ՍԱՐԳԻՍ Գ ՄՅՈՒՍԱՅԼ

ՍԱՐԳԻՍ Գ ՄՅՈՒՍԱՅԼ

(1484-1515)
 

Հովհաննես Աջակրի՝ Էջմիածնից 1484-ին մեկնելով՝ հայրապետական գործունեությունը կանգ չառավ, քանի որ նա աթոռակից կաթողիկոս ուներ, որն ավելին էր, քան աթոռակիցը, քանի որ իրենից բարձրը գոյություն չուներ Մայր Աթոռում: Ըստ որում, սա բնավ Աջատարը չէր, այլ, ինչպես Առաքել Դավրիժեցին է նշում, «Մյուս այլ տեր Սարգիսը»: Մ. Օրմանյանը նրան հենց այդ բառերով էլ կոչում է Մյուսայլ՝ համարելով նրան իբրեւ բուն գահակալ: Սա նշանավոր եղավ իրեն աթոռակիցների բազմություն նշանակելով, որոնք Արիստակես Գ, Թադեոս Ա եւ Եղիշե Բ անուններով ցուցակների մեջ էլ են մտել՝ իբրեւ բուն կաթողիկոսներ: Սակայն դա պարզապես հնարավոր չէր, քանի որ կաթողիկոսական աթոռին էր Սարգիս Մյուսայլը: Հետեւաբար չի արդարանում 1466-ից Սարգիս Գ-ի, 1490-ից Արիստակես Գ-ի, 1498-ից Թադեոս Ա-ի եւ 1503-ից Եղիշե Բ-ի բուն կաթողիկոս հայտարարվելը: Միակ խնդիրը, որ հետաքրքրում է Մ. Օրմանյանին, այն է, թե հիշյալ չորսն աթոռակից են եղել միաժամանա՞կ, թե՞ հաջորդել են միմյանց: Այս առումով որոշ հեղինակներ առաջին են նշանակել Վրթանես Օծոպեցուն, որին Օրմանյանը չի ընդունում: Արիստակես Գ-ն եղել է լոկ աթոռակից 1493 թ.՝ ըստ Առաքել Դավրիժեցու, եւ 1492-ից՝ ըստ Սիմեոն Երեւանցու: Սակայն, այլ տեղեկությունների համաձայն, նա արդեն 1486-ին աթոռակից է դարձել: Եվ այն իրողությունը, որ 1499-ից նոր աթոռակցին հիշելով՝ Առաքել Դավրիժեցին այլեւս նրա անունը չի տալիս, պետք է ենթադրել, որ նա դրանից մի փոքր առաջ մահացել էր, ինչը եւ պատճառ էր դարձել նոր աթոռակից նշանակելու:


Նոր աթոռակից Թադեոս Ա-ն էլ, հավանաբար, մահանում է 1504-ին կամ մի փոքր վաղ, եւ կրկին միակ աթոռակից է դառնում Եղիշե Բ-ն: Մինչեւ այս թվականը կաթողիկոսն ունեցել է միայն մեկ աթոռակից, սակայն 1506-ից հիշատակվում են միանգամից երեքը՝ կաթողիկոս Սարգիսը, աթոռակիցներ Եղիշեն եւ Ներսեսը: Թե ինչու էր նաեւ Ներսեսը դարձել աթոռակից, կարելի է զանազան բացատրություններ տալ. հիվանդության, անօգնականության եւ այլ պատճառներով, սակայն միանգամայն պարզ է, որ գործող կարգը խախտվել էր: Ավելին. գտնվել են անձինք, որ փորձել են Սարգիս Մյուսայլի աթոռակիցների թիվը մեծացնել, ինչը միանգամայն մերժում է Մ. Օրմանյանը: Ավելացվածների մեջ են Վրթանես Օծոպեցին եւ ոմն Հովհաննես, որի անունը բնավ չի հիշվում եւ, թերեւս, պարզապես շփոթված է Հովհաննես Աջակրի հետ: Ավելացվածների մեջ են նաեւ Դավիթ անունով մեկը, 1488-ին հիշված Հուսիկը, ինչը տեղ չի գտել Առաքել Դավրիժեցու եւ Սիմեոն Երեւանցու մոտ: Ըստ Մ. Օրմանյանի՝ պետք է տարբերակել հայրապետը եւ հայրապետությունը, քանի որ «Հուսիկի հայրապետության շրջանում» ասելով՝ հասկացվել է ոչ թե կաթողիկոսության, այլ վանահայրության շրջանը: Այս իրողությունը լայնորեն տեղ է գտել հիշատակարաններում: Իսկ ինչ վերաբերում է վերոհիշյալ Հուսիկին, ապա նա, ամենայն հավանականությամբ, եղել է Գուգարաց եպիսկոպոսը:


Սարգիս Մյուսայլը երկար պաշտոնավարեց, սակայն նրա գործունեությունն ամուլ էր՝ զուրկ քիչ թե շատ նշանավոր իրադարձություններից: Առավել քան իրավացի է Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը, թե նրա օրոք Սուրբ Աթոռն օրավուր գլորվում էր դեպի անշքություն: Կաթողիկոսությունն Էջմիածնում հարատեւելուց ընդամենը մի քանի տասնյակ տարի էր անցել, սակայն այլեւս չկար առաջվա ոգեւորությունը, իսկ նախկին հզոր գործիչներին չէին հաջորդել արժանավոր գործիչներ: Անշքացել էր Տաթեւի եւ մյուս վանքերի աշակերտությունը: Պայծառ դեմքերից էր Կաֆայի պանդխտությունից վերադարձած Մկրտիչ Նաղաշ վարդապետը, որը Դիարբեքիրի ժանտամահի առիթով 1473-ին՝ իր կյանքի մայրամուտին, զգայաշունչ ողբ գրեց: Հիշատակության է արժանի Կիրակոս Երզնկացի վարդապետը, որի հեղինակությանն է պատկանում «Ոսկեփորիկ» անունով գիրքը, որը խրատական գրվածքների եւ քահանայական հրահանգների ու ժողովրդական ոտանավորների ժողովածու է՝ գրված միջակ եւ աշխարհաբար ոճով: Նրան է պատկանում նաեւ Աստվածածնա Անձինք կոչված «Արեւելք գերարփին» շարականը, որը, ցավոք, հեռու է սքանչելի լինելուց՝ չնայած նման գովեստի առկայությանը: Ահա այն ամենը, ինչ կարելի է ասել Սարգիս Մյուսայլի ամուլ ժամանակաշրջանի վերաբերյալ:


Անհանգիստ էր քաղաքական կացությունն Առաջավոր Ասիայում: Կարա-կոյունլուներին փոխարինելու եկած ակ-կոյունլուները, որ վերածվել էին հզոր տերության, խիստ թուլացան եւ իրենց տեղը զիջեցին քաղաքական թատերաբեմում հայտնված Սեֆյան կամ Սեֆեֆյան Պարսկաստանին: Ակ-կոյունլու Ուզուն-Հասանի մահից հետո (1479) երկրում սկսվեցին գահակալական կռիվները, որից օգտվելով՝ Արդավիլ քաղաքի տիրակալ Սեֆյանները՝ ի դեմս շահ Իսմայիլի, իրենց անկախ հռչակեցին, իսկ 1502 թ. Շարույի ճակատամարտում հաղթելով ակ-կոյունլուներին՝ վերջ տվեցին վերջիններիս տիրապետությանը եւ ծնունդ տվեցին նոր՝ աշխարհակալ տերության:
Դեռ ակ-կոյունլուների շրջանում Իսմայիլ Սեֆյանին կողմնակիցները փախցրին Աղթամար կղզի, որտեղ նա մեծացավ՝ շրջապատված հայ հոգեւորականների հոգատարությամբ: Առնականանալով նա իր շուրջը համախմբեց ոչ միայն Սեֆյաններին, այլեւ պարսիկ շատ իշխանավորների եւ ջախջախելով գահակալական կռիվներից թուլացած ակ-կոյունլուներին, տիրելով Թավրիզին՝ 1502 թ. Ասպահանում իրեն հռչակեց շահնշահ: Հայաստանի մեծ մասը, բացառությամբ արեւմտյան փոքր հատվածի, Էջմիածնի հետ միասին հայտնվեց Սեֆյան Պարսկաստանի տիրապետության ներքո: Սիմեոն Երեւանցին Սարգսի գահակալության 16-րդ տարում դնում է շահ Իսմայիլի գահակալությունը: Սա համապատասխանում է 1491 թ., ինչը ճիշտ չէ: Սեֆյանների հաստատումը Պարսկաստանում եւ նրանց տիրապետության հաստատումը Հայաստանում հայ ժողովրդի եւ հայ կաթողիկոսության համար ծանր հետեւանքներ ունեցան:


Անդրադառնանք այն հարցին, թե ինչքան գահակալեց Սարգիս Մյուսայլը: Առաքել Դավրիժեցին, 1506-ին Սարգսին աթոռակից հիշատակելով Եղիշեին եւ Ներսեսին, միանգամից անցում է կատարում 1515 թվական եւ հայոց կաթողիկոս հիշատակում Զաքարիային, որը գոնե Սարգսի աթոռակիցների թվում տեղ չի գտել: Չնայած տարբեր կարծիքներին՝ Մ. Օրմանյանը, միանգամայն տեղին, Սարգսի հայրապետությունը հասցնում է մինչեւ 1515 թ., երբ նրա մահից հետո հայոց կաթողիկոս է դառնում Զաքարիան: Մ. Չամչյանի կազմած ժամանակագրությունը, որի վրա կանգ առնելն իմաստ էլ չունի, առավել քան կասկածելի է: Սիմեոն Երեւանցին Սարգսի գահակալությունը դնում է մինչեւ 1476 թ., իսկ նրանից հետո՝ 1492-ից՝ Արիստակես Գ-ին, 1499-ից՝ Թադեոս Ա-ին, 1504-ից՝ Եղիշե Բ-ին, 1506-ից՝ Ներսեսին, եւ վերջապես 1515-ից՝ Զաքարիային: Սա նույնպես ընդունելի տարբերակ չէ, քանի որ նշվածներն ընդամենն աթոռակից են եղել: Խճողումներ ունի Ղ. Ալիշանի ժամանակագրությունը, ինչպես նաեւ՝ Զամինյանինը: Այն իրողությունը, որ ըստ Առաքել Դավրիժեցու՝ 1506-ին դեռ գահակալ էր Սարգիս Գ Մյուսայլը, եւ մյուսները լոկ աթոռակիցներ էին, Մ. Օրմանյանին ենթադրել է տվել, որ Սարգսի գահակալության վերջը 1515 թիվն է: Առավել եւս, որ Զաքարիայի կաթողիկոսանալը 1515-ին ոչ մեկի կողմից առարկությունների չի հանդիպել:


Չնայած բոլոր ցնցումներին՝ իր գոյությունը շարունակում էր Սսի կաթողիկոսությունը: 1477-ին մահացավ Կարապետ Եվդոկացի կաթողիկոսը, թեեւ նրա մահը փորձել են դնել շատ ավելի վաղ՝ 1449 թ.: Վերջին թվականը հազիվ թե քննություն է բռնում: Հետեւաբար նրան հաջորդած Ստեփանոս Սարաձորեցին եւ Հովհաննես Անտիոքացին երկար չեն հայրապետել, քանի որ հերթական կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցին կաթողիկոսական աթոռ է բարձրացել 1489-ին: Ստեփանոս Սարաձորեցին, ըստ երեւույթին, Կարնո Սարաձորից էր եւ դեպքերի բերումով դարձել էր Կիլիկիո կաթողիկոս՝ մինչեւ 1488 թ., այնպես որ՝ Հովհաննեսը հայրապետել էր հազիվ մեկ տարի: Ենթադրվում է, որ Ստեփանոս Սարաձորեցին փորձել է խափանել Էջմիածնի կաթողիկոսությունը, որը, սակայն, ճիշտ չէ, քանի որ թվագրվում է 1449-ով, երբ կաթողիկոսը Կարապետն էր: Ուստի ավելի շատ այդպիսի ծրագրեր կարող էր ունենալ Կարապետ կաթողիկոսը: Ստեփանոսի օրոք Կիլիկիան ընկավ Օսմանյան տիրապետության ներքո: Գրավվեց նաեւ Կարամանը, որով օսմանահպատակ հայերի թիվը մեծապես աճեց: Այդ շրջանում օսմանյան սուլթանները հայերին հավատարիմ տարր էին նկատում: Հայերի շահերն էլ շատ դեպքերում համընկնում էին Օսմանյան պետության շահերին, քանի որ շատ ծանր էր հայերի կացությունը քրդական եւ պարսկական տիրապետության ներքո: Այդ պատճառով Հայաստանի արեւելյան գավառներից հայությունը գաղթում էր օսմանյան տիրույթներ: Հայերի թվաքանակի մեծացումն իր հերթին ամրապնդում էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության դիրքերը:


Մենք շատ բան չգիտենք Հովհաննես Թլկուրանցու գործունեության մասին: Կաթողիկոսել է 36 տարի: Եղել է եկեղեցական երգերի հորինող՝ Ներսես Շնորհալու եւ Նարեկացու նմանությամբ, բայց կատարելապես աշխարհիկ բնույթի: Գովերգել է մարմնական սերը, կնոջ գեղեցկությունը, աշխարհիկ զվարճությունները, կերուխումի վայելքները՝ ստորագրելով Խեւ Հովհաննես Թլկուրանցի անունով: Օգտագործում է տաճկերեն, այսինքն՝ թուրքերեն բառեր եւ գրել է թուրքերեն երգեր: Սրա հետ մեկտեղ գրել է նաեւ հոգեւոր երգեր՝ առավելապես հասուն տարիքում: Թե Կիլիկիայի աթոռն ինչ շահեց նրա կաթողիկոսությունից, մեզ մնում է անծանոթ: Առավել հավանականն այն է, որ նա աշխույժ գործունեությամբ աչքի չընկավ:


Վիճակը հետեւյալն էր Աղթամարի կաթողիկոսությունում: 1464-ին կաթողիկոսն էր Ստեփանոսը, որն արշավել էր Էջմիածին եւ վերադարձել 1468-ին: Գահակալել է մինչեւ 1477-ը, երբ Աջն Օծոպեցին վերադարձրեց Էջմիածին: Նրա օրոք՝ 1472-ին, կառուցվել է Առտերի եկեղեցին: Գահակալել է մինչեւ 1487-ը: Նրան հաջորդել է եղբայրը՝ Ներսեսը, որին պետք չէ շփոթել Սարգիս Գ Մյուսայլի աթոռակից Ներսեսի հետ: Ստեփանոսը եւ Ներսեսը Գուրջիբեգյանց ընտանիքից էին: Ներսեսը եւ նրան հաջորդած Զաքարիան կարճ հովվապետեցին, որոնք մյուսների նման համարվում էին Գագիկ թագավորից սերված: Զաքարիայի մահը դնում են 1494-ին: Նրան հաջորդած Ստեփանոսը կաթողիկոսել է մինչեւ 1496-ը, երբ նրան փոխարինում է Ատոմը կամ Ադամը: Դրանից հետո՝ մինչեւ 1542 թ., անստույգ ժամանակաշրջան է կաթղիկոսների համար: Հիշատակվում են Գրիգորը, Եղիազարը, Բաղդասարը եւ Ղազարը, որոնց հերթականությունը պարզել հնարավոր չէ: Ավելին. ըստ երեւույթին, եղել են նաեւ դադարներ: Աղթամարի կաթողիկոսությունը նույնպես անկում էր ապրում, եւ չկային նախկինի պես ուսումնական անձինք, ինչպիսիք էին Հովհաննես արքեպիսկոպոսը, Գրիգոր Աթաբեգյանցը՝ մեծ աստվածաբան եւ հռետոր, Մկրտիչ րաբունապետը, փիլիսոփա Թումա Մինասյանը եւ ուրիշներ: Անկմանը մեծապես նպաստեցին Վասպուրականի տարածքում տեղ գտած կռիվները: Նշանավոր դեպքեր չեն արձանագրվում նաեւ Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի պատրիարքություններում:


Ժամանակի կարեւոր իրադարձություններից մեկը եղավ հայ տպագրության սկզբնավորումը: Տպագրության գյուտը կատարվեց 1455-ին՝ Գերմանիայի Մայնց քաղաքում՝ Յոհաննես Գուտենբերգի կողմից: Իսկ ընդամենը 57 տարի անց՝ 1512-ին, հրատարակվեց առաջին հայ գիրքը՝ «Պարզատումար» խորագրով: Դրան հաջորդեցին «Պատարագատետրը», «Ուրբաթագիրքը», «Տաղարանը» եւ «Աղթարքը»: Դրանց հետ հրատարակվեց նաեւ «Սաղմոսը»: Առաջին հայ գրքերը տպվեցին հեռավոր Իտալիայի Վենետիկ քաղաքում: Հայ առաջին տպագրիչն էր Հակոբ Մեղապարտը: «Տաղարանում» բավականին թվով տպվեցին Հովհաննես Թլկուրանցու երգերը:
1492-ին տեղի ունեցավ նոր աշխարհի հայտնագործությունը, որն ավելի ուշ Ամերիգո Վեսպուչչիի անունով ստացավ Ամերիկա անվանումը: Ամերիկան հայտնաբերվեց Քրիստափոր Կոլոմբոսի կողմից, որը ծագում էր Իտալիայի Ջենովա քաղաքից:


Այս շրջանում նահատակվեց Մուրատ Վանեցին, որի հայերեն անունը Պարգեւ էր: Վանի իշխան Սուլեյմանը փորձում է նրան իսլամացնել, քանի որ հայրն իսլամացել էր, սակայն նա հրաժարվում է: Այդ պատճառով նրան սրով հարվածում են, դուրս բերում քաղաքից եւ քարկոծում: Նրա մարմինը թաղում են Սբ Պողոս եկեղեցում: Նրա նահատակությունը հիշվում է 934 թ. մարգաց ամսի 13-ին, ինչը համապատասխանում է 1485 թ. սեպտեմբերի 26-ին, սակայն «Յայսմաւուրք»-ն այդ դնում է հունիսի 19-ին, իսկ մեկ ուրիշ օրինակ՝ մարտի 30-ին:


Այդ ժամանակների նշանավոր դեմքերից էր Թավրիզ քաղաքի հայության մեծահարուստ Միրաք Թավրիզեցին, որը նշանավոր էր դարձել իր բարերարությամբ եւ եկեղեցիների շինությամբ: Նա առաջ է բերում Մեհտի անունով մի մահմեդականի նախանձն ու թշնամությունը, որը կամենում է նրան վերացնել: 1486 թ. մարտի 23-ին Մեհտին գալիս է Միրաքի մոտ եւ ուրացության առաջարկ անում: Մերժում ստանալով՝ նա սպանում է Միրաքին եւ գլուխը կտրելով՝ թագավորի պալատ է տանում: Մահմեդական խուժանն սկսում է քանդել Միրաքի կառուցած եկեղեցին, իսկ հայերը դիմում են Յաղուբի օգնությանը: Յաղուբը ցրում է մահմեդական խառնամբոխը եւ մահվան դատապարտում Մեհտիին: Միրաքի դիակը պատվով հանձնվում է հողին, իսկ Մեհտիինը՝ անթաղ է մնում: Դա վշտացնում է մահմեդականներին, եւ Ղասում անունով դատավորը նրան հանդիսավոր թաղում է՝ առաջ բերելով Յաղուբի զայրույթը: Ղասումը նույնպես մահապատժի է ենթարկվում: Այս դեպքից շատ չանցած՝ թունավորվում է Յաղուբը: Միրաքի նահատակությունը կատարվել է ակ-կոյունլուների պետության թուլացման եւ անկման շրջանում:


Աստվածատուր Կաֆացին եւս առաջ է բերում մահմեդականների դժգոհությունը, որոնք փորձում են նրան իրենց կամքին հնազանդեցնել: Սուտ զրպարտությամբ նրանք նրան մատնում են դատավորին եւ ենթարկում չարչարանքների: Որոշ ժամանակ անց նրան հանում են հոր տնից եւ տանջում: Հետո ետ են բերում, եւ ողորմելի ծեր ծնողները դառը սգում են նրա ճակատագիրը: Երրորդ անգամ են նրան մեղադրում եւ հրկիզում են 1488 թ. ապրիլին. ամսաթիվը հայտնի չէ:


Մոտավորապես այդ ժամանակներում է նահատակվել Սուլթանշահի որդի Թորոս Հռոմկլայեցին՝ 1494 թ. օգոստոսի 1-ին: Սակայն պատճառներն ու հանգամանքները պատմությունը չի պահպանել: Այդ նույն թվին նահատակվել է Շնորհավոր տիկինը: Նա Մարաց երկրից էր եւ եկել հաստատվել էր Բաբերդի Վերին Խայիկ գյուղում: Մի քուրդ կամենում է նրա հետ շնանալ, սակայն հանդիպում է այրիացած Շնորհավորի դիմադրությանը: Քուրդը փորձում է նրան բռնաբարել, եւ Շնորհավորի եղբայրը, քրոջը պաշտպանելով, քրդին սպանում է ու փախչում: Շնորհավորին ձերբակալում են, ներկայացնում Բաբերդի ամիրային, որտեղ նա սպանությունը հանձն է առնում: Նրան փորձում են իսլամացնել, սակայն Շնորհավորը մերժում է եւ սրախողխող արվելով՝ նահատակվում: «Յայսմաւուրք»-ը նրա մահը դնում է 1494-ի հոկտեմբերի 31-ին, որն այդ տարի համապատասխանել է Գյուտախաչի ուրբաթին:


1500 թ. տեղի է ունենում Հովհաննես Դրախտիկցի աբեղայի նահատակությունը, սակայն դրա հանգամանքները չեն հիշատակվում: Հենց այս շրջանում է նահատակվել Ավետիք Ղրիմեցին, որը նույնպես աբեղա էր: Նա հիշվում է իբրեւ փիլիսոփա, քաղցրաձայն երգիչ, գրագիր եւ պատկերահան: Նրան սպանում են թաթար խանի զինվորները՝ Կաֆայի մոտ գտնվող Սբ Նշան վանքի ճանապարհին: Մանրամասներ նույնպես չեն պահպանվել: Մ. Օրմանյանը նահատակությունը դնում է 1509 թ. դեկտեմբերի 11-ին: