Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները ոչ միայն կուսակրոն հոգևորականներ են, այլև՝ ամուսնացյալ քահանաներ:

Ինչո՞ւ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները ոչ միայն կուսակրոն հոգևորականներ են, այլև՝ ամուսնացյալ քահանաներ:

Աստվածաշնչում Քրիստոս պատվիրում է առաքյալներին թողնել իրենց ընտանիքները և հետևել Իրեն: Այդ նշանակում է, որ առաքյալները կուսակրո՞ն են եղել: Եվ ինչո՞ւ Հայ Եկեղեցու սպասավորները ոչ միայն կուսակրոն հոգևորականներ են, նաև՝ ամուսնացյալ քահանաներ: 


Մեր Տեր Հիսուս Քրիստոս չպատվիրեց թողնել ընտանիքը, այլ՝ ասաց. «Ով իր հորը և կամ մորն Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ: Ով իր որդուն կամ դստերն Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ: Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ: Ով որ իր անձը գտնում է,այն կկորցնի, և ով իր անձը կորցրեց Ինձ համար, այն կգտնի» (Մատթ.10: 37-39): Սա չի նշանակում թողնել ընտանիքը, այլ՝ սիրել Փրկչին, հետևաբար` մեր ընտանիքների փրկությունը: Սա նշանակում է անձն ուրանալ, սիրով ծառայել ընտանիքին, ինչի մասին Տերը պատվիրանի մեջ ասում է: Սա չի նշանակում, թե առաքյալները կուսակրոն են եղել: 
Պարտադիր կուսակրոնությունը քահանայական աստիճանը ստանալու համար հատուկ է Կաթոլիկ Եկեղեցուն: Իսկ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնվում է Պողոս Առաքյալի խոսքի վրա, որով պատվիրում է ընտանիքը չթողնել (Տե՛ս Ա Տիմոթ. 5: 8) և բացատրում, թե հոգևորականի մեջ ինչ է կարևորվում. ամուսնական հավատարմությունը, ողջախոհությունը, հյուրընկալությունը, և այլն (Տե՛ս Ա Տիմոթ. 3: 2-5, 12): Ուրիշ նամակում էլ Պողոսն ասում է. «… ինչ վիճակի մեջ որ էիք, երբ Աստված կանչեց ձեզ, նույն վիճակի մեջ էլ մնացեք Աստծու առաջ» (Ա Կորնթ. 7: 24): Դա նշանակում է, որ եթե մեկը, ամուսնացած լինելով, կոչվում է սարկավագական կամ քահանայական ծառայությանը, նա չպետք է ամուսնալուծվի և լքի իր ընտանիքը, իսկ ով ձեռնադրություն է ստանում, ամուսնացած չլինելով, այսուհետ չպիտի ամուսնանա:

  • 2021-10-13
×