Հրեշտակներն ապրում են լավաշի վրա

Հրեշտակներն ապրում են լավաշի վրա

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսում է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի համար ամենաանհավանական պատասախանները։ Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:


Մեծական հարցերի շուրջ առաջին լուրջ հարցազրույցն ացկացրեցինք 7-ամյա Հակոբ Խաչատրյանի հետ։


Ինչի՞, որ Աստված տեսնումա՝ ինքնաթիռա գալիս, նիվիդիմկայա դառնում։


-Հակոբ, ինչ ես մտածում. ո՞վ է Աստված։
-Շատ բարի մարդ։
-Տեսե՞լ ես Նրան։
-Ո՛չ։
-Իսկ ի՞նչ գիտես, թե բարի է։
-Որովհետև իրա մուլտիկը տեսել եմ, որ ինքը շատ բարի գործերա անում, հետո իրան գալիս խաչում են։
-Հակոբ, իսկ ի՞նչ կասես Նրան, երբ տեսնես։
-Որ խաղաղ մնա, ու կխնդրեմ, որ երկրաշարժ, պաժառ չլինի մեր տանը։
-Ո՞րտեղ է ապրում Նա։
-Երկնքում։ Ինքնաթիռով կարանք գնանք Իրա մոտ։
-Բայց ես ինքնաթիռով բարձրացել եմ, ու Ինքն այնտեղ չի եղել։
-Ինչի՞, որ տեսնումա՝ ինքնաթիռա գալիս, նիվիդիմկայա դառնում։
-Ի՞նչ տեսք ունի Նա։
-Ոնց որ թե պապիկա։
-Ի՞նչ ես մտածում, Աստված ինչի համար է քեզ սիրում։
-Աստված ինձ սիրումա, որ տխուր չմնամ ես։


Հրեշտակներն ապրում են լավաշի վրա:

-Հակոբ, հրեշտակներ գոյություն ունե՞ն։
-Չգիտեմ։ Իրանք, էն որ մուլտիկի մեջ ուսերին թռնում են, դրանք ե՞ն։
-Հակոբ, որտե՞ղ են ապրում հրեշտակները։
-Հրեշտակներն ապրում են լավաշի վրա։
-Իսկ ի՞նչ տեսք ունեն նրանք։
-Իմ դեմքի նման, իմ պես, ուղղակի թևերով։


Ճիշտը միշտ ջրի երես է բարձրանում:


-Հակոբ, կարելի՞ է ստել։
-Ո՛չ։
-Ինչո՞ւ։
-Որովհետև ճիշտը ջրի երես կբարձրանա։


Ի՞նչ է կարելի և ի՞նչ չի կարելի երեխաներին:


-Ժամը քանիսի՞ն պիտի երեխաները քնեն։
-Ժամը 9-ին, բայց արձակուրդների ժամանակ՝ երբ ուզեն։
-Քանի տարեկանից երեխաները կարող են աշխատել։
-10 տարեկանից, ու դաժե կարան Один дома-այի բաներից անեն։
-Իսկ որտե՞ղ կարող են աշխատել երեխաները։
-Դպրոցում, որպես աշակերտ։
-Աշակերտը աշխատանք չի բայց։
-Դե, ուրեմն, դրսի ձյունը կմաքրեմ, կփայլացնեմ։


Թռչունը ծտի խելք ունի:


-Կցանկանայիր թռչունի նման թռչե՞լ, թե՞ ձկան նման լողալ։
-Թռչունի նման թռչեի, քանի որ ձուկը անխելքա։ Իսկ թռչունը ծտի խելք ունի։


Նվեր Հիսուսին:


Հիսուսին հեռախոս կնվիրեմ, բայց որ դասի ժամանակ զանգի՝ կանջատեմ։ Հետո դուրս կգամ, կզանգեմ կասեմ, որ հարմար չի, ու հետո կզանգեմ։


Կզանգեմ Աստծուն:


-Ի՞նչ երազանք ունես։
-Ուզում եմ հրշեջ դառնամ։
-Իսկ ի՞նչ ես անում այդ երազանքին հասնելու համար։
-Դե ամառները մի քիչ շլանգով ջրել եմ սովորում։ Ու պիտի արագ վազել սովորեմ։ Ուզում էի օդաչու դառնալ, բայց ամեն օր լուրերով լսում եմ, որ անընդհատ ընկնում են, ընկնում են, ընկնում են ինքնաթիռները։ Ես էլ ասեցի՝ հավես չունեմ ընկնեմ ու որոշեցի պաժառնիկ դառնամ։
-Իսկ եթե դու լավ օդաչու լինես ու քո ինքնաթիռը չընկնի՞։
-Լսել եմ, ասում են, որ իրանք էլ են լավը, բայց մատոռնա փչանում։
-Իսկ եթե դու մատոռը սարքե՞ս։
-Օդում ո՞նց սարքեմ։ Կարամ սարքեմ, բայց օդում բա որ փչանա՞։
-Ի՞նչ կանես էդ դեպում։
-Կզանգեմ Աստծուն, ու հրեշտակները կգան սամալյոտը տակից կբռնեն։


Էդ ժամանակ փոքր էի՝ չհասկացա:


-Ո՞րն է քո ամենալավ հիշողությունը։
-Էն ժամանակ՝ 4 տարեկանում, իմ երազանքը կատարվեց, ու ես գնացք նստեցի։
-Իսկ ամենավա՞տ հիշողությունը։
-Մի օր փոքր ժամանակ ինձ պուլտով վեռտալյոտ էին նվիրել, բայց էդ ժամանակ փոքր էի չհասկացա ու կոտրեցի։


Ընկերասեր եմ:


Բակում ընկերասեր եմ, որովհետև ոչ մի ընկեր չունեմ։ Ընկերները իրար հետ բարի են լինում ու ով ինչ քցումա, ինքն էլ պիտի վերցնի։ Ես չեմ սիրում, որ ինձ ասում են՝ էս արա, էն արա։ Եթե ինքնա քցել, ինքը պիտի վերցնի։


-Եթե ընկերդ քեզանից կոնֆետ խնդրի՝ կտա՞ս։ Բայց եթե դա քո վերջին կոնֆե՞տն է։
-Կկիսեմ։
-Իսկ եթե նա ամբո՞ղջն է ուզում։
-Բայց ես փող ունե՞մ մոտս, որ էլի առնեմ։
-Ոչ։
-Ի՞սկ կարա՞մ վազեմ մամայից ուզեմ։
-Ոչ։
-Ուրեմն 50/50 կանեմ։
-Բայց նա ամբողջն է ուզում։
-Լավ, կտամ։


Շատ կուզեի․․․


Չինարեն սովորել։


Նեղացա, բայց հետո բարիշեցինք:


-Ո՞վ է քեզ վերջին անգամ նեղացրել։
-Էրիկը իրա պլանշետով խաղում էր ու ինձ չէր տալիս։ Հետո իմ մաման իրա պլանշետը տվեց ինձ ու որ Էրիկի պլանշետի զարյադկեն նստեց՝ ինքը կատվի նման եկավ մոտս։ Ես էլ ասեցի՝ իյա, բարև ձեզ, որ ես ասում էի՝ տուր ես էլ խաղամ՝ չտվեցիր։


Հակոբն իր մասին.


Ճարպիկ Հակոբ։


Օրվա օգնությունը.


Մաման օգնել է, որ կոշիկներիս թելերը կապեմ։


Օրվա նորությունը


Իմացել եմ, թե ինչպես է առաջանում մառախուղը։ Դե մտածում եմ, նավը որ գնումա, էտ շոգենավի ծուխը գալիսա քաղաքի վրա։


Փոքր ժամանակ


Դե փոքր ժամանակ մտածում ես, թե բոլոր փոխադրամիջոցները ռույլով են։


Պատերազմի մասին


Երբ մի երկիր մտածումա որ փոքրա, գյուղից էլ փոքրա ու ուզումա ուրիշներից վերցնի հողերը, էդ ժամանակ պատերազմներ են լինում։ Պիտի տներ կառուցենք ու բոլորին փրկենք, որ պատերազմ չլինի։


Մարդիկ հիվանդանում են, որովհետև․․․


Քրտնած վազում են ու սառը ջուր են խմում, ու որ վիրուսա լինում։


Անեկդոտ Հակոբի կողմից


-Մի մարդ գնում էր աղբամանի մոտով. երեք հատ աղբաման էր։ Հենց որ երրորդի մոտով անցավ, աղբամանի միջից մի շուն դուրս եկավ ու ընկավ հետևից։ Նա մի ծառ բարձրացավ, ու շունը տաս անգամ հաչեց, հետո ասաց․ «Այ՛ ախպեր, իջի՛»։
-Հակոբ, այստեղ ի՞նչն էր ծիծաղելի։
-Որ շունը ասաց․ «Այ՛ ախպեր, իջի՛»։


Մաղթանք.


Մաղթում եմ, որ աշխարհում միշտ խաղաղություն լինի, որ դուք խաղաղ ապրեք։ Լավ օրեր ձեզ ու միշտ բարի լինեք։


Հասմիկ Թամամյան

  • 2021-11-11
×