(1567-1576)
Միքայել Ա Սեբաստացին, ըստ Առաքել Դավրիժեցու, առաջին գահակալող կաթողիկոս է դարձել 1567 թվին: Նրա աթոռակիցներն էին Բարսեղ Գ եւ Գրիգոր ժԲ կաթողիկոսները: Սակայն Բարսեղ Գ-ն մահացավ 1567 թվին, որի փոխարեն Միքայել Սեբաստացին աթոռակից դարձրեց Ստեփանոս Զ Առնջեցուն:
Ստեփանոս Զ Առնջեցի կաթողիկոսի գործունեության մասին հիշատակներ չեն պահպանվել: Անտարակույս, երկար չի ապրել, քանի որ երբ Գրիգոր ԺԲ-ն աթոռակալեց, այլեւս նա չի հիշատակվում, ինչը հավաստում է, որ նա մահացել է դեռեւս Միքայել կաթողիկոսի օրոք: Ինքը՝ Միքայելը, մահացավ 1576 թվին, եւ առաջին գահակալ դարձավ Գրիգոր ԺԲ-ն:
Թուրքական սուլթան Սուլեյմանը մահացավ 1566 թվի սեպտեմբերի 6-ին՝ Հունգարիայում, իսկ նույն ամսի 24-ին նրա որդին՝ Սելիմ Բ-ն, թագավորեց Կոստանդնուպոլսում: Պարսից շահ Թահմազը շտապեց առատ ու թանկարժեք նվերներով դեսպանություն ուղարկել Կոստանդնուպոլիս՝ Երեւանի կուսակալ Շահկուլի սուլթանի գլխավորությամբ: Դրանով հաշտությունը երկու երկրների միջեւ նորոգվեց: Այնպես, որ Միքայելի գահակալության տասը տարիները խաղաղությամբ անցան: Որ Միքայելը գործել է, կասկածից վեր է, բայց տեղեկություններ մեզ չեն հասել: Հասկանալի է, որ պահպանվում էին հարաբերությունները կաթողիկոսի եւ Աբգարի միջեւ: Ինչպես նշել ենք Ստեփանոս Ե Սալմաստեցու կապակցությամբ, Աբգարը 1565-ին գնում է Վենետիկ, որտեղ 1253 թվից հայերը հատուկ հյուրանոց ունեին, որը գտնվում էր հայ վերակացուի կամ հայ եպիսկոպոսի հսկողության ներքո: Նրանցից 1561-ին հիշվում է Նիկողայոսը, իսկ 1565-ին՝ Մելքիսեդեկ եպիսկոպոսը: Ինչպես ասացինք, Աբգարը վախից երկար ժամանակ հայրենիք չվերադարձավ եւ որպես իր արդարացման միջոց՝ ձեռնամուխ եղավ տպագրության գործին, թե դա է եղել իր ուղեւորության պատճառը:
Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ Աբգարի վախը լոկ պատրվակ էր, որ խափանի Միքայել կաթողիկոսի ժամանումը Հռոմ: Պատճառը Պիոս Ե-ի պապ դառնալն էր, որը փոխում էր Աբգարի պլանները: Մեծ ինկվիզիտորը նոր քաղաքականություն էր սկսել, իսկ Վենետիկը լիովին ենթարկվել էր դրան: Այլ խոսքով՝ Աբգարը չէր կամենում վտանգի ենթարկել կաթողիկոսին: Աբգարն էլ գտնվում էր ծանր կացության մեջ եւ չէր կարողանում հրատարակել ծիսական գրքերը: Դրան խանգարում էին Վենետիկի եւ Հռոմի գրաքննադատները: Նա կարողացավ միայն «Սաղմոսը» տպել: Դրանից հետո նա հավաքեց իր գույքը՝ տպարանով հանդերձ, եւ եկավ Կոստանդնուպոլիս, որը հարմար էր որպես տպագրության կենտրոն եւ հնարավորություն էր տալիս արդարանալու օսմանյան իշխանությունների առաջ: Անստույգ զրույց կա, թե նա սկզբում ձերբակալվեց, սակայն տպարանի փաստով ազատ արձակվեց: Նա իր տպարանը հաստատեց հայոց Սբ Նիկողայոս եկեղեցում, այսինքն՝ Վլանկայի Սբ Նիկողայոս եկեղեցու բակում կամ մոտակայքում:
Թե ե՞րբ Աբգարը եկավ Կոստանդնուպոլիս, հայտնի չէ: Հայտնի է, որ նա 1568-ին հրատարակել է «Տօնացոյցը», «Տաղարանը», «Ժամագիրքը», «Պատարագամատոյցը», սակայն փաստեր կան, որ արդեն 1567-ին նրա տպարանը պատրաստ է եղել, որտեղ տպվում է «փոքր քերականութիւն»՝ մանուկների համար: 1569-ին Աբգարը գնում է Էջմիածին՝ Միքայել կաթողիկոսի մոտ, քանի որ տպագրության գործը Կոստանդնուպոլսում դժվարացել էր, եւ հավանական է կարծել, որ նա նույնիսկ տպարանն Էջմիածին տեղափոխած լինի: Սակայն այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Այդ դեպքում էլ անհասկանալի է նրա Էջմիածին մեկնելը: Շատ չանցած՝ Աբգարը մահանում է: