Մենք զինվորագրվում ենք պատերազմելու նախ և առաջ ինքներս մեր դեմ
Մենք զինվորագրվում ենք պատերազմելու նախ և առաջ ինքներս մեր դեմ
Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներ, ի՞նչ դեր ունեն դրանք քրիստոնյայի կյանքում։ Մեր զրուցակցի՝ Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանի խոսքով՝ խորհուրդների նպատակը մարդու փրկությունն է…
Ստորև զրույցից հատված
Փրկության բանալիները
- Խորհուրդները մեր փրկության բանալիներն են, որոնք նաև ճանապարհն են դեպի Եկեղեցի, դեպի Աստված: Եթե որևէ մեկն անգիր գիտի Աստվածաշունչը, բայց խորհուրդների կրողը չէ, նշանակում է Եկեղեցու անդամ չէ: Խորհուրդը կրել, նշանակում է արարողությանը մասնակցել գիտակցելով, որ Աստծո շնորհի իշխանության ներքո ես:
Պայքարի սկիզբը
-Աստծուն փնտրելու համար՝ պետք է մկրտվել: Այն մարդու հոգևոր կյանքի սկիզբն է՝ Եկեղեցուն անդամագրվելու ու քրիստոնյա դառնալու հիմնական պայմանը: Այն զինվորագրումն է մեր Տիրոջ բանակին: Մենք զինվորագրվում ենք պատերազմելու անտեսանելի զորությունների, բայց նախ և առաջ ինքներս մեր դեմ:
Մեր առաքելությունը
-Եթե ծնողն ունի կենդանի հավատ, չի կարող ասել՝ թող երեխան մեծանա՝ որոշի մկրտվել, կամ՝ ոչ, լինե՞լ քրիստոնյա, թե՝ ոչ: Մենք երեխաների համար ցանկանում ենք լավագույնը, ուրեմն նրանց պետք է մկրտենք, ըստ Եկեղեցու կարգի 8 օրականում՝ հիմք ընդունելով մանուկ Հիսուսի ծննդյան ութերորդ օրը թլպատումն ու անվանակոչությունը։ Չափահաս տարիքում մկրտվելու դեպքում կարևոր է խորհրդին գիտակցաբար ու պատրաստված մոտենալը:
Մկրտությունը փրկության ճանապարհն է, բայց միայն մկրտությունը բավարար չէ: Մարդիկ մտածում են, թե կարելի է ասել մոգական բառեր, ու տեղի կունենա հրաշք, այդպես չէ: Աստված մարդուն տվել է բանականություն, ստեղծագործելու ազատություն, կամք: Մենք ենք կրում մեր արարքների պատասխանատվությունը:
Հոգևոր սերմերն ու դրանց ծլարձակումը
-Դրոշմի խորհրդին Սուրբ Մյուռոնի օծությամբ տեղի է ունենում Սուրբ Հոգու էջքը մարդու վրա: Մարդը, ստանալով աստվածային շնորհները, զորանում է հոգով ու անտեսանելի զրահներով, զենքերով զինվում ընդդեմ չարի հարձակումների: Դրոշմի խորհրդի ժամանակ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմի մասերը՝ զգայարանները, որ յուղը լինի երկնավոր անապական պարգևների կնիք, լուսավորվեն աչքերը, օծումը լինի լսողություն աստվածային պատվիրանների համար, որ դրոշմվող կնիքը լինի հոտ անուշության ու առաջնորդի կյանքից դեպի կյանք, դրոշմը լինի պահպանություն բերանի և ամուր փական շրթունքների, որ ձեռքերը բարիք գործեն: Օծում են սիրտը՝ սուրբ սիրտ հաստատելու և ուղիղ հոգի նորոգելու համար: Պաշտպանություն են տալիս՝ թիկունքը օծելով: Օծվում են ոտքերը, որ մարդու քայլերն ուղղեն ընթացքը դեպի հավիտենական կյանք:
Քանդում ենք չարի կապանքները, ցանում ենք հոգևոր սերմեր, բայց որպեսզի սերմը ծլարձակի, մարդը պետք է ունենա իր ներդրումը: