2014թ. հոկտեմբերի 12-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվեց նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցու Ս. Սեղանը: Եկեղեցին կառուցվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարան–հուշահամալիրի հարևանությամբ:
Նախորդ օրը՝ երեկոյան, Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ օծվել են նորակառույց եկեղեցու գմբեթի խաչը, զանգը, դուռը, եկեղեցու սյուները, մկրտության Ս. Ավազանը, սրբապատկերները, եկեղեցու շրջափակի ութ խաչքար, տնօրհնեքի կարգ է կատարվել երիցատանը: Եկեղեցու, Ֆ. Նանսենի անվան թանգարան –հուշահամալիրի և երիցատան կառուցման բարերարներ են ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանները: Թանգարան-հուշահամալիրի շինարարական աշխատանքները սկիզբ են առել 2012 թվականին: Այնուհետև սկսվել են եկեղեցու, երիցատան և հարակից հուշարձանախմբերի կառուցման աշխատանքները:
Այսօր հուշահամալիրն իր գողտրիկ տարածքում ընդգրկում է եկեղեցին, երիցատունը՝ հարակից հանգստյան տաղավարով, մոմավառության խորանը` զարդաքանդակներով: Այստեղ կան շուրջ երեսուն հուշարձան և խաչքար՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական և ողբերգական էջերին, անվանի հայորդիներին և հայ ժողովրդի բարեկամներին: