«Պապիկ, դե ճակատիս մի հատ խաչ նկարի», - ասում է Արթուրն ու ձեռքով ճակատի մազերը հետ տանելով՝ կանգնում պապիկի դիմաց: Հետո պապն Արթուրի ճակատին մատաղի արյունով խաչ է նկարում ու ավանդույթի համաձայն մատաղացուն եփելուց հետո սկսում այն բաժանել 7 մասի ու մտածել, թե ո՞ւմ տալ: Գիտակցաբար, թե անգիտակցաբար այսօր շատերն են հետևում այնպիսի ավանդույթների, որոնք սխալմամբ վերագրվում են եկեղեցուն: Սխալ սովորություններից խուսափելու համար փորձել ենք անդրադառնալ մատաղի վերաբերյալ որոշ հարցերի:
Ի՞նչ է մատաղը:
Մատաղն աղքատների կերակուր է, որն իբրև ողորմություն հարկավոր է բաժանել աղքատներին: Մատաղ բառը բացատրվում է հետևյալ կերպ՝ «մատոյ աղ», այսինքն մատուցիր աղքատներին, կամ՝ մատուցիր աղն օրհնության համար:
Մատաղի՝ աղքատների ու կարոտյալների համար կամավոր նվիրաբերության հիմքը դրվեց 4-րդ դարից և իր շարունակությունն ունեցավ և ունի առ այսօր: Սակայն քրիստոնեական իմաստով մատաղի ակունքները գալիս են դեռ առաջին դարից, երբ բոլոր քրիստոնյաները Սուրբ Պատարագից հետո հավաքվում էին միասին՝ «սիրո ճաշի», որն ամբողջությամբ մատուցվում էր հիվանդներին ու աղքատներին:
Ի՞նչ իմաստ ունի մատաղ անելը, եթե Քրիստոս Ինքն Իրեն մատաղ է արել մարդկության համար:
Այս ձևակերպումը թեև շատ տարածված, բայց սխալ է։ Քրիստոս զոհաբերվեց, մատաղ չեղավ։ Քրիստոս իր կյանքը զոհեց՝ մարդկության փրկության համար իր անձը տալով։ Իսկ մատաղի արարողությամբ, հնարավորության սահմաններում, մեր լուման ենք ներդնում աղքատախնամ գործունեության մեջ: Այդ գործում ավելի հոգևոր արժեքներ ենք տեսնում, քան աշխարհիկ, երկնքում գանձեր դիզելն է կարևորվում և ոչ թե մարդկանց մեջ փառքի արժանանալը, ուստի ինչպես Քրիստոս Իր մեծ ողորմությամբ գթաց մարդկային տկար բնությանը և օգնեց նրան վեր բարձրանալ, այդպես էլ մենք պետք է մեր բարձրությունից կռանանք և վեր բարձրացնենք ընկածին, կարիքավորին:
Ե՞րբ է կարելի և ե՞րբ չի կարելի մատաղ անել:
Մատաղ կարող ենք անել ցանկացած ժամանակ, եթե, իհարկե, այն մսի տեսքով չէ: Մսի տեսքով մատաղ մատուցելն արգելվում է միայն Մեծ Պահքի ընթացքում և շաբաթապահքերի ու օրապահքերի ժամանակ: Սակայն կարևոր է այն հանգամանքը, որ եթե մատաղը մսի տեսքով չէ, ապա հատկապես պահքի ընթացքում շատ կարևոր է ողորմություն տալը, որն էլ ավելի է զորացնում մեզ պահեցողության մեջ:
Ինչի՞ տեսքով կարող ենք մատաղ մատուցել:
Պարտադիր չէ, որ մատաղը միայն կենդանու տեսքով լինի: Այն կարող է լինել նաև գումարի, հագուստի, հացի, մրգի տեսքով և այլն: Այսինքն, երբ կարիք ունեցողին կարողանում ենք օգտակար լինել առանց փոխադարձ սպասելիքի, դա կարող է մատաղ լինել:
Ո՞ւմ բաժանել մատաղը: Հարկավո՞ր է 7 տուն բաժանել մատաղը:
Մատաղ կարող ենք բաժանել շատ մարդկանց և շատ տների, պետք չէ հստակ քանակ և թիվ որոշել, թե քանի տուն բաժանել: Մեր խոստացված ողորմությունն ինչ չափով կբավականացնի, այդ չափով էլ կբաժանենք, բայց այնպես, որ ստացողի ընտանիքը մեր արած ողորմության շնորհիվ կուշտ լինի այդ օրը կամ գոնե մեկ անգամ ճաշակելով լիարժեք հագենա։
Մատաղը հարկավոր է բաժանել ամենաաղքատ մարդկանց, ովքեր առավելաբար ունեն դրա կարիքը և ոչ թե մեր հարազատ, բարեկամ, ընկեր և հարուստ հարևաններին, որպեսզի իրենք էլ մի օր նույնը մեզ համար անեն:
Ճի՞շտ է ճակատին արյունով խաչ անել:
Մեր ճակատներն օծվում են Մյուռոնով մկրտության ժամանակ, որը Սուրբ Հոգու էջքն է խորհրդանշում մեզ վրա, իսկ Մյուռոնի վրա քսել կենդանու արյուն, դա կնշանակի, որ մենք ետ ենք դառնում հեթանոսական ծեսերին ու սովորություններին, ուստի Մյուռոնի վրա կամ փոխարեն ճակատին արյուն քսելը սխալ է:
Ա՞ղն է պետք օրհնել, թե՞ մատաղացուն:
Աղը խորհրդանշում է սրբություն, մաքրություն և այս խորհրդով մատաղի համար հավատացյալներն աղ են տանում եկեղեցի՝ հոգևորականի կողմից աղն օրհնելու համար: Նախապես աղն օրհնվում է, այդ աղով կերակրում ենք կենդանուն, և ապա մորթելուց հետո միսը եփվում է նույն օրհնված աղով: Կենդանուն օրհնելու կարիք չկա, քանի որ օրհնված աղի միջոցով է կենդանու օրհնությունն իրականանում:
Մե՞ղք է, եթե մատաղ ես խոստանում ու չես անում:
Հաճախ է լինում, երբ մարդիկ խոստանում են Աստծուն անել ողորմություն` մատաղ, որն անընդհատ ձգձգվում է առօրյա հոգսերի կամ անտարբերության պատճառով: Սակայն մենք պետք է լավ գիտակցենք, որ Աստծուն ստել չենք կարող, եթե մարդկանց կարող ենք խոստումներ տալ ու չկատարել, ապա Աստծուն խոստացված ամեն բան պետք է կատարել:
Հաճախ թակում են դուռն ու մատաղի փող խնդրում, չեմ կողմնորոշվում` գումար տա՞լ, թե՝ ոչ:
Մշտապես պետք է տանք նրանց, ովքեր խնդրում են մեզանից, քանի որ Քրիստոս ասում է, թե ոչ թե նրան ես տալիս, այլ Ինձ ես տալիս, իսկ մեր եկեղեցու հայրերն ասում են, որ մեր շրջապատում ապրող աղքատները լավագույն հնարավորությունն են երկնքում գանձեր դիզելու համար:
«Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն, Եվ ըստ նրա տվածի էլ Աստված պիտի հատուցի նրան»: (Առակ. ԺԹ 17)
Հասմիկ Թամամյան