Շապիկը

Շապիկը

Մի ընտանիքում կար ավանդույթ՝ Զատկի առթիվ աղքատների համար հագուստ կարել: Եվ ահա տոնի նախօրեին տատիկը պատմեց զարմանալի մի դեպքի մասին. գարուն էր, ձյունն արդեն հալվում էր, զգացվում էր գարնան շունչը: Ընտանիքի անդամները հավաքվել և եռանդուն աշխատում էին. մեկը ձևում էր շապիկները, մյուսը՝ մեքենայով կարում, մեկ ուրիշը՝ կոճակներն ամրացնում և մերակը լցնում: Անգամ փոքրիկներն էին օգնում՝ կտրում էին թելն ու ասեղները թելում: - Տատիկ, պատմիր, թե Զատկից առաջ ինչո՞ւ ենք միշտ շապիկներ կարում, - հարցրեցին թոռները: - Տատիկիս կամքով: Դա շատ վաղուց էր, դեռևս նախքան հեղափոխությունը: Տատիկս Մեծ պահքի շրջանում շատ զուսպ էր ապրում, շարունակ աղոթում և աղքատների համար աշխատում էր: Հագուստ կարում էր թե ինքը և թե ընտանիքի անդամ բոլոր կանայք և աղջիկները. կարում էին զգեստներ, սարաֆաններ, շապիկներ և այլն: Հագուստը լվացվում, արդուկվում և Ավագ շաբաթ օրը բաժանվում էր աղքատներին, որպեսզի նրանք կարողանային մաքուր հագուստով գնալ պատարագի: Մի անգամ, իր մահվանից մեկ տարի առաջ, տատիկս Ավագ շաբաթվա ընթացքում աղքատներին բաժանեց կարված բոլոր հագուստները, սակայն մի շապիկ մնաց: Մի քանի անգամ այդ շապիկը վերադարձավ տատիկիս մոտ. կամ աղքատներից մեկը քաղաքից մեկնել էր, կամ մեկ ուրիշը մահացել էր, երրորդը հարստացել և այլևս ողորմության կարիք չուներ: - Զարմանալի է, - ասաց տատիկս, - երևում է՝ Տերն այդ շապիկն ինչ-որ մեկի համար է նախատեսել: Շապիկը պահիր և տուր հանուն Քրիստոսի ողորմություն խնդրող առաջին պատահած մարդուն: Անցավ երկու օր: Ավագ շաբաթ օրն էր, Տատիկս նստած էր պատուհանի մոտ: Պատուհանին մոտեցավ բարձրահասակ, բարեկազմ մի ծերունի՝ հագին մինչև վերջ կոճկված վերնազգեստ, և ողորմություն խնդրեց հանուն Քրիստոսի: Տատիկս ուղարկեց դստերը՝ ծերունուն հաց, դրամ, ներկած ձվեր տալու, և հիշեցրեց նաև շապիկի մասին: Երբ ծերունուն տվեցին շապիկը՝ խնդրելով այն հագնել տոնի օրը եկեղեցի՝ պատարագի գնալիս, ծերունին անսպասելիորն ձեռքերը մեկնեց դեպի երկինք, աչքերն արցունքով լցվեցին, և նա մրմնջաց. - Տեր իմ, շնորհակալ եմ մեղավորիս հանդեպ գթասիրության համար, և թող Տերն օրհնի ձեզ, իմ սիրելի բարերար, որ Զատկի հրաշափառ տոնին, երկար տարիներ անց հագցրեցիք ինձ: Այդ խոսքերն ասելիս նա արձակեց վերնազգեստի կոճակները. նրա մարմինը մերկ էր, վերնազգեստի տակ այլ հագուստ չկար: - Ահա արդեն 16 տարի է, ինչ ես այս վիճակում եմ, ուխտ եմ արել Աստծուն ինձ համար ոչինչ չխնդրել: Ինչ էլ տան՝ շնորհակալ եմ: Դուք առաջին մարդն եք, ով ծածկեց իմ մերկությունն ու ինձ հագցրեց, այն էլ՝ Տիրոջ Ս. Հարության լուսավոր տոնի նախօրեին: Նրա աչքերից կրկին ուրախության արցունքներ հոսեցին, նրա հետ հուզվեց նաև տատիկս: Եվ ահա, մահանալիս տատիկս պատվիրեց դստերը՝ մորս և թոռնուհուն՝ ինձ, Ս. Զատկի տոնի առթիվ աղքատների համար միշտ շապիկներ կարել և նույնն ավանդել իրենց զավակներին և թոռներին: Դե, մենք էլ ջանում ենք կատարել տատիկի կամքը և հուսով եմ՝ դուք էլ երբեք չեք մոռանա, - ավարտեց տատիկս իր պատմությունը: Թարգմանությունը ռուսերենից՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×