Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-04-07

Երգ երգոց 1.1-11


Կամ օրհնությունների օրհնություն ասված Իսրայելի արքա Սողոմոնի կողմից

Հարսն ասում է.

1Թող համբուրի ինձ իր բերանի համբույրներով,

քանզի քո ստինքները լավ են գինուց,

և հոտը յուղերի քո՝ բոլոր խունկերից։

2Քո անունը հեղված յուղ է անուշ,

դրա համար օրիորդները սիրեցին քեզ

և դեպի իրենց ձգեցին քեզ։

3Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։

Հարսը պատմում է օրիորդներին փեսայի մասին, թե ի՛նչ է շնորհել իրեն.

Արքան տարավ ինձ Իր սենյակը։

Հարսը պատմում է օրիորդներին, և նրանք ասում են.

Ցնծանք և ուրախ լինենք քեզանով

և սիրենք քո ստինքները գինուց ավելի։

Օրիորդները հարսին ասում են փեսայի անունը.

Ուղղությունը սիրեց քեզ։

Հարսն ասում է.

4Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի,

Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։

5Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ,

արեգակն է ինձ թխացրել։

Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին

և ինձ այգեստանի պահապան դրեցին,

Սակայն իմ այգին չկարողացա պահել։

Հարսն ասում է փեսային.

6Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրելի,

որտե՞ղ ես հովվում քո հոտը,

որտե՞ղ ես հանգչում միջօրեին.

միգուցե մոլորվեմ քո ընկերների երամակների մեջ։

Փեսան ասում է հարսին.

7Եթե դու ինքդ չգիտես, գեղեցի՛կդ կանանց մեջ,

հետևի՛ր դու հոտերի ոտնահետքերին

և արածեցրո՛ւ քո ուլերին հովիվների վրանների մոտ։

8Մերձավո՛ր իմ, քեզ նմանեցրի փարավոնի կառքերին լծված իմ երիվարներին։

Օրիորդներն ասում են.

9Քանզի գեղեցկացան քո ծնոտները տատրակի նման

և քո պարանոցը՝ մանյակների պես։

10Ոսկե զարդի պես դարձնենք քեզ՝

արծաթե կիտվածքներով հանդերձ,

11մինչև արքան քեզ իր գիրկն ընդունի։

Հարսն ասում է ինքն իրեն և փեսային.


Առակներ 11.30-12.4

 

30Արդարության պտղից է բուսնում կյանքի ծառը, անօրեն անձինք տարաժամ պիտի վերանան։

31Եթե արդարը հազիվ է փրկվում, ի՞նչ կլինի ապա մեղավորի և ամբարիշտի վերջը։

1Ով խրատ է սիրում, նաև իմաստություն է սիրում. և ով ատում է հանդիմանությունը, անմիտ է։

2Լավ է նրա համար, ով Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրեն մարդը պիտի կարկամի։

3Մարդ անօրենությամբ հաջողության չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրվեն։

4Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։


Եսայու մարգարեություն  52.7-10

 

7Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա,
ով խաղաղության լուրն է ավետում,
ով բարության ավետիսն է բերում
և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով.
«Քեզ վրա թագավորելու է Աստված»։
8Քո պահապանների ձայնը բարձրացավ,
բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու,
որովհետև իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը,
երբ Տերը ողորմելու է Սիոնին։
9Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն,
քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։
10Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի,
և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
 


Զաքարիայի մարգարեությունը 2.10-13

 

Տիրոջ վերադարձի հրավեր

10«Հե՛յ, հե՛յ, փախե՛ք հյուսիսի երկրից,- ասում է Տերը,-

քանի որ երկնքի չորս հողմերից

կհավաքեմ ձեզ,- ասում է Տերը։

11Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք,

Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։

12Քանի որ այսպես է ասում Ամենակալ Տերը. «Փառքի հետևից ինձ արձակեց դեպի այն ազգերը, որ կողոպտեցին ձեզ, որովհետև ով մոտենա ձեզ, նման է նրան, ով հարվածում է իր աչքի բիբին։ 13Ահավասիկ ես իմ ձեռքը կբերեմ նրանց վրա, և կկողոպտվեն նրանց ծառայեցնողները, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց։


Մաղաքիայի մարգարեություն 3.1-2

 

1«Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, և կքննի իմ ճանապարհներն իմ առաջ։ Եվ հանկարծակի իր տաճարը կգա Տերը, որին դուք փնտրում եք, և ուխտի պատգամաբերը, որին դուք հավանում եք։ Ահա գալիս է,- ասում է Ամենակալ Տերը,- 2ո՞վ կհամբերի նրա մուտքի օրվան, և կամ ո՞վ կդիմանա նրա հայտնությանը, քանի որ նա կմտնի հնոցի բոցի պես և բաղնիքի օճառի նման։


Պողոս առաքեալի Բ թուղթը կորնթացիներին  6.16-7.1

 

16կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված.

 

«Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ,

պիտի լինեմ նրանց Աստվածը,

և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։

17Հետևաբար,

դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք,- ասում է Տերը,-

մի՛ դիպեք պիղծ բաներին, և ես կընդունեմ ձեզ (Ես. 52.11)։

18 Ես կլինեմ ձեզ համար հայր,

և դուք կլինեք ինձ համար որդիներ ու դուստրեր (Բ Թագ. 7.14, Ա Մն. 17.13, Ես. 43.6, Երմ. 31.9),-

ասում է Ամենակալ Տերը»։

 

Պողոսի ուրախությունը կորնթացիների զղջման առիթով

1Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։


Ավետարան ըստ Ղուկասի  1.39-56

 

Մարիամի այցելությունը Եղիսաբեթին
 
39Այդ օրերին Մարիամը վեր կացավ և փութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, 40մտավ Զաքարիայի տունն ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ 41Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, 42բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը։ 43Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրն ինձ մոտ եկավ. 44որովհետև ահավասիկ, երբ քո ողջույնի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ 45Եվ երանի՜ նրան, ով հավատաց, որ Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն»։
 
Մարիամի օրհներգությունը
 
46 Իսկ Մարիամն ասաց.
«Իմ անձը պիտի փառավորի Տիրոջը,
47և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով,
48որովհետև նա նկատեց
իր աղախնի խոնարհ վիճակը։
Եվ ահա այսուհետև բոլոր սերունդները
ինձ երանի պիտի տան,
49որովհետև ամենազոր Աստված
մեծամեծ գործեր արեց ինձ համար,
և նրա անունը սուրբ է։
50Նրա ողորմությունը սերնդեսերունդ
իր երկյուղածների վրա է։
51Նա իր բազկով զորություն գործադրեց,
ցրեց իրենց սրտի խորհուրդներով ամբարտավաններին.
52հզորներին տապալեց իրենց աթոռներից
և բարձրացրեց խոնարհներին։
53Քաղցածներին լիացրեց բարիքներով
և մեծահարուստներին ձեռնունայն արձակեց։
54Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայելին՝
հիշելով իր ողորմությունները,
55ինչպես ասել էր մեր հայրերին՝
Աբրահամին և նրա սերնդին, հավիտյան»։
56Ապա Մարիամը գրեթե երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և վերադարձավ իր տունը։