(1545-1567)
Ստեփանոս Ե Սալմաստեցին կաթողիկոսության հասավ 1539 թվի Ծռազատիկից հետո՝ 1545-ին: Սալմաստեցի է կոչվում իր ծննդավայրի անունով, չնայած երբեմն նրան կոչում են նաեւ Կոստանդնուպոլսեցի: Թերեւս պատճառն այն էր, որ նա մանուկ հասակում բռնագաղթեցվել էր Օսմանյան կայսրության մայրաքաղաք, որտեղ էլ մեծացել ու կրթվել էր: Ճանապարհորդել էր Լեհաստանի հայ գաղութներում, սովորել էր նաեւ լատիներեն: Կոստանդնուպոլսից տեղափոխվելով Էջմիածին՝ 1541-ին ընտրվում է Գրիգոր կաթողիկոսի աթոռակից: Չի բացառվում, որ նա ընտրվել էր անգամ դրանից էլ մի փոքր առաջ: Մ. Օրմանյանը, թերեւս, իրավացի է, որ նրա՝ աթոռակից կաթողիկոս ընտրվելը փորձում է բացատրել Գրիգորի կոստանդնուպոլսյան ծագմամբ: Դժվար չէ տեսնել, որ նա աթոռակից եղավ չորս տարի: Ստեփանոս Սալմաստեցին էլ իրեն աթոռակից դարձրեց Միքայել Սեբաստացուն: Ըստ որում, նա աթոռակից ընտրեց ոչ թե առաջացած տարիքի կամ տկարության պատճառով, այլ օրենքի ուժ ստացած սովորության համաձայն, քանի որ 1514-ին դեռահաս եղած Ստեփանոսը 1545-ին բոլորովին էլ առաջացած տարիք չուներ: Կաթողիկոսը, կամենալով այցելել հայ գաղթօջախները, ցանկանում էր փոխանորդ թողնել հուսալի հոգեւորականի:
Ստեփանոսի ուղեւորությունն արագացվեց քաղաքական իրադարձությունների հետեւանքով: Շահ Թահմազի եղբայր Ալխազը փորձել էր իր եղբոր դեմ դուրս բերել օսմանյան սուլթան Սուլեյմանին, որը նրան վստահելով՝ արշավեց Պարսկաստանի դեմ: Թահմազ շահը, իրեն թույլ զգալով, խուսափեց մեծ պատերազմ մղելուց, եւ Սուլեյմանը մուտք գործեց Այրարատ ու Վասպուրական: Արշավանքից մեծապես տուժեց հայ բնակչությունը: Թշնամին ավերեց հայկական երկրամասերը եւ գերեվարեց մեծ թվով մարդկանց: Սուլեյմանը գրավեց 20 անառիկ քաղաք, սակայն 1549-ի դեկտեմբերին վերադարձավ Կոստանդնուպոլիս: Մոտավորապես այդ ժամանակներում էլ Ստեփանոսը ձեռնարկեց իր ճանապարհորդությունը: Թերեւս նա նպատակ ուներ կարգավորելու Էջմիածնի կաթողիկոսության կարգավիճակը թուրքական սուլթանի հետ, սակայն Սուլեյմանի հեռանալուն պես հայտնվեց Թահմազ շահը, որն ավերեց Խնուսից մինչեւ Երզնկա ու Սպեր ընկած տարածքները: Պարսկական արշավանքը տեւեց մինչեւ 1552 թիվը: Երկիրն անխնա ավերվեց, բնակչությունը մասամբ ոչնչացվեց եւ մասամբ գերեվարվեց, ավերվեցին եկեղեցիներն ու վանքերը: Թվում էր, որ Ստեփանոս Սալմաստեցին պետք է վերադառնար եւ զբաղվեր էջմիածինյան հոգսերով, սակայն շուտով նրան տեսնում ենք Արեւմուտքում: Եվ պատճառը Էջմիածնի նշանավոր խորհրդաժողովն էր, որ նա գումարեց 1547 թվին: Ելնելով այն իրողությունից, որ Հայաստանը ոտատակ էր գնում երկու հզոր իսլամական պետությունների կողմից՝ կաթողիկոսը խորհրդաժողովի քննարկման հարց է դարձնում Հայաստանի ազատագրության խնդիրը: Որոշվում է դիմել Վենետիկի հանրապետությանը եւ կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ Հայաստանի ազատագրությանն օգնելու գործն իրականացնելու: Վենետիկի հանրապետությանն ուղղված դիմումի մեջ ասվում էր, թե ինչպես են հայերը հալածվում Պարսից պետության մեջ, եւ որ հայերը գիտեն, որ իրենց փրկությունը կատարվելու է վենետիկցիների միջոցով:
Եվ այսպես, Ստեփանոս Սալմաստեցու պատվիրակությունը Կոստանդնուպոլսի վրայով մեկնեց Հռոմ:
Կաթոլիկ Եկեղեցին, 1300 թվից սկսած, հոբելյանական տարին նշում էր մեծ հանդեսներով, սակայն շուտով անցան հիսնամյակը եւ այնուհետեւ՝ 1475-ից, քսանհինգամյակը նշելուն: Վատիկանի տաճարի մեծ դռներից մեկը հանդիսավորապես բացվում էր միայն հոբելյանական տարում, եւ հոբելյանական տարվա վերջում կրկին փակվում էր: Ստեփանոսը ժամանեց Հռոմ 1549-ին, որի հաջորդ տարին հոբելյանական էր, եւ Պողոս Գ պապը որոշել էր այն նշել շուքով: Նպատակն առավել, քան նյութական էր: Պապը հույս ուներ, որ Վատիկանի տաճարի կառուցման ավարտի կապակցությամբ մեծագին նվերներ կմատուցվեն, ուստի այդ կապակցությամբ Ստեփանոս Սալմաստեցին սկսեց իր եվրոպական շրջագայությունը Հռոմից: Ժամանակին դեռեւս էջմիածինյան խորհրդաժողովը որոշել էր դիմել նաեւ Հռոմի պապին, որը ոչ միայն ներկայացնում էր պապական պետությունը, այլեւ կրոնական առումով, մի տեսակ, գերադաս դիրք ուներ Եվրոպայի մյուս արքունիքների նկատմամբ: Եվրոպական միապետները կրոնական հարցերում պակաս նախանձախնդիր էին եւ շատ դեպքերում անգամ անտարբեր, ուստի Հռոմի պապի հանձնարարականով նրանց ներկայանալը մեծ կարեւորություն ուներ: Մանրամասներ գրեթե չեն պահպանվել: Դժվար չէ ենթադրել, որ Հայոց կաթողիկոսը փորձեց պապի միջոցով եվրոպական օգնություն ստանալ: Ստեփանոս Սալմաստեցին կամենում էր մտերիմ հարաբերություններ հաստատել Կաթոլիկ Եկեղեցու գլխավորի հետ: Հնարավոր է, որ ակնկալիք օգնության համար նա պատրաստ էր գնալ դավանաբանական ինչ-ինչ զիջումների եւ համարձակորեն ընդունել հոգեւոր հաղորդությունը, քանի որ Հայոց Եկեղեցին այդ չէր արգելում: Այսուհանդերձ որեւէ հիմք չկա կարծելու, որ Հայոց կաթողիկոսը Հռոմում պատրաստվում էր ընդունել պապական իշխանությունը կամ էլ հայերին հռոմեադավան դարձնել:
Արդեն 1550 թվին Հայոց կաթողիկոսը լքեց Հռոմը եւ ուղեւորվեց Գերմանիա: Նա մտադիր էր հանդիպել գերմանական կայսր Կարլ Ե-ին, որն այդ ժամանակ նեղված էր լյութերական շարժումից, ինչը Գերմանիան ներքին խռովությունների ասպարեզ էր դարձրել: Դժբախտաբար կայսեր եւ կաթողիկոսի բանակցությունների մասին ոչինչ հայտնի չէ, բայց դատելով հետագա դեպքերի զարգացումից՝ կաթողիկոսն այստեղ էլ առանձին արդյունիքի չհասավ: Հենց այդ արդյունքն էր պատճառը, որ կաթողիկոսն այդտեղից ուղեւորվեց Լեհաստան, որտեղ հայկական մեծ գաղթականություն էր կուտակվել: Կաթողիկոսը, անշուշտ, կամենում էր այցելել հայկական գաղթավայրերը, սակայն միաժամանակ անտարակույս է, որ նա կուզենար բանակցել լեհական թագավորի հետ, քանի որ այդ շրջանում Լեհաստանը Եվրոպայի առավել նշանակալից ու ուժեղ թագավորություններից մեկն էր: Լեհաստանի թագավորն էր Սիգիզմունդը, ով հայտնի էր Սիգիզմունդ Բ Օգոստոս (Ավգուստ) անունով: Վերջինս նշանավոր էր ոչ միայն իր մեծագործություններով, այլեւ Հռոմի պապի հետ ունեցած հակառակությամբ: Նա իր պաշտպանության տակ էր առել լյութերականությունը եւ սոկինյանց աղանդը: Թագավորի նման քաղաքականությունն անուղղակիորեն նպաստավոր էր հայերի համար, որոնք հռոմեադավաններ չէին: Որքան էլ անսպասելի եւ ցավալի լինի, Ստեփանոս կաթողիկսի՝ Լեհաստանում ունեցած գործունեության մասին պատմությունը հիշատակներ չի թողել:
Հենց այդ ժամանակներում՝ 1551 թվին, Մոլդովայի իշխան Ստեֆանը կրոնական հալածանքներ սկսեց տեղի հայերի դեմ: Նա օրթոդոքս էր կամ ուղղափառ: Ստեփանոս կաթողիկոսը կարող էր, անշուշտ, այցելել Մոլդովա, որը գործնականում նրա երթուղու վրա էր, սակայն Ստեփանոսը եկա՞վ Մոլդովա եւ փորձե՞ց ազդել նրա իշխանի վրա, թե՞ խուսափեց դրանից, նույնպես հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հայերի դեմ հալածանքները երկար չտեւեցին, իսկ դրա արդյունքը ոչինչ էր: Մ. Օրմանյանը կարծում է, որ Հայոց կաթողիկոսն այցելեց Կաֆա եւ 1551-ին վերադարձավ Էջմիածին: Միանգամայն այլ է Աշ. Հովհաննիսյանի տեսակետը: Նա, ելնելով վիմագիր նյութից, գտնում է, որ Հայոց կաթողիկոսն իր մահկանացուն կնքեց Լեհաստանում եւ այլեւս հայրենիք չվերադարձավ, եւ որ հետագայում հիշված Ստեփանոս կաթողիկոսը միանգամայն այլ անձնավորություն է: Քանի որ այս հարցը դեռեւս վիճահարույց է, մենք կփորձենք Մ. Օրմանյանի տեսակետի համաձայն մատուցել հետագա շարադրանքը: Էջմիածնի Մայր Աթոռի դիվանները ոչինչ չեն պահպանել Ստեփանոսի գործունեության հիշյալ շրջանի վերաբերյալ, իսկ Սիմեոն Երեւանցին անգամ չի էլ հիշում Ստեփանոսի ուղեւորության մասին: Այս ամենը, թերեւս, անուղղակիորեն հավաստում է, որ նա Էջմիածին չի էլ վերադարձել: Չնայած տեղեկությունների բացակայությանը, այնուամենայնիվ, դժվար չէ տեսնել, որ Ստեփանոսով են սկսվում հարաբերությունները Հռոմի եւ Էջմիածնի միջեւ:
Ստեփանոս կաթողիկոսի բացակայության շրջանում, որը, փաստորեն, երեք տարի տեւեց, կաթողիկոսական գործերը վարում էր Միքայել Սեբաստացին՝ ապագա Միքայել Ա Սեբաստացի կաթողիկոսը: Հիշենք, որ նա այդ շրջանում աթոռակից կաթողիկոս էր: Միքայելը փոխարինում էր, եւ ոչ մի հիմք չկա կարծելու, որ Ստեփանոսը հրաժարվել էր կաթողիկոսությունից եւ նոր միայն մեկնել Եվրոպա: Տեղապահ եւ աթոռակից Միքայել կաթողիկոսի գործունեության վերաբերյալ նույնպես հիշատակներ չկան: Ժամանակները խիստ անհանգիստ էին եւ վտանգավոր: Սեֆյան շահ Թահմազն ասպատակում էր Օսմանյան կայսրության մաս կազմող Արեւմտյան Հայաստանը, իր հերթին օսմանյան սուլթան Սուլեյմանը հունգարական պատերազմներից հետո արշավեց Սեֆյան Պարսկաստանի դեմ եւ ավերեց ու կողոպտեց Երեւանի, Նախիջեւանի երկրամասերը եւ Արցախը: Արշավանքի հետեւանքները սարսափելի էին: Բարեբախտաբար շուտով՝ 1555 թվին, կնքվեց Ամասիայի հաշտությունը: Ըստ որում, վիճակը մեղմացավ, եւ տեւական խաղաղություն հաստատվեց:
1557 թվին եւս երկու աթոռակից ընտրվեց՝ Տեր Բարսեղը եւ Տեր Գրիգորը: Առաքել Դավրիժեցին հիշում է չորս կաթողիկոսի՝ Ստեփանոսին, Միքայելին (Աշ. Հովհաննիսյանը կարծում է, որ Էջմիածնում հիշատակված Ստեփանոսը մեկ այլ կաթողիկոս է, որի՛ եւ ոչ թե Ստեփանոս Ե Սալմաստեցու աթոռակիցն է եղել Միքայել Ա-ն) եւ այս նոր երկուսին: Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Բարսեղը եւ Գրիգորը, հավանաբար, էջմիածինցիներ էին: Շատ հնարավոր է, որ նոր կաթողիկոսների ընտրությունը, թերեւս, պայմանավորված էր ոչ միայն արտաքին հանգամանքներով, այլեւ Էջմիածնի միաբանության մեջ տիրող ներքին խլրտումներով:
Ղ. Ալիշանը հակված է տեսնելու եւս մեկ կաթողիկոսի՝ Արիստակես անունով, սակայն դա հաստատող փաստեր չկան, իսկ Առաքել Դավրիժեցին հիշում է միայն չորսի եւ ոչ թե հինգի մասին:
Որոշակի հայտնի չէ Ստեփանոսի գահակալության տեւողությունը, եթե, իհարկե, նա չի մահացել դեռ Լեհաստանում: Մ. Օրմանյանը, հիմնվելով Դավրիժեցու հաղորդման վրա, 1567 թվից կաթողիկոս է համարում Միքայել Ա Սեբաստացուն: Ստացվում է, որ Ստեփանոսը հովվապետել է մինչեւ 1567 թիվը: Ղ. Ալիշանը մի կապակցությամբ նրա մահը դնում է 1551 կամ 1552 թվին՝ Էջմիածնում, երբ նա այնտեղ գտնվել չէր կարող, եթե անգամ Լեհաստանում մահացած չլիներ: Իսկ մեկ այլ կապակցությամբ նրան կենդանի է հայտարարում 1564 թվին: Նման եզրակացության համար նրան հիմք է ծառայել Կաֆայում գտնված մի հիշատակարան: Կամենիցի հիշատակարանի համաձայն՝ Ստեփանոսը կենդանի էր գոնե 1566 թվի սեպտեմբերին: Սա միանգամայն համահունչ է Առաքել Դավրիժեցու տեղեկությանը: Սակայն այս տեղեկությունն անհարիր է Միքայել Ա Սեբաստացի կաթողիկոսի՝ 1562 թվին խորհրդաժողով գումարելու եւ Աբգար Եվդոկացուն Հռոմ ուղարկելու փաստին, ինչը մտածել է տալիս, որ Միքայել Ա-ն գոնե 1562 թվին կաթողիկոս էր: Հենվելով հիշյալ փաստերի վրա՝ Մ. Օրմանյանը կարծում է, որ Միքայել Ա Սեբաստացու գահակալությունը պետք է դնել 1567-ից: Հավանաբար նա ներքին գժտությունների կամ արտաքին հալածանքների պատճառով ստիպված էր եղել թողնել Էջմիածինը եւ հաստատվել հայրենի Սեբաստիայում: Չի բացառվում, որ դա արվել էր կաթողիկոսի հրահանգով եւ որոշակի նպատակներով: Ստեփանոսն էլ մեծացել էր, տկարացել եւ ստիպված էր եղել գործերը հանձնել իր էջմիածինցի աթոռակիցներին:
Միքայել Ա-ն հզոր անձնավորություն էր եւ կարողացավ Գանձասարի ու Աղթամարի կաթողիկոսությունների հավակնությունները զսպել: Դրանով նա պաշտպանում էր Մայր Աթոռի իրավասությունները: Գանձասարի կաթողիկոսը, որ կոչվում էր նաեւ Աղվանից, փորձել էր իր ենթակայության տակ առնել Նախիջեւանը, Գեղարքունին, Ղափանը, Աղստեւը եւ Լոռին, իսկ Աղթամարի կաթողիկոսությունը փորձել էր յուրացնել Խոյի, Սալմաստի, Վանի, Ամիդի, Արճեշի, Խլաթի, Մուշի եւ Բաղեշի թեմերը: Միքայել Ա Սեբաստացին դրան հասնում է պարսից շահ Թահմազից ստացած հրովարտակի միջոցով, որի համաձայն՝ Պարտավը, Գանձակը, Աղստեւը, Լոռին, Զակամը, Նախիջեւանը, Գեղարքունին, Ղափանը, Խոյը եւ Սալմաստը համարվում էին Էջմիածնի վիճակներ: Հրավարտակի արձակման թվականը հայտնի չէ: Պատերազմական գործողությունների հետեւանքով առաջացած անկայուն վիճակը համարձակություն էր տվել Գանձասարի եւ Աղթամարի կաթողիկոսություններին, որոնք փորձել էին ընդլայնել իրենց ենթակա վիճակները: Թե ո՞վ էր այդ ժամանակ Գանձասարի կամ Աղվանից կաթողիկոսը, հայտնի չէ, սակայն Աղթամարում աթոռակալում էր Գրիգոր Սեֆեդինյանը, որը հայտնի էր նաեւ Փոքր մականունով՝ իր երիտասարդության պատճառով: Նա հաջորդել էր Գրիգորիս Աղթամարցի երգաբանին, որը շատ նշանավոր էր եղել: Այդ ժամանակ Կիլիկիայի կաթողիկոսն էր Հովհաննես Թլկուրանցին, որը նույնպես աչքի ընկավ իր գործունեությամբ:
Թե երբ եկավ Միքայել Ա-ն Սեբաստիա, պատմությունը չի արձանագրել: Սակայն1562 թվին նրա մեծ ձեռնարկումը՝ Սեբաստիայի 1562 թվականի խորհրդաժողովի հրավիրումը, անմահացրեց նրա անունը Հայոց պատմության մեջ: Միանգամայն հավանական է, որ նա տեղափոխվել էր Սեբաստիա՝ կաթողիկոսի հրահանգով եւ որոշակի ազգային ծրագրով: Սեբաստիայում նա կապեր է հաստատում Աբգար Եվդոկացի անունը կրող անձնավորության հետ, որն Ամիր բեկի որդին էր եւ սովորաբար հայտնի էր Սաֆար կամ Սեֆեր անունով: Միքայելը նրա մեջ տեսավ իր ծրագրերի իրագործման համար ամենահարմար անձնավորությանը: Նա հարուստ էր եւ շնորհալի: Նրա որդին՝ Սուլթանշահը, հոր մասին հայտնում է, որ նա սերում էր թագավոր Սենեքերիմ Արծրունու տոհմից: Սուլթանշահը տալիս է նաեւ ճյուղագրություն, որի մանրամասների մեջ մտնելն անհարմար ենք համարում, լոկ նշենք, որ այդ ճյուղագրությունը հաստատել է Միքայել Ա Սեբաստացին՝ գումարելով ժողով՝ բազմաթիվ եպիսկոպոսների, երեցների եւ աշխարհիկների մասնակցությամբ:
Ճյուղագրությունը հաստատողների մեջ հիշվում են Երուսաղեմի պատրիարք Անդրեասը, Սբ Հռիփսիմեի, Սբ Աննայի, Այրիվանքի, Սբ Առաքելոց վանահայրերը, Պիծառի, Ամասիայի, Անկյուրիայի, Երուսաղեմի եւ մի քանի այլ եպիսկոպոսներ: Մասնակցել են նաեւ մեծ թվով վարդապետներ, քահանաներ եւ աշխարհիկ հարուստ մարդիկ: Բայց, եթե հաշվի առնենք մասնակիցների ցուցակի անկանոնությունը, ինչպես նաեւ Երուսաղեմի պատրիարքի Սեբաստիայում չգտնվելը, կարելի է ենթադրել, որ նորմալ ժողով չի հրավիրվել, եւ լոկ Աբգարը նորանոր անձանց ստորագրություններ է հավաքել՝ ճյուղագրության հաստատման համար: Աբգարին թագավորական ծագում վերագրելն ունեցել է հեռուն գնացող՝ ամենից առաջ Եվրոպայի հետ բանակցություններում օգտագործելու նպատակ:
Միքայել կաթողիկոսը 1562 թվին Սեբաստիայում խորհրդաժողով հրավիրեց, որի նպատակը կրկին Եվրոպայի հետ հարաբերություններ հաստատելն էր՝ Հայաստանն օտարերկրյա տիրապետություններից ազատագրելու հեռանկարով: Նույն թվականի մայիսի 20-ին նա երկու հանձնարարականներ է տալիս Աբգարին՝ ուղղված Հռոմի պապին (Պիոս Դ)՝ ընծայաբերելով մյուռոն, ոսկի խաչ, օրհնված մատանի, սբ Թեոդորոսի մասունքները եւ հայաբնակ վայրերի ու եկեղեցիների մի ցուցակ:
Աբգարը մեկնում է Եվրոպա իր որդու՝ Սուլթանշահի եւ Ալեքսանդր քահանայի ընկերակցությամբ: Որպես հին հարաբերությունների վկայություն՝ նրանք իրենց հետ վերցնում են «Դաշանց թղթի» մի օրինակ: Կաթողիկոսը խնդրում է, որ դրա պարունակությունը վերահաստատվի. Աբգարը պետք է Հռոմ մեկներ Կիպրոսի եւ Վենետիկի վրայով: Վենետիկը ոչ միայն քաղաքական, այլեւ տպագրության ձեռնարկի կենտրոնը պետք է հանդիսանար: Ինչ վերաբերում է Հռոմին, ապա այն իր հավանությամբ պիտի արտոներ Վենետիկին եւ բոլոր լատիններին՝ օգնելու հայերին՝ հաստատելով նրանց ճշմարիտ քրիստոնյա լինելը: Ցավոք սրտի, այս ուղեւորության մանրամասները չեն պահպանվել: Հայտնի է, որ Սեբաստիայից Էջմիածին գնացած Միքայելը 1563 թվի ապրիլի 1-ին նոր նամակ է գրում Հռոմի պապին՝ փորձելով լուր ստանալ իր պատվիրակների մասին: Նամակում նաեւ ասվում էր, Աբգարը երկու ձեռքով հաջողակ է եւ ձախն անգամ օգտագործում է իբրեւ աջ ձեռք, եւ որ ոչ միայն տաճիկներից, այսինքն՝ թուրքերից, այլեւ չարամիտ քրիստոնյաներից վախենալով՝ նա նորահնար նշանագրերով է գրել նամակները, որոնք կարող է միայն Աբգարը կարդալ: Աներկբա է, որ այս նամակի մեջտեղ գալը պայմանավորված էր պատվիրակներից լուր չունենալով:
Հռոմեադավան հայերը փորձում են ամեն կերպ ցույց տալ, որ պատվիրակության Եվրոպա գնալը պայմանավորված է եղել Հռոմի հետ կրոնական միբանություն հաստատելու խնդրով: Իրականում հայերի մտքում այդպիսի ծրագիր չկար: Նպատակն Արեւմուտքից ռազմական օժանդակություն ստանալն էր, որի համար հույսեր էին փայփայում: Այդ պատճառով նրանք ձեւ արեցին, թե պատրաստ են հաղորդակցվել եւ անգամ միաբանության արտաքին ցույցեր արեցին, միայն թե ակնկալիք օգնությունն ստանան: «Դաշանց թուղթը» հայերը ներկայացնում էին որպես առաջին դաշինք եւ կամենում էին առաջին երդումները վերահաստատել, միաժամանակ ավելի շուտ բացատրում էին Հայոց Աթոռի իրավունքները: Աբգարի որդին նաեւ ասում էր, որ կամենում են հոժարեցնել լատիններին՝ փրկելու համար հայերին: Միջնորդվում էր նաեւ, որ Հայոց կաթողիկոսը Հռոմ մեկնելու դյուրություն ստանա: Բանակցությունների մեջ կարեւոր դեր էր խաղում նաեւ տպագրության գործի կազմակերպումը:
Աբգարը Հռոմ եկավ հավանաբար 1563-ի վերջերին: Առաջին գործը եղավ Պիոս Դ պապին դիմելը՝ ներկայացնելով Հայոց կաթողիկոսի նամակները եւ փորձ անելով ստանալ հանձնարարականներ: Սակայն պապին ուղարկված նամակները չեն բավարարում, եւ նա պահանջում է հատուկ ներկայացնել Հայոց Եկեղեցու դավանաբանությունը: Այստեղ պարզ է դառնում, որ եթե միաբանությունը նպատակ լիներ, ապա Հայոց կաթողիկոսը մի առանձին դավանական նամակ կուղարկեր պապին: Ըստ որում, պատվիրակությունը չէր հանձնվի աշխարհականի, այլ եպիսկոպոսներ կուղարկվեին: Իր նպատակին հասնելու համար Աբգարն ստիպված է լինում այդ պայմանը կատարել: 1565 թ. նոյեմբերի 10-ի թվագրով պահպանվել է մի գրություն, որը, համաձայն Մ. Օրմանյանի, պետք է 1563 թվի լինի, քանի որ ոչ թե 1565 թ. նոյեմբերի 10-ը, այլ 1563 թվի նոյեմբերի 10-ն է համապատասխանում չորեքշաբթի օրվան, եւ վերջապես՝ Պիոս Դ-ն 1565-ի նոյեմբերի 10-ին արդեն վախճանված էր: Պարզ է, որ հայերը չէին կարող այդչափ ուշացնել դավանության թուղթը: Այս ընթացքում հայերին ի նպաստ որոշ ձեռնարկներ արվեցին: Հայերի համար Հռոմում հյուրանոց է հիմնվում կամ, որ ավելի ճիշտ է, վերանորոգվում: Պապը կարգադրում է նոր նամակներ պատրաստել, որոնք հանդիսավորապես հանձնվում են նրան: 1565 թվին Վենետիկում հայկական սաղմոսարան է հրատարակվում:
Ի՞նչ կարելի է ասել Աբգարի դավանագրի մասին: Գրության վերջին մասում ասվում է, որ ընդունում են Պետրոսի աթոռը ամենից բարձր եւ Հռոմի քահանայապետին՝ ամբողջ աշխարհի հովիվ եւ փակակալ: Սա հռոմեադավանները փաստ են համարում իրենց տեսակետի համար, չնայած այս գրությունը պաշտոնական առումով առանձին արժեք չուներ, քանի որ Եկեղեցու կողմից չէր ընդունված: Վերջապես գրության մեջ պարզ ասված է, որ Հայոց Եկեղեցին ճանաչում է միայն երեք տիազերական ժողովների որոշումները, եւ ոչ մի խոսք չկա Քաղկեդոնի ժողովի մասին: Զարմանալի է, որ Հռոմը լռությամբ է ընդունել այդ կարեւոր պահը: Գրության մյուս կետերը նույնպես Հայոց Եկեղեցու դավանության ջատագովություն են: Այլ խոսքով՝ Աբգարի գրությունն իր ամբողջության մեջ հայ դավանանքի պաշտպանություն է եւ ոչ թե հակառակը: Պիոս Դ-ն էլ գոհ էր գրության վերջին մասից եւ մտածում էր, որ Արեւելքում հաստատվելով՝ նոր միայն կարելի է պայմանները խստացնել:
Աբգարի գործունեությունն ինչ-որ չափով արդյունավետ եղավ, բայց բուն նպատակն այդպես էլ կյանքի չկոչվեց: Օգնություն ցույց չտրվեց, եւ միայն, ինչպես նշվեց, հայերի համար հյուրանոց սահմանվեց, ու պապը, Աբգարին հանդես հրավիրելով, ամբոխի առաջ համբուրեց եւ ի դեմս նրա՝ Հայոց թագավորի տեսավ: Պապն իր հովանավորության տակ առավ նաեւ Աբգարի որդի Սուլթանշահին՝ կոչելով Մարգանտոն, այսինքն՝ Մարկոս Անտոնիոս, եւ նրան ուսումնառության վերցրեց դպրետանը: Նա հայերին հոգ տանելու համար հատուկ կարդինալ նշանակեց: Պապը հրամայեց, որ նոր նամակներ բերեն եւ նրան ուղարկեց Միքայել կաթողիկոսի մոտ, որպեսզի նա գա եւ տեղեկացնի Հայաստանում կատարվածի մասին: Սուլթանշահը մնաց Հռոմում եւ հայոց հյուրանոցի տեսուչը դարձավ, իսկ Աբգարը գնաց Վենետիկ՝ Հերոնիմոս Բրիոլի դուքսի օրոք եւ տպեց «Սաղմոսը»՝ համաձայն Գառնեցու օրինակի: Տպագրությունն ավարտվեց 1566 թվի մայիսի 17-ին: Աբգարը վախեցավ Վենետիկից հայրենիք վերադառնալ՝ լսելով, որ թուրքերն իմացել են, թե ինքը գնացել է լատիններից օգնություն խնդրելու: Նա մնաց Վենետիկում եւ շարունակեց տպագրության գործը: Իրեն ուղեկից եպիսկոպոսին ուղարկեց Միքայել կաթողիկոսի մոտ՝ պապի կողմից տրված ընծաներով, որպեսզի սա Միքայելին առաջնորդի Հռոմ: Սակայն եպիսկոպոսը հիվանդացավ եւ մահացավ, եւ պապի ընծաները վերադարձվեցին Հռոմ: Որ պատվիրակության հիմնական նպատակը քաղաքական էր, պարզ երեւում է այն իրողությունից, որ Աբգարը վախեցավ հայրենիք վերադառնալ: Պիոս Դ-ին, որը մահացավ 1565 թվի վերջերին, հաջորդեց Պիոս Ե-ն, որն աչքի ընկավ իր ինկվիզիցիոն (հավատաքննչական) մեծ գործունեությամբ: Սրա հետ բանակցությունները շարունակել հնարավոր չէր:
Մ. Օրմանյանը Ստեփանոս կաթողիկոսի մահը դնում է 1567 թվի սկզբներին: Նրա մահվան մասին մանրամասներ հայտնի չեն: Երեւի մահացավ խոր ծերության հասակում, եթե Աշ. Հովհաննիսյանի տեսակետը ճիշտ չէ: Ձեռնամուխ լինելով Հայաստանի ազատագրության խնդրին՝ նա պայծառ հիշատակ թողեց Հայոց պատմության մեջ: Շատ հավանական է, որ նրա հորդորներով էր գործում Միքայել Ա Սեբաստացին:
Արժե որոշ ուշադրություն նվիրել մյուս աթոռների գործունեությանը:
Ստեփանոս Ե Սալմաստեցի կաթողիկոսի գահակալության շրջանում Կիլիկիայում աթոռակալեցին Սիմեոն Ուլնեցին (1539), Ղազար Ուլնեցին (1545), Թորոս Մայսենց Սսեցին (1548): Վերջինս Լեւոնբերդի իշխաններից էր: Սա ինչ-ինչ մեղքերի համար քաշվում է Լեւոնբերդ, իսկ նրան հաջորդում է Խաչատուր Չորիկը (1553), հետո՝ Խաչատուր Երաժիշտը (1560): Վերջին երկուսը նույնպես ուլնեցիներ են: Խաչատուր Երաժիշտն աթոռակալել է մինչեւ 1584 թիվը: Այս ընթացքում Կիլիկիան նվաճվում եւ միացվում է Օսմանյան կայսրությանը:
Այս ամբողջ շրջանում Աղթամարում հովվապետում էր Գրիգոր Սեֆեդինյանը, որին կոչել են «ջատագով իմաստութեան»: Նա բավականաչափ կրթված էր եւ ուսումնականներին վերցնում էր իր հովանավորության ներքո:
Երուսաղեմի պատրիարքությունն անընդհատ վեճերի մեջ էր՝ իր ունեցվածքը պաշտպանելու համար, որոնց կամենում էին տիրել այլազգիները: Այն մեծ հաջողություններ արձանագրեց՝ շնորհիվ Անդրեաս Պարոնտիրոջ ջանքերի: Նրան հաջողվեց ամեն մի կոնկրետ դեպքում այս կամ այն հաստատության ու շինության համար կայսերական հրամանագրեր ստանալ: Անդրեասը պաշտոնավարեց մինչեւ 1593 թիվը: Վերջին շրջանում նա իրեն գործակից դարձրեց իր եղբորորդի Դավիթ Մերդինցուն, ինչպես որ ժամանակին ինքն էլ եղել էր հորեղբոր՝ Աստվածատուր Մերդինցու աթոռակիցը:
Կոստանդնուպոլսի պատրիարք Աստվածատուր Յաղուբյանին 1550 թվին հաջորդել էր Ստեփանոսը, որի օրոք էլ Պոլիս էր եկել Անդրեաս Պարոնտերը: Անտարակույս է, որ Ստեփանոսն ամեն կերպ օգնել է նրան: Ստեփանոսը մահացավ 1561-ին: Նրան հաջորդել են Տիրատուր Սսեցին, որ Անկյուրիայի եպիսկոպոսն էր, երկու տարի անց՝ նրա մահից հետո, Հակոբ եպիսկոպոսը, որի օրոք էլ Աբգարի պատվիրակությունը մեկնել է Եվրոպա: Նա մեծապես օգնել է Աբգարի առաքելությանը, երբ Աբգարն իր տպարանը Վենետիկից տեղափոխեց Կոստանդնուպոլիս:
Բացի հիշյալ մեծերից, այդ շրջանում գործեցին նաեւ Մաղաքիա Դերջանցի վարդապետը, որին գործակից է եղել Ղուկաս Կեղեցի կամ Խորձենացի վարդապետը, Աղթամարի կողմերում՝ Սիմեոն Ապարանցի վարդապետը, որի աշակերտներն էին Կարապետ Վարագցին, Հովհաննես Խիզանցին, Հովհաննես Ծաղկողը, Հովհաննես Կրճոնը, Հովհաննես Գրագիրը, Սահակը, որ ստացել է վարդապետաց վարդապետ մականունը, Վարագում՝ Մարգար Պարոնտեր եպիսկոպոսը եւ նրա աշակերտներ Զաքարիա Փիլիսոփան, Կարապետ Ջամալը եւ Հովհաննես Բրգուտենցը: Ճիշտ է՝ սրանք առաջին մեծության աստղեր չէին, սակայն նրանք էինք, որ մշակութային մեծ զարթոնքի սկիզբը դրին:
Այս շրջանում Հայոց Եկեղեցին ունեցավ իր վկաները:
Խտրշահ անունով մի երիտասարդի 1541 թվին Մարզվանում մեղադրում են իսլամը հայհոյելու համար եւ ստիպում ուրացության: Նա կրոնափոխ չի լինում, եւ դատարանը մահվան վճիռ է կայացնում եւ այրում քաղաքի հրապարակում: Զմյուռնիայում նահատակվում է Սարգիս Մելիտենցին, սակայն մանրամասներ հայտնի չեն:
Նահատակներից հիշվում է նաեւ Սիլիվրիցի Խոռամի (1554 թ. փետրվարի 14) անունը, իսկ թուրք-պարսկական կոտորածների ժամանակ շատ ուրիշ զոհվածների անունները չեն պահպանվել:
Թադեոս Սեբաստացու հիշատակարանի մեջ պատմվում է Արճեշի վանքի առաջնորդ Հակոբ վարդապետի եւ նրա երեսուն միաբան ընկերների նահատակության մասին: Նրանց կոտորում են պարսիկները:
Հակոբ Մեծոփեցու եւ նրա ընկերների նահատակությունը եղավ 1552 թվի օգոստոսի 14-ին՝ Վերափոխման կիրակիի առավոտյան: 1550 թ. 70 ազատորդիներ մի գիշերվա մեջ կոտորվում են Կարնում: Եղելության պարագաներն անհայտ են: