«Բայց, որ գնամ Ղարաբաղ սաղիդ կկարոտեմ»

«Բայց, որ գնամ Ղարաբաղ սաղիդ կկարոտեմ»

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսում է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի համար ամենաանհավանական պատասախանները։

Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:


Մեծական հարցերի շուրջ այսօր լուրջ հարցազրույցն ացկացրեցինք 4-ամյա Աշոտ Բաղդասարյանի հետ։
 

Մեր հայրենիք ազատ անկախ


-Հայրենիքը Հայաստաննա, Հայաստանն էլ եռագույննա։
-Իսկ մեր հայրենիքն ինչպիսի՞ն է։
- Մեր հայրենիք ազատ անկախ (երգում է)։


Հայրենիքն էլ իմ հայրիկնա


-Ո՞ւմ ես ավելի շատ սիրում հայրենի՞քը, թե՞ մայրիկին։
-Հայրենիքը, եռագույնն ու մայրիկիս։ Մայրիկի՞ն , որովհետև իմ մայրիկն ա։ Հայրենի՞քը, որովհետև հայրենիքն էլ իմ հայրիկնա։
-Եռագույնն ի՞նչ է
-Ի՞, մեր դրոշը, չգիտե՞ս։ Կարմիր, կապույտ, ծիրանագուն։ Լավ գույներ են, բայց կարմիրն ու կապույտն ավելի լավն են։


Մենք ուժեղ ենք, հզոր ենք


-Աշոտ, թշնամիներն ովքե՞ր են։
-Թուրքերն ու գողերը։
-Ինչո՞ւ։
-Որովհետև չար են։
-Ի՞նչ չար բան են արել։
-Մարդկանց վրա են կրակում, գողանում են, ծեծում են մարդկանց։
-Բայց թուրքերը մեզ ի՞նչ վատ բան են արել։
-Կրակել են, վաաայ։
-Աշոտ, բայց մենք էլ իրանց ենք կրակել, մենք էլ ենք չա՞ր։
-Չէ՛, մենք ուժեղ ենք, հզոր ենք։


Պատերազմը չարություն է


-Աշոտ, մարդիկ ինչո՞ւ են կռվում ու պատերազմում։
-Ուզում են, կռվում են։
- Իսկ պատերազմն ի՞նչ է։
-Չարություն։


Բարիշենք-բարիշենք, հազար տարի չկռվենք։


-Կարելի՞ է թշնամու հետ ընկերություն անել։
-Ո՛չ, թշնամին չար է, ընկերություն կարելի է անել մենակ խելոք մարդկանց հետ, լավ մարդկանց հետ։
-Աշոտ, իսկ ի՞նչ կմաղթես չար մարդկանց։
-Ես իրանց կմաղթեմ լիքը վատ բաներ ու մի լավ բան` խաղաղություն։
-Իսկ դու գիտես՝ ի՞նչ է խաղաղությունը։
-Հա, դե ասեցի էլի, խաղաղությունը լավ բան է։
-Մարդիկ ի՞նչ պիտի անեն, որ խաղաղություն լինի։
- Պիտի ներողություն խնդրեն, ասեն` էլ նման բան չեմ անի ու բարիշենք-բարիշենք, հազար տարի չկռվենք։


Բայց, որ գնամ Ղարաբաղ՝ սաղիդ կկարոտեմ։


-Ովքե՞ր են հերոսները։
-Հաաա, ծնունդի հերոսները` Սփայդերմեն, Բեթմեն։
-Իսկ ուրիշ հերոսներ չգիտե՞ս։
-Գիտեմ։ Ղարաբաղի զինվորներ հերոսները։
-Բայց ինչո՞ւ են նրանց հերոսներ կոչում։
-Որովհետև ինձ պաշտպանում են։
-Ո՞ւմից են պաշտպանում։
-Թշնամիներից, ո՞ւմից։ (բարկացած)
-Ինչպե՞ս են պաշտպանում։
-Ասում են, ա՛յ թուրքեր, փախե՛ք, ինքը մեր տղենա։ Ես էլ եմ մի օր իմ զարիժատով հրացանը տանելու, որ դրանց կրակեմ ու ձեզ պաշտպանեմ՝ մամայիս, պապայիս, քուրիկներիս, ապերիս ու բոլորին կպաշտպանեմ։ Բայց, որ գնամ Ղարաբաղ՝ սաղիդ կկարոտեմ։


Աստված եկեղեցու տերն է


-Նա եկեղեցու տերն է։ Բայց ես իրան չեմ տեսել, դրա համար էլ ես Աստված պապիկին չեմ կարոտում, ես իմ պապիկին եմ կարոտում։ Բայց ինքը լավն է, օրինակ՝ ես էլ կուզեի իրա նման լինեի ու եկեղեցու տեր լինեի։

 

Շատ կուզեի…


Երբ մեծանամ, կգնամ ու լավ կսովորեմ։ Ինչ ասեն՝ առաջինը ես կգուշակեմ, որ մամաս առաջինը գա ու ինձ տուն բերի։


Տխրում եմ, երբ մամաս «Արի իմ սոխակ»-ն է երգում


Հիմա ուրախ եմ, բայց համ էլ տխրում եմ։ Ես որ տխուր երգ եմ լսում՝ տխրում եմ։ Օրինակ՝ «Արի իմ սոխակ»-ը, որ մամաս երգումա՝ ես տխրում եմ, կամ էլ՝ «Սիրտս կոտրեցին»-ը։


Ամենաբարին, խելացին ու անխելքը


-Ո՞վ է ամենաբարի մարդը։
-Զինվորը, որովհետև բոլորին պաշտպանում է։
-Իսկ ո՞վ է ամենախելացի մարդը։
-Հայը։
-Իսկ անխելքը։
-Ի՞, չգիտես, որ թուրքը։
Ես հպարտ եմ
-Դու ուրա՞խ ես, որ դու հայ ես։
-Չէ՛։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։
 

Օրվա օգնությունը


Բալդրյան Էլենի բրոշկան գետնից վերցրել իրան եմ տվել։


-Իսկ քեզ օգնե՞լ են։
-Հա, մամաս օգնեց՝ խաղալիքները հավաքեցինք։


Օրվա նորությունը


Այսօր բանակի օրվա համար ոտանավոր եմ սովորել՝ իմ անունով։


«Աշոտիկն այսօր հրացանն առած,
Ինչպես մի զինվոր քայլում է առաջ
Մեկ ձախ, մեկ աջ, ԱՆՎԱԽ ՈՒ ՔԱՋ»։


Աշոտն իր մասին


Ուժեղ եմ։ Պուճուր, չէ՝ միջին ու խելացի։


Անեկդոտ Աշոտի կողմից


Անեկդոտ չգիտեմ։ Էտ անեկդոտը լավ բան չի, այ խորովածը լավ բանա։


Մաղթանք


-Աշոտ, իսկ դու ինչ կմաղթես մարդկանց։
-Չարերի՞ն, թե՞ բարիներին։
-Ի՞նչ կմաղթես բոլոր մարդկանց։
-Ես Ձմեռ պապիկից ուզել եմ խաղաղություն, երջանկություն, ուրախություն, բախտավորություն, որ բոլոր բալիկները լինեն խելացի ու քիչ ընկնեն։ Որ ոչ մի տեղը չցավա ու մաղթում եմ՝ բոլորին շատ կոնֆետներ ու տարբեր գույնի խաղողներ։

 

Հասմիկ Թամամյան

  • 2021-11-11
×