(1441-1443)
Վաղարշապատ-Էջմիածինը վերականգնվեց իր սբ. Թադեոսի աթոռի իրավունքների մեջ, ինչպես արդեն նշվել է, 1441 թ., երբ Զատիկն ընկնում էր ապրիլի 16-ին: Ժողովականներն սկզբում հավաքվեցին Երեւան քաղաքում, որը մեծ թվով հյուրեր ընդունելու ավելի մեծ հնարավորություններ ուներ: Այս ընթացքում, անտարակույս, քննարկվում էին կաթողիկոսության թեկնածությունները: Չնայած Թովմա Մեծոփեցու հայտարարությանը, թե շատերը հրաժարվեցին կաթողիկոսական բեռից, իրականում հազիվ թե գործն այդպես հարթ ընթացավ: Թեկնածուների մեջ էին Զաքարիա Հավուցթառեցին, որ ավագագույնն էր եպիսկոպոսների մեջ, Հովհաննես Հերմոնեցին, Գրիգոր Արտազեցին, որ արքեպիսկոպոս էր: Բոլորն էլ մեծ հույսեր էին փայփայում: Վասպուրականցիների թեկնածուն Զաքարիա Աղթամարցի կաթողիկոսն էր, որի կաթողիկոս ընտրվելով՝ ինքնաբերաբար վերանալու էր այդ երկփեղկված կաթողիկոսական աթոռը: Թերեւս դա ճիշտ լուծում էր, սակայն Գրիգոր Տաթեւացու աշակերտները դա չընդունեցին: Դեպքերն այնպես դասավորվեցին, որ Հովհաննես Հերմոնեցին եւ Զաքարիա Հավուցթառեցին առարկեցին Գրիգոր Արտազեցու թեկնածությանը, քանի որ, ըստ Մեծոփեցու, նրան չէին սիրում: Փաստորեն, մեզ անհայտ պատճառներով, մյուս թեկնածուները եւս խաղից դուրս հայտնվեցին, եւ ընտրությունը կանգ առավ Կիրակոս Վիրապեցու վրա: Չի բացառվում, որ որոշման վրա իր ազդեցությունը թողեց Երեւանի կառավարիչ Յաղուբ բեկի հրամանը՝ կաթողիկոս ընտրել առանց հակառակության: Այլ խոսքով՝ անգամ Յաղուբ բեկն իմացել է կաթողիկոսության համար մղվող խուլ պայքարի մասին:
Ժողովականները ջերմ ընդունելության արժանացան Երեւանի հայերի կողմից եւ ժամանելու հաջորդ օրը հրավիրվեցին Յաղուբ բեկի մոտ, որը նրանց հյուրընկալեց քրիստոնյաների թագավորի պես: Ինչպես դժվար չէ տեսնել, Յաղուբ բեկը, որ իր կառավարմանը հանձնված երկրամասը տնտեսապես ծաղկեցնելու նպատակներ ուներ, կամենում էր հայերի կենտրոնը հաստատել Էջմիածնում, ուստի իր իսկ շահերից ելնելով՝ նրանց քաջալերում էր: Ավելին. նա, ուղեկցող զորախմբով ու փողեր հնչեցնելով, թմբուկ զարկելով, ժողովականներին ուղարկեց Վաղարշապատ: Մ. Օրմանյանի կարծիքով՝ ժողովը բացվեց Համբարձման տոնից առաջ, որն այդ տարի ընկնում էր մարտի 25-ին: Ընտրության մանրամասները մեզ չեն հասել: Եթե հավատանք Թովմա Մեծոփեցուն, ապա վիճակ նետվեց, եւ վիճակն ընկավ Կիրակոս հայրապետին: Այսպես թե այնպես Կիրակոս Վիրապեցին կաթողիկոսական միակ թեկնածու ճանաչվեց ընդհանուր համաձայնությամբ: Վերջինս Ակոռիի մերձակայքում գտնվող Վանաստան անապատի ճգնավոր վարդապետներից էր, որը հեռու էր աշխարհիկ ամեն տեսակի գործերից: Այլ խոսքով՝ միանգամայն չեզոք անձ էր:
Կիրակոս Վիրապեցին Վասպուրականի Քաջբերունիք գավառի Խառաբաստ գյուղից էր եւ սերում էր Խլոց տոհմից: Ծննդյան տարին հայտնի չէ: 1397-ին քահանա է ձեռնադրվել Արտազի Պողոս եպիսկոպոսի կողմից, ուստի նրա ծնունդը թեականորեն կարելի է դնել 1370 թվին: 1441-ին նա 70 կամ մի փոքր ավելի տարիք ուներ: Սկզբնական կրթությունն ստացել է Խառաբաստ գյուղի մոտ գտնվող Սուխարու վանքում՝ Սարգիս Ապրակունեցի եւ Վարդան Հոգոցեցի մեծ վարժապետների մոտ: Եղել է Սարի վանքում՝ Սարգիս Սորբեցի վարդապետի մոտ, երբ Սուխարու եւ Սալնապատի վանքերը լքվել էին: Հետո հաստատվում է Խորվիրապի վանքում, որտեղից էլ ծագում է նրա Վիրապեցի մականունը: Ավելի ուշ հաստատում է վերը հիշված Վանաստանի անապատը: Ճգնելու շրջանում նա միս չէր կերել, գինի չէր խմել եւ ոչ էլ՝ կաթ: Նա աչքի էր ընկնում հեզ եւ խոնարհ բնավորությամբ: Նրա ջերմ պաշտպաններից էր Թովմա Մեծոփեցին, որի կարծիքով՝ եթե Զաքարիա Աղթամարցու թեկնածությունը չի հաջողվում, ապա պետք է ընտրել Կիրակոս Վիրապեցուն: Վերջինս, չնայած ծննունդով վասպուրականցի էր, սակայն վաղուց հեռացել էր այնտեղից եւ առաջ էր բերում այրարատցիների կամ սյունեցիների դիմադրությունը:
Հասկանալի է, որ Կիրակոս Վիրապեցին վերը հիշյալ 300 ժողովականներից մեկն էր: Ընտրվելուց հետո նա առանց հակառակվելու կանգնեց մեծաթիվ ատյանի առաջ՝ հարուցելով բոլորի զարմանքը, քանի որ անհնազանդ վարք ուներ: Եթե կային կաթողիկոսության թեկնածուներ, որոնք սպասում էին նրա հրաժարականին, ապա չարաչար սխալվեցին իրենց սպասումներում: Կիրակոսը վարդապետ էր, ուստի կաթողիկոս ձեռնադրվելուց առաջ նրան եպիսկոպոս ձեռնադրեցին: Զանազան ակնարկներից կարելի է ենթադրել, որ Հովհաննես Հերմոնեցին նրան է հանձնել ծայրագույն գավազանը, իսկ Զաքարիա Հավուցթառեցին մյուս եպիսկոպոսների հետ նրան ձեռնարդել է եպիսկոպոս, իսկ կաթողիկոս ձեռնադրել են, անշուշտ, 12 եպիսկոպոսները, որոնց անունները հիշատակում է Թովմա Մեծոփեցին. Զաքարիա Հավուցթառեցի, Գաբրիել Էջմիածնի, Կարապետ Հովհաննավանքի, Հովհաննես Բջնո, Անտոն Խորվիրապի, Հովհաննես Արճեշի, Հակոբ Կողբի, Մկրտիչ Բագրեւանդի, Մարտիրոս Հաղպատի, Ազարիա Գանձասարի, Զաքարիա Նորավանքի եւ Ստեփանոս Սյունիքի: Ձեռնադրության օրը հայտնի չէ: Մ. Օրմանյանը հակված է այն դնելու մարտի 28-ին, քանի որ ձեռնադրությունը եղել է սուրբ Պենտեկոստեի օրերին: Հավանաբար մարտի 25-ին ընտրվել է, հաջորդ երկու օրերին էլ կատարվել են կաթողիկոսական ձեռնադրությանը նախորդող արարողությունները:
Կիրակոս Վիրապեցու առաջին գործերից մեկը եղավ մյուռոնի օրհնության կազմակերպումը: Դրանով Էջմիածինն ազատվում էր Սսից շատ բարձր գնով մյուռոն գնելուց: Ինչպես հավաստում է Թովմա Մեծոփեցին, որոշվեց ամբողջ Թորգոմյան ազգին ձրի տալ մյուռոնը եւ վերացնել սիմոնական աղանդը: Վերացվեց բանադրանքն Աղթամարի աթոռի նկատմամբ, որով զբաղվել էին մի քանի կաթողիկոսներ՝ Գրիգոր Պահլավունին, Գրիգոր Անավարզեցին եւ Հակոբ Սսեցին: Ընդհանրապես վերացվեց բանադրությունը ողջ հայ ազգի նկատմամբ: Սա ամենակարեւոր հակասսական քայլերից էր, քանի որ Սսի կաթողիկոսներն իրենց նզովքներով, անեծքներով եւ բանադրությամբ երկիրը հեղեղել էին: Կաթողիկոսի ձեռնադրության մասին տեղյակ պահվեց Գանձասարի կաթողիկոսությանը եւ Երուսաղեմի պատրիարքությանը, ինչպես նաեւ ողջ Հայոց հոգեւորականությանը:
Կաթողիկոսի մասին տեղեկացվեց նաեւ Սսի աթոռը: Եթե Գրիգոր Մուսաբեգյանցը դա ընդունել է, ապա դրանով իսկ ընդունել է Էջմիածնի գերագահությունը, հետեւաբար Սսի աթոռը հակաթոռ դիտվել չի կարող: Հիշատակարաններից մեկի համաձայն՝ Սսի աթոռը հինգ տարի խափանված է եղել, ինչը հավաստում է, որ իրադրությունը Սսում խիստ խառնակ է եղել: Եթե հինգ տարի կաթողիկոս չկար Կիլիկիայում, ապա Մուսաբեգյանցը կա՛մ մահացել էր, եւ նոր գահակալ չէր ընտրվել, կա՛մ էլ կաթողիկոս չէր ճանաչվում:
Դատելով որոշ տվյալներից՝ Գրիգոր Մուսաբեգյանցը 1444 եւ 1450 թվերին կենդանի էր, սակայն նրա օրինավոր կաթողիկոսությունը բացառվում էր, քանի որ ազգային ժողովը նրան գահընկեց էր հայտարարել: Սակայն, համաձայն մի հիշատակարանի, 1444-ին կաթողիկոսներ էին հիշատակվում Գրիգորը եւ Կիրակոսը, բայց Գրիգորը ոչ թե Մուսաբեգյանցն է, այլ Ջալալբեգյանցը: Հիշյալ երկու անունները երբեմն-երբեմն՝ մինչեւ Կիրակոս Վիրապեցու մահը, օգտագործվում են, չնայած նա հեռացած էր հոգեւոր ղեկավարությունից:
Հայտնի է, որ Կիլիկիայի կաթողիկոսական աթոռ բարձրացած հետագա կաթողիկոսները փորձել են ցույց տալ իրենց օրինականությունը եւ ապօրինի հռչակել Էջմիածնի աթոռը: Սիմեոն Սեբաստացին փորձում է պատմական փաստեր բերել՝ ցույց տալու համար, թե հայ ազգն օրինավոր կաթողիկոս է ճանաչել Հռոմկլայի եւ Սսի գահակալներին, եւ որ Գրիգորից մինչեւ Հովսեփ կաթողիկոսը նրանք անընդհատ հաջորդական շարք են կազմել: Ինչպես տեսնում եք, օրինավոր է հռչակվում անգամ ինքնակոչ Հովսեփը: Սակայն Գրիգոր Լուսավորչի Աջի անհետացումը, ազգային ժողովի հրավերն ու վերջինիս ընդունած որոշումը միանգամայն օրինական են եւ բեկման ենթակա չեն: Ինչ վերաբերում է Կիրակոս Վիրապեցուն, ապա նա չի փորձել ապստամբել, այլ ենթարկվել է ազգային ժողովի վճռին:
Կիրակոս Վիրապեցին կաթողիկոսական աթոռ բարձրացավ, ըստ էության, համընդհանուր համաձայնությամբ ու Աղթամարի կաթողիկոսի օրհնությամբ: Աղթամարի կաթողիկոսությունն իր իրավասությամբ հավասարեցված էր Գանձասարի կաթողիկոսությանը՝ Էջմիածնի մայր աթոռի ենթակայությամբ: Եթե նման կացություն ստանձներ նաեւ Կիլիկիայի կաթողիկոսությունը, ապա Էջմիածնի աթոռը կզբաղեցներ իր առաջնային դիրքը:
Սակայն Սսի աթոռակալները չուզեցին հրաժարվել իրենց երբեմնի իրավասությունից:
Կիրակոս Վիրապեցին կաթողիկոս դառնալուց հետո էլ շարունակեց իր ճգնավորական կյանքը՝ առաջ բերելով համընդհանուր հարգանք իր անձի նկատմամբ: Նա կարողացավ իր հոգացության տակ առնել եկեղեցական կյանքի բոլոր բնագավառները, զբաղվել շինարարությամբ: Եպիսկոպոսների թվում հիշատակվում է ոմն Գաբրիել եպիսկոպոս Էջմիածնի, որն անշուշտ եղել է Վաղարշապատի թեմակալը:
Այսպես սկսվեց Կիրակոս Վիրապեցու կաթողիկոսությունը, որը տեւեց մեկ տարի կամ մի փոքր ավելի: Դրան հետեւեցին զանազան գրգռություններ, փոթորկվեցին նախանձոտ կրքերը, գլուխ բարձրացրին հակառակությունները, նոր կացության դեմ դժգոհությունները եւ բավարարություն չգտած ձգտումները: Այդ երեւույթների ետեւում կանգնած էին Սյունիքի եպիսկոպոսությունը եւ Տաթեւացու աշակերտությունը: Թերեւս առիթն այն էր, որ Էջմիածինը շենացնող Այրարատի ու Վասպուրականի հետ Սյունիքը չէր հիշվել: Ինքը՝ Վիրապեցին, թեկուզեւ 32 տարի հաստատվել էր Այրարատում, վասպուրականցի էր եւ կաթողիկոսական աթոռ էր բարձրացել վասպուրականցիների աջակցությամբ: Ավելին. նրա շուրջը հավաքվեցին վասպուրականցիները, որոնց մեջ ազդեցիկ ու կարեւոր դեր ստացավ Թովմա Մեծոփեցին: Այդ ամենը դուր չէր գալիս երկրորդական շարքը մղված սյունեցիներին ու տաթեւյան խմբին, որոնք իրենց համարում էին Արեւելյանների կենտրոնը: Շատ վասպուրականցիներ Սյունիքում էին կրթվել, որոնցից էր եռամեծ Գրիգոր Տաթեւացին:
Գրգռությունների գլուխ կանգնեցին Վրաստանի եպիսկոպոս Մարկոսը, որը Հերմոնեցու աշակերտն էր եւ Վաղարշապատի ժողովին չէր մասնակցել: Նրան միացավ Սաղմոսավանքից Աստվածատուր վարդապետը, որը դժգոհ էր կաթողիկոսից: Ընդդիմադիրներն առաջին հերթին փորձեցին դաշնակիցներ ձեռք բերել: Կաթողիկոսի ընտրության ժամանակ Կիրակոսն ուներ մրցակիցներ՝ ի դեմս Հովհաննես Հերմոնեցու, Զաքարիա Հավուցթառեցու եւ Գրիգոր Արտազեցու, սակայն վերջինիս դիրքերն ընտրության ժամանակ թուլացել էին, քանի որ երեքն էլ պատկանում էին միեւնույն թեւին: Որպես կաթողիկոսական աթոռի թեկնածու, թերեւս, ամենահարմարը Գրիգոր Արտազեցին էր, սակայն մյուս երկուսն ավելի հեղինակավոր էին եւ թույլ չտվեցին նրա կաթողիկոսանալը: Հերմոնեցու դիրքերը, սակայն, փլուզվեցին, քանի որ նա խլացավ, իսկ Հավուցթառեցին տարիքի հետեւանքով կորցրեց առողջությունը: Մարկոսը փորձեց այս առաջացած տարիքի հոգեւոր այրերին համոզել, որ համաձայնեն Արտազեցու կաթողիկոսանալուն: Ընդդիմադիրները կարողացան նրանց համոզել: Հերմոնեցին իսկույն Կիրակոսի դեմ դուրս բերեց 30-40 կրոնավորի՝ գահընկեց անելու համար Կիրակոս Վիրապեցուն: Դժվարը նրա դեմ մեղքեր հարուցելն էր: Ուստի տեսնելով, որ առաքինի Կիրակոսի վրա մեղքեր բարդել հնարավոր չէ, գործին այլ բնույթ տվեցին. թե ընտրությունն օրինական չի եղել, թե նրան կաթողիկոսական աթոռ են բարձրացրել Աղթամարի կաթողիկոսության եպիսկոպոսներն ու վարդապետները, իսկ Աղթամարի կաթողիկոսությունը երկար ժամանակ բանադրված է եղել: Դրանից հետեւում էր, թե նա մկրտված չէ եւ քրիստոնյա չէ: Մյուս հիմնավորումն այն էր, թե կաթողիկոսը պետք է ընտրվեր եպիսկոպոսներից եւ ձեռնադրվեր: Իսկ Կիրակոս Վիրապեցին ընտրության ժամանակ եպիսկոպոս չէր եղել: Ընդդիմադիրները Վիրապեցուն փորձում էին հերձվածող համարել, քանի որ նա հիվանդների օծումը բերել էր Կոստանդնուպոլսից: Սակայն այս մասին Մեծոփեցին ոչինչ չի հայտնում:
Դավադրությունը գաղտնի չմնաց, քանի որ Հերմոնեցու խումբը գործում էր բացահայտորեն: Դավադիրները գալիս էին Էջմիածին՝ իրենց մտադրությունն ուժով ու բռնությամբ կենսագործելու: Կիրակոսը, ահաբեկված դրանից, փախուստի դիմեց, սակայն դավադիրները հայտնաբերեցին նրա գտնվելու վայրը եւ նրան վերցրեցին իրենց հսկողության ներքո:
Հետո նրան տարան Երեւանի խան Յաղուբի մոտ, առանց որի Կիրակոսի գահընկեցությունը հնարավոր չէր, թեկուզեւ գահընկեցության իրավունքն ազգային ժողովինն էր: Սակայն վերջինս գումարվել էր Յաղուբի հովանավորությամբ, ուստի դավադիրները չէին կարող այդ աչքաթող անել: Երեւանի խանի առաջ Հերմոնեցին մեղադրեց Կիրակոսին՝ մկրտված չլինելու եւ քրիստոնյա չլինելու մեջ: Ուստի նա խնդրեց Յաղուբին, որ եպիսկոպոսներից նոր կաթողիկոս ձեռնադրեն: Մեղադրանքը, իրոք, անհեթեթ էր եւ պատիվ չէր բերում Տաթեւի դպրոցի մեծ վարժապետին: Յաղուբը, որ բոլորովին էլ հիմար անձ չէր, նրան պարզ մեղադրեց, թե հենց նրանք էին ձեռնադրել Կիրակոսին թե՛ եպիսկոպոս եւ թե՛ կաթողիկոս: Հերմոնեցին դա ուրացավ՝ ասելով, թե Թովման ու իր ընկերներն են դա կատարել, այլ խոսքով՝ մեղադրելով Թովմա Մեծոփեցուն եւ Վասպուրականի եպիսկոպոսներին, որոնց ազդեցության տակ էլ կատարվել են ձեռնադրությունները: Կիրակոսը, ապշահար եղած, լուռ մնաց, սակայն Մեծոփեցու աշակերտներից Կարապետ վարդապետը եւ Ծերուն անունով մի երիտասարդ համարձակվում են պատասխանել, որ բողոքողները խաբեբաներ են: Բողոքողներից Ստեփանոս վարդապետ Եղեգեցին այնպես է հարվածում Ծերունի բերանին, որ այն լցվում է արյունով: Յաղուբը, դրա վրա զայրանալով, մերժում է բողոքողներին, սակայն Հավուցթառեցին առանձին տեսակցում է Յաղուբի հետ եւ կաշառում նրան՝ անհամար արծաթ մատուցելով: Ի վերջո Յաղուբը համաձայնում է, որ կաթողիկոսի գահընկեցության հարցը լուծեն հայերը: Նա համոզում է Յաղուբին, որ կաթողիկոս ձեռնադրվի Գրիգոր Արտազեցին:
Այսպես որոշվեց Կիրակոսի գահընկեցության խնդիրը: Իսկ Գրիգորի համար հիշատակագիրը գրում է. «Գրիգոր եպիսկոպոս Մակուցի նստաւ Թուրքով եւ ղաբալով»:
Այս ամենը կատարվեց ոչ կանոնական կարգով եւ ոչ էլ պատճառներ կային դրա համար: Գրիգոր Արտազեցու կաթողիկոսանալը, կարելի է ասել, իրավական չէր: Սակայն 1443 թվից ժամանակակից հեղինակները եւ հիշատակագիրները Գրիգորին համարում են կաթողիկոս: Այդ է արձանագրում նաեւ Թովմա Մեծոփեցին: Փաստորեն 1443 թվից դադարում է Կիրակոս Վիրապեցու կաթողիկոսությունը:
Կիրակոսը, առանց դիմադրելու եւ իր իրավունքը պաշտպանելու, ուրախությամբ ազատվեց այդ ծանր պարտականությունից եւ հրաժարական տվեց: Ընդդիմադիրներն ազգային ժողովի տեսքով նրան գահընկեց արին եւ Գրիգորին կաթողիկոսական աթոռ բարձրացրին: Սակայն դա մեծագույն հարված եղավ հայրապետական աթոռին եւ 1441 թվի որոշմանը, որով Էջմիածինը դառնում էր Հայոց Առաքելական Եկեղեցու կենտրոն: Դա հնարավորություն տվեց, որ Սսի կաթողիկոսությունը ուշքի գա, եւ եկեղեցական միությունը չկայանա: