ՆԱՒՈՒՄԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

1

Պատգամ Նինուէին: Նաւում Ելկեսացու տեսիլքի գիրքը:

ՏԷՐԸ ԱՀԱՒՈՐ Է ԵՒ ԲԱՐԻ

Տէր Աստուած նախանձոտ է եւ վրէժխնդիր,

Տէրը վրէժխնդիր է բարկութեամբ,

Տէրը վրէժ է լուծում իր հակառակորդներից,

եւ ինքն է վերացնում իր թշնամիներին:

Համբերատար է Տէրը,

մեծ է նրա զօրութիւնը,

Տէրը ամենեւին չի արդարացնում մեղապարտին:

Նրա ճանապարհը հողմապտոյտով է եւ կործանումով.

քամին նրա ձին է, ամպերը՝ նրա ոտքերի փոշին:

Սաստում է ծովը, ցամաքեցնում այն,

չորացնում բոլոր գետերը:

Չորացան Բասանն ու Կարմելոսը,

Լիբանանի բոլոր ծաղիկները թառամեցին:

Լեռները դողացին նրանից,

բլուրները սասանուեցին,

խախտուեց երկիրը նրա առաջ,

ինչպէս նաեւ նրա բոլոր բնակիչները:

Նրա բարկութեանն ո՞վ կը դիմանայ,

ո՞վ կը կանգնի նրա զայրոյթի եւ սրտմտութեան դէմ:

Նրա զայրոյթը հալեցնում է իշխանութիւնները,

ժայռերը խորտակւում են նրա առաջ:

Բարեհաճ է Տէրը նրանց նկատմամբ,

ովքեր ապաւինում են նրան նեղ օրերին.

Նա ճանաչում է իրենից երկիւղ կրողներին:

Հեղեղով վերջ կը տայ իր դէմ ըմբոստացածներին,

եւ խաւարը կը հալածի նրա թշնամիներին:

ՊԱՏԳԱՄՆԵՐ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻՆ

Ի՞նչ էք խորհում Տիրոջ դէմ.

ինքն է վերջ տալու եւ կրկին անգամ վրէժ չի լուծի նեղութեան մէջ:

10 Մինչեւ իրենց հիմքերը նրանք խոպան պիտի դառնան.

բաղեղով պատուածի պէս պիտի սպառուեն

եւ լինեն ինչպէս չորացած եղէգ:

11 Քեզնի՛ց պիտի դուրս գայ Տիրոջ դէմ չար խորհուրդը՝

հակառակութեամբ չարիք խորհելու միտքը:

12 Այսպէս ասաց Տէրը բազում ջրերի իշխանների մասին.

«Այսպէս պիտի բաժանուեն նրանք,

եւ քո մասին այլեւս լուր չի լսուելու:

13 Հիմա պիտի խորտակեմ քո գլխին կախուած նրա գաւազանը

եւ քո կապանքները պիտի խզեմ»:

14 Տէրը կը հրամայի քեզ համար,

եւ այլեւս չի հռչակուի քո անունը. «Պիտի ջնջեմ քանդակուած եւ ձուլածոյ կուռքերը քո աստծու տնից

եւ այն գերեզման պիտի դարձնեմ քեզ համար»:

15 Ահա արագընթաց են աւետաբերի ոտքերը լեռների վրայ,

որ խաղաղութիւն է աւետում:

Տօնի՛ր քո տօնը, Յուդայի՛ երկիր,

կատարի՛ր քո ուխտը,

քանի որ այլեւս քո միջով չի անցնելու անօրէնը քեզ հիւծելու համար:

Նա վախճանուեց, մաշուեց ու վերացաւ696:

2

ՊԱՏԳԱՄ ՆԻՆՈՒԷԻՆ

Ելաւ նա, ով փչում է քո դէմքին

եւ քեզ փրկում նեղութիւնից.

հսկի՛ր ճանապարհը,

պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով.

քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը

Իսրայէլի հպարտութեան նման,

քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին:

Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են,

որոնք խաղում էին կրակի հետ.

նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին.

հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին

եւ հրապարակներում կը խառնուեն իրար:

Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է,

եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում:

Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն,

կը տկարանան իրենց ճանապարհներին,

կը շտապեն դէպի պարիսպները

եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին:

Քաղաքների դռները բացուեցին,

արքունիքները կործանուեցին,

եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ:

Ինքը ելնում էր,

նաժիշտները գալիս էին նրա առաջ

եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում:

Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի.

նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին:

Չկար մէկը, որ հսկէր.

յափշտակում էին արծաթը,

յափշտակում էին ոսկին,

եւ նրա զարդեղէնին չափ չկար:

Ծանրացան աւելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները:

10 Սրտի սոսկում, թօթափում եւ ձգտում,

ծնկների թուլացում,

ցաւ ամէն մէջքի վրայ,

եւ բոլորի երեսները սեւացան պուտուկի նման:

ՆԻՆՈՒԷՆ ՆՄԱՆ Է ՊԱՐՏՈՒԱԾ ԱՌԻՒԾԻ

11 Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը,

ո՞ւր գնաց մտաւ առիւծը.

չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին:

12 Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար,

որս խեղդեց իր կորիւնների համար,

իր բոյնը լցրեց որսով

եւ իր որջը՝ յափշտակուած բաներով:

13 «Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, -

ծխով կ՚այրեմ քո զօրքերը,

սուրը կ՚ուտի քո առիւծներին,

երկրից կը վերացնեմ քո որսը,

եւ այլեւս չեն լսուի քո գործերը»:

3

ՍՊԱՆԴԻ ՄԱՏՆՈՒԱԾ ՈՃՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԸ

Ո՛վ արեան քաղաք,

բոլորովին սուտ,

անիրաւութեամբ լի,

ուր որսը պէտք է փնտռուի697:

Հարուածների ձայն,

անուի շարժման ձայն,

կառքերի շաչիւն,

հեծեալների դոփիւն,

զէնքի փայլ, սուսերի շող,

վիրաւորների թաւալգլոր անկում,

հաշիւ չկար նրա ժողովուրդներին: Նրանք պիտի տկարանան իրենց մարմնով բազում պոռնկութեան պատճառով:

Գեղապանծ պոռնիկ,

կախարդների գլխաւոր,

որ վաճառում էր ազգը իր պոռնկութեամբ

եւ տոհմերը՝ իր կախարդանքներով:

«Ահա ես քեզ դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէր Աստուածը, -

պիտի բացեմ քո յետնամասը,

քօղ պիտի գցեմ քո դէմքին,

ազգերին ցոյց պիտի տամ քո ամօթը

եւ թագաւորութիւններին՝ քո անարգանքը:

Քեզ վրայ պիտի նետեմ քո պղծութիւններն ու աղտեղութիւնները

եւ խայտառակ պիտի անեմ քեզ:

Եւ այնպէս պիտի լինի,

որ ով տեսնի քեզ, պիտի իջնի եւ ասի.

“Խե՛ղճ Նինուէ, ո՞վ կը լինի, որ հեծեծի քեզ համար,

որտեղի՞ց մխիթարութիւն փնտռենք քեզ համար:

Բաժի՛ն պատրաստիր, քնա՛ր լարիր, ո՛վ Ամոնի նահանգ,

որ բնակւում ես գետերի միջեւ՝ ջրերով շրջապատուած,

որի սկիզբը ծովն է,

եւ ջրերը՝ նրա պարիսպը:

Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զօրութիւնն են,

եւ նա երբեք փախուստի չէր մատնուի.

լիբիացիները նրան օգնական դարձան:

10 Սակայն նա էլ սասանուելով գերի կը գնայ,

քարին կը խփեն նրա զաւակներին նրա ճանապարհների սկզբում,

նրա բոլոր թանկարժէք իրերի վրայ վիճակ կը գցեն

եւ նրա բոլոր մեծամեծները ձեռնակապերով կը կապուեն:

11 Եւ դու կը հարբես, կը յիմարանաս,

թշնամիներից քեզ համար ոտքի տեղ կը խնդրես:

12 Քո բոլոր ամրոցները նման են ծառի վրայ երեւացող թզի,

որ եթէ շարժուի, կ՚ընկնի ուտողների բերանը:

13 Ահա քո ժողովուրդը կանանց նման կը լինի քո մէջ,

քո թշնամիների համար անպայման կը բացուեն քո երկրի դռները,

եւ կրակը կը լափի քո նիգերը:

14 Պաշարման համար ջո՛ւր լցրու եւ ամրացրո՛ւ քո ամրոցները.

մտի՛ր ցեխի մէջ, կոխոտի՛ր,

շաղախի՛ր այն յարդի հետ եւ պնդացրո՛ւ աւելի քան աղիւսը:

15 Այնտեղ կրակը կը լափի քեզ,

սուրը կը սպանի քեզ,

կ՚ուտի քեզ ինչպէս մորեխը

եւ կը ծանրանայ ինչպէս ջորեակը:

16 Շատացրիր քո վաճառելիքը երկնքի աստղերի չափ,

եկաւ ջորեակը, թռաւ,

17 առաջ գնաց ինչպէս փոքրիկ մորեխը.

եւ քո խառնամբոխը նման էր մորեխի,

որ ցուրտ օրերին կպչում է ցանկապատին.

ծագեց արեւը, գնաց եւ չիմացուեց նրա տեղը:

18 Վա՜յ նրանց.

քո հովիւները ննջեցին,

Ասորեստանի թագաւորը կոտորեց քո զօրքերը,

քո ժողովուրդը չուեց լեռները,

չկար մէկը, որ մնար:

19 Թարախակալուեցին քո վէրքերը,

եւ քո անկումը բուժում չունի.

բոլոր նրանք, ովքեր լսեցին քո գոյժը,

ծափ կը զարնեն քեզ համար,

քանի որ ո՞ւմ վրայ չեկաւ քո չարութիւնը մշտապէս:

 

 

[696] Իմաստի յստակութեան համար այս համարում հետեւել ենք եբրայերէն բնագրին:

[697] Եբրայերէն՝ այնտեղ որսը պակաս չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գլխավոր կայք