ՍՏԵՓԱՆՈՍԻ ՔԱՐԿՈԾՈՒՄԸ
54 Եւ այս բաները լսելով՝ ժողովականները սրտներում զայրանում էին եւ նրա վրայ ատամներն էին կրճտացնում: 55 Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծու փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»:
56 Նրանք բարձրաձայն աղաղակելով փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ: 57 Եւ քաղաքից դուրս հանելով՝ նրան քարկոծեցին. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ: 58 Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որը աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: 59 Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»: Եւ երբ այս ասաց, մեռաւ: Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը:
8
1 Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը: 2 Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին:
ՍՕՂՈՍԸ՝ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱԼԱԾԻՉ
3 Իսկ Սօղոսը եկեղեցուն շատ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց եւ կանանց ու մատնում բանտարկութեան:
ԱՒԵՏԱՐԱՆԻ ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆԸ ՍԱՄԱՐԻԱՅՈՒՄ
4 Եւ նրանք, որ ցրուած էին, շրջելով աւետարանում էին խօսքը: 5 Իսկ Փիլիպպոսը, Սամարիա քաղաքն իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց: 6 Ժողովրդի բազմութիւնը միասիրտ ունկնդրում էր Փիլիպպոսի խօսքերը, երբ լսում եւ տեսնում էր այն նշանները, որ նա անում էր, 7 որովհետեւ շատ դիւահարներից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով՝ դուրս էին ելնում: 8 Եւ բազում անդամալոյծներ եւ կաղեր բժշկւում էին. 9 եւ այդ քաղաքում մեծ ուրախութիւն եղաւ:
ՍԻՄՈՆ ՄՈԳԸ
Սիմոն անունով մի մարդ կար, որ այդ քաղաքում նախապէս մոգութիւն էր անում եւ զարմացնում սամարացի ժողովրդին՝ իր մասին ասելով, թէ ինքը մեծ մէկն է. 10 փոքրից մինչեւ ամենամեծերը նրան էին նայում ու ասում. «Սա՛ է Աստծու զօրութիւնը, որ մեծ է կոչւում»: 11 Հիացումով էին նայում նրան, որովհետեւ երկար ժամանակ մոգութիւններով իրենց զարմացրել էր: 12 Բայց երբ հաւատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայութեան եւ Յիսուս Քրիստոսի անուան մասին էր աւետարանում, բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, մկրտուեցին: 13 Ինքը Սիմոնը եւս հաւատաց եւ, մկրտուելով, միշտ Փիլիպպոսի հետ էր լինում. ու տեսնելով այն նշանները եւ մեծամեծ զօրութիւնները, որ կատարւում էին, զարմանում էր:
14 Երբ Երուսաղէմում գտնուող առաքեալները լսեցին, թէ Սամարիայում էլ ընդունել են Աստծու խօսքը, նրանց մօտ ուղարկեցին Պետրոսին եւ Յովհաննէսին, 15 որոնք, իջնելով, աղօթում էին նրանց համար, որպէսզի ստանան Սուրբ Հոգին. 16 քանի որ մինչեւ այն ժամանակ նրանցից ոչ մէկի վրայ Սուրբ Հոգին դեռ չէր իջել, այլ միայն մկրտուել էին Տէր Յիսուսի անունով: 17 Այն ժամանակ ձեռքները դրեցին նրանց վրայ, եւ նրանք Սուրբ Հոգին ստացան:
18 Սիմոնը տեսնելով, թէ առաքեալների ձեռք դնելով Սուրբ(1028) Հոգին տրւում է, փող տուեց ու ասաց. 19 «Ինձ էլ տուէք այս իշխանութիւնը, որպէսզի, ում վրայ որ ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանայ»: 20 Պետրոսը նրան ասաց. «Քո արծաթը թող քեզ հետ կորչի, քանի որ կարծեցիր, թէ Աստծու պարգեւները կարելի է փողով ստանալ. 21 դու այդ բանում մաս ու բաժին չունես, քանի որ քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ: 22 Դու քո այդ չարութեան համար ապաշխարի՛ր եւ աղաչի՛ր Տիրոջը, թերեւս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներուեն. 23 քանի որ մաղձի դառնութեան եւ անիրաւութեան կապանքների մէջ եմ տեսնում քեզ»: 24 Սիմոնը պատասխանեց. «Ինձ համար դո՛ւք աղաչեցէք Տիրոջը, որպէսզի այն բոլորից, ինչ դուք ասացիք, իմ վրայ ոչինչ չգայ»: 25 Եւ նրանք վկայութիւն տալով՝ խօսեցին Աստծու խօսքը ու վերադարձան Երուսաղէմ: Եւ սամարացիների շատ գիւղերում աւետարանում էին:
ՓԻԼԻՊՊՈՍԸ ԵՒ ԵԹՈՎՊԱՑԻ ՆԵՐՔԻՆԻՆ
26 Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը՝ այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է»: 27 Նա վեր կացաւ ու գնաց: Եւ ահա եթովպացի մի ներքինի, եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, 28 վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում: 29 Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա»: 30 Եւ Փիլիպպոսը առաջ վազելով՝ լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. 31 ու ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»: Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կը կարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»: Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի: 32 Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր.
«Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար.
եւ ինչպէս անմռունչ գառն իր բուրդը խուզողի առաջ,
այնպէս էլ նա իր բերանը չի բացում.
33 իր խոնարհութեան պատճառով
նրա դատաստանը տեղի չունեցաւ.
եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի.
քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է»(1029):
34 Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»: 35 Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան: 36 Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ: Եւ ներքինին ասաց. «Ահա՛ ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»: 37 (1030) Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծու Որդին է»: 38 Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան. ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին: Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան: 39 Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ: Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. 40 իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում: Եւ, շրջելով, աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա:
9
ՍՕՂՈՍԻ ԴԱՐՁԸ
(Գործք 22.6-16, 26.12-18)
1 Սօղոսը դեռ Տիրոջ աշակերտներին սպառնալու եւ նրանց սպանելու կրքով լցուած(1031)՝ քահանայապետի մօտ եկաւ 2 եւ նրանից նամակներ խնդրեց, Դամասկոսում ժողովարաններին ուղղուած, որպէսզի, եթէ գտնի այդ ճանապարհին հետեւող որեւէ մէկին, տղամարդ թէ կին, կապուած Երուսաղէմ բերի: 3 Եւ նա գնալիս, երբ մօտեցաւ Դամասկոսին, յանկարծակի նրա շուրջը երկնքից մի լոյս փայլատակեց: 4 Եւ երբ գետին ընկաւ, լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սաւո՜ւղ, Սաւո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»: 5 Եւ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տէ՛ր»: Եւ ձայնն ասաց. «Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես:(1032) 7 Ոտքի՛ կանգնիր եւ այդ քաղաքը մտի՛ր, ու քեզ կ՚ասուի, թէ դու ի՛նչ պէտք է անես»: Իսկ նրան ուղեկցող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն նրա ձայնն էին լսում, բայց ոչինչ չէին տեսնում: 8 Սօղոսը գետնից վեր կացաւ, սակայն բաց աչքերով իսկ ոչ ոքի չէր տեսնում: Նրա ձեռքից բռնած մտցրին Դամասկոս: 9 Եւ երեք օր այնտեղ էր, բայց չէր տեսնում. ո՛չ կերաւ, ո՛չ էլ խմեց:
10 Դամասկոսում Անանիա անունով մի աշակերտ կար. նրան տեսիլքի մէջ Տէրն ասաց՝ Անանիա՛: Սա ասաց՝ այստեղ եմ, Տէ՛ր: 11 Եւ Տէրը նրան ասաց. «Ոտքի՛ կանգնիր ու գնա՛ այն փողոցով, որ Ուղիղ է կոչւում, եւ Յուդայի տանը կը փնտռես Սօղոս անունով Տարսոնացուն, որ դեռ աղօթքի մէջ է»: 12 Եւ նա տեսիլքի մէջ տեսաւ Անանիա անունով մի մարդու, որ մտաւ եւ ձեռքը դրեց իր վրայ, որպէսզի տեսնի: 13 Անանիան պատասխանեց. «Տէ՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թէ որքան չարիքներ է արել Երուսաղէմում քո սրբերին. 14 եւ այստեղ էլ քահանայապետներից իշխանութիւն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կանչում»: 15 Տէրը նրան ասաց. «Գնա՛ դու, որովհետեւ նա ինձ համար ընտրեալ անօթ է՝ իմ անունը տանելու հեթանոսների, թագաւորների եւ իսրայէլացիների առաջ. 16 քանի որ ես ինքս եմ նրան ցոյց տալու, թէ նա ինչքան պէտք է չարչարուի իմ անուան համար»: 17 Անանիան գնաց եւ մտաւ այն տունը. ու ձեռքը դնելով նրա վրայ՝ ասաց. «Սաւո՛ւղ եղբայր, վե՛ր նայիր. Տէ՛րն ինձ ուղարկեց՝ Յիսուսը, որը քեզ երեւաց այն ճանապարհի վրայ, որով գալիս էիր, որպէսզի տեսնես ու լցուես Սուրբ Հոգով»: 18 Եւ իսկոյն նրա աչքերից թեփերի պէս բաներ ցած ընկան. ապա տեսաւ, ոտքի ելաւ ու մկրտուեց: 19 Եւ սնունդ ընդունելով՝ զօրացաւ ու Դամասկոսում մի քանի օր աշակերտների հետ էր:
ՍՕՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆԸ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ
20 Եւ անմիջապէս ժողովարաններում Յիսուսի՛ն քարոզեց՝ ասելով, թէ նա՛ է Աստծու Որդին: 21 Բոլոր նրանք, որ լսում էին, զարմանում էին ու ասում. «Սա չէ՞ր, որ Երուսաղէմում հալածում էր նրանց, ովքեր կանչում էին Քրիստոսի անունը, եւ այստեղ էլ նոյն բանի համար էր եկել, որպէսզի նրանց կապանքի տակ պահած տանի քահանայապետներին»: 22 Բայց Սօղոսը առաւել եւս էր զօրանում եւ նեղն էր դնում այն հրեաներին, որոնք Դամասկոսում էին բնակւում, եւ ապացուցում էր, թէ սա՛ է Քրիստոսը: 23 Բազում օրեր անցնելուց յետոյ հրեաները խորհուրդ արեցին նրան սպանելու: 24 Նրանց նենգութիւնը Սօղոսին յայտնի դարձաւ, քանի որ գիշեր-ցերեկ քաղաքի դռները պահում էին, որպէսզի նրան սպանեն: 25 Իսկ աշակերտները գիշերով վերցրին նրան եւ, պարսպից ցած կախելով, վանդակի մէջ դրած իջեցրին(1033):
ՍՕՂՈՍԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
26 Երբ Սօղոսը Երուսաղէմ եկաւ, փորձում էր աշակերտներին յարել, բայց ամէնքը վախենում էին նրանից. չէին հաւատում, թէ իսկապէս աշակերտ էր դարձել: 27 Բայց Բառնաբասը նրան վերցրեց եւ բերեց առաքեալների մօտ ու նրանց պատմեց, թէ ինչպէս ճանապարհին նա տեսել էր Տիրոջը, խօսել էր նրա հետ եւ թէ Դամասկոսում էլ Յիսուսի անունով համարձակ քարոզել: 28 Եւ Սօղոսը աշակերտների հետ էր եւ Երուսաղէմում շրջում էր նրանց հետ ու համարձակ քարոզում Տիրոջ անունով: 29 Խօսում ու վիճում էր յունախօս հրեաների հետ, որոնք հետամտում էին նրան սպանել: 30 Եղբայրները, այս բանն իմանալով, նրան Կեսարիա իջեցրին եւ ուղարկեցին Տարսոն:
31 Սակայն եկեղեցին ամբողջ Հրէաստանում, Սամարիայում ու Գալիլիայում խաղաղութեան մէջ էր եւ, ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկիւղով, Սուրբ Հոգու մխիթարութեամբ աճում էր:
ԱՆԴԱՄԱԼՈՅԾԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԼԻՒԴԴԱՅՈՒՄ
32 Եւ պատահեց, որ Պետրոսը, բոլորի մէջ շրջելիս, իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում: 33 Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր: 34 Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը»: Եւ նա իսկոյն վեր կացաւ: 35 Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան:
ԱՅԾԵՄՆԻԿԻ ՅԱՌՆՈՒՄԸ
36 Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ նա կատարում էր: 37 Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը: 38 Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ: 39 Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ: Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին: Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տուել Այծեմնիկը իրենց համար: 40 Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»: Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց: 41 Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց: Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան: 42 Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը: 43 Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ:
10
ՊԵՏՐՈՍԸ ԵՒ ԿՈՌՆԵԼԻՈՍԸ
1 Կեսարիայում Կոռնելիոս անունով մի մարդ կար, մի հարիւրապետ «Իտալական» կոչուող գնդից. 2 նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ եւ աստուածավախ լինելով՝ շատ ողորմութիւններ էր անում ժողովրդի մէջ եւ միշտ Աստծուն աղօթում էր: 3 Կէսօրից յետոյ ժամը երեքի մօտ տեսիլքի մէջ նա յայտնապէս տեսաւ Աստծու հրեշտակին, որ մտաւ իր մօտ ու իրեն ասաց՝ Կոռնելիո՛ս: 4 Եւ նա, երբ նրան նայեց, զարհուրեց ու ասաց՝ ի՞նչ է, Տէ՛ր: Եւ հրեշտակը նրան ասաց. «Քո աղօթքներն ու քո ողորմութիւնները, յիշատակուելով, Աստծու առաջ ելան: 5 Եւ արդ, մարդիկ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչւում. 6 նա մնում է կաշեգործ Սիմոնի մօտ, որի տունը ծովին մօտ է»: 7 Երբ իր հետ խօսող հրեշտակը գնաց, կանչեց ծառաներից երկուսին եւ իր սպասաւորներից բարեպաշտ մի զինուորի 8 ու նրանց ամէն բան պատմելով՝ Յոպպէ ուղարկեց:
9 Յաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին եւ մօտեցել էին քաղաքին, Պետրոսը կէսօրին տանիք բարձրացաւ աղօթելու: 10 Նա քաղց զգաց եւ ուտել էր ուզում: Եւ մինչ ճաշ էին պատրաստում, յափշտակութեան մէջ ընկաւ. 11 եւ տեսնում էր երկինքը բացուած եւ չորս ծայրերից կախուած մի ինչ-որ անօթ, ինչպէս մի մեծ սփռոց, որ իջաւ նստեց երկրի վրայ: 12 Նրա մէջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: 13 Եւ նրան հասաւ մի ձայն. «Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր»: 14 Եւ Պետրոսն ասաց. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք պիղծ եւ անմաքուր բան չեմ կերել»: 15 Ձայնը նրան կրկին անգամ հասաւ. «Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու պիղծ մի՛ համարիր»: 16 Այս պատահեց երեք անգամ, եւ սփռոցը երկինք վերացաւ: 17 Եւ մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թէ տեսած տեսիլքն ի՛նչ է, ահա Կոռնելիոսի կողմից ուղարկուած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, 18 ձայն տուեցին ու հարցրին. «Սիմոնը, որ Պետրոս է կոչւում, այստե՞ղ է օթեւանել»: 19 Եւ մինչ Պետրոսը դեռ մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահաւասիկ ինչ-որ(1034) մարդիկ քեզ փնտռում են. 20 ուստի դու վե՛ր կաց, իջի՛ր եւ առանց երկմտելու գնա՛ նրանց հետ, որովհետեւ նրանց ես եմ ուղարկել»: 21 Եւ երբ Պետրոսը նրանց մօտ իջաւ, ասաց. «Ում փնտռում էք, ահա ես եմ. ի՞նչ բանի համար էք եկել»: 22 Եւ նրանք ասացին. «Կոռնելիոս հարիւրապետը՝ մի արդար եւ աստուածավախ մարդ, որ ամբողջ հրեայ ազգի կողմից վկայուած է, սուրբ հրեշտակից հրաման ստացաւ քեզ կանչելու իր տունը եւ քեզնից լսելու, ինչ որ ասելու ես»: 23 Նա ներս կանչեց նրանց եւ իր մօտ օթեւան տուեց:
Յաջորդ օրը Պետրոսը վեր կացաւ գնաց նրանց հետ. Յոպպէում գտնուող եղբայրներից ոմանք եւս նրա հետ գնացին: 24 Հետեւեալ օրը մտան Կեսարիա: Եւ Կոռնելիոսը նրանց սպասում էր՝ կանչած լինելով իր ազգականներին եւ մտերիմ բարեկամներին: 25 Եւ երբ Պետրոսը ներս մտաւ, Կոռնելիոսը նրան ընդառաջ ելաւ ու նրա ոտքերն ընկնելով երկրպագում էր: 26 Պետրոսը կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի՛ ելիր, ես ինքս էլ մարդ եմ»: 27 Եւ նրա հետ խօսելով՝ ներս մտաւ ու այնտեղ շատերին հաւաքուած գտաւ: 28 Նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս կարելի չէ հրեայ մարդու համար օտարազգու հետ շփուել կամ նրան մօտենալ. բայց Աստուած ինձ ցոյց տուեց, որ մարդկանցից ոչ մէկին չպէտք է պիղծ կամ անմաքուր համարեմ. 29 դրա համար էլ առանց առարկութեան եկայ, երբ կանչուեցի: Բայց այժմ հարցնում եմ ձեզ՝ ի՞նչ բանի համար ինձ կանչեցիք»: 30 Եւ Կոռնելիոսն ասաց. «Սրանից չորս օր առաջ, այս ժամին, մինչ ժամը երեքի աղօթքն էի անում իմ տանը, ահա սպիտակ զգեստներով մի մարդ եկաւ կանգնեց իմ առաջ ու ասաց. 31 “Կոռնելիո՛ս, քո աղօթքները լսելի եղան, եւ քո ողորմութիւնները յիշուեցին Աստծու առաջ: 32 Արդ, մարդ ուղարկի՛ր Յոպպէ եւ կանչի՛ր Սիմոնին, որ Պետրոս է կոչւում. նա օթեւանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը, ծովի մօտ: Նա կը գայ եւ կը խօսի քեզ հետ”(1035): 33 Եւ ես իսկոյն մարդ ուղարկեցի քեզ մօտ. դու լաւ արեցիր, որ եկար: Այժմ մենք բոլորս կանգնած ենք Աստծու առաջ՝ լսելու այն ամէնը, ինչ քեզ հրամայուած է Տիրոջից»:
ՊԵՏՐՈՍԻ ՃԱՌԸ ԿՈՌՆԵԼԻՈՍԻ ՏԱՆԸ
34 Պետրոսը բերանը բացեց եւ ասաց. «Ճշմարտութեամբ վերահասու եմ եղել, թէ Աստծու կողմից աչառութիւն չկայ, 35 այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան: 36 Այս խօսքը նա ուղարկեց իսրայէլացիներին՝ աւետելով խաղաղութիւն Յիսուս Քրիստոսի միջոցով. սա է բոլորի Տէրը: 37 Դուք ինքներդ գիտէք այդ խօսքը, որը տարածուեց Գալիլիայից սկսած ամբողջ Հրէաստանում այն մկրտութիւնից յետոյ, որը քարոզեց Յովհաննէսը. 38 գիտէք Յիսուսին, որ Նազարէթից էր, որին Աստուած օծեց Սուրբ Հոգով եւ զօրութեամբ, եւ որը շրջեց բարիք անելով եւ սատանայից բոլոր բռնուածներին բժշկելով, որովհետեւ Աստուած նրա հետ էր: 39 Եւ մենք վկայում ենք այն բոլորը, որ Հրէաստանում եւ Երուսաղէմում արեց նա, եւ որին սպանեցին՝ խաչափայտից կախելով: 40 Երրորդ օրը Աստուած նրան յարութիւն տուեց եւ թոյլ տուեց, որ նա երեւայ՝ 41 ոչ թէ ամբողջ ժողովրդին, այլ մեզ՝ վկաներիս, որ առաջուց Աստծուց ընտրուած էինք եւ որ կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա յարութիւն առնելուց յետոյ: 42 Եւ նա պատուիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայութիւն տալ, թէ ի՛նքն է Աստծուց սահմանուած դատաւորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին: 43 Բոլոր մարգարէները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հաւատացողները նրա անունով մեղքերի թողութիւն կը ստանան»:
ՀԵԹԱՆՈՍՆԵՐՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ
44 Եւ մինչ Պետրոսը դեռ այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջաւ բոլոր նրանց վրայ, ովքեր այս խօսքը լսում էին: 45 Ծագումով հրեայ հաւատացեալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրայ եւս Սուրբ Հոգու շնորհները հոսում են. 46 որովհետեւ լսում էին, որ նրանք լեզուներ էին խօսում եւ փառաբանում Աստծուն: 47 Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտուեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպէս եւ մենք»: 48 Եւ հրամայեց նրանց մկրտուել յանուն Յիսուս Քրիստոսի: Այն ժամանակ նրան աղաչեցին, որ մի քանի օր այնտեղ մնայ:
11
ՊԵՏՐՈՍԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԵԿԵՂԵՑՈՒՄ
1 Առաքեալները եւ Հրէաստանի կողմերում գտնուող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մէջ էլ են ընդունել Աստծու խօսքը: 2 Բայց երբ Պետրոսը Երուսաղէմ ելաւ, հրէութիւնից դարձած հաւատացեալները մեղադրում էին նրան եւ ասում. 3 «Չթլփատուած մարդկանց մօտ մտաւ եւ նրանց հետ կերաւ»: 4 Եւ Պետրոսն սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. 5 «Ես Յոպպէ քաղաքում աղօթում էի եւ յափշտակութեան մէջ մի տեսիլք տեսայ. իջնում էր մի անօթ, մեծ սփռոցի նման, չորս ծայրերից երկնքից կախուած, որ հասաւ մինչեւ ինձ մօտ: 6 Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսայ երկրի չորքոտանիները, գազանները, սողունները եւ երկնքի թռչունները: 7 Եւ լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. “Վե՛ր կաց, Պետրո՛ս, մորթի՛ր եւ կե՛ր”: 8 Բայց ես ասացի. “Քա՛ւ լիցի, Տէ՛ր, որովհետեւ երբեք իմ բերանը պիղծ եւ անմաքուր բան չի մտել”: 9 Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. “Ինչ որ Աստուած մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի՛ համարիր”: 10 Այս պատահեց երեք անգամ, եւ վերստին ամէն ինչ երկինք վերացաւ: 11 Եւ ահա այն պահին երեք մարդ, որ Կեսարիայից ինձ մօտ էին ուղարկուած, եկան եւ կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնւում էի: 12 Եւ Հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու: Ինձ հետ եկան նաեւ այս վեց եղբայրները, եւ մենք մտանք այն մարդու տունը: 13 Եւ նա մեզ պատմեց, թէ ինչպէս իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. “Յոպպէ մարդ ուղարկի՛ր եւ Պետրոս կոչուած Սիմոնին կանչի՛ր, 14 որ քեզ պիտի ասի խօսքեր, որոնցով պիտի փրկուես դու, նաեւ՝ քո ամբողջ տունը”: 15 Եւ երբ սկսեցի խօսել, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ, ինչպէս որ իջել էր մեր վրայ սկզբում: 16 Յիշեցի Տիրոջ խօսքը, որ ասում էր. “Յովհաննէսը մկրտեց ջրով, բայց դուք կը մկրտուէք Սուրբ Հոգով”: 17 Արդ, եթէ Աստուած միեւնոյն պարգեւը նրանց եւս տուել է, ինչպէս եւ մեզ, երբ Տէր Յիսուս Քրիստոսին հաւատացինք, ես ինչպէ՞ս կարող էի Աստծուն արգելք լինել»: 18 Այս բանը լսելով՝ լռեցին եւ փառաւորում էին Աստծուն ու ասում. «Ուրեմն Աստուած հեթանոսներին եւս դէպի կեանք տանող ապաշխարութիւն տուեց»:
ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ
19 Ստեփանոսի դէմ կատարուած հալածանքի պատճառով ցրուածները հասան մինչեւ Փիւնիկէ, մինչեւ Կիպրոս ու Անտիոք. նրանք ոչ ոքի չէին քարոզում խօսքը, այլ՝ միայն հրեաներին: 20 Եւ նրանց միջից որոշ մարդիկ՝ կիպրացիներ եւ կիւրենացիներ, Անտիոք մտնելով, յոյներին էին դիմում՝ աւետարանելով Տէր Յիսուսին: 21 Եւ Տիրոջ զօրութիւնը նրանց հետ էր: Հաւատացեալների մի բազմութիւն դէպի Տէրը դարձաւ: 22 Նրանց մասին այս լուրը հասաւ Երուսաղէմի եկեղեցուն: Եւ Բառնաբասին ուղարկեցին մինչեւ Անտիոք: 23 Երբ սա եկաւ եւ տեսաւ Աստծու շնորհները, ուրախացաւ եւ յորդորում էր բոլորին, որպէսզի նրանք յօժար սրտով յարած մնան Տիրոջը. 24 ըստ որում նա բարի, Սուրբ Հոգով եւ հաւատով լցուած մարդ էր. եւ Տիրոջը յարածների վրայ բազում ժողովուրդ աւելացաւ: 25 Ապա Բառնաբասը ելաւ գնաց Տարսոն՝ Սօղոսին փնտռելու եւ, նրան գտնելով, բերեց Անտիոք: 26 Ու նրանք երկուսով մի ամբողջ տարի հաւաքւում էին եկեղեցու մէջ եւ ուսուցանում էին շատ շատերին: Եւ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին «քրիստոնեաներ» անուանեցին:
ՆՊԱՍՏ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ
27 Այն օրերին Երուսաղէմից մարգարէներ իջան Անտիոք: 28 Նրանցից մէկը, որի անունը Ագաբոս էր, վեր կենալով, Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը եւ եղաւ Կղօդէոս կայսեր օրով: 29 Եւ Անտիոքի աշակերտները որոշեցին, որ աշակերտների կողմից, այնքան, որքան նրանցից իւրաքանչիւրը կարող էր, նպաստ ուղարկեն Հրէաստանում բնակուող եղբայրների համար, 30 ինչ որ արդարեւ արեցին՝ Բառնաբասի եւ Սօղոսի ձեռքով ուղարկելով եկեղեցու երէցներին:
12
ՅԱԿՈԲՈՍԸ՝ ՍՊԱՆՈՒԱԾ, ՊԵՏՐՈՍԸ՝ ԲԱՆՏԱՐԿՈՒԱԾ
1 Այդ ժամանակներում Հերովդէս թագաւորը ձեռնարկեց եկեղեցուց ոմանց չարչարելու գործին 2 եւ Յովհաննէսի եղբօրը՝ Յակոբոսին, սրով սպանեց: 3 Երբ տեսաւ, որ այդ հաճելի է հրեաներին, աւելի առաջ գնաց եւ Պետրոսին էլ բռնեց: Բաղարջակերաց օրերն էին. 4 երբ նրան բռնեց, բանտ դրեց եւ իւրաքանչիւրը չորս զինուորից բաղկացած չորս խմբի յանձնեց, որ նրան պահեն. եւ ուզում էր զատկից յետոյ նրան դուրս հանել՝ դատելու ժողովրդի առջեւ: 5 Պետրոսը բանտում մնում էր հսկողութեան ներքոյ. իսկ եկեղեցում նրա համար անդադար աղօթքներ էին արւում առ Աստուած:
ՊԵՏՐՈՍԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԲԱՆՏԻՑ
6 Եւ երբ Հերովդէսն ուզեց նրան դուրս բերել, այն գիշեր Պետրոսը, կրկնակի շղթաներով կապուած, երկու զինուորների միջեւ քնած էր. իսկ պահապանները դռան առաջ բանտը պահպանում էին: 7 Եւ ահա Տիրոջ հրեշտակը եկաւ, կանգնեց մօտը, ու մի լոյս ծագեց այդ տեղի վրայ: Ապա բոթեց Պետրոսի կողերը, նրան վեր կացրեց՝ ասելով. «Իսկոյն վե՛ր կաց»: Եւ շղթաներն ընկան նրա ձեռքից: 8 Եւ հրեշտակը նրան ասաց. «Գօտիդ կապի՛ր եւ հողաթափները ոտքերդ գցի՛ր»: Եւ նա այնպէս արեց: Ապա նրան ասաց. «Զգեստներդ վրադ գցի՛ր եւ արի՛ իմ յետեւից»: 9 Եւ նա ելնելով գնում էր նրա յետեւից ու չէր իմանում, թէ հրեշտակի միջոցով պատահածը իրական է, որովհետեւ կարծում էր, թէ տեսիլք է տեսնում: 10 Եւ երբ նրանք անցան առաջին պահականոցից եւ ապա երկրորդից, եկան մինչեւ երկաթեայ դուռը, որը հանում էր քաղաք: Դուռը իրեն-իրեն բացուեց նրանց առջեւ. եւ, մի փողոց մտնելով, անցան նրա միջով. ապա հրեշտակը իսկոյն նրանից հեռացաւ: 11 Երբ Պետրոսը ուշքի եկաւ, ասաց. «Այժմ ճշմարտապէս գիտեմ, որ Տէրն ուղարկեց իր հրեշտակին եւ ինձ փրկեց Հերովդէսի ձեռքից եւ հրեայ ժողվրդի ամէն ակնկալութիւնից»: 12 Եւ ուշքի եկած լինելով՝ եկաւ Մարիամի՝ Մարկոս կոչուած Յովհաննէսի մօր տունը. այնտեղ հաւաքուել էին շատերն ու աղօթք էին անում: 13 Տան դուռը բախելիս՝ Ռոդէ անունով մի աղախին մօտեցաւ եւ ականջ էր դնում: 14 Եւ ճանաչելով Պետրոսի ձայնը՝ ուրախութիւնից դուռը չբացեց, այլ ներս վազելով պատմեց, թէ Պետրոսը դռանը կանգնած է: 15 Նրանք ասացին նրան՝ գժուել ես: Իսկ աղախինը առաւել եւս պնդում էր, թէ այդպէս է: Ապա նրանք ասացին՝ նրա հրեշտակն է: 16 Իսկ Պետրոսը շարունակում էր թակել դուռը: Երբ բացեցին, տեսան նրան ու զարմացան: 17 Եւ նա ձեռքով նրանց նշան էր անում, որ լռեն. եւ պատմեց, թէ ինչպէս Տէրը իրեն հանեց բանտից: Ապա ասաց. «Այս բաները պատմեցէ՛ք Յակոբոսին եւ եղբայրներին»: Եւ ինքը ելաւ գնաց այլ տեղ: 18 Եւ երբ առաւօտ եղաւ, զինուորների մէջ մեծ խռովութիւն ընկաւ, թէ արդեօք Պետրոսն ի՛նչ եղաւ: 19 Իսկ Հերովդէսը, երբ նրան փնտռեց ու չգտաւ, պահակներին հարցաքննելուց յետոյ հրամայեց սպանել նրանց: Ապա Պետրոսը Հրէաստանից Կեսարիա իջաւ ու այնտեղ էր մնում:
ՀԱԼԱԾԻՉԻ ՄԱՀԸ
20 Եւ Հերովդէսը ցասումով էր լցուած տիւրոսցիների եւ սիդոնացիների դէմ: Նրանք միաբանուած՝ եկան նրա մօտ եւ համոզելով Բղաստոսին՝ թագաւորի սենեկապետին, խաղաղութիւն խնդրեցին, քանի որ իրենց երկիրը նրա երկրից էր կերակրւում: 21 Եւ որոշուած օրը Հերովդէսը թագաւորական զգեստ էր հագել եւ ատեան էր նստել ու հրապարակաւ խօսում էր նրանց հետ: 22 Իսկ ամբոխը աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է եւ ոչ թէ մարդ»: 23 Եւ անմիջապէս հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց. եւ որդերի կեր դառնալով՝ մեռաւ:
24 Իսկ Աստծու խօսքը աճում ու բազմանում էր:
25 Բառնաբասն ու Սօղոսը, երբ իրենց պաշտօնը կատարեցին, Երուսաղէմից վերադարձան: Իրենց հետ վերցրել էին նաեւ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում:
13
1 Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը: 2 Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»: 3 Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ
4 Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա ու այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս: 5 Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խօսքն էին քարոզում: Որպէս օգնական ունէին նաեւ Յովհաննէսին: 6 Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր. 7 սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր: Սերգէոսը աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծու խօսքը: 8 Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (որովհետեւ նրա անունը այսպէս է թարգմանւում) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել: 9 Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. 10 «Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան: Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի: 11 Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կը լինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»: Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտռում: 12 Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հաւատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետութեան վրայ:
ՊՕՂՈՍԸ ԵՒ ԲԱՌՆԱԲԱՍԸ ՊԻՍԻԴԵԱՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ
13 Պափոսից խարիսխ վերցնելով՝ Պօղոսը եւ իր հետ եղողները եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը: Յովհաննէսը, նրանցից բաժանուելով, Երուսաղէմ վերադարձաւ, իսկ նրանք, առաջ գնալով, 14 Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին: 15 Եւ Օրէնքի ու մարգարէների ընթերցումից յետոյ, ժողովարանի պետերը նրանց մօտ մէկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթէ ունէք մխիթարանքի խօսքեր ժողովրդին, խօսեցէ՛ք»:
ՊՕՂՈՍԻ ՔԱՐՈԶԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ
16 Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, եւ դո՛ւք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. 17 Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում, պանդխտութեան ժամանակ, ժողովրդին բարձրացրեց եւ հզօր բազուկով նրանց այնտեղից հանեց: 18 Եւ շուրջ քառասուն տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց: 19 Եւ Քանանու երկրում եօթը ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց: 20 Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն: 21 Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի: 22 Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին եւ վկայելով՝ ասաց. «Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը»: 23 Աստուած, ըստ իր խոստման, սրա սերնդից յարուցեց Իսրայէլի համար(1036) մի փրկչի՝ Յիսուսին: 24 Նրա գալստից առաջ, նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել: 25 Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ”: 26 Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ(1037) ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27 բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին: 28 Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան: 29 Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին: 30 Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31 որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են: 32 Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33 եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում.
“Դու իմ Որդին ես,
եւ ես այսօր ծնեցի քեզ”:
34 Եւ որ նրան յարութիւն տուեց մեռելներից ու այլեւս ապականութեան չի դառնալու, այդ մասին այսպէս է ասում.
“Ձեզ պիտի տամ
Դաւթին խոստացուած վստահելի սրբութիւնները”:
35 Ուստի եւ մի ուրիշ տեղ էլ ասում է.
«Քո Սրբին ապականութիւն տեսնել չես տայ»:
36 Սակայն Դաւիթը իր սերնդի ժամանակ ծառայեց եւ Աստծու կամքով վախճանուեց ու աւելացաւ իր հայրերի վրայ, եւ նրա մարմինը ապականութիւն տեսաւ: 37 Բայց Յիսուս, որին Աստուած յարութիւն տուեց, ապականութիւն չտեսաւ: 38 Եղբայրնե՛ր, թող ձեզ յայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողութիւն աւետարանւում. 39 եւ այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսէսի օրէնքով արդարանալ, նրանով կ՚արդարանայ, ով հաւատում է: 40 Զգո՛յշ կացէք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում.
41 “Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր,
եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք.
որովհետեւ ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու,
այնպիսի մի գործ, որին չպիտի հաւատաք,
եթէ մէկը ձեզ պատմի այն”»:
42 Եւ երբ Բառնաբասն ու Պօղոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ միւս շաբաթ էլ նոյն բաներն ասեն իրենց: 43 Եւ երբ ժողովուրդը ցրուեց, հրեաներից եւ հրէութան դարձած աստուածապաշտներից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի յետեւից, որոնք խօսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մէջ: 44 Եւ երբ յաջորդ շաբաթ օրը եկաւ, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեց Աստծու խօսքը լսելու: 45 Երբ հրեաները այդ բազմութիւնը տեսան, նախանձով լցուեցին եւ, Պօղոսի ասածներին ընդդիմախօսելով, հայհոյում էին: 46 Իսկ Պօղոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պէտք է Աստծու խօսքը խօսէինք. բայց քանի որ դուք այն մերժում էք եւ ձեզ արժանի չէք համարում յաւիտենական կեանքի, ահա մենք դառնում ենք դէպի հեթանոսները. 47 որովհետեւ Տէրը մեզ այսպէս պատուիրեց.
“Քեզ դրեցի որպէս հեթանոսների լոյս,
որպէսզի դու փրկութեան միջոց լինես
մինչեւ երկրի ծագերը”»:
48 Այս բանը լսելով՝ հեթանոսները ուրախացան եւ փառաւորում էին Տիրոջ խօսքը. եւ ովքեր սահմանուած էին յաւիտենական կեանքի համար, հաւատացին: 49 Եւ Աստծու խօսքը ամբողջ գաւառում տարածւում էր: 50 Բայց հրեաները աստուածապաշտ եւ երեւելի կանանց ու քաղաքի գլխաւորներին գրգռեցին եւ, Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք յարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին: 51 Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրայ թափ տալով, եկան Իկոնիոն: 52 Եւ աշակերտները լցուեցին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգով:
14
ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆ ԻԿՈՆԻՈՆՈՒՄ
1 Իկոնիոնում Պօղոսն ու Բառնաբասը միասին էին մտնում հրեաների ժողովարանը եւ նոյն ձեւով խօսում, այնպէս որ թէ՛ հրեաների եւ թէ՛ հեթանոսների մի մեծ բազմութիւն հաւատաց: 2 Բայց չհաւատացող հրեաները հեթանոսների մտքերը եւս չարացրին եղբայրների դէմ: 3 Նրանք երկար ժամանակ շրջում էին եւ համարձակ խօսում. եւ Տէրը վկայում էր իր շնորհի խօսքի մասին՝ թոյլ տալով, որ նրանց ձեռքով նշաններ եւ զարմանալի գործեր լինեն: 4 Եւ քաղաքի բազմութեան մէջ պառակտում առաջ եկաւ. ոմանք հրեաների կողմն էին, եւ ոմանք՝ առաքեալների: 5 Երբ հեթանոսներն ու հրեաները իրենց իշխանաւորներով միասին նրանց անարգելու եւ քարկոծելու դիմեցին, 6 նրանց լուր տրուեց, եւ փախան լիկայոնացիների Լիւստրա եւ Դերբէ քաղաքներն ու շրջակայ գաւառը եւ այնտեղ էին աւետարանում:
Ի ԾՆԷ ԿԱՂԻ ԲԺՇԿՈՒՄԸ ԼԻՒՍՏՐԱՅՈՒՄ
7 Եւ Լիւստրայում մի մարդ կար՝ նստած, ոտքից տկար, ի ծնէ կաղ, որը երբեք չէր քայլել: 8 Սա լսեց Պօղոսի խօսքերը, որը, նրան նայելով եւ տեսնելով, թէ փրկութեան հաւատ ունի, 9 բարձրաձայն ասաց. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»: Եւ նա վեր ցատկեց ու վազվզում էր: 10 Եւ ժողովրդի բազմութիւնը, տեսնելով այն, ինչ Պօղոսն արեց, իր ձայնը բարձրացրեց եւ լիկայոներէն ասաց. «Աստուածներ, մարդկանց կերպարանքով, իջան մեզ մօտ»: 11 Եւ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պօղոսին՝ Հերմէս, քանի որ նա էր խօսքն առաջնորդողը: 12 Իսկ քաղաքի մուտքին կանգնած Դիոսի քուրմը, ցուլեր եւ պսակներ հասցնելով դռան մօտ, կամենում էր զոհ մատուցել բազմութեան հետ միասին: 13 Իսկ Բառնաբաս եւ Պօղոս առաքեալները, երբ այդ լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի միջից դուրս վազեցին(1038). աղաղակում էին եւ ասում. 14 «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ էք անում դուք. մենք էլ բնութեամբ ձեզ նման մարդիկ ենք, որ ձեզ աւետարանում ենք, որպէսզի այդպիսի ունայնութիւններից դառնաք դէպի կենդանի Աստուածը, որն ստեղծեց երկինքը եւ երկիրը եւ ծովը եւ ամէն ինչ, որ նրանց մէջ կայ: 15 Նա անցեալ ժամանակներում բոլոր հեթանոս ազգերին թոյլ տուեց, որ գնան իրենց ճանապարհներով: 16 Եւ սակայն նա իրեն առանց վկայութեան չթողեց, այլ իր բարերարութեամբ երկնքից ձեզ անձրեւներ տուեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախութեամբ»: 17 Եւ այս ասելով՝ հազիւ հանդարտեցրին ժողովրդի բազմութիւնը, որ իրենց զոհ չմատուցեն, այլ իւրաքանչիւրը գնայ իր տեղը(1039):
18 Եւ մինչ նրանք շրջում եւ ուսուցանում էին, Անտիոքից եւ Իկոնիոնից եկան հասան հրեաներ, որոնք Պօղոսի եւ Բառնաբասի հետ համարձակութեամբ վիճելով՝ խաբեցին(1040) ժողովրդին, որ հեռու մնան նրանցից: Եւ ասում էին. «Ոչ մի ճշմարիտ բան չեն ասում, այլ ամէն ինչ ստում են»: Եւ Պօղոսին քարկոծելով՝ քարշ տուին քաղաքից դուրս ու նրան մեռած էին համարում: 19 Եւ երբ աշակերտները նրան շրջապատեցին, վեր կացաւ եւ քաղաք մտաւ ու յաջորդ օրն իսկ Բառնաբասի հետ միասին ելաւ գնաց Դերբէ:
ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ
20 Այդ քաղաքում աւետարանելուց եւ շատերին աշակերտ դարձնելուց յետոյ, վերադարձան Լիւստրա, Իկոնիոն եւ Անտիոք՝ 21 աշակերտածների սրտերը ամրացնելով եւ յորդորելով, որպէսզի հաստատ մնան հաւատի մէջ: Եւ ասում էին. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստծու արքայութիւնը»: 22 Նրանց համար իւրաքանչիւր եկեղեցու վրայ երէցներ ձեռնադրեցին, պահեցողութեամբ հանդերձ աղօթք արեցին եւ նրանց յանձնեցին Տիրոջը, որին հաւատացել էին: 23 Պիսիդիայի մէջ շրջելով՝ եկան Պամփիւլիա: 24 Եւ Պերգէում եւս Տիրոջ խօսքը քարոզելուց յետոյ իջան Ատտալիա: 25 Այնտեղից էլ նաւարկելով՝ գնացին Անտիոք, որտեղից էլ յանձնուած էին Աստծու շնորհներին այն գործի համար, որ կատարեցին: 26 Եւ երբ եկան ու հաւաքեցին եկեղեցին, պատմեցին, թէ Աստուած նրանց հետ ինչքան բաներ արեց եւ թէ ինչպէս հեթանոսների առաջ հաւատի դուռը բացեց: 27 Եւ երկար ժամանակ շրջում էին աշակերտների հետ:
15
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ
1 Հրէաստանից իջել էին ոմանք Անտիոք եւ եղբայրներին ուսուցանում էին. «Մովսէսի օրէնքի համաձայն, եթէ չթլփատուէք, չէք կարող փրկուել»: 2 Եւ երբ Պօղոսի եւ Բառնաբասի ու նրանց միջեւ շատ հակառակութիւն եւ վէճ առաջացաւ, վճռեցին, որ Պօղոսն ու Բառնաբասը եւ նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղէմ բարձրանան, առաքեալների եւ երէցների մօտ: 3 Եկեղեցու կողմից ճանապարհ դրուելուց յետոյ, նրանք շրջելով անցան Փիւնիկէի եւ Սամարիայի միջով եւ պատմեցին հեթանոսների դարձի մասին՝ մեծ ուրախութիւն պատճառելով բոլոր եղբայրներին:
4 Եւ երբ Երուսաղէմ հասան, եկեղեցու առաքեալների ու երէցների կողմից ընդունուեցին. պատմեցին, թէ Աստուած ինչ բաներ արեց իրենց միջոցով: 5 Փարիսեցիների հերձուածից մի քանի հաւատացեալներ վեր կացան ու ասացին. «Դրանց պէտք է թլփատել եւ պատուիրել, որ պահեն Մովսէսի օրէնքը»:
6 Եւ առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար: 7 Եւ շատ վէճ լինելուց յետոյ, Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտէք, որ ձեր մէջ առաջին օրերից Աստուած ինձ ընտրեց, որ հեթանոսները իմ բերանով Աւետարանի խօսքը լսեն եւ հաւատան: 8 Եւ սրտագէտն Աստուած նրանց վկայեց՝ Սուրբ Հոգին տալով նրանց այնպէս, ինչպէս տուեց մեզ: 9 Եւ նրանց ու մեր միջեւ ոչ մի խտրութիւն չդրեց՝ հաւատով մաքրելով նրանց սրտերը: 10 Արդ, ինչո՞ւ էք փորձում Աստծուն՝ աշակերտների վզին դնելով մի լուծ, որը ո՛չ մեր հայրերը եւ ո՛չ էլ մենք կարողացանք տանել: 11 Այլ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհով հաւատում ենք, որ կը փրկուենք, ինչպէս եւ նրանք»:
12 Ամբողջ ժողովը լռեց. ապա լսում էին Բառնաբասի ու Պօղոսի պատմելը, թէ Աստուած նրանց ձեռքով ինչքան նշաններ եւ զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մէջ:
13 Երբ նրանք լռեցին, Յակոբոսը, խօսք առնելով, ասաց. «Եղբայրնե՛ր, լսեցէ՛ք ինձ. 14 Շմաւոնը պատմեց, թէ ինչպէս Աստուած առաջուց հոգածութիւն ցոյց տուեց՝ հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար: 15 Եւ այդ բանում մարգարէների խօսքերը համընկնում են իրար, ինչպէս որ գրուած է.
16 “Սրանից յետոյ կը վերադառնամ
եւ կը շինեմ Դաւթի փուլ եկած տունը
եւ նրա աւերակները վերստին կը շինեմ
ու կը վերականգնեմ այն,
17 որպէսզի Տիրոջը փնտռեն մնացած մարդիկ,
ինչպէս եւ բոլոր հեթանոսները,
որոնց վրայ դրուած է իմ անունը”,
- ասում է Տէրը, նա, որ անում է այս բոլորը: 18 Ի յաւիտենից յայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը: 19 Դրա համար ես էլ ինձ իրաւունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, 20 այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհուած կերակուրներից եւ պոռնկութիւնից(1041), խեղդամահ արուած կենդանիներից եւ արիւնից. 21 քանի որ Մովսէսը, առաջին սերունդներից սկսած, իւրաքանչիւր քաղաքում իր քարոզիչներն ունի, եւ նա ամէն շաբաթ օր ժողովարանում ընթերցւում է»:
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԹՈՒՂԹ
22 Այն ժամանակ առաքեալներին եւ երէցներին, ամբողջ եկեղեցու հետ միասին, հաճելի թուաց, որ իրենց միջից ընտրուած մարդիկ ուղարկեն Անտիոք՝ Պօղոսի եւ Բառնաբասի հետ. Յուդային՝ Բարսաբա կոչուածին եւ Շիղային, որոնք գլխաւորներն էին(1042): 23 Եւ եղբայրներին նրանց միջոցով գրեցին հետեւեալը. «Առաքեալները, երէցները եւ եղբայրները Անտիոքում, Սիրիայում եւ Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջոյն են յղում: 24 Քանի որ լսեցիք, թէ ոմանք, իբրեւ թէ մեզնից, որոնց մենք հրաման չենք տուել, խռովեցրել են ձեզ խօսքերով եւ խախտել են ձեր մտքերը՝ ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել(1043), 25 ուստի, հաճելի թուաց մեզ՝ միատեղ հաւաքուածներիս, ուղարկել ձեզ մօտ ընտրուած մարդկանց՝ մեր սիրելիներին, Բառնաբասի ու Պօղոսի հետ, 26 մարդիկ, որոնք իրենց անձը նուիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար: 27 Արդ, ուղարկեցինք Յուդային եւ Շիղային, որ նրանք էլ խօսքով նոյնը պատմեն. 28 որովհետեւ հաճելի թուաց Սուրբ Հոգուն եւ մեզ՝ աւելի ոչ մի բեռ չդնել ձեր վրայ, բացի այս կարեւորներից. 29 այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից, խեղդամահ արուած կենդանիներից ու պոռնկութիւնից(1044). ձեզ դրանցից հեռու պահելով՝ լաւ կ՚անէք: Ո՛ղջ եղէք»:
ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ ԱՆՏԻՈՔՈՒՄ
30 Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին: 31 Եւ նրանք ընթերցելով՝ այդ մխիթարութեան համար ուրախացան: 32 Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց: 33 Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ: 34 (1045) Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ: 35 Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծու խօսքը:
ՊՕՂՈՍԻ ԵՒ ԲԱՌՆԱԲԱՍԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ
36 Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»: 37 Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել, 38 բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն: 39 Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնքան, որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը Մարկոսին վերցնելով՝ նաւարկեց դէպի Կիպրոս: 40 Իսկ Պօղոսը Շիղային ընտրելով՝ ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծու շնորհին. 41 եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները:
16
ՊՕՂՈՍԸ, ՇԻՂԱՆ ԵՒ ՏԻՄՈԹԷՈՍԸ
1 Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա: Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար, հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, 2 որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից: 3 Պօղոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան՝ այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, թէ նրա հայրը հեթանոս էր: 4 Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները: 5 Այսպէս, եկեղեցիները ամրապնդւում էին հաւատի մէջ ու օրէցօր նրանց թիւն աւելանում էր:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒՄ-ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՓՈՔՐ ԱՍԻԱՆ
6 Շրջեցին Փռիւգիայում եւ Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելուելով, որ Ասիայի նահանգում խօսքը չքարոզեն: 7 Բայց երբ Միւսիայի մօտերքը եկան, փորձում էին Բիւթանիա գնալ, սակայն Յիսուսի Հոգին նրանց թոյլ չտուեց: 8 Ուստի, Միւսիայի միջով անցնելով, Տրովադա իջան: 9 Գիշերը Պօղոսին մի տեսիլք երեւաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Մակեդոնիա անցի՛ր եւ օգնի՛ր մեզ»: 10 Եւ երբ նա այդ տեսիլքը տեսաւ, իսկոյն ուզեցինք առաջ գնալ դէպի Մակեդոնիա՝ հետեւութիւն անելով, որ Տէրը մեզ հրաւիրեց, որ նրանց աւետարանենք:
ԼԻԴԻԱՅԻ ԴԱՐՁԸ
11 Տրովադայից դուրս գալով՝ ուղիղ գնացինք դէպի Սամոթրակէ եւ յաջորդ օրը՝ Նոր քաղաք. 12 այնտեղից էլ՝ Փիլիպպէ, որ Մակեդոնիայի առաջին գաւառի մէկ քաղաքն էր՝ Կողովնիա(1046): Այնտեղ, քաղաքում մի քանի օր մնացինք: 13 Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դէպի գետափ, ուր հրեաները սովոր էին աղօթք անել: Եւ նստած խօսում էինք հաւաքուած կանանց հետ: 14 Եւ Լիդիա անունով աստուածավախ մի կին, որ Թիւատիր քաղաքից էր եւ ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. եւ նրա սիրտը Տէրն ինքն էր բացել՝ անսալու Պօղոսի խօսքերին: 15 Եւ երբ որ մկրտուեցին ինքը եւ իր տունը, նա աղաչեց եւ ասաց. «Եթէ ինձ Տիրոջ հաւատացող էք համարում, իմ տունը մտէ՛ք եւ օթեւանեցէ՛ք»: Եւ ստիպելով՝ մեզ տարաւ:
ՊՕՂՈՍԻ ԵՒ ՇԻՂԱՅԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹԻՒՆԸ ՓԻԼԻՊՊԷՈՒՄ
16 Եւ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տէրերին մեծ օգուտ էր տալիս: 17 Նա Պօղոսի եւ մեր յետեւից ընկած՝ աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրեալն Աստծու ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհները»: 18 Եւ շատ օրեր էր անում այդ բանը: Պօղոսը, զայրանալով, դարձաւ եւ չար ոգուն ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ դրա միջից դուրս ելնես»: Եւ նոյն ժամին չար ոգին ելաւ: 19 Երբ նրա տէրերը տեսան, որ իրենց շահի աղբիւրը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային բռնելով՝ քաշեցին դէպի հրապարակը, իշխանաւորների առաջ 20 ու նրանց բերելով զօրագլուխների մօտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովեցնում են. իրենք հրեաներ են 21 եւ մեզ քարոզում են օրէնքներ, որ օրինաւոր չէ մեզ համար ո՛չ ընդունել եւ ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմէացիներ ենք»: 22 Եւ ամբոխը թափուեց նրանց վրայ. զօրագլուխները պատռեցին նրանց զգեստները եւ հրամայեցին նրանց գանահարել: 23 Եւ նրանց շատ վէրքեր հասցնելուց յետոյ բանտարկեցին ու բանտապետին պատուիրեցին, որ նրանց զգուշութեամբ պահի: 24 Սա այսպիսի հրաման ստանալով՝ նրանց ներսի բանտը նետեց ու նրանց ոտքերը կոճղի մէջ ամրացրեց:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ԱԶԱՏՈՒՄԸ ՀՐԱՇԱԳՈՐԾՈՒԹԵԱՄԲ
25 Եւ գիշերուայ կէսին Պօղոսն ու Շիղան աղօթում էին ու օրհնում Աստծուն: Կալանաւորները նրանց ականջ էին դնում: 26 Եւ յանկարծակի մեծ ցնցում եղաւ, այնպէս որ բանտի հիմքերը շարժուեցին, եւ իսկոյն բոլոր դռները բացուեցին, ու բոլորի կապանքները քանդուեցին: 27 Երբ բանտապետը արթնացաւ եւ բանտի դռները բացուած տեսաւ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, որ բանտարկեալները փախել են: 28 Բայց Պօղոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»: 29 Նա լոյս խնդրեց ու ներս խուժեց. եւ զարհուրած ընկաւ Պօղոսի եւ Շիղայի առաջ. 30 եւ նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տիա՛րք իմ, ես ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ»: 31 Եւ նրանք ասացին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը»: 32 Եւ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խօսքը: 33 Եւ գիշերուայ նոյն ժամին տարաւ նրանց, վէրքերից լուաց, եւ ինքն ու իւրայինները բոլորն էլ անմիջապէս մկրտուեցին: 34 Եւ նրանց բերելով իր տունը՝ նրանց առաջ սեղան դրեց. եւ իր ամբողջ տնով ուրախացաւ Աստծուն հաւատացած լինելու համար: 35 Երբ առաւօտ եղաւ, զօրագլուխները պատուիրակ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»: 36 Եւ բանտապետը Պօղոսին տեղեկացրեց այս խօսքերը. «Զօրագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակուէք: Ուստի, դո՛ւրս եկէք եւ գնացէ՛ք խաղաղութեամբ»: 37 Իսկ Պօղոսը նրանց ասաց. «Հրապարակաւ գանահարեցին մեզ՝ հռոմէացի անմեղ մարդկանցս, եւ բանտ դրեցին ու հիմա թաքուն-թաքո՞ւն են մեզ դուրս հանում. ո՛չ, այդպէս չի լինի. այլ հէնց իրենք թող գան եւ դուրս հանեն մեզ»: 38 Եւ պատուիրակները այս խօսքերը տեղեկացրին զօրագլուխներին, որոնք, երբ լսեցին, թէ հռոմէացիներ են, զարհուրեցին եւ եկան աղաչեցին նրանց: 39 Եւ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ իրենց քաղաքից գնան: 40 Եւ նրանք, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մօտ եւ, եղբայրներին տեսնելով, մխիթարեցին նրանց ու մեկնեցին:
17
ՅՈՒԶՈՒՄՆԵՐ ԹԵՍԱՂՈՆԻԿԷՈՒՄ
1 Եւ Ամփիպոլիս ու Ապողոնիա քաղաքների միջով անցնելով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր հրեաների ժողովարան կար: 2 Եւ ըստ իր սովորութեան, Պօղոսը մտաւ նրանց մօտ եւ երեք շաբաթ օրեր նրանց հետ խօսեց Գրքերից: 3 Բաց էր անում Գրքերը եւ նրանց ապացուցում, թէ Քրիստոս պէտք է չարչարուէր եւ մեռելներից յարութիւն առնէր. եւ ասում էր. «Նա՛ է Քրիստոսը՝ Յիսուսը, որին ես քարոզում եմ ձեզ»: 4 Եւ նրանցից ոմանք համոզուեցին ու յարեցին Պօղոսին եւ Շիղային: Բացի դրանցից, կային նաեւ աստուածապաշտ հեթանոսներ եւ թուով ոչ սակաւ երեւելի կանայք: 5 Իսկ հրեաները նախանձեցին եւ վերցնելով գռեհիկ, անօրէն մի քանի մարդկանց՝ ամբոխ կազմեցին եւ քաղաքը յուզեցին. եւ Յասոնի տան առաջ կուտակուելով՝ ուզում էին Պօղոսին եւ Շիղային հրապարակ տանել: 6 Եւ երբ նրանց չգտան, Յասոնին եւ եղբայրներից ոմանց քարշ տուին քաղաքապետների մօտ՝ բողոք բարձրացնելով, թէ՝ «Սրանք, որ աշխարհը յուզեցին, այստեղ էլ են հասել, 7 եւ Յասոնը նրանց ընդունել է. եւ սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. մի ոմն Յիսուսի մասին ասում են, թէ թագաւոր է»: 8 Եւ գրգռեցին ժողովրդին ու քաղաքապետներին, որ այս բաները լսում էին: 9 Բայց երաշխիք ստանալով Յասոնից եւ ուրիշներից՝ արձակեցին նրանց:
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ ԲԵՐԻԱՅՈՒՄ
10 Բայց եղբայրները գիշերով շտապ ճանապարհ դրեցին դէպի Բերիա Պօղոսին եւ Շիղային, որոնք, երբ այստեղ հասան, գնացին հրեաների ժողովարանը, 11 քանի որ սրանք աւելի ազնիւ մարդիկ էին, քան թէ Թեսաղոնիկէում եղածները: Սրանք ամենայն յօժարութեամբ ընդունեցին խօսքը. ամբողջ ժամանակ քննում էին գրուածքները՝ իմանալու, թէ այդ բաները այդպէ՞ս են: 12 Նրանցից շատերը հաւատացին, ինչպէս նաեւ թուով ոչ սակաւ յոյն երեւելի կանայք եւ տղամարդիկ: 13 Բայց Թեսաղոնիկէի հրեաները երբ իմացան, թէ Բերիայում էլ Պօղոսի կողմից քարոզուեց Աստծու խօսքը, այնտեղ էլ եկան՝ ժողովրդի բազմութիւնը յուզելու ու գրգռելու: 14 Այն ժամանակ եղբայրները Պօղոսին իսկոյն ուղարկեցին, որ գնայ մինչեւ ծովեզր, իսկ Շիղան եւ Տիմոթէոսը մնացին այնտեղ: 15 Եւ ովքեր Պօղոսին տանում էին, նրան հասցրին մինչեւ Աթէնք եւ, Շիղային ու Տիմոթէոսին ուղղուած պատուէր ստանալով, որ շտապ նրա մօտ գան, իրենք վերադարձան:
ՊՕՂՈՍԸ ԱԹԷՆՔՈՒՄ
16 Եւ մինչ Պօղոսը Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ: 17 Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ ամէն օր՝ ում որ հանդիպում էր: 18 Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք, ձեռ առնելով, վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»: Իսկ ուրիշներն էլ, թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին ու յարութիւնն էր աւետարանում: 19 Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի(1047) առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես: 20 Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ի՛նչ բաներ կը լինեն» 21 (որովհետեւ աթենացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք):
ՊՕՂՈՍԻ ՃԱՌԸ ԱՐԻՍՊԱԳՈՍԻ ՄԷՋ
22 Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23 քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ: 24 Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. 25 նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր: Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ: 26 Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27 որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28 քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք: 29 Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած: 30 Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի(1048). 31 քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»:
32 Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կը լսենք քեզնից այդ մասին»: 33 Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց: 34 Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ:
18
ԿՈՐՆԹՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
1 Սրանից յետոյ Պօղոսը Աթէնքից մեկնելով՝ եկաւ Կորնթոս. 2 եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի, ծագումով պոնտացի, որը իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից, համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային: Եւ գնաց միացաւ նրանց: 3 Եւ որովհետեւ արհեստակից էր, նրանց մօտ մնաց եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին: 4 Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին: 5 Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը: 6 Եւ երբ նրանք ընդդիմացան եւ հայհոյեցին, զգեստները թափ տուեց ու ասաց. «Ձեր արիւնը ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից յետոյ հեթանոսներին եմ գնում»: 7 Եւ այնտեղից գնալով՝ մտաւ մէկի տունը, որի անունը Տիտոս Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր: 8 Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջը իր ամբողջ տնով: Նաեւ կորնթացիներից շատերը նրան լսելով՝ հաւատացին եւ մկրտուեցին: 9 Եւ Տէրը գիշերը մի տեսիլքի մէջ Պօղոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խօսի՛ր եւ մի՛ լռիր, 10 քանի որ ես քեզ հետ եմ. եւ ոչ մէկը քո դէմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»: 11 Եւ նա այնտեղ մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ ուսուցանելով նրանց Աստծու խօսքը:
ՊՕՂՈՍՆ ԱՏԵԱՆԻ ԱՌԱՋ
12 Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները, միաբանուելով, Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին: 13 Նրանք ասում էին. «Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն»: 14 Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալու իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15 բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»: 16 Եւ նրանց ատեանից դուրս արեց: 17 Եւ բոլոր յոյները ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով՝ ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը այդ մասին բնաւ հոգ չէր անում:
ՊՕՂՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՆՏԻՈՔ
18 Իսկ Պօղոսը դեռ շատ օրեր մնալով՝ եղբայրներից հրաժեշտ առաւ եւ նաւարկեց դէպի Ասորիք: Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը: Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել: 19 Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը ժողովարան մտնելով՝ խօսքն ուղղեց հրեաներին: 20 Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, 21 այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կը գամ ձեզ մօտ»: 22 Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր, Երուսաղէմ եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք: 23 Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին:
ԱՊՈՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆԸ ԵՓԵՍՈՍՈՒՄ
24 Ապողոս անունով մի հրեայ, ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ՝ Գրքերին: 25 Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին: Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը: 26 Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել: Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծու ճանապարհը: 27 Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն: Երբ նա այնտեղ հասաւ, Աստծու շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, 28 քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, թէ Յիսո՛ւսն է Քրիստոսը:
19
ՊՕՂՈՍԸ ԵՓԵՍՈՍՈՒՄ
1 Եւ մինչ Ապողոսը դեռ Կորնթոսում էր, Պօղոսը շրջեց վերին կողմերը եւ իջաւ Եփեսոս ու այնտեղ մի քանի աշակերտներ գտնելով՝ նրանց ասաց. 2 «Երբ հաւատացիք, Սուրբ Հոգին ընդունեցի՞ք»: Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կայ»: 3 Եւ նա ասաց. «Ուրեմն ինչո՞վ մկրտուեցիք»: Նրանք ասացին. «Յովհաննէսի մկրտութեամբ»: 4 Եւ Պօղոսն ասաց. «Յովհաննէսը ապաշխարել եւ մկրտուել քարոզեց ամբողջ ժողովրդին եւ ասում էր, թէ, ով գալու է իրենից յետոյ, նրա՛ն թող հաւատան. այն է՝ Յիսուս Քրիստոսին»: 5 Եւ երբ այս լսեցին, մկրտուեցին Տէր Յիսուսի անունով: 6 Եւ երբ Պօղոսը նրանց վրայ ձեռք դրեց, Սուրբ Հոգին իջաւ նրանց վրայ. լեզուներ էին խօսում եւ մարգարէանում: 7 Նրանք շուրջ տասներկու հոգի էին:
ԵՓԵՍՈՍԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ
8 Եւ Պօղոսը ժողովարան մտնելով՝ երեք ամիս համարձակ խօսում էր, քարոզում եւ Աստծու արքայութեան մասին համոզում նրանց: 9 Երբ ոմանք խստասիրտ էին մնում եւ ընդդիմանում՝ բազմութեան առաջ վարկաբեկելով Տիրոջ ճանապարհը, նրանցից բաժանուեց, աշակերտներին զատեց եւ խօսում էր ամէն օր Տիւրան անունով մէկի դպրանոցում: 10 Այս տեւեց երկու տարի, այնպէս որ ասիացի, հրեայ եւ հեթանոս բոլոր բնակիչները լսեցին Տիրոջ խօսքը:
ՀՐԵԱՅ ԵՐԴՈՒԵՑՆՈՂՆԵՐԸ
11 Աստուած ոչ սակաւ զօրաւոր գործեր էր անում Պօղոսի միջոցով. 12 մինչեւ իսկ նրա քրտինքը չորացրած(1049) թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիւանդների մօտ, եւ ախտերը հեռանում էին նրանցից. եւ չար ոգիները դուրս էին գալիս: 13 Շրջիկ հրեաներից ոմանք, որ երդուեցնողներ(1050) էին, յանդգնեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրայ՝ ասելով. «Երդուեցնում եմ ձեզ Յիսուսով, որին քարոզում է Պօղոսը»: 14 Այս անողները ոմն Սկեւոս հրեայ քահանայապետի եօթը որդիներն էին: 15 Չար ոգին պատասխանեց ու նրանց ասաց. «Յիսուսին գիտեմ եւ Պօղոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ էք»: 16 Եւ այն մարդը, որի մէջ չար ոգի կար, վազեց նրանց վրայ եւ երկուսին էլ բռնելով՝ գետին զարկեց նրանց. այնպէս որ նրանք մերկ եւ վիրաւոր փախան այդ տնից: 17 Եւ այս բանը յայտնի դարձաւ Եփեսոսում բնակուող բոլոր հրեաներին եւ հեթանոսներին: Եւ նրանց բոլորի մէջ ահ ընկաւ. եւ Տէր Յիսուսի անունը փառաւորւում էր: 18 Եւ հաւատացեալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները: 19 Եւ կախարդութեամբ զբաղուողներից շատերը բերում էին իրենց գրքերը եւ բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշուեցին եւ գտան, որ յիսուն հազար արծաթ դահեկան էր:
20 Եւ այսպէս Աստծու խօսքը աճում էր ու զօրանում:
21 Եւ երբ այս բաները կատարուեցին, Պօղոսը մտադրուեց շրջել Մակեդոնիայում եւ Աքայիայում ու ապա գալ Երուսաղէմ: Ասում էր. «Իմ այնտեղ գնալուց յետոյ պէտք է, որ ես Հռոմն էլ տեսնեմ»: 22 Իր պաշտօնեաներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, իսկ ինքը որոշ ժամանակ մնաց Ասիայի նահանգում:
ԱՐԾԱԹԱԳՈՐԾՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹԻՒՆԸ ԵՓԵՍՈՍՈՒՄ
23 Այդ ժամանակ Տիրոջ ճանապարհի մասին բաւական մեծ խռովութիւն առաջ եկաւ: 24 Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիս դիցուհու մեհեանի արծաթէ մանրաքանդակներն էր պատրաստում եւ վարպետներին ոչ քիչ շահ էր բերում: 25 Ժողովելով նրանց եւ նոյն արուեստի մասնագէտներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ մեր շահը այս գործից է, 26 եւ տեսնում էք ու լսում, որ ոչ միայն եփեսացիներից, այլեւ գրեթէ ամբողջ Ասիայի նահանգից այս Պօղոսը բազում ժողովուրդ համոզելով, դարձի է բերել՝ ասելով, թէ դրանք, որ ձեռքով են շինուած, աստուածներ չեն: 27 Եւ սրա վտանգն է ոչ միայն այն, որ մեր կողմը պիտի արհամարհուի, այլ նաեւ այն, որ Արտեմիս մեծ դիցուհու մեհեանը ոչինչ պիտի համարուի, այն աստիճան, որ պիտի քանդուի նաեւ մեծութիւնը նրա, որին ամբողջ Ասիան եւ աշխարհն է պաշտում»: 28 Երբ այս լսեցին, լցուեցին բարկութեամբ. աղաղակում էին ու ասում. «Մեծ է եփեսացիների Արտեմիսը»: 29 Քաղաքը լցուեց խռովութեամբ. բոլորը միասին դիմեցին դէպի թատրոն, քարշ տալով Գայիոս եւ Արիստարքոս Մակեդոնացիներին՝ Պօղոսի ուղեկիցներին: 30 Բայց երբ Պօղոսն ուզեց մտնել ամբոխի մէջ, աշակերտները նրան չթողեցին: 31 Ասիացի պետերից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մօտ մարդ ուղարկեցին եւ աղաչեցին, որ թատրոնում չերեւայ: 32 Իսկ ուրիշներ էլ այլ բան էին աղաղակում, քանի որ նրանց ժողովը խառնաշփոթութեան մէջ էր. եւ նրանցից շատերը չէին իմանում, թէ ինչի համար են հաւաքուել: 33 Ապա ամբոխից ոմանք բազմութեան միջից դուրս քաշեցին Ալեքսանդրոսին. եւ երբ հրեաները նրան առաջ բերեցին, Ալեքսանդրոսը շարժեց ձեռքը եւ ուզում էր պատասխանել ամբոխին: 34 Երբ իմացան, որ մարդը հրեայ է, բոլորը միաձայն մօտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»: 35 Քաղաքի գլխաւոր քարտուղարը լռեցրեց ամբոխին ու ասաց. «Ո՛վ եփեսացիներ, իսկ ո՞վ է մարդկանցից նա, որ չգիտէ մեծ Արտեմիս դիցուհու եւ Դիոպետէոսի՝ եփեսացիների մեհենազարդ այս քաղաքը: 36 Եւ որովհետեւ այդ անշուշտ այդպէս է, դուք պէտք է հանդարտուէք եւ յանդգնութեամբ ոչինչ չանէք: 37 Դուք այստեղ բերեցիք այդ մարդկանց, որոնք ո՛չ մեհեան կողոպտողներ են եւ ո՛չ էլ՝ մեր դիցուհուն հայհոյողներ: 38 Իսկ եթէ Դեմետրիոսը եւ նրա հետ եղող վարպետները մէկի դէմ որեւէ բան ունեն, ատեան թող գնան. դատաւորներ կան, թող նրանց առաջ ամբաստանութիւն անեն: 39 Բայց եթէ մի այլ բանի մասին խնդիր կայ, թող օրինաւոր ժողովում դա վճռուի. 40 որովհետեւ մեզ համար էլ վտանգ կայ, որ մեղադրուենք այսօրուայ այս կռուի պատճառով, որ տեղի ունեցաւ առանց որեւէ յանցանքի առկայութեան, եւ դրա համար չպիտի կարողանանք պատասխան տալ այս հաւաքոյթի համար»: Եւ այս ասելով՝ ժողովն արձակեց:
20
ՊՕՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅՈՒՄ ԵՒ ՅՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
1 Երբ ամբոխը հանդարտուեց, Պօղոսը կանչեց աշակերտներին ու նրանց յորդորելով՝ հրաժեշտի ողջոյն տուեց եւ ելաւ գնաց Մակեդոնիա: 2 Այդ կողմերում շրջելուց եւ նրանց բազում խօսքերով յորդորելուց յետոյ եկաւ Յունաստան: 3 Մօտ երեք ամիս այնտեղ անցկացնելուց յետոյ, մինչ կամենում էր Ասորիք բարձրանալ, հրեաների կողմից նրա դէմ դաւ նիւթուեց. ուստի խորհեց Մակեդոնիայով վերադառնալ: 4 Եւ մինչեւ Ասիա(1051) նրա հետ էին գնում Պիւռոսի որդի Սոսիպատրոս Բերիացին, թեսաղոնիկեցիներից՝ Արիստարքոսը եւ Սեկունդոսը, Գայիոս Դերբացին ու Տիմոթէոսը եւ ասիացիներ Տիւքիկոսն ու Տրոփիմոսը: 5 Սրանք առաջ էին գնացել եւ Տրովադայում մեզ էին սպասում: 6 Իսկ մենք Բաղարջակերաց տօնի օրերից յետոյ նաւարկեցինք Փիլիպպէից ու հինգ օրից հասանք Տրովադա, նրանց մօտ. այնտեղ կանգ առանք եօթը օր:
ՊՕՂՈՍԸ ՏՐՈՎԱԴԱՅՈՒՄ. ԵՒՏԻՔՈՍԻ ՅԱՌՆՈՒՄԸ
7 Եւ շաբաթ օրը(1052), մինչ հաւաքուել էինք հացը կտրելու, Պօղոսը, որ յաջորդ օրը մեկնելու էր, խօսում էր նրանց հետ. եւ նա խօսքը երկարեց մինչեւ կէսգիշեր: 8 Եւ այն վերնատանը, ուր հաւաքուած էինք, բազում լապտերներ կային: 9 Իսկ Եւտիքոս անունով մի երիտասարդ նստել էր պատուհանին ու խոր քնի մէջ էր ընկել: Երբ Պօղոսը խօսելը երկարաձգեց, նա, խոր քնից թուլացած, երրորդ յարկից ցած ընկաւ. ու վերցրին նրան մեռած: 10 Պօղոսը, ցած իջնելով, ընկաւ նրա վրայ, նրան իր գիրկը վերցրեց ու ասաց. «Մի՛ խռովուէք, քանի որ սրա հոգին վրան է»: 11 Յետոյ վեր ելաւ, հացը կտրեց ու կերաւ. եւ մինչեւ առաւօտ շատ բաներ եւս խօսեց ու ապա ելաւ գնաց: 12 Իսկ պատանուն կենդանի ներս բերեցին եւ շատ մխիթարուեցին:
ՏՐՈՎԱԴԱՅԻՑ ԴԷՊԻ ՄԻԼԵՏՈՆ
13 Եւ մենք նաւ մտնելով՝ ուղղուեցինք դէպի Ասոն. յոյս ունէինք այնտեղից Պօղոսին նորից վերցնել, որովհետեւ այդպէս էր պատուիրել, ըստ որում ինքը ցամաքով էր գնալու: 14 Եւ երբ նա մեզ հանդիպեց Ասոնում, նրան առնելով եկանք Միտիլինէ: 15 Եւ այնտեղից նաւարկելով՝ յաջորդ օրը գնացինք Քիոսի դիմացը, իսկ միւս օրը հասանք Սամոս եւ հետեւեալ օրը եկանք Միլետոն, 16 որովհետեւ Պօղոսը մտադիր էր նաւարկել Եփեսոսի մօտով, որպէսզի Ասիայում ժամանակ չկորցնի, քանի որ շտապում էր Պենտեկոստէի օրը Երուսաղէմ հասնել, եթէ այդ նրան յաջողուէր:
ՊՕՂՈՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ ԵՓԵՍՈՍԻ ԵՐԷՑՆԵՐԻՆ
17 Եւ Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին. 18 եւ երբ նրանք եկան նրա մօտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝ 19 ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին: 20 Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը. 21 վկայութիւն տուի հրեաներին եւ հեթանոսներին Աստծու առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին: 22 Արդ, ահա ես, Սուրբ Հոգու մղումով, Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ի՛նչ է պատահելու, այդ չգիտեմ. 23 միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքի մէջ ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ”: 24 Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծու շնորհը աւետարանելու: 25 Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծու արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26 դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27 որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնելու Աստծու կամքը ամբողջութեամբ: 28 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: 29 Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կը գան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: 30 Ձեր միջից էլ դուրս կը գան մարդիկ, որ թիւր բաներ կը խօսեն՝ աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար: 31 Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ-մէկ՝ արտասուքներով խրատեցի: 32 Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ՝ բոլոր սրբերի հետ: 33 Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. 34 դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը: 35 Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. “Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը”»: 36 Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել: 37 Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզովն ընկնելով՝ համբուրում էին նրան: 38 Մորմոքւում էին մանաւանդ նրա այն խօսքի վրայ, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու: Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը:
21
ՊՕՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ ԵՐՈՒՍԱՂԷՄ
1 Եւ երբ մենք նրանցից բաժանուեցինք ու նաւ ելանք, ուղիղ դիմացը գնալով՝ եկանք Կով. յաջորդ օրը՝ Ռոդոն, այնտեղից էլ՝ Պատարա: 2 Այնտեղ գտնելով մի նաւ, որ Փիւնիկէ էր գնում, բարձրացանք ու գնացինք: 3 Երբ Կիպրոսը երեւաց, այն թողեցինք ձախ կողմը, նաւարկեցինք դէպի Ասորիք եւ իջանք Տիւրոս, քանի որ նաւն այնտեղ իր բեռներն էր թափելու: 4 Եւ գտնելով աշակերտներին՝ եօթը օր այնտեղ մնացինք. նրանք Սուրբ Հոգու միջոցով Պօղոսին ասում էին, որ Երուսաղէմ չբարձրանայ: 5 Եւ երբ մենք այդ օրերը անցկացրինք, ելանք գնացինք. նրանք բոլորը, կանանց եւ որդիների հետ միասին, մինչեւ քաղաքից դուրս մեզ ճանապարհ դրեցին. եւ ծովեզրին, ծնկի գալով, աղօթեցինք: 6 Ապա միմեանց հրաժեշտ տալով՝ մենք նաւ ելանք, իսկ նրանք վերադարձան իրենց տեղերը: 7 Եւ մեր նաւարկութիւնը շարունակելով Տիւրոսից՝ հասանք Պտողեմայիդա ու եղբայրներին ողջոյն տալուց յետոյ մէկ օր նրանց մօտ մնացինք: 8 Յաջորդ օրը այնտեղից դուրս գալով՝ եկանք Կեսարիա եւ, մտնելով տունը Փիլիպպոս աւետարանչի, որ եօթը սարկաւագներից մէկն էր, օթեւանեցինք նրա մօտ: 9 Նա ունէր չորս կոյս աղջիկներ, որոնք մարգարէուհիներ էին: 10 Եւ երբ շատ օրեր մենք այնտեղ մնացինք, Հրէաստանից Ագաբոս անունով մի մարգարէ իջաւ: 11 Եւ մեզ մօտ գալով՝ վերցրեց Պօղոսի գօտին, կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը եւ ասաց. «Այսպէս է ասում Սուրբ Հոգին. այն մարդուն, որի գօտին է այս, հրեաները նրան այսպէ՛ս պիտի կապեն Երուսաղէմում եւ յանձնեն հեթանոսների ձեռքը»: 12 Երբ այս լսեցինք, մենք եւ այնտեղ գտնուողները աղաչեցինք, որ նա Երուսաղէմ չբարձրանայ: 13 Այն ժամանակ Պօղոսը պատասխանեց ու ասաց. «Ի՞նչ էք անում, ինչո՞ւ էք լաց լինում եւ իմ սիրտն էլ ճմլում, ես Տէր Յիսուս Քրիստոսի անուան համար Երուսաղէմում ոչ միայն կապուելու, այլեւ մեռնելու պատրաստ եմ»: 14 Եւ երբ նա չանսաց, լռեցինք. ասացինք՝ Տիրոջ կամքը թող լինի:
15 Այդ օրերից յետոյ պատրաստուեցինք եւ Երուսաղէմ բարձրացանք: 16 Մեզ հետ եկան նաեւ կեսարացի մի քանի աշակերտներ, որոնք մեզ տանում էին կիպրացի ոմն Մնասոնի մօտ, որը նախապէս աշակերտ էր, եւ որի տանը օթեւանելու էինք:
ՊՕՂՈՍԻ ԱՅՑԸ ՅԱԿՈԲՈՍԻՆ
17 Եւ երբ մենք Երուսաղէմ մտանք, եղբայրները մեզ խնդութեամբ ընդունեցին: 18 Յաջորդ օրը Պօղոսը մեզ հետ Յակոբոսի մօտ մտաւ. եկան եւ բոլոր երէցները: 19 Ողջունելով նրանց՝ նա մի առ մի պատմեց այն բաները, որ Աստուած նրա ծառայութեան միջոցով արեց հեթանոսների մէջ: 20 Եւ նրանք, լսելով, փառաւորում էին Աստծուն ու նրան ասում. «Տեսնո՞ւմ ես, եղբա՛յր, հազարաւոր հաւատացեալ հրեաներ կան, եւ բոլորն էլ նախանձախնդիր են օրէնքին: 21 Բայց քո մասին իրազեկ եղան, թէ հեթանոսների մէջ գտնուող բոլոր հրեաներին ուսուցանում ես հրաժարուել Մովսէսի օրէնքից. ասում ես, որ նրանք իրենց որդիներին չթլփատեն եւ կրօնի աւանդութիւնների համաձայն չգնան: 22 Արդ, ի՞նչ պէտք է լինի. հաստատապէս կը լսեն, որ եկել ես: 23 Ուրեմն, արա՛ այն, ինչ քեզ ասում ենք. մեզ մօտ կան չորս ուխտադիր մարդիկ. 24 նրանց քեզ հետ ա՛ռ եւ նրանց հետ միասին մաքրուի՛ր. եւ նրանց ծախսը քեզ վրայ վերցրու, որ իրենց գլուխները ածիլեն: Այսպէս ամէնքը իմանան, որ քեզ վերաբերող այն բաները, որոնց մասին իրազեկ են եղել, ոչինչ են, եւ, ընդհակառակը, դու էլ համաձայն ես օրէնքը պահելու: 25 Գալով հաւատացեալ հեթանոսներին՝ մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցուած զոհերից ու արիւնից եւ խեղդամահ արուած կենդանուց եւ պոռնկութիւնից»(1053): 26 Այն ժամանակ Պօղոսը իր հետ վերցրեց այդ մարդկանց եւ յաջորդ օրը, նրանց հետ մաքրուելուց յետոյ, տաճար մտաւ՝ յայտնելու մաքրման օրերի աւարտի մասին. որից յետոյ, նրանցից իւրաքանչիւրի համար զոհ մատուցուեց:
ՊՕՂՈՍԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆԸ ՏԱՃԱՐՈՒՄ
27 Սակայն երբ եօթնօրէքը կատարելու մօտ էին, ասիացի հրեաները նրան տաճարի մէջ տեսնելով՝ նրա շուրջը հաւաքեցին ամբողջ ամբոխը, եւ ձեռքները նրա վրայ դնելով՝ աղաղակում էին. 28 «Ո՛վ իսրայէլացիներ, օգնեցէ՛ք, այս մարդն է, որ, հակառակ ժողովրդի եւ օրէնքի ու այս սրբավայրի, ամենուր ամենքին ուսուցանում է. մինչեւ իսկ հեթանոսներին տաճար մտցրեց եւ այս սուրբ տեղը պղծեց»: 29 Ըստ որում առաջուց նրա հետ քաղաքում տեսել էին Տրոփիմոս Եփեսացուն եւ կարծում էին, թէ Պօղոսը նրան տաճար մտցրեց: 30 Ամբողջ քաղաքը շարժուեց, եւ ժողովուրդը խռնուեց. բռնելով Պօղոսին՝ քարշ տուեցին տաճարից դուրս. եւ իսկոյն դռները փակուեցին: 31 Նրան ուզում էին սպանել: Գնդի հազարապետին լուր հասաւ, թէ ամբողջ Երուսաղէմը յուզման մէջ է: 32 Սա իսկոյն զինուորներ եւ հարիւրապետներ առնելով իր հետ՝ շարժուեց նրանց վրայ: Եւ նրանք, տեսնելով հազարապետին ու զինուորներին, դադարեցին Պօղոսին ծեծելուց: 33 Այն ժամանակ հազարապետը, մօտենալով, բռնեց նրան եւ հրամայեց նրան կապել կրկնակի շղթաներով. եւ հարցնում էր, թէ՝ ով է եւ ինչ է արել: 34 Ամբոխի մէջ այլեւայլ մարդիկ նրա մասին այլ բաներ էին աղաղակում: Երբ նա ամբոխի աղմկի պատճառով ստուգութիւնը չկարողացաւ իմանալ, հրամայեց նրան զօրանոց տանել: 35 Երբ աստիճաններին հասաւ, այնպէս եղաւ, որ ամբոխի բռնութեան պատճառով զինուորները նրան բարձրացնեն եւ տանեն, 36 քանի որ ժողովրդի բազմութիւնը յետեւից էր գնում՝ աղաղակելով՝ մա՛հ դրան:
ՊՕՂՈՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ
37 Եւ մինչ Պօղոսը զօրանոց էր մտնելու, հազարապետին ասաց. «Կարելի՞ է ինձ խօսել քեզ հետ»: Եւ նա ասաց. «Յունարէն գիտե՞ս. 38 չլինի թէ դու ես այն եգիպտացին, որ սրանից օրեր առաջ ապստամբեցիր եւ անապատ հանեցիր չորս հազար սուսերաւոր մարդկանց»: 39 Պօղոսն ասաց. «Ես հրեայ մարդ եմ, կիլիկեցիների Տարսոն քաղաքից, ոչ աննշան քաղաքի քաղաքացի. աղաչում եմ քեզ, ինձ հրամա՛ն տուր, որ իմ խօսքն ուղղեմ այդ ժողովրդին»:
40 Եւ երբ նա հրաման տուեց, Պօղոսը, աստիճանների վրայ կանգնած, ձեռքը շարժեց դէպի ժողովուրդը: Երբ կատարեալ լռութիւն տիրեց, սկսեց խօսել եբրայերէն լեզուով եւ ասաց.
22
ՊՕՂՈՍԻ ՃԱՌԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ՝ ՀՐԵԱՆԵՐԻՆ
1 «Եղբայրնե՛ր եւ հայրե՛ր, այժմ լսեցէ՛ք ինձ, որ տամ իմ պաշտպանողականը»: 2 Երբ լսեցին, որ եբրայերէն լեզուով դիմեց իրենց, առաւել եւս հանդարտուեցին եւ լռեցին: 3 Եւ նա ասաց. «Ես հրեայ մարդ եմ՝ ծնուած Կիլիկիայի Տարսոն քաղաքում, եւ դաստիարակուել եմ այստեղ, այս քաղաքում, Գամաղիէլի ոտքերի մօտ, կրթուած ըստ հայրենի օրէնքի ճշմարտութեան: Նախանձայոյզ էի Աստծու հանդէպ, ինչպէս դուք բոլորդ՝ այսօր: 4 Ես այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ՝ կապելով եւ բանտերի մատնելով տղամարդկանց եւ կանանց, 5 ինչպէս ինձ վկայ են քահանայապետը եւ ամբողջ ծերակոյտը, որոնցից եղբայրներին ուղղուած նամակներ էլ առնելով՝ Դամասկոս էի գնում եղբայրների մօտ՝ այնտեղից եւս կապեալներ բերելու համար Երուսաղէմ, որ պատժուեն: 6 Եւ մինչ գնում էի եւ մօտեցայ Դամասկոսին, կէսօրուայ ժամանակ յանկարծ երկնքից սաստիկ լոյս փայլատակեց իմ շուրջը. 7 եւ ես գետին ընկայ. լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. “Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում”: 8 Եւ ես պատասխանեցի. “Ո՞վ ես, Տէ՛ր”: Եւ ինձ ասաց. “Ես Նազովրեցի Յիսուսն եմ, որին դու հալածում ես”: 9 Ինձ հետ եղողները եւս լոյսը տեսնում էին, բայց չէին լսում այն ձայնը, որ ինձ հետ խօսում էր: 10 Եւ ես ասացի. “Ի՞նչ պէտք է անեմ, Տէ՛ր”: Եւ Տէրն ինձ ասաց. “Վե՛ր կաց եւ գնա՛ Դամասկոս, եւ այնտեղ քեզ կը պատմուի այն բոլորի մասին, որ հրամայուած է քեզ անել”: 11 Եւ քանի որ այդ լոյսի փայլից չէի տեսնում, ինձ հետ եղողները, ձեռքիցս բռնելով, առաջնորդեցին ինձ, եւ Դամասկոս մտայ: 12 Եւ Անանիա անունով մի մարդ՝ երկիւղած ըստ օրէնքի եւ վկայուած Դամասկոսում բնակուող բոլոր հրեաների կողմից, 13 եկաւ կանգնեց ինձ մօտ ու ասաց. “Սաւո՛ւղ եղբայր, վերե՛ւ նայիր”: 14 Եւ ես իսկոյն դէպի վեր նրա՛ն նայեցի: Եւ ինձ ասաց. “Մեր հայրերի Աստուածը առաջուց ընտրեց քեզ, որ ճանաչես նրա կամքը եւ տեսնես Արդարին ու լսես նրա բերանից ձայնը, 15 որպէսզի բոլոր մարդկանց մօտ նրա վկան լինես այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր: 16 Արդ, ինչո՞ւ ես յապաղում, վե՛ր կաց, մկրտուի՛ր եւ լուա՛ քո մեղքերը՝ նրա անունը կանչելով”: 17 Եւ երբ ես վերադարձայ Երուսաղէմ եւ տաճարում աղօթում էի, մտայափշտակութեան մէջ ընկայ. 18 տեսայ նրան, որն ինձ ասում էր. “Շտապի՛ր, իսկոյն Երուսաղէմից դո՛ւրս ել, քանի որ իմ մասին քո վկայութիւնը չեն ընդունելու”: 19 Եւ ես ասացի. “Տէ՛ր, իրենք իսկ գիտեն, թէ ես էի, որ բանտարկել եւ բոլոր ժողովարաններում գանակոծել էի տալիս քեզ հաւատացողներին: 20 Եւ երբ թափւում էր քո վկայի՝ Ստեփանոսի արիւնը, ես ինքս էի, որ նրա մօտ էի կանգնել եւ համաձայն էի լինում նրա սպանմանը. եւ նրան սպանողների զգեստներն էի պահում”: 21 Եւ նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետեւ ես քեզ պէտք է ուղարկեմ հեռաւոր հեթանոսների մօտ”»:
ՊՕՂՈՍԸ՝ ՀՌՈՄԷԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ
22 Մինչեւ այս խօսքը նրան ունկնդրում էին. ապա բարձրացրին իրենց ձայները եւ ասացին. «Երկրից վերացրո՛ւ այդպիսի մէկին, որովհետեւ այդպիսին չպէտք է ապրի»: 23 Եւ մինչ նրանք աղաղակում էին, զգեստները հանում գցում էին եւ փոշին օդի մէջ ցանում, 24 հազարապետը հրամայեց, որ նրան զօրանոց մտցնեն. եւ ասաց. «Ծեծելով հարցաքննեցէ՛ք նրան, որպէսզի իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նրա դէմ այդպէս աղաղակում»: 25 Երբ նրան թոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասաց հարիւրապետին, որ վերակացուն էր. «Հռոմէացի եւ չդատուած մարդուն օրինաւո՞ր է, որ դուք ծեծէք»: 26 Երբ հարիւրապետը այս լսեց, մօտեցաւ հազարապետին, զեկուցեց եւ ասաց. «Ի՞նչ ես ուզում անել, քանի որ այս մարդը հռոմէական քաղաքացի է»: 27 Հազարապետը մօտեցաւ եւ նրան ասաց. «Ասա՛ ինձ, դու հռոմէացի՞ ես»: Եւ նա ասաց՝ այո՛: 28 Հազարապետը ի պատասխան ասաց. «Ես ի գին մեծ գումարի եմ ստացել այդ քաղաքացիութիւնը»: Իսկ Պօղոսն ասաց. «Ես ծննդով իսկ քաղաքացի եմ»: 29 Եւ իսկոյն նրանից հեռացան նրանք, որ նրան պիտի ծեծէին: Ինքը հազարապետն էլ վախեցաւ, երբ իմացաւ, թէ հռոմէացի է, մանաւանդ որ նրան կապանքի տակ էլ էր առել:
ՊՕՂՈՍԸ ԱՏԵԱՆԻ ԱՌԱՋ
30 Յաջորդ առաւօտ հազարապետը ուզելով ճշմարիտն իմանալ, թէ հրեաների ամբաստանութիւնն ինչ է, կապերից արձակեց Պօղոսին եւ հրամայեց կանչել քահանայապետներին ու ամբողջ ատեանը եւ, Պօղոսին իջեցնելով, կանգնեցրեց նրանց մէջ:
23
1 Պօղոսը հայեացքն ուղղելով ատեանին՝ ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտութեամբ եմ կեանք վարել Աստծու առաջ մինչեւ այսօր»: 2 Անանիա քահանայապետը հրամայեց սպասաւորներին, որ խփեն նրա բերանին: 3 Այն ժամանակ Պօղոսը նրան ասաց. «Աստուած է քեզ խփելու, սպիտակեցրա՛ծ պատ. եւ դու նստում ես, որ օրէնքի համաձայն ինձ դատես, մինչդեռ հրամայում ես, որ օրէնքից դուրս ինձ հարուածեն»: 4 Շուրջը կանգնողներն ասացին. «Աստծու քահանայապետի՞ն ես հայհոյում»: 5 Եւ Պօղոսն ասաց. «Չգիտէի, եղբայրնե՛ր, որ քահանայապետ է, քանի որ գրուած է՝ քո ժողովրդի իշխանին չպիտի հայհոյես»: 6 Երբ Պօղոսն իմացաւ, որ ատեանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ միւսում՝ փարիսեցիները, աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ ու որդի փարիսեցու. այժմ ես դատւում եմ նաեւ մեռելների յարութեան յոյսի համար»: 7 Եւ երբ այս ասաց, փարիսեցիների եւ սադուկեցիների միջեւ ճեղքուածք առաջ եկաւ, եւ բազմութիւնը պառակտուեց, 8 որովհետեւ սադուկեցիներն ասում էին՝ յարութիւն չկայ. ո՛չ էլ հրեշտակ եւ ո՛չ Հոգի. իսկ փարիսեցիները ընդունում էին երկուսն էլ: 9 Եւ մեծ աղմուկ եղաւ. փարիսեցիների կողմից օրէնուսոյցներից ոմանք ոտքի ելան եւ հակառակում էին՝ ասելով. «Այս մարդու մէջ ոչ մի չարութիւն չենք գտնում, այլ թերեւս նրա հետ Հոգի կամ մի հրեշտակ խօսած լինի»: 10 Եւ երբ խռովութիւնը սաստկացաւ, հազարապետը, վախենալով, որ գուցէ նրանք Պօղոսին պատառ-պատառ կ՚անեն, զինուորներին հրամայեց իջնել եւ նրանց միջից նրան վերցնել ու տանել զօրանոց: 11 Յաջորդ օրուայ գիշերը Տէրը կանգնեց նրա մօտ ու ասաց. «Քաջալերուի՛ր, Պօղո՛ս, որովհետեւ, ինչպէս ինձ համար վկայեցիր Երուսաղէմում, նոյն ձեւով պէտք է, որ դու Հռոմում եւս վկայես»:
ՀՐԵԱՆԵՐԻ ԴԱՒԱԴՐՈՒԹԻՒՆԸ ՊՕՂՈՍԻ ԿԵԱՆՔԻ ԴԷՄ
12 Եւ երբ առաւօտ եղաւ, որոշ թուով հրեաներ ժողով անելով՝ նզովեցին իրենք իրենց, որ, մինչեւ Պօղոսին չսպանեն, ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն: 13 Եւ քառասունից աւելի էին նրանք, որոնք իրար հետ այս երդումն էին արել: 14 Սրանք մօտեցան քահանայապետներին եւ երէցներին ու ասացին. «Նզովելով նզովեցինք մեզ, որ բան չճաշակենք, մինչեւ Պօղոսին չսպանենք. 15 բայց դուք հազարապետին, ատեանի հետ միասին, իմա՛ց տուէք, որ նա ձեզ մօտ իջեցնի նրան, որպէս թէ նրա մասին ուզում էք աւելի ճշգրիտ բաներ իմանալ. իսկ մենք, նախքան նրա մօտենալը, պատրաստ ենք նրան սպանելու»: 16 Եւ Պօղոսի քրոջ որդին, լսելով այս դաւադրութիւնը, եկաւ զօրանոց ու Պօղոսին պատմեց: 17 Եւ Պօղոսը, իր մօտ կանչելով հարիւրապետներից մէկին, ասաց. «Այս պատանուն հազարապետի մօտ տա՛ր, որովհետեւ նրան հաղորդելու բան ունի»: 18 Եւ նա նրան առաւ եւ տարաւ հազարապետի մօտ ու ասաց. «Կալանաւորուած Պօղոսն ինձ կանչեց եւ խնդրեց այս պատանուն քեզ մօտ բերել. քեզ ասելու բան ունի»: 19 Հազարապետը նրա ձեռքից բռնելով՝ մի կողմ գնաց եւ հարցրեց. «Ինձ հաղորդելու ի՞նչ ունես»: 20 Նա ասաց. «Հրեաները միաբանուեցին խնդրելու քեզ, որ վաղը Պօղոսին ատեան իջեցնես, իբր թէ ուզում են նրա վերաբերեալ աւելի ճշգրիտ հարցաքննութիւն անել: 21 Արդ, դու նրանց չլսես, քանի որ նրանցից աւելի քան քառասուն մարդ դարան են մտել եւ նզովել են իրենք իրենց, որ ո՛չ ուտեն եւ ո՛չ էլ խմեն, մինչեւ որ նրան չսպանեն: Այժմ պատրաստ են եւ քո հրամանին են սպասում»: 22 Ապա հազարապետը արձակեց պատանուն՝ նրան պատուիրելով. «Ոչ ոքի մի՛ ասա, թէ այս բաներն ինձ տեղեկացրիր»:
ՊՕՂՈՍԸ ՏԱՐՒՈՒՄ Է ԿԵՍԱՐԻԱ
23 Եւ հարիւրապետներից երկուսին կանչեց ու ասաց. «Պատրաստեցէ՛ք երկու հարիւր զինուորներ, գիշերուայ ժամը երեքից, որպէսզի գնան մինչեւ Կեսարիա. նաեւ՝ եօթանասուն հեծեալներ եւ երկու հարիւր նիզակաւորներ, 24 ինչպէս եւ պատրաստի գրաստներ, որ Պօղոսին իջեցնեն եւ ապահով հասցնեն Ֆելիքս կուսակալի մօտ»: 25 Եւ գրեց մի նամակ, որի բովանդակութիւնը հետեւեալն է. 26 «Կլօդիոս Լիւսիաս՝ գերազանց Ֆելիքս կուսակալին ողջո՜յն. 27 այս մարդուն հրեաները բռնել էին, եւ նրանց կողմից սպանուելու մօտ էր նա. իմանալով, որ հռոմէացի է, ես զինուորներով վրայ հասայ եւ նրան ազատեցի: 28 Կամենալով գիտենալ այն յանցանքը, որի համար նրան ամբաստանում էին, նրան իջեցրի նրանց ատեանը: 29 Գտայ, որ նա իրենց օրէնքին վերաբերող մի խնդրի համար էր ամբաստանուած ու մահուան կամ կալանքի արժանի որեւէ յանցանք չունէր: 30 Երբ այս մարդու հանդէպ նրանց կողմից նիւթուած դաւն ինձ տեղեկացուեց, նրան ուղարկեցի քեզ մօտ եւ հրամայեցի, որ ամբաստանողներն էլ խօսեն նրա մասին քո առաջ. ո՛ղջ եղիր»:
31 Եւ հետեւակ զինուորները, հրամանի համաձայն, Պօղոսին առնելով՝ գիշերով տարան Անտիպատրիս: 32 Եւ յաջորդ օրը, թողնելով հեծեալներին, որ նրա հետ գնան, զօրանոց վերադարձան: 33 Նրանք մտան Կեսարիա եւ նամակը կուսակալին տալով՝ Պօղոսին էլ կանգնեցրին նրա առաջ: 34 Նա երբ կարդաց, հարցրեց, թէ ո՛ր նահանգից է. եւ ստուգելով, որ Կիլիկիայից է, ասաց. 35 «Քեզ կը լսեմ, երբ քեզ ամբաստանողներն էլ գան»: Եւ հրամայեց պահել նրան Հերովդէսի ապարանքում:
24
ԴԱՏ ՊՕՂՈՍԻ ԴԷՄ
1 Եւ հինգ օր յետոյ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի եւ Տերտիւղոս անունով մի ճարտասան մարդու հետ իջաւ եկաւ: Սրանք Պօղոսի մասին կուսակալին ներկայացրին իրենց ամբաստանութիւնը: 2 Եւ երբ նրան կանչեցին, Տերտիւղոսն սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը բազում խաղաղութիւն է գտել քո շնորհիւ եւ գործերի կարգաւորութիւն՝ քո խնամքի պատճառով: 3 Ամէն բանի համար եւ ամենուրեք քեզնից շնորհակալ ենք, ո՛վ գերազանցդ Ֆելիքս, եւ մեծապես գոհ: 4 Բայց որպէսզի աւելորդ յոգնութիւն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտութեամբ մեզ կարճիկարճոյ լսես: 5 Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնուող բոլոր հրեաների ապականողն ու խռովեցնողն է եւ նազովրեցիների հերձուածի առաջնորդը: 6 Սա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք եւ ըստ մեր օրէնքի ուզեցինք դատել: 7 Եկաւ Լիւսիաս հազարապետը ու մեծ բռնութեամբ մեր ձեռքից յափշտակեց 8 եւ հրամայեց, որ նրան ամբաստանողներն էլ քեզ մօտ գան: Նրան դու ինքդ կրկին դատելով կը կարողանաս վերահասու լինել այն ամենին, ինչի համար մենք նրան ամբաստանում ենք»: 9 Հրեաներն էլ համաձայն գտնուեցին ու ասացին՝ այդպէս է:
ՊՕՂՈՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՏԵԱՆԻ ԱՌԱՋ
10 Երբ կուսակալը նրան գլխով արեց, որ խօսի, Պօղոսը պատասխանեց. «Գիտեմ, որ շատ տարիներից ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին յօժարութեամբ պատասխան եմ տալիս. 11 ինչպէս որ կարող ես գիտենալ, տասներկու օրից աւելի չէ, ինչ ես Երուսաղէմ եմ բարձրացել երկրպագութիւն անելու համար: 12 Ինձ ո՛չ տաճարում են որեւէ մէկի հետ գտել խօսելիս եւ կամ շուրջս բազմութիւն հաւաքելիս, ո՛չ ժողովարաններում եւ ո՛չ էլ քաղաքում. 13 ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձ ամբաստանում են: 14 Բայց այս խոստովանում եմ քեզ, թէ համաձայն այն ճանապարհի, որը ասում են՝ հերձուած է, այնպէ՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հաւատալով այն ամենին, որ գրուած է Օրէնքում եւ մարգարէների մէջ: 15 Յոյս ունեմ առ Աստուած, որ, ինչպէս դրանք էլ են ակնկալում, յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների: 16 Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծու եւ մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ: 17 Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, 18 որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի: 19 Այդ ասիացի հրեաներից ոմանք իրե՛նք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ մի բան ունենային. 20 եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ի՛նչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, 21 բացի միայն գուցէ իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. “Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ”»:
ՊՕՂՈՍԸ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
22 Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կը յետաձգեմ»: 23 Եւ հարիւրապետին հրամայեց նրան պահել, բայց որոշ չափով ազատ. եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն:
24 Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին: 25 Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը, զարհուրած, ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կը կանչեմ»: 26 Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կը տրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ: 27 Երկու տարին լրանալուց յետոյ Ֆելիքսի փոխարէն Փեստոս Պորկիոսը եկաւ: Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին կալանքի տակ թողեց:
25
ՊՕՂՈՍԻ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՅՍՐԻՆ
1 Երբ Փեստոսը իշխանութեան գլուխ անցաւ, երեք օր յետոյ Կեսարիայից Երուսաղէմ բարձրացաւ: 2 Քահանայապետներն ու հրեաների գլխաւորները նրան զեկոյց տուին Պօղոսի մասին եւ, 3 նրանից շնորհ խնդրելով, աղաչում էին, որ նրան Երուսաղէմ կանչի, մինչ իրենք ծուղակ էին պատրաստել՝ ճանապարհին նրան սպանելու համար: 4 Իսկ Փեստոսը պատասխանեց, թէ նա Կեսարիայում կը պահուի, եւ թէ ինքն էլ շուտով այնտեղ է գնալու. ապա ասաց. 5 «Ձեզնից ովքեր կը կարողանան, ինձ հետ թող իջնեն, եւ եթէ այդ մարդու վրայ որեւէ յանցանք կայ, նրան թող ամբաստանեն»: 6 Եւ ոչ աւելի քան ութ կամ տասը օր այդտեղ մնալուց յետոյ եկաւ իջաւ Կեսարիա. եւ յաջորդ օրը, ատեան նստելով, հրամայեց, որ Պօղոսին բերեն: 7 Երբ նա եկաւ, նրա շուրջը բոլորուեցին Երուսաղէմից իջած հրեաները. եւ նրա վրայ բարդում էին բազում եւ ծանր յանցանքներ, որ չէին կարողանում ապացուցել, 8 քանի որ Պօղոսը պատասխանում էր. «Ոչնչով յանցաւոր չեմ ո՛չ հրեաների օրէնքի, ո՛չ տաճարի, ո՛չ էլ կայսեր դէմ»: 9 Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պօղոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղէմ բարձրանալ եւ այդ խնդիրների համար այդտեղ դատուել իմ առաջ»: 10 Պօղոսն ասաց. «Կանգնած եմ կայսեր ատեանի առաջ, ուր եւ պէտք է դատուեմ: Հրեաներին ոչ մի անիրաւութիւն չեմ արել, ինչպէս ինքդ էլ քաջ գիտես. 11 ուրեմն եթէ յանցաւոր եմ եւ մահուան արժանի գործ եմ արել, մեռնելուց չեմ վախենայ: Իսկ եթէ ոչինչ չկայ այն մեղադրանքների մէջ, որոնցով սրանք ինձ ամբաստանում են, ոչ ոք չի կարող ինձ որպէս շնորհ յանձնել դրանց: 12 Կայսրի՛ն եմ բողոքում»: Այն ժամանակ Փեստոսը իր խորհրդականների հետ խօսելուց յետոյ պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսեր մօտ պիտի գնաս»:
ՊՕՂՈՍԸ ԱԳՐԻՊՊԱՍ ԱՐՔԱՅԻ ԱՌԱՋ
13 Մի քանի օր անցնելուց յետոյ Ագրիպպաս արքան եւ Բերենիկէն Կեսարիա եկան՝ Փեստոսին ողջունելու: 14 Եւ երբ այնտեղ շատ օրեր էին անցկացրել, Փեստոսը արքային տեղեկացրեց Պօղոսի մասին ու ասաց. «Այստեղ Ֆելիքսի կողմից կալանքի տակ առնուած մի մարդ կայ մնացած, 15 որի մասին, երբ Երուսաղէմ գնացի, քահանայապետները եւ հրեաների գլխաւորներն ինձ տեղեկացրին: Ինձնից խնդրում էին, որ նրան մահուան վճիռ տամ: 16 Նրանց պատասխանեցի. “Հռոմէացիների սովորութիւնը չէ որեւէ մէկին որպէս շնորհ յանձնել ուրիշ մէկի, մինչեւ որ ամբաստանեալը իր դիմացը չունենայ մեղադրողներին եւ ամբաստանութեան դէմ պատասխան տալու պատեհութիւնը չստանայ”: 17 Եւ երբ այստեղ եկան, ոչնչով չուշացրի, այլ յաջորդ օրն իսկ ատեան նստելով՝ հրամայեցի, որ մարդուն բերեն: 18 Նրա դէմ ներկայացող ամբաստանողները մէջտեղ չէին բերում չարագործութեան ոչ մի յանցանք, որոնց մասին ես կասկած ունէի. 19 այլ ինչ-ինչ խնդիրներ ունէին նրա հետ իրենց պաշտամունքին վերաբերող, ինչպէս նաեւ մի ոմն մեռած Յիսուսի վերաբերեալ, որի մասին Պօղոսն ասում էր, թէ կենդանի է: 20 Երբ այսպիսի խնդիրների քննութեան համար տարակուսանքի մէջ ընկայ, նրան ասացի, թէ կը կամենա՞ր Երուսաղէմ գնալ եւ այդ խնդիրների համար այնտեղ դատուել: 21 Բայց երբ Պօղոսը բողոքեց, որ ինքը պէտք է պահուի Նորին Գերազանցութեան վճռին ներկայանալու համար, հրամայեցի պահել նրան, մինչեւ որ կայսեր մօտ ուղարկեմ»: 22 Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Ես էլ կը կամենայի այդ մարդուն լսել»: Փեստոսն ասաց. «Վաղը կը լսես»:
23 Եւ յաջորդ օրը, երբ Ագրիպպասը եւ Բերենիկէն փառաւոր հանդէսով եկան եւ հազարապետների ու քաղաքի պատուաւոր մարդկանց հետ ատեան մտան, Փեստոսը հրամայեց, որ Պօղոսին բերեն: 24 Փեստոսն ասաց. «Ագրիպպա՛ս արքայ եւ բոլոր մարդիկդ, որ մեզ հետ էք, սրան տեսնում էք. հրեաների ամբողջ ժողովուրդը թէ՛ Երուսաղէմում եւ թէ՛ այստեղ սրա մասին ամբաստանութիւն էին անում ինձ մօտ եւ աղաղակում, թէ՝ չպէտք է կենդանի մնայ: 25 Բայց ես վերահասու եղայ, թէ դա մահուան արժանի ոչինչ չի արել. ինքն էլ բողոքած լինելով մարդկանցից Գերազանցին՝ խորհեցի, որ ուղարկեմ նրան: 26 Դրա մասին իմ տիրոջը՝ կայսրին ստոյգ բան չունեմ գրելու. այդ պատճառով նրան ձեր առաջ բերեցի եւ, մանաւանդ, քո՛ առաջ, Ագրիպպա՛ս արքայ, որպէսզի վերստին քննութիւն կատարելով՝ կարողանամ մի բան գրել, 27 քանի որ ինձ անպատեհ բան է թւում ուղարկել մի բանտարկեալի եւ նրա մասին որեւէ յանցանք չնշել»:
26
ՊՕՂՈՍԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆԸ ԱԳՐԻՊՊԱՍԻ ԱՌԱՋ
1 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քեզ թոյլատրուած է, որ քո մասին խօսես»: Այն ժամանակ Պօղոսը, ձեռքը երկարելով, պատասխանեց. 2 «Հրեաների՝ իմ մասին արած բոլոր ամբաստանութիւնների համար, Ագրիպպա՛ս արքայ, ինձ երանելի եմ համարում, քանի որ այսօր քո առաջ եմ պատասխան տալու, 3 մանաւանդ նրա համար, որ գիտակ էլ ես հրեաների բոլոր կրօնական սովորութիւններին եւ խնդիրներին. այդ պատճառով աղաչում եմ, որ համբերութեամբ ինձ լսես: 4 Բոլոր հրեաները տեղեակ են իմ կեանքին իմ մանկութիւնից ի վեր, որը հէնց սկզբից անցել է Երուսաղէմում իմ ազգի մէջ: 5 Նրանք վաղուց գիտեն, եթէ կամենան վկայել, որ ես որպէս փարիսեցի ապրել եմ մեր կրօնական խստագոյն օրէնքների համաձայն: 6 Եւ այժմ դատւում եմ, կանգնած ատեանի առաջ, Աստծուց մեր հայրերին տրուած խոստումի յոյսի համար: 7 Ջերմեռանդութեամբ գիշեր ու ցերեկ պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը յուսացել են դրան հասնել: Այդ յոյսի՛ համար, ո՛վ արքայ, ես էլ ամբաստանւում եմ հրեաների կողմից: 8 Ձեզ ինչո՞ւ է անհաւատալի թւում, որ Աստուած մեռելներին յարութիւն կը տայ: 9 Ես ինքս էլ պատշաճ էի համարում շատ բան Նազովրեցի Յիսուսի անուանը հակառակ գործել, 10 ինչ որ արեցի իսկ Երուսաղէմում. քահանայապետներից իշխանութիւն ստանալով՝ սրբերից շատերին ես բանտարկում էի եւ նրանցից սպանուելու ենթակայ եղողների համար հաւանութիւն էի տալիս: 11 Եւ բոլոր ժողովարաններում շատ անգամ նրանց պատժելով՝ բռնադատում էի, որ հայհոյեն: Առաւել եւս մոլեգնելով նրանց դէմ՝ հալածում էի նրանց մինչեւ օտար քաղաքներ»:
ՊՕՂՈՍԸ ՊԱՏՄՈՒՄ Է ԻՐ ԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ
(Գործք՝. 1-11, 22.6-16)
12 «Ըստ այսմ, երբ քահանայապետների իշխանութեամբ եւ հրամանով Դամասկոս էի գնում, 13 կէսօրին, ճանապարհին, ո՛վ արքայ, տեսայ, որ երկնքից արեգակի լուսաւորութիւնից առաւել ուժեղ մի լոյս փայլատակեց իմ շուրջը եւ նրանց շուրջը, որ ինձ հետ էին գնում: 14 Եւ երբ մենք բոլորս գետին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայերէն լեզուով. “Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար խիստ դժուար է խթանի դէմ աքացել”: 15 Եւ ես ասացի. “Ո՞վ ես, Տէ՛ր”: Տէրն ասաց. “Ես Յիսուսն եմ, որին դու հալածում ես. 16 վե՛ր կաց ու կանգնի՛ր ոտքերիդ վրայ. ես քեզ երեւացի նրա համար, որ քեզ նշանակեմ պաշտօնեայ եւ վկայ այն բոլորի համար, որոնց մէջ ինձ տեսար եւ այն բաների համար, որոնցով պիտի երեւամ քեզ. 17 ես քեզ կը փրկեմ ժողովրդիցդ եւ հեթանոսներից, որոնց մէջ քեզ կ՚ուղարկեմ, 18 որպէսզի բանաս նրանց աչքերը, նրանց դարձնես խաւարից դէպի լոյս եւ սատանայի իշխանութիւնից՝ դէպի Աստուած, որպէսզի նրանք մեղքերի թողութիւն ստանան եւ սրբերի հետ ժառանգութեան բաժին՝ իմ հանդէպ ունեցած հաւատով”: 19 Ուստի, ո՛վ Ագրիպպաս արքայ, ես երկնային տեսիլքին անհնազանդ չգտնուեցի, 20 այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղէմում եւ Հրէաստանի բոլոր գաւառներում, ապա նաեւ հեթանոսներին քարոզեցի, որ զղջան եւ դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարութեան արժանի գործեր անեն: 21 Դրա համար հրեաները, տաճարում ինձ բռնելով, փորձեցին սպանել: 22 Սակայն Աստծուց օգնութիւն հասաւ, եւ ես մինչեւ այսօր ողջ մնացի՝ վկայելով փոքրին եւ մեծին, ոչինչ չասելով այն բաներից դուրս, ինչ մարգարէներն ու Մովսէսն են խօսել լինելիք դէպքերի մասին. 23 թէ՝ Քրիստոս չարչարուելու է. թէ՝ մեռելներից առաջին յարութիւն առնողը լոյս է աւետարանելու ժողովրդին եւ հեթանոսներին»:
ԿՈՉ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՒԱՏԻ
24 Երբ նա այս պատասխանը տուեց, Փեստոսը բարձր ձայնով ասաց. «Ցնորւում ես, Պօղո՛ս, քո մեծ հմտութիւնը քեզ խելացնորութեան է տանում»: 25 Իսկ Պօղոսն ասաց. «Չեմ ցնորւում, ո՛վ Գերազանցդ Փեստոս, այլ զգաստութեան եւ ճշմարտութեան խօսքեր եմ արտասանում. 26 արքան այս բաներին գիտակ իսկ է, դրա համար համարձակ եմ խօսում, քանի որ յանձն չեմ առնում այս բոլորից որեւէ բան քեզնից ծածկել, որովհետեւ մի որեւէ խուլ անկիւնում չէ, որ այս բանը գործուած է: 27 Ագրիպպա՛ս արքայ, մարգարէներին հաւատո՞ւմ ես. գիտեմ, որ հաւատում ես»: 28 Եւ Ագրիպպասը Պօղոսին ասաց. «Քիչ է մնում՝ ինձ էլ համոզես, որ քրիստոնեայ դառնամ»(1054): 29 Եւ Պօղոսն ասաց. «Կը խնդրէի Աստծուն, որ, վաղ թէ ուշ, ոչ միայն դու, այլ բոլոր նրանք, որ այսօր ինձ լսում են, լինեն այնպիսին, ինչպիսին ես ինքս եմ, բացի այս կապանքներից»:
30 Արքան ոտքի ելաւ, ինչպէս եւ կուսակալը, Բերենիկէն եւ բոլոր նրանք, որ նրանց հետ նստել էին: 31 Եւ մինչ գնում էին, իրար հետ խօսում էին ու ասում. «Մահուան կամ կապանքների արժանի ոչինչ չի անում այս մարդը»: 32 Իսկ Ագրիպպասը Փեստոսին ասաց. «Կարելի էր ազատ արձակել այս մարդուն, եթէ կայսրին բողոքած չլինէր»:
27
ՊՕՂՈՍԻ ՆԱՒԱՐԿՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ ՀՌՈՄ
1 Երբ մեզ հրամայուեց նաւարկել դէպի Իտալիա, Պօղոսին եւ մի քանի այլ կալանաւորների յանձնեցին Սեբաստեան գնդից(1055) մի հարիւրապետի, որի անունը Յուլիոս էր. 2 եւ բարձրանալով ադրամինտական մի նաւ, որ Ասիայի կողմերն էր գնալու, ճանապարհ ընկանք: Մեզ հետ էր նաեւ Մակեդոնիայից թեսաղոնիկեցի Արիստարքոսը: 3 Յաջորդ օրը իջանք Սիդոն: Եւ Յուլիոսը, Պօղոսի հանդէպ մարդասիրութիւն ցուցաբերելով, նրան հրաման տուեց գնալ բարեկամների մօտ խնամք ստանալու: 4 Այնտեղից դուրս գալով, քանի որ քամին հակառակ կողմից էր, նաւարկեցինք Կիպրոսի մօտով աւելի ցած: 5 Ապա Կիլիկիայի եւ Պամփիւլիայի մէջտեղում, բաց ծովի միջով նաւարկելուց յետոյ իջանք Լիկիայի Միւռա քաղաքը: 6 Եւ այնտեղ հարիւրապետը գտնելով ալեքսանդրեան մի նաւ, որ Իտալիա էր գնում, մեզ այնտեղ մտցրեց: 7 Եւ բազում օրեր դանդաղ նաւարկելուց յետոյ դժուարութեամբ հասանք մինչեւ Կնիդիայի մօտերքը. եւ երբ քամին թոյլ չտուեց մեզ, նաւարկեցինք Կրետէի եզերքով ներքեւ, մինչեւ Սաղմոնիայի մօտերքը: 8 Նրա եզերքով դժուարութեամբ անցնելուց յետոյ, հասանք մի տեղ, որ կոչւում էր Գեղեցիկ նաւահանգիստ, եւ որին կից էր Ղասէա քաղաքը:
ՓՈԹՈՐԻԿԸ ԵՒ ՆԱՒԱԲԵԿՈՒԹԻՒՆԸ
9 Եւ քանի որ շատ ժամանակ էր անցել, եւ նաւարկելն էլ վտանգաւոր կը լինէր, մինչեւ իսկ ծոմապահութեան օրերն էլ արդէն անցել էին, Պօղոսը նրանց խրատ տուեց եւ ասաց. 10 «Մարդի՛կ, տեսնում եմ, որ այս նաւարկութիւնը չարիքով եւ բազում վնասով է լինելու ոչ միայն բեռների եւ նաւի համար, այլեւ մեր անձերի»: 11 Բայց հարիւրապետը նաւապետին եւ նաւատիրոջն աւելի էր լսում, քան Պօղոսի խօսքերը: 12 Երբ նաւահանգիստը ձմեռելու համար անյարմար թուաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպէսզի մի գուցէ կարողանան հասնել Փիւնիկէ քաղաքը եւ ձմեռել Կրետէի այդ նաւահանգստում, որը նայում էր դէպի հարաւակողմը եւ ցամաքամասը: 13 Եւ երբ հարաւի մեղմ քամին փչեց, կարծեցին, թէ կը հասնեն այնտեղ, ուր դիմում էին: Եւ(1056) նաւարկելով՝ Կրետէի եզերքի մօտով անցան: 14 Ոչ շատ ժամեր յետոյ նաւի շուրջը բարձրացաւ մի կատաղի քամի, որ կոչւում է Եւրացիկլոն(1057): 15 Երբ նաւը քշուեց եւ քամու դէմ չկարողացաւ պայքարել, տեղի տուեցինք եւ գնում-գալիս էինք: 16 Եւ դիմելով դէպի մի կղզի, որը Կլօդա էր կոչւում, դժուարութեամբ կարողացանք բռնել մակոյկը, որը նաւի վրայ քաշեցինք. 17 ապա օգնութեան միջոցներ օգտագործելով՝ նաւը ներքեւից կապեցին. վախենալով, որ գուցէ յորձանուտի մէջ ընկնեն, առագաստը իջեցրին. եւ այնպէս գնում-գալիս էին: 18 Եւ քանի որ մենք ամենասաստիկ տագնապի մէջ էինք, յաջորդ առաւօտ բեռները ծովը թափեցին: 19 Իսկ երրորդ օրը իրենք իրենց ձեռքերով նաւի գործիքները ծովը նետեցին: 20 Երբ բազում օրեր ո՛չ արեւ եւ ո՛չ էլ աստղեր էին երեւում, ու փոթորիկն էլ նոյն սաստկութեամբ շարունակւում էր, մեր փրկութեան ամէն յոյս վերացել էր: 21 Եւ որովհետեւ շատ օրեր քաղցած էին, Պօղոսը, կանգնելով նրանց մէջ, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինձ պէտք է անսայիք ու Կրետէից չելնէիք եւ այս չարիքն ու վնասը չքաշէիք: 22 Արդ, ձեզ խրատում եմ, որ քաջալերուէք, որովհետեւ, բացի նաւից, ձեզնից եւ ոչ մէկի կեանքին վնաս չպիտի հասնի. 23 որովհետեւ այս գիշեր Աստծու հրեշտակը, որին պատկանում եմ ես ու ծառայում, երեւաց ինձ ու ասաց. 24 “Մի՛ վախեցիր, Պօղո՛ս, դու կայսեր առաջ էլ պէտք է ներկայանաս. եւ ահա բոլոր նրանց, որ այդ նաւի մէջ քեզ հետ են, Աստուած քեզ է շնորհել”: 25 Դրա համար էլ քաջալերուեցէ՛ք, մարդի՛կ, որովհետեւ հաւատ ունեմ Աստծու վրայ, թէ կը լինի այնպէս, ինչպէս որ ինձ ասուեց: 26 Միայն թէ՝ մենք պէտք է մի կղզի ընկնենք»:
27 Երբ տասնչորսերորդ գիշերը եղաւ, եւ մենք Ադրիականի անդունդների վրայ դեռ օրօրւում էինք, գիշերուայ կէսին նաւավարները կարծեցին, թէ ցամաք են հասել: 28 Ջրի խորութիւնը չափող գունդը ցած գցելով՝ երեսունեօթը մետր խորութիւն գտան. որոշ տարածութիւն կտրելուց յետոյ նորից գցեցին եւ քսանութ մետր գտան: 29 Վախենալով, թէ մի գուցէ խութերով տեղ կ՚ընկնեն, յետեւի կողմից չորս խարիսխներ ցած գցեցին. անձկութեամբ տենչում էին, որ այգը բացուի: 30 Բայց նաւավարները ուզում էին նաւից փախչել. ուստի մակոյկը ծով իջեցրին այն պատճառաբանութեամբ, որ իբր թէ առջեւի կողմից էլ են խարիսխներ գցելու: 31 Պօղոսը հարիւրապետին եւ զինուորներին ասաց. «Եթէ դրանք նաւի մէջ չմնան, դուք ազատուել չէք կարող»: 32 Այն ժամանակ զինուորները մակոյկի պարանները կտրեցին ու դէն գցեցին: 33 Եւ երբ այգը բացուելու մօտ էր, Պօղոսը բոլորին խնդրեց, որ կերակուր ուտեն՝ ասելով. «Այս տասնչորսերորդ օրն է, որ դուք քաղցած՝ սպասումով էք անցկացնում եւ դեռ ոչինչ չէք կերել: 34 Դրա համար աղաչում եմ ձեզ, որ կերակուր ուտէք, քանի որ դա հէնց ձեր փրկութեան համար է. որովհետեւ ձեզնից ոչ ոքի գլխից մազ իսկ չի կորչելու»: 35 Եւ երբ այս ասաց, հաց վերցրեց, բոլորի առաջ Աստծուն գոհութիւն տուեց, կտրեց եւ սկսեց ուտել: 36 Ամէնքը քաջալերուեցին. եւ իրենք էլ կերակուր կերան: 37 Նաւի մէջ բոլորս երկու հարիւր եօթանասունվեց հոգի էինք: 38 Երբ կերակրով յագեցան, ցորենը ծովը թափելով՝ նաւը թեթեւացրին:
39 Եւ երբ այգը բացուեց, երկիրը չէին ճանաչում, բայց նշմարում էին մի ծովախորշ, որ ծովափ կարող էր լինել. եւ խորհում էին, թէ հնար լինէր նաւը այնտեղ հասցնել եւ փրկել(1058): 40 Ուստի խարիսխները յատակից կտրելով՝ ծովի մէջ բաց թողեցին, ղեկերի կապերը թուլացրին, առագաստը բացեցին ու քամուն տուեցին՝ դէպի ծովի ափի կողմը: 41 Ընկնելով երկու ծովերի միջեւ գտնուող մի ծանծաղուտ՝ նաւը ծռեցին. եւ նաւի առաջակողմը յատակին խրուելով, անշարժ մնաց, իսկ յետեւի կողմը ալիքների սաստկութիւնից ջարդուփշուր էր լինում: 42 Այն ժամանակ զինուորները խորհուրդ արեցին, որ կալանաւորներին սպանեն, որպէսզի ոչ ոք չլողայ ու փախչի: 43 Սակայն հարիւրապետը նրանց խորհրդին արգելք եղաւ, որովհետեւ ուզում էր Պօղոսին ազատել. ուստի հրամայեց, որ, ովքեր կարող են լողալ, նախ նրանք ջուրը նետուեն, 44 իսկ միւսները՝ ոմանք տախտակների վրայ, ոմանք էլ նաւի այլ բեկորների վրայ ցամաք ելնեն: Եւ այսպէս ամէնքը, փրկուելով, ցամաք ելան:
28
ՊՕՂՈՍԸ ՄԵԼԻՏԻՆԷՈՒՄ (ՄԱԼԹԱ ԿՂԶՈՒՄ)
1 Երբ արդէն փրկուած էինք, այն ժամանակ իմացանք, թէ այն կղզու անունը Մելիտինէ էր: Եւ բարբարոս բնակիչները(1059) մեր հանդէպ չափից աւելի մարդասիրութիւն ցոյց տուին. 2 խարոյկ վառեցին եւ մեզ բոլորիս ընդունեցին՝ տեղացող անձրեւի եւ ցրտի պատճառով: 3 Եւ երբ Պօղոսը բաւականին շատ չոր ճիւղեր հաւաքեց եւ խարոյկի վրայ դրեց, մի իժ կրակի տաքութեան պատճառով դուրս գալով՝ կախուեց նրա ձեռքից: 4 Եւ երբ բարբարոսները գազանին նրա ձեռքից կախուած տեսան, միմեանց ասացին. «Ուրեմն մարդասպան է այս մարդը, որը թէպէտ ծովից փրկուեց, բայց Արդարութիւնը նրան թոյլ չտուեց, որ ապրի»: 5 Ապա Պօղոսը գազանին կրակի մէջ թափ տուեց, եւ իրեն ոչ մի վատ բան չպատահեց. 6 իսկ նրանք սպասում էին, որ նա կ՚ուռչի կամ կ՚ընկնի ու յանկարծակի կը մեռնի: Շատ սպասելուց յետոյ, երբ տեսան, որ նրան որեւէ վնաս չհասաւ, նորից խօսքը դարձրին եւ ասում էին. «Սա մի աստուած է»: 7 Այդ տեղի շրջակայքում գտնւում էին ագարակները Պոպլիոս անունով մի մարդու, որ կղզու գլխաւորն էր. սա երեք օրով մեզ իր մօտ ընդունեց եւ սիրով հիւրընկալեց: 8 Եւ պատահեց, որ Պոպլիոսի հայրը, ջերմով եւ փորլուծութեամբ հիւանդացած, անկողին ընկնի: Պօղոսը նրա մօտ մտաւ եւ աղօթելով ձեռքը նրա վրայ դրեց ու նրան բժշկեց: 9 Եւ երբ այս պատահեց, ուրիշ հիւանդներ էլ, որ կղզում կային, գալիս էին ու բժշկւում: 10 Սրանք մեծ պատիւներով պատուեցին մեզ, եւ երբ գնում էինք, ինչ որ պէտք էր, տուեցին:
ՄԵԼԻՏԻՆԷԻՑ ՀՌՈՄ
11 Եւ երեք ամիս յետոյ բարձրացանք դիոսկուրեանների(1060) նշանը կրող ալեքսանդրեան մի նաւ, որը ձմեռել էր կղզում: 12 Եւ Սիրակուսա իջնելով՝ երեք օր մնացինք: 13 Այնտեղից գնալով՝ հասանք Ռեգիոն. եւ երբ մի օր յետոյ հարաւի քամին փչեց, երկու օրում եկանք Պատիողոս, 14 ուր եւ գտանք եղբայրների, որոնք աղաչեցին, որ եօթը օր մնանք իրենց մօտ: Եւ ապա ելանք Հռոմ: 15 Եւ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչեւ Ապփիոսի հրապարակը եւ Երեք կրպակները: Պօղոսը նրանց տեսնելով՝ գոհութիւն տուեց Աստծուն ու քաջալերուեց:
ՊՕՂՈՍԻ ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆԸ ՀՌՈՄՈՒՄ
16 Եւ երբ Հռոմ մտանք, հրաման տրուեց Պօղոսին, որ առանձին բնակուի իր պահապան զինուորի հետ միասին: 17 Եւ երեք օր յետոյ նա հրաւիրեց հրեաների գլխաւորներին. եւ երբ սրանք եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ես ժողովրդին կամ հայրենի սովորութեանը հակառակ ոչինչ գործած չլինելով հանդերձ՝ որպէս Երուսաղէմից մի կալանաւոր, մատնուեցի հռոմէացիների ձեռքը, 18 որոնք, երբ ինձ դատեցին, ուզեցին ազատ արձակել, որովհետեւ իմ մէջ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտան: 19 Բայց երբ հրեաները հակառակ խօսեցին, հարկ եղաւ կայսրին բողոքել. բայց ոչ նրա համար, որ իմ ազգի դէմ չարախօսելու բան ունէի: 20 Այս պատճառով է, որ խնդրեցի ձեզ՝ տեսնելու եւ խօսելու համար, քանի որ Իսրայէլի յոյսի համար է, որ այս շղթաների մէջ եմ գտնւում»: 21 Եւ նրանք ասացին նրան. «Մենք քո մասին Հրէաստանից ոչ մի նամակ չենք ստացել. մեր եղբայրներից էլ ոչ ոք չի եկել ու վատ բան չի պատմել կամ խօսել քո մասին: 22 Բայց խնդրում ենք քեզնից լսել, թէ ի՛նչ ես խորհում, քանի որ այդ հերձուածի մասին մեզ արդէն յայտնի է, որ ամենուրեք նրա դէմ հակառակութիւն կայ»:
ՊՕՂՈՍԻ ԿՈՉԸ ՀՌՈՄՈՒՄ՝ ՀՐԵԱՆԵՐԻՆ
23 Որոշակի օրուայ համար Պօղոսի հետ ժամադրուելուց յետոյ, նրա մօտ՝ նրա բնակարանը եկան բազում մարդիկ, որոնց նա առաւօտից մինչեւ երեկոյ բացատրում էր Աստծու արքայութիւնը եւ նրանց համոզում էր Յիսուսի մասին՝ վկայութիւն բերելով Մովսէսի օրէնքից եւ մարգարէներից: 24 Ոմանք համոզւում էին նրա խօսքերին. ուրիշներ էլ չէին հաւատում: 25 Եւ իրար մէջ անհամաձայն լինելով՝ թողնում գնում էին, երբ Պօղոսն ասաց այս մի խօսքն էլ. «Սուրբ Հոգին Եսայի մարգարէի բերանով լաւ խօսեց մեր(1061) հայրերին՝ 26 ասելով.
“Գնա՛ ժողովրդի մօտ ու ասա՛՝
լսելով պիտի լսէք ու չպիտի իմանաք,
եւ տեսնելով պիտի տեսնէք ու չպիտի տեսնէք.
27 որովհետեւ այդ ժողովրդի սիրտը կարծրացել է,
եւ իրենց ականջներով ծանր են լսում
ու իրենց աչքերը փակել են,
որպէսզի երբեք աչքերով չտեսնեն
ու ականջներով չլսեն
եւ հոգով չիմանան եւ դարձի չգան,
ու ես էլ դրանց չբժշկեմ”:
28 Եւ արդ, թող ձեզ յայտնի լինի, որ Աստծու այս փրկութիւնը ուղարկուեց հեթանոսներին, եւ նրանք կը լսեն»: 29 Եւ երբ այս ասաց, նրա մօտից դուրս գնացին հրեաները, որոնք իրենք իրենց մէջ էլ շատ վէճեր ունէին:
ԱՍՏԾՈՒ ԱՐՔԱՅՈՒԹԵԱՆ ՔԱՐՈԶՈՒԹԻՒՆԸ
30 Եւ ամբողջ երկու տարի Պօղոսն ապրեց իր ծախսով: 31 Եւ ընդունում էր բոլոր նրանց, որ գալիս էին իր մօտ: 32 Քարոզում էր Աստծու արքայութիւնը եւ ամենայն համարձակութեամբ անարգել ուսուցանում էր Տէր Յիսուս Քրիստոսի մասին:
[1012] Շաբաթ օրուայ ճանապարհ, այսինքն՝ մօտ մէկ կիլոմետր ճանապարհ:
[1013] Յունարէնը ուռչելով-ի փոխարէն ունի գլխիվայր ընկնելով:
[1014] Տերտուղիանոս եւ Օգոստինոս հայրերն ասում են՝ Հրէաստան բառը պէտք է փոխարինել Հայաստան բառով:
[1015] Յունարէնը չունի քաղցրօրէն բառը:
[1016] Լաւագոյն յուն. բն. չունեն վե՛ր կաց եւ բառերը:
[1017] Յունարէն՝ նրա ոտքի թաթերը եւ կոճերը:
[1018] Յունարէն՝ բարեպաշտութեամբ:
[1019] Լաւագոյն յուն. բն. չունեն մեր հայրերին բառերը:
[1020] Յուն. լաւ բն. չունեն Տէր բառը:
[1021] Յուն. լաւ բն. ունեն ձեր բառը:
[1022] Յունարէնը՝ հասարակաց բանտ:
[1023] Յուն. լաւ բն. ունեն Ձեզ խստիւ պատուիրեցինք չուսուցանել...
[1024] Լաւագոյն յուն. բն. Նրա հետ համաձայնել էին-ի փոխարէն ունեն հետեւեցին նրան:
[1025] Յունարէնն աւելացնում է՝ Սուրբ Հոգով եւ իմաստութեամբ լի:
[1026] Յունարէնը՝ լիբերտինացիների, որ թարգմանւում է ազատագրեալների:
[1027] Յուն. լաւ բն. ունեն Յակոբի տան համար:
[1028] Յուն. լաւ բն. չունեն Սուրբ բառը:
[1029] Տե՛ս Եսայի 53.7-8:
[1030] Յունարէնը չունի այս համարը:
[1031] Յունարէնը ունի՝ Տիրոջ աշակերտների դէմ սպառնալիք եւ մահ շնչելով...
[1032] Որոշ ձեռագրեր 6-րդ համարի տակ ունեն. Եւ նա սարսափած ու պապանձուած՝ ասաց. «Տէ՛ր, ի՞նչ ես ուզում, որ անեմ»: Եւ Տէրը նրան ասաց...
[1033] Տե՛ս Բ Կորնթ. 11.32-33:
[1034] Յուն. լաւ բն. ինչ-որ բառի փոխարէն ունեն երկու բառը:
[1035] Յուն. լաւ բն. չունեն այս վերջին նախադասութիւնը:
[1036] Լաւագոյն յուն. բն. ունեն բերեց Իսրայէլին:
[1037] Լաւագոյն յուն. բն. ձեզ բառի փոխարէն ունեն մեզ:
[1038] Յունարէնը՝ դէպի ամբոխը վազեցին:
[1039] Յուն. լաւ բն. չունեն այլ իւրաքանչիւրը գնայ իր տեղը նախադասութիւնը:
[1040] Յուն. լաւ բն. ունեն համոզեցին:
[1041] Լաւագոյն յուն. բն. ունեն որ խորշեն անպարկեշտութիւնից, խեղդամահ արուածից եւ արիւնից:
[1042] Յունարէնը՝ գլխաւորներն էին եղբայրների մէջ:
[1043] Լաւագոյն յուն. բն. չունեն ասելով, թէ պէտք է թլփատուել եւ օրէնքը պահել նախադասութիւնը:
[1044] Լաւագոյն յուն. բն. պոռնկութիւնից բառի փոխարէն ունեն անպարկեշտութիւնից:
[1045] Լաւագոյն յուն. բն. չունեն այս համարը:
[1046] Այսինքն՝ հռոմէացի գաղութարարների քաղաքը:
[1047] Արէսի բլուրը, որտեղ աթենացիների երեւելիները հաւաքւում էին ժողովի:
[1048] Յունարէնն ունի՝ ...որ ամէն մարդ ամէն տեղ ապաշխարի:
[1049] Յունարէնը՝ նրա մարմնին քսած:
[1050] Երդուեցնող կոչւում էին այն մարդիկ, որոնք հալածում էին չար ոգիները Աստծու անունը պարունակող երդումի մի բանաձեւով:
[1051] Յուն. լաւ բն. չունեն Եւ մինչեւ Ասիա բառերը:
[1052] Յունարէնը՝ շաբաթուայ առաջին օրը, այսինքն՝ կիրակի:
[1053] Յուն. լաւ բն. ունեն մենք մի նամակ ուղարկեցինք մեր որոշման հետ, որ նրանք հեռու պէտք է մնան կուռքերին մատուցուած զոհերից եւ արիւնից, խեղդամահ արուածից ու անպարկեշտութիւնից:
[1054] Լաւագոյն յուն. բն. ունեն Քիչ է մնում, որ ինձ էլ քրիստոնեայ դարձնես:
[1055] Այսինքն՝ կայսերական գնդից:
[1056] Յունարէնը աւելացնում է՝ խարիսխները վեր քաշեցին:
[1057] Եւրացիկլոն՝ յունարէն բառ, որ նշանակում է հիւսիս-արեւելեան քամի:
[1058] Լաւագոյն յուն. բն. ունեն նաւը եզերք բերել:
[1059] Յոյները բարբարոս էին կոչում այն մարդկանց, որոնք յունարէն չէին խօսում:
[1060] Դիոսկուրոս՝ յունական դիցաբանութեան մէջ երկուորեակ չաստուած:
[1061] Լաւագոյն յուն. բն. մեր բառի փոխարէն ունեն ձեր բառը: