Ապաշխարությունը վերադարձ է սատանայից՝ Աստծուն

Ապաշխարությունը վերադարձ է սատանայից՝ Աստծուն

Ի՞նչ է իրական ապաշխարությունն ու ինչպե՞ս գտնել դեպի կատարելություն տանող ճանապարհը. ներկայացնում են եկեղեցու հայրերը:

 

«Ասում են՝ փրկվելը դժվար է, բայց և ամոթ է ու աններելի, եթե չփրկվես քեզ տրված բոլոր հնարավորություններից հետո». Հովհան Ոսկեբերան

 

«Ապաշխարությունը վերադարձ է հակաբնական վիճակից՝ բնականի, սատանայից՝ Աստծուն». Հովհաննես Սանդուղք

 

«Ապաշխարությունն այնտեղ տանող աստիճաններն են, որտեղից որ ընկանք». Եփրեմ Ասորի

 

«Ապաշխարությունը բժշկում է հոգիները». Իսահակ Ասորի 

 

«Հնարավոր չէ, որ կրակը ջրի մեջ վառվի, հնարավոր չէ նաև ապաշխարությունն առանց պահքի». Հովհան Ոսկեբերան

 

«Ինչպես ջուրն է ճնշումից վեր բարձրանում, այդպես էլ փորձություններով հալածված հոգին է ապաշխարությամբ մոտենում Աստծուն». Հովհաննես Սանդուղք

 

«Փորձությունների ժամանակ անհնար է, որ Տերն ու Նրա սուրբ հրեշտակները օգնության չհասնեն, միայն թե դու մի դադարիր խոնարհությամբ կանչել Նրան». Հայր Պիմեն

 

Մեղքերի ու փորձությունների մասին

 

«Աստված ինչո՞ւ անմիջապես չի պատժում, որովհետև քեզ զղջալու առիթ է տալիս, նա մեղավորի մահը չի ուզում, այլ՝ զղջալն ու ապրելը» Բարսեղ Մաշկևորցի

 

«Երբեք մի վախեցիր պատժից, այլ վախեցիր մեղքից, որ այդ պատիժն է ծնում». Հովհան Ոսկեբերան

 

«Ով արդարացնում է ինքն իրեն, նա հեռացնում է իրեն ապաշխարությունից». Աբբա Եսայի

 

«Ինչպես մահացածի համար անհնար է քայլելը, այնպես էլ հուսալքվածի համար՝ փրկվելը». Հովհաննես Սանդուղք

 

«Արթնանանք քնից: Դադարենք ինքներս մեզ սին ու փուչ հույսերով խաբելուց: Թույլ չտանք այլևս խորամանկ թշնամուն մեզ ծաղրել: Եվ թող երկար ապրելու հույսի խորամանկ միտքը չխաբի մեզ: Շատերը շատ բաներ ծրագրեցին, սակայն չապրեցին նույնիսկ մինչև առավոտ, այլ հանկարծակի մահվամբ խլվեցին, ինչպես թռչունը բազեի կողմից: Ոմանք երեկոյան առողջ քնելով՝ չարթնացան, ոմանք ճաշկերույթի մեջ ավանդեցին իրենց հոգին, ուրիշները զբոսանքի և զվարճության, ոմանք էլ բաղնիքում լողանալիս՝ մահանալով, այնտեղ գտան իրենց թաղման լվացումը, ուրիշները մահը գտան ամուսնության ժամանակ և հարսանեկան զգեստները դարձան մահվան զգեստներ, հարսանեկան ուրախությունը վերածվեց սգի: Այս ամենը մենք գիտենք, բայց այնուամենայնիվ չենք դադարում ինքներս մեզ խաբելուց: Դրա համար էլ ոչ մի զիջում չենք գտնի մենք Աստծո մոտ, որովհետև ոչ թե անգիտությամբ, այլ իմանալով ենք տրվում խաբկանքներին: Աղաչում եմ ձեզ, դարձեք վերջապես ձեզ տրված ուսմունքի ոչ միայն լսողներ, այլև՝ կատարողներ». Եփրեմ Ասորի:

 

«Վշտերն անտանելի են, ես էլ եմ դրան համաձայն, բայց և մեծ է դրանց վարձը, որ պատրաստել է Աստված համբերողներին». Բարսեղ Կեսարացի:

 

Մեջբերումները՝ «Խրատանի ապաշխարության» գրքից

  • 2025-04-16
×