ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ ՕՎԱՅԵՑԻ

ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ ՕՎԱՅԵՑԻ

(833-855)
 

Հովհաննես Դ Օվայեցի կաթողիկոսը Կոտայք գավառի Ովայք կամ, որ ավելի ճիշտ է, Օվայք գյուղից էր: Նրա ընտրության հարցում անհամաձայնություն կար հայ նախարարների շրջանում: Մասնավորապես դժգոհ էր Տարոն-Սասունի իշխան Բագարատ Բագրատունին, քանի որ կաթողիկոսի ընտրությունը կատարվել էր առանց նրա համաձայնության: Հովհաննես Օվայեցու թեկնածությունը պաշտպանել են սպարապետ Սմբատ Բագրատունին եւ Գրիգոր Սուփան իշխանը եւ օգնել նրան գրավելու կաթողիկոսական աթոռը: Նա աթոռակալել է, համաձայն բոլոր աղբյուրների, 22 տարի, որով նրա մահն ընկնում է 855 թվականին:


Հովհաննես Դ-ի աթոռակալությունը համընկավ Մոթասսեմ, Աբու-Ջաֆեր-Հարուն-ալ-Վաթք-Պիլլահ եւ վերջիններիս եղբայր Մութավաքիլ-Պիլլահ խալիֆների կամ ամիրապետների գահակալության շրջանին: Նրանց մեջ իր դաժանությամբ, անգթությամբ եւ զեխությամբ հատկապես աչքի ընկավ Վաթք-Պիլլահը: Չնայած նրանց տարբեր անվանումներին, հավանաբար, Ջաֆեր անվան տարածված լինելու իրողության հետ կապված, երեք ամիրապետներն էլ հայոց մեջ հիշատակված են միեւնույն անունով: Արաբական իշխանության տակ գտնվող Հայաստանի արեւելյան հատվածը գործնականում կայսրության հետ հարաբերություններ չունեցավ, ուստի միայն կարելի է հիշատակել Նիկեփորոս կայսեր կողմից Արշավիր Հայկազն պատրիկ գանձապետի կամ Ստավրակիոսի եւ նրա փեսա Վարդ Արծրունու որդի Լեւոն պատրիկի գանակոծումը, մազերի կտրելը եւ վանքերում փակելը: Նրանք ազատ արձակվեցին միայն 811 թվին, երբ գահ բարձրացավ Միքայել Ա Ռանգաբե կայսրը: Սակայն վերջինիս ապիկար կառավարման արդյունքում մեծ դժգոհություններ առաջ եկան, եւ Լեւոն Արծրունին 813-ին կայսր հռչակվեց՝ Լեւոն Ե Հայկազն անունով: 815 թվին նրա հրամանով Կոստանդնուպոլսում հրավիրվեց եկեղեցական ժողով, որը մերժեց ու նզովեց Նիկիայի երկրորդ ժողովի որոշումը պատկերապաշտության մասին, իսկ Լեւոն կայսրը նպաստեց նման որոշման ընդունմանը: Այդ խառնակ ժամանակներում Լեւոնի գահակալությունն էլ երկար չտեւեց: 820-ին նա սպանվեց Միքայել Բ Թլվատի կողմից, որը եւ կայսր հռչակվեց:


Խալիֆայության պարսից տարրը, ընդունելով հանդերձ իսլամը, փորձում էր հակադրվել արաբներին՝ շիականության դրոշի ներքո: Հովհաննես Օվայեցու հովվապետության շրջանում մի հզոր շարժում սկսվեց, որ պատմության մեջ հայտնի է Բաբեկյան կամ Խուռամյան շարժում անունով: Վերջինս, որ միջնադարյան բոլոր շարժումների նմանությամբ հանդես էր գալիս կրոնական քողի տակ, գլխավորում էր Բաբեկը, որ հայկական աղբյուրներում առավելապես հայտնի է Բաբան անունով: Նոր վարդապետությունը, որ սոցիալական ուղղվածություն ուներ, առաջ էր քաշում գույքի եւ կանանց նկատմամբ հավասարություն եւ, մի տեսակ, իսլամի եւ զրադաշտության խառնուրդ էր: Բաբեկյան շարժումն ընդգրկեց ավելի քան 400 հազար քառակուսի կմ տարածք եւ ծանր հարվածներ հասցրեց արաբական տիրապետությանը:


Բաբեկը գրավեց Պարսկաստանի հյուսիսարեւմտյան եւ արեւմտյան շրջանները եւ աշխատեց իր իշխանությունը տարածել նաեւ Հայաստանի արեւելյան մասում՝ հանդես գալով սկզբում որպես արաբական լծից ազատող եւ շատ շուտով վերածվելով ամենաիսկական նվաճողի՝ կոտորելով բնակչությանը եւ տարածելով ահ ու սարսափ: Ինչպես հավաստում է Ստեփանոս Օրբելյանը, Բաբեկը կնության էր վերցրել Վասակ Սյունու դստերը եւ իր իշխանության տակ առել Սյունիքն ու հարեւան երկրամասերը, սակայն երբ Բաբեկի իսկական դեմքը բացահայտվեց, հայերը հանդես եկան նրա դեմ: Բաբեկն էլ արշավեց Հայաստան՝ ահավոր ավերածության ենթարկելով բազմաթիվ գավառներ եւ կոտորելով բնակչությանը: Հաջորդ տարին նա ներխուժեց Գեղարքունյաց ծովակի ավազան եւ միայն Սոթք գավառում եւ Մաքենաց վանքի շրջակայքում կոտորեց 15000 մարդ: Ավերվեց Մաքենաց վանքը: Հայերը թե՛ Սյունիքում եւ թե՛ Արցախում կատաղի դիմադրություն ցույց տվեցին, եւ Բաբգեն Սյունի իշխանը ջախջախեց Բաբեկի զորավար Աբդլհերդին: Սակայն, այնուամենայնիվ, Բաբեկին հաջողվեց իր տիրապետությունը թեկուզեւ ժամանակավորապես վերահաստատել Արեւելյան Հայաստանում:


Բաբեկյան շարժումը խիստ անհանգստացրեց արաբական իշխանություններին: Խուռամյանները սկսել էին սպառնալ Բաղդադ մայրաքաղաքին, ուստի Մոթասսեմ խալիֆը վճռական քայլեր ձեռնարկեց Բաբեկյան շարժումը ճնշելու ուղղությամբ, որն արդեն սկսել էր նշանակալից չափով այլասերվել: Շարժումը ճնշելու ընթացքում արաբները կորցրեցին ավելի քան 280 հազար զինվոր, սակայն Բաբեկի դեմ ուղարկված Ափշին զորավարը, խուսափելով վճռական ճակատամարտերից եւ զրկելով հակառակորդին պարենավորման աղբյուրներից, աշխատում էր ամրությունների համակարգ ստեղծել եւ խուռամյաններին դուրս մղել Պարսկաստանից: Հայերը, որ բնավ չէին ներել Բաբեկին՝ նրա կատարած ավերածությունների եւ բնակչության կոտորածների համար, Բաբեկին ձերբակալեցին: Սահլ Բագրատունին դրա համար ստացավ մեկ միլիոն դիրհեմ, իսկ նրա որդին, որ Բաբեկին անձամբ տարել հանձնել էր արաբներին, որպես պարգեւ ստացավ հարյուր հազար դիրհեմ: Բաբեկի ձերբակալությունը տեղի ունեցավ 837 թվին: Նա իր 3300 յուրայինների հետ տարվեց Բաղդադ եւ տանջամահ արվեց:


Բաբեկի ապստամբության ընթացքում արաբները հարկադրված էին պատերազմելու նաեւ բյուզանդացիների դեմ, որոնք ոչ միայն փորձում էին օգնել Բաբեկին, այլեւ նշանակալից հաջողությունների հասան Ասորիքի շրջանում եւ գրավեցին Սամոսատն ու Սոզոպետրան կամ Զապետրան: Մոթասսեմ խալիֆի համար հատկապես վիրավորական էր բյուզանդացիների կողմից իր ծննդավայր Սոզոպետրա ավանի ավերումը: Բյուզանդական առաջխաղացման գործում հատկապես մեծ դեր կատարացին Թեոփիլոս կայսեր զորավարներ Մանվել Մամիկոնյանը եւ Թեոփոբոսը: Սակայն կայսերական արքունիքի խարդավանքներն ու բանսարկությունները կայսեր աչքում կասկածելի դարձրին Մանվել Մամիկոնյանին, որն իմանալով այդ մասին՝ անցավ արաբների կողմը եւ նրանց մեծ ծառայություններ մատուցեց: Համոզվելով, որ Մանվել Մամիկոնյանը բանսարկության զոհ է դարձել, կայսրը գաղտնի բանակցություններով կարողացավ սիրաշահել նրան եւ համոզել ետ վերադառնալ: Վերջինս, ինչ-ինչ պատրվակով խալիֆի որդու հետ գալով բյուզանդական սահմանագիծ, անցավ կայսրություն եւ գլխավորեց բյուզանդական զորքերը եվրոպական նահանգներում: Արաբները կարողացան իրենց հերթին բյուզանդացիներին ետ մղել՝ Ափշին եւ մի քանի այլ զորավարների մղած կռիվների շնորհիվ: Մանվել Մամիկոնյանը մահացավ առաջացած տարիքում՝ արդեն Միքայել Գ կայսեր օրոք: Քաղաքական հեղհեղուկ վիճակը ծանր կացության մեջ էր դրել հայ իշխանական դասին, որի ներկայացուցիչները՝ հայտնի իրենց ձեռներեցությամբ ու խենթ քաջությամբ, չգիտեին ինչ վարքագիծ հանդես բերեն եւ ինչպես օգտակար լինեն իրենց ժողովրդին:


Զրպարտությունների զոհ դարձավ նաեւ Հովհաննես կաթողիկոսը: Թովմա Արծրունին նրան ներկայացնում է որպես նախանձախնդիր անձնավորություն եկեղեցական ու բարոյական բարեկարգությունների խնդրում, եւ նա շատերի համար անհաճելի էր իր խստապահանջությամբ: Տարոնի եւ Սասունի կողմերի կամ Տավրոսյան լեռների իշխան Բագարատ Բագրատունին, որ արդեն համաձայն չէր եղել նրա ընտրությանը, հարմար պահ ընտրելով, փորձեց նրա փոխարեն հայրապետ դարձնել մեկ ուրիշին: Ըստ որում, նրան աջակցում էին մի շարք չարաբաններ՝ անգամ կաթողիկոսարանից: Չի բացառվում, որ չարախոսները, որոնք Բագարատին կաթողիկոսի դեմ ամբաստանագիր ներկայացրին, հենց խրախուսվել էին հայոց իշխան Բագարատ Բագրատունու կողմից, որը հրովարտակ գրեց՝ առաջարկելով բոլորին հրաժարվել հայրապետից եւ կարգել իր առաջարկած թեկնածուին: Թե որոնք էին մեղադրանքները, հստակ հայտնի չէ, սակայն կցկտուր տեղեկություններից ելնելով՝ Մ. Օրմանյանը հակված է կարծելու, որ մեղադրանքը վերաբերում էր բարոյական ինչ-ինչ խնդրի: Զրպարտության մեջ անտարակույս ներքաշված էին Բագարատի թեկնածու եպիսկոպոսը եւ նրա կողմնակիցները: Կաթողիկոսը ստիպված եղավ հեռանալ Այրիվանք կամ Գեղարդավանք, որը կոչվել է նաեւ սուրբ Սահակի բանակետղ: Այստեղ նա համարձակորեն պատասխանեց Բագարատի հրովարտակին՝ ցույց տալով իր անմեղությունը եւ նզովելով չարախոսներին:


Բագարատ Բագրատունին մեծապես սխալվեց իր ձեռնարկի մեջ: Շատերը հանդես եկան նրա հրովարտակի դեմ՝ ի պաշտպանություն կաթողիկոսի, իսկ Սմբատ Բագրատունին եւ Գրիգոր Սուփան Սյունյաց իշխանն անցան այդ բանակի գլուխ: Եվ քանի որ կաթողիկոսը շահագրգիռ էր մեղադրանքները քննելու եւ պարզելու խնդրում, ապա նախարարների եւ եպիսկոպոսների ժողով գումարվեց, որը ցույց տվեց հայոց հայրապետի անմեղությունը եւ մեղադրանքների ստահոդությունը: Կաթողիկոսի դեմ սուտ վկայություն տվողներից մեկը շուտով գահավիժեց քարաժայռից եւ ջախջախվեց, երկրորդը գիշերով ընկավ տանիքից ու մահացավ, իսկ երրորդը խեղդվեց գետի հորձանուտում: Այս ամենն ահ ու սարսափ տարածեց բոլորի վրա, այդ թվում՝ Բագարատ իշխանի, որը ետ կանգնեց իր մտադրություններից, իսկ կաթողիկոսը հետագա տարիներին հովվապետեց՝ շրջապատված հարգանքով եւ պատվով:


Հովհաննես Օվայեցու աթոռակալության շրջանում պարզորոշ նկատվում էր, որ արաբական տիրապետությունը գնալով թուլանում է: Մոթասսեմ խալիֆն անգամ իր մայրաքաղաքը Բաղդադից տեղափոխեց նրանից 12 փարսախ հեռավորության վրա գտնվող Սամառա քաղաքը՝ պատճառ դառնալով, որ հայ մատենագրության մեջ խալիֆայական իշխանության գաղափարը կապվի ոչ միայն Բաղդադի, այլեւ Սամառայի հետ: Տեղային իշխանությունները ձգտում էին անկախանալ, եւ ավատատիրությունն իր տրոհիչ էությամբ տիրապետող դարձավ ամբողջ տերության տարածքում: Օգտվելով ստեղծված վիճակից՝ շունչ քաշեցին հայկական նախարարությունները՝ իրենց իշխանությունը տարածելով երկրի տարածքի գերակշիռ մասի վրա: Նրանք իրենց այնքան ուժեղ են զգում, որ անգամ պատերազմներ են մղում արաբ զորավարների դեմ՝ զենքով ապացուցելով իրենց իրավունքն իրենց տիրույթների նկատմամբ: Այդ խառնակ ժամանակներում իրար ետեւից փոխվում են ոստիկանները, երկիրը գրեթե անկախանում է: Եթե ուղարկված ոստիկանն ուժեղ մարդ էր լինում, ապա նրան հարկեր վճարում էին, հակառակ դեպքում՝ երկրից պարզապես դուրս էին անում: Բաբեկի ապստամբության եւ ավատատիրական քաոսի պայմաններում խալիֆայությունը հնարավորություն չուներ Հայաստանով լրջորեն զբաղվելու, ուստի առաջին լուրջ քայլը երկիրը կրկին հնազանդեցնելու ուղղությամբ ձեռնարկվեց միայն 849 թվին:


Հիշյալ թվականին Հայաստան ուղարկվեց Ապուսեթ կամ, որ ավելի ճիշտ է, Աբու-Սայիդ ոստիկանը, որը հասնելով Ձորա պահակ լեռնանցք՝ հանդիպեց Տարոն-Սասունի իշխան Բագարատ Բագրատունու եւ Վասպուրականի իշխան Աշոտ Արծրունու զինված ուժերին: Արտաքնապես ջերմ հանդիպումն ավարտվեց նրանով, որ հայ իշխանները հետաքրքրվեցին նրա գալստյան շարժառիթով, իսկ Ապուսեթն էլ հայտարարեց, որ եկել է հարկերը հավաքելու: Հայերը, որ արդեն հավաքած ունեին հարկերը, անմիջապես հարկը վճարեցին եւ, փաստորեն, ստիպեցին նրան ետ վերադառնալ: Ապուսեթը ետ վերադարձավ, սակայն երկու զորահրամանատարների՝ Ալա-Ծովափիի (իմա՝ հավանաբար Ալի-Սահիբ) եւ Մուսա իբն-Զորահայի գլխավորությամբ զորամասեր թողեց՝ համապատասխանաբար գործելու Վասպուրականի եւ Տարոնի կողմերում: Սրանց հանձնարարվեց հայ իշխաններին ուժով հնազանդեցնել: Իսկ ինքը շտապեց Բաղդադ կամ Սամառա՝ հրահանգներ ստանալու:


Ալա-Ծովափին Վասպուրական ներխուժեց Աղբակի եւ Անձեւացյաց գավառի վրայով եւ սկսեց ավերել ու կողոպտել երկրամասը: Աշոտ Արծրունու փորձերը՝ համաձայնության գալ նրա հետ, արդյունք չտվեցին: Ուստի հայ իշխանները ստիպված եղան զենքի դիմելու եւ Արճուճք գյուղի մոտ ջախջախեցին Ալա-Ծովափիի զորամասերը: Ալա-Ծովափին փախավ Բաղդադ: Տարոնում Մուսա-իբն-Զորահան իր հերթին կռիվներ էր մղում Բագարատ Բագրատունու դեմ, որն իր շուրջը հավաքելով բազմաթիվ հայ իշխանների՝ իրենց զորամասերով, եւ օգնություն խնդրելով Աշոտ Արծրունուց՝ դուրս եկավ արաբական զորքերի դեմ: Ճակատամարտում կարեւոր դեր խաղացին մասնավորապես Աշոտ Արծրունու եւ նրա հավատարիմ զորամասերը, եւ արաբական զորքերը կրկին ծանր պարտություն կրեցին: Հայերը թշնամուն հետապնդեցին մինչեւ Բաղեշ եւ պաշարեցին Շահաստան քաղաքը, սակայն արյունահեղություններից ձեռնպահ մնացին Մուսայի կնոջ խնդրանքով, որը Բագարատ Բագրատունու քույրն էր: Մուսան գուժկան ուղարկեց Բաղդադ՝ կատարվածի մասին տեղեկացնելով խալիֆին:


Հայերի ըմբոստանալն ու արաբական զորքերի պարտությունները հարկադրեցին խալիֆայությանը՝ դիմելու առավել վճռական քայլերի: Մութավաքիլ-Պիլլահ նոր խալիֆն իր որդու՝ Մողասի կառավարմանը հանձնեց Հայաստանը, սկսեց բուռն հալածանքներ քրիստոնյաների ու հրեաների նկատմամբ, որոնց արգելվում էր անգամ ձի հեծնել, այլ միայն էշ ու ջորի եւ այն էլ՝ առանց ասպանդակի, քրիստոնյաների ու հրեաների տների վրա՝ մահմեդականներից զատելու համար, կարգադրեց շան ու կապիկի նշաններ դնել, պետական պաշտոններից հեռացրեց բոլոր քրիստոնյաներին ու հրեաներին՝ պարտադրելով վերջիններիս մահմեդականներից տարբեր հագուստ հագնել, եւ արգելեց դպրոց հաճախել:


Ապուսեթը, որին որոշ աղբյուրներ մեղադրում են հայերից կաշառք վերցնելու եւ այդ պատճառով Հայաստանը խաղաղությամբ թողնելու մեջ, կրկին մեծ բանակով Հայաստան ուղարկվեց՝ լուրջ հանձնարարականներով: Սակայն նա Հայաստան չհասավ եւ մահացավ կա՛մ Ասորիքում, կա՛մ էլ Հյուսիսային Միջագետքում: Երբ մահվան գույժը հասավ Բաղդադ, արաբական զորքի հրամանատարությունը հանձնվեց նրա որդուն՝ Յուսուփ իբն-Ապուսեթին, որը եւ զորքերը շարժեց Հայաստան եւ Ատրպատականի վրայով մուտք գործեց Վասպուրական: Բանակ դնելով Աղբակ գավառի Հադամակերտ ամրոցի մատույցներում՝ նա իր մոտ հրավիրեց Աշոտ Արծրունուն, որը հեռացել էր Մարդաստան գավառի կողմերը: Բոլորովին չվստահելով արաբ զորավարին՝ վերջինս մի շարք ընծաներով նրա մոտ ուղարկեց իր մորը՝ Հռիփսիմե իշխանուհուն, որը Բագարատ Բագրատունու քույրն էր:


Յուսուփը, որ հիանալի հասկացել էր Արծրունյաց իշխանի մտադրությունը, տեսք արեց, որ ամեն ինչ հիանալի է, եւ շարժվեց դեպի Տարոն: Այստեղ նա իր մոտ հրավիրեց Բագարատ Բագրատունուն՝ նախապես զանազան խոստումներ տալով: Բագարատը ժամանեց արաբների բանակատեղի եւ անմիջապես ձերբակալվեց՝ իր զինակիցներով հանդերձ: Յուսուփը նրան ուղարկեց Սամառա, իսկ ինքը ձմեռեց Տարոնի Մուշ քաղաքում՝ միաժամանակ ասպատակելով Տուրուբերանի եւ Աղձնիքի երկրամասերը՝ կողոպտելով, գերեվարելով ու կոտորելով բնակչությանը: Գերվածներից շատերն ուղարկվեցին ստրկավաճառության շուկաներ, իսկ մնացածները ստիպված էին ձմեռային դժնի պայմաններում ծանր աշխատանքներ կատարել: Չտուժեցին միայն Սասունի լեռնային շրջանները, որոնք ձմեռային պայմաններում պարզապես անմատչելի էին թշնամու համար: Սակայն սասունցիները լավ էին հասկանում, որ գարունը բացվելուն պես իրենք եւս կենթարկվեն հարձակման, ուստի հավաքելով իրենց ուժերը Խույթում՝ թշնամու համար անակնկալ հարձակվում են Յուսուփի զորքերի վրա: Հայերը փայլուն հաղթանակ տարան, արաբական զորքի մեծ մասը կոտորվեց, պատանդներն ու գերիներն ազատ արձակվեցին, իսկ Սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթում թաքնված Յուսուփը, թիկունքից աշտեի հարված ստանալով, սպանվեց: Թովմա Արծրունին, որ հետագայում թղթին էր հանձնում այդ դեպքերի պատմությունը, անձամբ հանդիպել էր հիշյալ հայ զինվորին եւ ծանոթացել մանրամասներին:


Յուսուփ ոստիկանի սպանությունը սառը ցնցուղի ազդեցություն առաջ բերեց արաբական արքունիքում: Միաժամանակ հայ ազատագրական շարժումը, որ կարծես ծանր հարվածներից հետո նահանջ էր ապրում, սկսեց աշխուժանալ: Հուզումներ սկսվեցին ամբողջ երկրով մեկ: Կամենալով անմիջապես սպասվելիք ապստամբության առաջն առնել՝ Մութավաքիլ խալիֆը ոստիկանի պաշտոնը հանձնեց Բուղա զորավարին, որ ազգությամբ թուրք էր: Նրա տրամադրության տակ մեծ ուժեր դրվեցին, իսկ նրան էլ հրահանգ տրվեց ձերբակալել բոլոր հայ նախարարներին եւ ուղարկել Բաղդադ, իսկ զենքի ընդունակ մարդկանց՝ սրի քաշել: Արաբական զորքը Հայաստան հասավ 852 թ. գարնանը եւ մուտք գործեց Տարոն: Ձերբակալվեցին Բագարատ Բագրատունու որդիները՝ Աշոտը եւ Դավիթը: Հատուկ զորամասեր ուղարկվեցին Խույթ եւ Սասուն, որոնք ահավոր ավերածության ենթարկվեցին: Նույն ճակատագրին արժանացան Տարոնը եւ նրա շրջակայքը: Միաժամանակ փորձում էին շատերին մահմեդականացնել: Բագարատի որդիները եւ շատ ազնվականներ քշվեցին Միջագետք եւ հանձնվեցին խալիֆի ողորմածությանը:


Այս ամենն իրականացնելուց հետո Բուղան շարժվեց դեպի Խլաթ, դեպի Մոկք՝ զորամասեր ուղարկելով Վանա լճի հարավով եւ այնտեղից առաջացավ դեպի հյուսիս՝ Ապահունիքի վրայով: Ժիրակ զորավարը, իրեն ենթարկելով Մոկքի Սմբատ Բագրատունի իշխանին, այստեղ ավերածություններ չգործեց, սակայն մեծ կոտորածներ կազմակերպեց Ռշտունիքում, որը մտնում էր Աշոտ Արծրունու տիրույթների մեջ: Հատկապես մեծ ջարդեր եղան Առվենից եւ Ածանի ձորերում, իսկ գերի վերցվածները չվանակապ վիճակում կոտորվեցին Ռշտունիքի Նորագյուղ ավանում: Սակայն կիրճի մեջ երկու եղբայրներ, որոնց անունները պատմությունը չի պահպանել, եւ Շապուհ Ռշտունի քահանան, պարսատիկով եւ քարերով զգալի վնաս պատճառեցին թշնամուն: Արաբները գլխատեցին Մարդպետականի եպիսկոպոս Սահակի եղբորը՝ գեղեցկատես Աբուսահակ Վահեւունուն, որը հրաժարվեց իսլամանալ:


Այնուհետեւ թշնամին մտավ Տոսպ գավառ եւ այրեց Արտամետի եկեղեցին: Առաջանալով դեպի հյուսիս՝ Ժիրակի զորամասերը միացան Բուղայի հիմնական ուժերին, որոնք պաշարել էին Թոռնավան գավառի Նկան բերդը, որտեղ ամրացել էր Աշոտ Արծրունին՝ իր մի շարք հավատարիմների հետ: Հանդիպելով հայերի համառ դիմադրությանը՝ արաբները, ապակե ամանների մեջ այրվող ծծումբը պարսատիկներով նետելով բերդ, փորձեցին այն կրակի տալ: Դրան ի պատասխան՝ բերդի պաշտպաններն իրենց կրակից ազատում էին թրջված թաղիքե հագուստներ օգտագործելով: Հաշվի առնելով սննդամթերքի եւ զինամթերքի սպառվելը՝ պաշարյալները փորձեցին լեզու գտնել արաբների հետ խոստանալով գյուղեր ու ագարակներ, հարկերի բարձրացում եւ պատանդներ, սակայն Աշոտ Արծրունու հավատարիմ իշխանների մի խումբ՝ հանձին Մուշեղ Վահեւունու, Վահրամ Տրունու եւ թիկնապահ Վահրամի, գաղտնի բանակցությունների մեջ մտավ Բուղայի հետ եւ խոստացավ Աշոտ Արծրունուն՝ որպես միակ մեղավորի, հանձնել նրան, եթե իրենց թողնվեն իրենց տիրույթները, եւ ներվի իրենց ըմբոստությունը:


Ստանալով Բուղայի համաձայնությունը՝ հիշյալ երեք իշխանները կազմակերպեցին Աշոտ Արծրունու բանագնացությունը Բուղայի մոտ, եւ նա բոլորովին էլ անտեղյակ չլինելով դավաճանությանը, ստիպված ներկայացավ արաբական զորավարին եւ ձերբակալվեց: Գրավվեց Նկանը, եւ բերդի պաշտպանները համարվեցին գերիներ, որոնց գլխավորներին Բուղան ուղարկեց Սամառա՝ ամիրապետին եւ միայն մի մասին նա շնորհեց Մոկաց Սմբատ իշխանին: Սամառա քշվածների մեջ էին Աշոտ Արծրունին, նրա որդի Գրիգոր-Դերենիկը, Վահան Արծրունին, նրա որդի Գագիկ-Աբումրվանը, Մուշեղ Արծրունին եւ նրա տիկինը՝ Հրանույշը: Հաշվի առնելով, որ Աշոտի եղբայր Գուրգեն Արծրունին իր վերահսկողության տակ էր առել ներքին ճանապարհները՝ իր ուժերը կենտրոնացնելով Ջլմար, Սռինգ եւ Ճահուկ կամ Ճախուկ ամրոցներում, գերիները Սամառա ուղարկվեցին Ատրպատականի վրայով, սակայն մի խումբ հայեր, այնուամենայնիվ, հարձակվեցին գերիները Արաբիա տանող ջոկատի վրա եւ գերիների մի մասին ազատեցին: Տեղ ժամանած արաբական նոր զորամասերն ի վերջո ընկճեցին այդ խիզախ ջոկատը, որի զինվորների մի մասը գերի ընկավ եւ չնայած բոլոր կտտանքներին՝ հրաժարվեց իսլամանալ եւ Բուղայի հրամանով նահատակվեց: Դրանց մեջ էին Գեւորգ Ակեացին, Խոսրով Գաբեղյանը եւ ուրիշներ, սակայն պատմությունը պահպանել է միայն առաջին երկուսի անունները: Մի պարսիկ մահմեդական, ապշահար ու ոգեւորված հայ քրիստոնյաների արիությամբ ու տոկունությամբ, որոշում է քրիստոնեանալ եւ գլխատվում է արաբների կողմից:


Մաղաքիա Օրմանյանը իրավացիորեն ցույց է տալիս, որ «Յայսմաւուրք»-ում հուլիսի 1-ի տակ հիշատակված Գեւորգ Ակեացին եւ քրիստոնյա երիտասարդը, ինչպես նաեւ մյուս նահատակները, վերը հիշյալ հայ նախարարներն ու քրիստոնեացած պարսիկն են: «Յայսմաւուրք»-ն այս ժամանակներում է դնում (ապրիլի 23) Հովհան Նախիջեւանցու եւ Շահապ Արծրունու (Բաղդադ, հուլիսի 22) նահատակությունը:
Տարոնը եւ Վասպուրականը համարելով արդեն նվաճված՝ Բուղան իր զորքերը նետեց Գուրգեն Արծրունու դեմ, որն ամրացել էր Աղբակում եւ նրա շրջակայքում: Արաբներից ահաբեկված բնակչությունը եկել կուտակվել էր Թու գյուղի լեռնակողմը, որտեղ գտնվում էին Գուրգեն Արծրունու հիմնական ուժերը: Արաբները համաձայնություն են ստանում համոզել Գուրգեն Արծրունուն դիմադրության անհնարինության մեջ եւ ստիպել նրան հնազանդվել: Արծրունյաց իշխանն ինքն էլ լավ էր գիտակցում ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունը, ուստի իր մորը՝ Հռիփսիմե իշխանուհուն ուղարկեց բանակցելու՝ խոստանալով ենթարկվել արաբներին ու տալ հարկ ու հաս: Բուղան խոստացավ նրան՝ Գուրգենին հաստատել Վասպուրականի իշխան՝ պայմանով, որ Գուրգենն իրեն ներկայանա: Սակայն Արծրունյաց իշխանն այդպես էլ Բուղային չներկայացավ, քանի որ արաբների զորաշարժը կասկածներ ծնեց, որոնք բոլորովին էլ հիմնազուրկ չէին:


Չնայած ուժերի բացարձակ անհավասարությանը՝ հայերը պատրաստվեցին ճակատամարտի եւ փայլուն հաղթանակ տարան արաբների դեմ: Պատմությունը պահպանել է հայկական զորամասերի հրամանատարների անունները, որոնց մեջ էին Գուրգեն, Վասակ, Պերճ, Մուշեղ, Սահակ, Աբումկդեմ ու Աշոտ Արծրունիները, Վահան, Շապուհ, Ապուսեթ, Պատրիկ, Ապուսելմ ու Վարդան Գնունիները, Ապուսելմ եւ Վահան Գազրիկյանները, Մուշեղ, Առիթ եւ Սահակ Ամատունիները, Մլեհ, Ռոստոմ եւ Վարազշապուհ Վարաժնունիները, Գեւորգ, Հիսե եւ Սահակ Տրունիները (բնագրում՝ Ընտրունիներ), Վասակ Ակեացին, Քաբարակ եւ Հրահատ Վահեւունիները, Պատրիկ, Գեւորգ, Դավիթ եւ Հասան Անձեւացիները եւ Դավիթ Գունդսաղարը: Ճակատամարտը, որ տեղի էր ունեցել Որսիրանք գավառի հովտում՝ Արյան լճի մոտ, ստացավ Արյան լճի ճակատամարտ անունը, իսկ հայկական՝ ընդամենը 900 հոգուց բաղկացած զորագունդն իր անունը փառքով պսակեց՝ հաղթանակ տանելով արաբական 15 հազարանոց զորագնդի նկատմամբ՝ ոչնչացնելով թշնամու ավելի քան 1800 զինվորների: Ոչ պակաս թիվ էին կազմում վիրավորներն ու գերիները: Մնացածներին հետապնդեցին մինչեւ Էլքի սահմանները, Ատրպատական եւ Պարսից սահմանները: Արաբներին օգնության եկած Աշխե զորավարը, որ պարսից ստրուկներից էր, իր երկու հազար զինվորներով ճակատամարտին չմասնակցեց, իսկ երբ արաբները պարտվեցին, սկզբում փախան եւ այնուհետեւ եկան եւ սպանվածներին դիակապտեցին:


Հայերի հաղթանակը մեծ անակնկալ էր Բուղայի համար, որը հաղթանակ չտանելով ռազմի դաշտում՝ որոշեց դիմել խորամանկության: Մի կողմից նա օգնական թարմ ուժեր բերեց, իսկ մյուս կողմից ընդհանուր ներման հրովարտակ արձակեց: Գուրգեն Արծրունուն ներկայացան Համդո պարսիկը եւ ազգությամբ թուրք Հեթմ իշխանը, որոնք երդումներ տալով վստահեցրին նրան ապահովության մեջ եւ իշխանություն խոստացան, եթե ներկայանա Բուղային: Սկզբում նրան փայլուն ընդունելություն ցույց տվեցին եւ մեծ պատիվների արժանացրին, սակայն երեք օր անց Բուղան Գուրգենին հայտնեց, որ խալիֆն իրեն մեղադրական նամակ է ուղարկել՝ իբրեւ թե հայերի կողմն անցած լինելու համար եւ կարգադրել է բոլոր հայ իշխաններին ձերբակալել եւ ուղարկել Արաբիա: Բուղան, որ երդումներ էր տվել, իրեն, համաձայն խալիֆի նամակի, երդումից ազատ համարեց եւ Գուրգենին ու մյուս հայ իշխաններին շղթայակապ ուղարկեց Սամառա: Գերեվարվածների մեջ էին նաեւ Արծրունյաց Հովհաննես եպիսկոպոսը եւ Գրիգոր Արծրունի քահանան: Ձերբակալվածներին կամովին միացավ Աշոտի եւ Գուրգենի մայրը՝ Հռիփսիմե իշխանուհին:


Մաղաքիա Օրմանյանը հակված է կարծելու, որ «Յայսմաւուրք»-ում մարտի 6-ի տակ հիշատակված 42 վկաները, որոնք նահատակվեցին Սամառայում, հավանաբար այս խմբից էին: Ինչ վերաբերում է Բուղային, ապա նա կրկին ավերեց Տարոնն ու Վասպուրականը, կոտորածներ կազմակերպեց 852 թ. ամռանն ու աշնանը եւ ձմռան կողմերը շարժվեց դեպի Դվին, որը դարձավ նրա ձմեռոցը:


Վասպուրականի եւ Տարոնի իրադարձությունները վախի մթնոլորտ էին ստեղծել ամբողջ երկրում, ուստի Սմբատ Բագրատունի սպարապետը նրան պատիվներով ընդունեց՝ նրա մոտ ընծաներով ուղարկելով իր որդի Աշոտին: Ավելին. նա մասնակցեց նաեւ Բուղայի պատերազմներին՝ համարելով, որ դա արվում է ի շահ երկրի փրկության: Սմբատ Բագրատունին թեեւ առերես մտերմություն էր ցույց տվել Բուղային, դավաճան չէր, եւ բնավ էլ պատահական չէր ավելի ուշ նրա եղերական վախճանը: Ավելին. Բուղան, որ մշտապես ասպատակներ էր սփռում Այրարատով մեկ, ավելի մեծ կորուստներ կպատճառեր երկրին, եթե Սմբատն այլ վարքագիծ ընտրած լիներ: Բուղան հարձակվեց նաեւ Սյունիքի վրա, որի իշխանները երկպառակտիչ պատերազմների մեջ էին:


Վասակ Գաբուռ Սյունին ստիպված եղավ փախչել ու ապաստանել Գարդմանի իշխան Կտրիճի մոտ, սակայն վերջինս նենգորեն նրան ձերբակալեց եւ հանձնեց Բուղային: Սակայն վերջինիս դավաճանության հետեւանքը եղավ միայն նրա ձերբակալությունը: Ձերբակալվեցին նաեւ Վասակի եղբայր Աշոտն ու նրանց մայրը, Խաչենի Ատրներսեհ իշխանը եւ շատ ուրիշներ: Վասակ եւ Աշոտ Սյունինները կեղծ ուրացությամբ ազատվեցին եւ վերադարձան Սյունիք՝ Սյունյաց Սողոմոն եպիսկոպոսին տեղյակ պահելով առերես ուրացության մասին: Սակայն նրանք կարողացան հրապարակավ հայտարարել կեղծ ուրացության մասին միայն Բուղայի եւ նրա զորքի հետ կանչվելուց հետո: Բուղան դրանից հետո կռիվներ մղեց Տփղիսում, Ծանարների երկրում, Հայոց Արեւելից կողմերում, սակայն մեծ արդյունքի չհասավ: Արաբական արքունիքը, խիստ անհանգստացած Բյուզանդական կայսրության ուժեղացումից եւ հնարավոր հայ-բյուզանդական դաշինքից, ավելի լավ սեպեց փոխել իր քաղաքականությունը Հայաստանում, ետ կանչել իր զորքերը, հաշտվել հայ իշխանական դասի հետ, քան թե պայմաններ ստեղծել հայ-բյուզանդական մերձեցման համար:


Բուղան, մինչեւ ետ կանչվելը, Դվինում բանտարկել էր հարյուր հիսունի չափ ազնվազարմ երիտասարդների, որոնց հավաքել էին երկրի տարբեր գավառներից: Արաբական զորավարը փորձեց նրանց իսլամացնել, սակայն բանտային ծանր պայմանները, կտտանքներն ու հալածանքները, խոշտանգումն ու գանահարությունը ոչ մի արդյունք չտվեցին, եւ Բուղան նրանց մաս-մաս գլխատել տվեց: Ամենավերջում մնացել էին յոթ երիտասարդ, որոնցից չորսի անունները պատմությունը պահպանել է. Ատոմ Անձեւացի, Մլեհ Վարաժնունի, Գեւորգ Բողկացի եւ Վասակ... հավանաբար՝ Ակեացի:


Սրանք գեղեցկատես էին եւ զինավարժության մեջ՝ հմուտ: Սակայն ոչ հրապույրները եւ ոչ էլ տանջանքների սաստկացումը նրանց չընկճեցին, եւ նրանք կտրականապես հրաժարվեցին մահմեդականանալուց: Թովմա Արծրունու հաղորդմամբ՝ Գեւորգ Բողկացին, համոզվելու համար, թե որքանով է լավ սուրը, քանի որ դահիճները ձերբակալվածներին առավել տանջելու համար հարվածներ էին հասցնում, բայց չէին սպանում, դահճի ձեռքից խլում է սուրը, համոզվում լավորակության մեջ, հանդիմանում է դահճին, սրի հարվածով գլխատում է նրան, եւ ինքն էլ մահ է ընդունում մեկ այլ դահճից: Սրանց նահատակությունը տեղի ունեցավ հայոց 302 թվականի մեհեկան ամսի 25-ին, որը համապատասխանել է 853 թ. նոյեմբերի 17-ին: Սակայն համաձայն անշարժ տոմարի՝ այն դրվել է մարտի 3-ին: Դվնում վկայվածները կոչվել են Ատոմյանք՝ Ատոմ Անձեւացու անվամբ, եւ անգամ՝ Նոր Ատոմյանք՝ առաջիններից տարբերվելու համար: Հովհաննես կաթողիկոսի կոնդակով մեհեկանի 25-ը հայտարարվեց Նոր Ատոմյանց նահատակների հիշատակի օր: Ներկայումս այդ տոնը չկա: Եվ միանգամայն իրավացի է Մաղաքիա Օրմանյանը՝ գրելով, որ լավ կլիներ՝ Եկեղեցու փառավոր հիշատակները չխափանվեին:


Հովհաննես Օվայեցի կաթողիկոսն այս դեպքերից հետո երկար չապրեց: Ինչպես արդեն նշել ենք, նա մահացավ 855 թվին Գեղարքունի գավառի (իմա՛ տվյալ դեպքում՝ Սոթից գավառի) Մաքենոցաց վանքում, որտեղ էլ թաղվեց: Կաթողիկոսի կյանքի վերջին տարիներին հայ վկաների մեծ ցուցակը հավելվեց նոր անուններով, որոնցից էին Մուկաթլ Վանանդեցին, որը սպանվեց Քթիշ լեռան մոտ՝ Գոռոզու գյուղում, Սողոմոն Սեւորդին եւ Կահա Վերինաշխարհեցին, որոնցից առաջինը, հրաժարվելով մահմեդականանալուց, նետահարվեց, իսկ երկրորդը գլխատվեց: Շատ նշանավոր եղավ Հովնան Խութեցին՝ Յուսուփի զորքերի դեմ սասնեցի եւ խութեցի լեռնականներին առաջնորդած ժողովրդական հերոսը, որը նույնպես հրաժարվեց իսլամանալուց եւ գլխատվեց:


Նահատակվեց Տփղիսի քաղաքապետ Սահակ Իսմայելացին, որն իրականում մահմեդականացած հայ էր: Վերջինս սպանվեց, քանի որ Տփղիսի պաշարման ժամանակ սպանվել էր Բուղայի սիրելի Աշխեթ անունով մեկը, եւ ձերբակալված Սահակը դարձավ Բուղայի վրեժխնդրության զոհը: Բուղան բռնությամբ ամուսնացավ Սահակի կնոջ հետ, որը շատ գեղեցիկ էր, եւ որն էլ, ի վերջո, դարձավ նրա դժբախտության պատճառը: