Ներքին Չարբախում բնակիչները մտահոգ էին, որ իրենց տարածքում եկեղեցի չունեն: Եկեղեցի կառուցելու համար Երևանի քաղաքապետարանի որոշմամբ հատուկ տեղ հատկացվեց: Ճարտարապետ Հրաչյա Գասպարյանի նախագծով, 1996թ. սկսեցին կառուցել Սուրբ Խաչ Եկեղեցին: Տասը տարի անց՝ 2006թ. հոկտեմբերին ավարտվեցին Եկեղեցու շինարարական ու հարդարման աշխատանքները: Ավանդական ճարտարապետական ոճ ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին գմբեթավոր է: Սրահի երկու կողմում ավանդատներ են: Եկեղեցին դեռևս զանգակատուն չունի, սակայն նախագիծը պատրաստ է, նախատեսվում է առաջիկայում կառուցել: Սուրբ Խորանում տեղադրված է Վարդգես Սուրենյանցի հայտնի գեղանկարը: Եկեղեցու կառուցման նախաձեռնողն ու իրականացնողը համայնքի բնակիչ Խաչատուր Վարդանյանն է: 2006թ. նոյեմբերի 10-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օծվեցին Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու չորս սյուները, ավանդատները, մկրտարանը, սրբապատկերները, խաչվառը: Նոյեմբերի 11-ին Նավասարդ Սրբազանն օծեց նաև Սուրբ Խաչ եկեղեցու Սուրբ Խորանը, այնուհետև մատուցվեց Սուրբ Պատարագ: «Սուրբ Խաչ Եկեղեցին վստահորեն կդառնա այն նվիրական վայրը, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իր հոգու անդորրը և սրտամոտ խոսք կբանա Երկնային Տիրոջ առջև: Եկեղեցի կառուցելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը և այս քարե կառույցը վավերական կդառնա միմիայն ձեր աղոթքներով», - իր խոսքում նշեց Սրբազան Հայրը: Յուրաքանչյուր կիրակի և տաղավար տոներին եկեղեցում մատուցվում է Սուրբ Պատարագ, տեղի են ունենում մկրտության և պսակի արարողություններ: