Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը` համաժողովրդական տոն

Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը` համաժողովրդական տոն

Փետրվարի 15-ին Արարատյան Հայրապետական թեմում 19-րդ անգամ նշվեց սիրո հայկական տոնը՝ Սուրբ Սարգիսը: Մոտ 20 տարի է՝ թեմը «Սիրո ուժն է անհաղթ» կարգախոսով իրականացնում է միջոցառումներ: 2025 թվականին միացան շատ կազմակերպություններ ու իրենց միջոցառումներով տարածեցին սերը:

 

Համերգներ ու խաչերթեր՝ սիրո տոնի կապակցությամբ

 

Սուրբ Սարգսին նվիրված տոնակատարությունները մեկնարկել են 2006 թվականից՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ: 
 

Կազմակերպվել են համերգներ Սիրահարների այգում: Համերգային ծրագրեր են իրականացվել նաև Հայաստանի ազգային օպերայի և բալետի թատրոնի դահլիճում, Կարապի լճի տարածքում: Ազգայինը տարածելու համար՝ միացել են շատ կազմակերպություններ, անհատներ և օրը վերածել իրական տոնակատարության: Միջոցառումներ են կազմակերպվել նաև ռեստորաններում, սրճարաններում:
 

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ևս օրը նշվել է տոնախմբություններով: Համերգներ են կազմակերպվել եկեղեցու բակում, Նոր Նորքի հայորդաց տանը, քրեակատարողական հիմնարկներում, հիվանդանոցներում: 
 

Տոնի առիթով նախորդիվ տարիներ շարունակ ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կազմակերպվել են խաչերթեր՝ հոգևորականների առաջնորդությամբ, որին մասնակցում էին թեմի երիտասարդաց միությունները, զինվորականները, ուսանողները, զորավարի կերպարը մարմնավորող ձիավորը: Խաչերթեր են իրականացրել նաև Նոր Նորքի և Արգավանդի սրբի անունը կրող եկեղեցիները (ժամանակին Արարատի մարզը եղել է ԱՀԹ կազմում): Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպվել են նաև ուխտագնացություններ Հայաստանի տարբեր մարզերի ուխտավայրեր: 
 

Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցում ամեն տարի տոնի նախօրյակին կրակին է դրվում հարիսան, որը հյուրասիրում են տոնին Սուրբ Պատարագից հետո հավաքված բազմությանը: Մեկ այլ գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ ամեն տարի եկեղեցու համայնքը աղի բլիթների փոխարեն պատրաստել է քաղցրաբլիթներ, որոնք բաժանվել են հավատացյալներին: 
 

Միջոցառումներ՝ նվիրված Հայոց բանակին
 

Տոնին իրականացվում են ծրագրեր՝ նվիրված Հայոց բանակին: Միջոցառումներն անցկացվում են նաև զորամասերում, ռազմական կրթօջախներում ու հոսպիտալներում: 
 

Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ 2014-2018 թվականներին իրականացվել է «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, որը երախտիքի դրսևորում էր զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ընտանիքներին: Ամեն տարի ծրագրի համար հանգանակվում էր 50 մլն.դրամ, որը բաշխվում էր ՀՀ ՊՆ տրամադրած ցուցակներով։
 

2016 թվականի հունվարից մեկ այլ կարևոր նախաձեռնության հիմք դրվեց` «Լավագույն զինվորի պարգևատրություն»։ Այս ծրագրով Նավասարդ Սրբազանի նպատակն է խրախուսել ծառայության մեջ գտնվողներին ու օգնել հայոց բանակի զորացմանը։ Մինչև 44-օրյա պատերազմը պարգևատրվում էին ՀՀ ԶՈՒ մարտական հերթափոխի ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորները, ապա նաև պատերազմում աչքի ընկած զինծառայողներն ու ՀՀ Զինված ուժերի Հոգևոր Առաջնորդության գնդերեցները: 2025-ին պարգևաբաշխումը 10-րդն էր։
 

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցին տոնի կապակցությամբ կազմակերպել է համերգային ծրագրեր, միջոցառումներ տարբեր կենտրոններում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում, հոսպիտալներում: 
 

Ցուցահանդեսներ՝ սիրուց ոգեշնչված

 

Ուսանողները, աշակերտներն իրենց ստեղծագործություններով են խոսել քաջ զորավարի ու սիրո մասին: Մասնակցել են ցուցահանդեսների, մրցույթների ու պարգևատրվել:

 

Մի քանի տարի շարունակ Գեղագիտության ազգային կենտրոնի սաների մասնակցությամբ իրականացվել է Սուրբ Սարգսին նվիրված կրթական ծրագիր: Մասնակիցները հանդիպել են Նավասարդ Սրբազանին, թեմի քահանաներին, լսել սրբի, նրա սիրո ու նվիրումի մասին զրույցներ, որպեսզի կարողանան իրենց աշխատանքներում ներկայացնել ազգային մշակույթը: Գործերը ներկայացվել են ցուցահանդեսների: 

 

Տասը տարի շարունակ կազմակերպվել է Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական մրցանակաբաշխությունը՝ ԱՀԹ-ի և Աշխարհի հայ նկարիչների միավորման կողմից: Թեմը պարգևատրել է լավագույն աշխատանքների հեղինակներին:

 

2024 թվականից Հայաստանի ազգային պատկերասրահը, միանալով Սուրբ Սարգսի տոնին, կազմակերպում է մեկ նմուշի ցուցադրություն: Ներկայացվում է 19-րդ դարի անհայտ հեղինակի՝ Սուրբ Սարգսի սրբապատկերը: 
 

Սիրառատ նախաձեռնություններ, հոլովակներ
 

Սիրո տոնին շատ են նաև սիրառատ նախաձեռնությունները: «Իմ գաղտնի գրքաՍԵՐ» ծրագիրն առաջարկում է սեր փոխանցել գիրք նվիրելով։ Ծրագիրն իրականացնում են «Բուկինիստ» գրախանութների ցանցը և ԱՀԹ-ն: 2025 թվականի փետրվարի 15-ին գրքասերները մեկ վայրում հավաքվեցին 9-րդ անգամ։
 

Իրականացվել են նաև բարեգործական ծրագրեր հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների համար: Թեմի խուլերի «Մենք» մնջախաղի ստուդիան հանդես է եկել բեմականացումներով: 
 

Տոնի հանրայնացմանն են նպաստել սրբի մասին պատմող կարճ հոլովակները, որոնց հրապարակման մեկնարկը տրվել է մոտ 20 տարի առաջ: 2024 թվականին «Ի՞նչ է իսկական սերը» խորագրով հոլովակների շարքը պատմում էր անվանի մարդկանց սիրո բանաձևի մասին:
 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
  • 2025-02-21
×