Սերը մարդուն դարձնում է Աստծու նման

Սերը մարդուն դարձնում է Աստծու նման

Ինչպիսի՞ն է սիրո հրաշքը՝ դարեր առաջ ու այսօր. ներկայացնում է Ամենայն Հայոց Հայրապետներից՝ Սուրբ Հովհան Մանդակունին՝ 5-րդ դարի հայոց դպրության փայլուն դեմքերից, մեր Եկեղեցու սյուներից մեկը: 



 

Սերը…

 

  • «Աստված Իր սիրով մարդկանց նման եղավ, ցույց տվեց, որ մարդիկ էլ իրենց սիրով Աստծու նման պիտի լինեն»: 
     

  • «Տե՛ս, թե Աստծու մոտ որքան համարձակություն ունի սերը. այն մարդուն դարձնում է Աստծու նման»:
     

  • «Որտեղ սերն է, այնտեղ վախ չկա»: 
     

  • «Սերը մարդուն աներկյուղ է դարձնում բոլոր տանջանքներից»:
     

  • «Ամեն ոք, ով սիրում է, ճանաչվում է Աստծու կողմից և ինքն էլ ճանաչում է Աստծուն, և ամեն ոք, ով չի սիրում իր եղբորը ցավակցաբար, օտար է Աստծուն և չի կարող ընդունել աստվածային շնորհները: Ամեն ոք, ով սուրբ սրտով սիրում է իր եղբորը, դառնում է Աստծու բնակարան, և Աստված բնակվում է նրա մեջ»:
     

  • «Սերը երկնքի արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը: Սերը մարդկանց Աստծո որդիներ և երկնային արքայության ժառանգորդներ է դարձնում: Սերը երկրայիններիս երկնային և հողեղեններիս հրեղեն է դարձնում»:
     

  • «Սեր ասում են այն բանին, ինչ ամբողջովին հեռու է կասկածից: Որովհետև կասկածն ու սերը միասին չեն բնակվում»:
     

  • «Սերը հալածում է ահագությունն ու չարակնությունը, նենգությունն ու թշնամությունը, նախանձն ու բարկությունը, ամբարշտությունն ու սնափառությունը, բոլոր ախտերը չքանում են սիրո (պատվիրանը) պահողից»:
     

  • «Նա, ով ունի սեր, հեռանում է այս բոլոր չարիքներից և հասնում է երկնային խաղաղության նավահանգիստ, հասնում է միայն բարուն»:  
     

  • «Եթե մարդը սրտում սուրբ սեր չունենա, թեև մարգարեական հոգի և առաքելական շնորհներ էլ ունենա, սաստիկ ճգնությամբ չարչարի իր անձը և վարդապետության խոսքով լուսավորի շատերին, հավատով մեծամեծ նշաններ գործի և լեռները տեղաշարժի, ոչ մի օգուտ չի ունենա այդ ամենից, որովհետև սերն է բոլոր առաքինությունները համեմող աղը, և ապականվում է այն (տեղը), ուր որ սերը մուտք չի գործում»:
     

  • «Առաքինությունների գլուխը սերն է, ախտերի գլուխը՝ ինքնաարդարացումը»:

 

Պատրաստեց Անի Ավագյանը

  • 2024-12-10
×