(1430-1439)
Պողոս կաթողիկոսի թունավորմամբ կիլիկեցիք կրկին վերահաստատվեցին հայրապետանոցում: Կաթողիկոսական աթոռ բարձրացավ նրանց գլխավորներից Կոստանդինը, որը բնիկ Վահկա բերդից էր, հարուստ, խորամանկ, խարդավանքների փորձառու վարպետ, որը, անտարակույս կազմակերպել էր դավադրությունը Պողոս կաթողիկոսի դեմ: Նա իր գործունեությամբ բավականին լատինամոլ էր, կապեր էր հաստատել Ֆլորենցիայի ժողովի հետ, թեկուզ ձեռնարկողն ինքը չէր եղել: Գուցե եւ աղթարմայության նախանձախնդիր չէր, բայց որոշակիորեն համակիր էր: Նա մտերմություն ուներ Մկրտիչ Նաղաշ վարդապետի հետ, հարգում էր նրան, ուստի հայադավանությունից դեռ լրիվ չէր հեռացել: Այսպես թե անպես, Մկրտիչ Նաղաշը բոլորովին հեռու էր աղթարմայությունից: Նա Բաղեշին մոտակա Պոռ գյուղից էր, մեծատուն Առաքել քահանայի որդին, վաղամեռիկ Հովհաննես քահանայի եւ տանուտեր Աբգարի եղբայրը: Ամուսնացած էր, սակայն կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ, որից հետո ինքը կրոնավոր էր դարձել՝ շարունակելով զբաղվել նկարչությամբ եւ ճարտարապետությամբ: Հայտնի չէ, թե ում է աշակերտել, սակայն 1418-ին եղել է Պոռի Սբ Անանիա (հետագայում՝ Սբ Հովհաննես) վանքի սարկավագ: Ձեռնադրվել է վարդապետ Ամիդում, իսկ 1430-ին կրկին Ամիդում ձեռնադրվել է եպիսկոպոս՝ Կոստանդին Վահկացու կողմից: Նա շատ ազդեցիկ հոգեւորական էր Միջագետքում, ակ-կոյունլու Օսմանի սիրելին էր եւ նրանից ստացել էր բազմաթիվ արտոնություններ. վերանորոգելու հայկական եկեղեցիները, թույլատրելու հոգեւորականներին ապահարկ լինել եւ ազատելու գերիներին ու նեղվածներին: Նա 1433-ին կառուցել է Արկնիքի կամ Արղնիքի բարձրահայաց վանքը, 1439-ին՝ Դիարբեքիրի Սբ Թեոդորոս կաթողիկեն:
Հակառակ Մկրտիչ Նաղաշ եպիսկոպոսի շինարար գործունեությանը, Սսի հայրապետանոցը Կոստանդին Վահկացու օրոք պարզապես քայքայվում էր: Հայոց Առաքելական Եկեղեցու ջատագով Արեւելյան եպիսկոպոսները որոշեցին այդ կացությունը շտկել՝ կաթողիկոսական աթոռը Սբ Էջմիածին տեղափոխելով: Վերջինս էլ շատ գոհացուցիչ պայմաններում չէր, սակայն զերծ էր աղթարմայության վարակից: Պողոս կաթողիկոսի թունավորումը եւ Կոստանդինի հովվապետելը սառը ցնցուղի տպավորություն էին թողել Արեւելյան եպիսկոպոսների վրա:
Ահավոր էր վիճակը բուն Հայաստանում կարա-կոյունլու Իսքենդերի իշխանության օրոք: Վանի շրջանում կառավարիչ էր նշանակված նրա Արալի որդին, որի ապօրինություններն այնքան անցան ամեն չափ ու սահման, որ անգամ արդարադատությունից շատ հեռու Իսքենդերը նրան ետ կանչեց: Սակայն նա հորը ներկայանալու փոխարեն ապավինեց Շամախիի խան Խալիլուլլահին, որը նրան ուղարկեց Շահռուհ խանի մոտ: Իսքենդերը, որ խիստ զայրացած էր այդ պատճառով, 1434-ին հարձակվեց Խալիլուլլահի իշխանության վրա, 15 օր ավերեց այն, անցավ Դարբանդի կողմերը՝ ոչնչացնելով լեռնականներին ու դաշտաբնակներին: Մեկ ամբողջ տարի տեւեցին նրա խժդժություններն այստեղ: Նա մեծ ավարով եւ սպանվածների գլուխների բեռներով 1435 թվին վերադարձավ Սյունիք, որտեղ Հակոբ Շամախեցի քահանան կարողացավ մեծ դժվարությամբ քրիստոնյա գերիներին ազատել: Իր հերթին Շահռուհն էլ մեծ բանակով պաշարեց Սուլթանիան, հետո շարժվեց Երնջակ, որտեղ Իսքենդերի մայրը՝ Խանումը, եւ եղբայրը՝ Ջհանը, Շահռուհին խոստացան սպանել Իսքենդերին: Վերջինս, իմանալով այդ մասին, փախավ Կոգովիտ գավառի Արծափ գյուղը, այնտեղից արշավեց Կարին, որտեղ բախվեց ակ-կոյունլու Օսմանի հետ, ջախջախեց նրա զորքերը եւ սպանեց նրան: Հետո նա շարժվում է Ակշեհիր ու Թոքաթ: Նրան հետապնդում էր Շահռուհի որդի Ջոնգան, որը նրան չհասավ, իսկ Շահռուհը շահ ճանաչեց Ջհանին, որն այնուհետեւ հայտնի է Ջհանշահ անունով, քանի որ վերջինս ճանաչել էր թաթար խանի գերիշխանությունը:
1436-ին Իսքենդերն սկսեց ասպատակել Փոքր Հայքի տարածքները Սեբաստիայի շրջանում, որտեղ շատ հայ տղամարդկանց ահավոր տանջանքների ենթարկեց, իսկ կանանց ու երեխաներին գերի տարավ: Նա մեծ փրկագին վերցրեց Տիվրիկից, ավերածության ենթարկեց Խարբերդը, գերեվարեց Դերջանի բնակչությանը ցուրտ ձմեռով եւ երբ ցրտահարվածների մասին իմանում էր, ծիծաղելով ասում էր, որ դա Աստված է արել, եւ ինքը մեղք չունի: Դրա հետեւանքով մեծ թվով մարդիկ մահացան: 1437-ին հարձակվեց Ջհանշահի վրա, սակայն յուրայիններից լքվեց, փախավ Երնջակի բերդը, որտեղ նրա մայրը՝ Խանումը, եւ Շահաբաթ որդին եւ 10 զորեղ մարտիկներ նրան սպանեցին քնած ժամանակ: Նրա գլուխը տարան Ջհանշահին, որի ջանքերով կյանքը հարաբերականորեն խաղաղվեց: Այս դեպքերի պատճառով հայրապետանոցի տեղափոխումը Սբ Էջմիածին որոշ ժամանակով ձգձգվեց:
Հիշյալ դժնդակ ժամանակներում սպառվեցին Օրբելյանները: Իշխանական այդ տոհմից մնացել էր միայն Պեշքենը կամ Բեղքենը, որը Սմբատ Օրբելյանի որդին էր: Նա կեղծուրացություն էր ընդունել, հետո՝ դարձի եկել: Բեղքենը գտնվում էր վրաց Ալեքսան թագավորի գերիշխանության ներքո, որը հայերի նկատմամբ բարյացակամ չէր եւ վախենում էր, որ նրանք կարող են համախմբվել Բեղքենի շուրջը, Բեղքենն իրեն էր վերադարձրել նաեւ Սյունիքը: Վրաց թագավորը որոշում է սպանել Բեղքենին եւ դրա համար վարձում է Ամնադին անունով մի հայի, որը պետք է նրան թունավորեր: Բեղքենը դա զգում է, նույնիսկ հակաթույն է խմում, սակայն, այնուամնայնիվ, մահանում է: Նրա սպանության գործում, թերեւս, իր դերակատարությունն է ունեցել նրա ոչ քաղկեդոնական լինելը: Բեղքենի մահով, փաստորեն, Օրբելյան իշխանական ընտանիքն սպառվեց: Լոռի ամրոցը, որ նրանց էր տրվել նախկինում, ետ վերցվեց: Բեղքենի եղբայր Շահն առանձին ջանքեր չգործադրեց՝ տիրելու իրենց հայրենական Սյունյաց տիրույթներին, իսկ նրա որդին մահացավ տասը տարեկան հասակում՝ 1438-ին: Սակայն Բեղքենի մտերիմները վրեժ լուծեցին Ամնադինից՝ անդամահատելով նրան:
Վրաց Ալեքսան թագավորը 1439-ին հիվանդացավ, իսկ 1440-ին Ջհանշահն արշավեց Վրաց թագավորության վրա եւ պաշարեց Շամշուլտե քաղաքը: Նա մեծ թվով գերիներ տարավ, որոնց ուղարկեց Խորասանի, Մորի, Բաղդադի եւ Տաճկաստանի կողմերը: Բուն Հայաստանում բնակչությունն այնքան էր աղքատացել, որ չկարողացան գերիներին ետ գնել: Վրաց թագավորությունը գրավվեց, որով վերջին քրիստոնեական պետությունն էլ տարածաշրջանում ընկավ: Ջհանշահը հարկերը խստացրեց քրիստոնյաների նկատմամբ, սակայն պատերազմական խռովությունները վերացան: Արեւելյան Հայաստանի եւ շրջակա երկրամասերի վրա կառավարիչ նշանակվեց Հասան-Ալիի որդին, որն իր աթոռանիստը դարձրեց Նախիջեւանը: Նրան էին ենթարկվում Վանի, Երեւանի, Տփղիսի եւ այլ երկրամասերի բեյերը կամ բեկերը: Երեւանում կառավարիչ էր նշանակված Յաղուբ բեյը, որի անվան հետ է կապվում կաթողիկոսական աթոռի տեղափոխումը Սբ Էջմիածին:
Մի քանի խոսք Ֆլորենցիայի ժողով ուղարկված հայ պատվիրակության մասին: Հարկ է նշել, որ Կղեմես Ե պապի օրոք՝ 1309 թվին, պապական աթոռը տեղափոխվեց Ֆրանսիայի Ավինիոն քաղաքը եւ մինչեւ 1377 թվականը համարվում էր պապերի Ավինիոն գերության շրջան: Այստեղ աթոռակալեց 7 պապ: Միայն Գրիգոր ԺԱ պապի ժամանակ պապական աթոռը կրկին տեղափոխվեց Հռոմ, սակայն շատ չանցած՝ 1378-ին, նա մահացավ: Հետո միաժամանակ երկու պապ ընտրվեց. Ուրբանոս Զ-ն՝ Հռոմում, Կղեմես Ե-ն՝ Ավինիոնում: Այսպես սկսվեց Արեւմտյան հերձված կոչված պառակտումը Կաթոլիկ Եկեղեցում: Ուրբանոսին հաջորդեցին Բոնիֆակիոս պապը՝ 1379-ին, Ինովկենտիոս Է-ն՝ 1404-ին, եւ Գրիգոր ԺԲ-ն՝ 1406-ին: Ավինիոնում Կղեմեսին հաջորդեց Բենեդիկտոս ԺԳ-ն՝ 1394-ին: Հերձվածը վերացնելու համար հրավիրվեց Պիզայի ժողովը Իտալիայում 1409 թվին՝ մարտի 26-ին: Ժողովը երկու պապին էլ հրձվածող ճանաչեց, եւ հունիսի 26-ին պապ ընտրվեց Ալեքսանդր Ե-ն: Ըստ էության՝ ժողովը շատ բան չարեց, բացի երրորդ պապ ընտրելուց: Ավելորդ չի լինի ասել, որ Ալեքսանդր Ե-ն 1410 թվին մահացավ, եւ նրան հաջորդեց Հովհաննես ԻԳ-ն, որն իր աթոռանիստը տեղափոխեց Բոլոնիա քաղաքը: Հենց այդ շրջանում Արեւմուտքում ասպարեզ եկավ նոր աղանդ, որի հիմնադիրը Ջոն Վիքլիֆն էր Անգլիայից: 1374-ին նա սկսեց իր գործունեությունը, իսկ 1403-ին նրան հաջորդեց Ջոն Հուսը: Հերձվածի կողքին Եվրոպայում հանդես եկավ եւ հերետիկոսությունը: Այն վերացնելու համար Կոնստանզի ժողովը հրավիրվեց Շվեդիայում 1414 թ. նոյեմբերի 5-ին: Ժողովը 1415 թ. ապրիլի 6-ին որոշում կայացրեց, թե իր իշխանությունը պապական իշխանությունից բարձր է: Ժողովը շարունակեց իր աշխատանքը մինչեւ 1418 թ.: 1415 թ. մայիսի 29-ին դատապարտվեց Հովհաննես ԻԳ-ն, 1415 թ. հուլիսին Գրիգոր ԺԲ-ն բռնության ներքո հրաժարական տվեց, 1417 թ. հուլիսի 26-ին Բենեդիկտոս ԺԳ-ն կրկին մերժեց հրաժարական տալ, եւ վերջապես 1418 թ. նոյեմբերի 11-ին ժողովը պապ ընտրեց Մարտինոս Ե-ին: Հերձվածն արտաքնապես եւ պաշտոնապես վերացվեց, սակայն խռովահույզ վիճակը շարունակվեց: 1417 թ.՝ 91 տարեկան հասակում, մահացավ Գրիգոր ԺԲ-ն, 1418 թվին մահացավ 1415 թվից բռնադատված Հովհաննես ԻԳ-ն, իսկ Բենեդիկտոս ԺԳ-ն, որպես պապ, ապրեց մինչեւ 1424 թիվը: Նրան հաջորդեց Կղեմես Ը-ն՝ մինչեւ 1429 թիվը, սակայն լքվելով իր յուրայիններից՝ հրաժարական տվեց եւ ենթարկվեց Մարտինոս Ե-ին:
Հաջորդ ժողովն անցկացվեց Իտալիայի Պավիա քաղաքում 1423 թվին, սակայն ժանտախտի պատճառով իր աշխատանքը շարունակեց Իտալիայի Սիենա քաղաքում: Զբաղվելով զուտ հերետիկոսության խնդիրներով՝ ժողովն իր աշխատանքներն ավարտեց 1424 թ. փետրվարի 26-ին:
Մարտինոս Ե պապը հերթական ժողովը հրավիրեց 1431 թվի փետրվարի 1-ին Շվեյցարիայի Բասիլիա կամ Բազել քաղաքում: Փետրվարի 20-ին պապը մահացավ, եւ մարտի 3-ին պապ ընտրվեց Եվգինեոս Դ-ն: Ժողովն իր առաջին նիստը կարողացավ անցկացնել միայն 1431 թ. դեկտեմբերի 14-ին, իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 12-ին, պապը հրաման տվեց ժողովը հետաձգել եւ այն անցկացնել 18 ամիս անց Բոլոնիա քաղաքում: Բազելի ժողովականներն այդ կարգադրությունը չընդունեցին եւ 1432 թ. փետրվարի 15-ին որոշում կայացրին կրկին, որ իրենց վճիռը պապական իշխանությունից բարձր է, եւ պահանջեցին, որ Եվգինեոսն իր հրամանը ետ վերցնի: Իսկ երբ պապը չհամաձայնվեց, 1432 թ. դեկտեմբերի 18-ին նրան 60 օր ժամանակ տրվեց: Պայմանը կրկնվեց 1433 թ. հուլիսի 13-ին եւս՝ սպառնալով պապին պաշտոնանկ անել: Իր հերթին Եվգինեոսը սեպտեմբերի 13-ին հատուկ կոնդակով մերժված համարեց Բազելի ժողովականների որոշումները: Սակայն նրա վիճակը Բոլոնիայում առանձնապես լավ չէր, քանի որ նրան սկսել էին լքել յուրայինները: Նա 1434 թ. ապրիլի 24-ին ստիպված եղավ հաշտվել Բազելի ժողովականների հետ եւ փաստորեն ընդունեց Կոնստանզի որոշման իրավական լինելը, որ հիշյալ ժողովի որոշումները բարձր են պապի վճիռների նկատմամբ: Եվգինեոսին դա դուր չէր գալիս, բայց նա այլ ելք չուներ, ուստի եւ հարկադրված հնազանդվեց: Միաժամանակ նա փորձեց իր ազդեցությունը էապես մեծացնել հույների միջոցով:
15-րդ դարի մինչեւ կեսերն ընկած շրջանը ճակատագրական եղավ Բյուզանդական կայսրության համար: Օսմանյան սուլթան Մեհմեդ Ա-ին հաջորդած Մուրադ Բ-ն շարունակել էր հոր քաղաքականությունը եւ գրեթե ավարտին հասցրել կայսրության ասիական եւ եվրոպական մասերի նվաճումը: Պետության մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիսը, հայտնվել էր մահացու շրջափակման մեջ եւ գտնվում էր օրհասական վիճակում: 1425-ին կայսր հռչակված Հովհաննես Ը Պալեոլոգ կայսրը շատ ծանր, ըստ էության, նվաստացուցիչ պայմաններով տասնամյա հաշտություն էր կնքել Մուրադ Բ սուլթանի հետ, սակայն հակառակորդի կողմից մշտապես սպասում էր անակնկալների: Օգնության այլ հույս չտեսնելով եւ խորապես գիտակցելով, որ հանուն այդ օգնության՝ նա պարտավոր է գնալ դավանաբանական զիջումների, ինչպես նաեւ հորդորվելով Պոլսի Գալաթիա թաղամասում հաստատված ջենովացիներից, նա 1433-ին ուղղակի օգնության խնդրանքով դիմեց Եվգինեոս պապին: Այդ դիմումը պարզապես երկնային մանանա էր ծանր վիճակում հայտնված պապի համար, ուստի նա հենց նույն տարվա հուլիսին բանակցությունների համար Պոլիս ուղարկեց իր քարտուղար Քրիստափոր Կարաթոնիին: Կայսրն առաջարկում էր Կոստանդնուպոլսում գումարել երկու Եկեղեցիների միությունը հաստատող եկեղեցական ժողով: Պապը հարմար գտավ ընդունել այդ առաջարկը, քանի որ դա, նրա կարծիքով, հնարավորություն կտար ցրելու Բազելի ժողովը: Հարկ է նկատել, որ կայսրը հրավերներ էր ուղարկել նաեւ Բազելի ժողովականներին, սակայն վերջինները գտնում էին, որ ժողովը պետք է գումարել Եվրոպայում կամ ավելի ճիշտ՝ Արեւմտյան Եվրոպայում: Հռոմի պապն իր հերթին առաջարկեց ժողովն անցկացնել իր աթոռանիստ Բոլոնիա քաղաքում, իսկ կայսրը՝ ծովեզրյա Անկոնա քաղաքում: Սակայն բանակցությունները ձգձգվեցին մինչեւ 1436 թիվը, որի ընթացքում Բազելի ժողովը շարունակեց գործել՝ աշխատելով իր կողմը գրավել հույներին: Ժողովականներն առաջարկում էին ժողովն անցկացնել Բազելում, Ավինիոնում կամ Սավոյայում: Կայսրը, որ հայտնվել էր երկու կրակի միջեւ, կարծելով, որ ավելի զորեղ է Հռոմի պապը, հարեց վերջինիս: Դրանից օգտվելով՝ Եվգինեոս պապն էլ իր հերթին սկսեց ավելի համարձակ գործել Բազելի ժողովականների դեմ: Սակայն արդյունքը պապի համար խիստ անսպասելի էր: Ժողովականներն ամբողջությամբ ընդդիմացան Եվգինեոս պապին:
Ի վերջո պապն ու կայսրը համաձայնեցին եկեղեցական ժողովը գումարել Իտալիայի Ֆեռարա քաղաքում, որի վրա հենվելով՝ Եվգինեոսը 1438 թ. հունվարի 1-ին հատուկ կոնդակով լուծարեց Բազելի ժողովը. նույն թվականի փետրվարի 8-ին հրավիրվեց միարարար ժողովը: Փետրվարի 27-ին Ֆեռարա եկավ ու մարտի 4-ին ընդունեց Բյուզանդիայի Հովհաննես կայսրին, իսկ 7-ին Կոստանդնուպոլսի Հովսեփ պատրիարքին եւ նրան ուղեկցող հոգեւորականներին: Ինչ-ինչ բանակցություններից հետո՝ ապրիլի 9-ին, ժողովը հանդիսավորապես բացվեց, սակայն ժողովի աշխատանքները մինչեւ հոկտեմբերի 8-ը հետաձգվեցին՝ լատին հոգեւորականներից շատերի չժամանելու պատճառով: Պապին թվում էր, թե կատարյալ հաղթանակ է տարել, սակայն Բազելի ժողովականներն ապօրինի հռչակեցին Ֆեռարայի ժողովը եւ մեջտեղ բերին Բրյուգեի կանոնները կամ Գաղղիական Եկեղեցու կանոնադրությունը, որն առավել քան նպաստավոր չէր պապի իշխանության համար: 1439 թվի հունիսի 25-ին նրանք պապին գահընկեց հռչակեցին, իսկ նոյեմբերի 5-ին նոր պապ ընտրեցին Ամեդեոս Ը Սավոյայի հրաժարյալ իշխանին՝ Ֆելիքս Ե անունով: 1433 թ. մայիսի 16-ին Բազելի ժողովը, որ 12 տարի էր տեւել, փակվեց:
Հույներին հասկանալ կարելի էր: Նրանք օսմանյան վտանգից ազատվելու համար պատրաստ էին դավանաբանական ցանկացած զիջման, սակայն զարմանալի է, երբ հռոմեադավանները կամենում էին այս ամենը տարածել նաեւ Հայոց Եկեղեցու վրա: Անշուշտ, Ֆեռարայի ժողովը, որ 1438 թ. հոկտեմբերի 8-ից մինչեւ 1439 թվի հունվարի 10-ը 16 նիստ գումարեց, Հայոց Եկեղեցու խնդիրներին չի անդրադարձել եւ չէր էլ կարող անդրադառնալ: Այս ընթացքում քաղաքում ժանտախտ բռնկվեց, եւ ժողովականներն ստիպված եղան տեղափոխվել Ֆլորենցիա քաղաքը, որտեղ փետրվարի 26-ին գումարեցին առաջին նիստը: Մինչեւ հունիսի 8-ը քննարկում էին «Հոգւոյն Սրբոյ» եւ «յՈրդւոյ բղխման» խնդիրը եւ միջասահման բանաձեւով այն փակեցին: Փոխադարձ զիջումներ եղան մյուս խնդիրներում, սակայն պապական իշխանության կետը բուռն դիմադրություն առաջ բերեց: Հույները պատրաստ էին Հռոմը ճանաչել որպես առաջին աթոռ, մինչդեռ լատինները հանդես եկան ընդարձակ նախաձեռնություններով, ինչպիսիք էին հանգանակին հավելումներ կատարելը, ինքնուրույն տիեզերական ժողովներ գումարելը, պատրիարքներին ատյան բերելն ու դատելը եւ այլն: Հունիսի 12-ին մահացավ Հովսեփ պատրիարքը, եւ հույն եպիսկոպոսները պատրաստվեցին լքելու Ֆլորենցիան: Սակայն դեռ խնդիրներ ունեին լուծելու Եվգինեոս պապը եւ Հովհաննես կայսրը: Եթե վերջինս դեռ հույսեր էր փայփայում ստանալու լատինների օգնությունը, ապա պապը, որին հունիսի 25-ին գահընկեց էր արել Բազելի ժողովը, չէր կամենում տեղի տալ Բազելի ժողովի որոշմանը: Բոլորովին տարբեր պատճառներով պապը եւ կայսրը իրար դաշնակցեցին եւ միարարական վճիռ կայացրին, որը հուլիսի 5-ին եւ 6-ին հանդիսավորապես ստորագրել տվեցին Ֆլորենցիայի մայր եկեղեցում:
Վճռում ասվում էր. Հռոմի պապն իր կոնդակը հաստատում է կայսեր հավանությամբ, եւ արեւելյան պատրիարքներին երկար-բարակ բացատրվում էր, թե լատինների «ի Հօրէ եւ յՈրդւոյ» եւ հույների «ի Հօրէ Որդւով» բանաձեւերը նույն իմաստն ունեն, եւ ընդունվում է «իբր ի միոյ սկզբանէ» վարդապետությունը: Պատարագի եւ մաքրարանի մասում երկու Եկեղեցիները շարժվեցին իրենց սովորության համաձայն: Պապական իշխանության հարցում հարգվում էին հույների պահանջները, մասնավորապես պահպանվելու էին պատրիարքների բոլոր իրավունքները: Եթե հույներին թվում էր, թե լատինական թելադրանքից այլեւս ազատված են, ապա լատինները կարծում էին, որ առավելություն են ձեռք բերել հույների նկատմամբ: Եվգինեոսին թվում էր, թե հաղթել է Բազելի ժողովականներին, իսկ Հովհաննես կայսրին՝ թե ապահովված է Բյուզանդական կայսրությունը: Հուլիսի 6-ին կայսրն օգնություն պահանջեց, սակայն Եվգինեոսը նրան ոչնչով օգնել չէր կարող, քանի որ այլեւս ազդեցություն չուներ եվրոպական երկրների միապետների վրա, որպեսզի նրանց ստիպեր բանակներ դուրս բերել Օսմանյան կայսրության դեմ: Կայսրը դեռ բավական երկար մնաց Ֆլորենցիայում, սակայն լրիվ հուսախաբ՝ իր ձգտումների մեջ: Օգոստոսի 26-ին հույն հոգեւորականների հետ մեկնեց Կոստանդնուպոլիս, ուր հասավ 1440 թվի փետրվարի 1-ին: Այնուամենայնիվ երկու հույն եպիսկոպոս, որոնք սրտով հռոմեադավան էին, մնացին Իտալիայում՝ արժանանալով կարդինալական ձեռնադրության:
Հույների հեռանալուց մեկ օր առաջ Ֆլորենցիա է գալիս հայկական մի պատվիրակություն, որը հասցրեց բյուզանդական կայսրին ողջունել: Մի քանի խոսք հայկական պատվիրակության մասին: Նշված ժամանակներում մեծ ծաղկման էր հասել Ղրիմի հայ գաղթավայրը: Հայերն այնպիսի զարգացման էին հասցրել հիշյալ երկրամասը, որը շատ հաճախ օտարները կոչում էին «Ծովային Հայաստան» (Armenia maritima): Գաղթավայրի կենտրոնը Կաֆա քաղաքն էր: Ղրիմահայ գաղթավայրի առաջացումը կապվում է Չարմաղանի արշավանքի եւ Անիից մեծ թվով հեռացած գաղթականության հետ, որն սկզբում հաստատվեց Աղսարում՝ Հաշտարխանի (ներկայումս՝ Աստրախան) մերձավորությամբ: Հայերն այստեղ հասան 1235-ին: Երբ 1261 թվին բյուզանդական կայսրերը Կոստանդնուպոլիսը ետ գրավեցին լատիններից, նրանց օգնած ջենովացիները, որ տնտեսապես եւ քաղաքականապես մրցում էին վենետիկցիների ու պիզայեցիների հետ, Միքայել Պալեոլոգ կայսրից, որպես երախտագիտության արտահայտություն, ստացան Կոստանդնուպոլսի հանդիպակաց ծովեզերքը, որը ներկայումս կոչվում է Ղալաթիա (ծագում է իտալերեն Galata փոքր նավահանգստի անունից): Ջենովացիները կարեւոր կենտրոն ունեին նաեւ Ղրիմի Կաֆա քաղաքում, ինչպես նաեւ առեւտրական ֆակտորիսներ Զմյուռնիայում, Քիոսում, Միտիլենում եւ մի քանի այլ քաղաքներում: Կամենալով հաստատվել քրիստոնեական իշխանության մեջ՝ հայերը նախ ստանում էին ջենովացիների համաձայնությունը եւ այնուհետեւ պատերազմելով իրենց ետ պահել փորձող մոնղոլների դեմ՝ գալիս ու հաստատվում են Կաֆա քաղաքում 1330-ին եւ հետզհետե տարածվում Ղրիմի թերակղզում՝ հիմնելով մարդաշատ քաղաքներ ու գյուղեր: Մեկ դարի ընթացքում հայկական գաղթավայրը խիստ առնականացել էր ու տնտեսապես առաջադիմել: Ցավոք, դրացիական եւ բարեկամական հարաբերությունները մթագնվում էին հայերին կաթոլիկացնելու փորձերով, ինչը ծնում էր նրանց շրջանում հակալատինական տրամադրություններ: Ջենովացիներին, այնուամենայնիվ, հաջողվել էր որոշ թվով հայերի կաթոլիկացնել, որոնք հիմնադրել էին երեք վանք: Հայերի մի մասը պատրաստ էր կիլիկահայերի պես դավանաբանության հարցերում գնալ որոշ զիջումների: Սակայն հայերի մեծագույն մասը հավատարիմ էր Հայոց Առաքելական Եկեղեցուն:
Երբ Հովհաննես կայսրը դիմեց մյուս Եկեղեցիների միացման խնդրանքով, Եվգինեոս պապը որոշեց միարարական փորձեր ձեռնարկել Արեւելքի այլ Եկեղեցիների նկատմամբ եւս, որոնք Հռոմի հետ հարաբերություններ չէին պահպանում: Նրան թվում էր, թե դրանով նա կկարողանա տկարացնել Բազելի ժողովականներին: Այդպիսի հրավեր ուղարկվեց նաեւ հայերին, որ մասնակցեն Ֆեռարայի ժողովին: Հռոմի Եվգինեոս պապը սերտ հարաբերություններ ուներ ջենովացիների հետ, որոնք պապի հրավերը հասցրեցին ոչ միայն հայերին, այլեւ հաբեշներին եւ մարոնականներին (Լիբանան): Թե՛ Ղրիմի եւ թե՛ Կոստանդնուպոլսի հայերը ինչ-որ չափով իրենց վրա էին կրում ջենովացիների ազդեցությունը, սակայն Կոստանդնուպոլսում գտնվող Հովհաննես եւ Եսայի Սսեցի եպիսկոպոսները հանձն չառան միարարության համար բանակցել՝ համարելով այդ կաթողիկոսի իրավունքը: Այդ պատճառով էլ Եվգինեոս պապը նամակ ուղարկեց Կոստանդին Վահկացի կաթողիկոսին: Նամակն Աբդլմսեհ սարկավագի միջոցով ուղարկվեց Սիս, իսկ 1434 թվի նոյեմբերի 1-ին Եվգինեոսին ուղարկվեց պատասխանը: Այդտեղ ի միջի այլոց նշվում է, որ Հայոց կաթողիկոսը տեսակցել է պապի պատվիրակ Քրիստափոր Կարաթոնիի հետ:
Բոլոր այն փորձերը, թե հայերը հռոմեադավանության էին ձգտում, գրոշի արժեք չունեն, քանի որ պապը հրավեր էր ուղարկել մասնավորապես հռոմեադավանությունը չընդունողներին: Կաթողիկոսը չէր շտապել համաձայնություն տալ, այլ դիմել էր Դիարբեքիրի Մկրտիչ Նաղաշ եպիսկոպոսին, որը հայտնի էր իր հակաաղթարմայական դիրքորոշմամբ: XV դարի առաջին կեսը խիստ խառնակ ժամանակ էր բուն Հայաստանի համար, որը ոտատակ էր գնում կարա-կոյունլուների եւ թեմուրյանների հակամարտության հետեւանքով, ուստի դժվար է ասել, թե Հայոց կաթողիկոսը կարողացավ անգամ հաղորդակցվել Մկրտիչ Նաղաշի հետ: Համենայն դեպս, հայտնի է, որ Նաղաշը պնդեց Հայոց Առաքելական Եկեղեցուն հավատարիմ մնալու իր տեսակետը՝ հանդես գալով քաղկեդոնականության դեմ: 1436 թվի մայիսի 16-ին պատասխանն ուղարկվեց՝ փաստորեն հրավերն ստանալուց մեկ տարի անց: Ըստ որում՝ պատասխանում որոշակի նշվում էր, որ Եկեղեցիների միության շուրջ բանակցություններ սկսելուց առաջ անհրաժեշտ է, որ դիմացինները հրաժարվեն քաղկեդոնականությունից: Նման պատասխանից հետո հրավերի խնդիրը կախվեց օդում: Այս ամենը ցույց է տալիս, որ Հայոց Եկեղեցին, ի դեմս անգամ կաթողիկոսի, բոլորովին հեռու էր ջերմեռանդ հռոմեադավանությունից:
Միության խնդիրը Հայոց Եկեղեցու հետ կրկին օրակարգի հարց դարձավ Ֆեռարայի ժողովի գումարման շրջանում: Սակայն այս անգամ զարմանալի ջերմեռանդություն հանդես բերին Կաֆայի ջենովացիները՝ Կաֆայի կառավարիչ Լուչինո Ֆացիոն, Պաոլո Իմպերիալին եւ Կալեդո Կրիմալդին: Նրանք էլ կազմակերպում են Կաֆայի հայերի պատվիրակության առաքումը Ֆլորենցիա: Ջենովացիների գերիշխանության տակ գտնվող հայերին այլ բան չէր մնում, քան պատվիրակություն ուղարկել, որի բոլոր ծախսերը հոգում էին լատինները: Ջենովացիներին հաջողվեց 1438 թ. մայիսի 12-ին նամակ ստորագրել տալ Կաֆայի եպիսկոպոս Մաղաքիային եւ մի շարք քահանաների ու մեծամեծ աշխարհականների եւ նամակն ուղարկեցին Կոստանդնուպոլիս եւ այնուհետեւ՝ Սիս: 70 օր անց այն տեղ հասավ, եւ Կոստանդին կաթողիկոսը կարողացավ դրան պատասխանել հուլիսի 25-ին: Պատասխան ուղարկվեց ոչ միայն հայերին, այլեւ Կաֆայի հյուպատոսին:
Կաֆացիների նամակի մեջ գրված էր, որ կա՛մ Ջենովա, կա՛մ Հռոմի պապին, կա՛մ էլ Սյունհոդոսին (Սինոդին) ինչ-որ մեկը ուղարկի, իսկ մերժելու կամ էլ 3 ամիս հապաղելու դեպքում հյուպատոսն իրեն իրավունք է վերապահում Ֆլորենցիա ուղարկել որեւէ վարդապետի՝ մեծ լիազորություններով: Որքան էլ տարօրինակ լինի, նամակում միության մասին ոչինչ չէր ասվում: Կաթողիկոսի պատասխանից էլ պարզվում է, որ նրան նամակներով այցելել էր Եմանեսիոս եպիսկոպոսը՝ անշուշտ նրա վրա ճնշում գործադրելու նպատակով: Կոստանդինը նպատակահարմար գտավ բավարարվել Կաֆայից միայն չորս մարդու նշանակելով, որ ուղեւորվեն Ֆլորենցիա: Պատվիրակության մեջ էին Սարգիս վարդապետը, որ կաֆացիների արքեպիսկոպոսն էր եւ ձեռնադրվել էր Կոստանդինի կողմից, Մաղաքիա եպիսկոպոսը, Մարկոս եւ Թովմաս վարդապետները, ինչպես նաեւ Հալեպի եպիսկոպոս Հովակիմը եւ ուրիշներ: Նրանց հանձնարարվում էր գնալ եւ սատար կանգնել սուրբ Սեղբեստրոսի եւ Գրիգոր Լուսավորչի վարդապետությանը: Դժվար չէ տեսնել, որ միության մասին ոչինչ չէր ասվում: Կոստանդինը նույնիսկ նամակ չի տալիս՝ պապին հանձնելու համար: Սակայն դա չի խանգարում, որ ջենովացի կառավարիչը պապին գրի, թե պատվիրակությունը հանդես է գալու բովանդակ ազգի անունից, ինչը, անշուշտ, իրականությանը չէր համապատասխանում:
Շատ հետաքրքիր է, որ պատվիրակությունը գլխավորում էր Հակոբ Բրիմատիցի անունով մի լատին կրոնավոր, որը հենց այդ նպատակով Բոլոնիայից պապի կողմից ուղարկվել էր Կաֆա: Նրան ընկերակցում էին երկու լատին՝ Ֆրանցիսկոս Բոլոնիացին եւ Լյուդովիկոս Բոլոնիացին: Նրանք բոլորն էլ ֆրանցիսկյան միաբանությունից էին: Ըստ էության՝ պատվիրակության մեջ հայերը խրտվիլակի դեր էին խաղալու, քանի որ նրանց ղեկավարելու էին լատին կրոնավորները: Պատվիրակությունը ճամփա ընկավ 1438 թ. դեկտեմբերի 1-ին՝ ուղեւորվելով սկզբում Կոստանդնուպոլիս, Վենետիկ եւ այնուհետեւ Ֆլորենցիա: Պատվիրակությունը տեղ հասավ 1439 թվի օգոստոսի 25-ին, երբ Ֆլորենցիայի տիեզերական կոչված ժողովն արդեն ավարտվել էր, իսկ հույները տառացիորեն պատրաստվում էին լքելու ժողովավայրը:
Եվգինեոս պապը սեպտեմբերի 4-ին հերձվածող ու հերետիկոս հռչակեց Բազելի ժողովականներին՝ իրեն գահընկեց անելու որոշում կայացնելու համար: Հայերի հետ ունեցած բանակցությունների, նրանց կատարած առաջարկությունների մասին պատմությունը հիշատակներ չի պահպանել:
Միայն պատվիրակության տեղ հասնելուց երեք ամիս անց՝ 1439 թվի նոյեմբերի 22-ին, Եվգինեոս պապը կոնդակ արձակեց՝ ցնծագին բովանդակությամբ, որը ժողովական տեսք չունի եւ ոչ էլ հավաստում է հայերի ստորագրությունների մասին: Լատինները սովորաբար «Հրահանգ առ Հայս» են կոչում այդ կոնդակը:
Եթե հավատանք սույն կոնդակին, ապա Հայոց Եկեղեցին իբր միանում է Հռոմեական Եկեղեցուն: Շարունակության մեջ նշվում է, որ հայերը պատվիրակություն են ուղարկել՝ միության փափագով: Իրականում, ինչպես տեսանք, ջենովացիներն էին նրանց ստիպել մեկնել Ֆլորենցիա: Այլեւս կանգ չառնելով մյուս մանրամասների վրա՝ լոկ նշենք, որ, ըստ պապի, պարզվում է, որ հայերն ընդունում են երկու բնությունների վարդապետությունը, Քաղկեդոնի ժողովը եւ այլն: Ավելորդ է ասել, որ այս ամենը չի համապատասխանել իրականությանը:
Երբ հիշյալ կոնդակը հրապարակվեց, Հայոց Կոստանդին կաթողիկոսն այլեւս կենդանի չէր: 1439 թվականի ապրիլի 20-ին գրված մի հիշատակարանում ասված է, որ Կոստանդին կաթողիկոսն այդ թվականին «փոխեցաւ առ Քրիստոս»: Այլ խոսքով՝ նա արդեն մահացած էր 1439 թվի սկզբներին՝ դեռ մինչեւ պատվիրակության Ֆլորենցիա հասնելը: Ուստի պապի կողմից միությունը Հայոց կաթողիկոսի անվան հետ կապելն ամենասովորական կեղծիք է: Ըստ էության՝ Եվգինեոս պապի 1439 թվի դեկտեմբերի 15-ին Կոստանդին կաթողիկոսին ուղարկած նամակն առաքվել էր հանգուցյալի: Վերջապես Կաֆայի հայերը, եթե կամենային էլ, չէին կարող ներկայացնել ողջ հայ ազգը: Ավելորդ է ասել, որ նրանց մեծագույն մասը հակառակ էր հռոմեադավանությանը: Լոկ Կաֆայի փոքրաթիվ հռոմեադավան հայերն էին, որ համաձայն էին Հայոց եւ Հռոմի Եկեղեցիների միությանը:
Պատվիրակությունը Կաֆա վերադարձավ պապի տված հարուստ ընծաներով, որին արժանացել էին նրա անդամները՝ հլու-հնազանդության համար: Կարծես թե պատվիրակությունը պետք է այս ամենի մասին տեղեկացներ Սսում նստող Հայոց կաթողիկոսին, սակայն այդպիսի բան չի եղել: Պատվիրակությունը միանգամից վերադարձել է Կաֆա: Այդպիսի ավարտ ունեցավ Կաֆայի հայերի պատվիրակության առաքելությունը Ֆլորենցիա: Մի բան պարզ է, որ Հայոց կաթողիկոս Կոստանդինը, եթե անգամ փորձեր էլ հարել հռոմեադավանությանը, այդ չէր անի առանց խորհրդակցության, եկեղեցական ժողովի ու ողջ հայության համաձայնության:
Արդեն նշեցինք, որ Կոստանդին Վահկացին մահացավ 1439 թվականի սկզբներին: Թերեւս ճիշտ պիտի լինի Թովմա Մեծոփեցին, երբ գրում է, թե Սսի վերջին վեց կաթողիկոսները թունավորվեցին: Իսկ այդ վեց կաթողիկոսների թվին է պատկանում նաեւ Կոստանդին Վահկացին, որն աչքի է ընկել իր զեղծումներով եւ գովեստի արժանի, ըստ էության, ոչինչ չի արել: Այնուամենայնիվ չի կարելի չհիշատակել նրա վերապահությունը Հռոմեական Եկեղեցու եւ հռոմեադավանության նկատմամբ:
Անհանգիստ էր քաղաքական վիճակը Կիլիկիայում, որը ոտատակ էր գնում մահմեդական պետությունների զորքերի կողմից: 1435 թվին գրավվեց հայերի վերջին՝ Կապանի բերդը: Հզորացավ Օսմանյան պետությունը, որը 1436 թվից սկսում է իր տիրապետությունը հաստատել հայկական մի շարք երկրամասերի վրա:
Կոստանդին Վահկացու թունավորմամբ կյանքից հեռանալն իր ապացույցն է գտնում, կարծես թե, նրանից հետո տիրող խառնակ դրության մեջ: 1437 թ. Առաքել Դավրիժեցին հիշատակում է Հովսեփ անունով մի կաթողիկոսի, որի գոյությունն ընդունում է Սիմեոն Երեւանցին: Մ. Չամչյանն էլ իր կաթողիկոսական ցուցակի մեջ մտցրել է Հովսեփ Գ-ին: Սակայն Թովմա Մեծոփեցին Կոստանդին կաթողիկոսի մահից հետո հիշատակում է Գրիգորին: Իր հերթին Մ. Չամչյանն էլ Հովսեփին համարում է աշխարհիկ անձ, որը հովվապետել է առանց օծվելու, եւ ազգը չի ճանաչել նրա կաթողիկոսությունը: Այլ մանրամասներ հայտնի չլինելու պատճառով ստիպված ենք լոկ հետեւցնելու, որ Հովսեփի կաթողիկոսությունը ճանաչում չի գտել, եւ Կոստանդինը հովվապետել է մինչեւ 1439 թ. սկզբները: Կոստանդինից հետո հոգեւոր գործերում լիակատար անիշխանություն էր երկար ժամանակ:
Կոստանդին Վահկացու շրջանում եղան նահատակություններ: Մեզ է հասել միայն նրանցից մեկի՝ Հովհաննես Խլաթեցու անունը: Նա քսանամյա ժիր եւ հիանալի երգող երիտասարդ էր, ով իր երգերով ուրախացնում էր ժողովրդին, ինչպես նաեւ Խլաթի Սեյֆեդդին ամիրային: Նրան ընկերակցում էր մի մահմեդական աղջիկ, որը, սակայն, Հովհաննեսի հետ մրցելով՝ պարտվում է: 1439 թվի սկզբներին Խլաթի ամիրան, նրան զրպարտելով, ասում է, որ նա մեղք է գործել մահմեդական աղջկա նկատմամբ, ուստի պետք է իսլամանա եւ այդ աղջկան կնության վերցնի:
Մերժում ստանալով՝ ամիրան հրամայում է նրան բերդից վայր նետել, եւ երբ երիտասարդը կրկին ընդդիմանում է, նրան բրածեծ են անում եւ բանտ նետում: Գիշերը փորձում են նրան հրապուրել զանազան խոստումներով, մինչեւ որ ստիպում են նրան մահմեդականանալ: Առավոտյան նրան հանդիսավորությամբ ման են ածում քաղաքում՝ առաջ բերելով մահմեդականների ուրախությունը եւ քրիստոնյաների ու, առաջին հերթին, Հովհաննեսի ծնողների սրտմտությունը: Այս ամենից Հովհաննեսը զղջում է եւ փորձում է հաղորդվել հայ քահանայի կողմից: Նրան մերժում են: Ի վերջո նա հավատացնում է, որ ինքը զղջացել է: Մահմեդականները նրան ճաշի են կանչում, սակայն նա մերժում է, իսկ բողոքն ստացած ամիրան կարգադրում է համբերել, մինչեւ որ նրան թլփատեն: Նրան ձերբակալում են Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը եւ այնուհետեւ տեսնելով, որ իրոք վերադարձել է քրիստոնեության, քարերով ու փայտերով սպանում են՝ ստանալով դատավորի թույլտվությունը: Մարմինն այրում են եւ միայն երեք օր հետո թույլ են տալիս քրիստոնյաներին նրա մնացորդները հողին հանձնել: Հովհաննես Խլաթեցին նահատակվեց 1438 թվականի փետրվարի 22-ին: