Տեսնում եմ արտասովոր և հրաշալի խորհուրդ. հովիվները հաստատում են իմ լսած լուրը՝ երգելով երկնային հիմնը: Հրեշտակները երգում են, հրեշտակապետերը՝ գովաբանում, քերովբեները՝ կանչում, սերովբեները՝ փառաբանում, բոլորը տոնախմբության մեջ են՝ տեսնելով Աստծուն երկրի վրա և մարդուն՝ երկնքում, Բարձրյալին՝ ներքևում, իսկ ներքևում գտնվողին՝ վերևում՝ ըստ Աստծո մարդասիրության: Այսօր Բեթղեհեմը երկնքին նմանվեց՝ աստղերի փոխարեն ընդունելով երգող հրեշտակներին, իսկ արևի փոխարեն՝ արդարության Արեգակին: Մի՛ քննիր, թե ինչպես է դա տեղի ունենում, Աստված երբ կամենում է, խախտվում են բնության օրենքները: Նա ցանկացավ, կարողացավ, իջավ և փրկեց, ամեն ինչ ենթարկվում է Նրան: Այսօր ծնվում է Է-ն, Ով Աստված լինելով՝ մարդ է դառնում՝ չդադարելով լինել Աստված և չկորցնելով աստվածությունը, Նա մարդ դարձավ և Նրա էությունը անփոփոխ մնաց՝ Իր անկրքությամբ հանդերձ: Իսկ երբ Նա ծնվեց, հրեաները չընդունեցին Նրա արտասովոր ծնունդը, փարիսեցիները սխալ մեկնեցին Սուրբ Գիրքը, իսկ օրինապաշտները օրենքին հակառակ բաներ էին խոսում: Հերովդեսը փնտրում էր նորածնին ոչ թե Նրան հարգելու, այլ՝ սպանելու համար:
Այսօր մարդիկ տեսան բոլոր հակադրությունները. «Մենք ոչինչ չթաքցրինք նրանց որդիներից, մյուս սերնդին պատմեցինք օրհնությունն ու զորությունը Տիրոջ և այն սքանչելագործությունները, որ նա արեց» (Սաղմոս ՀԷ 4): Թագավորները եկան և զարմացան՝ տեսնելով երկնավոր Թագավորին, թե ինչպես Նա աշխարհ եկավ՝ չունենալով իր հետ ո՛չ հրեշտակներ, ո՛չ հրեշտակապետեր, ո՛չ գահ, ո՛չ տերություն, ո՛չ զորություն, ո՛չ իշխանություն, այլ գալով արտասովոր և անանցանելի ճանապարհով, սկզբնավորվելով անձեռնմխելի որովայնում՝ մարդացավ՝ չկորցնելով Իր աստվածությունը: Թագավորները եկան երկրպագելու երկնավոր Թագավորին՝ փառքով, իսկ զինվորները՝ ծառայելու զորավարին ուժով, կանայք եկան Նորածնի մոր մոտ, որպեսզի փոխեն կանանց տրտմությունն ուրախության:
Կույսերը, գալով Կույսի Որդու մոտ, զարմանում էին, թե ինչպես է կաթի աղբյուրներ բխեցնող Արարիչը մանկական սնունդը ստանում Իր Կույս մորից: Երեխաները՝ Մանուկ դարձածի մոտ, թե՝ «Երեխաների և ծծկերների բերանով օրհնություն կատարեցիր» (Մատթեոս ԻԱ 16, Սաղմոս Ը 3), մանուկները՝ Մանուկի, որ նրանց դարձրեց նահատակներ Հերովդեսի կատաղության պատճառով, տղամարդիկ՝ մարդկային կերպարանք առածի և ծառաների հիվանդությունները բժշկողի, հովիվները՝ գառների համար Իր հոգին տվող բարի Հովվի, քահանաները՝ ըստ Մելքիսեդեկի կարգի քահանայապետի մոտ, ծառաները՝ ծառայի կերպարանք ստացածի մոտ, որպեսզի ազատությամբ զարդարի մեր ստրկությունը, ձկնորսները՝ ձկնորսներին մարդկանց որդիներ որսացող դարձնողի մոտ, մաքսավորները՝ մաքսավորից Ավետարանիչ դարձնողի մոտ, շնացողները՝ Իր ոտքերն անառակի արցունքներով մաքրողի մոտ: Բոլոր մեղավորները եկան տեսնելու Աստծո Գառին՝ Իր վրա վերցրած «աշխարհի մեղքը» (Հովհաննես Ա 29), մոգերը Նրան պատվում էին, հովիվները՝ փառաբանում, մաքսավորները՝ ավետում, շնացողները՝ մեռոն բերում, սամարացին՝ փափագում էր կենաց աղբյուրին, քանանացին՝ ունենալ անսասան հավատք:
…Ո՜հ, անճառելի Շնորհը, Միածինը, դարերից առաջ գոյություն Ունեցողը, Անշոշափելին և Անմարմինն ընդունեց Իր մեջ իմ ապականացու և տեսանելի մարմինը: Ինչո՞ւ: Որպեսզի տեսանելի դառնալով ուսուցանի մեզ, և ուսուցանելով՝ բարձրացնի մեզ դեպի անտեսանելին: Քանի որ մարդիկ տեսածն ավելի արժանահավատ են համարում լսածից և այն, ինչ չեն տեսնում, կասկածանքով են վերաբերվում, այդ պատճառով էլ Աստված կամեցավ Իրեն տեսանելի դարձնել նաև մեր աչքերի միջոցով, որպեսզի փարատի կասկածները: Նա ծնվեց Կույսից, ով ով միայն գործիք էր Նրա անճառելի զորության համար, գիտեր միայն այն, ինչ պատասխանեց իրեն Գաբրիելն իր այն հարցին, թե՝ «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»: Հրեշտակը պատասխանեց նրան. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ» (Ղուկաս Ա 34-35): Իսկ ինչպե՞ս դա եղավ: Ինչպես նկարիչը, մի օգտակար առարկա գտնելով, դրանից գեղեցիկ անոթ է պատրաստում, այդպես էլ Քրիստոս, գտնելով Կույսի սուրբ մարմինն ու հոգին, Իր համար ոգեղեն տաճար կառուցեց՝ այդպիսով մարդկային կերպարանք ստանալով Սուրբ Կույսի մեջ:
… Ես տեսնում եմ հյուսնին և մսուրը, նորածնին և խանձարուրը՝ կույսից ծնված, ամեն տեսակի անհրաժեշտությունից զրկված, ամբողջովին աղքատության և թշվառության մեջ հայտնված: … Ահա մանուկը խանձարուրով փաթաթված և մսուրում դրված, ներկա է Մարիամը՝ կույսը և մայրը, ինչպես նաև Հովսեփը, ով Նրա հայրն է կոչվում: Նա ամուսին է կոչվում, իսկ Մարիամը նրա կինը, օրենքի առաջ այդպես է, բայց գործնականում՝ ոչ: Նա միայն նրա նշանածն էր, իսկ Սուրբ Հոգին հովանի եղավ նրան: Այդ պատճառով էլ Հովսեփը տարակուսում էր, թե ինչ ասեր մանկան մասին և ինչպես վարվեր կույսի հետ, այդ պատճառով էլ երկնքից լսեց հրեշտակի ձայնը, ով նրան ասաց. «Մի՛ վախեցիր քեզ մոտ առնելու Մարիամին՝ քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնվածը Սուրբ Հոգուց է» (Մատթեոս Ա 20): Սուրբ Հոգին հովանի եղավ Կույսին: Իսկ ինչո՞ւ Նա ծնվեց Կույսից և կուսությունը անաղարտ մնաց: Քանի որ հնում սատանան պատրեց Եվային՝ նախկին կույսին, այդ պատճառով էլ Գաբրիելն օրհնեց Մարիամին՝ կույսին: Բայց գայթակղված Եվան մի բառ արտասանեց, որն էլ մահվան պատճառ հանդիսացավ, իսկ օրհնություն ստացած Մարիամը ծնեց Բանին՝ ըստ մարմնի, որպեսզի մենք հավիտենական կյանք ստանանք: Եվայի խոսքով ցույց տրվեց ծառը, որի պատճառով Ադամը վտարվեց դրախտից, իսկ կույսից ծնված Խոսքի շնորհիվ հայտնվեց խաչը, որի շնորհիվ ավազակը Ադամի տեղը դրախտ մտավ: Քանի որ ո՛չ հեթանոսները, ո՛չ հրեաները և ո՛չ էլ հերետիկոսները չհավատացին, որ ծնվեց հավիտենական և անկիրք Աստված, այդ պատճառով էլ այժմ գալով կրքոտ մարմնի մեջ, այն անկիրք պահեց, որպեսզի ցույց տա, որ ինչպես ծնվելով կույսից՝ անաղարտ պահեց կուսությունը, այդպես էլ Աստված, Իր անապական, անփոփոխ և սուրբ էությամբ ծնվեց Աստծո պատկերով, ինչպես Աստված: Այսպիսով, ինչպես մարդիկ, թողնելով Նրան, ստեղծեցին մարդանման կուռքեր, որոնց էլ ծառայեցին՝ անարգելով Արարչին, այդ պատճառով էլ այսօր Աստծո Խոսքը հայտնվեց մարդկային կերպարանքով, որպեսզի և՛ սուտը ոչնչացնի և թե՛ ճշմարիտ աստվածպաշտություն հաստատի: Ուրեմն փառաբանենք Քրիստոսին, Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:
Ռուսերենից թարգմանեց Գայանե ԹԵՐԶՅԱՆԸ
Սկզբաղբյուր՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ