Պատմություն

Պատմություն



Արարատյան դաշտը դեռևս առաջին դարերից եղել է առաքելական քարոզչության օրրան: Հիսուս Քրիստոսի աշակերտներից Ս. Բարդուղիմեոս առաքյալը Սյունիքում իր քարոզչությունը ծավալելով և քրիստոնեական համայնքներ հիմնելով՝ մուտք է գործում Արարատի գավառ: Այստեղ հատկանշական է նրա հանդիպումը Ս. Թադեոս առաքյալի հետ՝ Արտաշատի բլուրի վրա, որտեղ մինչև այսօր պահպանված է Օթեաց խաչ կոչված տեղը:
 

Մինչև 4-րդ դարի կեսերը Արարատ գավառի մեջ հիշվում է անապատական կյանքի մնայուն շարժում, որտեղ գործում էին «մաշկահանդերձ և խոտաճարակ» ճգնավորներ («Ազգապատում», էջ 288: Փավստոս Բուզանդ, «Պատմութիւն Հայոց…», Վենետիկ 1889, էջ 289):
 

Արարատյան Հայրապետական թեմը կազմավորվել է 4-րդ դարի սկզբին՝ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո, երբ Ս. Գրիգոր Լուսավորիչը ձևավորեց Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական կառույցները:
 

449թ. տեղի ունեցած Արտաշատի հայտնի ժողովում կաթողիկոս Հովսեփ Հողոցմեցին (441-451թթ.) Եղիշեի կողմից անվանվում է «Եպիսկոպոս Այրարատի» (Ազգ. 400; Սրբոց Հօրն մերոյ Եղիշեի վարդապետի մատենագրութիւնք, Վենետիկ, 1859, էջ 22): Այս կարգը պահպանվեց դարերի ընթացքում և Արարատյան թեմն այսօր էլ կրում է «Հայրապետական» անվանումը՝ անմիջականորեն կառավարվելով առաջնորդական փոխանորդի կողմից, ում նշանակում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
 

Արարատյան Հայրապետական թեմի առաջին առաջնորդական փոխանորդը եղել է Աղբիանոս եպիսկոպոսը, ում Ագաթանգեղոսը կոչում էր «արքունի դռան եպիսկոպոս», Բուզանդը՝ «մեծ ու պատվական»:
 

Արարատյան թեմի նախնական սահմանների մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն միանշանակ պետք է ընդունել, որ այն ընդգրկում էր Այրարատ նահանգի հիմնական մասը՝ Արարատյան և Շարուրի դաշտավայրը, Կոտայքի շրջանը և Սևանի արևմտյան ավազանը:
 

15-րդ դարից Արարատյան թեմի քաղաքների շարքում արագորեն մեծանում է Երևանի քաղաքական նշանակությունը, և այսուհետ թեմը հայտնի է դառնում Երևանի թեմ անունով: Այս շրջանում մեծ հեղինակություն է ձեռք բերում Երևանի Անապատ անունով հայտնի վանքը՝ Ս. Սարգիս, Ս. Հակոբ և Ս. Գևորգ եկեղեցիներով:
 

1636թ. սեպտեմբերին պարսիկները տիրեցին Երևանին, որի պաշարումը տևեց 93 օր (Դավ. 243): Մեկ տարուց ավել տևած թուրք-պարսկական պատերազմի պատճառով Արարատյան աշխարհն իր շրջակա գավառներով ավերվեց ու քանդվեց, մեծ վնասներ կրեց նաև Սուրբ Էջմիածինը: Քանդվեց նաև Երևանի Ս. Անանիա վանքը՝ բացի մատուռից, որը քարակերտ էր: Փիլիպպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի օրոք սկսվեցին վերակառուցման աշխատանքներ, որոնց մեջ, բացի Էջմիածնի սեղանատնից, հիշվում են Ս. Անանիա վանքի ժամատունը, սեղանատունը և խցերը (Դավ 244, Օրմ. 2832):
 

1679թ. երկրաշարժի հետևանքով Երևանի այլ եկեղեցիների և շինությունների հետ հիմնահատակ կործանվում է նաև Անապատ վանքը: Հետագայում Ս. Սարգիս եկեղեցին վերաշինվում է և դառնում թեմի Առաջնորդանիստ եկեղեցի:
 

19-րդ դարի սկզբում Արարատյան դաշտը դառնում է արդեն ռուս-պարսկական պատերազմի թատերաբեմ, որտեղ իրենց հետաքրքրություններն ունեին թե՛ ռուսները, թե՛ պարսիկները, թե՛ ֆրանսիացիները՝ հանձին Նապոլեոնի, և թե՛ անգլիացիները:
1828թ. ռուս-պարսկական պայմանագրով թեմի տարածքն անցնում է ռուսական կայսրությանը՝ շարունակաբար կրելով «Երևանի թեմ» անվանումը: Թեմը, մնալով հայրապետական, ուներ 4 փոխանորդություններ (գործակալություններ)՝ Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի (Շիրակի), Տաթևի (Սյունյաց): Դարավերջին՝ ռուսների կողմից Կարսի մարզի գրավումից հետո (1878թ.), Երևանի թեմին է կցվում Կարսի փոխանորդությունը: Այսպիսով, 19-րդ դարում Երևանի թեմն ընդգրկում է Արևելյան Հայաստանի գրեթե ողջ տարածքը՝ առաջնորդանիստ ունենալով Երևանի Ս. Սարգիս եկեղեցին: Մինչև 20-րդ դարի սկիզբը թեմն ուներ 643 եկեղեցի, 13 վանք, 150-ից ավելի ծխական դպրոցներ: 1837թ. բացվում է Երևանի թեմական դպրոցը, բազում ծխական դպրոցներ են բացվում նաև գյուղերում և ավաններում: Երևանում գործում է նաև Ս. Գայանյանց օրիորդաց դպրոցը:

 

Առաջին աշխարհամարտի տարիներին (1914-1918թթ.), երբ հայության մեջ կրկին հույսեր են արթնանում Արևմտյան Հայաստանը ռուսաց օգնությամբ թուրքական լծից ազատագրելու, Երևանի թեմը գործնական մասնակցություն է ունենում հայ կամավորական ջոկատների կազմավորման և ռուսական բանակի օժանդակության գործում: Կրելով պատերազմական դժվարությունները՝ թեմը 1915թ. Հայոց Մեծ եղեռնից հետո ընդունում և ապաստան է տալիս բազմահազար գաղթականների: Այդ գործում մեծ դեր է ունենում 1914թ. Երևանի թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի նախագահությամբ հիմնված եղբայրական օգնության հանձնաժողովը, որին կից գործում են որբանոցների վարչությունը, դատական մարմինը, աշխատանքային հանձնախումբը:
 

Երևանի թեմը, հանձին առաջնորդական փոխանորդ Տ. Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի, ողջունում է Հայոց նոր պետականության հաստատումը 1918թ. և նրա առաջին կառավարության փոխադրումը Թիֆլիսից Երևան: Հանրապետության կարճատև գոյության ողջ ընթացքում թեմն անմասն չի մնում նորահաստատ պետականության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի հոգսերից:


Առաջին Հանրապետության ողբերգական կործանումից հետո (1920թ.), Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական նոր սահմանագծմամբ (1921թ.) Երևանի թեմը կորցրեց Կարսի մարզն ու Նախիջևանը, որոնք խորհրդային իշխանության առաջին տարիներին նույնպես ենթարկվում էին բռնությունների և հալածանքների՝ ըստ էության ձևականորեն պահպանելով իրենց գոյությունը: Արտաքսվում և բռնադատվում են հոգևորականներ, քանդվում և փակվում են եկեղեցիներ: 1937թ. ձերբակալվում և բանտում նահատակվում է Երևանի առաջնորդական փոխանորդ Տ. Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը:

 

Երևանում քանդվում են Ս. Պողոս-Պետրոս, Ս. Կաթողիկե, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Նորքի Ս. Աստվածածին, Ս. Սիմեոն Ծերունի եկեղեցիները, Կոզեռնի, Գեթսեմանի մատուռները, փակվում են Ս. Զորավոր, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները:
Ավաններում և գյուղերում բազում եկեղեցիներ վերածվում են պահեստների:
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Խորհրդային Միությունում մասամբ փոխվում է վերաբերմունքը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ՝ նկատի առնելով նրա կարևոր դերը ֆաշիզմի դեմ պայքարի գործում:
1943թ.՝ երկարատև ընդմիջումից հետո, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում կրկին մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ:

 

Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի (1955-1994թթ.) գահակալման առաջին շրջանից Հայրապետական թեմը, կրկին «Արարատյան» անունով, նկատելի աշխուժացավ իր հոգևոր առաքելությամբ:

1989թ. Արարատյան թեմից անջատվեցին Սյունյաց, իսկ 1991թ.՝ Գուգարաց թեմերը: Արարատյան թեմի վերջին սահմանագծումը տեղի ունեցավ 1996թ., երբ Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նրա տարածքից առանձնացվեցին և կազմավորվեցին նոր՝ Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի և Գեղարքունիքի թեմերը: 2021թ․-ին Արարատյան Հայրապետական թեմից անձատվեց նաև Արարատի մարզը՝ դառնալով նոր՝ Մասյացոտն թեմ։ 

Այսօր Արարատյան Հայրապետական թեմն ընդգրկում է քաղաքամայր Երևանը