Բացե՛նք մեր հոգու դուռը Լույսի առջև. մեկնարկել է Մեծ Պահքը
Բացե՛նք մեր հոգու դուռը Լույսի առջև. մեկնարկել է Մեծ Պահքը
Մարտի 3-ից մեկնարկեց Մեծ Պահքը, որը ո՛չ պարտականություն է, ո՛չ նիհարելու միջոց, այն բժշկություն է մեր հոգու ու սրտի համար, այն ճանապարհ է, հիշեցնում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը:
Մեր ճանապարհը
Ի՞նչ կարելի է ուտել, ինչ՝ ոչ, ի՞նչ պիտի անենք ու ինչի՞ց հեռու մնանք։ Արգելքների մասին այս հարցերը հաճախ է լսում Տեր Արարատը: Փոխարենն առաջարկում է ինքներս մեզ հարց տալ՝ ո՞վ եմ ես, ինչպե՞ս պիտի ապրեմ: Եթե բացենք մեր հոգու դուռը Լույսի առջև, ամեն բան պարզ կլինի:
«Մեծ Պահքը քրիստոնյայի համար երկրավոր կյանքի ճանապարհներից է՝ քայլ առ քայլ մոտենալու Աստծուն»,- նշում է հոգևորականը: Ի՞նչ կարիք կա այդ ճանապարհին հրաժարվել մեր սիրելի կերակուրներից, քահանան պատասխանում է. «Մենք մեղք ենք գործում զգայարանների միջոցով, պահք պահելով զսպում ենք մեր զգայարանները և փորձում հեռու մնալ մեղքից»:
Աստվածային լույսը, հոգևոր կերակուրը մարդուն դրդում է մաքրագործվելու:
Մեծ Պահքը կտևի 48 օր, մինչև Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Ընթացքում կենդանական ծագման սննդից հրաժարվելուց բացի պետք է նաև մաքրել մտքերը, խոսքերը, սիրտը, զղջալ ու ապաշխարել: Արդյո՞ք թվարկածները չափազանց բարդ են, Տեր Արարատը հիշեցնում է՝ քրիստոնյայի համար անհնար բան չկա, երբ հավատում է:
Պահքի 40 օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության ու ապաշխարության շրջանը:
«Հիսուսը, Սուրբ Հոգով լի, վերադարձավ Հորդանանից և Հոգով առաջնորդվեց անապատ քառասուն օր և ենթարկվեց սատանայի փորձություններին։ Չկերավ և չխմեց այն օրերին» (Ղուկաս 4:1-2)
Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝ Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
«Մեծ Պահքի 7 կիրակիները՝ ոսկե շղթան, մարդկանց առաջնորդում է դեպի վերջնական նպատակ՝ արժանանալ Երկնային Արքայության, հասնել Աստծուն: Քրիստոնյան, անցնելով ապաշխարության այս ոսկե շղթան, ունի այն հույսը, որ Տիրոջ հրաշափառ հարությամբ հնարավորություն է տրվում գտնելու փրկություն»,- նշում է Տեր Արարատը:
Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը, որն ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի կարևոր իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ, Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումն ու Հարությունը։
Հասարակության մեջ կա թյուրըմբռնում, թե միայն պահք պահելով կարելի է փրկվել, քահանան հիշեցնում է՝ պահեցողությունը ճանապարհներից մեկն է: Եկեղեցին, հավատարիմ Քրիստոսի խոսքին, խրատում է մեզ աղոթել, պահք պահել ու ողորմություն տալ: Հրաժարվում ենք կենդանական ծագումով ուտելիքներից, աղոթում ենք ու ապրում ողորմությամբ: Աղոթքը մեզ մոտեցնում է Արարչին, պահեցողությունը մարմնական սննդից ավելի շեշտում է հոգևոր սննդի կարևորությունը, իսկ ողորմածությունը առիթ է տալիս մեզ մեր ունեցածը բաժանելու Աստծու զավակների հետ: Մեծ Պահքի ընթացքում կարևոր է մասնակցել Սուրբ Պատարագներին, ժամերգություններին:
Աստծուն մոտենալու այս ձգտումը պետք է շարունակել ոչ միայն 48 օրերի ընթացքում, այլև այն պետք է դառնա մեր ամենօրյա պայքարը, ու այս պայքարում մենք պետք է փորձենք դառնալ ավելի լավը: