ԴԱՎԻԹ Ա ԱՐԱՄՈՆԵՑԻ

ԴԱՎԻԹ Ա ԱՐԱՄՈՆԵՑԻ

(728-741)
 

Հայրապետական աթոռին Հովհան Օձնեցուն 728 թ. հաջորդեց Դավիթ կաթողիկոսը, որն Այրարատի Կոտայք գավառի Արամոնք (ներկայումս՝ Արամուս) գյուղից էր: Արամոնքը քրիստոնեության պետական կրոն հռչակելու ժամանակներից, Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկությամբ, եղել է կաթողիկոսական կալված կամ ձեռական երկիր, որը Մ. Օրմանյանին ենթադրել է տվել, թե ապագա կաթողիկոսը մանուկ հասակից մեծացել է կաթողիկոսարանում: Հավանաբար նրա հայրապետության շրջանն աչքի չի ընկել նշանավոր գործերով, ուստի եւ չի արժանացել պատմիչների առանձնակի ուշադրությանը: Հովվապետել է 12 եւ կես կամ 13 տարի, որով նրա մահն ընկնում է 741 թվին: Ըստ երեւույթին, նրա աթոռակալության սկզբում Արմինիայի ոստիկան էր Վալիդը, որին փոխարինում են խազիրների (խազարների) դեմ արշավանքի ուղարկված Սայիդ զորավարը կամ, ըստ հայկական աղբյուրների, Սեթ-Հարաշը եւ Հեշամ խալիֆի եղբայր Մսլիմը կամ Մյուսլեմանը: Վերջինիս գործունեությունից դժգոհ՝ Հեշամը 731 թվին նրան ետ կանչեց եւ Հայաստան ուղարկեց Մրվան-իբն Մուհամեդին, որը դրանից առաջ էլ Արմինիայի կուսակալ էր եղել: Արաբա-խազարական պատերազմները, որում հայերը մասնակցում էին որպես արաբական բանակի օժանդակ զորաբանակներ, շարունակվեցին փոխադարձ մերթընդմերթ հաղթանակներով, որի արդյունքում ավերվում էին ոչ միայն խազարական խաքանության տիրույթները, այլեւ այսրկովկասյան երկրները՝ մասնավորապես Աղվանքն ու Հայոց Արեւելից կողմերը՝ մինչեւ Զարեւանդ գավառ:


Արաբական զորավար Մրվանն իր գործունեության հենց սկզբում խորապես գիտակցեց հայկական զինուժի կարեւորությունը խազարների դեմ մղվող պայքարում, ուստի հայ նախարարներին հրավիրելով Դվին՝ խաղաղության առաջարկ արեց եւ Վասակ Բագրատունու որդի Աշոտին հանձնեց երկրի պատրիկական իշխանությունը՝ Հեշամի հատուկ հրամանով: Քանի որ Աշոտը մինչ այդ զբաղեցրել էր պատրիկական իշխանությունը, հասկանալի է, որ նա նորից էր հաստատվում իր պաշտոնում: Արաբների հիշյալ քաղաքականությունը պայմանավորված էր նշանակալից չափով հայ-արաբական հարաբերությունների սառնությամբ, որովհետեւ խազարների դեմ մղվող պայքարում արաբները, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, սկսել էին խեթ աչքով նայել հայ զինվորականությանը: Աշոտ Բագրատունուն շնորհելով պատրիկական իշխանությունը եւ մեծացնելով վերջինիս իրավասությունները՝ արաբական իշխանությունները, անտարակույս, փորձում էին բարելավել հարաբերությունները հայ նախարարության հետ: Սակայն Աշոտի պաշտոնավարությունն առաջ բերեց Գրիգոր եւ Դավիթ Մամիկոնյանների դժգոհությունն ու թշնամությունն արաբ կուսակալի հանդեպ, որը եւ նրանց ձերբակալելով՝ ուղարկեց Դամասկոս՝ խալիֆի տնօրինությանը, որտեղից նրանք աքսորվեցին Էմանի անապատը:


Ունենալով հայերի աջակցությունը՝ Մրվանը ներխուժեց խազարների տիրույթները, գրավեց մայրաքաղաքը, ավերեց ու ավարի ենթարկեց այդ հեռավոր երկրները՝ ստիպելով խազարներին հաշտություն խնդրել եւ հրաժարվել արաբական տիրույթների վրա հարձակվելուց: Վերադառնալով Պարտավ՝ Մրվանն ավարի մեկ հինգերորդն ուղարկեց խալիֆին եւ մի նշանակալից մասն էլ հանձնեց Աշոտ Բագրատունուն ու մյուս հայ նախարարներին՝ բազմաթիվ գերիներով:
Խազարական արշավանքից հետո Աշոտ Բագրատունու հեղինակությունը խիստ բարձրացավ, եւ նա մեկնեց Դամասկոս՝ կարգավորելու հայ-արաբական հարաբերությունները, որոնց մեջ հատկապես առանձնանում էին հայոց այրուձիուն տրվող ռոճիկը, որը տարեկան կազմում էր հարյուր հազար դահեկան, եւ հարկային լծի թեթեւացումը: Հայոց պատրիկի առաքելությունն ավարտվեց փայլուն հաջողությամբ: Աշոտ Բագրատունին ստացավ հայոց այրուձիու երեք տարվա չվճարված ռոճիկը եւ արժանացավ չտեսնված ընդունելության: Հայաստանում, շնորհիվ Մրվանի եռանդուն գործունեության, կարգ ու կանոն եւ խաղաղություն հաստատվեցին: Հատկապես պատիժներ ստացան Հայաստանում հաստատված արաբ գաղթականները, որոնցից շատերը՝ հասարակական կարգը խախտելու, ավազակություն, թշնամություն հրահրելու համար:


Այս տարիներին, դժվար է ասել, թե ինչ շարժառիթներով, Դավիթ կաթողիկոսը Դվնից հեռացավ իր հայրենի Արամոնք գյուղը՝ օգտագործելով վերջինիս կաթողիկոսական կալված լինելը: Հայոց հայրապետը, Արամոնքը փաստորեն վերածելով կաթողիկոսանիստի, այնտեղ մի հոյակապ եկեղեցի կառուցեց՝ հարակից բնակելի շինություններով: Կաթողիկոսի մասին սկզբնաղբյուրներն այլ տեղեկություններ չեն պահպանել, ուստի հետաքրքրություն են ներկայացնում նրա աթոռակալության տարիներին տեղ գտած մի շարք իրադարձություններ, որոնց մեջ առանձնանում է Վահան Գողթնացու նահատակությունը:


Վահան Գողթնացին, վերադառնալով Հայաստան եւ քրիստոնեական հավատին դառնալով, բավական երկար ժամանակ ապրեց խաղաղության մեջ՝ իր հայրենի Գողթն գավառում: Նա ամուսնանում է, սակայն ոչինչ հայտնի չէ նրա զավակներ ունենալու մասին: Պատերազմական թոհուբոհից ուշքի եկած արաբական արքունիքը սկսեց հետաքրքրվել հայրենիք վերադարձած Վահան իշխանով ու պարզեց, որ նա վերադարձել է հայրենի հավատին եւ արհամարհում է իսլամը: Հեշամ խալիֆը քրիստոնյաների մեծ հալածիչներից չէր, սակայն մահմեդական օրենքով իսլամ ընդունածն այլեւս հայրենի հավատին վերադառնալ չէր կարող, իսկ օրենքը խախտելու համար ենթակա էր ամենախիստ պատժի: Վահանի հալածանքները սկսվեցին 732 թ.՝ նրա նահատակությունից հինգ տարի առաջ: Իմանալով իրեն փնտրելու մասին՝ Վահան Գողթնացին որոշում է անաղմուկ հեռանալ եւ խուսափել պատժից: Վերցնելով իր հետ քսան հեծյալների՝ նա փորձում է անցնել Բյուզանդիա՝ առաջ բերելով տնեցիների շփոթն ու անհանգստությունը: Կնոջ եղբայրները, որ Սյունյաց նախարարներ էին, շուտով նրան հայտնաբերում են Վայոց ձորում եւ մեծ թախանձանքներով ետ բերում: Հայտնվելով Սյունյաց քաղաքում (իմա՛ Շաղատ)՝ աներանց տանը, եւ տեղի տալով խնդրանքներին ու թախանձանքներին՝ Վահան իշխանը բացահայտում է իրեն փնտրելու հանգամանքը եւ իր գաղտնի հեռանալու շարժառիթները՝ առաջ բերելով հարզատների լացն ու կոծը: Կնոջ խնդրանքին՝ իր հետ մեկնել եւ մեռնել, վշտահար իշխանը չի համաձայնում եւ մենակ մեկնում է Վրաց աշխարհ՝ փորձելով այդ կողմերի նախարարազուն հարազատների միջոցով փրկության ճանապարհ գտնել:


Շուրջ մեկ տարի մնալով այստեղ եւ մտածելով, թե վտանգն ինչ-որ չափով անցել է, նա իր ուղեկցողներով գալիս է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Հովհաննավանք՝ ապաստան գտնելով 733 թ. ամռան ամիսներին: Այստեղ էլ սկսվում են առաջին դժվարությունները: Նրան ուղեկցող զինվորները, այլեւս վճար չստանալով, քանի որ Վահանի՝ իր հետ վերցրած գումարը սպառվել էր, լքում են նրան ու հեռանում, իսկ մեկն էլ, որ որոշ ժամանակ մնում է նրա հետ եւ նրան սիրողներից էր, փոխում է իր վերաբերմունքը եւ պահանջում նրա նժույգն ու սուրը՝ սպառնալով այլապես մատնել նրան իր արյունը փնտրողներին: Վահան Գողթնացին ստիպված էր նրա պահանջը կատարել՝ մնալով առանց օգնականի ու միջոցների: Աղքատի կերպարանք առած՝ նա գալիս է Վաղարշապատ քաղաք՝ խորհրդակցելու Հայոց իշխանի եւ կաթողիկոսի հետ: Այս տեղեկությունը մի փոքր մտահոգիչ է, քանի որ այդ շրջանում կաթողիկոսանիստը Դվինն էր, եւ Հայոց հայրապետի բնակության վայրը՝ Արամոնք գյուղը: Թերեւս Վահան Գողթնացին օգտվում է կաթողիկոսի Վաղարշապատ ժամանելուց, որը շատ էլ հեռու չէր Հովհաննավանքից, եւ այցելում է նրան՝ աղքատի կերպարանք առած՝ չճանաչվելու նպատակով: Դատելով Վահան Գողթնացու վկայության պատմությունից՝ Դավիթ կաթողիկոսը Վաղարշապատ էր ժամանել Աշոտ Բագրատունի պատրիկի հետ միասին: Սակայն արաբական տիրապետության տակ գտնվող հայոց հոգեւոր եւ աշխարհիկ տերերը նրան ոչնչով օգնել չեն կարողանում: Կաթողիկոսը միայն խորհուրդ է տալիս նրան մեկնել մի որեւէ անապատ (ճգնավայր), որպեսզի ուրիշներին վնաս չպատճառի:


Վահանը լավ էր հասկանում ահագնացող վտանգի մեծությունը, ուստի վրա հասած ձմեռն անցկացնելով Արագածոտնում՝ 734 թվի գարնանը որոշում է ուղեւորվել անապատներից մեկը: Հանդիպելով գրաստով մի տղամարդու՝ նա խնդրում է իրեն մի որեւէ անապատ տանել եւ որպես վարձ՝ հանձնում է իր ձեռքի մատանին, հավանաբար, պաշտոնական կնիք կրողը: Անծանոթը նրան բերում է Շիրակ գավառի մենավորանոցներից մեկը՝ մինչեւ մեծ Զատկի օրերը (մինչեւ 734 թ. մարտի 28-ը): Մ. Օրմանյանի կարծիքով՝ հիշյալ մենավորանոցը Խծկոնքի վանքն է, քանի որ Շիրակի գավառում այլ անապատ չի հիշվում:


Վահան Գողթնացին այստեղ ճգնում է վեց ամիս, սակայն գաղտնիքը բացվում է, եւ մոտակայքի իշխանուհիներից մեկը, լուր առնելով նրա՝ անապատում գտնվելու մասին, կրոնավորներից պահանջում է նրա հեռացումը, որպեսզի մենակյացների կորստյան պատճառ չդառնա: Վահան իշխանին այլ բան չէր մնում, բայց եթե ոչ՝ հեռանալ հիշյալ անապատից եւ գնալ մի աչքի չընկնող ու սակավամարդ վայրում գտնվող անապատ, որտեղ ճգնում է եւս մեկ տարի՝ «միով հանդերձիւ եւ բոկոտն»: Այդ վանքում, որ Նիգ գավառի Թեղենյաց ուխտն էր, նա մնում է 734 թ. աշնանից մինչեւ 735 թվականի աշուն: Երկար խորհելով իր վիճակի մասին եւ ելնելով այն իրողությունից, որ ինքը պարտադրված է եղել ընդունել իսլամը, ուստի եւ իրավունք ունի դառնալու իր հայրերի հավատին՝ նա որոշում է գնալ արաբական խալիֆի արքունիք եւ իր բարեկամների օգնությամբ ամիրապետից թույլտվություն ստանալ քրիստոնեական հավատին մնալու, իսկ չհաջողելու դեպքում, հանուն իր հավատի, կյանքը զոհել: Ստանալով Թեղենյաց վանքի ճգնավորների օրհնությունը՝ նա 735 թ. աշնանը կրկին գալիս է Հովհաննավանք, անցկացնում 735-736-ի ձմեռը եւ պատրաստվում մեկնելու Արաբիա: Չնայած ոմանց խորհրդին, որոնք արգելում էին նրան այդ քայլը ձեռնարկել, Վահան Գողթնացին իր մտադրությունից հետ չի կանգնում եւ վանահայր Հովհաննես վարդապետից գրաստ, հագուստ եւ դրամ, ինչպես նաեւ երիտասարդ վանականներից մեկին ուղեկից եւ սպասավոր ստանալով՝ 736 թվի ամռանն ուղեւորվում է Մաքենոցաց վանք, որի առաջնորդն էր Մանազկերտի ժողովի մասնակից Սողոմոն վարդապետը: Այստեղ նա սուրբ Խաչի տոնին «հաղորդէր մարմնոյ եւ արեան Տեառն», որն ընկել է 736 թվի սեպտեմբերի 16-ին, եւ Սողոմոն վարդապետից անհրաժեշտ օգնություն եւ պատշաճ խրատներ ստանալով՝ մեկնում է Բզնունյաց գավառի՝ Արծկեից ոչ շատ հեռու գտնվող Երաշխավոր վանքը, որ գտնվում էր Նեխ-Մասիք լեռան փեշերին: Վանահայր Արտավազդ վարդապետը, որ հետագայում գրել է նրա նահատակության պատմությունը, նրան հիանալի ընդունում, պահում է երեք օր եւ անհրաժեշտ պետքերը հոգալով եւ վանականներից մեկին ուղեկից տալով՝ նրան ճանապարհում Արաբիա:


Ուղեւորության ժամանակ Վահան Գողթնացին հանդիպում է բազում հեծյալների, որոնք վերադառնում էին պատերազմից՝ հյուսիսային կողմերից՝ հետեւելով Մրվանին, որ նշանակվել էր Միջագետքի ոստիկան: Նա իջեւանում է Ուռհայում կամ Եդեսիայում, ուխտ է անում փրկչական կենդանագրին, Ռաքքա կամ հին Կալլինիկում քաղաքի մոտ անցնում է Եփրատը եւ հասնում Ռուծափ կամ Սերգիուպոլիս քաղաքը (այժմ՝ Ռուզաֆա), որտեղ այդ ժամանակ գտնվում էր Հեշամ ամիրապետը: 737 թվի մարտի 1-ին՝ Մեծ պահոց կեսին, ժամանելով Ռուծափ՝ նա իրեն ուղեկցող վանականներին ետ է ուղարկում՝ նրանց չվտանգելու համար, մի քանի օր կանգ է առնում քաղաքից դուրս եւ համոզվելով, որ իրեն ոչ ոք չի փնտրում, լուր է տալիս ամիրապետի՝ իր ծանոթ պաշտոնյաներին: Վերջիններս, նրան տեսնելով այդ խղճալի վիճակում, խորհուրդ են տալիս ոչինչ չհայտնել եւ զբաղեցնել իր նախկին պաշտոնը: Սակայն Վահան Գողթնացին հայտնում է իր հաստատակամությունը քրիստոնյա մնալու հարցում եւ այն ամիրապետի առաջ պաշտպանելու իր վճռականությունը: Նա դիմում է դպրապետին, որ առաջներում իր ուսուցիչն էր եղել, ինչպես նաեւ պետության ելեւմտից իշխանին եւ համոզվելով, որ նրանցից միջնորդություն չի ստանա, իր ասելիքը գրավոր, դահճապետ Հիմացվոց իշխան Քաբշի ձեռքով, հանձնում է խալիֆին: Վերջինս կարգադրում է նրան իր մոտ բերել եւ սկզբում թախանձանքով, այնուհետեւ խոստումներով ու սպառնալիքներով փորձում է Վահանի միտքը փոխել: Վերջինս փորձում է պաշտպանել քրիստոնեությունը դավանելու իր իրավունքը, հրաժարվում է գանձ ու հարստությունից, համաձայնվում է զրկվել հայրենի իշխանությունից՝ հանուն նախնիների հավատի: Հեշամը, կորցնելով հույսը, զայրացած նրան բանտարկում է եւ կարգադրում ոտները կոճղի մեջ պնդել: Այս վիճակում նա մնում է ութ օր՝ մարտի 9-ից մինչեւ 17-ը, այսինքն՝ մինչեւ Ծաղկազարդի կիրակին: Նրա մոտ են ուղարկում իսլամ հոգեւորականների, որոնք կրոնական հարցերում վիճաբանելիս պարտվում եւ ամոթահար ետ են վերադառնում: Սուրհանդակներ են ուղարկվում Մրվանի մոտ՝ նրա մասին ճիշտ տեղեկություններ ստանալու համար, եւ պատասխան են ստանում, թե Վահան Գողթնացին «յիմաստութենէ ոչ օտար եւ բարետոհմիկ» մեկն է, ո՛չ հիվանդ եւ ո՛չ էլ՝ օտարուսումնառու:


Շուտով Վահան Գողթնացին համոզվում է, որ իրեն քրիստոնեությունն ազատ դավանելու իրավունք չեն տա, ուստի ինքը՝ որպես իսլամությունից հրաժարված, նահատակվելու է: Բանտում նա հրաժարվում է հակոբիկ ասորի երեցից հաղորդվել եւ բանտապանին հրաժեշտ տալիս շնորհակալություն է հայտնում նրա գթառատության համար: Մարտի 18-ին՝ Ավագ երկուշաբթի օրը, Վահանը դատաստանի է կանչվում եւ համոզելու, խոստումներ տալու եւ սպառնալիքների անհաջող փորձերից հետո դատապարտվում է մահվան: Մահմեդական իշխանավորների եւ հոգեւորականների վրա հատկապես ճնշող ազդեցություն են ունենում Վահանի համարձակ պատասխանները: Հեշամը, որ դեռ հույս ուներ նրան դարձի բերելու, դահճապետին կարգադրում է վախեցնել նրան սուր ճոճելով ու փայլեցնելով: Դահճապետն անգամ սակավ արյուն է հեղում, սակայն Վահանը հարազատ է մնում քրիստոնեությանը: Համոզվելով Հայոց իշխանի՝ իսլամին վերադառնալու անկարելիության մեջ՝ դահճապետն ի կատար է ածում մահապատիժը՝ սրով հատելով նրա գլուխը: Նա նահատակվում է 737 թ. մարտի 18-ին՝ Ավագ երկուշաբթի օրը՝ ցերեկվա ժամը 9-ին, որը համապատասխանում է հայոց շարժական տոմարի 185 թվականի մարերի ամսի 27-ին, որն անհայտ շարժառիթներով՝ «Յայսմաւուրք»-ում փոխարկվել է արեգի ամսի 20-ի:


Վահանի մարմինն այդ գիշեր մնում է մահապարտների մարմինները նետելու վայրում, որին ոչ ոք, անգամ շները չեն մոտենում: Իսկ հաջորդ օրը ներքինապետը հրաման է տալիս, որ քրիստոնյաներն իրենց կարգով նրան հողին հանձնեն: Հավաքվում են հակոբիկները, նեստորականները, հոռոմ-ուղղափառները եւ նրան թաղում օտարների գերեզմանոցում, իսկ հագուստի կտորները եւ արյունաշաղախ հողը հավաքում են ու պահում: Հոռոմներից մեկը փորձում է անգամ գողանալ մարմինը, սակայն Ռուծափի ասորի եպիսկոպոսը տեր է լինում մարմնին եւ գերեզմանի վրա վկայարան կառուցում: 744 թ. Ռուծափ է գալիս Երաշխավորի վանքի առաջնորդ Արտավազդ վարդապետը, որը քննելով կատարվածը եւ հավաքելով վկայություններ՝ 745 թվի հունվարի 6-ին վերադառնալով հայրենիք՝ Հայաստանում եւ Արաբիայում հավաքած լուրերի ու տվյալների հիման վրա գրում է Վահան Գողթնացու վկայաբանության պատմությունը:
Պահպանվել է Վահան Գողթնացու 5 տուն շարականը, որն իր ոճով, թերեւս, այլ հեղինակի գործ է: Վահան Գողթնացու անունը մտել է տոնելի սրբերի շարքը, սակայն անհայտ է, թե երբ եւ ում կողմից է դա կատարվել:


Դավիթ Արամոնեցու օրոք է գործում ժամանակի նշանավոր դեմքերից մեկը՝ Սյունյաց Ստեփանոս եպիսկոպոսը, որն ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ ձեռնադրվում է կաթողիկոսի կողմից: Նա Դվնի կաթողիկոսի ավագերեցի որդին էր, որը մեծանում ու կրթություն է ստանում կաթողիկոսարանում, Մաքենոցաց վանքում եւ Սյունյաց վարդապետանոցում: Աշակերտելով Մովսես Սյունեցուն՝ Ստեփանոսը նրա մահից հետո, երբ Սյունյաց եպիսկոպոս է դառնում Անանիան, կաթողիկոսարանում սկսում է փայլել Սուրբ Գրքի իր մեկնություններով եւ տոնապատճառի ճառերով: Վեճի մեջ մտնելով երկաբնակ Սմբատ Բագրատունի իշխանի հետ՝ նա գիտակցում է իր հունական կրթության պակասը եւ մեկնելով Կոստանդնուպոլիս՝ մի իմաստասեր եւ միաբնակ ուսուցչի մոտ հմտանում է հունարենի եւ լատիներենի մեջ:


Հիշյալ Սմբատ Բագրատունին, իմանալով նրա Կոստանդնուպոլսում հայտնվելու մասին, նամակ է գրում Լեւոն կայսերը, որպեսզի նա այդ չարագործ եւ հայհոյող անձին վտարի, բայց Ստեփանոսն իրեն փրկում է՝ օտարազգի եւ մուրացիկ ձեւանալով: Այնուամենայնիվ նրան հաջողվում է աշխատել Ս. Սոֆիայի դիվաններում, այցելել Աթենք եւ թարգմանել Դիոնեսիոս Արիսպագացու եւ Գրիգոր Նյուսացու գրքերը: Հավաքում է միաբնակությանը նպաստավոր շատ նյութեր, ծանոթանում է Գերմանոս պատրիարքի հետ, որից «Հավատոյ գիր» է ստանում՝ հանձնելու համար Հայոց կաթողիկոսին: Երբ Ստեփանոսը վերադառնում է Հայաստան, Հովհաննես Օձնեցին մահացած է լինում, ուստի «Հավատոյ գիր»-ը նա հանձնում է Դավիթ կաթողիկոսին: Վերջինս էլ նրան հանձնարարում է պատրաստել Գերմանոսի նամակի պատասխանն ու հերքումը, որը սակայն նրան չի հասնում՝ նրա մահվան պատճառով: Այս երկու գրվածքներն էլ տեղ են գտել «Գիրք թղթոց»-ի մեջ:


Սյունյաց Հովհան եպիսկոպոսի մահից հետո Սյունյաց նախարարներ Բաբգենը եւ Քուրդը Դավիթ Արամոնեցուն խնդրում են երկրամասի միտրոպոլիտական աթոռին հաստատել Ստեփանոսին, ինչը կաթողիկոսը հոժարությամբ կատարում է: Ստեփանոսի հովվության շրջանը լինում է Սյունյաց հոգեւոր աթոռի վերելքի տարիներ:


Ստեփանոս միտրոպոլիտը թողել է նշանակալից ժառանգություն՝ Աստվածաշնչի Ծննդոց, Հոբի եւ Եզեկիելի գրքերի, ինչպես նաեւ Դանիելի եւ Ավետարանների մեկնությունները, զանազան նամակներ ու հատուկտոր ճառեր: Բացի վերը նշված թարգմանություններից, նրա գրչին են պատկանում նաեւ Կյուրեղ Երուսաղեմացու գործի եւ Ղեւտականի մի մեկնության թարգմանությունը: Գրել է մեկնություններ եկեղեցական ծեսերի եւ ժամերգության վերաբերյալ, շարականներ, կցորդներ, ստողոգիներ եւ տաղեր: Նշանավոր են նրա Հարության ավագ օրհնությունները: Ենթադրվում է, որ անգամ օրհնության շարականը սկզբնավորվել է Ստեփանոս Սյունեցու կողմից: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է գալ Ստ. Օրբելյանի այն տեղեկությունից, թե «բաժանեաց եւ զութն ձայնսն, եւ կարգեաց շարեաց զյարութեան օրհնութիւնսն», քանի որ ութ ձայները իբրեւ եղանակներ կային Սյունեցուց էլ առաջ, սակայն օրհնության շարականները հին չեն: Այժմ գործածվող ութ ավագ օրհնություններից մեկը վերագրվում է Ներսես Շնորհալուն, ուստի իրավացի է Մ. Օրմանյանը՝ գրելով, որ Ստեփանոս Սյունեցին անշուշտ գրել է բոլոր ութն էլ, որոնցից մեկը հետագայում փոխարինվել է Շնորհալու հորինած ավագ օրհնությամբ:


Ստեփանոս Օրբելյանը հավաստում է, որ Ստեփանոս Սյունեցին նախանձախնդիր էր բարոյականության հարցերում եւ անաչառ դրա խախտումները տեսնելու եւ հանդիմանելու խնդրում: Հովվական ուղեւորություններից մեկի ժամանակ՝ ամռանը, գալով Վայոց ձոր՝ Մոզան ավանը, եւ լուր առնելով իր կողմից երեք անգամ խրատված մի կնոջ շարունակվող պոռնկության մասին՝ նա բանադրում է նրան: Հիշյալ անառակ կինը, որ դիրքի եւ իշխանության տեր էր, որոշում է վրեժխնդիր լինել: Նույն օրը՝ երեկոյան, Ստեփանոս Սյունեցին, ամառվա տապից նեղված, ելնում է Ավագակն ջրի գլուխը՝ զովանալու եւ հանգիստ առնելու, անբարո կինն ու իր սիրեկանը գալիս են նրա պառկած տեղը, եւ կինը սիրեկանին հորդորում է եպիսկոպոսին սպանել: Համոզվելով, որ նա չի համարձակվում դիմել այդ քայլին, անբարո կինն ինքն է սրով կտրում քնած Ստեփանոս Սյունեցու պարանոցը: Եպիսկոպոսին ուղեկցողները ողբերգության մասին իմանում են միայն առավոտյան եւ վերցնելով նրա մարմինը՝ հողին են հանձնում Արկաղան գյուղի Սուրբ Քրիստափորի եկեղեցում (այժմ՝ Արկաղնի (Արգյաղի) Սուրբ Խաչ): Ստեփանոս Սյունեցին սպանվել է հայոց 184 թվականի հրոտից ամսի 15-ին՝ փրկչական տոմարի 735 թվականի հուլիսի 21-ին, որը համապատասխանում է Սիմեոն Աղվաշի հիշատակի օրվան: «Յայսմաւուրք»-ը նրա սպանությունը դնում է հրոտից ամսի 17-ին կամ 18-ին, այսինքն՝ հուլիսի 23-ին կամ 24-ին: Իրավացի է Մ. Օրմանյանը՝ նախապատվությունը տալով Ստ. Օրբելյանի հաղորդած թվականին:


Սյունյաց պատմիչի ասելով՝ աստվածային պատիժը չի հապաղում: Շուտով Վայոց ձորում տեղի է ունենում մի զարհուրելի երկրաշարժ, որին զոհ են գնում տասը հազարից ավելի բնակիչներ, որոշ գյուղեր հողի տակ են թաղվում, աղբյուրներ ցամաքում, եւ նորերը հայտնվում: Հավանաբար երկրաշարժն ուղեկցվում է Սարկողովք (այժմ՝ Վայոց սար, դրանից առաջ՝ Դալիկ թափա կամ Գագաթնածակ) լեռան ժայթքումով, որի խարամը ծածկում է Մոզն ավանը: Ստեփանոս Սյունեցու մարմինն Արկաղանից տեղափոխում են Թանահատի վանք, իսկ գավառն էլ, իբրեւ թե՝ բնակիչների վայ ու կականի պատճառով, ստանում է Վայոց ձոր, այսինքն՝ վայերի ձոր անունը: Սակայն այս բացատրությունը սովորական կեղծ ժողովրդական ստուգաբանություն է, որովհետեւ Վայոց ձոր անվանումը հանդիպում է Ղազար Փարպեցու երկում՝ որպես Հովսեփ Հողոցմեցի կաթողիկոսի ծննդավայր գավառ:


Ազդված զարհուրելի բնական աղետից՝ մարդասպան անառակ կինը խորապես սգում է կատարվածի համար, ապաշխարում երկար ժամանակ՝ մինչեւ իր մահը, Թանահատի վանքի դիմաց գտնվող բացօթյա գուբի մեջ եւ թաղվում նույն գուբում:


Դավիթ Արամոնեցու օրոք գործել են Եփրեմ, Խաչիկ, Անաստաս վարդապետները, Դավիթ Հռոմայեցին, Ստեփանոս դրաներեցը, որ հմուտ իմաստասեր էր եւ քերական: Ցավոք, պատմությունը մեզ համար պահպանել է միայն նրանց անունները, բայց ոչ՝ գործերը: Գրական գործունեությամբ է զբաղվել Ստեփանոս Սյունեցու քույրը՝ Սահակդուխտ կույսը, որը հմուտ էր բանաստեղծական եւ երաժշտական արվեստի մեջ: Նա հաստատվել էր Գառնի գյուղի ձորակի մեջ եւ հորինում էր քաղցրանվագ տողեր՝ օժտելով դրանք երաժշտությամբ: Օրբելյանի հավաստմամբ՝ նա վարագույրի ետեւում երաժշտության եւ տաղարվեստի դասեր էլ է տվել: Նրա ստեղծագործություններից հիշվում է Սրբուհի Մարիամի երգը, որին Մաղաքիա Օրմանյանը հակված է ավելացնելու Վահան Գողթնացուն նվիրված «Զարմանալի է ինձ» շարականը, որը սովորաբար վերագրում են նահատակվածի քրոջը: Սահակդուխտը մահացել եւ թաղվել է Գառնու նույն ձորակում:


Ահա սրանք են այն կարեւոր անցքերն ու դեմքերը, որ եղել կամ գործել են Դավիթ Արամոնեցու հայրապետության շրջանում: Նա իր մահկանացուն կնքեց 741 թվին եւ, ըստ երեւույթին, թաղվեց իր ծննդավայր Արամոնք գյուղում, որը ժամանակավորապես նա դարձրեց Հայոց Եկեղեցու հայրապետանոց: