Oրվա ընթերցվածք

Oրվա ընթերցվածք

  •    2025-03-29

Իմաստություն Սողոմոնի 3.1-8

 

1Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց։ 2Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, 3իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք խաղաղության մեջ են։ 4Ու թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանց հույսը լի է անմահությամբ, 5ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ խրատից, պիտի ավելի մեծ բան գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն։ 6Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց։ 7Եվ երբ Տերն այցելի նրանց, նրանք պիտի պայծառանան ու վեր ընթանան, ինչպես կայծակը եղեգի միջով։ 8Պիտի դատեն ազգերին և տիրեն ժողովուրդներին, և նրանց վրա հավիտյան թագավորելու է Տերը։ 

Նավումի մարգարեություն  2.1-4

 

Պատգամ Նինվեին

1Ահա արագընթաց են լեռների վրա ոտքերն ավետարանչի,

որ խաղաղություն է հայտարարում։

Տոնի՛ր քո տոները, Հուդա՛,

կատարի՛ր քո ուխտերը,

որպեսզի այլևս չշարունակեն անցնել՝ հնանալու։

Վախճանվեց. մաշվեց ու վերացավ։

2Քանի որ ելավ նա, ով փչում է քո երեսին

և փրկում նեղությունից.

հսկի՛ր ճանապարհը,

պնդացրո՛ւ մեջքդ, զորացի՛ր մեծ ուժով.

3քանի որ Տերը շրջեց Հակոբի հպարտությունն

Իսրայելի հպարտության նման,

որովհետև ամբողջությամբ մերժեցին նրանց և ոչնչացրին նրա ճյուղերը,

4նրա զորքի զենքը մարդկանց միջից, հզոր մարդկանց,

որ կրակի հետ խաղացին.

նրանց կառքերի սանձերը,

հեծյալները կշփոթվեն 

Եսայու մարգարեություն 43.1-3

 

Տերը խոստանում է փրկել իր ժողովրդին

 

1Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ.

«Մի՛ վախեցիր,

որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։

2Եթե ջրերի միջով անցնես, քեզ հետ կլինեմ,

և գետերը քեզ չեն խեղդի.

եթե կրակի միջով անցնես, չես այրվի,

և նրա բոցը քեզ չի կիզի.

3որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը՝

Իսրայելի Սուրբը, քեզ փրկողը։

Եգիպտոսն ու Եթովպիան որպես փրկագին տվեցի քեզ համար

և Սուհենը քեզ հետ փոխանակեցի։

 

Պողոս առաքեալի թուղթը եփեսացիներին 6.10-18

 

Հոգևոր մարտ

 

10Ուրեմն զորացե՛ք Տիրոջով և նրա զորության ուժով։ 11Զգեստավորվե՛ք Աստծու սպառազինությամբ, որպեսզի կարողանաք սատանայի հնարքներին դեմ կանգնել։ 12Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ։ 13Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ։ 14Ամո՛ւր կանգնեք տեղում՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը՝ որպես զրահ հագնելով, 15խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով։ 16Եվ այս ամենի վրա առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ 17Վերցրե՛ք նաև փրկության սաղավարտը և Սուրբ Հոգու սուսերը, այսինքն՝ Աստծու խոսքը։ 18Անդադար աղոթե՛ք ամեն տեսակ աղոթքներով ու խնդրանքներով Հոգու օգնությամբ, և սրա համար արթո՛ւն մնացեք կատարյալ հարատևությամբ և խնդրանքներով, բոլոր սրբերի համար։

 

Ավետարան ըստ Մատթեոսի 13.43.52

 

43Այդժամ արդարներն արեգակի պես կծագեն երկնքի արքայության մեջ։ Ով ականջ ունի լսելու, թող լսի»։

 

Պահված գանձի, մարգարտի և ուռկանի օրինակը

 

44«Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։

45Երկնքի արքայությունը նաև նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է փնտրում, 46և թանկարժեք մի մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ մարգարիտը։

 

47Երկնքի արքայությունը նաև նման է ծով նետված և ամեն տեսակ ձուկ հավաքած ուռկանի, 48որը երբ լցվեց, ցամաք հանեցին և նստեցին հավաքեցին լավերն ամանների մեջ, իսկ խոտանը դեն նետեցին։ 49Այդպես կլինի այս աշխարհի վախճանին. հրեշտակները կելնեն ու չարերին արդարների միջից կզատեն 50և նրանց կնետեն կրակի հնոցի մեջ։ Այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։

 

51Հիսուսը նրանց ասաց. «Ընկալեցի՞ք այս ամենը»։ «Այո՛, Տե՛ր,- պատասխանեցին նրանք»։ 52Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։