ՀՈՎՍԵՓ Բ ՓԱՐՊԵՑԻ

ՀՈՎՍԵՓ Բ ՓԱՐՊԵՑԻ

(795-806)
 

795 թվին կաթողիկոսական աթոռ բարձրացավ Հովսեփ Բ Փարպեցին, որն Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Փարպիից էր կամ Սուրբ Գրիգորի գյուղից: Փարպին լուսավորչաշեն եկեղեցի ուներ, որ կրում էր Սուրբ Գրիգոր անունը եւ դարձել նշանավոր ուխտատեղի: Ասողիկի տեղեկության համաձայն՝ Հովսեփ կաթողիկոսը ստացել էր Կարիճ մականունը, սակայն պատճառը չի նշվում: Հայոց Եկեղեցու մեծ երախտավորներից մեկի՝ Մ. Օրմանյանի կարծիքով՝ թերեւս նրա անունը եղել է Կտրիճ եւ ոչ թե Կարիճ, քանի որ նրա ողջ գործունեությունը միայն Հայ Եկեղեցու եւ կաթողիկոսության արիասիրտ պաշտպանությունն է եղել: Հովսեփ Բ-ի օրոք Հայաստանում ոստիկան էր Խուզիմա անունով մեկը, որը, ինչպես եւ պետք էր սպասել, շարունակում էր իր նախորդների քաղաքականությունը՝ ձգտելով երկիրն ամբողջությամբ ընկճել, հպատակեցնել եւ որքան հնարավոր է՝ կեղեքել: Նա մի նոր քաղաքականություն էր որդեգրել՝ փորձելով տիրանալ հայկական դաստակերտներին եւ ագարակներին՝ իբրեւ թե գնելու ճանապարհով:


Ըստ որում, չնչին գներով տիրելով մեծամեծ կալվածքների՝ նա իր ապօրինություններին ձեւական օրինականություն էր տալիս: Նա հատկապես աչք էր դրել կաթողիկոսարանի երեք նշանավոր դաստակերտների ու նրանց ագարակների վրա, որոնք էին՝ Արտաշատը, Կավակերտը եւ Հոռոմոց մարգը, որոնք գտնվում էին Հրազդանի ստորին ավազանում եւ նրանից դեպի արեւելք: Սակայն այստեղ նա դեմ առավ Հայոց կաթողիկոսի կտրուկ մերժմանը: Սպառելով կաթողիկոսին համոզելու բոլոր հնարավոր եղանակները՝ Խուզիման Հովսեփ Բ-ին բանտ նետեց՝ ենթարկելով նրան զանազան տանջանքների: Սակայն դրանք կաթողիկոսին չընկճեցին, եւ նա շարունակեց համառել՝ պատճառաբանելով իր կեցվածքը եկեղեցական ստացվածքների նվիրականությամբ, դրանք օտարելու համար իրավասություն չունենալու հանգամանքով:


Հովհաննես Դրասխանակերտցու հավաստմամբ՝ սպանվեց նաեւ կաթողիկոսի եղբայրը՝ Մեծամոր գետի աղբերակունքի շրջանում: Սակայն եղբոր կորուստն ավելի մեծացրեց Հայոց կաթողիկոսի համառությունը: Խուզիման, կատաղած այս ամենից, կաթողիկոսի մոտ՝ բանտ ուղարկեց նրա երեք սպասավորների գլուխները՝ առանձին պայուսակների մեջ դրված՝ իբրեւ երեք դաստակերտների վճար, որ տվել է կաթողիկոսին, այնուհետեւ ազատեց կաթողիկոսին բանտից եւ բռնագրավեց վերոհիշյալ դաստակերտներն ու նրանց ագարակները: Բայց ի զարմանս ոստիկանի՝ կաթողիկոսը ոչ միայն չընկճվեց, այլեւ գործը հասցրեց մինչեւ դատարան: Վերջինս ճանաչեց կաթողիկոսարանի իրավունքը, սակայն իսլամական դատարանը հայրապետանոցին վերադարձրեց միայն Կավակերտն ու Հոռոմոց մարգը, իսկ Արտաշատը մնաց օտարների ձեռքում: Անօրինությունների համար Խուզիման ետ կանչվեց, եւ նրան փոխարինելու եկավ Հոլ ոստիկանը: Անկասկած, Խուզիմային ետ կանչելու գործում խիստ մեծ էր Հովսեփ Բ-ի դերը: Ավելին. Խուզիմային պաշտոնանկ անելն էապես ազդեց նոր ոստիկանի վարքագծի վրա, որը, ինչպես կարելի է դատել սկզբնաղբյուրների լռությունից, ձեռնպահ մնաց իր նախորդներ Սուլեյմանի եւ Խուզիմայի անլուր բռնություններից:


Հովսեփ Բ-ն հովվապետեց 11 տարի, այսինքն՝ մինչեւ 806 թվականը: Այդ միջոցին Այսրկովկաս եւ Հայաստան ներխուժեցին խազարները՝ վրեժ լուծելու համար իրենց արքայադստեր մահվան համար, որը Հայաստանի վրայով Խորասան գնալիս հանկարծամահ էր եղել: Արքայադստերն սպանելու վերաբերյալ անգամ կասկածներ չկային, սակայն խազարները, որոնց հայկական աղբյուրը խազիրներ է անվանում, երկու ամիս ավերեցին այսրկովկասյան երկրները եւ հեռացան Հյուսիսային Կովկաս՝ արաբական զորքերի ժամանելուն պես: Հովսեփ կաթողիկոսի հովվապետության շրջանում հայկական գնդերը դուրս եկան Իրենե կայսրուհու դեմ եւ մեծապես վտանգեցին նրա իշխանությունը, սակայն կայսրուհուն հաջողվեց ի վերջո շարժումը ճնշել եւ հազարի չափ հայ զինվորների ուղարկել կղզային Հունաստանի, իսկ շատ ուրիշների էլ՝ Թրակիայի բանակատեղիները: Կայսրուհի Իրենեն իր որդու՝ Կոստանդինի գահակիցն էր, սակայն փաստական իշխանությունը գտնվում էր նրա ձեռքում: 790 թվին Կոստանդինի հրամանով նա պալատից հեռացվեց եւ աքսորվեց Մարմարա ծովի ափին գտնվող Էլեւթերիա քաղաքը: Սակայն 15 ամիս անց նա կարողացավ հաշտվել որդու հետ եւ վերականգնել իր նախկին դիրքը:


Դրանով չգոհանալով՝ նա դավադրություն կազմակերպեց որդու դեմ, կուրացրեց նրան եւ հեռացրեց իշխանությունից: 802 թվին Վարդան Հայկազնը հայկական գնդերով նրան գահընկեց արեց եւ իրեն կայսր հռչակեց: Բայց շուտով Վարդան Հայկազնն էլ իշխանությունը կորցրեց: Կայսր հռչակված Նիկեփորոսը, հակառակ իր երդման, նրան կուրացրեց եւ բանտարկեց Իշխանաց կղզիների Պռոտիի վանքում: Իրենե կայսրուհին սկզբում աքսորվեց Իշխանաց կղզիներ, իսկ այնուհետեւ Լեսբոս կղզի, որտեղ էլ նա մահացավ 803 թվականի օգոստոսի 9-ին: Իր կյանքի վերջին տարիներին կատարած բարեգործությունների եւ ապաշխարության համար Բյուզանդական Եկեղեցին նրան դասեց սրբերի շարքը: Նիկեփորոսի օրոք բյուզանդացիները փորձեցին ազատվել արաբներին տրվող հարկից, սակայն թե՛ բանակցությունները եւ թե՛ անհաջող պատերազմը ոչինչ չտվեցին, եւ հարկատվությունը արաբներին պահպանվեց:


Այս կացության մեջ էր Հայաստանը, երբ 806 թվին մահացավ Հովսեփ Բ Փարպեցի կաթողիկոսը, որի մահվան վերաբերյալ, ցավոք, պատմությունը տեղեկություններ չի պահպանել: