Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում նշել են Բուն Բարեկենդանը: Տոնին մասնակցել են թեմի երիտասարդաց միությունները, կիրակնօրյա դպրոցների սաները:
Մարտի 2-ին Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների բակում իրականացել է «Էկան հայոց ազգին օրերը, հանեցեք հիները, հագեք նորերը» խորագրով միջոցառումը: Այն ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի, Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի, պարի համույթի, «Հայ Ասպես» դպրոցի նախաձեռնությամբ էր և համայնքի աջակցությամբ:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները ևս տոնը նշել են ազգային երգ ու պարով: Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում միջոցառումը մեկնարկել է եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի խոսքով: Օրը տոն են դարձրել վարչական շրջանի մշակութային օջախների սաները: Եկեղեցու բակը զարդարել էին ազգային ուտեստներով տաղավարները:
Մարտի 2-ին երգ, պար, տոնախմբությունն էր նաև Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին և Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցիներում, որտեղ իրականացվել են տոնին հատուկ միջոցառումներ, ներկայացվել են ազգային ուտեստներ:
Բուն Բարեկենդանը տոնվել է նաև էրեբունի համայնքում: Սուրբ Պատարագից հետո եկեղեցու բակում տոնակատարությունը սկսվել է հոգևոր հովիվ Տեր Ղուկաս քահանա Բալայանի հետ միասնական Տերունական աղոթքով: Համար 194 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների նախաձեռնությամբ նաև եկեղեցական համայնքի անդամների ջանքերով կազմակերպվել է հյուրասիրություն։
Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաները Սուրբ Պատարագի ավարտին ազգագրական երգ ու պարով, առակներով, դիմակախաղերով են նշել Բարեկենդանը, մաղթելով բոլորին՝ «բարով հասնենք Սուրբ Հարության»։
Ավան վարչական շրջանի բնակիչները մասնակցել են տոնական խաչերթի, որը մեկնարկել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակից և շարունակվել դեպի Հ. Հովհաննիսյան թաղամասի բեմ, որտեղ կազմակերպվել էր տոնի խորհուրդը ներկայացնող միջոցառում՝ ազգային ավանդական պարերով։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել են վարչական շրջանի պարային և մշակութային խմբերը, Ավանի մշակույթի տունը, Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցը, Ավանի մանկապատանեկան մարզադպրոցը և Ավանի թիվ 1 գրադարանը: Համայնքային տոնախմբությանը մասնակցել են նաև եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները:
Վերին Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցու կիրակնօրյա դպրոցի երեխաները ուսուցչուհի Ստելլա Հարությունյանի հետ անդրադարձել են Բարեկենդանի խորհրդին, ավանդույթներին։ Պատրաստել են տոնին բնորոշ դիմակներ, ներկայացրել ժողովրդական խաղեր ու դիմակահանդեսային բեմականացում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
×