Oրվա ընթերցվածք
Երգ երգոց 1.1-11
1 Թող ինձ համբուրի իր բերանի համբոյրներով: 2 Քո ստինքներն աւելի լաւ են գինուց, եւ քո օծման իւղերի հոտը՝ բոլոր խնկերից: Քո անունը թափուած իւղ է անուշ. սրա համար էլ օրիորդները սիրեցին քեզ 3 եւ դէպի իրենց ձգեցին քեզ: Մենք կգանք քո օծման իւղերի հոտի յետեւից: Արքան ինձ իր սենեակը տարաւ: Մենք պիտի ցնծանք եւ ուրախ լինենք քեզնով եւ պիտի սիրենք քո ստինքները գինուց աւելի: Արժանին սիրեց քեզ: 4 «Ես սեւ եմ եւ գեղեցիկ, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, Կեդարի վրանների պէս եւ Սողոմոնի խորանի նման: 5 Մի՛ նայէք ինձ, որ թխացել եմ ու սեւացել, քանզի խէթ նայեց արեգակն ինձ: Իմ մօր որդիները կռուեցին ինձ հետ, ինձ այգեստանի պահապան դրեցին, բայց ես իմ այգին չպահպանեցի: 6 Պատմի՛ր ինձ, իմ հոգո՛ւ սիրած, ո՞ւր ես քո հօտը հովւում, ո՞ւր ես հանգստի տանում միջօրէին, որ չմոլորուեմ քո ընկերների երամակների մէջ»: 7 «Եթէ չգիտես, ո՛վ գեղեցիկդ կանանց մէջ, թէ որտեղ գտնես ինձ, գնա՛ հօտերի ոտնահետքերով եւ քո ուլերն արածեցրո՛ւ հովիւների վրանների մօտ: 8 Ո՛վ իմ սիրելի, ես քեզ նմանեցրի փարաւոնի կառքին լծուած իմ երիվարներին: 9 Գեղեցիկ են քո ծնօտները տատրակի ծնօտների նման, եւ գեղեցիկ է քո պարանոցը, ասես մանեակներով զարդարուած լինի: 10 Մենք քեզ կզուգենք ոսկէ զարդի պէս, որ ընդելուզուած է արծաթէ կիտուածքներով, 11 մինչեւ որ արքան քեզ իր գիրկն առնի»:
Առակներ 11.30-12.4
30 Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: 31 Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը: 12 1 Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: 2 լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: 3 Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: 4 Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
Եսայու մարգարեությունը 52.7-10
7 Լեռների վրայ ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղութեան լուրն է աւետում, ով բարութեան աւետիսն է բերում եւ քո փրկութեան մասին յայտնում՝ ասելով Սիոնին, թէ՝ «Քեզ վրայ թագաւորելու է Աստուած»: 8 Քո պահապանների ձայնն է հնչելու, բոլորն առհասարակ ցնծալով ձայն են տալու, որովհետեւ իրենց աչքերով են տեսնելու այն ժամանակը, երբ Տէրը ողորմելու է Սիոնին: 9 Լեռները Երուսաղէմի աւերակների հետ միասին ցնծութեան կոչ պիտի արձակեն, քանզի Տէրը ողորմեց նրանց եւ փրկեց Երուսաղէմը: 10 Տէրն իր սուրբ բազուկը պիտի ցոյց տայ ի տես բոլոր ազգերի, եւ երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծոյ փրկութիւնը:
Զաքարիայի մարգարեությունը 2.10-13
10 Խնդա՛ եւ ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կգամ եւ կբնակուեմ քո մէջ,– ասում է Տէրը,– 11 եւ այդ օրը շատ ազգեր կապաւինեն Տիրոջը, նրա ժողովուրդը կդառնան ու կբնակուեն քո մէջ: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ: 12 Տէրը կժառանգի Յուդայի երկիրը որպէս իր բաժինը սուրբ երկրում, նա նորից բարեհաճ կլինի Երուսաղէմի հանդէպ, 13 եւ ամէն մարմին երկիւղ կկրի Տիրոջից, քանի որ նա արթնացել է իր սուրբ ամպերի միջից»:
Մաղաքիայի մարգարեությունը 3.1-2
1 Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կտեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կգայ Տէրը, որին դուք փնտրում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք: 2 Ահա գալիս է,– ասում է Ամենակալ Տէրը,– ո՞վ կդիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կմնայ նրա յայտնութեան ժամանակ,
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 6.16-7.1
Արդարեւ, կենդանի Աստծոյ տաճար էք դուք, ինչպէս ասաց Աստուած. «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը: 17 Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,– ասում է Տէրը,– եւ մի՛ դիպէք պիղծ բաների. 18 եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր»,– ասում է Ամենակալ Տէրը: 7 1 Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծոյ երկիւղով:
Ավետարան ըստ Ղուկասի 1.39-56
39 Այդ օրերին Մարիամը վեր կացաւ եւ շտապով գնաց Յուդայի լեռնային շրջանի քաղաքներից մէկը, 40 մտաւ Զաքարիայի տունը ու Եղիսաբեթին ողջոյն տուեց: 41 Եւ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, եւ Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով 42 եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը: 43 Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. 44 որովհետեւ, ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում: 45 Եւ երանի՜ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կկատարուեն»: 46 Եւ Մարիամն ասաց. «Իմ անձը կփառաւորի Տիրոջը, 47 եւ իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով, 48 որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ: Եւ այսուհետեւ բոլոր սերունդներն ինձ երանի կտան, 49 որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ նրա անունը սուրբ է: 50 Նրա ողորմութիւնը սերնդից սերունդ իր երկիւղածների վրայ է: 51 Նա իր բազուկով զօրութիւն ի գործ դրեց, ցրեց ամբարտաւաններին իրենց սրտի խորհուրդներով. 52 հզօրներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին: 53 Քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց: 54 Նա պաշտպան կանգնեց իր ծառային՝ Իսրայէլին՝ յիշելով իր ողորմութիւնները, 55 ինչպէս ասել էր մեր հայրերին՝ Աբրահամին եւ նրա սերնդին, յաւիտեան»: 56 Մարիամը գրեթէ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մօտ եւ դարձաւ իր տունը:
Պողոս առաքյալի թուղթը կողոսացիներին 3.16-4.4
16 Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։ 17 Եվ ինչ էլ որ անեք՝ խոսքով թե գործով, ամեն ինչ արե՛ք Տեր Հիսուսի անունով։ Գոհությո՛ւն մատուցեք նրա միջոցով Աստծուն՝ Հորը։
18 Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայել է Տիրոջով։ 19 Տղամարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց և մի՛ դառնացրեք նրանց։ 20 Որդինե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին, որովհետև դա է հաճելի Տիրոջը։ 21 Հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն։ 22 Ծառանե՛ր, ամեն բանով հնազա՛նդ եղեք ձեր երկրավոր տերերին, ոչ թե ցուցադրական ծառայությամբ, կեղծավորաբար, այլ անկեղծ սրտով՝ երկյուղ կրելով Տիրոջից։ 23 Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ համար և ոչ թե մարդկանց։ 24 Իմացե՛ք, որ Տիրոջից կստանաք ձեզ խոստացված հատուցումը, որովհետև Տիրոջը՝ Քրիստոսին եք ծառայում։ 25 Իսկ անիրավն իր անիրավության համաձայն հատուցում կստանա, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա։
1 Տերե՛ր, ձեր ծառաների հետ վարվե՛ք ուղղամտությամբ և արդարությամբ։ Իմացե՛ք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։
Հորդոր աղոթքի և խոհեմության
2 Մշտապես աղոթե՛ք և արթուն հսկե՛ք աղոթքի մեջ՝ գոհություն մատուցելով։ 3 Միաժամանակ աղոթե՛ք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ, 4 որպեսզի հայտնի դարձնեմ այդ խորհուրդը՝ խոսելով այնպես, ինչպես որ պետք է։
Ավետարան ըստ Ղուկասի 11.49-54
49 Դրա համար Աստծու իմաստությունն ասաց. “Նրանց մեջ մարգարեներ և առաքյալներ կուղարկեմ, և նրանցից ոմանց պիտի սպանեն և հալածեն”, 50 որպեսզի այդ սերնդից պահանջվի արյունը բոլոր մարգարեների՝ թափված աշխարհի սկզբից՝ 51 Աբելի արյունից մինչև արյունը Զաքարիայի, որը կորստյան մատնվեց զոհասեղանի և տաճարի միջև. այո՛, ասում եմ ձեզ, պիտի պահանջվի այդ սերնդից։ 52 Վա՜յ ձեզ՝ Օրենքի ուսուցիչների՛դ, որ թաքցնում եք գիտության բանալիները. դուք չեք մտնում և մտնողներին էլ արգելում եք»։
53 Եվ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամոթահար եղան. և դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ շատ բաների համար։ 54 Եվ սպասում էին նրա բերանից ինչ-ինչ խոսքեր որսալ, որպեսզի չարախոսեն նրա մասին։