ԳՐԻԳՈՐ ԺԱ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ

ԳՐԻԳՈՐ ԺԱ ԲՅՈՒԶԱՆԴԱՑԻ

(1536-1545)
 

Գրիգոր ԺԱ Բյուզանդացին աթոռակալեց, դատելով աղբյուրների կցկտուր տեղեկություններից, 1536 թ.: Ինքնությունը եւ որտեղից լինելը հայտնի չեն: Թերեւս եղել է, ինչպես ենթադրում է Մ. Օրմանյանը, Սարգիս Դ Վրաստանցու աթոռակիցը: Շարունակելով խորանալ իր քննության մեջ՝ Հայոց Եկեղեցու մեծ պատմաբանը հակված է կարծելու, որ նորաթուխ կաթողիկոսը Զաքարիայի եղբորորդի եւ Կոստանդնուպոլսի նախկին պատրիարք Գրիգորն է, ուստի եւ նրան հորջորջում է Բյուզանդացի մականունով: Գրիգորը՝ որպես կաթողիկոս, հիշատակվում է 1540 թվին՝ Մշո Սբ Առաքելոց վանքում եւ Ջերմուկ քաղաքում գրված հիշատակարաններում: 1541-ին հիշատակվում է Առաքել Դավրիժեցու կողմից, երբ խոսվում է նրան աթոռակից ձեռնադրելու մասին: Ղ. Ալիշանի կարծիքով՝ նա Գրիգորիս էլ է կոչվել. այդպես է նրան անվանում Չմշկածագում գրված մի հիշատակարան: Սակայն 1541-ը նրա կաթողիկոսության վերջը չէ, քանի որ, ըստ Առաքել Դավրիժեցու, նա այդ նույն թվականին կենդանի էր: Նրա գահակալության վերջի մասին տեղեկություններ չեն պահպանվել, եւ Մ. Օրմանյանը ենթադրաբար փորձում է այն դնել 1545-ին, երբ առաջին անգամ հիշատակվում է նրա հաջորդ՝ Ստեփանոս հայրապետը:


Գրիգորի օրոք կրկին մեջտեղ եկավ Ծռազատիկի խնդիրը, որը չէր արծարծվել 1292-ից ի վեր, այսինքն՝ Հռոմկլայի գրավման ժամանակներից: Ըստ տոմարական հաշիվների՝ յուրաքանչյուր հարյուրամյակում չորս անգամ Ծռազատիկ է հանդիպում՝ 95 տարի պարբերությամբ, իսկ 247 տարվա մի ժամանակաշրջան անցնում է առանց Ծռազատիկի: Հետեւաբար 1292-ից հետո՝ 1387-ին, Ծռազատիկ լինել չէր կարող՝ համաձայն Մ. Օրմանյանի: Ըստ էության, 1292-ից հետո Ծռազատիկը, տոմարական հաշիվներով, կարող էր ընկնել 1539-ին: Ելնելով վերոհիշյալից՝ ճիշտ չէ Եղիա Ջերմուկցի աբեղան, որը Ծռազատիկը դնում է 1540 թ.: Մ. Օրմանյանը շփոթը բացատրում է այն իրողությամբ, որ Հայոց 989 թվականն սկսվում էր 1539 թվի նոյեմբերի 7-ին, ուստի, եթե Ջերմուկցին իր «Յայսմաւուրք»-ն ավարտել է 1539 թվի նոյեմբերի 7-ից հետո՝ մինչեւ 1540 թվի մարտ ամիսը, ապա Ծռազատիկը թվագրել է նույն՝ 989 թվականով:


Այսպես թե այնպես, Ծռազատիկը դրվելու է 1539 թ. ապրիլի 6-ին եւ 13-ին՝ ըստ հունական եւ հայկական Զատիկների: Ծռազատիկի խնդիրը մեծ հուզումներ առաջ բերեց Երուսաղեմում: Հայերը հույներից պահանջում են, որ նրանց ճրագալույցին, այսինքն՝ ապրիլի 5-ին, հույն պատրիարքի հետ հայերն էլ մտնեն սբ գերեզմանը՝ քննելու համար լույսի ճշմարտությունը եւ անգամ 500 եւ 1000 ոսկի գրավ են խոստանում: Հույները, սակայն, չհամաձայնվեցին, իսկ ենիչերիները եւ այլադավանները, որ դրսում էին գտնվում, հավաստում են, որ ինքնին լույս չի եղել: Երբ գալիս է հայոց ճրագալույցը, այսինքն՝ ապրիլի 12-ը, հայերը հազիվ երկու անգամ պտտվում են գերեզմանի շուրջը, եւ լույս է հայտնվում կանթեղին, որը հավաստում են իսլամ պաշտոնյաները: Լույսի պատմությունը մի կողմ թողնելով՝ նշենք, որ հույները բավական նեղություններ պատճառեցին հայերին:
Ծռազատիկի տարում Երուսաղեմի պատրիարքն էր Աստվածատուր Մարտինցին, որն աթոռակալեց 1523-1542 թթ.՝ 19 տարի:


1542-ին պատրիարքությունն անցնում է Փիլիպպոսին, իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1562 թ., կրկին նրան՝ աթոռակից ունենալով իր հորեղբորորդուն՝ Անդրեասին: Վերջինս կոչվել է պարոնտեր, որը Մ. Օրմանյանի մեկնաբանությամբ՝ միացումն է «պարոն» (Patron) բառի, որ համապատասխանում է հայերեն «տանուտերին», եւ «տեր» բառի, որ տրվում է հոգեւորականներին: Այլ խոսքով՝ պարոնտեր էին կոչվում այն անձինք, որ սկզբում աշխարհիկ իշխանվորներ էին եղել եւ հետո դարձել էին հոգեւորականներ: Անդրեասը 1555-ին գնում է Կոստանդնուպոլիս՝ փոխանորդ թողնելով Խաչատուր եպիսկոպոսին, եւ այնտեղ մնալով 4 տարի՝ հույների պատրիարք Գերմանոսի հետ դատ է վարում սուլթանական դատարանում՝ ազգային իրավունքների եւ ստացվածքների համար: Նա հաջողությամբ ավարտում է գործերը եւ 1560-ին Երուսաղեմում նորոգում Համբարձման եկեղեցին: Պաշտպանել է նաեւ լատիններին, երբ նրանք հեռացել էին Սիոնի վանքից եւ նրանց ժամանակավոր բնակության վայր է հատկացրել Սբ Հրեշտակապետի վանքում, մինչեւ որ թագավորական հրաման են ստանում բնակվել վրաց վանքում:


Սուլթան Սուլեյմանը, 1535 թ. պարսկական արշավանքից գալով Կ. Պոլիս եւ կարիք ունենալով մեծացնել կռվող ուժերը, հրաման տվեց տարբեր կողմերից հավաքել փոքրահասակ տղաներին եւ զինվորական կյանքով մարզել: Հավաքում էին անխտիր նաեւ քրիստոնյա մանուկներին, որոնք իսլամացվում էին եւ կրթվում ու մարզվում հատուկ զորանոցներում: Մանկահավաքը կատարվում էր բռնությամբ եւ ամենայն դաժանությամբ: Մանկահավաքի հետեւանքով շատ հայ մանուկներ խլվեցին ծնողներից եւ իսլամացվեցին: Մանկահավաքները կրկնվում էին ամեն տարի՝ դառնալով ողբ ու կոծի եւ ավերածությունների պատճառ. Եվդոկիայում 1543 թ. ապրիլի 9-ին 8 եկեղեցի հրկիզվեց: Վիճակն էլ ավելի ծանր էր Հունաստանում եւ Բալկանյան երկրներում: Դրանից խիստ նեղված՝ Մաղաքիա Դերջանցի վարդապետը գալիս է Կ. Պոլիս, որտեղ պատրիարք էր նրա նախկին աշակերտ Աստվածատուր Յաղուբյան եպիսկոպոսը, եւ ամեն ջանք գործադրում, մինչեւ որ ստանում է կայսերական արտոնությունը՝ Դերջանի եւ Բաբերդի մարզերում հայերի մանկահավաքը դադարեցնելու մասին: Թերեւս դա եղել է 1545 թ.: Կատարվածը ոգեշնչեց մյուս հայերին եւս, որոնք մասնավոր արտոնություններ ձեռք բերեցին, եւ մանկահավաքության շրջանակները խիստ կրճատվեցին, իսկ որոշ ժամանակ անց մանկահավաքը կամ դեւշիրմեն ընդհանրապես վերացվեց: