«Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18:3-5):
Մարդկանց մեջ հայտնվելու և աշխարհին Իր մասին տեղեկացնելու համար Աստված մանկան կերպարով հայտնվեց աշխարհին։ Մարդկությանն ինչ-որ բան հասկացնելու համար Նա խոսեց մանկան լեզվով ու գործեց մանկան մաքրությամբ ու պարզությամբ։
Ահա բարոյախսական մի պատմություն երեխաների իմաստության մասին։
Երանելի Օգոստինոսը գիրք էր գրում Սուրբ Երրորդության մասին: Աշխատանքից ու հոգևոր գործունեությունից հետո՝ երեկոյան ժամերին, նա ծովեզերքին շրջելու սովորություն ուներ: Քահանաները նրանից հեռու էին մնում, որպեսզի իրենց զրույցներով նրան իմացական տեսությունից չշեղեին: Արդ, այսպես շրջելիս մի անգամ տեսավ մի գեղեցիկ ու վայելուչ մանուկ` ծովեզերքին նստած, ով մի փոքր փոս փորելով, ինչպես մանուկների սովորությունն է խաղալով անել, և արծաթի գդալով ծովից ջուրն առնելով` այն փոսի մեջ էր լցնում: Օգոստինոսը, այս տեսնելով և նրան մոտենալով, հարցրեց.
– Ի՞նչ ես անում:
Եվ նա պատասխանեց.
– Այս բովանդակ ծովը կամենում եմ այս փոսի մեջ լցնել:
Եպիսկոպոսը ծիծաղելով ասաց.
– Ո՛վ որդյակ իմ, ինչպե՞ս կարող ես դա անել. ծովը լայնատարած է, իսկ գդալդ` փոքր, փոսն էլ, որ կամենում ես լցնել, փոքրածավալ:
Ապա մանուկն ասաց.
– Ինձ համար ավելի դյուրին է այս անել, ինչը որ ես եմ խորհում, քան քեզ համար անել այն, ինչը որ դու ես մտածում:
– Ի՞նչ է դա նշանակում, – հարցրեց եպիսկոպոսը` խիստ զարմացած:
Իսկ նա պատասխանեց.
– Մտածում և կարծում ես փոքր գրով պարփակել այն, թե ի՛նչ է անբաժանելի Երրորդության անճառելի խորհուրդը, որը մինչև կատարես, ես ծովն ամբողջությամբ կլցնեմ այս փոսի մեջ:
Այս ասելով` անհայտացավ: Օգոստինոսը գոհացավ Քրիստոս Աստծուց և իսկույն հասկացավ, որ մանկան կողմից ասվածը ճշմարիտ էր:
Այսպիսով Աստված օրինակ տվեց լսել մանուներին։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի համար ամենաանհավանական պատասախանները։
Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսում է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Եթե չգիտեք, թե ի՞նչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին: