Եթե արցունքները պրծնեին` ավելի լավ կլիներ

Եթե արցունքները պրծնեին` ավելի լավ կլիներ

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսել է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի ամենաանհավանական պատասախանները։
 

Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:
Մեծական հարցերի շուրջ այսօր մեզ հետ զրուցեց 4-ամյա Դավիթը:


Օրվա օգնությունը


Ես օգնել եմ մեկին, բայց չեմ ասի` ում: Պիտի չասեն` ով ում ա օգնել, չէ՞: Որ ասենք, կջղայնանան: Օրինակ` որ դու ասես` ում ես օգնել, ես կջղայնանամ: Պետք ա թաքուն լինի, տենց:


Կարող եմ սովորեցնել


Կարամ աչքփակոցի խաղամ, իսկ դուք չեք կարա: Գիտե՞ս աչքփակոցի: Ես կսովորացնեմ: Երբ որ աչքերդ փակում ես, մի կիլոմետր պտտվում-պտտվում ես, հետո մեկին ման արի, բռնի, որ ինքն էլ հաջորդը լինի:


Լավ մարդ ու վատ մարդը


Հերոսները չգիտեմ` ովքեր են, գիտեմ, որ լավ մարդիկ են: Բայց լավ մարդը չգիտեմ` ինչ ա, վատ մարդն էլ չգիտեմ:


Քեռի-զինվոր կդառնամ


Երևի զինվոր եմ դառնալու կամ էլ՝ ո՛չ, քեռի կդառնամ: Այսինքն` քեռի-զինվոր:


Ինչի՞ց է մարդ նեղանում


Մարդուն չեն սիրում, ինքը նեղանում ա: Էս հարցին էսքանն եմ պատասխանում:


Եթե արցունքները պրծնեին՝ ավելի լավ կլիներ


Չի կարելի մարդկանց խփել, լացում են, բայց եթե արցունքները պրծնեին, էլ չլացեին՝ ավելի լավ կլիներ:


Վախեր


Գայլից ամենաշատն եմ վախենում, բայց գայլ չեմ տեսել: Մեկ էլ՝ ավտոյի սիգնալիզացիայից (մեքենայի ազդանշան):


Ընկերները


Ունեմ ընկերներ, իրանց հետ շատ եմ խոսում հեռախոսով: (Ծիծաղում է) Սխալ պատասխան: Իրանց դիմաց կանգնում եմ, խոսում եմ: Վալերիկի, Իշխանիկի հետ պարտեզում կրակոցի ենք խաղում ու ավտո... ռույլով: Աղջիկների անուններն էլ թող աղջիկները ասեն, ես մենակ տղերքինն ասեցի:


Որ մեծանամ…


Ավտո քշեմ, գործ կանեմ գործի տեղը, մամայիս համար նվեր կառնեմ: Մի անգամ նվիրել եմ արդեն, բայց չգիտեմ` ինչ եմ նվիրել:


Զգուշացում


Կատվի պոչից չբռնեք, ձախուաջ կվազի:


Հեքիաթ չեմ պատմի


Հեքիաթ չեմ պատմի, բայց արտասանություն կասեմ:
Մի թղթի վրա Դավիթը կայտառ
Մատիտով կանաչ նկարեց մի ծառ,
Իսկ ծառի վրա` լիքը խնձորներ,
Ու տակն էլ գրեց` մեր ընտանիքը:
Եվ ասաց պապին նա շատ լրջորեն`
Այս ծառը դու ես, խնձորները` մենք:


Վիկտորյա Մարկոսյան

  • 2021-11-11
×