ՍՈՂՈՄՈՆ Ա ԳԱՌՆԵՑԻ

ՍՈՂՈՄՈՆ Ա ԳԱՌՆԵՑԻ


(791-792)
 

Հովաբ Բ Դվնեցուն հաջորդեց Սողոմոն Գառնեցին, որ ծնվել էր Գառնի գյուղում եւ Մաքենոցաց մեծ եւ հռչակավոր ուխտից էր: Նրան չպետք է շփոթել Մաքենոցաց ուխտի առաջնորդ եւ Հայր հարանց կոչված Մեծ Սողոմոնի հետ, որը մասնակցել է Մանազկերտի ժողովին եւ եղել է Վահան Գողթնացու ասպնջականն ու քաջալերողը:


Ինչ վերաբերում է կաթողիկոսացած Սողոմոնին, ապա նա կրոնավոր է դարձել Մաքենոցաց վանքում եւ դաստիարակվել Մեծ Սողոմոնի ձեռքի տակ՝ հմտանալով իմաստասիրության եւ փսաղտության, այսինքն՝ սաղմոսերգության մեջ: Այն բանից հետո, երբ Մաքենոցաց ուխտի միաբանները ինչինչ հարցերի շուրջ տրոհվեցին երկու բանակի, Սողոմոն Հայր Հարանցը միաբանների կեսի հետ թողեց վանքը եւ տեղափոխվեց Շիրակ, որտեղ Զրեսկ կոչված վայրում հիմնեց մի նոր վանական միաբանություն: Նրա հետ Շիրակ եկավ նաեւ կրտսեր Սողոմոնը, որը Մեծ Սողոմոնի մահվանից հետո դարձավ Զրեսկի վանքի առաջնորդ: Հովաբի մահից հետո արդեն տարիքով առաջացած այս Սողոմոնը կաթողիկոսության թեկնածու էր:


Երբ պաշտոնական պատվիրակությունը եկավ Զրեսկ՝ նրան Դվնի հայրապետանոց տանելու, Սողոմոնը հոժարակամ ընդունեց կաթողիկոսական աթոռը զբաղեցնելու առաջարկը՝ զարմանք պատճառելով պատվիրակներին, ինչպես նաեւ մի շարք նախարարների, որոնք նրան հարցրին, թե ինչպե՞ս է համաձայնվում դառնալ կաթողիկոս, երբ ծեր է եւ ճգնավորությունից կորցրել է առողջությունը: Սողոմոնն էլ կատակի տալով պատասխանեց, թե գնում է, որ իր պատկերը կաթողիկեի պատերին նույնպես հայտնվի՝ մյուս հայրապետների շարքի մեջ: Պարզվում է, որ սովորություն է եղել կաթողիկոսներին պատկերել մայր եկեղեցու պատերին: Սակայն, ցավոք, այդպիսի պատկերներ չեն պահպանվել:


Սողոմոն Ա Գառնեցու գործունեության մասին հիշատակներ չեն պահպանվել, եւ թերեւս Մ. Օրմանյանն իրավացի է, երբ գրում է, թե Սողոմոն կաթողիկոսը, երեւի, իր պատկերը եկեղեցու պատին նկարելուց բացի, առանձին հաջողությունների չի հասել: Սողոմոն հայրապետը մահացավ 792 թվին եւ թաղվեց կաթողիկոսների դամբարանում: