ՍԱՐԳԻՍ Բ ԱՋԱՏԱՐ

ՍԱՐԳԻՍ Բ ԱՋԱՏԱՐ

(1469/70-1474)
 

Արիստակեսին հաջորդեց Գրիգոր Ժ-ի երկրորդ աթոռակալ Սարգիս կաթողիկոսը, որն աթոռակցել է նաեւ նրան: Նրա մասին գործնականում տեղեկություններ չեն պահպանվել: Հայտնի չեն ո՛չ ծննդավայրը եւ ո՛չ էլ մականունը: Հայտնի է առավելապես Լուսավորչի Աջի գողությամբ, որի պատճառով էլ Մ. Օրմանյանը նրան պայմանականորեն կոչում է Աջատար: Միայն Աջի գողությունը բավարար է՝ նրան բացասաբար վերաբերվելու համար: Նրա գործունեությունը երկար ժամանակ խռովահույզ վիճակում պահեց Մայր Աթոռը: Հնարավոր է, որ նա հետագայում խիստ զղջացել է դրա համար, որը նրա մեծամիտ հավակնությունների արդյունքն էր: Իսկ այդժամ նա կամենում էր Լուսավորչի Աջը բերել Էջմիածին: Իր ծրագրերում որպես դաշնակից նա ունեցավ Վրթանես Օծոպեցուն կամ Շահպոնեցուն, որը հմուտ ճարտասան էր եւ խարդավանքների վարպետ: Վերջինս Էջմիածնից հեռացավ՝ առանց գնալու վայրը հայտնելու: Այստեղ նա կերպարանափոխվեց՝ ներկայանալով որպես մաղդուսի: Որպես խեղճ աղոթարար եւ ուխտավոր՝ նա ներկայացավ Աղթամարի վանքը եւ անցավ ծառայության Աղթամարի կաթողիկոսարանում:


Վրթանեսը կամենում էր իմանալ Աջի պահվելու տեղը եւ գաղտնի կերպով այն վերցնել՝ Էջմիածնի համար: Նա կարողացավ դա անել միայն յոթ տարի անց, երբ Սարգիսն արդեն կենդանի չէր եւ չէր կարող ուրախանալ իր՝ այս անգամ եկեղեցանվեր ծրագրի իրագործումով:


Սարգիսը կաթողիկոս դարձավ առաջացած տարիքում՝ տկարացած առողջությամբ: Արիստակեսի ժամանակ նա միակ աթոռակիցն էր, քանի որ Արիստակեսը նոր աթոռակից ունենալու հարկը չտեսավ: Դառնալով կաթողիկոս՝ նա իրեն աթոռակից դարձրեց Հովհաննես եպիսկոպոսին, որի ընտրությունը, ըստ Դավրիժեցու, եղավ 1474 թվին: Սակայն հնարավոր է, որ այդ եղել է դրանից առաջ: Մ. Օրմանյանը Սարգսի միահեծան կաթողիկոսությունը դնում է 1470 թվին: Նրա գործունեությունը մնում է պատմական մշուշի մեջ, քանի որ հիշատակներ չեն պահպանվել: Նա մահացավ, ըստ Դավրիժեցու, 1476 թվին, եւ նրան հաջորդեց Հովհաննեսը: Սակայն Ճենովա քաղաքի արխիվի մի փաստաթուղթ հավաստում է, թե նա մահացել է 1474 թվին: Շատ հնարավոր է, որ առավելությունը պետք է տալ 1474 թվին: Այս օրերին խռովահույզ վիճակի մեջ էր Երուսաղեմի պատրիարքությունը: Պայքար էր մղվում տարբեր ազգերի քրիստոնյաների միջեւ, որից մեծապես օգտվում էին Եգիպտոսի սուլթանության իշխանությունները եւ, իհարկե, սուլթանները, որոնք մշտապես շահ էին փնտրում այդ խնդիրները կարգավորելիս:
Արդեն հիշվել է հայերի եւ վրացիների պայքարը Գողգոթայի սրբավայրերի համար, որը կարգավորելու նպատակով Եգիպտոս գնաց Մարտիրոս պատրիարքը, իսկ Եսայի աթոռակիցը, որ այդ ժամանակ Կոստանդնուպոլսում էր գտնվում, Երուսաղեմ վերադարձավ՝ միաբանությունը ղեկավարելու համար: Գողգոթան անցավ հայերի ձեռքը ոչ երկար ժամանակով: Վրաց թագավորը կրկին կարողացավ հաճեցնել Աբու-Սայիդ Չաքմաք սուլթանին, եւ այս անգամ Մարտիրոսը չկարողացավ դիմակայել վրացիների մեքենայություններին, թեպետեւ կրկին Եգիպտոս գնաց: Նա ստիպված եղավ հայերին վերադարձնել միայն Վերնատունը, որ այսօր էլ հայերի ձեռքին է: Սակայն վրացիների հրճվանքն էլ երկար չտեւեց: 1440-ին թագավորությունն ընկավ, եւ նրանց բաժինն անցավ դավանակից եւ համակրոն հույներին: Դրանով վրացիների անունը ջնջվեց Երուսաղեմի սուրբ վայրերում: Իսկ հայերից գրավված Գողգոթայի կեսն էլ ֆրանկները բռնությամբ վերցրեցին հույներից:


Բայց ոչ միայն քրիստոնյաներն էին իրար դեմ պայքարում, այլեւ մահմեդականները քրիստոնյաների դեմ սեփականության խնդիրներ էին հարուցում եւ անգամ եկեղեցիներ քանդում կամ մզկիթների վերածում: Պատճառաբանությունն իբր այն էր, թե դրանք նախկինում իսլամական աղոթատեղիներ են եղել: Այս առումով հիշատակության արժանի են Դավթի գերեզմանի գրավումը 1468-ին, Սբ Հարությանի տաճարի փակվելը քրիստոնյաների համար 1476-ին, ինչը Եթովպիայի թագավորի՝ 1480 թ. Երուսաղեմ այցելության կապակցությամբ վերացվեց: Հայերն էլ շատ նեղություններ կրեցին այս շրջանում եւ Սբ Հակոբի վանքի սեփականությունն ստիպված եղան պաշտպանել: Հարկ եղավ պայքարել սահմանված ապօրինի հարկերը վերացնելու համար: Եսային, որ Մարտիրոսի աթոռակիցն էր, շատ չանցած մահացավ, եւ մինչեւ Հովհաննես Թավիլը հինգ պատրիարք պաշտոնավարեց: Հարկ է նշել, որ Երուսաղեմում էլ աթոռակցության սովորությունը մուտք գործեց: Սակայն դա ինչ-որ տեղ արդարացված էր Երուսաղեմի համար, ուր սրբավայրերն անհատականության բնույթ ունեին պատրիարքների անունով: Իսլամական դատարանում աթոռակցի հայտնվելն ազատում էր սեփականությունը կորցնելու վտանգից, ինչը հնարավոր էր պատրիարքների անժառանգ մեռնելով: