Մեր Եկեղեցում դառնում ես հայրենիքի մի մասը

Մեր Եկեղեցում դառնում ես հայրենիքի մի մասը

«Երբ գնում ես Հայ Առաքելական Եկեղեցի, դառնում ես ոչ միայն քրիստոնյա նաև հայրենիքի մի մասը, երկրիդ մասին մտածող մարդ». 26-ամյա Տիգրանի խոսքն է: Համոզված է՝ հենց եկեղեցու շնորհիվ է լցրել իր կյանքում եղած բացը, բացահայտել ոչ միայն ինքն իրեն, Հայ Եկեղեցին նաև մեր հայրենիքը: 

 

«Եկեղեցին ուղիղ կապված է հայրենիքի հետ: Պատահական չէ, որ ամենօրյա աղոթքներով մարդիկ խնդրում են Աստծուն՝ անսասան պահել մեր զորքը, սահմանները: Մեր աղոթքներում հիշում ենք մեր գերիներին, կարիքավոր մարդկանց, բոլորին»,- նշում է նա:

 

Ծրագրավորող Տիգրան Մանուկյանը քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է: Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության անդամ է: Շատ է կարևորում եկեղեցու համայնքային կյանքը, քանի որ կարծում է՝ այն օգնում է հասկանանք՝ մենակ չենք: Երբ միավորվում ենք, կարող են լինել մեծ փոփոխություններ, իսկ մեզ այսօր միավորել կարող է Հայ Առաքելական Եկեղեցին։ Ստանալ Սուրբ Հաղորդություն, աղոթել, ապրել համայնքային կյանքով. երբ սկսենք ապրել այս բանաձևով, մեր կյանքում կզգանք փոփոխությունը: Հետագայում փոփոխություն կլինի նաև մեր երկրում:

 

Վերադարձ՝ դեպի լույսը

 

Տիգրանը տարիներ առաջ եղել է աղանդավորական կազմակերպության անդամ: Տարիներ շարունակ այնտեղ լսել է, որ Առաքելական Եկեղեցում բացակայում են հոգևոր զրույցները, ակտիվ կյանքը, առհասարակ հոգևորի պակաս կա:

 

«Երբ շատ տեղեկացված չես, հասուն չես, գնում ես զգացմունքներին հետևելով: Մի օր հասկացա՝ ինձ մի բան պակասում է, կարծես դատարկություն է, կարծես մի ուժ ինձ կանչեց եկեղեցի»,- պատմում է նա:

 

Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Պատարագի, ու ամեն բան փոխվել է:
 

«Սուրբ Պատարագին մասնակցեցի կեսից ու բավարարվածություն զգացի, որոշեցի մյուս անգամ գալ ավելի շուտ: Հաջորդ անգամ, երբ քահանան ասաց. «Խաղաղություն ամենեցուն», ինձ թվաց իմ մեջ եկավ մի մեծ, երկնային խաղաղություն: Ես ոչ մի բան չէի հասկանում, բայց զգում էի, որ այնտեղ հարազատ է»,- պատմում է 26-ամյա երիտասարդը:
 

Դիմել է Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվին՝ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանին, որ ներգրավվի եկեղեցու կյանք ու հասկացել, որ այն բավականին ակտիվ է: Ունեն երիտասարդաց, տիկնանց, տղամարդկանց միություններ, կիրակնօրյա դպրոց: Անդամներով հաճախ հավաքվում են, իրականացնում տարբեր ծրագրեր: Նշում է՝ ամենօրյա այցելությամբ նորովի է բացահայտում մեր Եկեղեցին, որտեղ ցանկացած իր ունի իր խորհուրդը: Երբ չգիտենք այդ ամենը, կարող է թվալ, թե սովորական դուռ է, սյուներ, սրբապատկեր: Երբ սկսում ենք սովորել, հասկանում ենք արժեքը, մեր հոգին լցվում է: Առհասարակ, հոգևոր կյանքն օգնում է դառնալ ավելի լավը:

 

«Երբ գիտակցելով ես ստանում Սուրբ Հաղորդություն, դառնում ես եկեղեցու մի մասը, այն հնարավորություն է տալիս՝ մեղքերից ազատվելու նաև ինքդ քեզ արժևորելու: Հասկանում ես, որ տիեզերքի ստեղծողը գալիս է քո մեջ: Դու էլ սկսում ես քո լույսը տալ ուրիշներին: Երբ շփվում ես Աստծո հետ, հասկանում ես, որ այլևս չես կարող ապրել վատ սովորություններով: Հոգևոր մարդը, երբ մեղք է գործում, սկսում է դրա դեմ պայքարել, փորձում է դառնալ ավելի լավը: Մարդիկ մեր մեջ եղած փոփոխությունները հաճախ կարող են չտեսնել, բայց Աստված տեսնում է»: 
 

Տիգրանը, հետագայում, եկեղեցում է ծանոթացել իր ապագա կնոջ հետ։ Երիտասարդը պնդում է՝ կան հարցեր, որոնց լուծումը կարող է տալ միայն հոգևոր կյանքը: Եկեղեցու միջոցով հասկանում ես՝ ամեն պահի կարող ես շփվել Արարչի հետ: Այդ հավատքն էլ օգնում է լուծել ցանկացած խնդիր: 
 

Անի Ավագյան

 
  • 2024-12-06
×