Հավատարիմ ծառան

Հավատարիմ ծառան

Մի թագավորություն է լինում, որի թագավորը մի հավատարիմ ծառա է ունենում, ով հավատարմաբար ծառայել էր թագավորին և երբեք նրա հրամանները չէր անտեսել: Երբ այս ծառան ծերանում է, թագավորին խնդրում է, որ իրենից հետո իր պաշտոնը հանձնի իր որդուն: Եվ թագավորին խոստանում է, որ ինչպես ինքն է թագավորին հավատարիմ եղել, այնպես էլ իր որդին կլինի: Թագավորն ընդառաջում է նրա խնդրանքին և խոստանում, որ նրա մահվանից հետո պաշտոնը կտա նրա որդուն: Եվ մահվան մահճում հավատարիմ ծառան կանչում է իր որդուն և նրան խրատներ տալիս՝ ասելով. «Որդյակ, ես քեզ խրատներ եմ տալիս, և եթե դրանք պահես քո ամբողջ կյանքում, ապա դրանք քեզ կփրկեն և կազատեն ամեն տեսակի փորձանքներից: Պատվիր Տիրոջ կիրակի օրը, և երբ եկեղեցու զանգերը լսես և իմանաս, որ Պատարագը սկսվում է, անպայման եկեղեցի գնա և Պատարագից մի բացակայիր: Եվ եկեղեցուց դուրս չգաս, մինչև արձակման զանգերը չլսես: Երկրորդ պատվերն այն է, որ մաքուր և անաղարտ կյանքով ապրես: Եթե ցանկանաս, ապա ամուսնացիր և զավակներ ունեցիր, իսկ եթե չես ցանկանա ամուսնանալ, ապա կուսությամբ և մաքրությամբ քո կյանքը ապրիր: Տիրոջ առջև երկուսն էլ ընդունելի են:Եվ երրորդ պատվերն այն է, որ հավատարիմ լինես թագավորին և թագուհուն: Երբ նրանք կծիծաղեն, դու էլ ծիծաղիր, երբ նրանք կտխրեն, դու էլ տխրիր նրանց հետ. նրանց ուրախությունն ու տխրությունը նրանց հետ պետք է կիսես»: Ահա այս երեք պատվերները տալով, մահանում է հավատրիմ ծառան: Եվ իր խոստման համաձայն թագավորը նրա պաշտոնը հանձնում է նրա որդուն: Բոլորի կողմից շատ սիրելի էր ծառայի որդին: Սակայն ծառաներից մեկը, ով չար էր և նախանձ, գնում և չարախոսում է թագավորի առջև` ասելով, թե իբր այս հավատարիմ ծառան գաղտնի կապ ունի թագուհու հետ: Թագավորը շատ է զարմանում, քանզի գիտեր, որ իր ծառան հավատարիմ էր: Բայց չարախոս ծառան ասում է. «Ուզո՞ւմ ես փորձել: Թող թագուհին կեղծ տխրի և կտեսնես, թե քո հավատարիմ ծառան ինչպիսի վերաբերմունք ցույց կտա»: Եվ մի օր թագուհին տխուր դեմքով դուրս է գալիս պալատից, և հավատարիմ ծառան այնքան է տխրում, որ անգամ արտասվում է: Չարախոս ծառային հաջողվում է համոզել թագավորին, և նա որոշում է սպանել իր հավատարիմ ծառային: Չարախոսը դիմում է թագավորին և ասում. «Քանի որ ժողովուրդն ու արքունիքը սիրում են քո ծառային և չգիտեն նրա չարիքները, պետք է նրան գաղտնի սպանել: Վաղն առավոտյան նրան կուղարկես հնոց և հնոցի աշխատողներին կասես, որ երբ արքունիքից մարդ գա և հարցնի՝ թագավորի հրամանը կատարե՞լ եք, ապա թող նրան վերցնեն և նետեն հնոցը»: Այդպես էլ անում են: Վաղ առավոտյան թագավորն իր հավատարիմ ծառային ուղարկում է հնոց հարցնելու, թե իր հրամանը կատարե՞լ են: Այդ օրն աստվածային նախախնամությամբ կիրակի օր է լինում: Երբ ծառան դուրս է գալիս թագավորի հրամանը կատարելու, հանկարծ լսում է եկեղեցու զանգերն ու հիշում հոր խրատը. «Ամենից առաջ, երբ եկեղեցու զանգերը լսես, Պատարագ է, կմասնակցես»: Գնում է եկեղեցի Պատարագին մասնակցելու, աղոթք է անում, խնդրում է Ս. Աստվածածնի բարեխոսությունը, որպեսզի իրեն բոլոր փորձություններից անվտանգ պահի: Եվ աստվածային նախախնամությամբ նինջ է իջնում նրա վրա և քնում է եկեղեցում, անգամ զանգերի ձայնը չի լսում: Իսկ չարախոս ծառան, չհամբերելով, գնում է թագավորի մոտ և խնդրում, որ ուղարկի իրեն հնոց այն ծառայի մասին լուր իմանալու: Եվ թագավորի թույլտվությամբ գալիս է հնոց և հարցնում. «Թագավորի հրամանը կատարե՞լ եք»: Հնոցի աշխատողներն այս լսելով վերցնում են չար ծառային և նետում հնոցը: Իսկ հավատարիմ ծառան արթնանալով` դուրս է գալիս եկեղեցուց և գնում հնոց ճշտելու, արդյոք թագավորի հրամանը կատարել են: Եվ իմանալով, որ կատարել են, գալիս է արքունիք և այդ մասին հայտնում թագավորին: Սակայն թագավորը նրան ողջ տեսնելով` զարմանում է, և իմանալով, որ իր հավատարիմ ծառան իր հոր խրատի համաձայն եկեղեցու զանգերը լսելով գնացել է եկեղեցի մասնակցելու Ս. Պատարագին և խնդրել Ս. Աստվածամորը, որ իրեն անփորձանք պահի ամեն վտանգից, այդ ժամանակ հասկանում է, որ չարախոսել էր այն անպիտան ծառան, և ինքն էլ զղջում, ներողություն է խնդրում իր հավատարիմ ծառայից և փառք տալիս Աստծուն, որ չար մարդն իր արժանի պատիժը գտավ և արդարը փրկվեց վտանգից և փորձություններից:Այսպիսին է աստվածային նախախնամությունը իր ծառաների հանդեպ. բարիներին պահում և պահպանում է և իր խնամքի ներքո հասցնում Երկնքի Արքայություն:

  • 2021-08-09
×