(1655-1680)
Փիլիպոս կաթողիկոսի թաղումը 6 օրով ուշացավ, եւ դրա հետեւանքով մեծ թիվ կազմեցին Էջմիածին ժամանած արքեպիսկոպոսները եւ վարդապետները: Հուղարկավորությանը ներկայացած հայ հոգեւոր գործիչները նպատակահարմար գտան լուծել նաեւ նոր կաթողիկոսի ձեռնադրության խնդիրը: Փիլիպոսի թաղումը եղավ մարտի 31-ին՝ Սբ Լուսավորչի տոնի օրը: Որպեսզի գործը չհասնի Զատկին, նրանք 1655 թվի ապրիլի 8-ին կաթողիկոս օծեցին Հակոբ Դ Ջուղայեցուն: Դա կատարվեց Ծաղկազարդի կիրակի օրը: Ծաղկազարդի նախորդ օրը, Ղազարի հարության հիշատակության հետ, Ավետման օրն էլ էր, եւ շատ հնարավոր է, որ Հակոբ Ջուղայեցու ընտրության ժողովը եղավ այդ օրը: Ամեն ինչից դատելով՝ նրա ընտրությունը կատարվեց առանց հայ աշխարհիկ գործիչների մասնակցության: Նրա ընտրությունը, չնայած աշխարհիկների բացակայությանը, ամենուրեք արժանացավ հավանության: Նա եղել էր Փլիպոսի տեղապահը, եւ հավանաբար Փիլիպոսը մահվանից առաջ, որպես իր հաջորդ, առաջադրել էր նրա թեկնածությունը: Սակայն, այնուամենայնիվ, նրան մեծ հեղինակություն էր բերել նրա տեղապահությունը Փիլիպոսի երկամյա բացակայության շրջանում: Ծնունդով Հին Ջուղայից էր. ծնվել էր 1598 թվի մարտին եւ 1605 թվի բռնագաղթի ժամանակ արդեն յոթ տարեկան էր: Հետագա կյանքն անցել էր Նոր Ջուղայում կամ Սպահանում, հետո Էջմիածնում աշակերտել էր Մելքիսեդեկին եւ Սիմոնին: Կաթողիկոս ձեռնադրվեց 57 տարեկանում: Շնորհիվ իր անուրանալի ունակությունների՝ սկզբում դառնում է կաթողիկոսի տեղապահ: Նա նշանավոր եղավ՝ ձեռնարկելով Դարշամբի Սբ Ստեփանոս Նախավկայի նորոգությանը: Կաթողիկոսական իր երկարամյա գործունեությամբ մեծապես պայծառացրեց Հայ Առաքելական Եկեղեցին:
Հակոբի կաթողիկոսության հենց սկզբում տեղի ունեցավ Նոր Ջուղայի ընդարձակումը: Հայ գաղթականությունը, 1605 թվից հաստատվելով Սպահանում, մի շարք թաղեր էր կազմել: Հինջուղայեցիներն առանձին թաղով բնակվում էին Զենտեհրուտ գետի հարավային կողմում, իսկ մյուսները՝ տարբեր թաղերի մեջ՝ մահմեդական բնակչության հետ խառը: Գողթն գավառի Դաշտ գյուղի եւ նրա շրջակայքի բնակչությունը, որն առհասարակ դաշտեցի էր կոչվում, զետեղված էր Շամշապատ թաղում, Երեւանի եւ շրջակայքի բնակչությունը՝ Թաղթիխարաջա եւ Բաղաթ թաղերում, իսկ Հայաստանի տարբեր մասերից՝ Դիարբեքիրից, Բաղեշից, Մուշից, Կարինից, Երզնկայից եւ այլն, բերվածները հաստատվել էին Շախշաբան եւ Թորոսկան թաղերում: Շահ-Աբաս Բ-ի օրոք շահական հրամանով բռնագաղթվածները կենտրոնացվեցին Նոր Ջուղայում: Դա կատարվեց բռնի ճանապարհով:
Շամշապատ թաղի մահմեդական բնակչությունը կամենում էր հայերին հեռացնել եւ նրանց տեղը գրավել: Դրա համար պատեհ առիթ ծառայեց շահական հրամանը, որով մահմեդականներին արգելվում էր գինու օգտագործումը: Չնայած սարսափելի պատիժներին՝ ձեռք ու ոտք, քիթ ու ականջ կտրելուն եւ անգամ մահվան դատապարտելուն, հարբեցողությունը պարսիկների շրջանում սովորական իրողություն էր, ինչը շահին անգամ զարմանք պատճառեց: Վիճակը քննելու համար Սպահան ուղարկվեց Նաջաֆղուլի բեկը, որին տեղի մահմեդական բնակիչները հայտնեցին, թե պատճառը հայերի եւ պարսիկների խառը բնակությունն է, թե պղծված է գետի ջուրը, քանի որ հայերը նրա մեջ լվանում են իրենց գինու կարասները եւ թափում քաղցուից ավելացած կնճիռը եւ օղուց մնացած մրուրը: Նաջաֆղուլին ուրախ էր, որ գտել է գաղտնիքը, եւ լուրը հասցվեց թագավորին: Դրան էլ հետեւեց շահի՝ 1655 թ. հրամանը, որով դաշտեցիներին կարգադրվում էր դուրս գալ Շամշապատից եւ հաստատվել Նոր Ջուղայում կամ Գավառապատ թաղում: Հայերն սկզբում ընդդիմացան, բայց ստիպված եղան տեղի տալ բռնի բիրտ ուժին:
Համարելով, որ արդյունքը դրական է՝ 1656 թվին շահական արքունիքը նման հրաման արձակեց նաեւ երեւանցիների համար, եւ չնայած նրանց ընդդիմանալուն եւ շահին դիմելուն՝ նրանք նույնպես բիրտ ուժով դուրս հանվեցին: Հայերն ստիպված եղան հողամաս խնդրել, որը նրանց տրվեց: Նույն բախտը վիճակվեց նաեւ շախշաբանցի հայերին: Տեղափոխությունն ավարտվեց միայն 1659 թվին: Այդ քաղաքականության հետեւանքով Սպահանում այլեւս հայեր չմնացին, իսկ Նոր Ջուղան վերածվեց մի ընդարձակ հայաքաղաքի: Նոր Ջուղան զորացավ եւ հաճելի եղավ հայերի համար: Դադարեցին խառը բնակություն ունեցող թաղերին հատուկ՝ հայերին մահմեդականության մղելու փորձերը: Դա, փաստորեն, վերացրեց երիտասարդների շրջանում խառն ամուսնությունների վտանգը: Եթե հայերն սկզբում դժգոհում էին տեղափոխությունից, ապա հետագայում գոհունակություն ապրեցին:
Հակոբ կաթողիկոսի աթոռակալության սկզբում ավարտվեց զանգակատան կառուցումը, որի շինարարությունն սկսել էր դեռեւս Փիլիպոս կաթողիկոսը: Զանգակատան կառուցմանը մինչեւ վերջ հակառակ էր Մահմադղուլի խանը՝ մշտապես սպառնալով քանդել այն: Զանգակատունը կառուցվեց, իսկ խանը, որին ախոյաններն ամենամռայլ գույներով էին ներկայացրել շահին, պաշտոնանկ արվեց, եւ նրա հաջորդ նշանակվեց Նաջաֆղուլի բեկը, որի հետ բարեկամական հարաբերություններ հաստատեց Հակոբ կաթողիկոսը: Նա, չխնայելով արծաթն ու ոսկին, կարողացավ Փիլիպոսի մահվանից երկու տարի անց՝ 1657-ին, զանգակատունն ավարտելու թույլտվության հրաման ստանալ: Մեկ տարվա ընթացքում զանգակատան կառուցումն ավարտվեց: Այն զարդարված էր զանազան գեղեցիկ քանդակներով: Մեջը սեղան էլ կանգնեցվեց, եւ անվանվեց Սուրբ Հրեշտակապետ: 1658 թվին՝ Խաչվերացի օրը, այսինքն՝ սեպտեմբերի 12-ին օրհնեցին զանգակատան խաչը եւ քանդեցին շինության համար սարքած տախտակառույցները:
Հակոբ կաթողիկոսը մեծ նպաստ բերեց հայ տպագրությանը: Սկզբում հայերը տպագրությունը կազմակերպում էին գլխավորապես Իտալիայում: Արեւելքում առաջին փորձերը կատարվեցին Խաչատուր Կեսարացու կողմից՝ 1640 թվին, սակայն արդյունքը գոհացուցիչ չէր: Կաթողիկոսը կամենում էր կատարելագործել տպագրության գործը: Եվ երբ 1637-ին Հովհաննես Անկյուրացին Եվրոպա էր մեկնում՝ տպագրության գործն Իտալիայում ծավալելու համար, հայոց կաթողիկոսը ձգտում էր այն զարգացնել Հայաստանում: Այդ նպատակով նա իր աթոռակալության սկզբում Եվրոպա ուղարկեց Մատթեոս Ծարեցի սարկավագին: Վերջինս Վենետիկ հասավ 1656-ին, սակայն ստիպված էր 14 ամիս անօգուտ դեգերել: Հետո նա անցավ Հռոմ, որտեղ էլ մնաց 8 ամիս, սակայն իշխանական արգելքների պատճառով հաջողության չհասավ: Դրանից նա չընկճվեց եւ 1658-ին մեկնեց Հոլանդիայի Ամստերդամ քաղաքը: Այստեղ նա պատրաստել է տալիս հայկական տառերի նոր կաղապարներ, սակայն առանձին օգնություն չի ստանում, բացի երեւանցի վաճառական Ավետիս Ղլջենից, որը նրան օգնում է դրամով եւ խորհուրդներով, եւ 1660-ին հրատարակում են «Յիսուսի Որդի»-ն, սակայն գործը չավարտած՝ 1661 թվի հունվարի 22-ին մահանում է Ծարեցին, եւ այն շարունակում է Ավետիսը: Նա ավարտում է տպագրությունը եւ հրատարակում այլ գործեր եւս՝ ընկերակցությամբ Կարապետ Անդրիանեցի վարդապետի, որն ուղարկված էր Եվրոպա՝ Ծարեցու մահվանից հետո: Ավետիսը խնդրել էր կաթողիկոսից, որ իր եղբայր Ոսկան Երեւանցին, որը նորոգել էր Ուշիի Սբ Սարգիսը, կանգնի տպագրության գործի գլուխ: Իսկ վերջինս իր աշակերտ Կարապետ վարդապետին էր շտապեցրել Եվրոպա մեկնել: Նա այդ ընթացքում զանազան վայրերում նպաստներ էր հանգանակում: Այդ գործը մշտապես հովանավորում էր Հակոբ կաթողիկոսը, որի նպատակն Աստվածաշունչ հրատարակելն էր:
Հակոբ կաթողիկոսը նորոգեց երեք վկայարանները, Դարաշամբի կամ Շամբիձորի Սբ Ստեփանոս Նախավկայի վանքը եւ շատ ու շատ հոգեւոր այլ շինություններ: Նա իր հոգածության գլխավոր առարկան դարձրեց աթոռապատկան գյուղերի ետ վերադարձնելը եւ նրանց տիրույթների ընդարձակումը: Գահակալության սկզբում նա գնաց Սպահան եւ շահի կողմից արժանացավ պատվավոր ընդունելության, նույնիսկ քրիստոնեության խորհուրդներն ազատորեն բացատրեց շատին: Նա արքունի հրովարտակով ապահովեց Էջմիածին գյուղի տասանորդի հանձնումը վանքին: Սիրված լինելով շահից՝ կարողացավ հրովարտակով հաստատել տալ Սբ Աթոռի իրավունքները: Նրա օրոք վանքապատկան գյուղերի թվին ավելացան Ամիրին՝ Գեղարքունի գավառում, Յայջին՝ Ծաղկունի գավառում, Բոխենիսը՝ Ամբերդի մերձակայքում, Ղարաղոյունլուն՝ Արագածի լանջերին, Մելիքգյուղը՝ Ապարանի գավառում, Օշականը՝ Արագածի փեշերին, Նորագյուղը՝ Երեւանի մոտ: Զաքարիան հիշում է նաեւ Քասաղը, Թեղենյացը, Սանդոն, Սեւավերը, Բաղռինճը եւ Բյուրականը: Կաթողիկոսը ջրանցքներ անցկացրեց եւ ոռոգեց Նորագյուղի արտերը, ինչպես նաեւ բավարարեց Մայր Աթոռի ներքին կարիքները: Դրանց վրա ջրաղացներ կառուցվեցին, եւ հարեւանությամբ ծառեր տնկվեցին: Նա երեք ջրամբար շինեց՝ Մոլլադուրան գյուղում, Ղռի այգում եւ Մանկասար ագարակում, որոնք նույնպես լուծում էին այգիներն ու արտերը ջրելու հարցը:
Փիլիպոս կաթողիկոսի մահից հետո խնդիրներ առաջացան Հայոց Եկեղեցու ներսում: Երբ Փիլիպոսը 1653-ին Կ. Պոլսից վերադարձավ Էջմիածին, Կ. Պոլսում պատրիարք էր Հովհաննես Մուղնեցին, իսկ Երուսաղեմում՝ Աստվածատուր Տարոնեցին: Ընդհանուր առմամբ՝ վիճակը հանգիստ էր, իսկ Բեթղեհեմի կալվածքի եւ Սբ Փրկչի վանքի շուրջ հարուցված խնդիրները հարթվել էին հայանպաստ լուծումով: Կ. Պոլսում պայքարը պատրիարքական աթոռի համար գրեթե դադարել էր, քանի դեռ ողջ էր Փիլիպոսը: Սակայն վերջինիս մահից հետո այն սրվեց: Հատկապես ակտիվ էր գործում Եղիազար Այնթապցին, որին օգնում էր Մարտիրոս վարդապետ Կաֆացին: Մուղնեցու դեմ խմբակ ձեւավորվեց, որին միացել էր Ռուհիջան Վանեցին: Նրանք տապալեցին Մուղնեցուն, սակայն հաջորդ չձեռնադրվեց, քանի որ իշխանավորները հարմար գտան տեղակալության ձեւը: Կաֆացուն ծառայեցրին իբրեւ փոխանորդ, որ իրենց հրահանգներով եկեղեցական գործերը վարի: Այս ամենը տեղի ունեցավ 1655-ին: Դրանից առաջ մահացել էր Գաբրիել վարդապետ Եթովպացին, որը հաջորդ չունեցավ, եւ եթովպացի կրոնավորները, վերադառնալով Հաբեշստան, սրբավայրերը եւ կալվածները հանձնեցին Հայոց պատրիարքությանը, որի հետնորդներն էին իրենք: Սակայն հույները, որ Ծռազատիկի տարուց ի վեր սաստիկ հակառակված էին հայերին, գրավեցին հաբեշների մասերը:
Հայերին չհաջողվեց ո՛չ դատարանով եւ ո՛չ էլ Ալեքսանդրիայի ղպտի պատրիարքի վկայությամբ պաշտպանել իրենց իրավունքները: Այդ պատճառով Աստվածատուր պատրիարքն ստիպված եղավ մեկնել Կոստանդնուպոլիս եւ տեղ հասավ 1656-ի սկզբներին, երբ մայրաքաղաքում տեղակալների իշխանությունն էր: Այդ նույն ժամանակ Կ. Պոլիս էր վերադարձել Թովմաս Բերիացին, որը 1644 թվի անվանական պատրիարքությունից հետո փախել էր Հռոմ: Այժմ վերադառնում էր՝ հուսալով պղտոր ջրում ձուկ որսալ եւ դեսպանատների ու նրանց ծառայող հայերի միջոցով տիրանալ պատրիարքությանը: Վիճակը խառնակ էր նաեւ Օսմանյան սուլթանությունում, որտեղ ենիչերի եւ սիպահի զորամասերն իրենց ռոճիկի պատճառով ապստամբություն էին բարձրացրել: Միայն 1656 թվի մարտի 8-ին մեծ վեզիր Չավուշ փաշան կարողացավ մի փոքր հանդարտեցնել երկիրը: Սակայն մեկ ամիս անց նա մահացավ, եւ նրան փոխարինեց Մեհեմմեդ փաշան՝ տեղակալ ունենալով Յուսուֆ փաշային: Սրանք իրենց ձեռքը գցեցին ապստամբներից չորս հոգու, որոնց գլխատեցին մայիսի 8-ին, եւ ապստամբությունը ճնշվեց:
Կ. Պոլսի Աստածատուր պատրիարքը, հուսահատված պատրիարքարանի ձեռնտվությունից, համաձայնության եկավ Եղիազար Այնթապցու հետ՝ վստահելով նրա վարչական եւ դրամական կարողություններին, եւ խոստացավ նրան հանձնել Երուսաղեմի Աթոռը՝ փոխանորդի իրավունքով, եթե գործերը հաջող գնան: Նրանք Ռուհիջան Վանեցու միջնորդությամբ ուղղակի դիմում են մեծ վեզիր Բոյնուեյրիին եւ ստանում հրովարտակ՝ հաբեշների սեփականությունները հայերին հանձնելու վերաբերյալ: Եղիազար Այնթապցին այդ հրովարտակով վերադառնում է Երուսաղեմ եւ տիրանում այդ կալվածքներին ու վերահաստատում հայոց իրավունքը Բեթղեհեմի տաճարի վրա: Այդ կապակցությամբ պատմվում է, որ Եղիազարը հայոց վանքում գտնում է 200000 դահեկանի արժողությամբ ոսկի եւ արծաթ դրամներ, որոնք պահել էր Գրիգոր Պարոնտերը: Եղիազարը դրանով խիստ ուժեղացավ, գումարների մի մասն սկսեց գործածել, իսկ մյուս մասը գաղտնի տեղերում պահեց: Սակայն այս կացությունը երկար չտեւեց: Բոյնուեյրիի տեղը գրաված մեծ վեզիր Քյոփրյուլի Մեհմեդ փաշան հնարավորություն տվեց հույներին՝ հատուկ հրովարտակով տիրելու հաբեշների կալվածքներին, իսկ Եղիազարը ձերբակալվեց՝ իբրեւ հանցապարտ: Աստվածատուրը ոչինչ անել չկարողացավ, եւ հույները նոր հրովարտակ ստացան՝ Սբ Հակոբը գրավելու համար: Եղիազարը թաքնվեց, Աստվածատուրն էլ հուսահատ վերադարձավ Երուսաղեմ: Երուսաղեմի կուսակալ Հասանը եւ Գազայի կուսակալ Հուսեյնը հապաղեցին կիրառել հրովարտակը, քանի որ շահագրգռվեցին Ասատուրի եւ Եղիազարի կողմից: Դրանից հետո նրանք հիշյալ փաշաների միջոցով կարողացան շահագրգռել Դամասկոսի մեծ կողմնակալ Թիյարօղլուին, որն սկսզբում բանտարկել էր Եղիազարին, բայց հետո արձակել էր՝ նրանից վերցնելով Սբ Հակոբ մայրավանքի բանալիները՝ որպես ավանդ: Դամասկոսի մեծ կուսակալը հայանպաստ նամակ ուղարկեց Քյոփրյուլիին: Դրանից էլ առաջ Աստվածատուրը եւ Եղիազարը Դավիթ Բերիացի եպիսկոպոսին մեծ գումարով ուղարկել էին Ռուհիջան Վանեցու մոտ, որը Երուսաղեմի փոխանորդությունն էր ստանձնել: Այս ամենը, սակայն, առանձին օգուտ չտվեց, եւ Քյոփրյուլին կրկնեց իր հրովարտակը՝ վանքը հույներին հանձնելու մասին, եւ Եղիազարին կարգարդրեց գալ Կ. Պոլիս՝ որպես գլխապարտ: Հայերը հեռացվեցին վանքից, իսկ Եղիազարը չբռնվելու համար այս ու այն կողմերում էր դեգերում: Այսպես շարունակվեց մինչեւ հաջորդ տարի՝ 1657-ի Զատիկը, այսինքն՝ մարտի 29-ը: Թիյարօղլուն առժամանակ ներեց հայերին, թույլ տվեց Զատիկը կատարել Սբ Հակոբի վանքում՝ պայմանով, սակայն, որ բանալիները ետ են վերադարձվելու, եւ վանքը կնքվելու է: Քյոփրյուլին զայրացավ դրա վրա եւ կրկնեց իր հրամանը: Այնպես որ՝ շփոթ կացությունը շարունակվեց:
Վիճակը բարվոք չէր նաեւ Կ. Պոլսում, որտեղ պատրիարքությունը կառավարվում էր տեղակալության ձեւով, ինչը լոկ անկարգությունների պատճառ էր դառնում: Քաղաքի վեց եկեղեցիների ավագները գործում էին ինչպես կամենան եւ հաճախ կռվում էին իրար հետ: Կաֆացին, որ փոխանորդ էր, ուժ չուներ նրանց կարգի հրավիրելու: Դրանից օգտվեց սեբաստացի աբեղա Ղազարը, որն Էջմիածնում չկարողանալով վարդապետության հասնել՝ վերադարձավ Կ. Պոլիս եւ ձեռնադրվեց Կաֆացու կողմից: Երկուսով սկսեցին չարախոսել Էջմիածնի հասցեին՝ վատաբանելով նախորդ պատրիարք Մուղնեցուն, որը զրկվելով պատրիարքությունից՝ վերադարձել էր Էջմիածին: Կ. Պոլսի Սբ Նիկողայոսի եւ Սբ Աստվածածնի թաղերը դարձան նրանց կենտրոնները, սակայն նրանց շաղակրատությունները լոկ առաջ բերին ժողովրդի զայրույթը, հատկապես՝ Ղազարի վրա: Վերջինս ստիպված եղավ թաքնվել: Այդ ժամանակ Կ. Պոլսում էր գտնվում Կիլիկիայի կաթողիկոս Թորոսը, որը 1653-ին հաջորդել էր Ներսես Սեբաստացուն: Ասենք, որ սեբաստացի էր նաեւ Թորոսը: Սա մահացավ 1657 թվի ապրիլի 29-ին՝ Կ. Պոլսում: Մարտիրոս Կաֆացին, որ 1657 թվի փետրվարին Երուսաղեմ էր գնացել, վերադառնում է եւ Խաչատուր Սեբաստացու հետ Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցում մասնակցում Թորոսի հուղարկավորությանը: Նա թաղվեց Բալըքլուի գերեզմանատանը: Դրանից օգտվում է Խաչատուր Սեբաստացին՝ գրավելով Թորոսի տեղը: Ստանալով հրովարտակը՝ նա գնում է Սիս եւ 1657 թվի հունիսի 17-ին օծվում կաթողիկոս: Ղազարն էլ, հարելով Խաչատուրին, Տիվրիկի վիճակում ձեռնադրվում է եպիսկոպոս՝ անշուշտ կաթողիկոսության հարցում նրան օգնած լինելու համար: Սակայն շատ չանցած՝ նա կրկին գալիս է Կ. Պոլիս՝ նոր բանադրություններ եւ ոտնձգություններ սկսելու: Կաֆացին էլ գնացել էր իր քաղաքը՝ այնտեղից միջնորդություն ստանալու հույսով: Թիյարօղլուն, տեսնելով հայերի թուլանալը եւ կորցնելով նրանցից շահ ստանալու ակնկալիքները, ինչպես նաեւ հաշվի առնելով Քյոփրյուլի վեզիրի՝ իր վրա զայրանալը, 1657 թվի մայիսի 17-ին Սբ Հակոբի բանալիները հանձնեց հույներին, որոնք տիրացան վանքին եւ նրա հարստություններին եւ մեծ դուռը փակեցին հայերի առաջ՝ թույլ տալով նրանց մտնել միայն կողմնակի մուտքից: Ուժեղացան հայերի դեմ նախատինքները եւ հոխորտանքները: Թվում էր, թե հույների հաղթանակը վերջնական է, երբ մի պատահար փոխեց կացությունը: Մեծ դավաճանություն բացվեց Կ. Պոլսում, որի պատճառով 4000 մարդ սպանվեց, եւ նրանց դիակները նետվեցին ծովը: Իշխանությունների ձեռքն ընկան հույների պատրիարքի նամակները, որոնք նրան հանցապարտ էին դարձնում: Նրան կախեցին Փարմաքքաբուում՝ իր պաշտոնական տարազով, իսկ հետո դիակը նետեցին ծովը: Շատ հույներ էլ հետապնդվեցին, եւ անգամ Երուսաղեմի հույն պատրիարքը ստիպված եղավ փախչել եւ թաքնվել:
Քյոփրյուլի վեզիրը դրանից քիչ առաջ կամենում էր հայերի գործերը կարգադրել, ուստի մտածում էր պատրիարք կարգել եւ այդ պատճառով բանտարկել էր տվել տեղակալներին: Սրանք, 10000 դահեկան տուգանք վճարելով, ազատվեցին եւ պատրիարքարանի համար տարեկան 100000-ի դրամը բարձրացնելով 140000-ի՝ հույս ունեին, որ պատրիարքի ընտրությունը հետաձգված է: Սակայն Թովմաս Բերիացին Ադրիանուպոլսում ներկայացավ մեծ վեզիրին եւ պատրիարքարանի տուրքը 400000-ի բարձրացնելով՝ ստացավ պատրիարք կոչվելու հրովարտակ: Նա սկզբում, իբրեւ փոխանորդներ, ուղարկում է Նիկողայոս Թլկուրանցի եւ Դավիթ Բերիացի վարդապետներին եւ Աստվածատուր Վանեցի երեցին: Նրանցից անմիջապես հետո՝ 1657-ի մայիսի 13-ին, փոխվեզիր Սինան փաշայի հետ ինքն էլ գալիս է Կ. Պոլիս: Մ. Օրմանյանը, թվականները համադրելով, ցույց է տալիս, որ դա եղել է Սբ Հակոբի գրավման օրերին: Աստվածատուր երեցը, որը հայտնի է նաեւ Թըլթըլ (այսինքն՝ թոթովախոս) մականունով, ձեռներեց քահանա էր, որի անունով անգամ խմբակցություն ձեւավորվեց: Նա հարեց Թովմաս Բերիացուն, լատինասիրության կեցվածք ընդունեց, չնայած շարժառիթը խմբակցության պառակտումն էր:
Հատկապես խռովյալ եղավ 1657 թվի երկրորդ կեսը: Հույների դավաճանության բացահայտումը կարող էր հայերի համար նպաստավոր կացություն ստեղծել, բայց Թովմասի բռնած գիծը լոկ ուժեղացրել էր ներքին պառակտումը: Տեղակալների խումբը հասավ 24 հոգու՝ հովանավոր ունենալով Ռուհիջան Վանեցուն: Պատմությունը պահպանել է դրանցից 15-ի անունները: Միաժամանակ ապստամբեց փոքրասիական 18 կուսակալ՝ Հասան փաշայի գլխավորությամբ, որոնք պահանջում էին Քյոփրյուլիի հրաժարականը: Ապստամբների մեջ էր նաեւ Թիյարօղլուն, որին միացել էր Եղիազար Այնթապցին՝ կամենալով նրա միջոցով հույներից ազատել Սբ Հակոբի վանքը: Թիյարօղլուին հարելն էլ ավելի ատելի դարձրեց նրան կառավարության աչքում, ու նաեւ այդ պատճառով հայերի գործերը դրական ընթացք չէին ստանում: Իր հերթին Ռուհիջանը եւ մի քանի տեղակալներ Ադրիանուպոլսում բողոքեցին Թովմասի պատրիարքության դեմ: Նրանց քշեցին, իսկ Թովմասն իր պատրիարքությունը հաստատող նոր հրովարտակ ստացավ: Սակայն ժողովուրդը չընդունեց նրա պատրիարքությունը: Թովմասն անգամ Գում-Գափուի պատրիարքարան մտնել չկարողացավ: Նա հաստատվեց Սամաթիայի Սբ Գեւորգ եկեղեցում՝ շրջապատված Բոստանջի գնդի պահակներով, որոնց վճարում էին 20 քսակ: Այս վիճակը շարունակվեց մինչեւ 1658 թ. առաջին կեսը:
Հայերի համար, անշուշտ, մեծ նվաստացում ու փորձանք էր Սբ Հակոբի վանքի գրավումը հույների կողմից, սակայն դա մի տեսակ մղվում էր երկրորդ պլան՝ Թովմասի բռնակալ պատրիարքության պատճառով: Վիճակն էլ ավելի սրվեց, երբ Թովմասը հրովարտակ ձեռք ձգեց, որով Երուսաղեմն էլ ներառվում էր նրա ենթակայության ներքո: Տեսնելով, որ չեն կարող Թովմասի՝ կաշառք տալու դեմն առնել, նրա հակառակորդները կառավարության առաջ նրան մեղադրեցին տասը տարի Հռոմում մնալու, ֆրանկների հետ համագործակցելու եւ նրանց տարազն ու կենցաղը ընդունած լինելու մեջ: Այս հաստատելու համար վկայներ էլ ներկայացրին կառավարությանը: Փոխվեզիր Սինանը դատ բացեց Թովմասի դեմ եւ 1658 թվի հուլիսի 3-ին նրան, իր փոքրավոր Մելիտոն աբեղայի հետ, բանտարկեց մահապարտների՝ Քանլըկույու բանտում: Հայ ազգային գործիչները, սակայն, պահանջում էին նրան վերացնել կամ էլ աքսորել պետության հեռավոր վայրերը, քանի որ վախենում էին, որ կաշառքի միջոցով կարող է ազատվել: Վեց թաղերի հոգեւորականները եւ ազգային գործիչները միացան, մուրհակ կնքեցին՝ առաջիկա ծախքերը հոգալու, Թովմասի՝ պահակներին վճարելիքն առավել մեծ գումարով փոխարինելու եւ պետական պաշտոնյաներին հարկ եղած հատուցումները տալու մասին: Նրանք իրենց կողմը գրավեցին Աստվածատուր պատրիարքին, որը Սբ Հակոբի վանքի գրավումից հետո եկել էր Կ. Պոլիս: Նա հույս ուներ կառավարության հրովարտակով վանքը ետ վերադարձնել: Աստվածատուրը, իհարկե, չէր կամենում խառնվել Պոլսի պատրիարքարանի խնդիրներին, սակայն, չնայած Եղիազար Այնթապցու նամակին, թե գլխավորը Սբ Հակոբի վանքի խնդիրն է, մայրաքաղաքում նրան համոզեցին այն հարցում, որ Երուսաղեմի գործը երբեք հաջող լուծում չի ունենա, քանի դեռ Թովմասը պատրիարք է: Հետո կարողացան նրանից Թովմասին նզովելու եւ դատապարտելու գիր վերցնել: Դա հնարավորություն տվեց մեղադրանքները Թովմասի դեմ ուժեղացնել, եւ Սինան փաշան որոշեց նրան մահապատժի ենթարկել, բայց ոչ հրապարակավ: Նրան բանտում թունավորեցին, իբրեւ թե ինքն է մահացել՝ 1658 թվի օգոստոսի 1-ին, իսկ երկու օր անց նրա մարմինը ծովը նետեցին: Անշուշտ, տգեղ էին կատարված իրադարձությունները, սակայն նրա փառասիրության առաջն առնելու այլ ճանապարհ չկար: Ըստ էության՝ հայ ազգայինների պայքարը պայքար էր հռոմեադավանության դեմ: Այլ խոսքով՝ մայրաքաղաքի հայությունը հռոմեասեր եւ լատինասեր չի եղել, ինչպես փորձել են ներկայացնել Մ. Չամչյանը եւ ուրիշներ:
Թովմասի մահապտժից հետո պատրիարքի տեղակալներն առավել համարձակ դարձան՝ գործակցելով Կաֆացու հետ: Կաֆացին վերադարձավ Կ. Պոլիս, եւ նրա հորդորներով կրկին բարձրացվեց Սբ Հակոբի վանքի սեփականության խնդիրը: Կաֆացին եւ նրա համախոհները դիմեցին հունգարական պատերազմից վերադարձած մեծ վեզիր Քյոփրյուլիին, սակայն շատ վատ ընդունելություն գտան եւ հազիվ կարողացան գլուխներն ազատել: Թըլթըլն ու իր խումբը, դրանից ոգեւորվելով, հոկտեմբերի 14-ին տեսակցության գնացին Քյոփրյուլիին եւ Թովմասի մահվան մեջ մեղադրեցին իրենց հակառակորդներին՝ նշելով նաեւ իրենց դրամական սուղ վիճակը: Քյոփրյուլին նրանց ետ վերադարձրեց՝ խոստանալով գործը կրկին քննել: Մեծ վեզիրին ներկայացավ երրորդ պատգամավորությունը՝ Ռուհիջան Վանեցու գլխավորությամբ: Հանդիպումը եղավ Չեքմեջե ավանում, սակայն պատվիրակության անդամները ձերբակալվեցին եւ բանտարկվեցին Կ. Պոլսում: Դրանից ակտիվացած թըլթըլյաններն ուժեղացնում են իրենց ամբաստանությունները, որոնց արդունքում հրաման է արձակվում՝ բոլոր տեղակալներին ձերբակալելու վերաբերյալ: Մեղադրվում է փոխվեզիրը եւ արժանանում հանդիմանության: Ի վերջո ձերբակալվածները կաշառքով ազատվում են: Թըլթըլի խմբակցությունն սկսում է վախենալ վտանգվելուց: Եղած ծախսերը եւ խոստացված գումարների վճարումը դրվում են վեց թաղերի վրա, որ հասնում էին հարյուրավոր քսակների: Ներքին վեճերը մեծացան, բռնի հանգանակությունները շարունակվեցին, քանի որ մեծ վեզիրի հրամանով ծախսերի վճարումը դրված էր անխտիր բոլորի վրա: Երուսաղեմի գործը կրկին մղվեց երկրորդ պլան, կառավարության քաղաքականությունը բոլորովին հայանպաստ չէր, քանի որ ապստամբները մոտենում էին մայրաքաղաքին: Նրանց դեմ ուղարկված Մուրթեղա փաշան 1658 թվի դեկտեմբերի 11-ին պարտություն կրեց: Սակայն նա կարողացավ ապստամբների մեջ պառակտում մտցնել եւ հրամանատարներից Աբազա Հասանին իր մոտ հրավիրեց ու փայլուն ընդունելությունից հետո սպանել տվեց: Հետո՝ 1659 թվի փետրվարի 17-ին, կոտորել տվեց նրա հետեւորդներին նույնպես: Ապստամբությունը ճնշվեց: Ձերբակալվեց Թիյարօղլուն եւ գլխատվեց: Իսկ նա Երուսաղեմի գործի բարեկամներից էր:
Եղիազար Այնթապցին, որ ապստամբների բանակին էր հարել, քանիցս նամակ եւ գումար էր ուղարկել մայրաքաղաք, որ Սբ Հակոբի հարցը լուծի, սակայն արդյունիքի չէր հասել: Վախենալով իշխանություններից՝ նա հեռանում է Թիյալօղլուց եւ գաղտնի հաստատվում Կ. Պոլսում՝ Մեհմեդ աղայի պարտեզում: Նա այստեղ ապրեց 1658 թվի նոյեմբերից մինչեւ 1659 թվի փետրվարը, եւ միայն Կաֆացին ու որոշ թվով մարդիկ գիտեին այդ մասին ու ձգտում էին լուծել Սբ Հակոբի վանքի խնդիրը, ինչպես նաեւ՝ օգնել Եղիազարին: Սակայն այդ մասին թըլթըլյաններն իմացան եւ Շեկ Գասպարի միջոցով տեղյակ պահեցին իշխանություններին: Նրան ձերբակալեցին եւ դատ արեցին մեծ վեզիրի պալատում: Քյոփրյուլին արդեն ատամ ուներ նրա դեմ, սակայն Եղիազար Այնթապցին ճարտար պատասխաններով փորձեց մեղմել նրա զայրույթը: Այսուհանդերձ 1659 թվի փետրվարի 18-ին նրան շղթայակապ բանտարկեցին ենիչերիների պահականոցում: Նրան մոտենալու փորձ արեց միայն Երեմիա Քյոմուրճյանը եւ լաց եղավ, քանի որ դա մոտալուտ մահապարտության նշան էր: Եղիազարը նրան տվեց իր կնիքները եւ 500 ոսկի պարունակող ծրարը, որ նա հանձնի Ռուհիջանին՝ որպես Երուսաղեմի գործակալի կամ փոխանորդի: Սակայն մահապարտության կասկածը չհաստատվեց, եւ շատերն սկսեցին այցելել նրան: Նա էլ, ուշքի գալով նախնական շոկից, սկսեց հանձնարարել, որ Սբ Հակոբը վերադարձնելու աշխատանքները շարունակեն եւ իր համար առանձնապես չհոգան: Անգամ նամակ գրեց Կաֆացուն, ուր պարզ ասված էր, որ նա, ով կամենա իրեն ազատել՝ առանց հոգ տանելու Սբ Հակոբի վանքի ազատության խնդրին, թող Աստծու կողմից նզովվի: Միեւնույն է՝ նրա ազատության համար դիմումները շարունակվեցին, եւ ի վերջո Քյոփրյուլին հրամայեց նրան ազատ արձակել՝ անգամ առանց տուգանքի: Թերեւս դա պետք է բացատրել դատի ժամանակ Եղիազարի՝ նրա վրա թողած տպավորությամբ: 1659 թ. մարտի 22-ին՝ 32-օրյա բանտարկությունից հետո, Եղիազարը եկավ Ղալաթիա:
Նա համառ եւ նպատակադիր անձնավորություն էր եւ ազատվելուց հետո նորից ձեռնամուխ եղավ Սբ Հակոբի ազատագրությանը եւ Կ. Պոլսում տիրող կացության բարելավմանը: Նա էլ էր գտնում, որ տեղակալների իշխանությունը ճիշտ չէ, առավել եւս, որ տեղակալները հոգ չէին տարել Երուսաղեմին՝ իրենց հովանավորող Ռուհիջանի հետ ծախսելով այն գումարը, որ տվել էր Եղիազարը՝ Երուսաղեմի գործերը կարգավորելու համար: Թովմասի մահից հետո թըլթըլյաններն ընկճված էին՝ կորցրած իրենց մուտքը մեծ վեզիրի մոտ, ուստի կամա թե ակամա ստիպված եղան հասարակաց պարտք գումարի մնացորդը վճարել, որով այդ խնդիրը փակվեց: Սակայն ապրիլի 3-ին՝ Զատկի օրը, նոր խնդիր ծագեց: Պետք էր վճարել թուրքերից փոխ առած 14000 դահեկանը, որ տեղակալները ծախսել էին Թովմասի սպանությունն արագացնելու համար: Տեղակալները կամենում էին դրա վճարը դնել երուսաղեմցիների վրա, քանի որ Աստվածատուր պատրիարքը եւ Մարտիրոս Կաֆացին հայտնեցին իրենց անվճարունակ լինելը: Փորձեցին այն բարդել Եղիազարի վրա, սակայն նա սկսեց մեղադրել տեղակալներին, ինչպես նաեւ Ռուհիջանին, որ Երուսաղեմի համար նախատեսված գումարները ծախսել էին իրենց ցանկությամբ: Եվ նա ետ պահանջեց իր տված գումարները: Իսկ երբ տեղակալները գործը դատարան մտցրին, նա նույնն ասաց ե՛ւ դատարանում, ե՛ւ ժողովրդի առաջ: Բոլորը համոզվեցին, որ տեղակալների իշխանությունը պետք չէ, եւ անհրաժեշտ է Եղիազարին ընտրել պատրիարք: Եղիազարը դրան չհամաձայնեց եւ հարմար թեկնածու հայտարարեց Մարտիրոս Կաֆացուն: Ժողովուրդն ընդունեց այն եւ դիմեց կառավարությանը: 1659 թվի մայիսի 25-ին՝ Կարմիր կիրակիի երկուշաբթի օրը, Մարտիրոս Կաֆացին, որը դեռ եպիսկոպոս չէր, պաշտոնապես պատրիարք հռչակվեց, եւ տեղակալների իշխանությունը վերացավ: Դա կատարվեց Մուղնեցու անկումից չորս տարի հետո: Այդ կապակցությամբ Եղիազարը 10000 դահեկան վճարեց՝ պատրիարքարանի ծախսերի համար: Տարեկան տուրքը սահմանվեց 140000 դահեկան, ինչպես հանձն էին առել տեղակալները, եւ ոչ թե 400000, ինչպես մեծացրել էր Թովմասը: Նոր պատրիարքն իր հրովարտակից հանեց Երուսաղեմի՝ Կ. Պոլսի պատրիարքությանը ենթակա լինելը, որն ավելացրել էր Թովմասը:
Մնում էր 14000-ի խնդիրը, որի համար Եղիազարը, Աստվածատուրի եւ Մարտիրոսի հետ բողոք ներկայացրեց Ռուհիջանի եւ տեղակալների դեմ, որոնք խոստովանեցին, որ իրենք Երուսաղեմի փողերը ծախսել են ուրիշ նպատակներով: Սակայն Քյոփրյուլին նրանց կոչ արեց համաձայնության գալ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ռուհիջանը վաստակավոր է արքունիքում: Այդ ժամանակ Կաֆացին էլ իր հոտի կողմն է բռնում եւ հանդես գալիս Եղիազարի ու Աստվածատուրի դեմ: Սակայն Եղիազարն անդրդվելի մնաց, մինչեւ որոշվեց այդ պարտքի 4000-ը դնել Երուսաղեմի, 6000-ը՝ վեց թաղերի, եւ 4000-ը՝ տեղակալների վրա: Դա էլ առաջ բերեց թաղերի քահանաների դժգոհությունը. մի բան, որը Կաֆացին դատապարտեց: Խնդիրը բարդացավ այն աստիճանի, որ Մարտիրոս պատրիարքը եւ ազգային վեց գործիչները բանտարկվեցին: Հետո բոլորը հասկացան, որ աննշան բաների համար պետք չէ երկպառակտվել, եւ ոչ միայն փրկանք վճարեցին՝ ձերբակալվածների համար, այլեւ վճարեցին պարտքը:
Այս ամենը բնավ լավ չի խոսում ժամանակի՝ Կ. Պոլսի հայոց ազգային կյանքի մասին:
Եղիազարը նույնիսկ այդ պայմաններում պայքարում էր Սբ Հակոբը վերադարձնելու համար: Նա խնդրագիր ներկայացրեց մեծ վեզիրին՝ մանրամասն տեղեկություններով եւ հրովարտակների հիշատակությամբ, որ Սբ Հակոբը պատկանում է հայերին: Մեծ վեզիրն էլ հատուկ մարդ ուղարկեց Երուսաղեմ՝ հարցը պարզելու համար: Եվ ինչ. Երուսաղեմի այլազգիները վկայություն էին տվել, որ վանքը հայերինն է եղել, եւ որ հույները դրա վրա ոչ մի իրավունք չեն ունեցել: Վկայությունները վավերացված ուղարկվեցին մեծ վեզիրին: Եղիազարը, որ արդեն շատ հոգսերից ազատվել էր, նորից դիմում ուղարկեց մեծ վեզիրին: Նա նաեւ խղճի խայթ էր զգում, որ ինքն է ժամանակին, որպես ավանդ, վանքի բանալիները տվել Թիյարօղլուն եւ դրանով նպաստել վանքը հույներին հանձնելուն:
Հենց այդ օրերին վեզիր Քյոփրյուլին եւ Մեհմեդ փաշան Բուրսայում սուլթան Մեհեմեդ Դ-ի ներկայությամբ կազմակերպել էին տոնախմբություն՝ մեծ վեզիրի որդի Ահմեդ փաշայի՝ Կարնո կուսակալ նշանակվելու կապակցությամբ: Առիթից օգտվեց Եղիազարը, որը Բուրսա գնաց առատ նվերներով: Արքունի պաշտոնյաների միջոցով դիմեց մեծ վեզիրին՝ հայոց իրավունքները վերականգնելու խնդրանքով: Քյոփրյուլին, որ համոզված էր հայերի իրավունքների մեջ, դիմեց սուլթանին եւ ստացավ Երուսաղեմում հայոց իրավունքները վերականգնող հրովարտակ: Դա եղավ Խաչվերացի տոնից, այսինքն՝ սեպտեմբերի 11-ից երկու օր առաջ: Հրովարտակը վերականգնում էր հայերի բոլոր իրավունքները, մեղքը բարդում էր Թիյարօղլուի վրա եւ հույներին պատվիրում էր հակառակություն հանդես չբերել: Սույն հրովարտակով Աստվածատուր պատրիարքը ճանաչվեց Երուսաղեմի հայկական ազգային սեփականությունների իրավատերը: Սակայն հարմար գտան, որ նա շարունակի մնալ Կ. Պոլսում, եւ հրովարտակի գործադրությունը հանձնվի Եղիազար Այնթապցուն: Նրան փոխանորդության պաշտոնագիր տրվեց, եւ նա, հասնելով Երուսաղեմ, տիրացավ Սբ Հակոբին եւ ազգային հարստություններին: Դա կատարվեց 1659 թվի վերջերին: Վանքը հույներից ազատվեց երկուսուկես տարի անց:
Եղիազարն իր պաշտոնավարության մի քանի տարիների ընթացքում շքեղացրեց մայրավանքը՝ նույնիսկ օգտակարություն հանդես բերելով իր դրամական կարողությանը եւ պահած գումարներին: Կառուցում է Էջմիածին մատուռը, պատրիարքական աթոռը, կարգի է բերում Յոպպեի կալվածքները եւ Ռամլեի վանքն ու եկեղեցին, Գազայի եկեղեցին եւ մայրավանքի աբեղաթաղը:
Բարդ էին գործերը Կ. Պոլսում: Առաջին անգամ Մարտիրոս պատրիարքը Եղիազարի հետ միասին վճարեց 140000 դահեկան, սակայն հաջորդ տարի նրանից 400000 պահանջեցին: Դա արվում էր՝ Թովմասի հրովարտակին հետեւելով: Գործը կարգավորելու համար Մարտիրոսը գնաց Ադրիանուպոլիս, սակայն չհաջողեց եւ բանտարկվեց: 40 օր անց նրան ասացին, որ կան մարդիկ, որ պատրաստ են այդքան վճարել եւ պատրիարք դառնալ: Մարտիրոսը զիջեց, բայց Քյումուրճյանն ընդդիմացավ: Հավելյալ գումարը որպես կաշառք տալով՝ նա կարողացավ օրինական տուրքը պահել 140000-ի չափով:
Պատրիարքը 1600 թվի ապրիլի 16-ին Ադրիանուպոլսից դուրս եկավ եւ ապրիլի 22-ին Զատիկը կատարեց Ռոդոսթոյում, հետո գնաց Կ. Պոլիս, որտեղ՝ Ղալաթիայում, ապրիլի 7-ին հրդեհ էր եղել: Հուլիս ամսին էլ մի ահավոր հրդեհ Կոստանդնուպոլիսն անապատի վերածեց: Հրդեհը երեք օր տեւեց եւ քաղաքի հյուսիսից մինչեւ կենտրոնը տարածվեց՝ հյուսիսային քամու պատճառով: 30000 տուն եւ 3000 մարդ այրվեցին: Հայոց եկեղեցիներից այրվեցին Սբ Նիկողայոսը, Սբ Սարգիսը, իսկ Գում-Գափուի եկեղեցին կրակից հազիվ ազատվեց: Բազմաթիվ հայեր մնացին անօթեւան, սակայն պատրիարքի համար դրան գումարվեց գավառացիների խնդիրը: Գավառացիները տեղերում պետք է վճարեին տուրքերը՝ բաշխված բոլորի վրա: Սակայն շատերը, գալով Կ. Պոլիս, հարստանում էին եւ չէին մտածում իրենց հայրենիքի տուրքերը վճարելու մասին: Այդ պատճառով Եվդոկիայից, Սեբաստիայից, Կամախից, Տիվրիկից եւ այլ քաղաքներից պատվիրակներ եկան մեծ վեզիրի մոտ եւ արտոնություն ստացան իրենց հարկ չվճարող գավառացիներին ցույց տալ: Ղազար Սեբաստացին, որ Տիվրիկի եպիսկոպոսն էր եղել եւ հետո եկել էր Կ. Պոլիս, անցավ գանգատավորների գլուխ եւ մեղադրելով Մարտիրոս պատրիարքին՝ շատ մարդկանց իր կողմը գրավեց, որոնց առաջնորդում էր Շրվան Տիվրիկցին: Ղազարին աքսորել տալ չստացվեց, եւ նա ավելի ուժեղացավ: Նա կարողացավ պաշտոնանկ անել պատրիարքին եւ իր համար պատրիարքության հրովարտակ ստանալ՝ կաշառքի ու նվերների օգնությամբ: Նա պատրիարք դարձավ 1660 թվի նոյեմբերին: Մարտիրոսը դիմեց Եղիազարի օգնությանը, բայց սա ավելի լավ համարեց Ղազարի պատրիարք մնալը եւ Մարտիրոսին Երուսաղեմի նվիրակ նշանակեց արեւելյան թեմերում: Դրանից օգտվելով՝ Մարտիրոսը 1661-ին գնաց Էջմիածին եւ Հակոբ կաթողիկոսի կողմից ձեռնադրվեց Ղրիմի եպիսկոպոս: Նա Ղրիմում առանձին ընդունելություն չգտավ, բայց կարողացավ այնտեղ մի քանի տարի մնալ, քանի որ կաֆացի էր:
Ղազարի պատրիարքությունն էլ օդից կախված էր, քանի որ ամեն ինչ պետք է աներ, որ աթոռի վրա մնար: Նա կարողացավ վերականգնել Սբ Նիկողայոսի այրված եկեղեցին՝ օգտվելով մեծ վեզիրի բացակայությունից, ինչպես նաեւ հույների՝ այրված ինը եկեղեցիների վերաշինության նախաձեռնարկ լինելուց: 1661 թվի հոկտեմբերի 31-ին մահացավ Քյոփրյուլի Մեհմեդ մեծ վեզիրը, որն իր պաշտոնավարության հինգ տարիների ընթացքում 30000 մարդու տարբեր պատճառներով սպանել էր՝ ցույց տալու համար պետության ահարկու ուժը: Նրան հաջորդեց նրա որդի Ահմեդը, որին երկու տարի առաջ Կարնո կուսակալ էին նշանակել: Այդ ժամանակ նա ընդամենը 26 տարեկան էր եւ ավելի շատ հիշվում էր Քյոփրյուլիօղլու անունով՝ հորից զատվելու համար: Սա շարունակեց հոր քաղաքականությունը եւ հունգարների դեմ պատերազմից ետ գալով՝ հիմնահատակ քանդել տվեց հայերի եւ հույների վերաշինած եկեղեցիները, որոնց համար հրովարտակ չկար: Դա կատարվեց Զատկի օրը՝ 1662 թվի մարտի 30-ին: Ղազար պատրիարքի վիճակը ծանրացավ: Նրա դեմ դուրս եկավ Հովհաննես Թութունչին կամ Հովհաննես վարդապետ Արեւելցին: Վերջինս սկզբում պաշտոնվարել էր Հոգյաց Սբ Աստվածածին, Սալնապատի եւ Վարագա վանքերում: Վարագա վանքում նա առու էր անցկացրել, որը հետագայում լրիվ ավերվել է: Նա, որպես Էջմիածնի նվիրակ, Կ. Պոլսում մեծ գումար էր հավաքել եւ Ղազարի դեմ դժգոհությունը տեսնելով՝ որոշեց պատրիարք դառնալ: Նա հարեց թըլթըլյաններին եւ Թըլթըլ երեցի հետ գնաց Սիլիվրի՝ Քյոփրյուլիօղլուին տեսության: Մի խոսքով՝ նա մեծ գումարով գնեց պատրիարքության հրովարտակը: 1663 թվի փետրվարին նա տիրացավ պատրիարքությանը: Չի բացառվում, որ դա եղավ նույն թվի մարտին: Իրեն ապահով զգալու համար նա Ղազարին բանտարկեց: Իր պաշտոնավարելն արդարացնելու համար նա հենվում էր այն փաստի վրա, որ ինքն Էջմիածնի նվիրակ էր, մինչդեռ Ղազարը Սսում էր ձեռնադրվել: Սակայն նա, որպես Էջմիածնի նվիրակ, հավաքած փողերը ծախսել էր անձնական նպատակներով: Նա այդ խոստովանում էր, որ ժողովրդին լռեցնի, եւ խոստանում էր պատրիարքարանի եկամուտներով Էջմիածնի գումարները ետ վերադարձնել: Եվ իբրեւ իր ասածի երաշխավորներ՝ հիշատակում էր արեւելցի իշխանավորներ Խոսրովին եւ Միրզային: Թըլթըլյան խմբակցությունը նույնն էր պնդում, որպեսզի իր ձեռքից բաց չթողնի պատրիարքին: Երաշխավորագիր պատրաստվեց եւ Մինաս Արեւելցի վարդապետի ու մի աշխարհականի ձեռքով կաթողիկոսին ուղարկվեց՝ խնդրանքով, որ կաթողիկոսը հաստատի նրա պատրիարքությունը: Սակայն Ղազարի կողմնակիցները նրանց Քարթալում ձերբակալեցին եւ ազատ արձակեցին միայն 10 օր հետո՝ մեծ տուգանք վերցնելով: Կաթողիկոսն էլ նամակ ուղարկեց եւ պահանջեց հավաքված գումարները: Նա Ղազարին էլ չէր պաշտպանում, քանի որ վերջինս հակաէջմիածնական էր, բայց մեղադրում էր Հովհաննես Թութունչուն: Կ. Պոլիս եկավ Էջմիածնի նոր նվիրակը՝ Գաղատիայի առաջնորդ Մինասը, սակայն ժողովուրդը, այս ամենից զզված, նրան էլ բանի տեղ չդրեց: Դժգոհության պատճառն այն էր, որ Էջմիածինը հաճախ էր նվիրակներ ուղարկում՝ դրամ հավաքելու: Նվիրակները մեռոն բաշխելու իրավունք ունեին, որի համար մեծ գումարների էին պահանջում, կեղեքում էին ու հոգեւորական պատիժներ տալիս: Դրանից դժգոհներն անգամ Օսմանյան իշխանություններին դիմեցին, որ Պարսից կողմից նվիրակներին չընդունեն: Մեծ վեզիրը նման հրահանգներ ուղարկեց իր կուսակալներին: Այս ամենը հող նախապատրաստեց հակաթոռ կաթողիկոսություն ստեղծելուն:
Այժմ մի պահ հեռանալով այս իրադարձություններից՝ փորձենք անդրադառնալ Եվրոպայի հայերի խնդիրներին: Փիլիպոս կաթողիկոսի օրոք Նիկոլ եպիսկոպոսի եւ լվովցիների միջեւ 1652 թվի հաշտությունն արմատական չեղավ: Նիկոլն իր հռոմեադավանությանը հայկական կերպարանք էր տվել, իսկ ժողովուրդն իր հայադավանությանը՝ հռոմեական: Միակ առավելությունն այն էր, որ դավանական խնդիրները վերացել էին: Սակայն Նիկոլը շարունակում էր իր անպարտում գործունեությունը եւ արքեպիսկոպոսարանում ապրում էր իր սիրուհու հետ, որը կուսանոցից հանված միանձնուհի էր: Սրանք երկու տղա ունեցան եւ անգամ երեխաներին իրենց մոտ էին պահում: Դժգոհություն շատ կար, բայց 11 տարի այսպես շարունակվեց: 1662 թվի հունվարի 12-ի կոնդակով Հակոբ կաթողիկոսը Հովհաննես վարդապետին նվիրակ ուղարկեց Լեհաստան՝ դրամ եւ մեռոնաբաշխության համար նվերներ հավաքելու նպատակով: Սակայն նույն տարում Լեհաստան է գալիս նաեւ պապական նվիրակը՝ Պինիաթելին, որին հայերը խնդրում են, որ Նիկոլին ուղղության բերի: Սրա հորդորները ոչ մի ազդեցություն չեն ունենում Նիկոլի վրա: Տեսնելով այդ՝ պապի նվիրակը Մարիամ Լուդովիկե թագուհու աջակցությամբ հրամայում է բռնի կորզել Նիկոլի տարփածուին, որին ամուսնացնում են մի մեծահարուստ զինվորականի հետ: Նրանք մեկնում են հեռավոր վայրեր՝ ստացած օժիտով հանդերձ: Նվիրակին դուր չի գալիս նաեւ հայերի, այսպես կոչված, հռոմեադավանությունը եւ առաջարկում է Հռոմի ծախսով դպրանոց բացել՝ արժանավոր եկեղեցականներ պատրաստելու համար: Նա գրում է Հռոմ եւ խնդրում դպրոցի հարմար վարիչ ուղարկել: Հռոմից ուղարկում են Գալանոսին, որը քարոզչության Ուրբանյան դպրոցի ուսուցիչն էր եւ գրում էր հատկապես հայերի համար: Նա 53 տարեկան էր, բավական տկարացած, բայց պաշտոնն ստանձնեց եւ իրեն ընկերակից դարձրեց Լուիզ Պիթուին, որը Թեաթինյան միաբանության անդամ էր, ինչպես նաեւ Բոնավենտուրա Կոստուցցիին ու Հռոմից մեկնեց 1663 թվի սեպտեմբերի 30-ին: Սկզբում եղավ Մյունխենում, որտեղ ձմռան պատճառով մնաց մինչեւ 1664 թվի ապրիլը եւ միայն նույն ամսի 17-ին հասավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա: Նա Լվով հասավ մայիսի 1-ին, որը հին տոմարով համապատասխանում է ապրիլի 21-ին: Հայերը հասկացել էին պապի նվիրակի հեռահար միտքը, ուստի Գալանոսը եւ նրա ուղեկիցները առանձնապես լավ չընդունվեցին նրանց կողմից: Նիկոլը նրանց սիրալիր ընդունելություն ցույց տվեց, բայց դժգոհ էր, որ իր վրա հսկիչներ են ուղարկվել: Նա նրանց մի սենյակ տվեց, որտեղ ուրիշ չորս անձինք էին բնակվում: Իսկ դրա շուրջը աղբ էր ու ձիու քակոր: Դպրոցի համար նա տեղ չտվեց եւ միայն Գալանոսի սպառնալիքից հետո նրանց հետ բնակվող չորս անձանց դուրս բերեց: Խոհանոցի համար էլ մի հեռավոր տեղ տվեց եւ մի քանի աշակերտի թույլ տվեց նրանց մոտ սովորել: Այդ վարժարանը կոչվեց Երկոտասանից Նպարունյաց:
Գալանոսի եւ նրա ընկերակիցների համար պարզ դարձավ, որ ձեւական է հայերի միությունը Հռոմի հետ, ուստի ձեռնամուխ եղան հայադավան ծեսերը զեղչելուն եւ հռոմեադավան ծեսեր ներմուծելուն: Նիկոլը դրական վերաբերմունք էր ցույց տալիս, բայց դրանք չէր գործադրում, որ ժողովրդի համար ատելի չդառնա: Սակայն Գալանոսն ու իր ընկերները իրենց նպատակներից չէին շեղվում եւ օգնություն գտնելով լեհ ազնվական Լազար Սլոնովսկուց, որը խոսում էր 78 լեզվով, սակայն երկար տարիներ կուրացած էր, սպառնական դիրք գրավեցին Նիկոլի նկատմամբ: Նիկոլն էլ իր հերթին աշխատում էր գո