ՀԱՅ  ENG  РУС


փնտրել




ԲՈՂՈՔԻ ԵՐԹ


2009-11-24

ԲՈՂՈՔԻ ԵՐԹ ԸՆԴԴԵՄ ՎՐԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ և ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ     
                                                                
Նոյեմբերի 24-ին Հանրապետության Հրապարակից դեպի Վրաստանի դեսպանատուն տեղի  ունեցավ բողոքի երթ` հանդեպ վրաց իշխանությունները և վրաց եկեղեցին:
Եկեղեցիների երիտասարդական միությունների, տարբեր բուհերի, երիտասարդական կառույցների շուրւջ 1000 անդամներ հոգևորականների մասնակցությամբ բողոքում էին Թբիլիսիի 1356 թ. կառուցված Մուղնեցվոց Սուրբ Գեւորգ Եկեղեցու փլուզման առթիվ:
Բողոքող երիտասարդները «Ոչ մշակութային Եղեռնին», «Վերադարձրեք մեզ մեր եկեղեցիները», «Մի՞թե դուք քրիստոնյա չեք», «Մի աղավաղեք պատմությունը», «Հարգեք մեր եկեղեցիները», «Հարգեք մեր սրբությունները», «Հարգեք Հայ եկեղեցու իրավունքը», «Հարգեք մեր մշակութային արժեքները» կարգախոսներով, վանկարկումներով, թմբկահարների ուղեկցությամբ հասան Վրաստանի դեսպանատուն:
5 հոգանոց պատվիրակությունը հանդիպեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ: Պատվիրակները ներկայացրին հետևյալ պահանջները.

1. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին անհապաղ շնորհել իրավաբանական անձի պատշաճ կարգավիճակ

2. Վիրահայոց թեմին վերադարձնել Վրաստանի հայկական պատմական եկեղեցիները

3. Իրականացնել միջազգային օրենսդրությամբ եւ Վրաստանի սահմանադրությամբ պահանջվող խնամք եւ հոգածություն պատմամշակութային կոթողների նկատմամբ

4. Ապահովել հայության` որպես ազգային փոքրամասնության կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները:

Դեսպանի հետ զրույցի ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի Արարատ երիտասարդական միության հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը հույս հայտնեց, որ բողոքի այս ալիքն անպատասխան չի մնա: Դեսպանը հավաստիացրեց, որ նամակը կներկայացվի պատշաճ մարմիններին և պատասխան նամակը կուղարկվի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի:

Ի դեպ, Վրաստանի հանրապետության իշխանություններին և Վրաց ուղղափառ եկեղեցուն ուղղված ուղերձը ներկայացվել է նաև Միացյալ Ազգերի Կազմակերպությանը:


Մամլո հաղորդագրություններ

Նոյեմբերի 24-ին` Հանրապետության Հրապարակից դեպի ՄԱԿ և Վրաստանի դեսպանատուն տեղի  ունեցավ բողոքի երթ` հանդեպ վրաց իշխանությունները և վրաց եկեղեցին` պահանջով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները:

Վրաստանում հայերի մասին հիշատակություններ առկա են տակավին քրիստոնեության ամենավաղ շրջանից: Պատմիչների վկայությամբ հայերն իրենց եկեղեցական կյանքն էին կազմակերպել Վրաստանում` կառուցելով բազմաթիվ եկեղեցիներ, մատուռներ և աղոթատներ:
4-7-րդ դդ. Վրաց եկեղեցին ևս ի հոգևորս ենթակա էր Հայոց եկեղեցուն, ուստի վրաց կաթողիկոսներն էլ ձեռնադրվում էին հայոց կաթողիկոսների կողմից: Սակայն 609 թ. երբ քաղաքական ճնշումների ներքո Վրաց եկեղեցին վերջնականապես ընդունեց քաղկեդոնական դավանանքը, հայոց Աբրահամ Ա Աղբաթանեցի (607-615) կաթողիկոսի շրջաբերական նամակով բաժանվեց Հայոց եկեղեցուց` զրկվելով հոգևոր հաղորդակցությունից: Արդեն XII դարում կազմակերպվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը` տեղի հայերի հովվության նպատակով:
Հնագույն կառուցված եկեղեցիներից հայտնի են Հրեշտակապետաց եկեղեցին /կառուցվել է 754-ին: 1804-ին միայն Թիֆլիսում գործել է շուրջ 35 հայկական եկեղեցի և մեկ մենաստան£ 1837-ին Վրաստանում հաշվվում էր 198 հայկական եկեղեցի, վանք ու մատուռ, իսկ 1903-ին, ներառյալ Արդվին-Արտանուշ շրջանը, եկեղեցիների թիվը հասնում էր 256-ի: Դրանց մի մասը խոնարհվել է պատմական տարբեր ժամանակաշրջաններին, սակայն մեծապես ավերվել է խորհրդային տարիներին: Խորհրդային իշխանության տարիներին ծավալված բռնությունների և հալածանքների հետևանքով փակվել էին թեմի գործող գրեթե բոլոր եկեղեցիներն ու վանքերը, իսկ Վրաստանի անկախացումից հետո, մեծ թվով եկեղեցիներ վրացականացվեցին:
Վրաստանում առ այսօր ՙԽղճի և կրոնի ազատության՚ օրենք չի ընդունվել:
Վիրահայոց թեմն այսօր չունի որևէ իրավական կարգավիճակ` Վրաստանում օրենսդրական դաշտի չկարգավորվածության պատճառով: Վրաստանում գոյություն չունի որևէ օրենսդրական ակտ, որով կկարգավորվեին այդ երկրում կրոնական կազմակերպություններին վերաբերող իրավունքներն ու պարտականությունները: Վիրահայոց թեմի համար մեկ այլ կարևոր խնդիր է խորհրդային ժամանակներից բռնազավթված հայկական եկեղեցիների վերադարձման հարցը:
Այսօր Վիրահայոց թեմն ունի ընդամենը 21 գործող եկեղեցի և ուզում է վերադարձնել Թբիլիսիի հինգ (Նորաշեն, Սբ. Նշան, Սբ. Մինաս, Մուղնեցոց Սբ. Գևորգ և Կարմիր Ավետարան) և Ախալցխայի Սբ. Նշան եկեղեցիները: Վիրահայոց թեմին հուզող խնդիրները բազմիցս արծարծվել են տարբեր դիվանագետների և միջազգային կազմակերպությունների կողմից:


Փլուզված եկեղեցու մասին
Նոյեմբերի 19-ին, Թբիլիսիում հիմնովին փլուզվեց 13-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:  
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի և թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաև մամուլի միջոցով: Բոլոր դիմումները  Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գևորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցեց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երևանցոց Սուրբ Մինաս և Ախալցխային Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Հարկ է նշել, որ սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին:
Կարծում ենք այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի հաշվեկշռում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները:

ՈՒՂԵՐՁ
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՎ ՎՐԱՑ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒՆ


  Մենք` սույն բողոքի երթի մասնակից Հայ Առաքելական Եկեղեցու զավակներս, տարբեր երիտասարդական կազմակերպությունների անդամներս, մեր բողոքի ձայն ենք բարձրացնում Թբիլիսի 1356 թ. կառուցված Մուղնեցվոց Սուրբ Գեւորգ Եկեղեցու փլուզման առթիվ:
Ցավալի է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունների ջանքերն անցան ապարդյուն, եւ երկխոսության միջոցով ու փոխադարձ համաձայնությամբ չլուծվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տալու եւ Թբիլիսիում պահպանված հայկական պատմական Եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցը: Հակառակ նաեւ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների պահանջներին` հիշյալ խնդիրները մնում են առկախ, քանի որ Վրաստանում շարունակվում են ոտնահարվել Հայ Եկեղեցու եւ հայության իրավունքները:
Այս ամենը Վրաստանի Իշխանությունների անտարբերության եւ թողատվության արդյունքում Վրաց Ուղղափառ Եկեղեցու անարդար հավակնությունների եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու կողմից այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ հրահրվող անհանդուրժողականության եւ ծայրահեղականության հետեւանքներ են: Ուստի, Վրաստանի Իշխանությունները  Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ միասին հավասարապես կրում են առկա խնդիրների եւ դրանց պատճառով Մուղնեցվոց Սուրբ Գեւորգ Եկեղեցու փլուզման ողջ պատասխանատվությունը:  
Ստեղծված կացությունը չի համապատասխանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու եւ նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ Վրաստանի իշխանությունների կողմից անընդհատ հնչեցվող հայտարարություններին եւ խոստումներին:
Մենք Վրաստանի Հանրապետության իշխանություններից եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուց պահանջում ենք.
1. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին անհապաղ շնորհել իրավաբանական անձի պատշաճ կարգավիճակ
2. Վիրահայոց թեմին վերադարձնել Վրաստանի հայկական պատմական եկեղեցիները
3. Իրականացնել միջազգային օրենսդրությամբ եւ Վրաստանի սահմանադրությամբ պահանջվող խնամք եւ հոգածություն պատմամշակութային կոթողների նկատմամբ
4. Ապահովել հայության` որպես ազգային փոքրամասնության կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները:

ՈՒՂԵՐՁ
ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

 Մենք` սույն բողոքի երթի մասնակից Հայ Առաքելական Եկեղեցու զավակներս, տարբեր երիտասարդական կազմակերպությունների անդամներս, մեր բողոքի ձայն ենք բարձրացնում Թբիլիսի 1356 թ. կառուցված Մուղնեցվոց Սուրբ Գեւորգ Եկեղեցու փլուզման առթիվ:
Ցավալի է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունների ջանքերն անցան ապարդյուն, եւ երկխոսության միջոցով ու փոխադարձ համաձայնությամբ չլուծվեցին Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տալու եւ Թբիլիսիում պահպանված հայկական պատմական Եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցը: Արդյունք չտվեց նաեւ մեր խնդրանքը, որ երկու տարի առաջ մենք` երիտասարդներս, դիմել էինք Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Ազգերի Կազմակերպության մշակութային բաժնին, քանի որ Վրաստանում շարունակվում են ոտնահարվել Հայ Եկեղեցու եւ հայության իրավունքները:
Այս ամենը Վրաստանի Իշխանությունների անտարբերության եւ թողատվության արդյունքում Վրաց Ուղղափառ Եկեղեցու անարդար հավակնությունների եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցու կողմից այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ հրահրվող անհանդուրժողականության եւ ծայրահեղականության հետեւանքներ են: Ուստի, Վրաստանի Իշխանությունները  Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ միասին հավասարապես կրում են առկա խնդիրների եւ դրանց պատճառով Մուղնեցվոց Սուրբ Գեւորգ Եկեղեցու փլուզման ողջ պատասխանատվությունը:  
Ստեղծված կացությունը չի համապատասխանում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու եւ նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ Վրաստանի իշխանությունների կողմից անընդհատ հնչեցվող հայտարարություններին եւ խոստումներին:
Մենք դիմում ենք Միացյալ Ազգերի Կազմակերպությանը` պահանջելով վերահաստատել հավատարմությունը համամարդկային արժեքների նկատմամբ եւ Վրաստանի Հանրապետության իշխանություններից եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցուց պահանջել.
1. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին անհապաղ շնորհել իրավաբանական անձի պատշաճ կարգավիճակ
2. Վիրահայոց թեմին վերադարձնել Վրաստանի հայկական պատմական եկեղեցիները
3. Իրականացնել միջազգային օրենսդրությամբ եւ Վրաստանի սահմանադրությամբ պահանջվող խնամք եւ հոգածություն պատմամշակութային կոթողների նկատմամբ
4. Ապահովել հայության` որպես ազգային փոքրամասնության կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ պայմանները:

 

Վերադարձ դեպի ցուցակ

 


  Vicar's Office, 15 R. Israelyan St., St. Sargis Vicarial Church, 375015 Yerevan, Armenia.
Հեռ.: +374.1.587368, 587505, 584722. Ֆաքս: +374.1.545798. Email : araratd@arminco.com
Site design & development by AZD