ԵՐԿՐՈՐԴ ՄՆԱՑՈՐԴԱՑ

1

ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՒՈՐԸ ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ԱՍՏԾՈՒՑ

Դաւթի որդի Սողոմոնը հզօրացաւ իր թագաւորութեան մէջ, իր Տէր Աստուածը նրա հետ էր ու նրան շատ բարձրացրեց: Սողոմոնը խօսեց բոլոր իսրայէլացիների՝ հազարապետների, հարիւրապետների, դատաւորների ու տոհմերի բոլոր իշխանների հետ: Սողոմոնը բոլոր ժողովականների հետ գնաց Գաբաւոնի բարձրաւանդակը, ուր դրուած էր Աստծու վկայութեան խորանը: Անապատում այն պատրաստել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, իսկ Դաւիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթարիմ քաղաքից եւ դրա համար վրան էր պատրաստել Երուսաղէմում: Պղնձէ զոհասեղանը, որ պատրաստել էր Յորի որդի Ուրի որդի Բեսելիէլը, այնտեղ էր՝ Տիրոջ վրանի առջեւ: Սողոմոնն ու ժողովականները փնտռեցին ու գտան այն: Սողոմոնը զոհեր բերեց Տիրոջ վրանի առջեւ գտնուող պղնձէ զոհասեղանի վրայ եւ այնտեղ հազար ողջակէզ մատուցեց:

Այն գիշեր Տէրը երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Խնդրի՛ր, ի՞նչ տամ քեզ»: Սողոմոնն ասաց Աստծուն. «Դու իմ հօրը մեծ ողորմածութիւն ես արել եւ ինձ գահ ես բարձրացրել նրա փոխարէն: Արդ, Տէ՛ր Աստուած, քո անունը թող հաստատուն մնայ իմ հայր Դաւթի վրայ, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրայ, որը երկրի հողի չափ շատ է: 10 Արդ, ինձ իմաստնութիւն ու իմացութիւն տո՛ւր, որ կարողանամ ղեկավարել քո այս ժողովրդին, այլապէս ո՞վ պիտի ղեկավարի քո այս մեծ ժողովրդին»: 11 Աստուած ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստութիւն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կեանք, այլ խնդրեցիր իմաստնութիւն ու իմացութիւն, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագաւորն եմ դարձրել քեզ, 12 ապա քեզ կը տամ իմաստնութիւն եւ իմացութիւն, ինչպէս եւ հարստութիւն, ունեցուածք ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագաւոր չի ունեցել, եւ ոչ էլ քեզանից յետոյ եկողներն են ունենալու»: 13 Սողոմոնը Գաբաւոնի Բարձրաւանդակից, վկայութեան խորանի առջեւից եկաւ Երուսաղէմ եւ թագաւորեց Իսրայէլի վրայ:

ՍՈՂՈՄՈՆԻ ԶՕՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

(Գ Թագ. 10.26-29)

14 Սողոմոնը հաւաքեց մարտակառքեր ու հեծեալներ եւ ունեցաւ հազար չորս հարիւր մարտակառք ու տասներկու հազար հեծեալ: Նա դրանք թողեց հեծեալների համար սահմանուած քաղաքներում, իսկ զօրքը արքայի հետ մնաց Երուսաղէմում: 15 Արքան Երուսաղէմում ոսկին ու արծաթը այնքան առատ դարձրեց, որքան քարը, իսկ մայրիները Հրէաստանում իրենց շատութեամբ դարձան դաշտում աճող մոլաթզենիների չափ: 16 Սողոմոնի ձիերը Եգիպտոսից էին բերւում: Արքային վաճառուող ձիերի գները սահմանուած էին այսպէս. 17 Եգիպտոսից բերուած մէկ մարտակառքը վաճառում էին վեց հարիւր արծաթով, իսկ ձին՝ հարիւր յիսուն: Դրանք բերւում էին նաեւ բոլոր քետացի թագաւորների եւ ասորի թագաւորների համար:

2

ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

(Գ Թագ. 5.1-18)

Սողոմոնը հրամայեց կառուցել Տիրոջ տունը եւ իր թագաւորական պալատը: Նա հաւաքեց եօթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ եւ նրանց վրայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր մարդ:

Սողոմոնը Տիւրոսի արքայ Քիրամի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դաւթին օգնել ես՝ մայրի փայտ ես տուել բնակութեան տուն շինելու համար: Արդ, ես նոյնպէս, նրա որդին, իմ Տէր Աստծու անուան տուն եմ շինում, որ այն Նրան նուիրաբերեմ, Նրա առջեւ խունկ ծխեմ, շարունակ առաջաւորութեան հաց ու ողջակէզներ մատուցեմ ամէն առաւօտ ու երեկոյ, ամէն շաբաթ օրերին, ամսամուտներին եւ մեր Աստծու տօներին: Եւ սա պէտք է յաւիտեան կատարուի Իսրայէլում: Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի մեր Տէր Աստուածն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները: Եւ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի եթէ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրա փառքը, ես նրա համար ի՞նչ տուն կարող եմ կառուցել: Ես կարող եմ նրա համար կառուցել մի տուն, ուր միայն խունկ կը ծխեն: Արդ, ինձ մօտ ճարտար մարդ ուղարկի՛ր, որ գիտենայ մշակել իմ հայր Դաւթի հաւաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մէջ, որ իմանայ քանդակներ պատրաստել Հրէաստանում ու Երուսաղէմում գտնուող իմ վարպետների հետ: Ինձ Լիբանանից ուղարկի՛ր մայրի, սարդենի եւ թեղենի փայտեր, որովհետեւ գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի: Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ, որ ինձ համար մեծ քանակութեամբ փայտ պատրաստեն, որովհետեւ այն տունը, որ կառուցելու եմ, պէտք է լինի մեծ ու փառաւոր: 10 Քո ծառաներին, փայտ կտրող գործաւորներին իբրեւ ռոճիկ կը տամ քսան հազար քոռ439 ցորեն, քսան հազար քոռ440 գարի, քսան հազար չափ գինի եւ քսան հազար չափ441 ձէթ»:

11 Տիւրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով եւ այն ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տէրը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրայ թագաւոր կարգեց»: 12 Ապա Քիրամն ասում էր. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը եւ Դաւիթ արքային տուել է խելամտութեամբ ու դատողութեամբ օժտուած իմաստուն որդի, որ կառուցի Տիրոջ տունն ու իր թագաւորական տունը: 13 Ահա քեզ մօտ եմ ուղարկում մի խելօք ու հմուտ մարդու՝ իմ ծառայ Քիրամին, 14 որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տիւրոսցի է: Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հիւսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ, քանդակներ անել: Նա, աշխատելով քո վարպետների ու քո հօր՝ իմ տէր Դաւթի վարպետների հետ, կը կարողանայ անել այն բոլոր գործերը, որ կ՚առաջարկես դու իրեն: 15 Արդ, ցորենը, գարին, ձէթն ու գինին, որ յիշատակել է իմ տէրը, թող տայ իր ծառաներին, 16 իսկ մենք Լիբանանից փայտ կը կտրենք ըստ քո կարիքների եւ ծովի վրայով, լաստերով կը բերենք Յոպպէ, եւ դու կը տանես կը կուտակես Երուսաղէմում»:

ՍԿՍՒՈՒՄ Է ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ

(Գ Թագ. 6.1-38)

17 Սողոմոնը հաւաքեց Երուսաղէմում գտնուող բոլոր պանդուխտներին ըստ իր հայր Դաւթի կատարած մարդահամարի: Նրանք հարիւր յիսուներեք հազար վեց հարիւր հոգի էին: 18 Նա նրանցից եօթանասուն հազար բեռնակիրներ, ութսուն հազար քարհատներ վերցրեց ու նրանց վրայ երեք հազար վեց հարիւր գործավարներ նշանակեց:

3

Սողոմոնը Երուսաղէմում, Ամորհացիների լերան վրայ, ուր Տէրը երեւացել էր նրա հօրը՝ Դաւթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դաւիթը պատրաստել էր Օռնա Յեբուսացու կալում: Նա կառուցումն սկսեց իր թագաւորութեան չորրորդ տարուայ երկրորդ ամսին: Այսպիսով Սողոմոնն սկսեց շինել Աստծու տունը: Դրա նախկին երկարութիւնը վաթսուն կանգուն էր, իսկ լայնութիւնը՝ քսան կանգուն: Տան ճակատի արտաքին գաւթի նախկին երկարութիւնն ու լայնութիւնը քսանական կանգուն էին, բարձրութիւնը՝ հարիւր քսան կանգուն: Նա այն ներսից պատեց մաքուր ոսկով: Մեծ դահլիճը նա երեսապատեց մայրի փայտով ու պատեց մաքուր ոսկով, վրան քանդակեց արմաւենիներ ու շղթայաձեւ զարդեր: Շքեղութեան համար տունը զարդարեց թանկարժէք քարերով ու Սեփարուիմից աւար բերուած մաքուր ոսկով. տունը, պատերը, դրանդիկները, դռներն ու ձեղունը պատեց ոսկով, իսկ պատերին քանդակեց քերովբէներ:

Շինեց նաեւ Սրբութիւնների սրբութեան դահլիճը, որի երկարութիւնը ճակատի կողմից քսան կանգուն էր, լայնութիւնն էլ՝ քսան կանգուն: Նա սրահը պատեց մաքուր ոսկով եւ քերովբէներով՝ ծախսելով վեց հարիւր տաղանդ442 ոսկի: Ամէն մի մեխի կշիռը յիսուն սիկղ443 ոսկի էր: Վերնատունը նոյնպէս պատեց ոսկով: 10 Սրբութիւնների սրբութեան դահլիճում երկու քերովբէներ պատրաստեց եւ դրանք պատեց ոսկով: 11 Քերովբէների թեւերի երկարութիւնը քսան կանգուն էր. ամէն մի թեւը՝ հինգ կանգուն, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին: 12 Միւս քերովբէի թեւը նոյնպէս հինգ կանգուն էր, կպած սրահի պատին, եւ միւս թեւը եւս՝ հինգ կանգուն, կպած միւս քերովբէի թեւին: 13 Երկու քերովբէների թեւերը տարածուած վիճակում քսան կանգուն էին: Նրանք կանգնած էին իրենց ոտքերի վրայ, իսկ նրանց դէմքերը նայում էին սրահի կողմը:

14 Նա վարագոյրները պատրաստեց կապուտակ, ծիրանի, կարմիր կտորներից ու բեհեզից, որոնց վրայ քերովբէներ էին հիւսուած:

ՊՂՆՁԷ ԵՐԿՈՒ ՍԻՒՆԵՐԸ

(Գ Թագ. 7.15-22)

15 Տան առաջ երկու սիւներ կանգնեցրեց երեսունհինգ կանգուն բարձրութեամբ եւ նրանց վրայ՝ խոյակներ, որոնք հինգ կանգուն էին: 16 Նա սրբարանում եղած շղթայաձեւ զարդերի նման զարդեր պատրաստեց ու դրեց սիւների գլուխներին: Նռան հարիւր ծաղկաբողբոջներ սարքեց ու դրեց շղթայաձեւ զարդերի վրայ: 17 Տաճարի առաջ սիւներ կանգնեցրեց. մէկը՝ աջից, միւսը՝ ձախից: Աջ կողմինը կոչեց Ուղղութիւն, իսկ ձախ կողմինը՝ Զօրութիւն:

4

ՊՂՆՁԷ ՄԵԾ ԱՒԱԶԱՆԸ

(Ա Թագ. 7.23-26)

Նա պղնձէ զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարութեամբ, քսան կանգուն լայնութեամբ ու տասը կանգուն բարձրութեամբ:

Ձուլածոյ մեծ աւազանը շինեց տասը կանգուն տրամագծով, շրջանաձեւ, հինգ կանգուն բարձրութեամբ եւ երեսուն կանգուն շրջագծով: Դրա տակ շուրջանակի կային ձուլածոյ եզներ, որոնք տասը կանգուն տրամագծով շրջապատել էին այն: Զուարակները միաձոյլ էին: Զուարակները տասներկու հատ էին. երեքը նայում էին հիւսիս, երեքը նայում էին արեւմուտք, երեքը նայում էին հարաւ, երեքը նայում էին արեւելք: Աւազանը տեղադրուած էր դրանց վրայ, եւ դրանց գաւակներն ուղղուած էին դէպի ներս: Մեծ աւազանի խորութիւնը մէկ թիզ էր, նրա շուրթը բաժակի շրթի նման էր, վրան շուշան ծաղիկներ էին քանդակուած, եւ երեք հազար չափ444 տարողութիւն ունէր: Նա այս ամէնն աւարտեց:

Նա պատրաստեց տասը աւազան. հինգը դրեց աջ կողմը, հինգը՝ ձախ կողմը, որ նրանց մէջ լուանան ու ողողեն ողջակիզման գործիքները, իսկ մեծ աւազանը նրա համար էր, որ քահանաները լուացուեն դրա մէջ:

Նա պատրաստեց տասը ոսկէ աշտանակներ ըստ եղած նմուշի եւ դրանք դրեց տաճարում. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ:

Նա պատրաստեց տասը զոհասեղաններ ու դրեց տաճարի մէջ. հինգը՝ աջ կողմը, հինգը՝ ձախ: Պատրաստեց հարիւր ոսկէ տաշտեր:

Նա պատրաստեց քահանաների սրահը, մեծ սրահն ու սրահի դռները եւ դրանց փեղկերը պատեց պղնձով: 10 Մեծ աւազանը զետեղեց տաճարի աջ անկիւնը՝ ուղղուած դէպի արեւելք: 11 Քիրամը պատրաստեց զոհասեղանի մեծ պատառաքաղները, կաթսաները, կասկարաներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը: Նա վերջացրեց այն բոլոր գործերը, որ Սողոմոն արքան հրամայել էր պատրաստել Աստծու տան մէջ: 12 Քիրամը պատրաստեց երկու սիւներն ու նրանց վրայի խոյակները, սիւների խոյակների վրայի երկու վերնախարիսխները, երկու վանդակապատ ցանցերը, որ ծածկում էին վերնախարիսխների խոյակները, եւ որոնք սիւների գլխին էին: 13 Նա պատրաստեց նաեւ չորս հարիւր ոսկէ զանգակներ երկու վանդակապատ ցանցերի համար եւ նռան ծաղկաբողբոջների երկու շարքեր ամէն մի վանդակապատ ցանցի համար, որպէսզի դրանցով ծածկեն սիւների վրայ դրուած երկու խոյակները: 14 Նա պատրաստեց տասը խարիսխներն ու խարիսխների վրայ դրուած աւազանները, 15 մի աւազանն իր տակ գտնուող տասներկու զուարակներով, 16 կասկարաները, վերցնելու ձողերը, կաթսաները, մեծ պատառաքաղներն ու դրանց ամբողջ սպասքը, որ Քիրամն էր պատրաստել, եւ տարաւ Սողոմոնի մօտ՝ Տիրոջ տունը: 17 Այդ բոլորն արքան ձուլել տուեց մաքուր պղնձից Յորդանան գետի հովտում գտնուող մի ընդարձակ վայրում, Սոքոթի տանը, Սարեթի բնակավայրում, թանձր հողի մեջ: 18 Սողոմոնն այս ամբողջ սպասքը մեծ քանակութեամբ պատրաստեց, քանի որ պղինձը չափ ու սահման չունէր: 19 Սողոմոնը պատրաստեց Տիրոջ տան ամբողջ սպասքը, ոսկէ զոհասեղանն ու այլ սեղաններ, որոնց վրայ առաջաւորութեան հաց պէտք է դրուէր, 20 աշտանակները, լոյսի ճրագները, որոնք, ըստ ընդունուած կարգի, վառւում էին սրբարանի դիմաց եւ մաքուր ոսկուց էին պատրաստուած: 21 Նա պատրաստեց նաեւ կանթեղները, ունելիները, տաշտերը, խնկամաններն ու բուրվառները, որոնք նոյնպէս մաքուր ոսկով էին սարքուած, 22 Սրբութիւնների սրբութեան դահլիճի ներսի դռներն ու տաճարի դռները, որոնք ոսկուց էին:

5

Սողոմոնն աւարտելով Տիրոջ տան կառուցման ամբողջ գործը՝ իր հայր Դաւթի սրբութիւնները, արծաթն ու ոսկին եւ սպասքը տարաւ ներս ու դրեց Տիրոջ տան գանձարանը:

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ԲԵՐՒՈՒՄ Է ՏԱՃԱՐ

(Ա Թագ. 8.1-13)

Այն ժամանակ Սողոմոնը Երուսաղէմում հաւաքեց Իսրայէլի բոլոր ծերերին, ցեղերի իշխաններին ու իսրայէլացիների տոհմերի առաջնորդներին, որ Տիրոջ ուխտի տապանակը հանեն Դաւթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից: Տօն կատարելու համար եօթներորդ ամսին արքայի մօտ հաւաքուեցին Իսրայէլի բոլոր տղամարդիկ: Եկան Իսրայէլի բոլոր ծերերը: Բոլոր ղեւտացիները վերցրին տապանակը, վկայութեան խորանն ու խորանում եղած ամբողջ սուրբ սպասքը, եւ քահանաներն ու ղեւտացիները տարան դրանք: Սողոմոն արքան, բոլոր իսրայէլացիները, աստուածավախ եւ տապանակի առջեւ հաւաքուած մարդիկ զուարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիւն անհնար էր հաշուել շատութեան պատճառով: Ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը տարան ներս ու դրեցին իր տեղը՝ տաճարի սրբարանում, այն է՝ Սրբութիւնների սրբութեան մէջ, քերովբէների թեւերի տակ: Քերովբէներն իրենց թեւերը տարածելով տապանակի վրայ՝ վերեւից ծածկում էին տապանակն ու այն վերցնելու ձողերը: Ձողերը շուրջը բռնել էին եւ դրանց ծայրերը երեւում էին միայն Սրբութիւնների սրբութիւնից, իսկ դրսից չէին երեւում: Դրանք մինչեւ այսօր էլ այնտեղ են: 10 Տապանակի մէջ ոչինչ չկար, բացի երկու տախտակներից, որ Մովսէսն էր դրել այնտեղ Քորէբում: Դրանցով Տէրն ուխտ էր դրել իսրայէլացիների հետ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից:

ԱՍՏՈՒԱԾ ՏԷՐ Է ԴԱՌՆՈՒՄ ԻՐ ՏԱՃԱՐԻՆ

11 Երբ քահանաները սրբարանից դուրս եկան (քանի որ այնտեղ գտնուող բոլոր քահանաներն էլ սրբագործուել էին եւ չէին նշանակուած ըստ իրենց ամենօրեայ սպասաւորութեան), 12 բոլոր սաղմոսերգու ղեւտացիները՝ Ասափի, Եմանի եւ Իդիթոմի որդիները, նրանց որդիներն ու նրանց եղբայրները, բեհեզէ պատմուճաններ հագած, տաւիղներով, քնարներով, սրինգներով զոհասեղանի արեւելեան կողմը կանգնեցին: 13 Նրանց հետ կային հարիւր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում: Փող հնչեցնողները, սաղմոսերգուները միաբերան իրենց ձայնը բարձրացնելով՝ ասում էին. «Գովերգեցէ՛ք եւ օրհնեցէ՛ք Տիրոջը»: Եւ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նուագարանների նուագակցութեամբ իրենց ձայնը բարձրացրին, կրկնեցին. «Գովերգեցէ՛ք Տիրոջը եւ օրհնեցէ՛ք, քանզի նա բարի է, եւ յաւիտեան է նրա ողորմածութիւնը»: Այն ժամանակ Տիրոջ տունը լցուեց Նրա փառքի ամպով, 14 եւ քահանաները չէին կարողանում պաշտամունք կատարել ամպի պատճառով, քանզի Տիրոջ փառքը լցրել էր Աստծու տունը:

6

ՍՈՂՈՄՈՆԻ ԽՕՍՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱՃԱՐԻ ՕԾՄԱՆ ԱՌԹԻՎ

(Գ Թագ. 8.12-21)

Այն ժամանակ Սողոմոնը խօսեց՝ ասելով. «Տէրն ասաց, թէ ինքը բնակւում է մառախուղի մէջ, բայց ես տուն շինեցի քո անուանը իբրեւ սրբութիւն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակուես յաւիտեան»: Արքան երեսը դարձրեց դէպի ժողովուրդը, օրհնեց իսրայէլացի բոլոր ժողովականներին: Իսրայէլացի բոլոր ժողովականները նրա շուրջն էին կանգնած: Արքան ասաց. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դաւթին, այն էլ կատարեց իր ձեռքով: Նա ասել էր. “Այն օրուանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայէլի բոլոր ցեղերին պատկանող ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինուի, որ իմ անունն այնտեղ լինի, որեւէ մէկին չընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի առաջնորդը լինի: Հիմա Երուսաղէմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, եւ Դաւթին ընտրեցի, որ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ լինի”: Իմ հայր Դաւիթը ցանկութիւն ունէր Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել, ուստի Տէրն ասաց իմ հայր Դաւթին. “Ցանկութիւն ունես իմ անուան տուն կառուցելու. լաւ է, որ այդ բանը սրտումդ կայ: Սակայն դու չէ, որ ինձ համար տուն պիտի շինես, այլ՝ որդիդ, որ քեզնից է ծնուելու, նա է, որ իմ անուան տուն է շինելու”: 10 Աստուած իր ասած խօսքը կատարեց, եւ ես, ահա, հօրս փոխարինեցի՝ նստեցի Իսրայէլի աթոռին, ինչպէս Տէրն էր ասել, շինեցի Իսրայէլի Տէր Աստծու անուան այս տունը, 11 այնտեղ դրեցի տապանակն այն ուխտի, որ Տէրը կնքեց իսրայէլացիների հետ»:

ՍՈՂՈՄՈՆԻ ԱՂՕԹՔԸ

(Գ Թագ. 8.22-53)

12 Սողոմոնը Իսրայէլի բոլոր ժողովականների ներկայութեամբ կանգնեց Տիրոջ զոհասեղանի առջեւ եւ բարձրացրեց իր ձեռքերը: 13 (Սողոմոնը պղնձէ պատուանդան էր պատրաստել ու դրել տաճարի սրահի մէջտեղում: Նրա երկարութիւնը հինգ կանգուն էր, լայնութիւնը՝ հինգ կանգուն, եւ բարձրութիւնը՝ երեք կանգուն): Դրա վրայ կանգնելով՝ նա Իսրայէլի բոլոր ժողովականների առջեւ ծնրադրեց եւ իր ձեռքերը դէպի երկինք մեկնելով՝ 14 ասաց.

«Իսրայէլի Տէ՛ր Աստուած, չկայ քեզ նման Աստուած երկնքում ու երկրի վրայ, դու պահում ես ուխտն ու ողորմածութիւնը բոլոր նրանց, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջեւից: 15 Դու քո ծառային՝ իմ հայր Դաւթին տուած խոստումդ կատարեցիր. ինչ որ քո բերանով ասել էիր, այսօր քո ձեռքով կատարեցիր: 16 Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հօրը՝ քո ծառայ Դաւթին՝ ասելով. “Քեզ համար երբեք չի պակասելու մարդ, որ նստի Իսրայէլի գահի վրայ, միայն թէ քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները՝ ընթանան իմ առջեւից, ինչպէս դու ես ընթացել իմ առջեւից”: 17 Արդ, Իսրայէլի Տէ՜ր Աստուած, Դաւթին ասած խօսքդ թող ի կատար ածուի:

18 Բայց եթէ Աստուած իրօք բնակուելու է երկրի վրայ, մարդկանց մէջ (երբ երկինքն ու երկինքների երկինքը բաւական չեն նրան տեղաւորելու համար), ապա ի՞նչ է իմ շինած այս տունը: 19 Արդ, Տէ՜ր Աստուած, ունկնդրի՛ր քո ծառայի աղօթքին ու խնդրանքին, լսի՛ր քո ծառայի՝ քո առջեւ այսօր արած աղաչանքներն ու աղօթքները, 20 որպէսզի քո աչքն ու միտքը օր ու գիշեր լինեն այս տան վրայ, այն տեղի վրայ, որի համար ասացիր, թէ քո անունն ես հաստատելու դրա մէջ, որպէսզի այս տեղո՛ւմ լսես քո ծառայի աղաչական աղօթքը: 21 Արդ, լսի՛ր քո ծառայի եւ Իսրայէլի քո ժողովրդի խնդրանքը, այստեղ կատարուած աղաչանքը, եւ լսելով երկնքում՝ քո բնակութեան վայրում, ունկնդի՛ր եղիր ու ողորմած:

22 Եթէ մի մարդ մեղանչի իր մերձաւորի հանդէպ, եւ նրանից պահանջեն, որ նա երդում տայ, ապա թող գայ կանգնի քո զոհասեղանի առջեւ, այս տան մէջ, 23 եւ դու երկնքում լսելով՝ կատարի՛ր քո ծառաների դատը, արժանի՛ն հատուցիր անօրէնին, իր գլխի՛ն թափիր նրա արածը, արդարացրո՛ւ արդարին եւ հատուցի՛ր ամէն մէկին ըստ իր արդարութեան չափի:

24 Եթէ Իսրայէլի քո ժողովուրդը թշնամիներից հալածուի, քո դէմ մեղանչի եւ ապա դառնայ ու քո անուանը փառք տայ, աղօթքի կանգնի ու պաղատի քո առջեւ այս տան մէջ, 25 ապա դու լսի՛ր երկնքից, քաւի՛ր Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, վերադարձրո՛ւ նրան այն երկիրը, որ նրանց հայրերին ես տուել:

26 Եթէ նրանք մեղանչեն քո դէմ, եւ այդ պատճառով երկինքը փակուի, ու անձրեւ չգայ, բայց այս տեղում քեզ աղօթք անեն, փառաբանեն քո անունը եւ իրենց մեղքերից դարձ կատարեն (քանի որ դու կարող ես նկուն դարձնել նրանց), 27 ապա լսի՛ր նրանց երկնքից, ների՛ր քո ծառաների եւ Իսրայէլի քո ժողովրդի մեղքերը, նրանց ցո՛յց տուր բարի ճանապարհը, որով պէտք է ընթանան, եւ քո ժողովրդին որպէս ժառանգութիւն տրուած երկրին անձրե՛ւ պարգեւիր:

28 Երբ սով կամ մահ լինի երկրի վրայ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, եւ երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, որեւէ աղէտ լինի, կամ համաճարակ, 29 երբ որեւէ մէկը կամ Իսրայէլի քո ժողովուրդը աղօթք կամ պաղատանք անի եւ իմանալով իր բորոտութիւնը կամ հիվանդութիւնը՝ իր ձեռքերը երկարի դէպի այս տունը, 30 ապա դու երկնքում՝ քո բնակութեան վայրում լսի՛ր ու բժշկի՛ր եւ ամէն մէկին տո՛ւր իր սրտի կամեցածը, ինչպէս որ դու ես ճանաչում նրա սիրտը (քանզի միայն դո՛ւ գիտես մարդկանց սրտերը), 31 որպէսզի նրանք վախենան քեզնից ու քո ճանապարհներով ընթանան բոլոր այն օրերին, որ կ՚ապրեն նրանց հայրերին տրուած երկրում: 32 Երբ մի օտարական, որ Իսրայէլի քո ժողովրդից չէ, բայց քո մեծ անուան, քո զօրեղ ձեռքի, քո հզօր բազկի համար եկել է հեռաստանից ու աղօթքի կանգնել այս վայրում, 33 ապա դու լսի՛ր երկնքից, քեզ համար պատրաստուած բնակութեան վայրից եւ արա՛ այն ամէնը, ինչ օտարականը կը խնդրի քեզնից, որպէսզի աշխարհի բոլոր ժողովուրդները ճանաչեն քո անունը, վախենան քեզնից այնպէս, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդը, եւ գիտենան, որ քո անունով է կոչուած իմ շինած այս տունը:

34 Երբ քո ժողովուրդը պատերազմի ելնի իր թշնամիների դէմ այն ճանապարհով, որով դու կ՚ուղարկես նրանց, եւ երբ նրանք աղօթեն քեզ՝ իրենց հայեացքն ուղղելով դէպի քո այս ընտրած քաղաքն ու դէպի այս տունը, որ շինել եմ քո անուան համար, 35 ապա երկնքից կը լսես նրանց պաղատանքներն ու աղօթքները եւ կը պաշտպանես նրանց իրաւունքը: 36 Երբ քո դէմ մեղանչեն (քանզի մարդ չկայ, որ մեղք չգործի), եւ դու հալածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես, երբ գերեվարելով նրանց տանեն թշնամիների հեռաւոր կամ մօտիկ երկիրը, 37 եւ գերութեան տարուած երկրում նրանք զղջան, դարձի գան ու քեզ աղաչեն իրենց գերութեան մէջ՝ ասելով՝ “Մեղք եւ անօրէնութիւն ենք գործել”, 38 իրենց գերութեան երկրում դէպի քեզ դարձ կատարեն իրենց ամբողջ սրտով ու հոգով, մեր հայրերին տուած քո երկրի, քո ընտրած քաղաքի եւ քո անուան համար իմ շինած տան կողմը նայելով՝ աղօթեն, 39 ապա երկնքից՝ քո բնակութեան վայրից, լսի՛ր նրանց աղօթքներն ու պաղատանքները, պաշտպանի՛ր նրանց իրաւունքը եւ ների՛ր քո դէմ մեղանչած ժողովրդին: 40 Արդ, Տէ՛ր, թող քո աչքերը բաց լինեն եւ քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արուած պաղատանքները:

41 Արդ, Տէ՛ր Աստուած, դու եւ քո սրբութեան տապանակը ելէք եկէ՛ք ձեր հանգստութեան վայրը.

քո քահանաները, Տէ՛ր Աստուած, փրկութիւն թող հագնեն,

եւ քո որդիները ցնծան բարութեան մէջ:

42 Տէ՛ր Աստուած, երես մի՛ դարձրու քեզնից օծուածից,

յիշի՛ր քո ծառայ Դաւթին քո ողորմածութեամբ»:

7

ՆՈՒԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐ ՏԻՐՈՋԸ

(Գ Թագ. 8.62-66)

Երբ Սողոմոնը վերջացրեց աղօթքը, երկնքից կրակ իջաւ եւ լափեց ողջակէզներն ու զոհերը: Տիրոջ փառքը լցրեց տաճարը, եւ այդ ժամանակ քահանաները չէին կարողանում մտնել Տիրոջ տունը, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը: Բոլոր իսրայէլացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրայ: Նրանք երեսնիվայր ընկան սալայատակի վրայ, երկրպագեցին եւ օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմածութիւնը՝ յաւիտեան: Արքան եւ ամբողջ ժողովուրդը Տիրոջ առջեւ զոհեր մատուցեցին: Սողոմոնը քսաներկու հազար զուարակ եւ հարիւր քսան հազար արածող ոչխար զոհ մատուցեց: Արքան եւ ամբողջ ժողովուրդը տաճարի նաւակատիքն արեցին: Քահանաներն ըստ իրենց սպասաւորութեան պաշտօնի էին կանգնած, իսկ ղեւտացիները նուագարաններով փառաբանում էին Տիրոջը տէրունական եւ Դաւիթ արքայի յօրինած երգերով, քանզի Նրա ողորմածութիւնը յաւիտեան է: Նրանք կատարում էին Դաւթի յօրինած օրհնաբանութիւնները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում: Ամբողջ Իսրայէլը ոտքի վրայ էր:

Սողոմոնը սրբագործեց Տիրոջ տան սրահի մէջտեղը, որովհետեւ այնտեղ մատուցեց ողջակէզներն ու խաղաղութեան զոհերի ճարպերը. Սողոմոնի պատրաստած պղնձէ զոհասեղանը չէր կարող տեղաւորել ողջակէզները, ընծաներն ու ճարպերը: Այդ ժամանակ Սողոմոնը եօթը օր տօն կատարեց: Բոլոր իսրայէլացիները՝ շատ մեծ բազմութեամբ, Եմաթի մուտքից մինչեւ Եգիպտոսի հեղեղատը նրա հետ էին: Ութերորդ օրը հանդիսաւոր ժողով արեցին, քանզի զոհասեղանի նաւակատիքը եօթը օր տօնեցին, 10 իսկ եօթներորդ ամսի քսաներեքին նա ժողովրդին ուրախութեամբ եւ բարի սրտով արձակեց իրենց վրանները, որովհետեւ Տէրը բարիք էր գործել Դաւթի, Սողոմոնի ու Իսրայէլի իր ժողովրդի համար:

11 Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան կառուցումը, եւ ամէն ինչ, որ Սողոմոնի սիրտը կամեցել էր Տիրոջ տան եւ իր տան համար կատարել, յաջողուեց:

ԱՍՏԾՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ՍՈՂՈՄՈՆԻՆ

(Գ Թագ. 9.12-9)

12 Այդ նոյն գիշեր Աստուած երեւալով Սողոմոնին՝ ասաց նրան. «Լսեցի քո աղօթքը եւ այդ տեղն ինձ համար ընտրեցի որպէս զոհաբերութիւնների տուն: 13 Եթէ երկինքը փակեմ, ու անձրեւ չլինի, եթէ հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթէ մահ առաքեմ իմ ժողովրդին, 14 եւ եթէ իմ ժողովուրդը, որի վրայ իմ անունն է դրուած, զղջայ, աղօթի եւ իմ երեսը փնտռի ու յետ դառնայ իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կը լսեմ, կը ներեմ նրանց եւ կը բուժեմ նրանց երկիրը: 15 Այժմ իմ աչքերը բաց կը լինեն, եւ իմ ականջները՝ սուր, որ լսեմ այս տեղում կատարուող աղօթքը: 16 Ահա ընտրեցի եւ սրբագործեցի այս տունը, որպէսզի իմ անունը այստեղ լինի յաւիտեան, իմ աչքերն ու սիրտը այստեղ լինեն ընդմիշտ: 17 Եթէ դու իմ առջեւից ընթանաս քո հայր Դաւթի նման եւ կատարես այն ամէնը, ինչ պատգամել եմ քեզ՝ պահես իմ հրամաններն ու օրէնքները, 18 քո թագաւորութեան աթոռը հաստատուն կը պահեմ, ինչպէս ուխտ էի դրել քո հայր Դաւթի հետ՝ ասելով. “Քեզնից յետոյ Իսրայէլի վրայ իշխող մարդ չի պակասելու”: 19 Իսկ եթէ դուք յետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատուիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք պաշտէք օտար աստուածներ ու երկրպագէք նրանց, ապա ես ձեզ կը վերացնեմ այն երկրից, որը տուել եմ ձեզ, 20 եւ այս տունը, որ սրբագործել եմ իմ անուան համար, կը վերացնեմ, ծաղրանքի առարկայ կը դարձնեմ ու խայտառակ կ՚անեմ բոլոր ազգերի մէջ այս բարձրաշէն տունը. 21 եւ ով որ անցնի այս տան կողքով, կը զարմանայ ու կ՚ասի. “Ինչո՞ւ Տէրն այս բանն արեց այս երկրին ու այս տանը”: 22 Եւ մարդիկ կը պատասխանեն. “Որովհետեւ նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստուածներ ընդունեցին եւ նրանց երկրպագեցին ու ծառայեցին: Դրա համար էլ Նա նրանց վրայ բերեց այդ բոլոր չարիքները”»:

8

ՍՈՂՈՄՈՆԻ ՇԻՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Գ Թագ. 9.10-28)

Պատահեց այնպէս, որ Սողոմոնը Տիրոջ տունն ու իր տունը կառուցելուց քսան տարի յետոյ վերակառուցեց այն քաղաքները, որ Քիրամը տուել էր իրեն, եւ այնտեղ բնակեցրեց իսրայէլացիներին: Սողոմոնը եկաւ Սոբայի Եմաթ բնակավայրը, ամրացրեց այն, անապատում կառուցեց Թադմորը եւ Եմաթում շինեց ամրութիւններով քաղաքներ: Նա Վերին Բեթորոն ու Ներքին Բեթորոն քաղաքները վերակառուցեց ամուր պարիսպներով, դռներով ու նիգերով: Նա կառուցեց Բալաաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացուած քաղաքները, մարտակառքերի ու հեծեալների բոլոր քաղաքները: Ամէն ինչ, որ Սողոմոնը կամեցաւ, ըստ իր ցանկութեան շինեց Երուսաղէմում, Լիբանանում եւ իր ամբողջ թագաւորութեան մէջ:

Ոչ իսրայէլացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խեւացիներից եւ յեբուսացիներից, Իսրայէլի կազմակերպած կոտորածից յետոյ երկրում վերապրած նրանց որդիներին Սողոմոնը հարկատու դարձրեց. եւ այդպէս է մինչեւ այսօր: Սողոմոնն իսրայէլացիներից իր թագաւորութեան համար ծառաներ չվերցրեց, որովհետեւ նրանք պատերազմողներ, հզօր իշխաններ, մարտակառքերի ու հեծեալների հրամանատարներ էին: 10 Սրանք, թուով երկու հարիւր յիսուն հոգի, Սողոմոնի թագաւորութեան գլխաւոր իշխանները՝ ժողովրդի ղեկավարներն էին:

11 Սողոմոնը փարաւոնի դստերը հանելով Դաւթի քաղաքից՝ բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար: Նա ասում էր. «Իմ կինը չպէտք է բնակուի Իսրայէլի արքայ Դաւթի քաղաքում, որովհետեւ սուրբ է այն քաղաքը, ուր Տիրոջ տապանակն է մտել»:

12 Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակէզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրայ, 13 որի վրայ, ամենօրեայ կարգի համաձայն, ըստ Մովսէսի պատուիրանների, ողջակէզ պիտի մատուցուէր շաբաթ օրերին, ամսուայ սկզբին ու տարեկան երեք տօներին՝ Բաղարջակերաց տօնին, Շաբաթների տօնին եւ Տաղաւարահարաց տօնին: 14 Նա, Դաւթի կարգադրութեան համաձայն, քահանաների դասերը որոշեց ըստ իրենց սպասաւորութեան. ղեւտացիները նշանակուեցին իրենց պարտականութիւնների վրայ, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջեւ ըստ ամէն մի օրուայ կարգի: Դռնապաններ կարգուեցին տարբեր դռների վրայ ըստ իրենց դասերի, քանզի այդպէս էր Աստծու մարդու՝ Դաւթի ցուցումը: 15 Նրանք զանց չարեցին արքայի այն ցուցումները, որ տրուել էին քահանաների, ղեւտացիների, գանձարանի եւ ամէն ինչի վերաբերեալ: 16 Այսպիսով աւարտուեց Սողոմոնի՝ Տիրոջ համար տուն կառուցելու ամբողջ գործը սկզբից մինչեւ վերջ:

17 Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոնգաբեր եւ Ելամ, որը Հրէաստանի ծովեզերքին էր: 18 Քիրամը իր ծառաների միջոցով նաւեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրայ նաւարկել գիտէին: Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սոփերա եւ այնտեղից բերեցին չորս հարիւր յիսուն տաղանդ445 ոսկի ու եկան Սողոմոն արքայի մօտ:

9

ՍԱԲԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒ ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆԸ ՍՈՂՈՄՈՆԻՆ

(Գ Թագ. 10.1-13)

Սաբայի թագուհին լսելով Սողոմոնի համբաւը՝ շատ մեծ զօրքով եւ խնկերով, բազում ոսկով ու թանկարժէք քարերով ծանրաբեռնուած ուղտերով եկաւ Երուսաղէմ, որ Սողոմոնին փորձի հանելուկներով: Նա եկաւ Սողոմոնի մօտ եւ նրա հետ խօսեց այն ամենի մասին, որ մտքում ունէր: Սողոմոնը պատասխանեց նրա բոլոր հարցերին. եւ չգտնուեց ոչ մի հարց, որին Սողոմոնը պատասխանած չլինէր: Սաբայի թագուհին տեսաւ Սողոմոնի իմաստնութիւնը, նրա կառուցած տունը, սեղանների վրայ դրուած ուտելիքները, նրա իշխանների զբաղեցրած աթոռներն ու աստիճանակարգումը, նրա պաշտօնեաների պատմուճանները, նրա մատռուակներին ու նրանց զգեստները եւ այն ողջակէզները, որ Տիրոջ տանը նա մատուցում էր, եւ ապշելով ասաց արքային. «Ճշմարիտ էր այն, ինչ լսել էի իմ երկրում քո խօսքերի ու քո իմաստնութեան մասին: Եւ չէի հաւատում ասուած խօսքերին, մինչեւ որ եկայ ու աչքերովս տեսայ, որ ինձ չեն պատմել քո իմաստնութեան նոյնիսկ կէսի մասին: Դու աւելի իմաստուն ես, քան ես լսել եմ: Երանելի են քո մարդիկ, երանելի են քո կանայք եւ պալատական այդ ծառաները, որ միշտ քո առաջ կանգնած են ու լսում են քո իմաստնութիւնը: Օրհնեալ լինի Տէր Աստուածը, որ քեզ հաւանելով՝ քեզ է յանձնել քո ժողովրդի թագաւորութեան աթոռը, քանզի քո Տէր Աստուածը Իսրայէլին սիրելու պատճառով ու նրան յաւիտեան հաստատելու համար քեզ է նրանց վրայ թագաւոր դրել, որ իրաւունք ու արդարութիւն գործադրես»: Սաբայի թագուհին արքային հարիւր քսան տաղանդ ոսկի446 տուեց, չափազանց շատ խունկ եւ թանկարժէք քարեր: Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տուած խնկից լաւ խունկ չի եղել:

10 Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սոփերից Սողոմոնին բերեցին ոսկի, նոճու փայտ եւ թանկարժէք քարեր: 11 Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց եւ երգիչների համար քնարներ ու տաւիղներ, որոնց նմանը դրանից առաջ Յուդայի երկրում չէր եղել:

ՍՈՂՈՄՈՆ ԱՐՔԱՅԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

(Գ Թագ. 10.14-25)

12 Սողոմոն արքան Սաբայի տիկնոջը տուեց ամէն ինչ, որ նա ցանկացաւ ու խնդրեց, շատ աւելի, քան այն, ինչ թագուհին տուել էր Սողոմոն արքային: Եւ թագուհին վերադարձաւ իր երկիրը:

13 Մէկ տարում Սողոմոնի համար բերուած ոսկու կշիռը վեց հարիւր վաթսունվեց տաղանդ447 էր, 14 չհաշուած կառավարիչների, վաճառականների բերածները: Սողոմոն արքային ոսկի ու արծաթ էին բերում նաեւ Արաբիայի բոլոր թագաւորները, երկրի իշխանները:

15 Սողոմոն արքան ոսկուց երեք հարիւր կռածոյ վահան պատրաստեց՝ ամէն մի վահանի համար օգտագործելով վեց հարիւր դահեկան448 մաքուր ոսկի: 16 Ոսկուց պատրաստեց նաեւ երեք հարիւր կռածոյ նիզակ՝ ամէն մի նիզակի համար օգտագործելով երեք հարիւր դահեկան449: Արքան դրանք դրեց Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան մէջ:

17 Արքան փղոսկրից մի մեծ գահ պատրաստեց եւ այն պատեց մաքուր ոսկով: 18 Գահը ունէր ոսկով ծածկուած վեց աստիճան: Գահի նստատեղը այս եւ այն կողմից ունէր յենակներ, իսկ յենակների ծայրին կային երկու առիւծներ:

19 Վեց աստիճանների այս եւ այն կողմերում կային տասներկու առիւծներ: Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագաւորութեան մէջ:

20 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, եւ Լիբանանի անտառի փայտից պատրաստուած տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատուած: Սողոմոնի օրօք արծաթը ոչինչ էր համարւում, 21 քանզի Սողոմոն արքայի նաւը Քիրամի ծառաների հետ գնում էր Թարսիս, եւ երեք տարին մէկ Թարսիսից արքայի նաւը գալիս էր լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով:

22 Սողոմոնը բոլոր թագաւորներին գերազանցեց ունեցուածքով եւ իմաստնութեամբ: 23 Աշխարհի բոլոր թագաւորները ձգտում էին տեսնել Սողոմոնի երեսը, լսել նրա իմաստնութիւնը, որն Աստուած դրել էր նրա սրտում: 24 Նրանցից ամէն մէկը ամէն տարի բերում էր ընծաներ՝ արծաթէ անօթներ, ոսկէ անօթներ, պատմուճաններ, զմուռս, խնկեր, ձիեր ու ջորիներ:

25 Սողոմոնն ունէր քառասուն հազար մատակ ձիեր մարտակառքերի համար եւ տասներկու հազար երիվարներ: Նա դրանք տեղաւորեց մարտակառքերի համար սահմանուած քաղաքներում. իսկ Երուսաղէմում Սողոմոնի մօտ մնացին որոշ քանակի մատակ ձիեր ու երիվարներ: 26 Նա իշխում էր բոլոր թագաւորների վրայ Եփրատ գետից մինչեւ այլազգիների երկիրն ու մինչեւ Եգիպտոսի սահմանները: 27 Արքան Երուսաղէմում քարի չափ շատ ոսկի ու արծաթ եւ դաշտում գտնուող մոլաթզենու չափ շատ մայրի փայտ կուտակեց: 28 Սողոմոնի ձիերը բերւում էին Եգիպտոսից եւ շատ ուրիշ երկրներից:

ՍՈՂՈՄՈՆԻ ՄԱՀԸ

(Ա Թագ. 11.41-43)

29 Սողոմոնի պատմութեան մնացած մասը, սկզբից մինչեւ վերջը, գրուած են Նաթան մարգարէի գրուածքներում, սիլոնացի Աքիայի գրուածքներում, տեսանող Յովէլի՝ Նաբաթի որդի Յերոբովամին վերաբերող տեսիլքում: 30 Սողոմոնն ամբողջ Իսրայէլի վրայ իշխեց քառասուն տարի: 31 Սողոմոնը մեռաւ եւ նրան թաղեցին իր հօր՝ Դաւթի քաղաքում: Նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Ռոբովամը:

10

ԺՈՂՈՎ ՍԻՒՔԷՄՈՒՄ

(Ա Թագ. 12.1-15)

Ռոբովամը եկաւ Սիւքէմ, որովհետեւ բոլոր իսրայէլացիները եկել էին Սիւքէմ նրան թագաւոր դարձնելու: Երբ Նաբատի որդի Յերոբովամը, որը Սողոմոն արքայի երեսից Եգիպտոս էր փախել ու բնակուել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձաւ Եգիպտոսից: Մարդ ուղարկեցին ու կանչեցին նրան: Յերոբովամը եւ Իսրայէլի բոլոր ժողովականները եկան Ռոբովամ արքայի մօտ եւ ասացին. «Քո հայրը ծանրացրել էր մեր լուծը: Արդ, թեթեւացրո՛ւ հօրդ նշանակած տաժանակիր աշխատանքն ու մեր վրայ դրուած ծանր լուծը, որ քեզ ծառայենք»: Նա նրանց ասաց. «Գնացէ՛ք եւ երեք օրից եկէ՛ք ինձ մօտ»: Ժողովուրդը գնաց:

Ռոբովամ արքան հաւաքեց ծերերին, որոնք իր հօր՝ Սողոմոնի կենդանութեան օրօք կանգնում էին նրա առաջ, եւ ասաց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ խորհուրդ էք տալիս, որ պատասխանեմ այս ժողովրդին»: Նրանք ասացին նրան. «Եթէ այսօր այդ ժողովրդի նկատմամբ բարեացակամ լինես, հաճելի լինես եւ լաւ խօսքեր ասես նրանց, քեզ միշտ ծառայ կը լինեն»: Նա, սակայն, անտեսեց այն խորհուրդը, որ ծերերը տուել էին իրեն, եւ հարց տուեց իր հետ մեծացած տարեկից ընկերներին, որոնք իր առջեւ էին կանգնում: Նա ասաց նրանց. «Ի՞նչ էք կարծում, ի՞նչ պատասխան տամ այս ժողովրդին, որ ինձ հետ խօսեց՝ ասելով. “Թեթեւացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեր վրայ”»: 10 Նրա տարեկից ընկերները նրան ասացին. «Այսպէս կը խօսես այն ժողովրդի հետ, որ քեզ ասել է, թէ՝ “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու այն թեթեւացրո՛ւ մեր վրայից”: 11 Նրանց այսպէս կ՚ասես. “Իմ ճկոյթն աւելի հաստ է, քան հօրս մէջքը: Արդ, եթէ իմ հայրը ձեզ խրատել է ծանր լծով, ապա ես կ՚աւելացնեմ ձեր լուծը: Եթէ իմ հայրը խրատել է ձեզ գաւազաններով, ապա ես ձեզ կը խրատեմ կարիճներով”»:

12 Յերոբովամը եւ ամբողջ ժողովուրդը երրորդ օրը եկան Ռոբովամի մօտ, ինչպէս որ ասել էր արքան. «Ինձ մօտ կը վերադառնաք երրորդ օրը»: 13 Արքան խստութեամբ պատասխանեց՝ անտեսելով ծերերի խորհուրդը, 14 եւ նրանց հետ խօսեց ըստ երիտասարդների խորհրդի՝ ասելով. «Իմ հայրը ձեր լուծը ծանրացրել էր, ես աւելացնելու եմ այն: Իմ հայրը գաւազաններով էր ձեզ խրատել, ես ձեզ խրատելու եմ կարիճներով»: 15 Արքան չլսեց ժողովրդին, որովհետեւ կործանումն Աստծուց էր սահմանուած, որպէսզի Տէրը հաստատի սիլոնացի Աքիայի բերանով իր ասած խօսքերը Նաբատի որդի Յերոբովամի եւ ամբողջ Իսրայէլի մասին. եւ արքան չլսեց նրանց:

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ԲԱԺԱՆՈՒԱԾ. ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՌՈԲՈՎԱՄ ԱՐՔԱՆ

(Ա Թագ. 12.16-25)

16 Ժողովուրդը պատասխանեց արքային՝ ասելով. «Ի՞նչ գործ ունենք Դաւթի հետ, կամ կիսելու ի՞նչ ժառանգութիւն՝ Յեսսէի որդու հետ: Գնա՛ քո վրանները, ո՜վ Իսրայէլ, եւ քո տա՛ն մասին հոգա, ո՜վ Դաւիթ»: 17 Եւ բոլոր իսրայէլացիները գնացին իրենց բնակավայրերը, իսկ Յուդայի երկրի քաղաքներում ապրող միւս իսրայէլացիները Ռոբովամին դարձրին իրենց թագաւոր: 18 Ռոբովամ արքան հարկերի վերակացու Ադոնիրամին ուղարկեց իսրայէլացիների մօտ, բայց սրանք նրան քարկոծեցին, ու նա մեռաւ: Ռոբովամ արքան հազիւ կարողացաւ իր մարտակառքը բարձրանալ ու փախչել Երուսաղէմ: 19 Եւ իսրայէլացիները երես դարձրին Դաւթի տնից, ու այդպէս է մինչեւ այսօր:

11

ՍԱՄԷԱՍԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

Ռոբովամը եկաւ Երուսաղէմ, Յուդայի ու Բենիամինի տներից հաւաքեց պատերազմի ընդունակ հարիւր ութսուն հազար երիտասարդներ եւ պատերազմեց Իսրայէլի դէմ, որ թագաւորութիւնն իրեն վերադարձնի: Տէրը խօսեց Աստծու մարդու՝ Սամէասի հետ՝ ասելով. «Խօսի՛ր Սողոմոնի որդի Ռոբովամի եւ Յուդայի երկրի ու Բենիամինի երկրի բոլոր մարդկանց հետ՝ ասելով. “Այսպէս է ասում Տէրը. մի՛ ելնէք ու մի՛ պատերազմէք ձեր եղբայրների դէմ, ամէն ոք թող վերադառնայ իր տունը, որովհետեւ այս բանը ինձնից եղաւ”»: Նրանք լսեցին Տիրոջ խօսքը եւ ետ դարձան Յերոբովամի վրայ արշաւելուց:

ՌՈԲՈՎԱՄԸ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔՆԵՐԸ

Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում եւ պարսպապատ քաղաքներ կառուցեց Հրէաստանում: Նա շինեց Բեթղեհէմը, Ետանին, Բեքովեան, Բեթսուրան, Սոկքովը, Օդողամը, Գէթը, Մարիսան, Զիփը, Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան, 10 Սարաան, Աեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի երկրում ու Բենիամինի երկրում պարսպապատ քաղաքներ էին: 11 Նա պարիսպներով ամրացրեց դրանք, հրամանատարներ կարգեց դրանց վրայ, բոլոր քաղաքներում ուտելիքի՝ ձէթի ու գինու ամբարներ շինեց, 12 վահաններ ու նիզակներ պատրաստեց եւ յաճախակի ամրացրեց այդ քաղաքները:

ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ԵՒ ՂԵՒՏԱՑԻՆԵՐԸ ՅԱՐՈՒՄ ԵՆ ՌՈԲՈՎԱՄԻՆ

13 Ռոբովամին էին պատկանում Յուդայի ու Բենիամինի երկրները: Ամբողջ Իսրայէլի մէջ գտնուող քահանաներն ու ղեւտացիները երկրի բոլոր ծայրերից նրա մօտ հաւաքուեցին, որովհետեւ ղեւտացիները իրենց սեփականութիւնը հանդիսացող բնակավայրերը լքեցին ու գնացին Յուդայի երկիրը՝ Երուսաղէմ. 14 Յերոբովամն ու նրա որդիները զրկել էին նրանց Տիրոջն սպասաւորելու պարտականութիւնից: 15 Նա իր պատրաստած բարձրադիր մեհեանների, կուռքերի, չաստուածների ու երինջների վրայ քրմեր նշանակեց: 16 Նա Իսրայէլի ցեղերից առանձնացրեց բոլոր նրանց, ովքեր սրտանց փնտռում էին Իսրայէլի Տէր Աստծուն: Սրանք եկան Երուսաղէմ, որ իրենց հայրերի Տէր Աստծուն զոհեր մատուցեն, 17 եւ զօրացրին Յուդայի երկրի թագաւորութիւնը: Երեք տարով հզօրացաւ Սողոմոնի որդի Ռոբովամը, որովհետեւ նա երեք տարի ընթացաւ Դաւթի ու Սողոմոնի ճանապարհներով:

ՌՈԲՈՎԱՄԻ ԸՆՏԱՆԻՔԸ

18 Ռոբովամը կին առաւ Դաւթի որդի Յերիմութի դուստր Մոլաթին ու Յեսսէի որդի Եղիաբի դուստր Աբիադին: 19 Նրանք Ռոբովամի համար ծնեցին երեք որդիներ՝ Յերումին, Սամարիային ու Ալովին: 20 Դրանից յետոյ նա ամուսնացաւ Աբեսաղոմի դուստր Մաաքայի հետ, եւ սա նրա համար ծնեց Աբիասին, Եթթիին, Իզային, Սալեմոթին: 21 Ռոբովամը իր բոլոր կանանց ու հարճերի մէջ ամենից շատ սիրեց Աբեսաղոմի դուստր Մաաքային: Նա ունէր տասնութ կին ու վաթսուն հարճ, որոնք նրա համար ծնեցին քսանութ տղաներ ու վաթսուն աղջիկներ: 22 Ռոբովամը Մաաքայից ծնուած Աբիային իշխան կարգեց նրա եղբայրների վրայ, քանզի նպատակ ունէր նրան թագաւոր դարձնել: 23 Յուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում Ռոբովամն աւելի հզօր եղաւ, քան իր բոլոր որդիները, եւ ամրացուած քաղաքներում նրանց տուեց ուտելիքի խիստ առատ պաշար եւ նրանց համար բազում կանայք փնտռեց:

12

ԵԳԻՊՏՈՍԻ ՍԱՒՍԱԿԻՄ ԱՐՔԱՅԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՎՐԱՅ

(Գ Թագ. 14.25-28)

Երբ Ռոբովամի թագաւորութիւնը հաստատուն դարձաւ ու հզօրացաւ, նա, նրա հետ նաեւ բոլոր իսրայէլացիները, անտեսեց Տիրոջ պատուիրանները: Եւ քանի որ նրանք մեղանչել էին Տիրոջ դէմ, Ռոբովամի թագաւորութեան հինգերորդ տարում Եգիպտոսի արքայ Սաւսակիմը յարձակուեց Երուսաղէմի վրայ հազար երկու հարիւր մարտակառքերով ու վաթսուն հազար հեծեալներով: Անթիւ էր Եգիպտոսից նրա հետ եկած բազմութիւնը՝ լիբէացիներ, տրոգլոդացիներ, եթովպացիներ, որոնք տիրեցին Յուդայի երկրի ամրակուռ քաղաքներին: Եւ Սաւսակիմը եկաւ Երուսաղէմ: Սամէաս մարգարէն եկաւ Ռոբովամի եւ Յուդայի երկրների իշխանների մօտ, որոնք Սաւսակիմի ահից հաւաքուել էին Երուսաղէմում, եւ ասաց նրանց. «Այսպէս է ասում Տէրը. “Դուք ինձ լքեցիք, ուրեմն ես էլ ձեզ մատնելու եմ Սաւսակիմի ձեռքը”»: Իսրայէլի իշխաններն ու արքան ամաչեցին եւ ասացին. «Արդար է Տէրը»: Երբ Տէրը տեսաւ, որ զղջացին, ապա Տէրն ասաց Սամէասին. «Նրանք զղջացին, ուրեմն ես նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կը թողնեմ եւ իմ զայրոյթը Երուսաղէմի վրայ չեմ թափի: Այսպիսով նրանք իմ ծառայութեան տակ կը մտնեն եւ կ՚իմանան, թէ ո՞րն է ինձ ծառայելու եւ երկրային թագաւորութիւններին ծառայելու տարբերութիւնը»: Եգիպտոսի արքայ Սաւսակիմը եկաւ ու գրաւեց Տիրոջ տան գանձերը եւ տարաւ արքայի տան բոլոր գանձերը: Նա գրաւեց նաեւ Սողոմոնի պատրաստած ոսկէ վահանները: 10 Ռոբովամը դրանց փոխարէն պղնձէ վահաններ պատրաստեց եւ դրանք յանձնեց արքունի դռների պահապանների պետերին450: 11 Երբ արքան մտնում էր Տիրոջ տունը, մտնում էին նաեւ պահապաններն ու սուրհանդակները, եւ պահապանները դրանք վերցնում տանում էին սուրհանդակների ներկայութեամբ: 12 Երբ Ռոբովամը զղջաց, Տիրոջ բարկութիւնը նրանից վերացաւ, եւ նա իսպառ չկործանուեց, քանզի Յուդայի երկրում բարի գործեր էլ կային կատարուած:

ՌՈԲՈՎԱՄԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

13 Ռոբովամը հզօրացաւ Երուսաղէմում ու թագաւորեց: Ռոբովամը քառասունմէկ տարեկան էր, երբ գահ բարձրացաւ: Նա տասնեօթը տարի թագաւորեց Երուսաղէմում, այն քաղաքում, որ Տէրն ընտրել էր Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, որպէսզի իր անունը դնի դրա վրայ:

Ռոբովամի ամոնացի մօր անունը Նոոմա էր: 14 Նա չարիք գործեց, որովհետեւ նրա սիրտը հակուած չէր Տիրոջ կողմը: 15 Ռոբովամի առաջին ու վերջին խօսքերը եւ գործերը չէ՞ որ գրուած են Սամէաս մարգարէի ու Ադդով տեսանողի գրքերում: Յարատեւ պատերազմ էր մղւում Ռոբովամի ու Յերոբովամի միջեւ: 16 Ռոբովամը մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում:

Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աբիասը:

13

ԱԲԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ

(Գ Թագ. 15.1-8)

Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Աբիասը: Նա Երուսաղէմում թագաւորեց երեք տարի: Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա: Պատերազմ էր տեղի ունենում Աբիասի ու Յերոբովամի միջեւ: Աբիասը պատերազմի պատրաստուեց հզօր մարտիկներով՝ չորս հարիւր հազար զօրեղ մարդկանցով: Յերոբովամը նրա դէմ պատերազմի ելաւ ութ հարիւր հազար հզօր, քաջազուն ռազմիկներով:

Աբիասը վեր բարձրացաւ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մէկն էր, եւ ասաց. «Լսեցէ՛ք, Յերոբովա՛մ եւ բոլո՛ր իսրայէլացիներ, մի՞թէ ձեզ յայտնի չէ, թէ Իսրայէլի Տէր Աստուածը Իսրայէլի թագաւորութիւնը անբեկանելի ուխտով451 յաւիտեան տուել է Դաւթին ու նրա որդիներին: Նաբատի որդի Յերոբովամը՝ Դաւթի որդի Սողոմոնի ծառան, սակայն, վեր կացաւ եւ ապստամբեց իր տիրոջ դէմ: Նրա մօտ հաւաքուեցին չար եւ անօրէն մարդիկ եւ ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին: Ռոբովամը դեռ երիտասարդ էր եւ երկչոտ սիրտ ունէր, ուստի նրա դէմ չելաւ: Արդ, դուք ասում էք, որ դէմ կը կանգնէք Տիրոջ թագաւորութեանը, որը Դաւթի որդիների ձեռքին է, որ չափազանց շատ զօրք ունէք, եւ ձեզ հետ են ոսկէ երինջները, որոնց Յերոբովամը ձեզ համար աստուածներ դարձրեց: Մի՞թէ դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին, եւ ձեզ համար քրմեր ընտրեցիք մի այլ երկրի ժողովրդի միջից: Բոլոր նրանք, որ քահանայ դառնալու համար գալիս էին զուարակներով եւ եօթը խոյով, դառնում էին չաստուածների քուրմ: 10 Մենք մեր Տէր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիներն ու ղեւտացիները, ծառայում են Տիրոջը: 11 Նրանք ամէն օր խունկ են ծխում Տիրոջ համար, առաւօտեան ու երեկոյեան ողջակէզներ են մատուցում, անուշաբոյր խնկեր են ծխում, սուրբ սեղանի վրայ առաջաւորութեան հաց են դնում, վառում են ոսկէ աշտանակներն ու ճրագները, որ երեկոները լուսաւորեն: Մենք պահում ենք մեր հայրերի Տէր Աստծու պատուիրանները, իսկ դուք լքել էք Նրան: 12 Ահաւասիկ մեզ հետ են եւ մեզ իշխան են Տէրն ու նրա քահանաները, եւ ազդարարող փողերը պատրաստ են հնչելու, որ մեզ մարտի հրաւէր տան: Եւ դուք, ո՜վ իսրայէլացիներ, մի՞թէ կը մարտնչէք մեր հայրերի Աստծու դէմ. դա ձեզ յաջողութիւն չի բերի»:

13 Յերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիասի զօրքի յետեւն անցնեն: Ինքը կանգնեց Յուդայի երկրի մարդկանց առաջ, իսկ դարանակալները անցան սրանց թիկունքը: 14 Յուդայի երկրի մարդիկ յետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց ե՛ւ առջեւը, ե՛ւ յետեւը: Նրանք աղաղակեցին Տիրոջը, քահանաները փողեր հնչեցրին, եւ Յուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին: 15 Երբ Յուդայի երկրի մարդիկ գոչեցին, Տէրը Աբիասի ու Յուդայի երկրի մարդկանց առջեւ կոտորեց Յերոբովամին ու իսրայէլացիներին: 16 Իսրայէլացիները փախան Յուդայի երկրի մարդկանց առջեւից, եւ Տէրը սրանց մատնեց նրանց ձեռքը: 17 Աբիասն ու նրա զօրքը նրանց ծանր հարուածներ հասցրին: Իսրայէլացիներից հինգ հազար ուժեղ մարդ կոտորուեց: 18 Այդ օրը իսրայէլացիները ընկճուեցին, իսկ Յուդայի երկրի մարդիկ զօրացան, քանզի իրենց հայրերի Տէր Աստծուն էին ապաւինել: 19 Աբիասը Յերոբովամին հալածեց ու նրանից գրաւեց քաղաքներ՝ Բեթէլն ու նրա գիւղերը, Անան ու նրա գիւղերը, Եփրոնն ու նրա գիւղերը, Բեան ու նրա գիւղերը: 20 Աբիասի օրօք Յերոբովամն այլեւս չկարողացաւ զօրութեամբ ոտքի կանգնել: Տէրը հարուածեց նրան, եւ նա մեռաւ:

21 Աբիասը հզօրացաւ. նա տասնչորս կին առաւ: Նա ունեցաւ քսաներկու տղայ եւ տասնվեց աղջիկ: 22 Աբիասի մնացեալ արարքները, գործերն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի գրքում:

14

ԱՍԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ

Աբիասը գնաց իր նախնիների գիրկը. նրան թաղեցին Դաւթի քաղաքում:

Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Ասան: Նրա օրօք Յուդայի երկիրը տասը տարի հանգիստ մնաց: Նա բարի եւ արդար գործեր կատարեց իր Տէր Աստծու առջեւ: Նա վերացրեց օտար աստուածների զոհասեղանները, բարձադիր մեհեանները, խորտակեց արձանները եւ այրեց կուռքերը: Նա Յուդայի երկրի բնակիչներին հրամայեց պաշտել իրենց հայրերի Տէր Աստծուն եւ կատարել օրէնքներն ու պատուիրանները: Նա Յուդայի երկրի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը: Եւ Յուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղուեցին, քանզի երկիրը խաղաղուել էր, եւ այն տարիներին պատերազմ չկար նրա դէմ, որովհետեւ Տէրը նրան հանգստութիւն էր պարգեւել: Նա ասաց Յուդայի երկրի մարդկանց. «Եկէ՛ք վերակառուցենք այս քաղաքները, պարիսպներ, աշտարակներ, դռներ ու նիգեր դնենք, որ տիրենք երկրին, քանզի, ինչպէս մենք մեր Տէր Աստծուն փնտռեցինք պաշտեցինք, այնպէս էլ նա մեզ փնտռեց եւ ամէն տեղ հանգստութիւն ու յաջողութիւն տուեց մեզ: Ասան Յուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող երեք հարիւր հազարանոց զօրք ունեցաւ, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարիւր վաթսուն հազար ասպարաւորներ ու աղեղնաւորներ: Սրանք բոլորը հզօր պատերազմիկներ էին:

ԶԱՐԵՀԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ

Նրանց դէմ ելաւ եթովպացի Զարեհը մէկ միլիոն զինուորներով ու երեք հարիւր մարտակառքերով: Նա եկաւ-հասաւ մինչեւ Մարիսա: 10 Ասան դուրս եկաւ նրա դէմ եւ պատերազմի ճակատ կազմեց Մարիսայի հիւսիսում գտնուող ձորում: 11 Ասան դիմեց իր Տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՜ր, քեզ համար դժուար չէ օգնութեան հասնել ինչպէս սակաւազօր, այնպէս եւ բազմաքանակ զօրքերին: Զօրացրո՛ւ մեզ, Տէ՜ր Աստուած մեր, քանզի քեզ ենք ապաւինում եւ քո անունով ելանք այս բազմութեան դէմ: Ո՜վ Տէր Աստուած մեր, թող մարդը քո դէմ յաղթանակ չտանի»: 12 Եւ Տէրը հարուածեց եթովպացիներին Յուդայի երկրի մարդկանց աչքի առջեւ, ու եթովպացիները փախան: 13 Ասան եւ իր զօրքը հալածեցին նրանց մինչեւ Գեդոր, եւ եթովպացիներից այնքան մարդ ընկաւ, որ նրանցից ոչ մէկը կենդանի չմնաց, քանզի կոտորուեցին Տիրոջ ու նրա զօրութեան առջեւ: 14 Յուդայի երկրի մարդիկ շատ աւար վերցրին եւ կործանեցին Գեդորի շուրջը գտնուող նրանց գիւղերը, քանզի Տիրոջից հասած արհաւիրքն էր պատել նրանց: Նրանք աւար առան նրանց բոլոր քաղաքները, քանի որ հարուստ աւար կար այդտեղ: 15 Նրանք նաեւ քանդեցին նրանց հօտերի պահակների վրանները, կոտորեցին ամազոնուհիներին, քշեցին տարած բազում ոչխարներ եւ ուղտեր ու վերադարձան Երուսաղէմ:

15

ԱՍԱՅԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Տիրոջ հոգին իջաւ Ադադի որդի Ազարիասի վրայ: Նա, կանգնելով Ասայի եւ ամբողջ Յուդայի ու Բենիամինի երկրների ամբողջ ժողովրդի առջեւ, ասաց. «Լսեցէ՛ք ինձ, ո՜վ Ասա եւ Յուդայի ու Բենիամինի երկրների բոլո՛ր մարդիկ: Տէրը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ էք: Արդ, եթէ դուք նրան փնտռէք, նա կը յայտնուի ձեզ, եւ եթէ լքէք նրան, նա էլ ձեզ կը լքի: Երկար ժամանակ Իսրայէլը եղել է առանց ճշմարիտ Աստծու, առանց քահանայի, որ ուսուցանէր, եւ առանց օրէնքի, որ նրանց դարձնէր դէպի Իսրայէլի Տէր Աստուածը, բայց Տէրը նրանց մէջ էր: Այդ ժամանակներում չկար ապահովութիւն դուրս եկողի ու ներս մտնողի համար, քանզի Տիրոջ սարսափն էր ընկել գաւառների բոլոր բնակիչների վրայ: Ազգը ազգի դէմ էր պատերազմում, եւ քաղաքը՝ քաղաքի, քանզի Աստուած ամէն տեսակ նեղութիւններով զարհուրեցրել էր նրանց: Արդ, դուք զօրացէ՛ք, ու ձեր ձեռքերը թող չթուլանան, քանզի ձեր գործերը վարձ են ունենալու»:

Երբ Ասան լսեց այս խօսքերը եւ Ազարիաս մարգարէի մարգարէութիւնը, զօրացաւ եւ Յուդայի ու Բենիամինի երկրներից եւ այն քաղաքներից, որ գրաւել էր Եփրեմի լերան վրայ, դուրս գցեց ամէն տեսակ կուռքերը: Նա կատարեց նաեւ Տիրոջ տաճարի առջեւում գտնուող Տիրոջ զոհասեղանի նաւակատիքը: Նա ժողովեց հաւաքեց Յուդայի ու Բենիամինի երկրների մարդկանց, ինչպէս եւ Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի ցեղերից նրանց մօտ գտնուող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ նրանց Տէր Աստուածը նրա հետ է, Իսրայէլից անցել-գնացել էին նրա կողմը: 10 Ասայի թագաւորութեան տասնհինգերորդ տարուայ երրորդ ամսին նրանք հաւաքուեցին Երուսաղէմում: 11 Այդ օրը նա բերուած աւարից Տիրոջ համար զոհաբերեց եօթը հարիւր զուարակ ու եօթը հազար ոչխար: 12 Նա ուխտ դրեց, որ իրենց Տէր Աստծուն պէտք է պաշտեն ամբողջ սրտով եւ ամբողջ հոգով: 13 Ով չէր պաշտի Իսրայէլի Տէր Աստծուն, պէտք է մեռնէր, լինի երիտասարդ թէ ծեր, տղամարդ թէ կին: 14 Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդուեցին Տիրոջը: 15 Ամբողջ Յուդայի երկիրը ուրախացաւ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդուեցին եւ յօժարակամ պաշտեցին Նրան: Տէրը նրանց մէջ էր. Նա համատարած հանգստութիւն պարգեւեց նրանց: 16 Ասան իր մօրը452՝ Մաաքային հեռացրեց, քանզի սա Աստարտի քրմուհի էր, ու խորտակելով կուռքերը՝ այրեց դրանք Կեդրոնի հեղեղատում: 17 Բարձրադիր մեհեանները, սակայն, չվերացուեցին. դրանք տակաւին կային Յուդայի երկրում ու Իսրայէլում, թէեւ Ասայի սիրտն իր կեանքի բոլոր օրերին լի էր Աստուծով: 18 Նա ներս տարաւ իր նախահայր Դաւթի սրբութիւնները եւ Տէր Աստծու սրբութիւնները՝ արծաթ, ոսկի ու սպասք: 19 Պատերազմ չեղաւ մինչեւ Ասայի թագաւորութեան երեսունհինգերորդ տարին:

16

ԱՍԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԲԱԱՍ ԱՐՔԱՅԻ ԴԷՄ

(Գ Թագ. 15.17-22)

Ասայի թագաւորութեան երեսունութերորդ տարում Իսրայէլի Բաաս արքան յարձակուեց Յուդայի երկրի վրայ: Նա ամրացրեց Հռաման, որ փակի Յուդայի երկրի արքայ Ասայի ելումուտը: Ասան ոսկի ու արծաթ վերցնելով Տիրոջ տան եւ թագաւորական տան գանձատներից՝ ուղարկեց ասորիների արքայ Ադերի որդուն, որ բնակւում էր Դամասկոսում, ասելով. «Դաշի՛նք կնքիր իմ ու քո միջեւ, ինչպէս որ կար իմ հօր ու քո հօր միջեւ: Ահաւասիկ ես քեզ արծաթ ու ոսկի եմ ուղարկում, որ յետ դարձնես Իսրայէլի Բաաս արքային, որպէսզի նա ինձնից հեռանայ»: Ասորիների արքայ Ադերի որդին անսաց եւ իր զօրքի իշխաններին ուղարկեց Իսրայէլի քաղաքների դէմ, որոնք հարուած հասցրին Աւոնին, Դանին, Աբելմայինին եւ Նեփթաղիմ գաւառի շրջակայ ամբողջ երկրին: Երբ Բաասը լսեց այդ մասին, հրաժարուեց Հռաման ամրացնելուց, եւ նրա այդ գործը կանգ առաւ: Ասա արքան հաւաքեց Յուդայի երկրի բոլոր մարդկանց եւ տանելով Բաասի կառուցած Հռամայի ամրութիւնների քարերն ու փայտը՝ դրանցով ամրացրեց Գաբաան ու Մասփան:

ԱՆԱՆԻԱՍ ՄԱՐԳԱՐԷՆ

Այն ժամանակ Յուդայի երկրի Ասա արքայի մօտ եկաւ Անանիաս մարգարէն եւ ասաց նրան. «Քանի որ ապաւինեցիր ասորիների արքային եւ ոչ թէ քո Տէր Աստծուն, այդ պատճառով Իսրայէլի արքայի զօրքը փրկուեց քո ձեռքից: Մի՞թէ եթովպացիներն ու լիբիացիները մեծաթիւ զօրք չունէին եւ համարձակութեամբ չյարձակուեցին չափազանց շատ հեծեալներով: Բայց քանի որ դու ապաւինել էիր քո Տիրոջը, Տէրը նրանց քո ձեռքը մատնեց, քանզի Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին, որպէսզի նա զօրացնի բոլոր նրանց, որոնց սրտերը ուղիղ են: Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից յետոյ քո երկիրը պատերազմներ է ունենալու»: 10 Ասան զայրացաւ մարգարէի վրայ եւ նրան բանտարկեց, որովհետեւ այդ բանի համար բարկացել էր: Այդ ժամանակ Ասան սկսեց դաժան վերաբերուել ժողովրդի հանդէպ:

ԱՍԱՅԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(Գ Թագ. 15.23-24)

11 Ասայի առաջին եւ վերջին գործերը գրի են առնուած Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում: 12 Ասայի ոտքերը թուլացան իր թագաւորութեան երեսունիններորդ տարում. նա ծանրօրէն հիւանդացաւ: Իր հիւանդութեան ժամանակ նա Տիրոջը չապաւինեց, այլ՝ բժիշկներին: 13 Ասան վախճանուեց իր թագաւորութեան քառասունմէկերորդ տարում եւ գնաց իր նախնիների գիրկը: 14 Նրան թաղեցին այն գերեզմանում, որ ինքն իր համար էր փորել տուել Դաւթի քաղաքում: Նրան գահաւորակի վրայ դրեցին, առատ խնկերով ու զանազան իւղերով օծեցին ու շատ մեծ յուղարկաւորութեամբ թաղեցին:

17

ՅՈՍԱՓԱՏԸ ԹԱԳԱՒՈՐ. ՆՐԱ ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ ՏԻՐՈՋ ՀԱՆԴԷՊ

Ասայի փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յոսափատը: Յոսափատը իր իշխանութիւնը զօրացրեց Իսրայէլի դէմ: Նա զօրքեր դրեց Յուդայի երկրի բոլոր ամրացուած քաղաքներում, հրամանատարներ նշանակեց Եփրեմի երկրի բոլոր քաղաքներում, որոնք իր հայր Ասան էր գրաւել: Տէրը Յոսափատի հետ էր, քանզի նա ընթացաւ իր նախահօր՝ Դաւթի իշխանութեան սկզբում որդեգրած ճանապարհով. կուռքեր չպաշտեց, այլ իր նախահօր Տէր Աստծուն պաշտեց, իր նախահօր պատուիրաններով առաջնորդուեց եւ ոչ թէ Իսրայէլի թագաւորութեան նման վարուեց: Նրա թագաւորութիւնը բարգաւաճեց նրա ձեռքում, եւ ամբողջ Յուդայի երկիրը Յոսափատին ընծաներ էր տալիս. նա ձեռք բերեց մեծ հարստութիւն ու փառք: Նրա սիրտը նուիրուեց Տիրոջ ճանապարհներին, եւ նա եւս Յուդայի երկրից վերացրեց բարձրադիր մեհեաններն ու կուռքերը:

Իր թագաւորութեան երրորդ տարում նա իր իշխաններին ու զօրականներին՝ Աբդիասին, Զաքարիասին, Նաթանայէլին ու Միքէասին ուղարկեց ուսուցանելու Յուդայի երկրի քաղաքներում: Նրանց հետ էին ղեւտացիներ Սամուիասը, Նաթանաասը, Զաբդիասը, Ասիէլը, Սեմիրամոթը, Յովնաթանը, Ադոնիասը եւ Տաբադոնիասը՝ բոլորն էլ ղեւտացիներ: Նրանց հետ էին Եղիսամա ու Յորամ քահանաները: Նրանք ուսուցանում էին Յուդայի երկրում՝ իրենց մօտ ունենալով Տիրոջ Օրէնքների գիրքը: Նրանք անցնում էին Յուդայի երկրի քաղաքներով եւ ուսուցանում ժողովրդին:

ՅՈՍԱՓԱՏԻ ՀԶՕՐՈՒԹԻՒՆԸ

10 Տիրոջ սարսափն էր պատել Յուդայի երկրի շուրջը գտնուող երկրների թագաւորներին, ու նրանք ոչ մի պատերազմ չէին մղում Յոսափատի դէմ: 11 Այլազգիները Յոսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու նուէրներ, իսկ արաբները նրան բերում էին եօթը հազար եօթը հարիւր խոյ եւ եօթը հազար եօթը հարիւր նոխազ: 12 Յոսափատը գնալով աւելի մեծ հարստութեան էր տիրանում: Նա Հրէաստանում շինեց տներ ու ամրացուած քաղաքներ: 13 Նա բազում գործեր կատարեց Հրէաստանում: Հզօր պատերազմիկներ կային Երուսաղէմում: 14 Նրանց թիւը, ըստ նրանց տոհմատների, այս էր. Յուդայի ցեղի հազարապետներն էին Եդնաս իշխանը, որն ունէր երեք հարիւր հազար ուժեղ զինուոր: 15 Նրանից յետոյ Յովնան իշխանն էր, որն ունէր երկու հարիւր ութսուն հազար զինուոր: 16 Նրանից յետոյ Զաքարիայի որդի Մասէասն էր, որը Տիրոջ նուիրեալն էր: Նա ունէր երկու հարիւր հազար ուժեղ զինուոր: 17 Բենիամինի ցեղից էր հզօր Եղիադան, որն ունէր երկու հարիւր հազար աղեղնաւորներ ու պարսաւորներ: 18 Նրանից յետոյ Յոզաբադն էր, որն ունէր հարիւր ութսուն հազար հզօր պատերազմող մարդիկ: 19 Սրանք էին արքային ծառայութիւն անողները, բացի նրանցից, որոնց կարգել էր արքան ամբողջ Հրէաստանի ամրացուած քաղաքներում:

18

ՅՈՍԱՓԱՏԻ ԴԱՇԻՆՔԸ ԱՔԱԱԲԻ ՀԵՏ

(Գ Թագ. 22.1-28)

Յոսափատը էլ աւելի շատ հարստութիւն ու մեծ փառք ունեցաւ եւ խնամութիւն արեց Աքաաբի տան հետ: Տարեվերջին նա գնաց Աքաաբի մօտ, Սամարիա, եւ Աքաաբը նրա ու նրա հետ եկած զօրքի համար շատ ոչխար ու զուարակ մորթեց եւ փորձեց նրան համոզել, որ միասին յարձակուեն Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ: Իսրայէլի արքայ Աքաաբն ասաց Յուդայի երկրի արքայ Յոսափատին. «Ինձ հետ Գաղաադի Ռամոթ քաղաքի դէմ կը յարձակուե՞ս»: Սա ասաց. «Մի ենք ես ու դու, մի են քո զօրքն ու իմ զօրքը քեզ համար պատերազմում»:

ՄԱՐԳԱՐԷՆԵՐԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՅԱՋՈՂՈՒԹԻՒՆԸ

Յոսափատն ասաց Իսրայէլի արքային. «Այսօր հարցնենք Տիրոջը»: Իսրայէլի արքան հաւաքեց Իսրայէլի մարգարէներին՝ չորս հարիւր մարդ, եւ հարցրեց նրանց. «Գաղաադի Ռամոթ քաղաքը պատերազմի գնա՞մ, թէ՞ յետ կանգնեմ»: Նրանք ասացին. «Գնա՛, եւ Աստուած քեզ՝ արքայիդ, յաջողութիւն կը պարգեւի»: Յոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարէ չկա՞յ, որ նրան էլ հարցնենք»: Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կայ, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետեւ նա ինձ համար լաւ բան չի մարգարէանում, եւ նրա բոլոր օրերը չարութեամբ են լցուած: Դա Յեմլայի որդի Միքիասն է»: Յոսափատն ասաց. «Թող արքան այդպէս չխօսի»:

Եւ Իսրայէլի արքան մի ներքինի կանչեց ու ասաց. «Շտապ այստե՛ղ բեր Յեմլայի որդի Միքիասին»: Իսրայէլի արքան եւ Յուդայի երկրի Յոսափատ արքան, ամէն մէկը պատմուճանը հագած, նստել էին իրենց գահին: Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջեւ, մի ընդարձակ տեղ, եւ բոլոր մարգարէները նրանց առջեւ մարգարէանում էին: 10 Քանանի որդի Սեդեկիասը, որ երկաթէ եղջիւրներ էր պատրաստել, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Սրանցով պիտի հարուածես ասորիներին, մինչեւ որ բնաջնջես նրանց”»: 11 Բոլոր մարգարէները նոյնպէս մարգարէանում էին՝ ասելով. «Յարձակուի՛ր Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ, յաջողութիւն կ՚ունենաս, եւ Տէրը քո՝ արքայիդ ձեռքը կը յանձնի այն»:

12 Սուրհանդակը, որ գնացել էր Միքիասին կանչելու, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ահա մարգարէները միաբերան բարեգուշակ բաներ ասացին յօգուտ արքայի, դու էլ նրանց ասածի պէս մի բա՛ն ասա, լաւ բա՛ն գուշակիր»: 13 Միքիասն ասաց. «Կենդանի է Տէրը. ինչ որ Աստուած ինձ ասի, այն էլ կ՚ասեմ»:

14 Նա եկաւ արքայի մօտ, եւ արքան նրան ասաց. «Միքիա՛ս, Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ յարձակուե՞մ, թէ՞ յետ կանգնեմ»: Եւ նա ասաց. «Յարձակուի՛ր եւ յաջողութիւն կը գտնես, նրանք ձեր ձեռքը կ՚ընկնեն»: 15 Ասաց նրան արքան. «Քանի անգամ եմ քեզ երդուել տուել, որ, Տիրոջ անունով, ճշմարտութիւնից բացի ինձ այլ բան չասես»: 16 Միքիասն ասաց. «Տեսայ, որ իսրայէլացիները ցրուած են լեռների վրայ հովիւ չունեցող ոչխարների պէս, եւ Տէրն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամէն մարդ իր տունը վերադառնայ խաղաղութեամբ”»: 17 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակութիւն չի անի, այլ՝ չար»: 18 Իսկ Միքիասն ասաց. «Ճիշտ չէ: Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը: Ես տեսայ Տիրոջը, որ նստած էր իր աթոռին, եւ երկնքի բոլոր զօրքերը կանգնած էին նրա աջ ու ձախ կողմերին: 19 Տէրն ասաց. “Ո՞վ կը խաբի Իսրայէլի արքայ Աքաաբին, որ վեր կենայ ու յարձակուի Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ”: Մէկն այսպէս խօսեց, միւսն՝ այնպէս: 20 Մի ոգի ելաւ ու կանգնելով Տիրոջ առջեւ՝ ասաց. “Ես կը խաբեմ նրան”: Տէրն ասաց. “Ի՞նչպէս”: 21 Նա ասաց. “Ես կը գնամ ու սուտ ոգի կը լինեմ նրա բոլոր մարգարէների բերանում”: Տէրն ասաց. “Դու կը խաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ եւ արա՛ այդպէս”: 22 Ահա Տէրը սուտ ոգի է դրել քո այդ մարգարէների բերանում, այդ պատճառով էլ Տէրը քեզ համար վատ բան է գուշակում»:

23 Այն ժամանակ Քանանի որդի Սեդեկիասը մօտենալով Միքիասին՝ հարուածեց նրա ծնօտին ու ասաց. «Ո՞ր ճանապարհով Տիրոջ ոգին անցաւ իմ մէջ եւ խօսեց քեզ հետ»: 24 Միքիասն ասաց. «Ահա դու կը տեսնես այն օրը, երբ պահասենեակից պահասենեակ կը մտնես, որ թաքնուես»:

25 Իսրայէլի արքան ասաց. «Բռնեցէ՛ք Միքիասին, յե՛տ տարէք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Յովասի մօտ 26 եւ ասացէ՛ք. “Այսպէս է ասում արքան. սրան բա՛նտ դրէք, ու թող նա մի կտոր հացով ու մի կում ջրով սնուի, մինչեւ որ ես խաղաղութեամբ վերադառնամ”»: 27 Միքիասն ասաց. «Եթէ իրօք խաղաղութեամբ վերադառնաս, ուրեմն Տէրը ինձ հետ չի խօսել: Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսեցէ՛ք»:

ՌԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ

(Գ Թագ. 22.29-35)

28 Իսրայէլի արքան ու Յուդայի երկրի արքայ Յոսափատը յարձակուեցին Գաղաադի Ռամոթ քաղաքի վրայ: 29 Իսրայէլի արքան ասաց Յոսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպէս մտնեմ պատերազմի մէջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»: Իսրայէլի արքան ծպտուեց եւ մտաւ պատերազմի մէջ: 30 Ասորիների արքան իր մարտակառքերի հրամանատարներին, որոնք իր մօտ էին, ասաց. «Մի՛ կռուէք ո՛չ շարքայինի, ո՛չ էլ նրանց մեծաւորների դէմ, այլ միայն՝ Իսրայէլի արքայի դէմ»: 31 Եւ երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Յոսափատին, ասացին. «Սա է Իսրայէլի արքան»: Եւ շրջապատեցին նրան, որ կռուեն նրա դէմ: Յոսափատը աղաղակեց, ու Տէրը փրկեց նրան: Աստուած նրանց հեռացրեց նրա մօտից: 32 Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան, որ նա Իսրայէլի արքան չէ, նրան հետապնդելուց դադարեցին: 33 Մի մարդ ամբողջ ուժով լարեց աղեղը եւ լանջապանակի միջով խոցեց Իսրայէլի արքայի թոքերը: Նա ասաց իր ներքինուն. «Կառքը յե՛տ դարձրու եւ ինձ հանի՛ր պատերազմի դաշտից, որովհետեւ մահացու վիրաւոր եմ»: 34 Այդ օրը պատերազմը սաստկացաւ, եւ Իսրայէլի արքան մինչեւ երեկոյ մնաց իր մարտակառքի վրայ, ասորիների դիմաց եւ արեգակի մայր մտնելու ժամանակ մեռաւ:

19

ՅՈՍԱՓԱՏԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐՈՒՄ ԴԱՏԱՒՈՐՆԵՐ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ

Յոսափատ արքան խաղաղութեամբ վերադարձաւ իր տունը, Երուսաղէմ: Նրան ընդառաջ եկաւ Անանիա մարգարէի որդի Յէուն եւ ասաց Յոսափատ արքային. «Պէ՞տք էր, որ մեղաւորին օգնէիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինէիր: Այդ պատճառով քեզ վրայ իջաւ Տիրոջ բարկութիւնը, բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Յուդայի երկրից վերացրել էիր բարձրադիր մեհեանները եւ սրտով Տիրոջն էիր յարել, ուստի Տէրը քեզ փրկեց»: Յոսափատը ապրեց Երուսաղէմում, կրկին դուրս եկաւ ժողովրդի մէջ Բերսաբէէից մինչեւ Եփրեմի լեռը եւ մարդկանց վերստին դարձրեց դէպի իրենց հայրերի Տէր Աստուածը: Նա դատաւորներ կարգեց Յուդայի երկրի բոլոր քաղաքներում, ամէն մի ամրացուած քաղաքում: Նա ասաց դատաւորներին. «Տեսէ՛ք, թէ դուք ինչ էք անում, ձեր դատը մարդկանց չի վերաբերում, այլ՝ Տիրոջը: Արդարութիւնը ձեր կողմն է: Արդ, Տիրոջ երկիւղը թող ձեզ վրայ լինի, պահեցէ՛ք Օրէնքը եւ գործադրեցէ՛ք, քանզի մեր Տէր Աստուածը անիրաւութիւն եւ կողմնակալութիւն չի անում եւ չի կաշառւում»:

Յոսափատը քահանաներից, ղեւտացիներից եւ Իսրայէլի տոհմապետերից դատաւորներ կարգեց նաեւ Երուսաղէմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատեն Երուսաղէմի բնակիչներին: Նա նրանց պատուիրեց՝ ասելով. «Տիրոջ երկիւղով, ճշմարտութեամբ ու կատարեալ սրտով այսպէս կը վարուէք. 10 եթէ իրենց քաղաքներում բնակուող ձեր եղբայրներից որեւէ մէկը արեան դիմաց արեան, օրէնքին ու պատուիրանին, իրաւունքներին ու դատաստաններին վերաբերող գործով դիմի ձեզ, ապա բացատրեցէ՛ք նրանց, որ չմեղանչեն Աստծու դէմ, որ նրանք չբարկանան ո՛չ ձեր վրայ, ո՛չ էլ՝ ձեր եղբայրների: Այսպէս արէ՛ք եւ չէք մեղանչի: 11 Եւ ահա Ամարիաս քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայէլի որդի Զաբդիասը Յուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ քարտուղարներն ու ղեւտացիները ձեր կողքին են. զօրացէ՛ք ու գործեցէ՛ք, եւ Տէրը բարուն աջակից պիտի լինի»:

20

ՅԱՐՁԱԿՈՒՄ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՎՐԱՅ. ՅՈՍԱՓԱՏԻ ԱՂՕԹՔԸ

Դրանից յետոյ ամոնացիներն ու մովաբացիները, նրանց հետ նաեւ մինեցիներից ոմանք եկան Յոսափատի դէմ պատերազմելու: Եկան ու այդ բանը յայտնեցին Յոսափատին՝ ասելով. «Քեզ վրայ մեծ բազմութիւն է յարձակւում ծովի այն կողմից՝ Ասորիքից, եւ ահա նրանք Ասասանթամարում են, այսինքն՝ Գադդիում»: Յոսափատը վախեցաւ, երեսն ուղղելով դէպի Տէրը՝ աղօթեց եւ յայտարարեց, որ ծոմ պահեն ամբողջ Յուդայի երկրում: Յուդայի երկրի բնակիչները հաւաքուեցին, որ դիմեն Տիրոջը. Յուդայի երկրի բոլոր քաղաքներից եկան դիմելու Տիրոջը: Յոսափատը Երուսաղէմում, Տիրոջ տանը, դրա նոր գաւթի դիմաց կանգնեց Յուդայի երկրի ժողովականների մէջ ու աղօթեց. «Ո՜վ մեր հայրերի Տէր Աստուած, չէ՞ որ դո՛ւ ես Աստուած երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագաւորութիւնների վրայ. քո ձեռքում է իշխանութեան ուժը, եւ ոչ ոք չի կարող քեզ դէմ կանգնել: Չէ՞ որ, Տէ՜ր, քո իսրայէլացի ժողովրդի առաջ դո՛ւ ոչնչացրիր այս երկրի բնակիչներին եւ երկիրը յաւիտեան տուեցիր քո սիրելի Աբրահամի յետնորդներին: Սրանք բնակուեցին այստեղ եւ այստեղ էլ շինելով քո անուան սրբարանը՝ ասացին. “Եթէ մեզ վրայ գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կը կանգնենք այս տան առջեւ եւ քո առջեւ, քանզի քո անունը այս տան վրայ է, քեզ կը կանչենք նեղութեան մէջ լինելու դէպքում, եւ դու կը լսես ու կը փրկես մեզ”: 10 Եւ արդ, ահա ամոնացիները, մովաբացիները եւ Սէիր լերան բնակիչները, որոնց երկրով թոյլ չտուեցիր անցնել, երբ իսրայէլացիները Եգիպտոսից դուրս եկան եւ շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց, 11 ահաւասիկ նրանք յանդգնել են մեզ վրայ յարձակուել ու մեզ հանել ժառանգութիւն ստացած մեր երկրից, որը դու ես տուել մեզ: 12 Ո՜վ Տէր Աստուած մեր, մի՞թէ նրանց դատաստանը չես տեսնելու: Չէ՞ որ մենք զօրութիւն չունենք այս մեծ բազմութեան դէմ կանգնելու եւ չգիտենք, թէ ինչ անենք նրանց դէմ: Մեր աչքերը քեզ են ուղղուած»: 13 Յուդայի երկրի ողջ բնակչութիւնը, նաեւ երեխաներն ու կանայք կանգնած էին Տիրոջ առջեւ:

ՏԷՐԸ ՅԱՂԹԱՆԱԿ Է ՏԱԼԻՍ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻՆ

14 Ասափի որդիներից ղեւտացի Մաթանիայի որդի Եղիէլի որդի Բանիասի որդի Զաքարիայի որդի Օզիէլի վրայ հաւաքի ժամանակ իջաւ Տիրոջ հոգին, 15 եւ Օզիէլն ասաց. «Լսեցէ՛ք, Յուդայի մարդի՛կ, Երուսաղէմի բնակիչնե՛ր եւ Յոսափա՛տ արքայ, Տէրը ձեզ այսպէս է ասում. “Մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք այս մեծ բազմութիւնից, քանզի պատերազմը ձերը չէ, այլ՝ Աստծունը: 16 Վաղն եւեթ յարձակուեցէ՛ք նրանց վրայ: Ահա նրանք իջնում են Ասերի զառիվայրով, եւ դուք նրանց կը գտնէք Յերիէլի անապատում գտնուող գետի եզերքին: 17 Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմէք: Հասկացէ՛ք ու կը տեսնէք ձեզ հետ եղող Տիրոջ փրկութիւնը: Յուդայի՛ երկիր եւ Երուսաղէ՛մ, մի՛ վախեցէք ու մի՛ զարհուրէք. վաղը յարձակուեցէ՛ք նրանց վրայ, քանզի Տէրը ձեզ հետ է»: 18 Յոսափատը, ամբողջ Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչները երեսնիվայր խոնարհուելով՝ ընկան Տիրոջ առջեւ ու երկրպագեցին Տիրոջը: 19 Եւ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղեւտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տէր Աստծուն:

20 Նրանք առաւօտեան կանուխ զարթնելով՝ գնացին Թեկուայի անապատը: Երբ նրանք վեր էին կենում, Յոսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեցէք, Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, հաւատացէ՛ք մեր Տէր Աստծուն, եւ նա էլ ձեզ կը հաւատայ, հաւատացէ՛ք նրա մարգարէներին ու յաջողութիւն կ՚ունենաք»: 21 Նա խորհուրդ արեց ժողովրդի հետ եւ կարգեց սաղմոսերգուներ ու օրհնաբանողներ, որ զօրքի առջեւից ընթանալիս փառք տան ու օրհնաբանեն սրբութիւնները: Նրանք ասում էին. «Փառք տանք Տիրոջը, քանզի նրա ողորմածութիւնը յաւիտեան է»:

22 Երբ նրանք սկսել էին օրհնել ու փառաբանել Տիրոջը, Տէրը ամոնացիներին կռուի հանեց մովաբացիների ու Սէիր լերան բնակիչների դէմ, որոնք եկել էին Յուդայի երկրի վրայ յարձակուելու: Եւ նրանք պարտուեցին: 23 Ամոնացիներն ու մովաբացիները յարձակուեցին Սէիր լերան բնակիչների վրայ, որ կոտորեն ու ոչնչացնեն նրանց: Երբ Սէիրի բնակիչներին իսպառ բնաջնջեցին, այս անգամ սրանք իրար վրայ յարձակուեցին ու կոտորեցին միմեանց: 24 Յուդայի երկրի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանուած են, գետին ընկած, ու ոչ ոք չէր փրկուել: 25 Յոսափատն ու զօրքը եկան կողոպտելու նրանց աւարը: Նրանք գտան մեծ թուով անասուններ, հանդերձանք, աւար ու թանկարժէք առարկաներ եւ այս ամէնը կողոպտեցին: Նրանք երեք օր հաւաքում էին աւարը, որովհետեւ չափազանց շատ էր:

26 Չորրորդ օրը նրանք հաւաքուեցին Օրհնութեան հովտում, որովհետեւ այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչուեց Օրհնութեան հովիտ. եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր: 27 Յուդայի երկրի բոլոր մարդիկ վերադարձան Երուսաղէմ: Յոսափատը նրանց առաջնորդեց մեծ ուրախութեամբ, քանզի Տէրը նրանց ուրախութիւն էր տուել՝ ազատելով նրանց իրենց թշնամիներից: 28 Նրանք մտան Երուսաղէմ, Տիրոջ տունը քնարներով, տաւիղներով ու փողերով: 29 Երբոր երկրի բոլոր թագաւորութիւնները լսեցին, որ Տէրն է պատերազմել Իսրայէլի թշնամիների դէմ, Տիրոջ վախն ընկաւ նրանց վրայ: 30 Յոսափատի թագաւորութիւնը խաղաղուեց, եւ նրա Աստուածը ամէն կողմից հանգստացրեց նրան:

ՅՈՍԱՓԱՏԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(Գ Թագ. 22.41-50)

31 Յոսափատը իշխեց Յուդայի երկրի վրայ: Նա երեսունհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Ազուբա էր, որը Սալիի դուստրն էր: 32 Յոսափատն ընթացաւ իր հօր՝ Ասայի ճանապարհներով, չխոտորուեց Տիրոջ ճանապարհից, 33 թէեւ տակաւին բարձրադիր մեհեաններ կային, եւ ժողովուրդն իր սիրտը չէր ուղղել իր հայրերի Տէր Աստծուն: 34 Յոսափատի մնացած գործերը, առաջինից մինչեւ վերջինը, գրուած են Անանի որդի Յէուի պատմութեան մէջ. նա է գրի առել Իսրայէլի թագաւորների պատմութիւնը: 35 Դրանից յետոյ Յուդայի երկրի արքայ Յոսափատը բարեկամացաւ Իսրայէլի արքայ Օքոզիայի հետ. 36 Յոսափատը անօրէնութիւն գործեց, երբ վեր կացաւ ու գնաց Օքոզիայի մօտ, որ նաւ պատրաստի ու գնայ Թարսիս: Նա նաւ պատրաստեց Գասիոնգաբերում: 37 Մարեսացի Օդրիի որդի Եղիազարը Յոսափատի մասին մարգարէանալով ասաց. «Քանի որ Օքոզիային սիրելի դարձար, Տէրը պիտի խառնի քո գործերը, քո նաւը պիտի խորտակուի, եւ դու չպիտի կարողացաս Թարսիս գնալ»:

21

Յոսափատը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ:

ՅՈՐԱՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ

(Դ Թագ. 8.17-24)

Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յորամը: Նա ունէր վեց եղբայր, որոնք Յոսափատի որդիներն էին. Եզրիաս, Եէլ, Զաքարիաս, Միսայէլ, Սափատիաս եւ Ազարիու: Սրանք բոլորը Յուդայի երկրի արքայ Յոսափատի որդիներն էին: Հայրը նրանց տուել էր բազում պարգեւներ՝ արծաթ, ոսկի, զէնքեր, ինչպէս նաեւ ամրացուած քաղաքներ Յուդայի երկրում, իսկ թագաւորութիւնը յանձնել էր Յորամին, քանզի նա էր անդրանիկը: Յորամն ստանձնելով թագաւորութիւնը՝ հզօրացաւ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաեւ Իսրայէլի մի շարք իշխանների:

Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա արեց այն, ինչ որ Աքաաբի տունն էր արել, քանի որ նրա կինը Աքաաբի դուստրն էր: Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, սակայն Տէրը չուզեց կործանել Դաւթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դաւթի հետ, եւ ինչպէս ասել էր նրան՝ միշտ մի ճրագ էր տալու նրան ու նրա որդիներին:

Այդ օրերին Յուդայի երկրի դէմ ապստամբեցին եդոմացիները, որոնք իրենց համար թագաւոր ընտրեցին: Յորամը գնաց իր իշխաններով ու հեծեալներով հանդերձ եւ գիշերը վեր կենալով՝ յարձակուեց եդոմացիների ու նրանց մարտակառքերի հրամանատարների վրայ, որոնք պաշարել էին իրեն: Եդոմացիների զօրքը փախաւ դէպի իրենց վրանները: 10 Եդոմն ազատուեց Յուդայի երկրի գերիշխանութիւնից. եւ այդպէս է մինչեւ այսօր: Այդ ժամանակ ապստամբեց Լոբնան Յորամի իշխանութեան դէմ, քանզի Յորամը լքել էր իր հայրերի Տէր Աստծուն, 11 բարձրադիր մեհեաններ էր կառուցել տուել Յուդայի երկրի քաղաքներում, չաստուածներ պաշտելու էր մղել Երուսաղէմի բնակիչներին ու մոլորեցրել Յուդայի երկիրը: 12 Եղիա մարգարէից նրան պատգամագիր եկաւ, ուր ասուած էր. «Այսպէս է ասում քո նախահօր՝ Դաւթի Տէր Աստուածը. “Քանի որ չընթացար քո հօր՝ Յոսափատի ուղիով եւ ոչ էլ Յուդայի երկրի արքայ Ասայի ուղիով, 13 այլ ընթացար Իսրայէլի թագաւորի ուղիով, չաստուածներ պաշտելու մղեցիր Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, ինչպէս որ արել էր Աքաաբի տունը, եւ քո հօր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լաւ էին, սպանեցիր, 14 դրա համար էլ Տէրը քո ժողովրդի ներկայութեամբ քեզ, քո որդիներին, քո կանանց եւ քո ամբողջ ունեցուածքին մեծ հարուածներ է հասցնելու: 15 Դու ծանր հիւանդութեամբ ու որովայնի ախտով պիտի մաշուես, մինչեւ որ քո ախտահարուած փորոտիքը օրէցօր դուրս թափուի”»:

16 Եւ Տէրը Յորամի դէմ հանեց այլազգիներին եւ եթովպացիների հարեւան արաբներին: 17 Նրանք յարձակուեցին Յուդայի երկրի վրայ, կողոպտեցին այն եւ տարան արքայի տան ամբողջ հարստութիւնը, նրա տղաներին ու աղջիկներին, եւ նա զրկուեց իր բոլոր որդիներից, բացի կրտսերագոյն որդուց՝ Օքոզիասից:

18 Դրանից յետոյ Տէրը նրան հարուածեց եւ որովայնի անբուժելի հիւանդութիւն տուեց: 19 Որոշ ժամանակ անց երբ հասաւ նրա վախճանը, ամբողջ երկու օր նրա ախտահարուած փորոտիքը դուրս թափուեց, եւ նա մեռաւ այդ ծանր հիւանդութիւնից: Ժողովուրդը նրան յուղարկաւորութիւն չարեց, ինչպէս որ արել էր նրա նախնիներին: 20 Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ ութ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նա մեռաւ առանց դրուատանքի խօսքի: Նա թաղուեց Դաւթի քաղաքում, բայց ոչ թագաւորների գերեզմանոցում:

22

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕՔՈԶԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 8.25-29, 9.21-28)

Երուսաղէմի բնակիչները Յորամի փոխարէն գահ բարձրացրին նրա կրտսերագոյն որդուն՝ Օքոզիասին, քանզի նրա բոլոր աւագ եղբայրներին սպանել էին նրանց վրայ յարձակուած աւազակախմբերը, արաբները եւ ալիմազոնացիները: Թագաւոր դարձաւ Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը: Օքոզիասը թագաւոր դարձաւ, երբ քսաներկու տարեկան էր: Նա մէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Գոթողիա էր: Սա Ամրիի դուստրն էր: Օքոզիասն ընթացաւ Աքաաբի տան ճանապարհով, քանզի նրա մայրը մեղանչելու գործում նրա խորհրդականն էր: Օքոզիասը չարիք գործեց Տիրոջ առջեւ, ինչպէս արել էին Աքաաբի տան մարդիկ, քանի որ հօր մահից յետոյ նրան կործանելու համար նրանք էին դարձել իր խորհրդականները: Նա առաջնորդուեց նրանց խորհուրդներով, Աքաաբի որդի Յորամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքայ Ազայէլի դէմ պատերազմելու: Եւ աղեղնաւորները վիրաւորեցին Յորամին: Յորամը վերադարձաւ Յեզրայէլ, որ բուժուի այն վէրքերից, որ ասորիները պատճառել էին Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքայ Ազայէլի դէմ: Յուդայի երկրի արքայ Յորամի որդի Օքոզիասը եկաւ Յեզրայէլ, որ այցելի Աքաաբի որդի Յովրամին, որը հիւանդ էր: Տիրոջ պատուհասը իջաւ Օքոզիասի գլխին այն ժամանակ, երբ սա գնացել էր Յորամի մօտ: Մինչ նա գնում էր, յարձակուեց Ամեսսիի որդի, Տիրոջից օծեալ Յէուի վրայ: Երբ Յէուն վրէժ էր լուծում Աքաաբի տնից, տեսաւ, որ Յուդայի իշխանները՝ Օքոզիասի եղբօրորդիները, ծառայում էին Օքոզիասին, ուստի կոտորեց նրանց: Նա հրամայեց փնտռել գտնել Օքոզիասին: Նրան բռնեցին Սամարիայում, ուր բուժւում էր: Նրան բերեցին Յէուի մօտ, որն սպանեց նրան: Նրան թաղեցին այնտեղ, քանզի ասացին, թէ նա որդին է Յոսափատի, որն իր ամբողջ սրտով ձգտում էր Տիրոջը: Եւ Օքոզիասի տան մէջ չգտնուեց մէկը, որ ձեռք առնէր թագաւորական իշխանութիւնը:

ԳՈԹՈՂԻԱՆ ՏԻՐԱՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆԸ

10 Օքոզիասի մայրը՝ Գոթողիան, երբ տեսաւ, թէ որդին մեռել է, վեր կացաւ ու կոտորեց Յուդայի տան ամբողջ թագաւորական սերունդը: 11 Արքայադուստր Յոսաբեթը, սակայն, գողացաւ Օքոզիասի որդի Յովասին արքայի կոտորուող որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին տեղաւորեց անկողինների սենեակում: Յոսաբեթը, որը Յորամ արքայի դուստրն էր, Օքոզիասի քոյրը եւ Յովիդայէ քահանայի կինը, նրան թաքցրեց Գոթողիայից, ուստի սա չկարողացաւ սպանել նրան: 12 Նա վեց տարի նրա հետ թաքնուած մնաց Աստծու տանը: Գոթողիան վեց տարի թագաւորեց երկրում:

23

ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ ԳՈԹՈՂԻԱՅԻ ԴԷՄ. ՅՈՎԱՍ ԹԱԳԱՒՈՐ

(Դ Թագ. 11.4-16)

Եօթներորդ տարում Յովիդայէն զօրացաւ եւ վերցնելով հարիւրապետներին՝ Յորամի որդի Ազարիասին, Յովնանի որդի Իսմայէլին, Յոբադի որդի Ազարիասին, Ադայիայի որդի Մասիասին, Զաքարիայի որդի Եղիսափատին, տարաւ Տիրոջ տունը: Նրանք շրջեցին Յուդայի երկրում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներից հաւաքեցին ղեւտացիներին, Իսրայէլի տոհմերի իշխաններին եւ եկան Երուսաղէմ: Նրանք Յուդայի երկրի բոլոր ժողովականների եւ արքայի հետ ուխտ դրեցին Տիրոջ տանը: Նա նրանց ցոյց տալով արքայորդուն՝ ասաց. «Ահաւասիկ Յուդայի երկրի արքայորդին. սա՛ պէտք է թագաւորի, ինչպէս Տէրն ասել էր Դաւթի տան մասին: Արդ, պէտք է անէք հետեւեալը. ձեզնից՝ քահանաներիցդ ու ղեւտացիներիցդ նրանք, որ շաբաթ օրուայ պաշտամունք են կատարում, նրանց մէկ երրորդ մասը պէտք է պահպանի դռների մուտքը, մէկ երրորդ մասը պէտք է լինի արքայի պալատում, իսկ միւս մէկ երրորդ մասը պէտք է լինի Հիմքի դռան մօտ: Ամբողջ ժողովուրդը պէտք է լինի Տիրոջ տան գաւթում: Ոչ ոք չպէտք է մտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից, ղեւտացիներից ու սպասաւորութեան կոչուած ղեւտացիներից: Սրանք միայն պէտք է մտնեն, քանզի սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պէտք է Տիրոջ հրամանները կատարի: Ղեւտացիները, ամէն մէկն իր ձեռքին զէնք ունենալով, պէտք է շրջապատեն արքային: Ով տուն մտնի, կը սպանուի: Նրանք պէտք է ուղեկցեն արքային, որտեղ էլ որ նա գտնուի»: Ղեւտացիները եւ Յուդայի երկրի բոլոր բնակիչները ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Յովիդայէ քահանան պատուիրեց. ամէն մէկն ընտրեց իր մարդկանց, թէ՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրուայ իրենց պաշտամունքը եւ թէ՛ նրանց, որ այդ օրը աւարտում էին այն, քանի որ Յովիդայէն ամենօրեայ պահապաններին չէր արձակել: Յովիդայէն նրանց տուեց սուսերներ, վահաններ եւ զէնքեր, որ Դաւիթ արքայինն էին եւ պահւում էին Աստծու տանը: 10 Նա ամբողջ ժողովրդին, ամէն մէկին իր զէնքով կանգնեցրեց տան աջ կողմից մինչեւ զոհասեղանի եւ տաճարի ձախ կողմը, թագաւորի շուրջը: 11 Դուրս բերելով արքայորդուն՝ նա նրա վրայ դրեց թագն ու Վկայութեան գիրը. Յովիդայէն ու իր որդիները նրան թագաւոր դարձրին եւ օծեցին՝ գոչելով. «Կեցցէ՜ արքան»:

12 Երբ Գոթողիան լսեց վազող, արքային փառաբանող ու օրհնող ժողովրդի ձայնը, մտաւ արքայի մօտ՝ Տիրոջ տունը, 13 ու տեսաւ, որ թագաւորը իր տեղում է, իսկ զօրապետները, փողհարները եւ իշխանները կանգնած են արքայի շուրջը, ճանապարհի մուտքի մօտ: Ամբողջ ժողովուրդը զուարճանում էր, փողեր էր հնչեցնում, նուագարաններով երգեր էր երգում, օրհնութիւններ առաքում առ Աստուած: Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դաւադրութեամբ խարդախ խաղ խաղացիք»: 14 Յովիդայէ քահանան տեղից բարձրանալով՝ պատուիրեց հարիւրապետներին եւ զօրքի հրամանատարներին՝ ասելով նրանց. «Սրան Աստծու տնից դո՛ւրս հանեցէք, հետեւեցէ՛ք նրան ու սրով սպանեցէ՛ք»: Քահանան ասաց. «Նա Տիրոջ տան մէջ թող չմեռնի»: 15 Թոյլ տուեցին, որ նա դուրս գնայ, եւ երբ անցաւ արքայի հեծեալների տան դռան կողքով, նրան այնտեղ սպանեցին:

ՅՈՎԻԴԱՅԷԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Դ Թագ. 11.17-20)

16 Յովիդայէն ուխտ դրեց իր, ժողովրդի ու արքայի միջեւ, որ իրենք Տիրոջ ժողովուրդը կը լինեն: 17 Երկրի ամբողջ ժողովուրդը մտաւ Բահաղի տունը, ջարդուփշուր արեց նրան ու նրա զոհասեղանները, փշրեց նրա կուռքերը, իսկ Բահաղի Մաթան քուրմին սպանեց նրա զոհասեղանի առջեւ: 18 Յովիդայէն Տիրոջ տան գործը յանձնեց քահանաներին ու ղեւտացիներին, վերականգնեց քահանաների ու ղեւտացիների մշտական սպասաւորութիւնը, որ Դաւիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարուելու համար, Տիրոջը ողջակէզներ մատուցեց, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ՝ ուրախութեամբ ու երգերով, ըստ Դաւթի սահմանած կարգի: 19 Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մօտ, եւ ոչ մի անմաքուր մարդ որեւէ կերպ այնտեղ չէր մտնում: 20 Նա կանչեց տոհմերի պետերին, զօրապետներին ու ժողովրդի իշխաններին եւ երկրի ամբողջ ժողովրդին: Սրանք արքային հանելով Տիրոջ տնից՝ ներքին դռնով մտան թագաւորական տունը եւ արքային նստեցրին թագաւորական գահին: 21 Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացաւ, քաղաքը հանդարտուեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով:

24

ՅՈՎԱՍԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ

(Դ Թագ. 12.1-16)

Եօթը տարեկան էր Յովասը, երբ թագաւոր դարձաւ: Նա քառասուն տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա բերսաբէէցի մօր անունը Աբիա էր: Յովիդայէ քահանայի բոլոր օրերին Յովասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ: Յովասը երկու կին առաւ, որոնք ծնեցին տղաներ ու աղջիկներ:

Այնպէս պատահեց, որ Յովասի սիրտը ուզեց Տիրոջ տունը նորոգել: Նա հաւաքեց քահանաներին ու ղեւտացիներին եւ ասաց նրանց. «Ելէք գնացէ՛ք Յուդայի երկրի քաղաքները եւ ամբողջ Իսրայէլից արծա՛թ հաւաքեցէք Տիրոջ տունը տարէցտարի նորոգելու համար: Շտապեցէ՛ք կատարել»: Սակայն ղեւտացիները չանսացին նրան: Յովաս արքան կանչեց Յովիդայէ իշխանին եւ ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետեւել, որ ղեւտացիները Յուդայի երկրից ու Երուսաղէմից բերեն այն, ինչ սահմանուած էր Աստծու մարդու՝ Մովսէսի կողմից, երբ սա հաւաքել էր իսրայէլացիներին վկայութեան խորանի մօտ: Չէ՞ որ Գոթողիան անօրէն էր, եւ նրա որդիները կործանել էին Աստծու տունը, իսկ Աստծու տան սրբութիւնները նուիրել Բահաղին»: Արքան ասաց. «Թող մի արկղ պատրաստեն ու դնեն Տիրոջ տան դռան առջեւ, դրսում, եւ յայտարարեն Յուդայի երկրում ու Երուսաղէմում, որ արծաթ բերեն Տիրոջը, ինչպէս ասել էր Աստծու ծառայ Մովսէսը անապատում»: 10 Եւ ամէնքը՝ իշխաններն ու ամբողջ ժողովուրդը, արծաթ բերելով, գցեցին արկղի մէջ, մինչեւ որ այն լցուեց: 11 Երբ ղեւտացիները արկղը ներս բերեցին արքայի վերակացուների մօտ, տեսան, որ արծաթը շատ-շատ է հաւաքուել. արքայի քարտուղարը եկաւ ու մեծ քահանայի վերակացուի հետ արկղը դատարկելով՝ տարաւ իր տեղը դրեց: Այսպէս արեցին ամէն օր: 12 Շատ արծաթ հաւաքուեց: Արքան ու Յովիդայէ քահանան այն տուեցին նրանց, ովքեր Տիրոջ տան վերակառուցման գործով էին զբաղուած: Վարձեցին քարհատներ ու հիւսներ, որ նորոգեն Տիրոջ տունը: Նրանք աշխատում էին, 13 եւ գործը նրանց շնորհիւ յաջողութեամբ առաջ էր ընթանում: Նրանք Տիրոջ տունը իր նախկին հիմնաձեւին բերեցին եւ ամրացրին այն: 14 Երբ աւարտեցին, արքայի ու Յովիդայէի մօտ բերեցին աւելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակէզների համար անօթներ, ոսկէ ու արծաթէ խնկամաններ պատրաստեցին եւ Յովիդայէի օրօք միշտ ողջակէզներ էին մատուցում Տիրոջ տանը:

15 Յովիդայէն հասաւ խոր ծերութեան. նա վախճանուեց հարիւր երեսուն տարեկան հասակում: 16 Երբ վախճանուեց, նրան թաղեցին Դաւթի քաղաքում, թագաւորների մօտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայէլում, Աստծու առաջ եւ նրա տան համար:

ՅՈՎԱՍԻ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆԸ ԱՍՏԾՈՒՆ ԵՒ ՆՐԱ ՊԱՏԻԺԸ

17 Յովիդայէի վախճանուելուց յետոյ Յուդայի երկրի իշխանները մտան արքայի մօտ, խոնարհութիւն արեցին նրան, Յովասի միտքը յեղաշրջեցին, եւ արքան լսեց նրանց: 18 Նրանք լքեցին իրենց հայրերի Տէր Աստծուն եւ ծառայեցին կուռքերին ու Աստարտներին: Այդ ժամանակ Աստծու բարկութիւնն իջաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ, 19 եւ նա նրանց մօտ մարգարէներ առաքեց, որ նրանց շուռ տան դէպի Տէրը, սակայն նրանք չլսեցին: Նա նրանց վկայութիւններ ցոյց տուեց, սակայն նրանք չանսացին:

20 Եւ Աստծու հոգին պատեց Յովիդայէ քահանայի որդի Ազարիասին, որը, մտնելով ամբողջ ժողովրդի մէջ, ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Ինչո՞ւ խոտորուեցիք Տիրոջ պատուիրաններից, որ այլեւս յաջողութիւն չունենաք: Քանի որ դուք լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու”»: 21 Յովաս արքայի հրամանով Տիրոջ տան սրահում մարդիկ յարձակուեցին նրա վրայ ու քարկոծեցին նրան: 22 Յովասը չյիշեց այն բարեգթութիւնը, որ նրա հայր Յովիդայէն ցուցաբերել էր իր նկատմամբ, եւ սպանեց նրա որդի Ազարիասին: Իր մահուան ժամանակ Ազարիասն ասաց. «Տէ՛րը թող տեսնի ու դատի»:

ՅՈՎԱՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՎԱԽՃԱՆԸ

23 Այդ տարուայ վերջին նրա դէմ ելաւ Ասորիքի զօրքը. այդ զօրքը յարձակուեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ, կոտորեց բանակի մէջ եղած ժողովրդի բոլոր իշխաններին եւ նրանց ամբողջ աւարը վերցրեց տարաւ Դամասկոսի արքայի մօտ: 24 Թէեւ Ասորիքի զօրքը սակաւամարդ էր, բայց Աստուած նրանց ձեռքը չափազանց շատ զօրք մատնեց, քանի որ իսրայէլացիները լքել էին իրենց հայրերի Տէր Աստծուն: Եւ Ասորիքի զօրքը Յովասի նկատմամբ դատաստան տեսաւ: 25 Երբ Ասորիքի զօրքը ծանր հիւանդութիւնների մէջ թողնելով նրան՝ հեռացաւ նրանից, նրա վրայ յարձակուեցին իր ծառաները, որ լուծեն Յովիդայէ քահանայի որդու արեան վրէժը: Յովասին սպանեցին իր անկողնում, եւ նա մեռաւ: Նրան թաղեցին Դաւթի քաղաքում, բայց ոչ թագաւորների գերեզմանոցում: 26 Նրա վրայ յարձակուողներն էին ամոնացի Սամեթի որդի Զաբդեան, մովաբացի Սամարիթի որդի Յոսաբեթը: 27 Ինչ վերաբերում է նրա որդիներին, նրա վրայ դրուած հարկերին եւ Աստծու տան նորոգութեանը, ահա դրանք գրուած են թագաւորների գրքի յիշատակարաններում453:

Նրա որդի Ամասիան թագաւորեց նրա փոխարէն:

25

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՄԱՍԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 14.2-6)

Քսանհինգ տարեկան էր Ամասիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա երուսաղէմացի մօր անունը Յովադին էր: Ամասիասն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, բայց ոչ լիակատար սրտով:

Եւ պատահեց, որ երբ թագաւորութիւնն անցաւ իր ձեռքը, նա սպանեց այն պալատականներին, որոնք սպանել էին իր արքայ հօրը: Նա, սակայն, նրանց որդիներին չսպանեց, ինչպէս գրուած է Տիրոջ օրէնքների ուխտի մէջ, եւ ինչպէս պատուիրել է Տէրը՝ ասելով. «Հայրերը չպէտք է մեռնեն որդիների փոխարէն, եւ որդիները չպէտք է մեռնեն հայրերի փոխարէն, այլ ամէն ոք պէտք է իր մեղքերի համար մեռնի»:

Ամասիասը հաւաքեց Յուդայի տան մարդկանց եւ նրանց ազգատոհմերի համեմատ հազարապետներ ու հարիւրապետներ նշանակեց Յուդայի ամբողջ երկրում ու Երուսաղէմում: Նա քսան եւ աւելի բարձր տարիք ունեցող մարդկանց հաշուառում կատարեց եւ տեսաւ, որ նրանք պատերազմի ելնելու, նիզակ ու ասպար կրելու ընդունակ երեք հարիւր հազար հոգի են: Բացի այդ, Իսրայէլից նա հարիւր տաղանդ454 արծաթով հարիւր հազար հզօր մարդ վարձեց: Նրա մօտ Աստծու մի մարդ եկաւ եւ ասաց. «Արքա՛յ, թող Իսրայէլի զօրքերը քեզ հետ չգնան, որովհետեւ Տէրը Իսրայէլի հետ չէ եւ նոյնիսկ Եփրեմի ոչ բոլոր որդիների հետ է: Եթէ դու կարծում ես, թէ այդ զօրքով ես զօրանալու, ապա Տէրը քեզ պարտութեան կը մատնի քո թշնամիների առջեւ, քանզի Տէրն է թէ՛ յաղթանակ պարգեւողը եւ թէ՛ պարտութեան մատնողը»: Ամասիասն ասաց Աստծու մարդուն. «Հապա ի՞նչ անեմ այն հարիւր տաղանդը, որ տուել եմ Իսրայէլի զօրքի համար»: Աստծու մարդն ասաց նրան. «Տէրը քեզ դրանից աւելի՛ն կը տայ»: 10 Ամասիասն իր զօրքից բաժանեց այն զօրքը, որ եկել էր իր մօտ Եփրեմից, որպէսզի իր տեղը վերադառնայ: Սրանք շատ զայրացան Յուդայի երկրի վրայ եւ բարկութեամբ ու ցասումով վերադարձան իրենց տեղը:

ՊԱՏԵՐԱԶՄ ՍԷԻՐԻ ԴԷՄ

(Դ Թագ. 14.7)

11 Ամասիասը հզօրանալով՝ վերցրեց իր զօրքն ու գնաց Աղի հովիտը եւ Սէիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ: 12 Տասը հազար էլ Յուդայի երկրի մարդիկ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը, բարձունքի եզրից նրանց գահավէժ անելով՝ բոլորին սպանեցին:

13 Այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիասը յետ էր դարձրել, որ իր հետ պատերազմի չգնան, յարձակուեցին Յուդայի երկրի քաղաքների վրայ Սամարիայից մինչեւ Բեթորոն, երեք հազար հոգու կոտորեցին եւ բազում աւար տարան:

14 Երբ Ամասիասը եդոմայեցիներին ջարդելուց յետոյ վերադարձաւ, իր հետ բերեց Սէիրի որդիների աստուածներին եւ նրանց դարձրեց իր աստուածները, երկրպագեց նրանց, եւ հէնց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում: 15 Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ամասիասի դէմ. Նա նրա մօտ մարգարէներ առաքելով՝ ասաց նրան. «Ինչո՞ւ յարեցիր դու այդ աստուածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»: 16 Երբ նա խօսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թէ քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛յշ եղիր, թէ չէ տանջանքի կ՚ենթարկուես»: Մարգարէն լռեց եւ ապա ասաց. «Գիտեմ, որ Տէրը որոշել է քեզ կործանել, որովհետեւ դու այս բանն արեցիր եւ չանսացիր իմ խրատներին»:

ՊԱՏԵՐԱԶՄ ԻՍՐԱՅԷԼԻ ԴԷՄ

(Դ Թագ. 14.8-20)

17 Ամասիասը խորհուրդ արեց եւ Իսրայէլի արքայ Յէուի որդի Յովաքազի որդի Յովասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Ե՛կ, եւ երես առ երես հանդիպենք»: 18 Իսրայէլի արքայ Յովասը Յուդայի երկրի արքայ Ամասիասի մօտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. “Քո դստերը իմ որդուն կնութեա՛ն տուր”: Եւ ահա անցան Լիբանանի անապատի գազանները եւ կոխոտեցին փուշը»: 19 Այնուհետեւ աւելացրեց. «Դու ահա կոտորեցիր եդոմայեցիներին, եւ քո սիրտը լցուել է սնապարծութեամբ: Այսուհետեւ տանդ նստի՛ր, ինչո՞ւ ես լցւում չարութեամբ: Դու կը կոտորուես, եւ Յուդայի երկիրն էլ՝ քեզ հետ»: 20 Ամասիասը չլսեց նրան, քանզի Տէրը որոշել էր նրան մատնել Յովասի ձեռքը այն բանի համար, որ յարել էր եդոմայեցիների աստուածներին: 21 Ելաւ Իսրայէլի արքայ Յովասը, եւ նա ու Յուդայի երկրի արքայ Ամասիասն իրար դէմ ելան Բեթսամիւսում, որը Յուդայի երկրում է գտնւում: 22 Յուդայի երկիրը պարտուեց Իսրայէլից, եւ ամէն մարդ իր վրանը փախաւ: 23 Իսրայէլի արքայ Յովասը Բեթսամիւսում գերի բռնեց Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասին ու տարաւ Երուսաղէմ: Նա քանդեց Երուսաղէմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչեւ Անկեան դուռը՝ շուրջ երեք հարիւր կանգուն: 24 Նա տարաւ Աբդեդոմի հսկողութեան տակ գտնուող Տիրոջ տան ամբողջ ոսկին, արծաթն ու սպասքը, նաեւ թագաւորի տան գանձերն ու ապօրինածին մարդկանց եւ վերադարձաւ Սամարիա:

ԱՄԱՍԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

25 Յուդայի երկրի արքայ Յովասի որդի Ամասիասը Իսրայէլի արքայ Յովաքազի որդի Յովասի մեռնելուց յետոյ ապրեց տասնհինգ տարի: 26 Ամասիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, չէ՞ որ գրուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում: 27 Այն ժամանակ, երբ Ամասիասը հեռացել էր Տիրոջից, զօրքը Երուսաղէմում ապստամբեց նրա դէմ, եւ նա փախաւ Լաքիս: Նրա յետեւից մարդ ուղարկեցին Լաքիս: Եւ այնտեղ սպանեցին նրան: 28 Նրա դիակը դրեցին ձիերի վրայ եւ բերեցին ու թաղեցին իր նախնիների մօտ, Դաւթի քաղաքում:

26

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՕԶԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 14.21-22, 15.1-7)

Եւ երկրի ամբողջ ժողովուրդը առաւ տասնվեցամեայ Օզիասին եւ թագաւոր դարձրեց նրան իր հայր Ամասիասի փոխարէն: Նա վերակառուցեց Ելաթը եւ այն վերադարձրեց Յուդայի երկրին, երբ արքան արդէն գնացել էր իր նախնիների գիրկը: Օզիասը թագաւոր դարձաւ տասնվեց տարեկան հասակում եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա երուսաղէմացի մօր անունն էր Յեքելիա: Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ, ըստ այն ամենի, որ իր հայր Ամասիասն էր արել: Զաքարիա իմաստունի կենդանութեան օրօք Օզիասը Տիրոջ երկիւղով Տիրոջն էր յարել: Նրա օրերին նա Տիրոջը ձգտեց: Եւ Տէրը նրան յաջողութիւն պարգեւեց: Նա ելաւ ու պատերազմեց այլազգիների դէմ, քանդեց Գեթի պարիսպը, Յաբիսի պարիսպը, Ազոտի պարիսպը եւ այլազգիների մօտ կառուցեց Ազոտի քաղաքները: Տէրը նրան զօրացրեց այլազգիների, քարայրաբնակ արաբների եւ մինեցիների դէմ: Մինեցիները հարկ էին տալիս Օզիասին, եւ նրա անունը տարածուեց մինչեւ Եգիպտոս, որովհետեւ նա շատ հզօրացաւ: Օզիասը կառուցեց Երուսաղէմի աշտարակները Ձորի դռան ու Անկեան դռան մօտ եւ ամրացրեց դրանք: 10 Նա աշտարակներ կառուցեց անապատում եւ բազում ջրհորներ փորեց, որովհետեւ շատ անասուններ ունէր Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում եւ այգեգործներ՝ լեռներում եւ Կարմելոսում. նա սիրում էր երկրագործութիւնը: 11 Օզիասն ունեցաւ մարզուած զօրք՝ պատրաստ պատերազմելու: Եւ նրա գնդերը մարտի էին ելնում: Նրանց թիւը յայտնի էր Յեէլ գրագրին, Մասիաս դատաւորին եւ արքայի փոխանորդ Անանիային: 12 Պատերազմի ժամանակ բոլոր քաջազուն ցեղապետների գնդերում լինում էր երկու հազար վեց հարիւր զինուոր: 13 Նրանց հետ կար երեք հարիւր եօթը հազար հինգ հարիւր հոգուց բաղկացած պատերազմող զօրք: Սրանք էին, որ մեծ հզօրութեամբ օգնելով արքային՝ պատերազմում էին թշնամիների դէմ: 14 Օզիասը ամբողջ զօրքի համար պատրաստել տուեց վահաններ, նիզակներ, սաղաւարտներ, զրահներ, աղեղներ եւ քարանետ պարսատիկներ: 15 Երուսաղէմում նա մեծ վարպետութեամբ սարքուած մեքենաներ պատրաստել տուեց, որոնք պարիսպների ու անկիւնների վրայ դրուելով՝ նետեր ու հսկայ քարեր էին արձակում: Նրա ռազմական պատրաստութեան մասին լսեցին հեռաստաններում, որովհետեւ նա իր հզօրութեան համար պարտական էր սքանչելի օգնութեան:

ՕԶԻԱՍԸ ՊԱՏԺՒՈՒՄ Է ԻՐ ԳՈՌՈԶՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

16 Երբ Օզիասը զօրացաւ, այնքան մեծամտացաւ, որ անխուսափելի դարձաւ նրա կործանումը: Նա անիրաւութիւն գործեց իր Տէր Աստծու դէմ. մտաւ Տիրոջ տաճարը եւ խունկ ծխեց խնկի սեղանի վրայ: 17 Նրա յետեւից մտաւ Ազարիաս քահանան, Ազարիասի հետ Տիրոջ ութսուն քահանաներ՝ հզօր մարդիկ, 18 որոնք կանգնելով Օզիաս արքայի դիմաց՝ ասացին նրան. «Օզիա՛ս, դու Տիրոջը խունկ ծխելու իրաւունք չունես, այլ՝ միայն Ահարոնի որդի քահանաները, որոնք սրբագործուած են խունկ ծխելու համար: Ելի՛ր սրբարանից, քանի որ ապստամբեցիր Տիրոջ դէմ, եւ դրա համար Տէր Աստծու առջեւ դու փառք չես գտնի»: 19 Օզիասը զայրացաւ, եւ երբ, իր ձեռքին ունենալով տաճարում խունկ ծխելու բուրվառը, բարկացաւ քահանաների վրայ, բորոտութիւն երեւաց նրա ճակատին, քահանաների առջեւ, Տիրոջ տանը, խնկի սեղանի մօտ: 20 Առաջին քահանան եւ միւս քահանաները նրա կողմը դարձան եւ տեսան, որ նրա ճակատը բորոտութեամբ է պատած, ուստի նրան անմիջապէս դուրս հանեցին: Ինքն էլ փութաց դուրս գալ, քանի որ Տէրը պատժել էր նրան:

ՕԶԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

21 Օզիաս արքան բորոտ մնաց մինչեւ իր վախճանը: Նա տան մէջ մեկուսացած էր նստում բորոտ վիճակում՝ արտաքսուած Տիրոջ տնից: Նրա որդի Յովաթամը, դառնալով թագաւորական տան վերակացուն, ղեկավարում էր երկրի ժողովրդին:

22 Օզիասի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի է առել Ամոսի որդի Եսայի մարգարէն: 23 Օզիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր նախնիների մօտ, թագաւորների գերեզմանների դաշտում, որովհետեւ նա բորոտ էր:

Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Յովաթամը:

27

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԹԱՄ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 15.32-38)

Քսանհինգ տարեկան էր Յովաթամը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Յերուա էր. սա Սադոկի դուստրն էր: Յովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, արեց այն բոլորը, ինչ իր հայր Օզիասն էր արել: Նա, սակայն, Տիրոջ տաճարը չմտաւ: Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել: Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը եւ Օփեղի պարսպի վրայ շատ բաներ կառուցեց: Յուդայի երկրի լեռներում ու անտառներում նա կառուցեց քաղաքներ, բնակավայրեր եւ աշտարակներ: Նա կռուեց ամոնացիների արքայի դէմ եւ յաղթեց նրան. ամոնացիները նրան տարեկան հարիւր տաղանդ արծաթ էին տալիս, տասը հազար քոռ455 ցորեն ու տասը հազար քոռ գարի: Այս ամէնը Ամոնի արքան բերում էր ամէն տարի՝ թէ՛ առաջին, թէ՛ երկրորդ, թէ՛ երրորդ տարում: Յովաթամը զօրացաւ, որովհետեւ նա ուղիղ էր ընթանում Տիրոջ առաջ նրա ճանապարհներով:

Յովաթամի մնացեալ գործերը, նրա պատերազմներն ու մարտերը ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում: Նա քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում: Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում:

Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Աքազը:

28

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 16.1-4)

Երբ Աքազը թագաւոր դարձաւ, քսան տարեկան էր: Նա տասնվեց տարի թագաւորեց Երուսաղէմում: Նա չարեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս որ արել էր իր նախահայր Դաւիթը: Նա ընթացաւ Իսրայէլի թագաւորների ճանապարհներով. նա կուռքերի քանդակներ պատրաստեց եւ Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին կրակի միջով անցկացրեց՝ կատարելով այն հեթանոս ազգերի գարշելի գործերը, որոնց քշել էր Տէրը իսրայէլացիների առջեւից: Նա խունկ էր ծխում բարձրադիր մեհեաններում, տանիքների վրայ եւ ամէն մի սաղարթաւոր ծառի տակ:

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՍՈՐԻՔԻ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԻ ԴԷՄ

(Դ Թագ. 16.5)

Տէրը Աքազ թագաւորին մատնեց Ասորիքի արքայի ձեռքը, որը հարուածեց նրան եւ նրանցից մեծ թուով գերիներ վերցնելով՝ տարաւ Դամասկոս: Նա նաեւ Իսրայէլի թագաւորի ձեռքը մատնեց նրան, որը մեծամեծ հարուածներ հասցրեց նրան: Իսրայէլի արքայ Ռոմելայի որդի Փակեէն մի օրում Յուդայի երկրում հարիւր քսան հազար զօրաւոր մարդկանց կոտորեց այն բանի համար, որ նրանք լքել էին իրենց հայրերի Տէր Աստծուն: Եփրեմի սերնդից մի հզօր մարդ՝ Զեքրին, սպանեց արքայի որդի Ամասիասին, նրա տան իշխան Եզրիկամին եւ արքայի փոխանորդ Եղկանային: Իսրայէլացիները Յուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարիւր հազար կին, տղաներ ու աղջիկներ եւ բազում աւար առնելով նրանցից՝ տարան Սամարիա:

ՕԴԵԴ ՄԱՐԳԱՐԷՆ

Այնտեղ կար Տիրոջ մի մարգարէ, որի անունն էր Օդեդ: Նա դիմաւորելով Սամարիա եկող զօրքը՝ ասաց նրանց. «Ահա ձեր հայրերի Տէր Աստծու բարկութիւնն իջաւ Յուդայի երկրի վրայ, եւ Աստուած նրանց ձեր ձեռքը մատնեց. դուք նրանց կոտորեցիք այնպիսի կատաղութեամբ, որը մինչեւ երկինք հասաւ: 10 Արդ, դուք ուզում էք, որ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի մարդիկ ստրուկներ եւ ստրկուհիներ դառնան: Բայց չէ՞ որ ես, ահա, ձեզ հետ եմ որպէս ձեր Տէր Աստծու վկայ: 11 Հիմա լսեցէ՛ք ինձ եւ ձեր եղբայրներին ազատեցէ՛ք գերութիւնից, թէ չէ Տիրոջ կատաղի բարկութիւնը կ՚իջնի ձեզ վրայ»:

12 Եփրեմի սերնդի իշխանները՝ Յովնանի որդի Ազարիասը, Մոսոքլոմոթի որդի Բարաքիասը, Ելեմի որդի Եզեկիասը եւ Ադլիայի որդի Մաասիասը ելան պատերազմից եկողների դէմ եւ ասացին նրանց. 13 «Այդ գերիներին մեզ մօտ մի՛ բերէք, որովհետեւ Տիրոջ դէմ մեզ մեղանչել էք տալիս եւ աւելացնում էք մեր մեղքերն ու անխելքութիւնը: Բազում են ձեր այդ մեղքերը, եւ Տիրոջ կատաղի զայրոյթը Իսրայէլի վրայ է»: 14 Պատերազմողները ազատ արձակեցին գերիներին եւ վերադարձրին աւարը իշխանների եւ բոլոր ժողովականների առջեւ: 15 Այս գործի համար յականէ յանուանէ նշանակուած մարդիկ վեր կացան եւ խնամեցին գերիներին, բոլոր մերկերին հագցրին աւարի մէջ եղած հագուստներից, տուեցին կօշիկներ, կերցրին, իւղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տուեցին ու տարան Երիքով՝ արմաւենիների քաղաքը, իրենց եղբայրների մօտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա:

ԱՔԱԶԸ ՕԳՆՈՒԹԻՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ԱՍՈՐԵՍՏԱՆԻՑ

(Դ Թագ. 16.7-9)

16 Այդ ժամանակ Աքազը լուր ուղարկեց Ասորեստանի արքային, որ օգնի իրեն, 17 քանզի եդոմայեցիները յարձակուել էին Յուդայի երկրի վրայ, հարուածել, գերիներ տարել: 18 Այլազգիները յարձակուել էին Դաշտավայրի քաղաքների վրայ, լիբէացիները եկել էին Յուդայի երկիրը, գրաւել Բեթսամիւսը, Այելոնը, Գադերոթը, Սոկքովն ու նրա գիւղերը, Թամնան ու նրա գիւղերը, Գամեզերն ու նրա գիւղերը եւ բնակուել այնտեղ: 19 Տէրը ընկճել էր Յուդայի երկիրը Յուդայի արքայ Աքազի պատճառով, որը, անհաւատարիմ լինելով, հեռացել էր Տիրոջից: 20 Նրա վրայ յարձակուեց Ասորեստանի արքայ Թագղաթփաղասարը, հարուածեց նրան, 21 իսկ Աքազը, առնելով Տիրոջ տանը եւ թագաւորի ու իշխանների տանը եղած ամէն ինչը, յանձնեց Ասորեստանի արքային, որը ոչ միայն չօգնեց իրեն, այլ ինքը եւս նեղեց իրենց:

ԱՔԱԶԻ ՍԽԱԼՆԵՐԸ

22 Եւ էլ աւելի հեռանալով Տիրոջից՝ 23 արքան ասաց. «Ես պիտի յարեմ Դամասկոսի աստուածներին, որոնք ինձ հարուածեցին»: Նա նաեւ ասաց. «Քանի որ Ասորեստանի թագաւորի աստուածները զօրաւոր են, այսուհետեւ նրա՛նց զոհեր կը մատուցեմ, եւ նրանք ինձ կ՚օգնեն»: Սակայն այդ աստուածները նրա ու ամբողջ Իսրայէլի առաջ խոչընդոտներ յարուցեցին:

24 Աքազը Տիրոջ տան սպասքը վերցրեց, կտոր-կտոր արեց, Տիրոջ տան դռները փակեց եւ իր համար զոհասեղաններ դրեց Երուսաղէմի ամէն մի անկիւնում: 25 Յուդայի երկրի բոլոր քաղաքներում բարձրադիր մեհեաններ կառուցեցին, խունկ ծխեցին օտար աստուածների առաջ եւ զայրացրին իրենց հայրերի Տէր Աստծուն:

26 Աքազի մնացեալ գործերը, սկզբից մինչեւ վերջինը, ահա գրի են առնուած Յուդայի երկրի եւ Իսրայէլի թագաւորների գրքում: 27 Աքազը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց Դաւթի քաղաքում, քանզի նրան թագաւորների գերեզմանոցում չթաղեցին:

Նրա փոխարէն թագաւորեց Եզեկիասը:

29

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԵԶԵԿԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 18.1-3)

Եզեկիասը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ: Նա քսանինը տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Աբաութ էր: Սա Զաքարիայի դուստրն էր: Եզեկիասը արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր նախահայր Դաւիթը:

ՏԱՃԱՐԻ ՄԱՔՐՈՒԹԻՒՆԸ

Երբ Եզեկիասը հաստատուեց իր թագաւորութեան մէջ, առաջին ամսին նա բացեց Տիրոջ տան դռները եւ նորոգեց դրանք: Նա ներս տարաւ քահանաներին ու ղեւտացիներին եւ կանգնեցրեց արեւելեան կողմը: Նա ասաց նրանց. «Լսեցէ՛ք, ղեւտացինե՛ր, այսուհետեւ պէտք է սրբուէք ու սրբէք ձեր հայրերի Տէր Աստծու տունը, պղծութիւնները պէտք է դուրս հանէք սրբարաններից: Մեր հայրերը անհաւատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջեւ, լքեցին նրան եւ իրենց երեսները շուռ տուեցին Տիրոջ խորանից, ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին եւ զոհեր չմատուցեցին Իսրայէլի սուրբ Աստծուն: Տէրը խիստ զայրացաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ եւ նրանց մատնեց յիմարութեան, կորստեան ու խայտառակութեան, ինչպէս դուք տեսնում էք ձեր աչքերով: Եւ ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները եւ կանայք գերութեան մէջ են ոչ իրենց երկրում, ուր գտնւում են այժմ: 10 Եկէ՛ք մենք սրտանց ուխտ դնենք Իսրայէլի Տէր Աստծու հետ, որ նա իր բարկութիւնը վերացնի մեզնից: 11 Արդ, այսուհետեւ անհոգութիւն մի՛ արէք, քանզի Տէրը ձեզ ընտրել է, որ կանգնէք նրա առջեւ, պաշտէք նրան, սպասաւորէք ու խունկ ծխէք»:

12 Ոտքի ելան ղեւտացիները՝ Կահաթի տոհմից Ամասիի որդի Մայէթը, Զաքարիայի որդի Յովէլը, Մերարիի տոհմից Աբդիի որդի Կիսը, Յելէլի որդի Ազարիասը, Զեմաթի որդի Յովան, Յովաքայի որդի Յովադան, 13 Եղիսափանի տոհմից Սամարին եւ Էիէլը, Ասափի տոհմից Զաքարիասը եւ Մաաթանիասը, 14 Եմանի տոհմից Էիէլը եւ Սեմէին, Իդիթունի տոհմից Սամիասը եւ Օզիէլը: 15 Սրանք հաւաքեցին իրենց եղբայրներին եւ, ըստ թագաւորի պատուիրանի ու Տիրոջ հրամանի, իրենք սրբուեցին, որ սրբեն Տիրոջ տունը: 16 Քահանաները մտան Տիրոջ տունը, որ սրբեն այն, եւ դուրս հանեցին այն ամէն տեսակ աղտեղութիւնները, որ գտան Տիրոջ տանն ու Տիրոջ տան գաւթում: Ղեւտացիները դուրս հանեցին դրանք եւ առան տարան Կեդրոնի հեղեղատը: 17 Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին մաքրել այն եւ ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը: Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը եւ առաջին ամսի տասնվեցերորդ օրը աւարտեցին աշխատանքը:

ՏԱՃԱՐԻ ՎԵՐԸՆԾԱՅՈՒՄԸ

18 Նրանք գնացին Եզեկիաս արքայի մօտ եւ ասացին. «Մաքրեցինք Տիրոջ տան մէջ եղած ամէն ինչ՝ ողջակէզների զոհասեղանն ու նրա սպասքը, առաջաւորութեան սեղանն ու նրա սպասքը 19 եւ այն բոլոր անօթները, որ Աքազ արքան պղծել էր իր թագաւորութեան ու Տիրոջ հանդէպ իր անհաւատարմութեան ժամանակ, կարգի բերել եւ մաքրել ենք. եւ ահա դրանք Տիրոջ զոհասեղանի առջեւ են»:

20 Եզեկիաս արքան առաւօտ կանուխ վեր կացաւ ու հաւաքելով քաղաքի իշխաններին՝ գնաց Տիրոջ տունը: 21 Նա եօթը զուարակ, եօթը խոյ, եօթը գառ եւ եօթը նոխազ զոհեց թագաւորութեան, սրբութիւնների ու Իսրայէլի մեղքերի քաւութեան համար: Նա ասաց քահանաներին՝ Ահարոնի որդիներին. «Մօտեցէ՛ք Տիրոջ զոհասեղանին եւ մորթեցէ՛ք զուարակները»: 22 Քահանաները վերցրին զոհերի արիւնը եւ ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին խոյերը եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ, մորթեցին գառները եւ արիւնը ցանեցին զոհասեղանի վրայ: 23 Նոխազները մեղքերի քաւութեան համար զոհ մատուցեցին արքայի ու ժողովրդի առջեւ եւ իրենց ձեռքերը դրեցին դրանց վրայ: 24 Քահանաները մորթեցին դրանք եւ արիւնը քաւութեան համար զոհասեղանի վրայ ցանեցին ու քաւութիւն արեցին ամբողջ Իսրայէլի համար, քանզի արքան ասել էր, որ ողջակէզները եւ մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը ամբողջ Իսրայէլի համար անեն: 25 Ղեւտացիներին տեղաւորեցին Տիրոջ տանը ծնծղաներով, տաւիղներով ու քնարներով, ինչպէս պատուիրել էին Դաւիթ արքան, թագաւորի տեսանող Գադն ու Նաթան մարգարէն, քանզի Տիրոջ պատուիրանով հրամանը մարգարէների միջոցով էր տրւում: 26 Ղեւտացիները կանգնեցին Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով, իսկ քահանաները՝ շեփորներով: 27 Եզեկիասը կարգադրեց, որ ողջակէզները դնեն զոհասեղանի վրայ: Երբ սկսեցին ողջակէզները դնել զոհասեղանի վրայ, սկսեցին օրհներգել Տիրոջը Իսրայէլի Դաւիթ արքայի պատրաստած նուագարաններով ու շեփորներով: 28 Բոլոր հաւաքուածները երկրպագում էին, սաղմոսերգուները երգում էին, շեփորներ հնչեցնում մինչեւ ողջակէզների մատուցման աւարտը: 29 Երբ ողջակէզների մատուցումը վերջացրին, թագաւորը խոնարհուեց, եւ բոլոր քահանաները երկրպագեցին: 30 Եզեկիաս արքան ու իշխանները ղեւտացիներին հրամայեցին, որ Տիրոջը օրհնեն Դաւթի ու Ասափ մարգարէի խօսքերով: Նրանք օրհնաբանեցին ուրախութեամբ եւ երեսնիվայր ընկնելով երկրպագեցին: 31 Եզեկիաս արքան այն ժամանակ ասաց. «Այժմ դուք լի ձեռքերով էք ներկայանում Տիրոջը, այսուհետեւ էլ այդպէս մօտեցէ՛ք եւ ընծաներ բերէ՛ք»: Եւ հաւաքուածները օրհնութեան նուէրներ բերեցին Տիրոջ տուն, իսկ ովքեր սրտով յօժար էին, ողջակէզներ մատուցեցին: 32 Հաւաքուածների մատուցած ողջակէզների թիւը այս էր. եօթանասուն զուարակ, հարիւր խոյ, երկու հարիւր գառ. սրանք բոլորը իբրեւ ողջակէզ մատուցուեցին Տիրոջը: 33 Նուիրաբերուած զուարակները վեց հարիւր էին, ոչխարները՝ երեք հազար: 34 Քահանաները սակաւաթիւ էին, ուստի չէին կարողանում հասցնել մորթել ողջակէզները: Նրանց օգնում էին իրենց ղեւտացի եղբայրները, մինչեւ որ գործն աւարտուեց, եւ քահանաները մաքրուեցին. ղեւտացիներն աւելի տրամադիր էին մաքրուելու, քան քահանաները: 35 Խաղաղութեան ու փրկութեան ողջակէզների հետ մէկտեղ, որոնք առատ էին ճարպերով, կային նաեւ ոչ կենդանական նուիրաբերումներ: Այսպիսով Տիրոջ տանը կարգի դրուեց սպասաւորութեան գործը: 36 Եզեկիասն ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստուած սպասաւորութեան գործը կարգի էր բերել ժողովրդի համար. եւ այդ գործը երկար ժամանակ չխլեց:

30

ԶԱՏԿԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Եզեկիասն ամբողջ Իսրայէլ ու Յուդայի երկիր մարդ ուղարկեց, նամակ գրեց Եփրեմի ու Մանասէի երկրների բնակիչներին, որ գան Տիրոջ տունը, Երուսաղէմ՝ Իսրայէլի Աստծու զատիկը կատարելու: Արքան, իշխաններն ու բոլոր ժողովականները, որ գտնւում էին Երուսաղէմում, որոշեցին զատիկը տօնել երկրորդ ամսին, որովհետեւ չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բաւական թուով քահանաներ դեռ չէին մաքրուել, եւ ժողովուրդը չէր հաւաքուել Երուսաղէմում: Սա ընդունելի թուաց արքային ու հաւաքուածներին, եւ նրանք որոշեցին, որ ամբողջ Իսրայէլ լուր ուղարկեն, Բերսաբէէից մինչեւ Դան, որպէսզի գան եւ Իսրայէլի Տէր Աստծու զատիկը տօնեն Երուսաղէմում, քանզի քիչ մարդ էր հաւաքուել, հակառակ Գրուածքի թելադրանքին:

Սուրհանդակները, ըստ թագաւորի հրամանի, թագաւորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայէլի ու Յուդայի բնակիչների մօտ եւ ասացին իսրայէլացիներին. «Դարձէ՛ք դէպի Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Տէր Աստուածը, որ նա էլ դառնայ դէպի փրկուածներդ ու Ասորեստանի արքայի ձեռքից ազատուածներդ: Մի՛ նմանուէք ձեր եղբայրներին ու հայրերին, որոնք ընդվզեցին իրենց հայրերի Տէր Աստծու դէմ, եւ նա նրանց կործանման մատնեց, ինչպէս դուք տեսնում էք: Արդ, կամակորութիւն մի՛ արէք, փա՛ռք տուէք Աստծուն, մտէ՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է յաւիտեան, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն, որ նա ձեր վրայից վերացնի իր սաստիկ բարկութիւնը: Եթէ դառնաք դէպի Տէրը, ձեր եղբայրներն ու որդիները գթութիւն կը գտնեն իրենց գերեվարողների մօտ, եւ Նա նրանց կը վերադարձնի այս երկիրը: Մեր Տէր Աստուածը ողորմած ու գթառատ է եւ մեզնից երես չի թեքի, եթէ մեր երեսն ուղղենք դէպի Նա»:

10 Սուրհանդակները գնում էին քաղաքից քաղաք, Եփրեմի ու Մանասէի լեռները մինչեւ Զաբուղոն, բայց նրանց ծաղրում ու արհամարհում էին: 11 Ասերի, Մանասէի եւ Զաբուղոնի բնակիչները, սակայն, խոնարհ գտնուեցին եւ եկան Երուսաղէմ ու Յուդայի երկիրը: 12 Տիրոջ ձեռքը նրանց միասիրտ դարձրեց, որ նրանք գան ու կատարեն արքայի ու իշխանների հրամանը, ինչպէս ասել էր Տէրը:

ԶԱՏԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆԸ

13 Երուսաղէմում մեծ բազմութիւն հաւաքուեց՝ չափազանց շատ ժողովականներ, որ երկրորդ ամսում կատարեն Բաղարջակերաց տօնը: 14 Նրանք վեր կացան ու քանդեցին բոլոր զոհասեղանները, որ կային Երուսաղէմում եւ բոլոր վայրերում, ուր խունկ էին ծխում սուտ աստուածներին, եւ դրանք կործանելով գցեցին Կեդրոնի հեղեղատը: 15 Նրանք զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղեւտացիները, ամաչելով, մաքրուեցին եւ ողջակէզները տարան ներս՝ Տիրոջ տունը: 16 Նրանցից իւրաքանչիւրը, ըստ իրենց Օրէնքի, կանգնեց իր տեղում, ինչպէս պատուիրել էր Աստծու մարդ Մովսէսը, եւ քահանաները զոհի արիւնն ընդունում էին ղեւտացիների ձեռքից: 17 Քանի որ հաւաքուածներից շատերը դեռ չէին մաքրուած, ուստի ղեւտացիները զատկի զոհեր էին մորթում նաեւ նրանց համար, ովքեր Տիրոջ համար դեռ չէին մաքրուած: 18 Քանի որ Եփրեմի, Մանասէի, Իսաքարի, Զաբուղոնի մարդկանցից շատերը չէին մաքրուած, ուստի նրանք զատիկը կերան, հակառակ Գրուածքի թելադրանքին: Եզեկիասը նրանց համար աղօթելով՝ ասաց. 19 «Բարերա՛ր Տէր, ողորմի՛ր բոլոր ուղիղ սիրտ ունեցողներին, որոնք քեզ՝ իրենց հայրերի Տէր Աստծուն են յարում, թէեւ, ըստ սրբարանի մաքրութեան, մաքրուած չեն»: 20 Տէրը լսեց Եզեկիասին ու բուժեց ժողովրդին:

21 Երուսաղէմում գտնուող իսրայէլացիները Բաղարջակերաց տօնը եօթը օր տօնեցին մեծ ուրախութեամբ՝ ամէն օր օրհնաբանելով Տիրոջը, իսկ քահանաներն ու ղեւտացիները նուագակցում էին Տիրոջ փառաբանութեանը յատկացուած նուագարաններով: 22 Եզեկիասը համոզեց բոլոր ղեւտացիներին եւ միւս իմաստուններին, որոնց ծանօթ էր Տիրոջ բարի հանճարը, եւ նրանք եօթը օր կատարեցին Բաղարջակերաց տօնը՝ փրկութեան զոհեր մատուցելով ու իրենց հայրերի Տէր Աստծուն գովաբանելով:

23 Եւ հաւաքուածները միահամուռ առաջարկեցին եօթը օր եւս տօն կատարել. եւ եօթը օր եւս ուրախութիւն արեցին: 24 Եզեկիասը Յուդայի երկրից հաւաքուածներին տուել էր հազար զուարակ ու եօթը հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տուեցին հազար զուարակ եւ տասը հազար ոչխար: Քահանաներից շատ-շատերը մաքրուեցին, 25 եւ բոլոր ժողովականները՝ քահանաներն ու ղեւտացիները, ինչպէս նաեւ Յուդայի երկրի ամբողջ ժողովուրդը եւ նրանք, որ Իսրայէլից էին կամ Իսրայէլի երկրից էին եկել ու Յուդայի երկրում էին բնակւում, ուրախացան: 26 Երուսաղէմում մեծ ուրախութիւն եղաւ. Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնի օրերից սկսած այսպիսի տօն չէր եղել Երուսաղէմում:

27 Ոտքի ելան քահանաներն ու ղեւտացիները եւ օրհնեցին ժողովրդին. նրանց ձայնը լսելի դարձաւ, ու նրանց աղօթքը հասաւ երկինք՝ Տիրոջ սուրբ բնակարանը:

31

ԵԶԵԿԻԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՏԱՃԱՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ

Երբ այս ամէնն աւարտուեց, ոտքի ելան Յուդայի երկրի քաղաքներում գտնուող բոլոր իսրայէլացիները, ամբողջ Հրէաստանում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասէի երկրներում իսպառ փշրեցին արձանները, կոտորեցին կուռքերը, կործանեցին բարձրադիր մեհեաններն ու բագինները: Եւ բոլոր իսրայէլացիներից իւրաքանչիւրը վերադարձաւ իր կալուածքը եւ իր քաղաքը:

Եզեկիասը քահանաների ու ղեւտացիների դասին նշանակեց հանապազօրեայ սպասաւորութեան, քահանայ լինեն թէ ղեւտացի, ամէն մէկին ըստ իր պաշտօնի, որպէսզի ողջակէզներ ու փրկութեան զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գովաբանեն եւ ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մօտ: Թագաւորն իր ունեցուածքից բաժին հանեց առաւօտեան եւ երեկոյեան ողջակէզների, շաբաթ օրերի, ամսամուտների եւ տօների ողջակէզների համար, ինչպէս գրուած է Տիրոջ Օրէնքում: Նա Երուսաղէմում բնակուող ժողովրդին կարգադրեց, որ բաժին տան քահանաներին ու ղեւտացիներին, որպէսզի սրանք կարողանան կատարել Տիրոջ տան ծառայութիւնը: Երբ այս բանը հրամայեց, իսրայէլացիները առատօրէն բերեցին ցորենի, գինու, ձէթի, մեղրի եւ դաշտերի բոլոր բերքերի երախայրիքը: Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի բնակիչները առատօրէն բերեցին նաեւ ամէն ինչի տասանորդը: Յուդայի երկրի քաղաքներում բնակուողները նոյնպէս բերեցին զուարակների ու ոչխարների տասանորդները, բերեցին եւ դարսեցին կոյտ-կոյտ: Կոյտերն սկսեցին դիզուել երրորդ ամսին եւ աւարտի հասան եօթներորդ ամսին: Եզեկիասն ու իշխանները եկան տեսան կոյտերը եւ օրհնեցին Տիրոջն ու նրա իսրայէլացի ժողովրդին: Եզեկիասը քահանաներին ու ղեւտացիներին հարցրեց կոյտերի մասին, 10 եւ Ազարիաս քահանան՝ Սադոկի տան իշխանը, ասաց նրան. «Այն բանից յետոյ, երբ սկսեցին նուէրներ բերել Տիրոջ տունը, մենք կերանք ու խմեցինք եւ թողեցինք այդ մնացորդները, քանզի ամենակալ Տէրն օրհնեց իր այդ ժողովրդին, եւ ահա այսքան շատ էլ աւելացել է»:

11 Եզեկիասն ասաց. «Ուրիշ շտեմարաններ եւս պատրաստեցէ՛ք Տիրոջ տանը»: 12 Պատրաստեցին եւ այնտեղ հաւատարմութեամբ բերեցին նուէրներն ու տասանորդները: Դրանց վերակացուն ղեւտացի Քոքենիասն էր, իսկ նրա եղբայր Սեմէին իր փոխանորդն էր: 13 Յեիէլը, Օզիասը, Նաթանը, Ասայէլը, Յերիմոթը, Յոզաբադը, Ելիէլը, Սամաքիան, Մաաթը, Բանեասն ու նրա որդիները օգնում էին Քոքենիասին ու նրա եղբայր Սեմէիին, ինչպէս հրամայել էր Եզեկիաս արքան: 14 Ազարիասը Տիրոջ տան ղեկավարն էր, ղեւտացի Յեմնայի որդի Կորէն արեւելեան կողմի դռան պահապանն էր, Տիրոջը մատուցուող նուէրների եւ ամենասուրբ իրերի վերակացուն, 15 որին հաւատարմօրէն օգնում էին Օդոմը, Բենիամինը, Յեսուն, Սեմէին, Մարիսը, Սեքինիան ու քահանաները: Նրանք, ըստ ամենօրեայ սպասաւորութեան, ըստ մեծի ու փոքրի, դրանք պիտի բաժանէին իրենց եղբայրներին, 16 նաեւ երեք տարեկանից բարձր տարիք ունեցող արական սեռի մարդկանց, ամէն մէկին, ով ամէն օր մտնում էր Տիրոջ տունը՝ ըստ իր կարգի ամենօրեայ սպասաւորութիւն կատարելու: 17 Քահանաները հաշուառուած էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող ղեւտացիները արձանագրուած էին ըստ իրենց ամենօրայ պաշտօնի: 18 Սրանք արձանագրուած էին իրենց նոր ծնուած տղաներով եւ աղջիկներով ու ամբողջ բազմութեամբ, քանի որ սրանք հաւատարմօրէն սրբագործեցին սրբազան վայրը: 19 Ահարոնի քահանայ դարձած որդիներին օգնելու համար ամէն մի քաղաքում յականէ յանուանէ նշանակուեցին մարդիկ, որոնք բաժին պէտք է հանէին արական սեռի բոլոր քահանաներին ու ղեւտացիների ցուցակի մէջ մտած մարդկանց:

20 Եզեկիասն այսպէս արեց ամբողջ Յուդայի երկրում. նա Տիրոջ առաջ բարի եւ ուղիղ գործ կատարեց: 21 Ամէն մի գործ, որին ձեռնարկեց թէ՛ Տիրոջ տանը ծառայելիս, թէ՛ Տիրոջ օրէնքն ու պատուիրանը կատարելիս, իր ամբողջ սրտով յարեց Աստծուն, կատարեց եւ յաջողութիւն ունեցաւ:

32

ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՎՐԱՅ

(Դ թագ. 18.13-37, 19.14-19, 35-37, Եսայի 36.1-22, 37.8-38)

Այս բաներից եւ հաւատարմութեամբ արուած գործերից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը յարձակուեց Յուդայի երկրի վրայ եւ բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը: Նա ասում էր, որ կը գրաւի դրանք: Եզեկիասը տեսնելով, որ Սենեքերիմը իր դէմ է եկել պատերազմելու Երուսաղէմի դիմաց, խորհրդակցեց ծերերի ու զինուորականների հետ քաղաքից դուրս գտնուող աղբիւրների ջրերը փակելու մասին: Եւ փակեցին դրանք: Նա մեծ թուով մարդկանց հաւաքեց, որոնք փակեցին աղբիւրների ջրերն ու գետի ճանապարհը, որ բաժանում էր քաղաքը՝ նրա միջով անցնելով: Նրանք ասացին. «Չլինի, թէ Ասորեստանի արքան, գալով, առատ ջուր գտնի եւ հզօրանայ»: Եզեկիասը զօրացաւ եւ վերաշինեց բոլոր կործանուած պարիսպներն ու աշտարակները, ինչպէս նաեւ կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ: Նա ամրացրեց Դաւթի քաղաքի պատնէշները եւ շատ զէնք կուտակեց: Նա զօրքերի վրայ հրամանատարներ նշանակեց, որոնք հաւաքուեցին նրա մօտ Ձորի հրապարակում: Նա սրտապնդեց նրանց՝ ասելով. «Զօրացէ՛ք ու քա՛ջ եղէք, մի՛ վախեցէք Ասորեստանի թագաւորից եւ այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետեւ մեզ հետ եղածներն աւելի շատ են, քան նրանց հետ եղածները: Նրանք ունեն մարմնաւոր բազուկներ, իսկ մեզ հետ է մեր Տէր Աստուածը, որ մեզ կը փրկի ու մեր պատերազմը ինքը կը մղի»: Եւ ժողովուրդը քաջալերուեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասի խօսքերից:

ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

Դրանից յետոյ Ասորեստանի արքայ Սենեքերիմը իր զօրապետներին ուղարկեց Երուսաղէմ, իսկ ինքը իր ամբողջ զօրքով մնաց Լաքիսում: Նա լուր ուղարկեց Յուդայի երկրի արքայ Եզեկիասին, որ Երուսաղէմում էր: Նա երուսաղէմացիներին դիմելով՝ ասում էր. 10 «Այսպէս է ասում Ասորեստանի արքայ Սենեքերիմը. “Ո՞ւմ ապաւինելով էք դուք նստել Երուսաղէմի ամրոցում: 11 Չէ՞ որ Եզեկիասը ձեզ խաբում է, որ ձեզ մատնի մահուան, սովի ու ծարաւի՝ ասելով. “Ձեր Տէր Աստուածը կը փրկի ձեզ Ասորեստանի արքայի ձեռքից”: 12 Դա այն Եզեկիասը չէ՞, որ քանդեց նրա զոհասեղանները, բարձրադիր մեհեանները եւ ասաց Յուդայի՝ Երուսաղէմի բնակիչներին. “Միայն այս զոհասեղանի առջեւ պէտք է երկրպագէք եւ այս զոհասեղանի վրայ պիտի զոհ մատուցէք”: 13 Դուք չգիտէ՞ք, թէ ինչ ենք արել ես եւ իմ հայրերը բոլոր ժողովուրդներին ու երկրներին: Մի՞թէ բոլոր այդ երկրների ազգերի աստուածները կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից: 14 Այս ազգերի բոլոր աստուածներից ո՞ր մէկին իմ հայրերը չկործանեցին, մի՞թէ կարողացան փրկել իրենց ժողովրդին իմ ձեռքից, եւ ինչպէ՞ս կարող է ձեր Աստուածը ձեզ իմ ձեռքից փրկել: 15 Արդ, Եզեկիասը թող ձեզ չխաբի, թող ձեզ չյուսադրի: Մի՛ հաւատացէք նրան, քանզի բոլոր ազգերի ու թագաւորութիւնների աստուածները չկարողացան իրենց ժողովուրդներին փրկել իմ եւ իմ նախնիների ձեռքից. ձեր Աստուածն էլ ձեզ չի փրկի իմ ձեռքից»: 16 Եւ դեռ աւելին խօսեցին նրա ծառաները Տէր Աստծու եւ նրա ծառայ Եզեկիասի մասին:

ՍԵՆԵՔԵՐԻՄԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ Է ԱՍՏԾՈՒՆ

17 Սենեքերիմը նամակ էր գրել, ուր հայհոյում էր Իսրայէլի Տէր Աստծուն եւ որի մասին ասում էր. «Երկրի ուրիշ ազգերի աստուածները իրենց ժողովուրդներին չփրկեցին իմ ձեռքից, նոյնպէս եւ Եզեկիասի Աստուածը իր ժողովրդին չի փրկի իմ ձեռքից»: 18 Եւ Սենեքերիմի զօրապետները եբրայերէն բարձրաձայն դիմեցին Երուսաղէմի պարսպի վրայ եղած ժողովրդին, որ օգնեն իրենց՝ քանդեն պարիսպը, որպէսզի իրենք շուտափոյթ գրաւեն քաղաքը: 19 Նա խօսեց Երուսաղէմի Աստծու մասին այնպէս, ինչպէս կը խօսեն երկրի ժողովուրդների՝ մարդու ձեռքով կերտուած աստուածների մասին:

ԱՍՈՐԵՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՓԱԽՈՒՍՏԸ. ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ՄԱՀԸ

20 Եզեկիաս արքան եւ Ամոսի որդի Եսայիաս մարգարէն աղօթք արեցին այս բանի համար եւ աղաղակեցին դէպի երկինք: 21 Տէրը հրեշտակ ուղարկեց եւ բնաջնջեց Ասորեստանի արքայի բանակում գտնուող բոլոր զօրաւոր մարդկանց եւ պատերազմիկներին, իշխաններին ու զօրագլուխներին: Սենեքերիմը ամօթապարտ վերադարձաւ իր երկիրը, գնաց իր աստուածների տունը, եւ իր հարազատ որդիներն այնտեղ սրով սպանեցին իրեն: 22 Տէրը Եզեկիասին ու Երուսաղէմի բնակիչներին փրկեց Ասորեստանի Սենեքերիմ արքայի ու ամենքի ձեռքից, եւ նրանց երկրի բոլոր վայրերում խաղաղութիւն տիրեց: 23 Շատերը Տիրոջը զոհեր էին բերում Երուսաղէմ եւ ընծաներ՝ Յուդայի երկրի արքայ Եզեկիասին: Եզեկիասը բարձրացաւ բոլոր ազգերի աչքին:

ԵԶԵԿԻԱՍԻ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆԸ

(Դ Թագ. 20.1-3, 12-19, Եսայի 28.1-3, 39.1-8)

24 Դրանից յետոյ այդ օրերին Եզեկիասը մերձիմահ հիւանդացաւ: Նա աղօթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցոյց տուեց, 25 բայց Եզեկիասն իր նկատմամբ ցոյց տրուած բարերարութեան համեմատ չհատուցեց, այլ մեծամտացաւ, ուստի բարկութիւն իջաւ նրա, Յուդայի երկրի ու Երուսաղէմի վրայ: 26 Եզեկիասը հրաժարուեց իր մեծամտութիւնից, նոյնպէս եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այլեւս Եզեկիասի թագաւորութեան օրօք Տիրոջ բարկութիւնը չիջաւ նրանց վրայ:

ԵԶԵԿԻԱՍԻ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՓԱՌՔԸ

27 Եզեկիասը շատ մեծ հարստութեան եւ փառքի տիրացաւ: Նա իր համար ոսկու, արծաթի եւ թանկարժէք քարերի գանձարաններ ստեղծեց, նաեւ հաւաքեց մեծ քանակութեամբ խունկ, զէնք, թանկարժէք անօթներ: 28 Նա կառուցել տուեց ցորենի, գինու եւ ձէթի շտեմարաններ, գիւղեր, ամէն տեսակ անասունների ախոռներ, հօտերի համար գոմեր, 29 իր համար քաղաքներ: Նա մեծ թուով ոչխարներ ու արջառներ ունեցաւ, որովհետեւ Տէրը նրան չափազանց շատ հարստութիւն էր տուել: 30 Նոյն այս Եզեկիասը փակեց Վերին Գեհոնի ջրի ընթացքը եւ այն ուղղեց ցած՝ դէպի Դաւթի քաղաքի արեւմտեան կողմը: Եզեկիասի բոլոր գործերը յաջողութիւն ունեցան:

31 Երբ Բաբելոնից իշխաններ եւ դեսպաններ ուղարկեցին նրա մօտ՝ հարցնելու նրան իր մասին եւ իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տէրը ազատ թողեց նրան՝ փորձելու եւ գիտենալու համար, թէ ի՞նչ կայ նրա սրտում:

ԵԶԵԿԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(Դ Թագ. 20.21-21)

32 Եզեկիասի մնացած գործերը եւ նրա բարեպաշտութիւնը ահա գրի են առնուած Ամոս մարգարէի որդի Եսայիասի մարգարէութեան մէջ եւ Յուդայի երկրի ու Իսրայէլի թագաւորների գրքում: 33 Եզեկիասը գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին մի բարձր տեղ, Դաւթի յետնորդների գերեզմանների վերին մասում: Նրա մահուան առթիւ նրանց փառք ու պատիւ տուեցին ամբողջ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի բնակիչները:

Նրա փոխարէն թագաւորեց իր որդի Մանասէն:

33

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՄԱՆԱՍԷ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 21.1-9)

Մանասէն տասներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ յիսունհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանութեամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց բնաջնջել էր Տէրը իսրայէլացիների աչքի առաջ: Նա վերականգնեց այն բարձրադիր մեհեանները, որ իր հայրը՝ Եզեկիասը քանդել էր, Բահաղիմի արձաններ կանգնեցրեց եւ կուռքեր շինել տուեց: Նա երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու ծառայեց նրանց: Նա զոհասեղան պատրաստեց Տիրոջ տան մէջ, որի մասին Տէրն ասել էր. «Իմ անունը Երուսաղէմում յաւիտեան պիտի լինի»: Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գաւիթներում, զոհասեղան շինեց երկնքի բոլոր զօրութիւնների համար: Նա ինքն իր ձեռքով որդիներին անցկացրեց կրակի միջով Բեննոմի երկրում եւ հմայութիւն, գուշակութիւն ու դիւթութիւն էր անում: Նա ունէր վհուկներ ու կախարդներ: Նա շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջեւ՝ նրան բարկացնելու աստիճան: Նա ձուլածոյ քանդակուած պատկեր դրեց Տիրոջ տան մէջ, որի մասին Աստուած ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տան մէջ եւ Երուսաղէմում, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան եւ Իսրայէլի ոտքը չեմ կտրելու այս երկրից, որը նրանց հայրերին տուեցի, միայն թէ պահեն այն ամէնը, որ պատուիրել եմ նրանց, ըստ Մովսէսի միջոցով տրուած բոլոր օրէնքների, պատուիրանների ու կանոնների»: Բայց Մանասէն մոլորեցրեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, որ չարիք գործեն առաւել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տէրը իսրայէլացիների առաջից: 10 Տէրը խօսեց Մանասէի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին:

ՄԱՆԱՍԷԻ ԶՂՋՈՒՄԸ

11 Տէրը նրա դէմ հանեց Ասորեստանի արքայի զօրքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասէին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն: 12 Երբ նա նեղութեան մէջ ընկաւ, փնտռեց իր Տէր Աստծու ներկայութիւնը եւ խիստ նուաստացաւ իր նախնիների Աստծու առջեւ: 13 Նա աղօթեց Աստծուն. Աստուած լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղէմ, իր թագաւորութեանը: Եւ Մանասէն իմացաւ, թէ Տէրը Աստուած է:

14 Դրանից յետոյ նա Դաւթի քաղաքի արտաքին պարիսպը շինեց արեւմուտքից դէպի հարաւակողմ, հեղեղատի միջով, դռան մուտքի մօտ, Օփէլի շուրջը. նա շատ բարձրացրեց այն: Նա զօրքի հրամանատարներ նշանակեց Յուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում: 15 Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստուածներին ու քանդակուած կուռքերը, նաեւ այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան բարձունքի վրայ, Երուսաղէմում: Նա հրամայեց դրանք թափել քաղաքից դուրս: 16 Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը եւ նրա վրայ փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեց: Նա պատուիրեց Յուդայի երկրի բնակիչներին, որ պաշտեն Իսրայէլի Տէր Աստծուն: 17 Ժողովուրդը, սակայն, տակաւին յաճախում էր բարձրադիր մեհեաները եւ զոհեր մատուցում, միայն թէ՝ իր Տէր Աստծուն:

ՄԱՆԱՍԷԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(Դ Թագ. 21.17-18)

18 Մանասէի մնացած գործերն ու նրա աղօթքը Աստծուն, տեսանողների խօսքերը, որ ասել էին նրան յանուն Իսրայէլի Տէր Աստծու, 19 նրա աղօթքների խօսքերի մէջ են, այն աղօթքների, որոնցով նա լսեց Նրան. նրա բոլոր մեղքերն ու նրա անհաւատարմութիւնը Տիրոջ հանդէպ, այն բարձրադիր տեղերը, ուր մեհեաններ շինեց, կուռքեր ու քանդակուած պատկերներ պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնուած տեսանողների գրքերում: 20 Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր տան պարտէզում:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՄՈՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 21.19-26)

21 Մանասէի փոխարէն թագաւորեց իր որդի Ամոսը: Ամոսը քսաներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում: 22 Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր հայրը՝ Մանասէն. իր հօր պատրաստած բոլոր կուռքերին Ամոսը զոհեր մատուցեց եւ պաշտեց դրանք: 23 Նա դարձի չեկաւ Տիրոջ առջեւ, ինչպէս դարձի էր եկել իր հայրը՝ Մանասէն, այլ նրա որդին՝ Ամոսը, իր հօր գործած մեղքերի վրայ մեղք աւելացրեց: 24 Նրա դէմ ելան իր պալատականները ու նրան սպանեցին իր տան մէջ: 25 Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք յարձակուել էին թագաւորի վրայ:

Եւ երկրի ժողովուրդը նրա փոխարէն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Յոսիասին:

34

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՍԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 22.1-2)

Յոսիասը ութ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ երեսունմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նա արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջեւ. գնաց իր նախնի Դաւթի ճանապարհներով՝ չխոտորուելով ո՛չ աջ, ո՛չ ձախ:

ԿՐՕՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ

Իր թագաւորութեան ութերորդ տարում, երբ Յոսիասը տակաւին երիտասարդ էր, սկսեց յարել իր նախնի Դաւթի Տէր Աստծուն, իսկ իր թագաւորութեան տասներկուերորդ տարում սկսեց մաքրել Յուդայի երկիրն ու Երուսաղէմը բարձրադիր մեհեաններից, կուռքերից, ձուլածոյ աստուածներից: Նա իր իսկ ներկայութեամբ կործանել տուեց Բահաղիմի զոհասեղանները եւ սրանց վերեւի մասում գտնուող բարձրադիր պաշտամունքի տեղերը: Նա ջարդուփշուր արեց կուռքերը, քանդակուած ու ձուլածոյ աստուածները, փշրեց, փոշիացրեց դրանք եւ շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրայ: Նա զոհասեղանների վրայ վառեց քրմերի ոսկորները եւ մաքրեց Յուդայի երկիրը, Երուսաղէմը, Եփրեմի, Մանասէի, Շմաւոնի, Նեփթաղիմի քաղաքներն ու դրանց շրջակայ վայրերը: Նա վերացրեց կուռքերը, բագիններն ու աստուածների արձանները փշրեց, մանրեց եւ բոլոր բարձրադիր մեհեանները վերացնելով ամբողջ Իսրայէլի երկրից՝ վերադարձաւ Երուսաղէմ:

ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹԻՒՆԸ

(Դ Թագ. 22.3-20)

Իր թագաւորութեան տասնութերորդ տարում, երբ վերջացրել էր երկիրն ու թագաւորական տունը մաքրելը, Սելիի որդի Սափանին, քաղաքի իշխան Մասիասին ու Յովաքազի որդի Յոսիասին՝ իր դիւանապետին ուղարկեց, որ նորոգեն իր Տէր Աստծու տունը: Սրանք եկան մեծ քահանայ Քեղկիասի մօտ, եւ նա տուեց Տիրոջ տուն բերուած արծաթ դրամը, որը դռան ղեւտացի պահապանները հաւաքել էին Մանասէի, Եփրեմի երկրներից, իշխաններից եւ Իսրայէլի մնացած բոլոր վայրերից, Յուդայի, Բենիամինի երկրների եւ Երուսաղէմի բնակիչներից: 10 Նրանք այն տուեցին գործաւորներին, որոնք մնում էին Տիրոջ տանը այն նորոգելու եւ ամրացնելու համար: 11 Նրանք արծաթը տուեցին հիւսներին եւ շինարարներին, որ խոշոր քառանկիւն քարեր ու փայտէ գերաններ գնեն, ծածկեն այն շենքերը, որ Յուդայի երկրի թագաւորներն էին քանդել: 12 Այդ մարդիկ հաւատարմօրէն կատարեցին գործը, եւ նրանց վերակացուները՝ Մերարիի որդիներից ղեւտացիներ Յէթն ու Աբդիասը, Կահաթի որդիներից Զաքարիասն ու Մեսոլամը եւ ամէն մի ղեւտացի, որ գիտակ էր նուագարանների ընկերակցութեամբ երգեր կատարելու, հսկում էին: 13 Վերակացուներ կային բեռնակիրների, ամէն տեսակ գործեր կատարողների ու աշխատանքի ղեկավարների վրայ: Քարտուղարները, դատաւորներն ու դռների պահապանները ղեւտացիներից էին:

ՕՐԷՆՔԻ ԳՐՔԻ ՅԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ

14 Երբ Տիրոջ տուն մտնելով հանում էին արծաթը, Քեղկիաս քահանան գտաւ Տիրոջ Օրէնքի գիրքը, որը գրուած էր Մովսէսի ձեռքով: 15 Քեղկիասը յայտնեց Սափան քարտուղարին. «Օրէնքի գիրք եմ գտել Տիրոջ տանը»: 16 Քեղկիասը Օրէնքի գիրքը տուեց Սափանին: Սափանը արքային յանձնեց այդ գիրքը, ինչպէս նաեւ ներկայացրեց գործ անող բանուորներին տրուած արծաթի հաշիւը: 17 Ձուլեցին Տիրոջ տանը գտնուած արծաթը եւ այն տուեցին վերակացուներին ու նրանց, որոնք գործ էին անում: 18 Սափան քարտուղարը պատմեց արքային՝ ասելով. «Քեղկիաս քահանան ինձ տուեց Օրէնքի գիրքը»: 19 Եւ Սափանն այն ընթերցեց թագաւորի առջեւ: Երբ արքան լսեց Օրէնքի գրքի խօսքերը, պատառոտեց իր պատմուճանը: 20 Արքան պատուիրեց Քեղկիասին, Սափանի որդի Աքիկամին, Միքեասի որդի Աբդիին, Սափան քարտուղարին եւ արքայի ծառայ Ասայիային՝ ասելով. 21 «Գնացէք հարցրէ՛ք Տիրոջը ինձ համար եւ Իսրայէլում ու Յուդայի երկրում մնացած բոլորի համար, թէ ինչ են գրել այդ գտնուած գրքում, քանզի մեր նախնիների Տիրոջ խօսքերին չանսալու՝ այս գրքի մէջ գրուած ամէն ինչ չկատարելու պատճառով է Տիրոջ բարկութիւնը բորբոքուած մեզ վրայ»:

ՄԱՐԳԱՐԷՈՒՀՈՒ ՊԱՏԳԱՄԸ

22 Քեղկիասը եւ նրանք, որոնց հետ խօսել էր արքան, գնացին Օղդան մարգարէուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մօտ, որը պահում էր պատուիրանները456 եւ ապրում էր Երուսաղէմում՝ Մասենայում, եւ նրան պատմեցին վերեւում ասուած խօսքերը: 23 Նա ասաց նրանց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ասացէ՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մօտ է ուղարկել, 24 թէ այսպէս է ասում Տէրը. “Ահա ես այդ տեղի վրայ չարիք պիտի բերեմ, այսինքն՝ պիտի կատարուեն այն խօսքերը, որ գրուած են այդ գրքում, եւ ընթերցել են Յուդայի երկրի արքայի առջեւ. 25 քանի որ ինձ լքելով զոհեր մատուցեցին օտար աստուածներին, որպէսզի ինձ բարկացնեն իրենց ձեռքի գործերով, իմ բորբոքուած բարկութիւնն է իջնելու այդ տեղի վրայ եւ չի հանդարտուելու”: 26 Իսկ Տիրոջը փնտռելու համար ձեզ ուղարկած Յուդայի երկրի թագաւորին այսպէ՛ս ասացէք. “Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. 27 ‘Քո լսած խօսքերը պատկառանքով լցրեցին քո սիրտը, եւ դու խոնարհուեցիր իմ առջեւ՝ լսելու համար իմ խօսքերը այդ տեղի ու նրա բնակիչների մասին: Դու խոնարհուեցիր իմ առջեւ, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, ուստի ես եւս լսեցի քեզ, - ասում է Տէրը: 28 Ահա ես քեզ քո նախնիների մօտ պիտի տանեմ, քեզ քո շիրիմի մէջ պիտի դնեմ խաղաղութեամբ, եւ քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների գլխին’”»: Այս խօսքերը հաղորդեցին թագաւորին:

ՈՒԽՏԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ

(Դ Թագ. 23.1-20)

29 Արքան մարդ ուղարկեց ու հաւաքեց Յուդայի երկրի եւ Երուսաղէմի ծերերին: 30 Յուդայի երկրի արքան եւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր բնակիչները, քահանաներն ու ղեւտացիները եւ ամբողջ ժողովուրդը՝ մեծից մինչեւ փոքրը, եկան Տիրոջ տունը, եւ արքան նրանց առաջ ընթերցեց Տիրոջ տանը գտնուած ուխտի բոլոր խօսքերը: 31 Վեր կացաւ Յոսիաս թագաւորը, կանգնեց սեան մօտ եւ ուխտեց Տիրոջ առջեւ՝ ընթանալ Տիրոջ նշած ուղիով, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել Նրա պատուիրանները, Նրա օրէնքներն ու հրամանները եւ ուխտի խօսքերը, որ գրուած են այդ գրքում: 32 Նա յորդորեց Երուսաղէմում ու Բենիամինի երկրում գտնուող բոլոր մարդկանց, եւ Երուսաղէմի բնակիչները ուխտ արեցին իրենց հայրերի Աստծու տանը: 33 Այսպիսով Յոսիասը իսրայէլացիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծութիւնները եւ Երուսաղէմում ու Իսրայէլում գտնուող բոլոր մարդկանց համոզեց ծառայել իրենց Տէր Աստծուն: Իր բոլոր օրերին նա չխոտորուեց իր նախնիների Տէր Աստծու ուղուց:

35

ՅՈՍԻԱՍԸ ՏՕՆՈՒՄ Է ԶԱՏԻԿԸ

Յոսիասն իր Տէր Աստծու զատիկը կատարեց. զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսերորդ օրը: Նա քահանաներին կանգնեցրեց իրենց պաշտօնի վրայ եւ յորդորեց նրանց կատարելու Տիրոջ տան ծառայութիւնները: Նա ասաց ղեւտացիներին՝ ամբողջ Իսրայէլի վերակացուներին, որ պէտք է նուիրուել Տիրոջը եւ սուրբ տապանակը դնել այն տանը, որը շինել էր Իսրայէլի արքայ Դաւթի որդի Սողոմոնը: Արքան ասաց. «Դուք ոչ մի բան չպէտք է վերցնէք ուսերի վրայ: Արդ, ծառայեցէ՛ք ձեր Տէր Աստծուն եւ նրա ժողովրդին՝ իսրայէլացիներին: Պատրա՛ստ եղէք ըստ ձեր ազգատոհմերի եւ ըստ ձեր առօրեայ պաշտամունքի, ըստ Իսրայէլի արքայ Դաւթի եւ նրա որդի Սողոմոն թագաւորի գրածի: Տաճարում կանգնեցէ՛ք այն տեղերում, որ նշանակուած են ըստ ձեր ազգատոհմերի, ձեր եղբայրների եւ ձեր ժողովրդի որդիների առջեւ՝ ղեւտացիների ազգատոհմի մարդկանց յատկացուած բաժանումների համեմատ: Մորթեցէ՛ք զատկի գառը եւ պատրաստեցէ՛ք ձեր եղբայրների սրբութիւնները՝ գործելով ըստ Տիրոջ խօսքի, որ գրուել է Մովսէսի ձեռքով»: Եւ Յոսիասն սկսեց ժողովրդի որդիներին եւ ամենքին, որ այնտեղ էին գտնւում, տալ խոյեր, գառներ, մատաղ այծերի նոխազներ՝ բոլորն էլ զատկի համար: Այդ բոլորը թուով երեսուն հազար էր. նաեւ երեք հազար զուարակ: Սրանք թագաւորի ունեցուածքից էին: Նրա իշխանները նոյնպէս սկսեցին ընծաներ տալ ժողովրդին, քահանաներին ու ղեւտացիներին: Քեղկիասը, Զաքարիասը եւ Յէիէլը եւ Աստծու տան իշխանները զատկի առթիւ քահանաներին տուեցին երկու հազար վեց հարիւր խոյ, գառ, նոխազ եւ երեք հարիւր զուարակ: Քոնենիասը, Բանեասը, Սամէասը եւ նրա եղբայր Նաթանայէլը, Ասաբիասը, Յէիէլը եւ Յոզաբադը՝ ղեւտացիների իշխանները, զատկի առթիւ ղեւտացիներին տուեցին հինգ հազար խոյ եւ հինգ հարիւր զուարակ:

10 Պաշտամունքը կատարուեց. քահանաները կանգնած էին իրենց տեղերում, իսկ ղեւտացիները՝ իրենց դասերում, ըստ արքայի հրամանի: 11 Նրանք մորթեցին զատկի գառը, եւ քահանաները իրենց ձեռքերով ցանեցին արիւնը: 12 Ղեւտացիները կտրտեցին ու պատրաստեցին ողջակէզները, որ դրանք բաժանեն ժողովրդի որդիներից իւրաքանչիւրին ըստ ազգատոհմերի, դասերի, որպէսզի մատուցեն Տիրոջը, ինչպէս որ գրուած է Մովսէսի Օրէնքի գրքում: Այսպէս արեցին մինչեւ առաւօտ: 13 Զատկի գառը խորովեցին կրակով ըստ օրէնքի, իսկ սուրբ մասերը եփեցին կաթսաների ու սաների մէջ: Տօնը յաջող ընթացաւ, եւ զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին: 14 Յետոյ զատիկը պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչեւ գիշեր մատուցում էին ճարպերն ու ողջակէզները: Ղեւտացիները բաժին վերցրին նաեւ իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար: 15 Ասափի սաղմոսերգու որդիները, նաեւ Ասափը, Եմանը եւ Իդիթունը՝ արքայի մարգարէները, ըստ Դաւթի պատուիրանի, կանգնեցին իրենց տեղերում: Իշխանները, դռների պետերն ու իւրաքանչիւր դռան պահապան տեղից չպէտք է շարժուէին սրբութեան ծառայութեան ժամանակ, քանզի նրանց եղբայրները՝ ղեւտացիները, բաժիններ էին պատրաստել նաեւ նրանց համար: 16 Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատշաճօրէն պատրաստուեց ու կատարուեց, որպէսզի, ըստ Յոսիաս արքայի հրամանի, տօնեն զատիկը եւ ողջակէզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրայ: 17 Այդ ժամանակ այնտեղ գտնուող իսրայէլացիները եօթը օր կատարեցին զատիկը եւ անթթխմոր հացի տօնը: 18 Սամուէլ մարգարէի օրերից ի վեր սրա նման զատիկ երբեք չէր եղել Իսրայէլում, եւ Իսրայէլի բոլոր թագաւորները այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիասը: Այնտեղ գտնուող քահանաներն ու ղեւտացիները, ամբողջ Յուդայի երկիրն ու Իսրայէլը եւ Երուսաղէմի բնակիչները 19 Տիրոջ տօնը կատարեցին Յոսիասի թագաւորութեան տասնութերորդ տարում: Յոսիաս արքան Յուդայի երկրում եւ Երուսաղէմում գտնուող վհուկներին, գուշակներին, մոգերին, կախարդներին եւ չաստուածներին վերացրեց ու հրով այրեց, որպէսզի հաստատի Օրէնքի այն խօսքերը, որ գրուած էին Քեղկիաս քահանայի՝ Տիրոջ տանը գտած գրքում: Յոսիասի նմանը չէր եղել նրանից առաջ, որ, ըստ Մովսէսի բոլոր օրէնքների, իր ամբողջ սրտով, իր ամբողջ հոգով եւ իր ամբողջ զօրութեամբ դառնար դէպի Տէր Աստուածը: Եւ նրանից յետոյ էլ նրա նմանը չյայտնուեց: Տէրը, սակայն, չհանդարտուեց իր խիստ բորբոքուած բարկութիւնից, Յուդայի երկրի նկատմամբ այն բարկութիւնից, որով բորբոքել էր Նրան Մանասէն: Եւ Տէրն ասաց. «Ես Յուդայի երկիրն էլ եմ վերացնելու իմ աչքի առաջից, ինչպէս վերացրել եմ Իսրայէլը, եւ մերժելու եմ Երուսաղէմը՝ այն քաղաքը, որ ընտրել էի, եւ այն տունը, որի համար ասել էի, թէ՝ իմ անունը պէտք է լինի այնտեղ»:

ՅՈՍԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

(Դ Թագ. 23.28-30)

20 Եգիպտոսի արքայ Նեքաւով փարաւոնը յարձակուեց Ասորեստանի արքայի վրայ Եփրատ գետի ուղղութեամբ: Յոսիաս արքան գնաց նրա դէմ, 21 իսկ սա պատգամաւորներ ուղարկեց նրա մօտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամութիւն ունենք ես ու դու, Յուդայի երկրի՛ արքայ, այսօր քո դէմ պատերազմելու չեմ եկել: Աստուած ինձ ասաց, որ շտապեմ: Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցէ նա քեզ կործանի»: 22 Յոսիասը, սակայն, իր երեսը նրանից չշրջեց, այլ ինքն իր մէջ ուժ գտաւ, որ պատերազմի նրա դէմ: Նա չանսաց Նեքաւովի Տիրոջ անունով ասուած խօսքերին եւ եկաւ պատերազմելու Մակեդդովի դաշտում: 23 Աղեղնաւորները հարուածեցին Յոսիասին, եւ արքան ասաց իր ծառաներին. «Ինձ այստեղից դո՛ւրս հանեցէք, որովհետեւ ծանր վիրաւորուած եմ»: 24 Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մէջ ու տարան Երուսաղէմ: Նա մեռաւ ու թաղուեց իր նախնիների մօտ, եւ ամբողջ Յուդայի երկիրն ու Երուսաղէմը սուգ արեցին Յոսիասի վրայ: 25 Երեմիասը ողբեր ասաց Յոսիասի մասին, եւ բոլոր պալատականները, տղամարդ թէ կին, Յոսիասի մասին յօրինեցին ողբեր, որոնք յիշւում են մինչեւ այսօր: Դրանք Իսրայէլի մէջ կանոնական դարձան եւ ահա գրի են առնուած ողբերի գրքում:

26 Յոսիասի գործերը եւ նրա յուսացած բաները գրի են առնուած Տիրոջ օրէնքներում գրուածի համեմատ, 27 իսկ նրա մնացած գործերը, սկզբից մինչեւ վերջինը, գրի են առնուած Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքում:

36

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱՔԱԶ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 23.30-35)

Երկրի ժողովուրդը Յոսիասի որդի Յովաքազին օծեց ու իր հօր փոխարէն Երուսաղէմում դարձրեց թագաւոր: Յովաքազը քսաներեք տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Ամիտալ էր, որը լոբնացի Երեմիայի դուստրն էր: Յովաքազը չարիք գործեց Տիրոջ առջեւ, այն բոլոր չարիքները, որ գործել էին նրա նախնիները: Նեքաւով փարաւոնը նրան բռնեց Դեբլաթայում, Եմաթի երկրում, եւ նա այլեւս չկարողացաւ թագաւորել Երուսաղէմում: Արքան նրան տարաւ Եգիպտոս եւ երկրի վրայ հարիւր տաղանդ արծաթ457 եւ մէկ տաղանդ ոսկի հարկ դրեց:

Նեքաւով փարաւոնը Յուդայի երկրի արքայ Յոսիասի որդի Եղիակիմին նշանակեց նրա հօր՝ Յոսիասի փոխարէն եւ նրա անունը փոխեց ու դրեց Յովակիմ, իսկ նրա եղբայր Յովաքազին Նեքաւով փարաւոնն առաւ եւ տարաւ Եգիպտոս, ուր եւ նա մեռաւ: Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարաւոնին: Այնուհետեւ երկիրն սկսեց հարկեր վճարել, եւ արծաթը տալիս էին ըստ փարաւոնի հրամանի: Երկրի ժողովրդից՝ ամէն մէկից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ նրա կարողութեան, որպէսզի դրանք յանձնեն Նեքաւով փարաւոնին:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅՈՎԱԿԻՄ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 23.36-24.7)

Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: Նրա մօր անունը Զեկքորա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր: Նա Տիրոջ առջեւ գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները: Նրա օրօք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտաւ Յուդայի երկիրը: Յովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց յետոյ ապստամբեց նրա դէմ: Տէրն ուղարկեց նրա դէմ քաղդէացիներին, Ասորիքի աւազակներին, մովաբացիների աւազակներին եւ ամոնացիներին ու սամարացիներին: Եւ այս բաներից յետոյ նրանք ազատուեցին, ինչպէս ասել էր Տէրն իր ծառայ մարգարէների միջոցով: Տիրոջ զայրոյթը, սակայն, դեռ Յուդայի երկրի վրայ էր, որ վերացնի իր աչքի առաջից Մանասէի գործած բոլոր մեղքերի, Մանասէի թափած անմեղ արեան՝ Երուսաղէմում թափած անմեղ արեան պատճառով: Տէրը, սակայն, չուզեց ոչնչացնել նրանց:

Յովակիմի վրայ յարձակուեց Բաբելոնի արքայ Նաբուքոդոնոսորը եւ նրան կապեց պղնձէ շղթաներով ու տարաւ Բաբելոն: Նա Տիրոջ տան սպասքի մի մասը տարաւ Բաբելոն ու դրեց Բաբելոնում գտնուող իր տաճարում: Յովակիմի մնացած գործերը եւ ամէն ինչ, որ նա արել էր, չէ՞ որ ահա գրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ: Յովակիմը գնաց իր նախնիների գիրկը ու թաղուեց Գանոզայում, իր նախնիների մօտ:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՅԵՔՈՆԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 24.8-17)

Յովակիմի փոխարէն թագաւորեց իր որդի Յեքոնիասը: Տասնութ տարեկան էր Յեքոնիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ երեք ամիս ու տասն օր թագաւորեց Երուսաղէմում: Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ: 10 Երբ տարին բոլորուեց, Նաբուքոդոնոսոր արքան մարդ ուղարկեց ու նրան Տիրոջ տան թանկարժէք սպասքով հանդերձ տարաւ Բաբելոն: Նա Յուդայի երկրում ու Երուսաղէմում թագաւորական գահին նստեցրեց նրա հօրեղբօրը՝ Սեդեկիասին:

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՍԵԴԵԿԻԱՍ ԹԱԳԱՒՈՐԸ

(Դ Թագ. 24.18-20, Երեմ. 52.1-3)

11 Քսանմէկ տարեկան էր Սեդեկիասը, երբ թագաւոր դարձաւ, եւ տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում: 12 Նա չարիք գործեց իր Տէր Աստծու առաջ, չպատկառեց ո՛չ Երեմիա մարգարէից, ո՛չ էլ Տիրոջ խօսքերից:

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԳՐԱՒՈՒՄԸ

(Դ Թագ. 25.1-21, Երեմ. 52.3-11)

13 Սեդեկիասն ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դէմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդուեցրել էր Աստծու անունով, դարձաւ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որ չվերադառնայ Իսրայէլի Տէր Աստծուն: 14 Յուդայի երկրի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդները բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրէնութիւնները եւ պղծեցին Տիրոջ տունը Երուսաղէմում: 15 Նրանց հայրերի Տէր Աստուածը մարգարէների միջոցով շտապ առաքեց իր պատգամախօսներին, քանզի խնայում էր իր ժողովրդին եւ իր սրբավայրը: 16 Մարդիկ արհամարհեցին նրա պատգամախօսներին, մերժեցին նրանց խօսքերը ու ծաղրեցին նրա մարգարէներին մինչեւ այն աստիճան, որ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց ժողովրդի վրայ, որից յետոյ նրանք փրկութիւն չունեցան: 17 Տէրը նրանց վրայ ուղարկեց քաղդէացիների թագաւորին, որը սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իրենց իսկ սրբութեան տան մէջ, չխնայեց նաեւ Սեդեկիասին, չողորմեց նրանց կոյս աղջիկներին եւ նրանց բոլոր ծերերին մատնեց թշնամիների ձեռքը: 18 Նա Աստծու տան ամբողջ մեծ ու փոքր սպասքը եւ արքայի ու մեծամեծների բոլոր գանձերը՝ ամէն ինչ տարաւ Բաբելոն, 19 այրեց Տիրոջ տունը, կործանեց Երուսաղէմի պարիսպը եւ նրա մէջ եղած ապարանքները հրոյ ճարակ դարձրեց, ոչնչացրեց ամէն մի գեղեցիկ անօթ, 20 իսկ վերապրածներին գերեվարեց Բաբելոն: Այնտեղ նրանք նրա ու նրա սերնդի ծառաները դարձան մինչեւ մարաց458 թագաւորութեան հաստատումը, որպէսզի 21 կատարուի Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, թէ՝ «Երկիրը պիտի լքուի եօթանասուն տարի, մինչեւ որ լրանայ շաբաթօրեայ հանգստի իր ժամանակը, որպէս հատուցում շաբաթօրեայ հանգստեան այն ժամանակի, որ չէր պահպանուել»:

ԿԻՒՐՈՍԸ ԹՈՅԼԱՏՐՈՒՄ Է ՀՐԵԱՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ

(Եզրաս 1.1-4)

22 Պարսից արքայ Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում, երբ կատարուեց Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս արքայի հոգին եւ պատուիրեց իր ամբողջ թագաւորութեան մէջ գրաւոր հրովարտակ ծանուցել, ուր ասուած էր. 23 «Այսպէս է ասում Պարսից Կիւրոս արքան. “Երկնքի Տէր Աստուածն ինձ է յանձնել աշխարհի բոլոր թագաւորութիւնները: Նա ինձ է պատուիրել Հրէաստանում՝ Երուսաղէմում, կառուցել իր տունը: Ձեզնից ով որ Նրա ժողովրդին է պատկանում, թող ելնի գնայ, եւ թող Տէր Աստուածն իր հետ լինի”»:

 

 

[439] Շուրջ 6.000 տոննա:

[440] Շուրջ 6.000 տոննա:

[441] Շուրջ 800.000 լիտր:

[442] Շուրջ քսան տոննա:

[443] Կէս կիլոգրամ:

[444] Շուրջ 120.000 լիտր:

[445] Աւելի քան տասներեք տոննա:

[446] Շուրջ երեք ու կէս տոննա:

[447] Շուրջ քսան տոննա:

[448] Վեց կիլոգրամ:

[449] Երեք կիլոգրամ:

[450] Իմաստի յստակութեան համար այս համարում հետեւել ենք եբրայերէն բնագրին:

[451] Բառացի աղի ուխտով:

[452] Մօր մօրը:

[453] Իմաստի յստակութեան համար այս համարում հետեւել ենք եբրայերէն բնագրին:

[454] Շուրջ 300 կիլոգրամ:

[455] Շուրջ 3.000 տոննա:

[456] Եբրայերէնում՝ պատմուճանները:

[457] Շուրջ 3.000 կիլոգրամ:

[458] Եբրայերէնում՝ պարսից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գլխավոր կայք