ԵՍԱՅԻ Ա ԵՂԻՊԱՏՐՈՒՇԵՑԻ

ԵՍԱՅԻ Ա ԵՂԻՊԱՏՐՈՒՇԵՑԻ

(775-788)
 

Ծնվել է Նիգ գավառի Եղիպատրուշ գյուղում: Նրա մայրը՝ աղքատ եւ մանկամարդ այրի կին, գյուղեգյուղ թափառելով, հասնում է Դվին եւ մուրացկանություն անում կաթողիկոսարանի մոտ: Չնայած ձմեռվա սառնամանիքներին եւ ամառվա տապին, ինչպես նաեւ կաթողիկոսարանի քահանաների խորհուրդներին՝ թողնել կաթողիկոսարանը եւ ուրիշ տեղում պատսպարան գտնել, նա համառորեն շարունակում է այդտեղ մնալ՝ ասելով. «Ո՞չ գիտէք, զի սակս կաթողիկոսութեան զորդեակս իմ աստ սնուցանեմ»: Կնոջ խոսքերը մարգարեական եղան: Հասունանալով երեխան ընդունվում է կաթողիկոսարան եւ դաստիարակվում այնտեղ: Մ. Օրմանյանի կարծիքով՝ Եղիպատրուշեցի որբը կաթողիկոսարանի աշակերտ է դարձել Օձնեցու ժամանակներում: Եսայի Եղիպատրուշեցին հասնում է եպիսկոպոսության աստիճանի եւ հովվապետում Գողթնի վիճակում: Պարտավի ժողովում նրա անունը հիշվում է Մարդպետական եւ Սյունյաց եպիսկոպոսների հետ միասին: 774775 թթ. ապստամբության պարտությունից հետո, երբ հայրապետական աթոռը թափուր էր մնացել, Եսայի եպիսկոպոսը կաթողիկոսական աթոռ է բարձրանում:


Բոլոր աղբյուրները Եսայի Ա կաթողիկոսին հատկացնում են 13 տարվա աթոռակալություն, հետեւաբար, նրա հովվապետությունն ընկնում է 775788 թվականներին: Պատմությունը նրա գործունեության մասին, ցավոք, հիշատակներ չի պահպանել, որը թերեւս արդյունք էր ծանր ու դժնդակ ժամանակների, այն է՝ արաբների՝ անլուր հարստահարության եւ հալածանքների շրջանի: Վիճակը մի փոքր փոխվեց նոր ամիրապետ ՄուհամեդալՄահտիի օրոք, որի կարգադրությամբ հարկապահանջությունը մեղմացավ, սակայն այնքան ծանր էին ավերված երկրի կորուստները, որ անգամ դա եղած ընդհանուր վիճակի վրա էապես չանդրադարձավ: Երկրի ոստիկանությունը հանձնվեց Եզիդին, էապես իրենց ազդեցությունը կորցրեցին պատրիկության իշխանները: Ասողիկի համաձայն՝ Սմբատ Աշոտյան Բագրատունուն փոխարինում է նրա որդին՝ Աշոտ Սմբատյանը, որը հայտնի է Մսակեր մականունով եւ պաշտոնավարել է 20 տարի: Մտածելու տեղիք է տալիս Սամվել Անեցու այն տեղեկությունը, թե նա պատրիկությունը վարել է 804ից, որը ժամանակագրորեն խիստ հեռանում է Ասողիկի նշած ժամանակներից:


Եսայի կաթողիկոսի հովվապետության շրջանը հարուստ էր պատերազմներով եւ այլեւայլ իրադարձություններով: Ամիրապետ Մահդին սկզբում ճնշեց Խորասանի ոստիկան Յուսուֆիբն Իբրահիմի ապստամբությունը, ապա՝ 778 թ., պատերազմ սկսեց Բյուզանդական կայսրության դեմ, որի Լեւոն Դ կայսրը պայքար էր սկսել կորցված տարածքները վերադարձնելու համար: Բյուզանդական զորքերի հրամանատարն էր Միքայել Լաքանսդրակոնը, իսկ գործող զորաբանակների հրամանատարները՝ հայեր (Գրիգորի որդի Տաճատ Անձեւացին, Արտավազդ Մամիկոնյանը, Մուշեղի որդի Գրիգոր Մամիկոնյանը եւ Վարազտիրոցը):


Հայ զորահրամանատարները, գործելով արաբական զորքերի դեմ, որոնց ղեկավարում էր ՀասանիբնՔաթաբան, հաջողությամբ խուսափելով վճռական ճակատամարտից եւ հոգնեցնելով թշնամուն՝ վերջինիս այնպես թուլացրին, որ արաբները բռնեցին նահանջի ուղին, իսկ իրենք էլ արժանացան կայսեր մեծամեծ պատիվներին: Պատերազմը նոր ուժով շարունակվեց հաջորդ տարում, երբ բյուզանդացիների դեմ ուղարկվեց ամիրապետի կրտսեր որդին՝ ՀարունալՌաշիդը, թեպետ, փաստորեն, զորքը գլխավորում էր ՅահյաիբնԽալիդը, որը սերում էր, ըստ արաբների, Բարմեկյան կոչվող հին պարթեւական ցեղերից: Իր զորքի բազմամարդությունն ընդգծելու համար՝ Մահդին նույնիսկ երկու գրիվ մանանեխի սերմ էր ուղարկել կայսրին՝ որպես սպառնալիք: Պատերազմը շարունակվեց փոփոխական հաջողությամբ: Արաբները տեղտեղ հաջողության հասան, սակայն Արմինիայի ոստիկան Եզիդը Պոնտոսի կողմերում ծանր պարտություններ կրեց: Ըստ երեւույթին, երկու կողմերն էլ ծանր կորուստներ էին կրել, որովհետեւ պատերազմական գործողությունները դադարեցին: Պատերազմի ավարտից հետո Մահդին ՀասանալՌաշիդին հանձնվեց Ատրպատականի եւ Հայաստանի կառավարումը: Սակայն դա ոստիկանական իշխանություն չէր, այլ փոխարքայի լիազորություններ, քանի որ Հայաստանում շարունակում էին ոստիկաններ նշանակվել: Եզիդին հաջորդեց 0սմանը, որի իշխանավարության սկիզբը հստակ հայտնի չէ:


Բյուզանդիայում մահացավ Լեւոն Դն: Նրան հաջորդեց Կոստանդին Զ Ծիրանածինը, որի մանկահասակության պատճառով երկիրը կառավարում էր մայրը՝ Իրենե կայսրուհին:


Իրենե կայսրուհին, լինելով մեծամիտ ու փառամոլ կին, փորձեց վերականգնել կայսրության երբեմնի փառքը: Կորցնելով արեւմտյան տիրույթները, որտեղ ֆրանկների արքա Կառլոս Մեծը գրավել էր Իտալիան՝ կայսրուհին ձեռնամուխ եղավ կայսրության սահմանների ընդարձակմանն Արեւելքում: Բյուզանդական զորքերի գլխավոր հրամանատարը կրկին Լաքանսգրակոնն էր, իսկ արաբական բանակինը՝ Մահդիի որդի Հարունալ Ռաշիդը: Արաբները սկզբում զգալի առաջ խաղացին, սակայն առանձին զորաբանակների հայ հրամանատարները՝ իրենց ճկուն մարտավարությամբ, արաբներին սովի մատնեցին: Տաճատ Անձեւացին, որ առաջինն էր հայ հրամանատարների շարքում, բանակցությունների մեջ մտավ Հարունի հետ: Անձեւացին, լինելով սկզբնապես Արաբական Հայաստանից, որտեղից արաբների բռնությունների հետեւանքով փախել էր կայսրություն ու ծառայության մեջ մտել հույների մոտ, բանակցությունների միջոցով ապահովելով իր նախկին դիրքն ու հեղինակավոր կացությունը, որոշեց վրեժ լուծել կայսրուհուց եւ իր հայկական գնդով անցավ արաբների կողմը, դադարեցրեց արաբներին պաշարելը եւ նրանց ցույց տվեց Կոստանդնուպոլիս տանող հեշտին ճանապարհները: Սրա հետեւանքով թշնամին հասավ Կոստանդնուպոլիս, եւ կայսրն ու կայսրուհին ստիպված եղան 782 թվին ծանր պայմաններում հաշտություն կնքել:


0տար աղբյուրների համաձայն՝ Տաճատ Անձեւացին անգամ իսլամ ընդունեց, սակայն դա հայկական աղբյուրներով չի հաստատվում, առավել եւս, որ պատրիկության պաշտոնը զբաղեցնում էին միայն քրիստոնյա հայ իշխանները: Չնայած ոստիկան 0սմանը փորձեց դժվարություններ հարուցել՝ պատճառաբանելով, թե հայ նախարարները չեն ուզում նրա իշխանությունը ճանաչել, սակայն ՀարունալՌաշիդը, որ Տաճատի նկատմամբ երախտագիտության զգացում ուներ եւ նրան անգամ հայր էր անվանում, ստիպեց 0սմանին իր կարգադրությունը կատարել: Սակայն խարդավանքները չդադարեցին, իսկ շատ չանցած՝ խազիրների (իմա՛ խազարներ) դեմ արշավելիս, 0սմանը Տաճատ Անձեւացուն էլ իր հետ վերցրեց: Ամռան ամիսներին, հատուկ դիտավորությամբ, Տաճատը կարգվեց Քերան դաշտի հնոցաձեւ ապառաժների պահապան եւ, չդիմանալով կլիմայական ծանր պայմաններին, իր օգնականներ Բագարատ սպարապետի, Ներսեհ Կամսարականի եւ մեծաթիվ հայ զինվորների հետ մեկտեղ, մահացավ: 0սմանի այդ արարքը հայտնի դարձավ Մահդիին: Նա 0սմանին ոստիկանության պաշտոնից հեռացրեց՝ փոխարենը նշանակելով Ռուհ անունով մեկին:


785 թվին մահացավ ամիրապետ Մահդին, որն ուներ երկու որդի՝ Մուսա եւ Հարուն անուններով: Չնայած հայրը կամենում էր իշխանությունը փոխանցել կրտսեր որդուն՝ ՀարունալՌաշիդին, բայց խալիֆ դարձավ ՄուսաալՀադին: Անկասկած, հայրը գիտեր իր ավագ որդու ապիրատությունը եւ այդ պատճառով էլ նախընտրում էր գահը հանձնել Հարունին: Ղեւոնդ պատմիչը նրան որակում է որպես «այր ժանտ եւ ապերասան եւ այսակիր», որը զվարճության համար նույնիսկ իր մարդկանց էր կանգնեցնում եւ նետահարում:


Ռուհը ոստիկանությունից ետ կանչվեց եւ փոխարենը Հայաստան ուղարկվեց Խազմը: Անցնելով պաշտոնի՝ նրա առաջին գործերից մեկը եղավ ձերբակալել Համազասպ, Սահակ եւ Մեհրուժան Արծրունիներին, որոնք Դվինում, պահանջվող կարգի համաձայն, ներկայացել էին իրեն: Նոր ոստիկանը ամբաստանեց նրանց ամիրապետի առաջ՝ մեղադրելով Արճեշի պատերազմում մասնակցություն ունենալու մեջ: Թերեւս նպատակը փրկագին պոկելն էր: Սակայն Մուսա խալիֆը կարգադրեց նրանց մահապատժի ենթարկել՝ երեքամսյա ձերբակալությունից հետո: Նրանք մահապատժից կարող էին խուսափել, եթե մահմեդականություն ընդունեին: Մեհրուժանը համաձայնվեց, սակայն Համազասպն ու Սահակը բացեիբաց մերժեցին: Խազմը նույնիսկ ատյան հրավիրեց եւ փորձեց խոշտանգումներով նրանց ստիպել ընդունելու իսլամը, սակայն հաջողության չհասավ: Նրանք գլխատվեցին: Նահատակների մարմինները կախեցին փայտերից եւ հետո այրեցին, իսկ մոխիրը ցրիվ տրվեց՝ որպես անպատվություն:


Ըստ 0րմանյանի՝ Արծրունյաց իշխանների նահատակությունը տեղի ունեցավ 786 թվի ութօրեքին: Ամեն ինչից դատելով՝ Եսայի կաթողիկոսի կոնդակով Համազասպն ու Սահակը հռչակվեցին տոնելի սրբեր: ՄուսաալՀադիի գահակալությունը տեւեց ընդամենը 14 ամիս:
Եղբոր մահից հետո՝ 786ին, գահ բարձրացավ ՀարունալՌաշիդը՝ իր մոր եւ Բարմեկյան իշխան Յահյայի օժանդակությամբ: Անգամ հեքիաթների հերոս դարձած ՀարունալՌաշիդը, որին արաբ հեղինակները վերագրում են մեծագործություններ եւ ամեն տեսակի առաքինություններ, Ղեւոնդի խոսքերով, ագահ էր ու արծաթասեր:


ՀարունալՌաշիդը Ատրպատականի, Հայաստանի, Վրաստանի եւ Աղվանքի իշխանությունը հանձնեց իր Ուբեյդուլլահ անունով եղբորը: Խազմը ետ կանչվեց եւ ոստիկանի պաշտոնը հանձնվեց Եզեդի որդի ԵզիդիբնՄուզեդին, որին շատ չանցած՝ փոխարինեց ԱբդուլՔեբիրը, իսկ սրան էլ՝ Սուլեյմանը՝ ժանտ ու չարագործ մեկը: Վերջինս դժնդակ հարկապահանջություն հաստատեց՝ այդ գործը վստահելով իր փեսա, մահմեդականություն ընդունած բյուզանդացի Իբնդոկեին: Եսայի կաթողիկոսը, նախարարների ու եպիսկոպոսների հետ միասին, դիմեց նրան՝ թեթեւացնելու համար հարկերը, սակայն ոչնչի չհասավ: Ավելին՝ ոստիկանը կարգադրեց վերականգնել հարկատուների պարանոցին կապարե կնիք դնելու սովորությունը: Չդիմանալով այս ամենին, կողոպտված, մերկ, բոկոտն ու սովահար 12 հազար մարդ, Շապուհ Ամատունու եւ նրա որդի Համամի գլխավորությամբ, որոշում են հեռանալ Բյուզանդական տիրույթները: Սուլեյմանի ուղարկած զորքերը նրանց հասան Կող գավառում եւ փախստականների մի մասին ուժով ետ դարձրին, իսկ մյուս մասին կոտորեցին: Սակայն մի նշանակալից մաս կարողացավ Եգերաց աշխարհի վրայով անցնել Պոնտոս: Ըստ պատմիչի՝ Իրենե կայսրուհին նրանց տեղավորում է մի արգավանդ երկրում: Իշխանները արժանանում են զանազան պատիվների:


Այս ծանր ու դժվարին ժամանակներում էլ կտրվեց Եսայի կաթողիկոսի կյանքի թելը: Իբնդոկե հարկահանը որոշեց օգտվել դրանից եւ տիրանալ Հայոց Եկեղեցու ստացվածքներին ու սպասքին: Սպառնալիքների ներքո հոգեւորականները ստիպված եղան մեջտեղ բերել Եկեղեցու ոսկյա ու արծաթյա սպասքները եւ մյուս հարստությունները, որոնց մեծ մասը դեռեւս Արշակունյաց թագավորության շրջանից էր: Ամբողջը բռնագրավեց հարկահանը՝ մի աննշան մասը թողնելով միայն նոր կաթողիկոսին:


Եսայու կյանքի վերջին շրջանում տեղի ունեցավ Նիկիայի երկրորդ ժողովը, որը հոներն ու լատինները համարում են որպես Տիեզերական յոթերորդ ժողով: Ժողովի նպատակն էր հաստատել պատկերապաշտությունն ու դատապարտել պատկերամարտությունը: Այն գումարվեց 787 թ. սեպտեմբերի 24ին՝ 337 եպիսկոպոսների մասնակցությամբ: Իսկ հոկտեմբերի 13ին՝ յոթերորդ ավարտական նիստում, ժողովը որոշում ընդունեց նաեւ 22 բարեկարգիչ կանոններ: Հայոց Եկեղեցին հիշյալ ժողովի որոշումները չի ընդունել եւ ոչ էլ այն դասել է տիեզերական ժողովների շարքը: Սակայն անհասկանալիորեն այն, որպես յոթերորդ սուրբ ժողով, մտել է «Հայսմավուրք»ի մեջ: Անշուշտ, դա պետք է համարել հետագա ընդմիջարկության արդյունք, քանի որ մեր պատմիչներին անծանոթ է այդ ժողովի անունն իսկ: