Հավատացելոց Պատարագ

Հավատացելոց Պատարագ

Սուրբ Պատարագի խորհուրդը հաստատվեց Վերջին ընթրիքին Քրիստոսի կողմից: Պատարագի միջոցով հավատացյալները նախաճաշակում են Երկնքի Արքայության երանությունը: Կարևոր է, որ Եկեղեցու գլխավոր ծիսական արարողությանը մասնակցելիս հասկանանք դրա խորհուրդն ու Տիրոջ տուն մտնենք պատրաստված:

 

Պատարագի ընթացքում քահանան խորհրդանշում է Քրիստոսին, (տես՝ «Պատարագ. խոստովանություն, Առաջադրություն, Աշխարհգալոց») սակայն Հավատացելոց Պատարագի սկզբում հոգևորականը, հանելով սաղավարտը, խաչը, դառնում է սովորական սպասավոր, որովհետև Խորանի վրա արդեն ներկա է Տեր Հիսուս Քրիստոս: Արարողության այս հատվածում է տեղի ունենում հացի ու գինու սրբագործումը և Սուրբ Հոգու ներգործությամբ Քրիստոսի ճշմարիտ Մարմնի և Արյան փոխակերպումը: Հնչող աղոթքներն ու երգերը վերաբերում են Տիրոջ փրկագործության խորհրդին, որով Նա մարդուն հաշտեցրեց Հոր հետ, բացեց երկնքի դռները։

 

Սարկավագը ձայնում է. «Մի՛ ոք յերախայից, մի՛ ոք ի թերահաւատից, և մի՛ ոք յապաշխարողաց և յանմաքրից մերձեսցի յաստուածային Խորհուրդս»: Նշանակում է, որ չմկրտվածները, թերահավատները, անմաքուրները չմերձենան աստվածային խորհրդին, դուրս գան գավիթ, որովհետև սկսվում է Սուրբ Պատարագի բուն խորհուրդը: Հնում մարդիկ, լսելով սարկավագի հորդորը, դուրս էին գալիս ու աղոթում գավիթում: 

 

Ընծաների վերաբերում և մատուցում

 

Սարկավագը սուրբ ընծաները՝ հացն ու գինին, բերում է քահանային, որպեսզի նրա ու հավատացյալների աղոթքով Սուրբ Հոգին իջնի ընծաների վրա: Ընծաները դեպի Սեղան հասցնելը խորհրդանշում է Քրիստոսի բերած լույսի ճանապարհը: 

 

«Ճանապարհ բացեք նրա համար, ով նստում է երկինքների երկնքում, արևելքում,- հայտարարում է սարկավագը: Ընթացքում քահանան խնդրում է Աստծուն՝ իրեն արժանի դարձնել պատարագելու Քրիստոսի Մարմինն ու Արյունը: Ընծաները Սուրբ Սեղան բերելը կոչվում է վերաբերում: Այն մեզ հիշեցնում է Տիրոջ Երուսաղեմ գնալու որոշումը: 

 

Սարկավագը, սկիհը տալով քահանային, ասում է. «Սա Ինքն է փառքերի Թագավորը»: Պատարագիչը, Սկիհը սարկավագից վերցնելով, բարձրացնում է վեր, օրհնում ժողովրդին. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն, օրհնութիւն ի բարձունս» խոսքերով խաչակնքում ու Սկիհը դնում Սուրբ Սեղանի վրա, որը խորհրդանշում է Քրիստոսին խաչ հանելն ու գերեզման դնելը: Պատարագիչը խնկարկում է ընծաները, ինչը խորհրդանշում է յուղաբեր կանանց Տիրոջ գերեզման խունկ բերելը: Նա լվանում է ձեռքերը՝ ի նշան մաքրության, քանի որ այդ մատներով պետք է հպվի Սուրբ Մարմնին ու Արյանը: Սա օրինակ է նաև ժողովրդի համար: 

 

Սարկավագի քարոզով քահանան սկսում է Պատարագի բուն արարողությունը՝ Հիսուսի Մարմինն ու Արյունը որպես զոհ մատուցելու խորհուրդը: Սարկավագը ժողովրդին հոգեպես նախապատրաստում է, հորդորում երկյուղածությամբ, կատարյալ հավատով ու սիրով կանգնել Աստծու սեղանի առջև ու աղոթել։ Քահանան խնդրում է Աստծուն՝ հացն ու գինին փոխակերպել Իր Միածին Որդու Մարմնի ու Արյան՝ որպես անմահական դեղ այն ճաշակողների համար:

 

Ողջույն 

 

Ընդունել Քրիստոսի զոհաբերությունը նշանակում է ընդունել Քրիստոսի սերը, սիրո ու հաշտության այն ճանապարհը, որ բերեց Քրիստոս: Այդ հաշտությունն արտահայտվում է ողջույնի համբույրով: Քահանան բացում է Սկիհն ու համբուրում նշխարը, ինչը նշանակում է, որ ողջույն է ստանում Քրիստոսից: Այն փոխանցում է եկեղեցուն: Ողջույնի համբույրով հավատացյալների բազմությունը դառնում է մի անձ ու մի սիրտ: Սուրբ Սեղանի վրա դրված ընծան կարծես եկեղեցին է՝ իր անդամներով: Այն Քրիստոսի Մարմնի ու Արյան հետ ընծայվում է Աստծուն: 

 

Երբ հավատացյալները ստանում են ողջույնը, այն փոխանցում են միմյանց: Փոխանցողն ասում է. «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ», ստացողն էլ պատասխանում. «Օրհնեալ է յայտնութիւնն Քրիստոսի»: Հավատացյալները ջանում են զգալ իրենց ներքին հաշտությունը Աստծու նաև յուրաքանչյուր քրիստոնյայի հետ: Մարդիկ ողջագուրվում են «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» շարականի երգեցողությամբ:  

Նախորդիվ՝ 
Մեր Պատարագը. «Երեքսրբեան» փառաբանություն, «Հավատո հանգանակ»:

 
  • 2024-05-03
×