Ընտանեկան ճաշկերույթ

Ընտանեկան ճաշկերույթ

Ժամանակ առ ժամանակ լսում ենք. «Մեր տանն այդպես է ընդունված», «Մեզ մոտ դա ավանդույթ է»: Միասին նշել Սուրբ Ծնունդը, ինչ-որ բան սովորեցնել երեխաներին, առաջինը ներողություն խնդրել… Ավանդույթներ` նման ինչ-որ «շաղախի», որոնք միավորում են մանուկներին և մեծահասակներին մեկ ընդհանուր նպատակի համար: Դրանք անհրաժեշտ են, որովհետև առանց դրանց չի կարող լինել երջանիկ ընտանիք: Եթե դրանք չկան, պետք է և անգամ անհրաժեշտ է գիտակցաբար ստեղծել ընտանեկան ավանդույթներ: Օրինակ` հիմնել այնպիսի գեղեցիկ ավանդույթ, ինչպիսին է ընտանեկան ճաշը կամ ընթրիքը կիրակի օրերին` գեղեցիկ սփռոցով, սպասքով, համեղ ճաշատեսակներով և աշխարհում ամեն ինչի մասին երկար զրույցներով:
Ոչ ոքի հարկ չկա ապացուցել, որ միասին ճաշելը պարզապես սննդի ընդունում չէ: Մարդիկ հանդիպում են սեղանի շուրջ հաճելի ժամանցի, միմյանց ավելի լավ ճանաչելու, միմյանց աչքերին նայելու, լուրեր փոխանակելու, ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու համար: Իսկ ընտանիքի անդամներին առավել ևս հարկավոր է կանոնավոր կերպով հավաքվել` թեկուզ այն բանի համար, որ նրանք մեկ անգամ ևս զգան, որ իրենք մեկ նավի անձնակազմ են: 
Մինչդեռ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանիքների համարյա մեկ երրորդը երբեք միասին չի ճաշում, իսկ կեսն էլ ճաշում է հեռուստացույց դիտելով, համացանցին միացած, լավագույն դեպքում` գիրքը ձեռքին: Որոշ տներում տարածքի խնայողության նպատակով մարդիկ ընդհանրապես հրաժարվում են ճաշասեղանից և ուտում` պնակը ծնկներին դրած: 


Ինչպե՞ս փոխել նման իրավիճակը: Ինչպե՞ս վերականգնել ընտանեկան լավ ավանդույթը: 
Այս հարցերի շուրջ իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում բազմազավակ երեք մայրեր և հոգեբանը, ով նույնպես մայր է:
Օլգա Միխայիլովնա ԿՐԱՍՆԻԿՈՎԱ, հոգեբան, երկու զավակների մայր. Ընտանեկան ճաշկերույթները շատ կարևոր են, և ինչպես ցանկացած արարողություն, նպաստում են ընտանիքի բարօրությանը, ամրապնդմանը: Մարդն իրեն զգում է միմյանց հետ հարազատական կապերով կապված մարդկանց մեծ միության անդամ, գիտակցում իր ընդգրկված լինելն ինչ-որ մեծ միավորման: Երեխայի համար դա հիմնարար զգացում է, որը հիմնվում է մանուկ հասակում և պահպանվում ամբողջ կյանքի ընթացքում: Դա ազդում է ինքնարժևորման, սեփական արժանապատվության զգացման վրա:
Սակայն դա բոլորովին չի նշանակում, թե երեխաներին պետք է ստիպողաբար նստեցնել միասնական ճաշկերույթի: Ընտանեկան միջոցառումներին մասնակցությունը պետք է կամավոր լինի: Ընտանեկան ճաշկերույթը տոն է, ոչ թե պարտադրված գործողություն: Եվ եթե չափահաս աղջիկը կամ ուսանող տղան ասում են, թե ժամանակ չունեն, կարևոր այլ գործեր ունեն, պետք չէ նրանց ստիպել, ամաչեցնել, ասել, որ նրանց ապերախտ են: Ուսանողական շրջանն անցնում է, երիտասարդությունը` նույնպես, ամեն ինչ իր ժամանակն ունի. կգա ժամանակ, երբ նրանք էլ կուզենան նստել ընտանեկան մեծ սեղանի շուրջ: Տանտիրուհու նպատակը ոչ թե պարտադրելն է, այլ` պայմաններ ստեղծելը և հրավիրելը:

Ես մեծացել եմ մեծ ընտանիքում` բաղկացած տատիկից, ծնողներից և հինգ երեխաներից, ընդամենը` ութ հոգի: Ամեն օր մենք միասին ենք որոշակի ժամերի նախաճաշել, ճաշել և ընթրել: Սակայն դրա համար կային բոլոր նախապայմանները. թե դպրոցը և թե հայրիկի աշխատավայրը մոտ էին, միայն մայրիկն էր տանից հեռու աշխատում: Ընդ որում մայրիկը ստիպված չէր ճաշեր պատրաստել, մենք էլ չէինք սպասում, թե մեզ երբ կկերակրեին, քանի որ տատիկն արթնանում էր լույսը բացվելուն պես և համարյա մինչև երեկո ուտելիք պատրաստում` ջանալով ոչ միայն հագեցնել մեր քաղցը, այլ գոհացնել յուրաքանչյուրի խոհարակական ճաշակը:
Այժմ ես ապրում եմ մեծ քաղաքում, որտեղ նորմալ է, որ դպրոց, բուհ կամ աշխատավայր հասնելու համար պահանջվում է մեկ-մեկուկես ժամ, երբեմն` ավելի: Յուրաքանչյուրն ունի իր` երբեմն շատ բարդ գրաֆիկը: Մայրերն աշխատում են հայրերին հավասար, քչերը կարող են պարծենալ հրաշք-տատիկով: 
Նադեժդա Նիկոլաևնա ՊԱՇԿՈՎԱ, վեց զավակների մայր. Օրվա ընթացքում ընտանիքի անդամները գնում ու գալիս են, և ամենակարևորը, ընտանիքի հայրը հազվադեպ է տանը լինում: Երեկոյան, երբ նա տանն է, կարելի է կազմակերպել ընտանեկան ընթրիք:
Նինա ԲՈՐԻՍՈՎԱ, խոհարարական մի քանի գրքերի հեղինակ, ինը երեխաների մայր. Եթե ընտանիքը մեր ընտանիքի նման բազմանդամ է, ապա դա դժվար է իրականացնել, ինչպե՞ս ինը-տասնմեկ մարդու տեղավորել ինը քառակուսի մետրանոց խոհանցում: Ես երեխաներին կերակրում եմ հերթով: Ընտանեկան ճաշկերույթները, երբ հավաքվում է ամբողջ ընտանիքը, մեզ համար տոնի երանգ ունեն և կազմակերպվում են ավելի հաճախ ամռանը` գյուղում, որտեղ մեր ամառանոցին կից կա ընդարձակ ծածկապատշգամբ, մեջտեղում` հսկայական սեղան, որի շուրջն արդեն բոլորս տեղավորվում ենք: 
Մեր սիրելի տոնը հրեշտակի օրն է: Կրտսեր դուստրերս կրում են Օլգա և Ալեքսանդրա նահատակների անունները, ամուսինս` Անդրեյ Բոգոլյուբսկու անունը: Տոնն ամռանն է` հուլիսի 17-ին, և դա բնության գրկում հանգստի լավագույն ժամանակն է: Այդ տոնին շատ լրջորեն ենք պատրաստվում, ընտրում սփռոց, սպասք, անձեռոցիկ, ամեն ինչ նախապես պլանավորում ենք:


Ո՞ր ճաշատեսակներն են առավել հարմար ընտանեկան ճաշկերույթի համար:
Ն. Բորիսովա. Դա սկզբունքային չէ: Յուրաքանչյուր տանտիրուհի ելնում է իր ֆինանսական, խոհարարական հնարավորություններից և ընտանիքի անդամների ճաշակից: Քաղաքում կարող է լինել պիցցա, աղցան, փլավ, դոլմա և կարկանդակ, բնության գրկում հանգստանալիս` տապակա: եթե պահոց շրջան չէ, ճաշակում ենք հավ կամ հնդկահավ, պահոց շրջանում` ձուկ: 


Արդյո՞ք պետք է երեխաներին և ընտանիքի այլ անդամներին ներգրավել ճաշատեսակների պատրաստման, մայրիկին օգնելու գործընթացներին:
Ն. Բորիսովա. Ես արագ և լավ եմ պատրաստում, միշտ չէ, որ օգնության կարիք կա: Երեխաներն օգնում են սփռոցը փռել, սպասքը դասավորել, սեղան դնել: Ընդհանրապես նրանք ճաշեր պատրաստում են, եթե իրենք են ցանկանում, նրանք ամեն ինչ կարող են անել, թեև դրա անհրաժեշտությունը հազվադեպ է լինում:
Օ. Կրասնիկովա - Կարևոր է, որ ընտանեկան ճաշկերույթները ձևական բնույթ չկրեն, չկատարեն երջանիկ ընտանիքի դեր, իսկ դրա համար անհրաժեշտ է անգամ ամենահասարակ ճաշատեսակը պատրաստել ժպտադեմ, ջերմ հայացքների և բարի կատակների ուղեկցությամբ: Եթե բոլոր հոգսերն ընկնեն միայն տանտիրուհու ուսերին, բնականաբար նա կարող է պատրաստել դժկամությամբ` ելնելով պարտքի զգացումից: Ընտանեկան ճաշկերույթը սկսվում է ոչ թե այն պահից, երբ սեղանը պատրաստ է, և բոլորը նստում են սեղանի շուրջ, այլ այն պահին, երբ քննարկվում է ճաշացանկը և որոշվում, թե ով ինչ է անելու: Ժամանակակից կնոջ ծանրաբեռնվածության պարագայում կիրակի օրերին ընտանիքը պատարագից հետո կարող է մտնել սրճարան և այնտեղ կազմակերպել ընտանեկան ճաշկերույթ: Ընտանիքի մոր համար դա տոն է, երեխաների համար` իրադարձություն:


Նպաստո՞ւմ են արդյոք ընտանեկան ճաշկերույթները երեխաների դաստիարակությանը, նրանց անձի ձևավորմանը:
Օկսանա Վասիլևնա ԵՄԵԼՅԱՆՈՎԱ, վեց զավակների մայր, 29 թոռների տատիկ. Ընտանեկան ճաշկերույթը դաստիարակության հզորագույն միջոց է: Ինչպես մեզ սովորեցրել է մեր ծխական քահանան, այն խորհրդանշում է Վերջին ընթրիքը: Ընտանեկան ճաշկերույթի ընթացքում երեխաները սովորում են անհրաժեշտ շատ բան, օրինակ` առաջինն ուտելիքը մատուցվում է ընտանիքի հորը, վերջինը` կրտսեր զավակին: Այդպիսով` երեխաների մոտ դաստիարակվում է հարգանք հոր հանդեպ: Հիշում եմ այսպիսի մի դեպք մի ընտանիքում. տանը եղած երկու տանձերից մեկն առաջարկվել էր հորը, երկրոդը` ընտանիքի բոլոր անդամներին: Եվ այդ բաժանումն արել էր ոչ թե ընտանիքի մայրը, այլ երեխաներից մեկը: Ամենզարմանալին այն էր, որ հայրը կերավ իր տանձը: Նման բաները ստեղծում են զավակների և ծնողների միջև անհրաժեշտ տարածություն:
Ն. Պաշկովա. Սեղանի շուրջ երեխաներն առնչվում են որոշակի կարգի, ամեն մեկն իր տեղն ունի, բոլորն ուտելիք են ստանում ըստ ավագության, պետք է լուռ նստեն, չաղմկեն, չխանգարեն մեծահասակների խոսակցությանը: Ինձ այդպես են դաստիարակել ծնողներս, այդ կանոնններին էլ ես հետևում եմ զավակներիս դաստիարակելիս:


Պե՞տք է արդյոք երեխաներին սովորեցնել սեղանի շուրջ վարվելակերպի կանոններին:
Օ. Եմելյանովա. Եթե երեխան անկարգություն է անում, կարելի է նրան տեղափոխել առանձին սեղանիկի մոտ, դա ներգործում է: Փնթիներն ուտում են առանձին: Սեղանի շուրջ անպատշաճ պահելակերպը մեղք է: Եթե ճաշկերույթը լոկ սննդի ընդունում չէ, այլ` խորհուրդ, երեխաներն ընկալում են այդ ճշմարտությունները: Ես սովորություն ունեմ պնակի մեջ դնել ուտելիքի քիչ չափաբաժին: Եթե երեխան էլի ուզի, կխնդրի ավելացնել, իսկ եթե ոչ` պնակում սննդի ավելցուկ չի լինի:
Օ. Կրասնիկովա. Երեխաները սովորում են ոչ թե մեծերի դիտողությունների հիման վրա, այլ նրանցից օրինակ են վերցնում: Եթե սեղանի շուրջ ոչ ոք ձեռքով չի ուտում, այլ օգտվում են դանակից և պատառաքաղից, երեխան էլ աստիճանաբար կսովորի:


Արդյո՞ք կարևոր են սեղանի ձևավորումը, սպասքը:
Ն. Բորիսովա. Ես չեմ ցանկանում վերացնել անհատականությունը` հանուն թվացյալ իրավահավասարության: Չէ՞ որ անգամ այն բանում, թե ով ինչպիսի բաժակ է սիրում` դրսևորվում է երեխայի անհատականությունը: Դրա համար սեղանը դասավորելիս մենք հազվադեպ ենք օգտագործում սպասքակազմ, նախընտրում ենք մեր ամենօրյա ամանեղենը: Միգուցե դա այնքան էլ գեղեցիկ չէ, սակայն ընտանիքի յուրաքանչյուր անդամ տեսնում է, որ ես հաշվի եմ առնում իր նախընտրությունները, հիշում եմ իր սովորությունները:


Ճի՞շտ է, որ այն ընտանիքներում, որտեղ կան ավանդույթներ, զավակներն առավել հաջողակ են և դիմադրող սթրեսներին: Ընդհանրապես կապ կա՞ մարդու ապագայի և այն հանգամանքի միջև, թե մանուկ հասակում ինչպիսին են եղել նրանց ընտանեկան ճաշկերույթները:
Օ. Կրասնիկովա. Երեխայի զարգացման համար ամենից կարևորը հոր և մոր առկայությունն է և նրանց միջև լավ փոխհարաբերությունները: Իսկ եթե բոլորը միասին են ճաշում, շատ ավելի լավ է:
Ն. Պաշկովա. Ընտանեկան ճաշկերույթները բարեկեցության, ընտանիքի առողջ մթնոլորտի ցուցանիշներ են: Հիմա այնպիսի ժամանակներ են, որ չգիտես, թե հոսանքը երեխաներից որին ուր կտանի, սակայն եթե ընդհանուր ինչ-որ բան կա, ապա դա որոշ երաշխիք է, որ երեխան ճանապարհից չի շեղվի, անհրաժեշտ պահին ճիշտ ընտրություն կկատարի:
Ն. Բորիսովա. Մեր տոները չեն վերածվել միապաղաղ ճաշկերույթների: Դրանք միշտ անմոռանալի տպավորություններ են թողել. բոլորը բարձրաձայն երգում են, ամենագեղեցիկ ափսեն տալիս ենք հոբելյարին, ջանում, որ բոլորի ճաշակները նկատի առնվեն: Այդ ամենը մանկությունը դարձնում է երջանիկ, ներշնչում սեր միմյանց հանդեպ: Եվ եթե անգամ ավելի ուշ երեխաները հասնում են բողոքելու և ըմբոստանալու տարիքին, ընտանեկան նման տոները գրավականն են այն բանի, որ վաղ թե ուշ հոգեհարազատ հիշողությունները կարթնանան և կազդեն նրանց կյանքի վրա:

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-11-11
×