Դիմակավորում

Դիմակավորում

Բարեկենդանի ամենաբնորոշ գծերից է դիմակավորումը: Բարեկենդանին ծպտվելու, կերպարանափոխվելու մասին պահպանվել են մի շարք տեղեկություններ: Դիմակավորումը՝ որպես ծեսի բաղադրատոմս, կապվում է նախնու պաշտամունքի հետ, և այս թեման բավական ուսումնասիրված է: Հայկական բարեկենդանն ունեցել է յուրօրինակ «Ձմեռ պապ»: Վ.վ. Տեր Մինասյանը հիշատակում է Ս. Սահակ Պարթևի տոնին (Ս. Սարգսի տոնին հաջորդող շաբաթ առավոտյան) տները շրջող և օրհնող Մեծն-Պապուկին: Մեծն-Պապուկի գալն ազդարարում է Բարեկենդանի սկիզբը: Ա. Արք. Մանուկյանը նույնպես հիշատակում է Բարեկենդանին եկող Պարթև-Մեծն Պապուկին, որը գալիս էր քոլոզը գլխին, գավազանը ձեռքին և ոչխարի մորթին հագած: Նա մոտենում էր գինու կարասին, յուրաքանչյուրին մի բաժակ գինի տալիս և ասում. Եկավ «Մեծն-պապուկը, հազար բարով մեր Բարեկենդան»: Գինի բաժանող (և ոչ՝ պահանջող) է Պարթև-Պապուկը, սրանով իսկ՝ առավել մոտենալով Կաղանդի նվերներ բաժանող և ոչինչ չպահանջող Պապին: Պարթև-պապուկը համեմատաբար ուշ շրջանի արգասիք է և կարող է կապված լինել «գինի բաշխող» Դիոնիսիոսի կամ Սաբազիոսի երբեմնի պաշտամունքների հետ: Դիմակավորված կերպարներից է Բարեկենդանի բուն օրվա երեկոյան տներում հայտնվող «մեյմունը» (կապիկը): Ջավախքում նմանատիպ կերպարը կոչվում է «ղադի»: Նոր Նախիջևանի «Ջամալները», այսինքն՝ դիմակավորները, զանազան խմբեր էին կազմում, այդ թվում՝ հարսանքավորների, հոգևորականների, բոշաների, զորականների և այլն: Նրանք այցելում էին տները, չէին խոսում, բայց երգում և պարում էին:
Անշուշտ այս բոլոր կերպարները մեռյալ նախնիների ներկայացուցիչներն են, որոնք սովարաբար գալիս են իրենց բաժին զոհաբերությունը ստանալու՝ Կաղանդի նմանությամբ: Որքան արխայիկ է ծեսն, այնքան նախնիների ներկայացուցիչները նման են կենդանիների՝ տոտեմական նախնիների: «Բալի կղզում 210 օրը մեկ տոնում էին գալունգան, այսպես կոչված՝ «մեռելոցի օրերը»: Ըստ հավատալիքի՝ այդ օրերին մեռածների հոգիները (ոչ միայն հարազատների, այլև գյուղի հիմնադիր առասպելական նախնիների) այցելում էին ողջերին: Ամեն տան մեջ նրանց համար պատրաստում էին խորհրդանշական նվերներ, իսկ այս տոմարային տոնի 35 օրվա ընթացքում գյուղերը մեկը մյուսի ետևիցհյուրընկալում էին թատերական թափառական խմբեր, որոնք ներկայացման գլխավոր կերպարի անունով կոչվում էին բարոնգ: Հիմնական կերպարներն էին Բարոնգը՝ անձնավորված բարին և արդարությունը, և Ռանգդան՝ նենգության, անհավատարմության և չարի մարմնավորումը: Խմբի ղեկավարին հաճախ կոչում ՝ին քուրմ: Բարոնգի դիմակ-հանդերձանքը  առյուծանման կամ արջանման հեքիաթային «հրեշ» է: Բառի ստուգաբանությունը կապվում է Ճավա կղզու լեզվով «Բարվանգ» բառի հետ, որը թարգմանվում է «արջ»»:
Այսպես է առաջանում ժողովրդական, իսկ հետո նաև՝ տաճարային և մասնագիտացված թատրոնը: Պատահական չէ, որ հնագույն թատերական կերպարները հիշեցնում են այծի դիմակով կուկերներին կամ ջամալներին:

 

Աղբյուր՝ «ՏՈՄԱՐԱՅԻՆ ԾԻՍԱՇԱՐ» գրքից

  • 2021-09-03
×