1737-1751
Ամենայն Հայոց կաթողիկոս 1737-ից։ Հաջորդել է Աբրահամ Գ Կրետացուն:
Ծնվել է մոտավորապես 1685–ին Նախիջևանի Ջահուկ (ճահուկ) գյուղաքաղաքում, մահացել 1751-ի սկզբներին Վաղարշապատում։ Ամփոփվել է Ս. Գայանե վանքի գավթի աջակողմում։
Ըստ Ղազար Ջահկեցու աշակերտ ու կենսագիր Հովհաննես Ամասիացու՝ 16–ամյա հասակում Ղազար Ջահկեցին ընդունվել է Շատիկի Անապատի դպրոցը և ուսումնառությունից հետո վանահայր Ստեփանոս Կաֆայեցու կողմից քարոզչության է ուղարկվել Ամասիա, որտեղ մնացել է մեկ տարի։
Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսի հրավերով ժամանել է էջմիածին և ձեռնադրվել եպիսկոպոս, իսկ այնուհետև ուղարկվել նվիրակության Պոնտոս, Ամասիա, Եվդոկիա և Կեսարիա։ Նվիրակությամբ էր զբաղված, երբ վախճանվեց Աստվածատուր Ա Համադանցին և շուտով կաթողիկոս օծվեց Կարապետ Բ Ուլնեցին։ Վերադառնալով էջմիածին՝ Ղազար Ջահկեցին կրկին նվիրակության է ուղարկվում, այս անգամ Ռումելի և Կաֆա, իսկ Կաֆայում եղած ժամանակ լուր է ստացվում Կարապետ Բ Ուլնեցի կաթողիկոսի վախճանի ու Աբրահամ Բ Խոշաբեցու ընտրության մասին։ Վերադառնալով էջմիածին՝ Ղազար Ջահկեցին սիրալիր ընդունելության է արժանանում նորընտիր կաթողիկոսի կողմից։ էջմիածնի կուտակված պարտքերի վճարման նպատակով Ղազար Ջահկեցին կաթողիկոսից հրաման է ստանում նվիրակության գնալու Կ. Պոլիս։ 1730-ին Թահմասպ շահի արշավանքը դեպի Երևան որոշ ժամանակ խոչընդոտում է ուղևորությունը, սակայն շահի հեռանալուց հետո Ղազար Ջահկեցին իր ուղեկից Հովհաննես Ամասիացու հետ ուղևորվում է Կարս, այնուհետև՝ Դարանաղյաց գավառ, Եվդոկիա, և ապա Կ. Պոլսում հյուրընկալվում Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքի մոտ։ Ավարտելով նվիրակությունը Կ. Պոլսում և Սկյուտարում՝ Թրակիայի առաջնորդ Աբրահամ Կրետացու կողմից հրավիրվում է Ադրիանուպոլիս, որտեղ ավարտելով նվիրակությունը, կրկին ժամանում է Կ. Պոլիս: Շարունակելով նվիրակությունը՝ նա անցնում է Նիկոմեդիա, Քյոթահիա, Բուրսա և Զմյուռնիա, որտեղ և որպես հայրապետական նվիրակ համեմատաբար մնացել է երկար:
Իր ճարտասանությամբ, նվիրակությունների ընթացքում քարոզչական արվեստով ու հոգևոր եկեղեցական աշխույժ գործունեությունը զուգակցելով գրական վաստակով՝ Ղազար Ջահկեցին որոշակի հեղինակություն էր ապահովել, որի շնորհիվ Աբրահամ Գ Կրետացու մահից հետո Գրիգոր Շղթայակիր և Հովհաննես Կոլոտ պատրիարքներից հետո նա համարվում էր կաթողիկոսական աթոռի առավել ընդունելի թեկնածու: Գրիգոր Շղթայակրի ու Հովհաննես պատրիարքի հրաժարականներից հետո ընտրությունը կանգ է առնում Ղազար Ջահկեցու թեկնածության վրա, և նա Զմյուռնիայից ճանապարհվում է էջմիածին ու ստանձնում կաթողիկոսական գահը:
էջմիածնում Ղազար Ա Ջահկեցին ծավալել է բուռն գործունեություն: Նրա գահակալումը համընկել է Իրանում Նադիր շահի (1736-1747) կառավարման ալեկոծ ժամանակներին, երբ կենտրոնացված պետության ստեղծմանն ուղղված վերջինիս քաղաքականությունն ուղեկցվել է հարկահավաքման խստացումներով ու դաժան պատիժներով:
Նադիր շահի պահանջով Ղազար Ա Ջահկեցին 1744-ին այցելել է Մեշհեդ, որտեղ պարտադրվել է վճարել ծանր տուգանք և ապա ձերբակալվել: Հակոբ եպս. Շամախեցին, որ կաթողիկոսական տեղապահն էր, լայն միջնորդություններ է կազմակերպել Նադիր շահին համոզելու՝ Հայոց կաթողիկոսին ազատ արձակելու և կրկին իր աթոռին վերադարձնելու նպատակով: Վեց ամիս անց Ղազար Ա Ջահկեցին բանտից ազատվել է և վերահաստատվել կաթողիկոսական գահին: Պարսկական իշխանությունների բռնություններից խույս տալու համար նա փախել է Կարին: էջմիածնում հրավիրված ժողովը զրկել է նրան կաթողիկոսական գահից, աքսորել Սևան և կաթողիկոս ընտրել Պետրոս արքեպ. Քյություրին: Սակայն 10 ամիս անց Ղազար Ա Ջահկեցուն հաջողվում է ազատվել բանտից, վերադառնալ էջմիածին և կրկին բազմել կաթողիկոսական աթոռին: Պետրոս Քյություրը ձերբակալվում է, ուղարկվում Ջահուկ, որ տեղ և կնքում է իր մահկանացուն: Աջակցել է Իմամ Ջաֆարի օրենքի կիրարկումից և Նադիր շահի հալածանքներից խույս տված, Նախիջևանից Արևմտյան Հայաստան ու Զմյուռնիա փոխադրված բնակչությանը սեփական ծննդավայրեր վերադարձնելու գործին:
Կառուցել է էջմիածնի վանքի Վեհարանը և Ղազարապատ հյուրատունը: Ղազար Ա Ջահկեցին Մայրավանք է հրավիրել Նաղաշ Հովնաթանի Հակոբ և Հարություն որդիներին, որոնք 1750-ին Մայր Տաճարում կատարել են ծաղկազարդման աշխատանքներ:
Երկասիրել է «Գիրք Աստուածաբանութեան, որ կոչի Դրախտ ցանկալի» աշխատությունը (1735), որ նվիրված է Հայոց ինքնության, հայ րենիքի ազատագրության ու եկեղեցու դավանանքի պաշտպանությանը, գրել է տաղեր, որ ամփոփված են «Գիրք նորաբոյս, որ կոչի երգարան» (1737), «Գիրք աղօթից, որ կոչի Աստուածաղերս» (1744)։
Կաթողիկոսական գահին Ղազար Ա Ջահկեցուն հաջորդել է Մինաս Ա Ակնեցին։