Սուրբ Հովհան Ոսկեբերան. Աղոթք Սուրբ Երրորդության մասին

Սուրբ Հովհան Ոսկեբերան. Աղոթք Սուրբ Երրորդության մասին

Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի:
 

Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես:
 

Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները:
 

Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից: Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից:
 

Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից: Եվ մեզ սովորեցրեց Ամենասուրբ Երրորդությանդ գլուխ և ծունկ խոնարհել, աղոթք մատուցել և մեղքերի թողություն խնդրել:
 

Եվ հարությունից հետո զանազան նշաններով քառասուն օր երևաց Իր աշակերտներին` նրանց հետ հացով հաղորդվելով` կենսաբեր տնօրենության հավատքի հաստատության համար:
 

Եվ Իր հարության քառասուներորդ օրը երկինք վերանալիս, ձեռքը դրեց աշակերտների վրա և օրհնեց` նրանց տալով առաքինության կատարյալ շնորհները:
 

Եվ նրանց միտքը բացեց` հասկանալու գրքերը. և նրանց պատվիրեց մնալ Երուսաղեմում. սպասել աստվածային խոստմանը և երկնավոր ու մարդասեր Հոր Ավետիսին: Դու, Տեր, Քո անբավ ողորմության շնորհները պարգևեցիր մարդկային ազգին: Ուղարկեցիր Քո էակից ու փառակից Սուրբ Հոգուն մեծ կիրակի օրը` Փրկչի հարության հիսուներորդ օրվա լրանալուց` երրորդ ժամին…
 

Որը հրեղեն լեզուներով երևալով, նստեց նրանց վրա և նրանց լցրեց ամենառատ շնորհներով` խոսելով բոլոր լեզուներով. և լսողների մոտ միաձայն սպասավորելով Սուրբ Հոգուդ, որով և որպես առաջին ծնունդ ծնելով երեք հազարին` Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով, նրանք առաջինը երկրպագեցին սուրբ Երրորդությանդ…
 

Լսիր մեզ մեծ Պենտեկոստեի այս օրը, երբ Սուրբ Հոգիդ ուղարկեցիր ստորինների մեջ` Քո որդի Հիսուսի երկինք համբարձվելուց հետո, և երբ հավատով դիմում ենք Քեզ:
 

Ուղարկիր այսօր բարերար Սուրբ Հոգուդ Քո Տաճարի և նրանում հավաքվածների մեջ, ինչպես այն ժամանակ ուղարկեցիր վերնատանը` առաքյալների մեջ: Որովհետև այստեղ նույնպես Քո Միածին Որդին մշտապես պատարագվում է, ինչպես վերնատանը, որտեղ սուրբ խորհուրդն ավանդելով` աշակերտներին բաշխեց խորհրդավոր ընթրիքի ժամանակ և նրանց ոտքերը լվաց. և երևաց փակ դռներով վերնատանը հարության երեկոյան առաջին կիրակի օրը, և դարձյալ` ութերորդ օրը:
 

Եվ Պենտեկոստեի օրերի ավարտին Սուրբ Հոգիդ, հողմի փչումով իջնելով, այն լցրեց հրով` իր մեջ սուրբ միաբանվածներով հանդերձ: ...Աղաչում ենք Քեզ ամբողջ սրտով, քաղցրությամբ նայիր մեզ գթությամբ և ողորմությամբ հիշիր Քեզ ապավինածներիս, տառապածներիս ու դատապարտվածներիս…
 

Մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Քո խաղաղությունը շնորհեցիր Քո առաքյալներին` փչելով նրանց վրա, և Սուրբ Հոգիդ այսօր հայտնապես նրանց պարգևեցիր: Որը գալով Հորից` բնակվեց նրանց մեջ, նրանց տրտմությունը փարատեց և հրեղեն լեզուներով նրանց լեզուների վրա հանգչելով, նրանց բերանները բացեց` խոսելու բոլոր լեզուներով…
 

Բաց արա, Տե՛ր, իմ` մեղավորի շուրթերը, ինչպես երանելի առաքյալներին, և լցրու մեզ Քո Սուրբ Հոգով` Քեզանից տրված բոլոր շնորհները հաղորդելու Քո ընտրյալներին: Եվ իմ բազում մեղքերի պատճառով մի արգելիր Քո ողորմությունը մեզանից, որ հույսով կանգնած ենք Քո առջև և Քո անբավ գթությունից ենք հայցում: Քո ծառաներին արժանի արա աստվածային պարգևներիդ. իմաստության ու հանճարի, խորհրդի ու զորության, գիտության ու աստվածպաշտության և Քո երկյուղի Հոգով լցրու մեր մտքերը, և մեր մեջ սուրբ սիրտ, ուղիղ հոգի և մաքուր միտք նորոգիր, Մարդասե՛ր:
 

Սրբիր մեզ մեղքերի բոլոր պղծություններից և Սուրբ Հոգուդ ուղարկիր միաբան հավատացյալներիս մոտ, որպեսզի բնակվի մեր մեջ, լուսավորի մեր մտքերն աստվածգիտության լույսով, առաջնորդի մեզ քո պատվիրաններն ամենայն ճշմարտությամբ պահելու և դարձնի աստվածային կտակարանների օրենսգետ, որը խոսեցին մարգարեները, առաքյալներն ու վարդապետները` Սուրբ Հոգու միջոցով, և որը մեզ սովորեցնելու ու զորացնելու է` ամեն ինչ կատարելու:
 

Եվ մեր բնությամբ հանդերձ բարձրանալով Հոր մոտ, բոլոր բարիքների ավարտին ու բոլոր խորհուրդների կատարման ժամանակ Քեզ` նորոգող ու կենդանարար Սուրբ Հոգուդ, տրտմածներին մխիթարիչ ուղարկեց: Դու` Աստված, որ խոնարհվեցիր Հայր Աստծուց և եկար վերնատուն, Դու, որին երկինքը չէր կարող տանել, և անճառելի խնդությամբ ու շնորհներով լցրեցիր Քո ընտրյալներին, որոնց ուղարկեցիր ողջ աշխարհում կենաց խոսքը քարոզելու:
 

Որոնք ողջ տիեզերքը լցրեցին Քո գիտությամբ, Տեր. և մեկ Աստվածությունդ ճանաչել տվեցիր ողջ աշխարհին` վերացնելով կուռքերի սնոտի պաշտամունքը:
 

Սուրբ ավազանով հեթանոսներին ծնեցին որպես Երկնավոր Հորդ որդեգիրների, և բոլորին Ամենասուրբ Երրորդությանդ երկրպագողներ դարձրեցին:
 

Եվ մեզ` Քո անունով Քո Սուրբ Տաճարի մեջ հավաքվածներիս շնորհիր երկնային խաղաղությունդ և մեղքերի հնությունից հոգիների ու մարմինների նորոգում` ապաշխարությամբ ու արտասուքներով վերստին ծնվելու. և բոլորին սուրբ առաքյալների հետ, զորացրու զգաստությամբ ու արդարությամբ` Քո բնակության համար, որպեսզի մեր մեջ չարի համար տեղ և մուտք չլինի: Հրեղեն լեզուներով սրբիր Քո ծառաների շուրթերն ու լեզուները, որպեսզի արժանի լինենք հոգևոր օրհնությամբ հոգեղենների հետ երգելու, սաղմոս ասելու և ամեն ժամ աղոթելու, սուրբ սրտով և խոնարհ հոգով բանավոր պաշտամունք մատուցելու Քեզ, և սրտի խորքից արտասվալից պաղատանքով Քեզանից քավություն խնդրելու: Եվ մեր ողջ կյանքն ամրացրու ու Քո երկյուղով պարսպված պահիր չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից:
 

Ծնկի գալով Քո առջև, աղաչում ենք, մարդասեր Սուրբ Հոգի, որպեսզի նաև մեր հոգիների ընթացքը մարմնական կենցաղի մեջ պահես, որպեսզի աներկյուղ անցնենք և փրկվենք օդային ու պիղծ դևերից, և առաջնորդես դեպի ճշմարիտ երկիր` դեպի երանավետ կյանք ու արդարների օթևան, որտեղ սրբերի հոգիներն ուրախությամբ օրհնում են Քեզ, և հաջորդ նորոգման` Քո էակից Փրկչի գալստյան ժամանակ, արթնացնես բոլորին` հրեշտակապետի փողի ձայնով ու Աստծո խոսքով:
 

Իսկ Դու, մեր Տեր և Աստված, Սուրբ Հոգի, երբ հարությամբ ստանաս բոլոր մարդկանց և յուրաքանչյուրին հոգով նորոգես, փրկիր գեհենի սպառնալիքից ու աններելի տանջանքներից և Քո սրբերի բանակին խառնիր Քո անունը սիրողների հետ` որպեսզի երկնքի արքայության ժառանգորդներ լինենք: Եվ մենք` Քո բանավոր հոտը և Քեզ հավատացողները, օրհնելու և փառավորելու ենք Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

 

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

  • 2021-11-11
×