ԾՆՈՂՆԵՐԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինչպիսի հասարակարգում էլ մարդն ապրելիս լինի, ընտանիքը միշտ եղել է ժողովրդի կենսունակության ամենակարևոր չափանիշը: Եվ զուր չէ, որ Սուրբ Գրքում նշված աշխարհի վերջի, այսինքն ժամանակների վախճանի և Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան մասին եղած բազմաթիվ նշանների ու մարգարեությունների մեջ, հատկանշական է ծնողներ-երեխաներ փոխհարաբերության մասին եղած մարգարեությունները:
Ահա դրանցից մի քանիսը.
«Եղբայրը եղբոր մահվան պիտի մատնի և հայրը որդուն և որդիները հայրերի դեմ պետք է ելնեն ու սպանեն նրանց»
(Մարկոս ԺԳ,12)
«Դուք պիտի մատնվեք և ծնողներից, և եղբայրներից, և ազգականներից ու ձեզանից ոմանց պիտի սպանեն: Եվ պիտի ատելի լինեք բոլորից իմ Անվան համար»
(Ղուկաս, ԻԱ 16-17)
«Այս բանը իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ԾՆՈՂՆԵՐԻՆ ԱՆՀՆԱԶԱՆԴ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հեշտասեր քան աստվածասեր, մարդիկ որ կունենան աստվածպաշտություն կերպարանք, բայց Աստծո զորությունը ուրացած կլինեն»
(Բ Տիմոթեոս, Գ 1-5):
Ահա այդ պատճառով որպես օգնություն հայ ընտանիքին, տպագրում ենք այս փոքրիկի ծաղկաքաղը, կազմված Սուրբ հայրերի խրատներից ու Աստվածաշնչային վկայություններից:
Նախ ինքդ եղիր այնպիսին, ինչպիսին ուզում ես ուրիշին դարձնել:
Ինչպես ես ուզում երեխաներիդ կարգի հրավիրել, երբ ինքդ ես անկարգ կյանք վարում:
(Սուրբ Վասիլ Մեծ)
Ջրի կաթիլը ողորկ մակերեսին կգնա այնտեղ, ուր որ մատով ուղղես, այդպես էլ մատղաշ երեխաներին կարելի է ուղղել թե լավ, թե վատ կողմերի:
Իրենց երեխաներին ինչպես հարկն է չդաստիարակող ծնողները, նրանց ծնում են այն ժամանակավոր կյանքի համար և բացում են նրա առջև հավիտենական մահվան դռները:
(Երանելի Հերոնիմոս)
Ծնողները ոչ միայն իրենց մեղքերի համար կպատժվեն, այլև իրենց երեխաների, եթե նրանց առաքինաբար չդաստիարակեն:
Այգեպանը մատաղատունկը նախ կապում է հողի մեջ ամրացված փայտի հետ, որպեսզի քամին չվնասի, հետո աստիճանաբար կտրատում է ավելորդ ճյուղերը, որպեսզի չվնասեն ու չորացնեն տունկը: Այդպես էլ դուք ձեր երեխաների հետ վարվեք, նրանց սրտերը նախ ԱՍՏԾՈ վախով հաստատեք, որպեսզի նրանք չտարուբերվեն զանազան գայթակղություններից, հետո կտրատեք նրանց մեջ առաջացող մոլությունները, որպեսզի դրանք չզորանան ու սպանեն ներքին մարդը, որ վերստին ծնվում է Սուրբ ավազանի մկրտությամբ:
Չկա ավելի բարձրագույն արվեստ, քան դաստիարակության գործը:
Քանդակագործը անկենդան մարմին է ստեղծում, իսկ իմաստուն դաստիարակը կենդանի պատկեր, որին նայելով ուրախանում է թե՛ ԱՍՏՎԱԾ և թե՛ մարդ:
Եթե դանակի հարվածով վիրավորենք մանուկին, նվազ վնաս հասցրած կլինենք, քան թե վատ օրինակ ցույց տալով գայթակղեցնենք նրան:
Հաճախ ծնողներից շատերը ամեն ինչ անում են, որ զավակը ունենա հինալի ձի, սքանչելի տուն, կամ թանկարժեք ունեցվածք, իսկ այն մասին, որ նա ունենա ընտիր հոգի ու բարեպաշտ մտածմունքներ նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում: Հենց այս է խառնում ամբողջ տիեզերքը:
Երեխաների բարեպաշտության դաստիարակությունը պետք է այնպես ուղղել, որ դաստիարակելով նրանց, չդարնանք երեխայասպան, այլ լինենք ծնող:
Հովհան Ոսկեբերան
Ծնողներից գոհացողը Աստվածասեր մարդ է:
Հոր և մոր սրտմտությանը համբերելը մեծ Աստվածպաշտություն է:
Անխրատությունը բոլոր ախտերի մայրն է:
Հայր Եվագր Պոնտացի
Հարկավոր է սիրել ծնողներին բայց գերադասել Փրկչին:
Սուրբ Օգոստիանոս
Ծնողները երբ իրենց երեխաներին պիղծ գործերի մեջ տեսնեն և ամոթի պատճառով թաքցնեն, մեղքը իրենց գլուխը լինի ու յոթ տարի պիտի ապաշխարեն:
Կանոն Սուրբ Բարսեղի ԽԳ
Քրիստոնյաները սրբությամբ ու անարատությամբ պետք է դաստիարակեն իրենց երեխաներին և զգույշ լինեն մկրտությունից մինչև չափահասություն: Երբ սկսի զգալ՝ պետք է խաչակնքելը սովորեցնել, երբ ոտքի կանգնի՝ ծնրադրությունը իսկ երբ խոսել սկսի՝ մկրտության ժամանակ կնքահոր արտասանած հավատի խոստովանությունը սովորի (ինչպես նաև Հայր մեր աղոթքը):
Յոթ տարեկանից բարձր մանուկը պետք է խոստովանություն սովորի, իսկ ծնողները զգուշությամբ և պատրաստակամությամբ պետք է կրթեն իրենց զավակներին խնամեն, պահեն, չթողնեն որ պարապ թափառեն, տեսնեն, լսեն ու սովորեն մեղսագործել: ԱՍՏԾՈ ատյանի արջև ծնողները հանդիսանում են նրանց չարիքների պատասխանատուն:
Մանուկի միտքը հստակ հայելու է նման. անխրատ մի թող, որպեսզի մեղքի ժանգը նստելով չապականի այն:
Ոչ միայն գրքեր ու օրենքներ են խրատում սիրել ծնողներին, այլև անասուններն ու թռչուները բնությամբ ծնողասիրությամբ ունեն: Օրինակ, արագիլների համար ասում են, թե երբ իրենց ծնողները ծերանում են, նրանց թևերի տակ են մտնում, ման են տալիս ու կերակրում, իսկ երբ չեն կարողանում այլևս քայլել, բնի մեջ են նստեցնում, կերակուր են բերում և սնում նրանց, այնպես ինչպես նրանք էին սնել իրենց ձագերին: Արդ ամոթ է որ մարդիկ թռչուներից ավելի վատթար գտնվեն և ծնողների սնունդն ու մոռանան բարիքը:
Ծնողներիդ հնազանդվի և նրանց պատվի, որովհետև ԱՍՏԾՈՒՑ հետո մարդուն բարերարները ծնողներն են:
Պատվեք ձեր ծնողներին, որոնք ԱՍՏԾՈՒՑ հետո ձեր ծննդյան պատճառն են: Նրանց ծերությանը խնամք տարեք և նրանց հրամաններին հնազանդվեք, որպեսզի օրհնության արժանի լինեք:
Հովհաննես Երզնկացի
Ով գայթակղեցնում է փոքրիկներից մեկին` արժանի չէ նույնիսկ գերեզմանի, իսկ ով շատերի կորստյան պատճառ է դառնում, նրան ինչ ասես. արդյոք չդարձավ սատանայի գործակից և նրա հետ էլ կտանջվի գեհենում:
Եզնիկ Կողբացի
Զավակներիդ խրատիր, որ մենք պատահաբար, կամ առանց խորհուրդի, որ եկանք այս անցավոր ու փխրուն կյանք, որը լի է դառնությամբ այլ առաքինի պատերազմի և բարեգործ աշխատանքի համար:
Սարգիս Շնորհալի
Բազում պատճառներում ծնողները պատվի են արժանի: Նախ, որ Աստծո պատկերն են, և խորհրդավորաբար ԱՍՏԾՈՒՆ տրվելիք պատվին են արժանի, որպես ծնող: Երկրորդ, քանի որ գործիք են ԱՍՏԾՈ պատկերը մեր վրա ձևավորելու համար, որովհետև առանց ծնողների ԱՍՏՎԱԾ ոչ հոգի է ստեղծում և ոչ էլ մարդ կազմավորում որովայնի մեջ:
Գրիգոր Տաթևացի
Դուք ձեր զավակներին այնպես օրհնեցեք, որ նրանք երկնային իմաստությունը ճանաչել ու բարձր համարեն ու աշխարհիս շնչավոր իմաստության վրա չպարծենան:
Դուք ձեր զավակներին օրհնեցեք այնպես, որ նրանք հայրենատուր սուրբ կրոնը, հավատը, սուրբ ավանդությունները անարատ ու անեղծ պահեն, Հայաստանյայց Եկեղեցին սիրեն, Թադևոսի, Բարդուղիմեոսի և Լուսավորիչ հոր հոտից ու փարախից չբաժանվեն: Օրհնեցեք, որ նրանք Ավետարանը գրկեն ու սովորեն նրա սիրո դասերը, եղբորը սիրեն, ընկերոջը սիրեն ու մարդասեր լինեն:
Խրիմյան Հայրիկ
Պատմում են, որ Հռոմում ապրող մի մարդ կար, որը մի որդի ուներ և շատ սի-րելով նրան այնքան էր երես տվել, որ նա այլևս չկարողանալով իրեն զսպել, հայհոյում էր, երբ ինչ որ բան դուրը չէր գալիս: Եվ նա այն աստիճան հանդգնեց, որ սկսեց ԱՍՏԾՈ սրբությունների դեմ բերան բացել: Ու եղավ այնպես, որ այդ ժամանակ սկսվեց ժանտախտ տարածվել այդտեղ: Դրանով վարակված տղան իր հոր ձեռքերի մեջ էր ու դևերը ուզում էին խլել նրա մեղավոր հոգին: Տեսնելով նրանց, փոքրիկը սարսափից ու ահից ճչում էր. «Հայրի՛կ, հայրի՛կ, ինձ դրանց ձեռքից ազատիր»: Անհանգստացած հայրը հարցրեց նրան. «Ինչ ես տեսնում տղաս»: Որդին պատասխանեց. «Ահա դևերը եկել են ու ուզում են տանել ինձ»: Եվ հետո սկսեց հայհոյել կեղտոտ բառերով ու նույն ժամին մեռավ հոր գրկում»
ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՎԱՐՔԻՑ
Մի անգամ մի եպիսկոպոսի մոտ, պիղծ ոգուց տանջվող մի պատանու բերեցին: Միշտ մարդասեր եպիսկոպոսը, առանց խնդրանքների բժշկում էր բոլորին, բայց այս անգամ դժկամություն ցուցաբերեց: Ծնողները լացակումած աղաչում էին Աստծո մարդուն, որ խղճա իրենց որդուն և ազատի այդ պիղծ ոգուց: Ու ասաց Աստծո մարդը. «Ձեր որդին անարժան է բժշկության, այդ տանջող ոգին տրված է նրան, որովհետև նա հայրասպան է»: Ծնողները լսելով սարսափեցին: Իսկ եպիսկոպոսը հարցրեց. «Ձեր որդին հաճախ է ձեզ անպատվում»: «...Այդ ճիշտ է», -ասաց հայրը: «Եվ դուք մի անգամ այդ արարքից խիստ դառնացած աղոթել էին, որ Աստված պատժի նրան», - շարունակեց եպիսկոպոսը: “Մեղք են գործել Աստծո առաջ’’, -հառաչելով պատասխանեցին ծնողները: “Ո՛չ, թող ձեր տղան տանջվի, որպես արժանի պատիժ”, -ասաց Աստծո մարդը: Բայց դժբախտ ծնողները խղճահարվելով իրենց որդու համար, չէին դադարում աղաչել, որ նա Աստծուն խնդրի և բժշկի իրենց որդուն: Ու միայն պատանու ծնողների արցունքների համար, եպիսկոպոսը օրհնեց և Աստծուն աղոթելով բժշկեց նրան»:
Երբ դեռ Նիտրա լեռան վրա ապրում էր Հայր Ամմոնը, պատմում են, որ նրա մոտ են բերել շղթաներով կապված մի կատաղած տղայի, որին մի կատաղած շուն էր կծել: Անտանելի ցավերից տղան ամբողջովին կրծոտել էր իրեն: Սուրբ Ամմոնը տեսնելով նրա ծնողներին, որոնք եկել էին նրան խնդրելու իրենց որդու համար, ասաց. ՙԻնչու եք ինձ չարչարում, պահանջելով ինձանից այն, ինչ իմ ուժերից վեր է՚: Օգնությունը պատրաստ է ու այն ձեր ձեռքերում է. վերադարձրեք այն որբևայրու փողը, որ եզը գաղտնի մորթեցիք ու ձեր տղան կլավանա: Այդ մերկացումից ահաբեկված ծնողները, իսկույն կատարեցին ինչ ասվեց իրենց: Եվ Հայր Ամմոնի աղոթքով տղան բժշկվեց:
ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԳՐՔԻՑ
. Ով չի գործադրում խրատի գավազանը, նա ատում է իր որդուն:
. Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետև եթե գավազանով էլ խփես, չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես դժոխքից:
. Այն աչքը, որ արհամարում է հորը և անարգում մոր ծերությունը, ձորերիի ագռավները պիտի հանեն և արծիվների ձագերը պիտի հոշոտեն:
Առակներ ԺԳ, 13, ԻԳ 14, 15 Լ, 17
. Ով իր հորը կամ մորը անիծի, անշուշտ պիտի մեռցվի, նա իր հայրն ու մայրը անիծեց, նրա արյունը իր գլխին լինի:
Ղևտական Ի, 9
Հոր օրհնությունը ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը:
Սիրաք Գ 11
Հիսուս ասաց. «Ով որ նձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ կլիներ, եթե նրա պարանոցից կախված լիներ էշի մի երկնաքար, և ծովը գցվեր»:
Մարկոս Թ 14
Թե խրատին համբերող եք, ԱՍՏՎԱԾ ձեզ կմոտենա իբրև որդիների: Որն է այն որդին, որին հայրը չի խրատում, որովհետև, եթե մնանք առանց խրատի, որին բաժնեկից են բոլորը, ապա խորթ եք ոչ հարազատ որդի:
Հիրավի, եթե պատկառում ենք մեր մեր մարմնավոր հայրերից, որոնք խրատում են մեզ, որչափ առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք:
Եբրայեցիներ, ԺԲ, 7-9
Կազմեց՝ Մեհրուժան Բաբաջանյանի