(հատված Պողոս առաքյալի հռոմեացիներին ուղղված թղթի մեկնությունից)
«Ա՛յս էլ իմացեք, որովհետև հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք» (Հռոմ. 13:11): Պողոս առաքյալը սրանով հորդորում է՝ բարի գործեր կատարել: Դատաստանի օրը դռան մոտ է, ասում է, ինչի մասին նաև կորնթացիներին գրեց, թե. «Այսուհետև ժամանակը կարճ է» (Ա Կորնթ. 7:29), եբրայեցիներին էլ, թե. «Շատ փոքր ժամանակ ևս, և գալու է նա, ով պիտի գա և չպիտի ուշանա» (Եբր. 10:37): Սակայն այնտեղ աշխատածներին և ճգնածներին էր հաստատում, որ փորձությունների մեջ էին, և այսպես էր ասում, որպեսզի մխիթարեր նրանց, իսկ այստեղ քնածներին արթնության կոչ է անում, քանզի յուրաքանչյուրին էլ այս խոսքերը պետք են: Արդ, ի՞նչ է նշանակում, թե՝ ժամն է մեզ քնից արթնանալու: Այսինքն՝ մոտ է հարությունը, դռան մոտ է հասել ահեղ դատաստանը, մերձեցել է այն ահավոր օրը՝ հնոցի պես բորբոքված, և այսուհետև մենք պետք է ազատվենք ծուլությունից:
«Քանի որ փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ որ մենք հավատացինք» (Հռոմ. 13:11): Տեսնո՞ւմ ես, թե ինչպես է ցույց տալիս նրանց հարության հավաստի լինելը, թեպետ և ժամանակներից առաջ ասաց, քանզի որքան մեր անցավոր ժամանակներն անցնում են, այդքան մոտենում է հանդերձյալ հավիտենականությունը: Եվ եթե պատրաստ գտնվես, և ինչ հրամայված է քեզ, այդ ամենն անես, ապա այդ օրը քեզ համար փրկության օր կլինի, իսկ եթե դրան հակառակ անես, ապա չի կարող այդ օրը փրկության օր լինել: Եվ ոչ թե տրտմեցնում է նրանց, այլ ասում է որպես սփոփանք գալիք վշտերի, նաև, որպեսզի ծուլության չտրվեն, այլ հակառակը՝ աճեն: Քանզի որքան Թագավորը մոտ է, այդքան առավել ևս պետք է պատրաստ գտնվենք, և մանավանդ, որքան հաղթության մրցանակը մոտ է, այդքան պետք է պատրաստ գտնվենք մրցումներին: Ուստի դրա համար էլ նա ասում էր, թե. «Փրկությունն այժմ մեզ ավելի մոտ է, քան երբ որ մենք հավատացինք»:
«Գիշերն անցավ, և ցերեկը մոտեցավ» (Հռոմ. 13:12): Ապա ուրեմն, այս վերջանում է, և այն սկսվում, ուստի ըստ այդմ՝ կենցաղավարեք, և ոչ թե՝ հակառակը: Մերկանանք ամեն տեսակի տեսիլքներից, զերծ մնանք կենցաղային երազից, մի կողմ թողնենք խոր քունը և առաքինության հանդերձներ հագնենք, քանզի սա է ցույց տալիս՝ ասելով. «Դե՛ն գցենք խավարի գործերը և հագնենք լույսի զրահը» (Հռոմ. 13:12), որովհետև կանչում է մեզ օրը ճակատամարտի և պատերազմի: Արդ, ինչպես կարող ենք չպատերազմել, պե՛տք է պատերազմենք, սակայն առանց տառապանքի: Այն իրական պատերազմի պես չէ, այլ վայր է ցնծության, որովհետև այդպիսին է զենքի էությունը, այդպիսին է զորավարի էությունը:
Եվ երբ ասաց, թե ցերեկը մոտեցավ, և չասաց, թե հասավ, այլ՝ դեռ սկիզբն է, ասում է. «Շարժվենք առաքինությամբ, ինչպես ցերեկով, ո՛չ անառակություններով և հարբեցողությամբ» (Հռոմ. 13:13): Ոչ թե խմելն է արգելում, այլ՝ անսահման խմելը, և ոչ թե գինի վայելելը, այլ այն ամենը, ինչ գինու անհագությունից է առաջանում: Ինչպես որ ասում է՝ «ոչ պոռնկությամբ», սրանով ոչ թե ամուսնությունն է արգելում, այլ՝ անառակությունը: Ասում է՝ «ոչ պղծությամբ և ոչ էլ՝ նախանձով», քանզի սրանք բորբոքում են աղտեղությունները, որովհետև ոչ մի բան այնքան ցանկություն չի բորբոքում և բարկություն առաջացնում, որքան արբեցողությունն ու գինու անհագությունը: Դրա համար էլ նախ ասում է՝ «ոչ անառակությամբ և հարբեցողությամբ», ապա ավելացնում է պղծությունն ու նախանձը՝ մերկացնելով չարության զգեստներից:
Այնուհետև մեզ զարդարում է՝ ասելով. «Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով»: Եվ չասաց, թե գործերով, այլ այդպես ասելով առավել քաջալերում է նրանց: ...Որովհետև Տերն Ինքն է մեզ զգեստ տալիս, նույն Ինքը՝ Թագավորը: Քանզի ով Նրանով է զգեստավորվում, պետք է ունենա Նրա բոլոր առաքինությունները: Եվ զգեստավորվեք ասելով՝ մեզ պատվիրում է ամբողջովին Նրանով ծածկվել, ինչպես որ այլ տեղում է ասում. «Քրիստոս ձեր մեջ է» (Կողոս. 1:27), նորից. «Քրիստոս բնակվի ձեր մեջ» (Եփես. 3:16): Քանզի Նա ցանկանում է բնակվել մեր հոգիներում և այն որպես պատմուճան մեզ հագցնել, որպեսզի թե՛ մեր ներքինը և թե՛ արտաքինը Նա լինի, քանզի մեր կատարումն էլ Նա է, որովհետև Նրա կատարումը լցնում է ամեն ինչ:
Ուրեմն, զարթնի՛ր քնից, զգեստավորվի՛ր Նրանով, քանզի ով Քրիստոսով է զգեստավորվել, աշխարհային ամեն ինչ մի կողմ դնելով միայն մի բան կփնտրի, որպեսզի մարմինն առողջ պահի և միայն դրա համար խնամք կտանի և մնացյալը կնվիրի հոգևոր խնամքին: Այդպե՛ս կարող է զարթնել քնից, այդպե՛ս կարող է չծանրանալ զանազան ցանկություններով: Հետևաբար, այս կյանքը երազի պես է, և պետք է թոթափենք այդ քունը, որպեսզի կարողանանք հանդերձյալ բարիքներին ժառանգակից լինել շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր Հիսուսի Քրիստոսի, Նրա հետ նաև Հորը և Սուրբ Հոգուն փա՛ռք հավիտյանս. ամեն:
Փոխակերպումը գրաբարից՝
Գայանե ԹԵՐԶՅԱՆԻ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան