ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՔ
Հիսուս
11 առաքյալներ
Մարիամ Աստվածածին
Մարիամ Մագդաղենացի
Էմմավուսի ճամփորդներ-Կղեովպաս, …
Սողոմե Զեբեդեոսի
Մարիամ Կղեովպասի
Հովհաննես Քուզայի
Անծանոթ
Հարբեցող
Մաղքոս
Բեթեզդա
Հարյուրապետ
2 զինվոր
Ավագ
--- Հնչում է երաժշտություն ---
հեղինակ – Իսկ այս դեպքերին դեռևս անտեղյակ Հիսուս Քրիստոսի աշակերտները վերնատանը շարունակում են վերլուծել իրենց վարդապետի հետ կատարվածը:
Բարդուղիմեոս – Հիմա նոր եմ հասկանում, թե ինչ հիանալի էր նրա ներկայությունը մեր մեջ: Երանի այն օրերին, երբ Նա մեզ հետ էր:
Թադեոս – Հիշո՞ւմ եք, այստեղ էր նստած, երբ հացը առավ, կտրեց ու մեզ տվեց ուտելու որպես Իր մարմինը: Ու գոհանալով գինին տվեց խմելու, որպես արյունը նոր ուխտի:
Հովհաննես – Արյուն: Աչքերովս տեսա, թե ինչպես արյունաքամ լինելով հոգին ավանդեց՝ իրեն խաչողների համար աղոթելով: … Սարսափելի էր այդ տեսարանը: Մարդիկ անարգանքով ու թշնամաբար էին վարվում Նրա հետ: Նախատում ու ծաղրում էին Նրան: … Իսկապես, մարգարեությունը կատարվեց. «Նա անիրավություն կրեց ու չարչարվեց, բայց Իր բերանը չբացեց. մորթվելու տարվող ոչխարի պես ու Իր խուզողների առջև մունջ մնացող մաքիի պես, այնպես Իր բերանը չբացեց»: (Ես. ԾԳ:7):
Անդրեաս – Բայց որտեղի՞ց նրանց մեջ այդքան ատելություն ու թշնամանք մեկի նկատմամբ, ով Իր վարդապետությամբ ու գործով միայն բարիք գործեց. օգնեց խեղճերին, բժշկեց հիվանդներին, մխիթարեց սգավորներին, հարություն տվեց մեռելներին:
Փիլիպպոս – Ես այժմ ավելի պարզ եմ հասկանում Նրա խոսքերի իմաստը, որ ասում էր.-«Աշխարհը ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ նրա մասին, որ նրա գործերը չար են» (Հովհ. 7:7):
Հովհաննես- Իսկապես, աշխարտը չեր կարող հանդուրժել Նրա ներկայությունը, որովհետև Նա Լույսն էր: Իսկ լույսը բացահայտում և ի հայտ է բերում ամեն արատ ու մեղք: «Եվ դատապարտությունը այս է. որ լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան Լույսը, որովհետև իրենց գործերը չար են: Քանի որ ամեն ոք, ով չարիք է գործում, ատում է Լույսը և չի գալիս դեպի այն, որպեսզի իր գործերը չհանդիմանվեն» (Հովհ. 3:19,20):
Թովմաս – Աշխարհը հասավ իր նպատակին:
Հիմա արդեն չկա մեր Ուսուցիչը, չկա մեզ խրատող ու մխիթարողը:
Գերեզմանի մեջ մարեց այդ լույսը, այս խավար աշխարհի մեջ մեր աչքերին ճրագ եղող այդ Լույսը:
Փիլիպպոս – Հիմա ի՞նչ ենք անելու:
Այս խոսքերից հետո, երբ բոլոր առաքյալները խոր տրտմությամբ նստած ու գլուխներն առած ափերի մեջ մտածում էին,Պետրոսը ոտքի է կանգնում ու ասում.
Պետրոս – Անդրեա՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Հակոբո՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Բարդուղիմեո՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Փիլիպպո՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Հովհաննե՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Մաթևո՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Թովմա՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Հակոբո՛ս Ալփեոսի (գլուխը վեր է բարձրացնում)
Սիմեո՛ն Նախանձահույզ (գլուխը վեր է բարձրացնում)
Թադևո՛ս (գլուխը վեր է բարձրացնում)
Սիրելի եղբայրներս, զգում եմ և տեսնում, որ բոլորիս համակել ու պարուրել է միևնույն տրտմությունն ու վախը: Երբ Հիսուսը մեր կողքին էր, անհոգ և իմաստավորված էր մեր կյանքը: Գիտեինք թե ինչի համար էինք կանչված: Եվ այս «Վերնատունն» էլ ուրախության ու խաղաղության մի վայր էր մեզ համար, քանի դեռ Նա մեր կողքին էր: Հիմա Նա չկա:
Այո, Նա չկա, բայց Իր խոսքերը, Իր երկնային խորիմաստ խոսքերը շարունակում են հնչել մեր սրտերում:
Կարծում եմ, լավ եք հիշում այս վերջին օրերի դեպքերը: Եթե Իսկարիովտացի Հուդան 30 արծաթով մատնեց ու անփառունակ մահով մեռավ, ապա ես երեք անգամ ուրացա մեր Տիրոջը: Թե ինչպիսի զղջման ու դառնության պահեր ապրեցի Աստծո առջև, ես գիտեմ, մեկ էլ Աստված: Բայց այսօր ուզում եմ բոլորիդ առջև խոստովանել, որ Տիրոջ խոսքերը միտս բերելով, մեջս մի հույս է արթնացել: Հավատում եմ, որ այդ հույսը և այն աղոթքը, որ մեր Տերն Իր կենդանության օրոք արեց բոլորիս համար, մեզ ամոթով չեն թողնելու:
Հիշո՞ւմ եք, այսպես էր ասում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք լաց կլինեք և կողբաք, իսկ աշխարհը կուրախանա. դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախություն կդառնա: … Հիմա տրտմություն ունեք, ես ձեզ նորից կտեսնեմ, և ձեր սիրտը կուրախանա, և ձեր ուրախությունը ոչ ոք չի վերցնի ձեզանից» (Հովհ. 16:20-22):
(Տեսարանը փոխվում է: Դրսում, խարույկի շուրջ հավաքված են մի խումբ մարդիկ)
Անծանոթ – Դե ինչ, վերջ ի վերջո խաղաղվեց Իսրայելը: Հիմա կարող ենք հանգիստ մեր գործին գնալ: Թե չէ, ինչի էր նման, ձկնորսները իրենց գործը թողած դարձան առաքյալներ, իսկ լումայափոխները և առևտրականները վտարվեցին տաճարից: Մաքսավորների վիճակը ի՞նչ է. Ղևին իր գործը թողեց ու հետևեց նրանց, Զաքեոսը, որի հետ ներքին կարգով ամենատարբեր գործարքներ կարելի էր կնքել, հիմա մի կողմի է քաշվել ամեն ինչից:
Կարծում եմ, այս խաչելությունից հետո ամեն ինչ կկարգավորվի:
Հարբեցող – Օ˜, լրիվ համամիտ եմ քեզ հետ: Ինչ ուրախ էր Երուսաղեմում մինչև այս ինքնակոչ Մեսիայի հայտնվելը: Ուտում-խմում էինք, և ոչ մեկը մեզ չէր հանդիմանում, անառակ կանանց հետ միշտ ուրախությունների մեջ էինք: Իսկ հիմա նրանցից շատերը այլևս չկան: Այն մագդաղենացի Մարիամը և ուրիշ շատերը թողեցին այս աշխարհի վայելքներն ու հետևեցին Նրան և հիմա լրիվ ուրիշ մարդիկ են դարձել՝ ամեն մեկը կարծես մի սրբուհի լինի: Երևի հիմա նորից ամեն բան հունի մեջ կընկնի, քանի որ ազատվեցինք այդ սուտ մարգարեից:
Մաղքոս – Չգիտեմ, սո՞ւտ էր, թե՝ ոչ, բայց երբ այդ Սիմոնը թռցրեց իմ ականջը, Հիսուսը վերցրեց այն և դրեց իր տեղը, այնպես, որպես թե ականջիս ոչինչ չէր եղել: Բայց իմ արյունոտ ձեռքը վկա էր այն բանին, թե Պետրոսը, իսկապես, իր գործը լավ էր արել:
Այս դեպքերը ինձ մտածելու տեղիք է տալիս. արդյոք Հիսուսը Մեսիա՞ն էր:
Բեթեզդա – Մաղքո՛ս, եթե Նա Մեսիան լիներ և Աստծո Որդին, ինչպես ինքն էր իրեն անվանում, ապա ինչպես չկարողացավ պրծնել կամ փախչել իրեն ձերբակալողների ճանկերից: Երբ Նրան բռնեցին, ես նույնպես այնտեղ էի ու երբ աչքերը կապեցին և սկսեցին խփել, ես էլ խփեցի և ասացի. «Եթե Մեսիան ես, ասա, թե ով էր քեզ խփողը»: Բայց Նա ոչինչ չպատասխանեց: Դե եթե Նա իսկապես Մեսիան էր, պետք է որ ճանաչեր ինձ:
Մաղքոս – Ի՞նչ է, դուք իրար ծանո՞թ էիք, Բեթեզդա:
Բեթեզդա – Այո՛, Մաղքո՛ս: Երկար տարիներ անդամալույծ պառկած էի Բեթեզդայի ավազանի մոտ, երբ մի օր Նա ինձ մոտեցավ ու հարցրեց. «Ուզո՞ւմ ես բժշկվել»: Ես էլ պատասխանեցի, թե ոչ ոք չունեմ, ով ինձ ժամանակին ավազանի մեջ ընկղմի՝ բժշկվելու համար: Իսկ Նա իշխանությամբ հրամայեց, որ վեր ելնեմ ու գնամ: Եվ ես իսկույն ոտքի կանգնեցի ու գնացի:
Մաղքոս – Ուրիշ ոչինչ չասա՞ց:
Բեթեզդա – Դե, նաև ավելացրեց, որ ոչ մեկի չասեմ, քանի որ շաբաթ օրով ինձ բժշկեց: Գիտեր, որ հանցանք է գործել, որովհետև շաբաթ օրով արգելված է գործ անել, իսկ Նա անտեսելով օրենքը, բժշկեց ինձ: Ես էլ, որպես հրեա, չէի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկը խախտի սուրբ օրենքը, և այդ մասին հայտնեցի փարիսեցիներին ու դպիրներին: Ճիշտ է, այդ ժամանակ, ցավոք, չհաջողվեց նրան բռնել, բայց լավ է, որ վերջիվերջո ստացավ իր արժանի պատիժը:
Մաղքոս – Ա˜յ քեզ բան: Փաստորեն, Նա իր կյանքն է վտանգել, որպեսզի քեզ բժշկի, իսկ դու մատնե՞լ ես Նրան: Նա քեզ կյանքի է կոչել, Բեթեզդա, իսկ դու Նրան սպանողների հետ մե՞կ ես եղել:
Հարբեցող – Ֆո˜ւ. համա թե տականքն ես, հա˜: Կորսվիր այստեղից, քո ներկայությունից սիրտս խառնում է:
(Բեթեզդան ամոթահար փախչում է)
Մաղքո՛ս, այս գարշելիի պատմածից հետո կարծես ինչ-որ հարգանք է առաջանում այդ մարդու հանդեպ: Խոստովանում եմ, որ եթե Նա ինձ համար էլ այդպես անձնազոհաբար մի բան արած լիներ, ես, երևի, Մագդաղենացու պես կթողնեի ամեն բան և կգայի նրա ետևից: Հիմա եմ գլխի ընկնում, թե ինչու՞ դատապարտյալ տղաներից մեկը խաչի վրա արյունաքամ ու կիսամեռ վիճակում Նրան որպես Տեր դավանեց:
Մաղքոս – Է˜: Տարօրինակ է. ահա Երուսաղեմը ուրախության մեջ է, բայց ինձ ինչ-որ բան հանգիստ չի տալիս: Չէ որ 1000-ներ բժշկվեցին, մեռածներ հարություն առան, անապատում 1000-ներ կերակրվեցին: Եթե Նա Մեսիան չէր, հապա ի՞նչ զորությամբ եղան այս բոլոր բարի գործերը:
Հարբեցող – Առա՛ջ պետք է մտածեիր այդ մասին: Խաչեցինք, վերջացրինք, հիմա նո՞ր ես սկսում ափսոսանքի հոգոցներ հանել:
Լցրե՛ք, լցրե՛ք բաժակները, ինչ եղավ, եղավ:
Ուտել-խմելու առիթը պետք չէ բաց թողնել. չէ՞ որ վաղը մեռնել կա:
Մաղքոս – Իսկ Նա խոսում էր ինչ-որ հավիտենական կյանքի մասին:
Հարբեցող – Դե, վերջ տուր դու էլ, ի՞նչ հավիտենական կյանք. Նա ինքը հազիվ 33 տարի ապրեց:
Հարյուրապետ – Բայց Նա ասում էր, եթե մեկը իրեն հավատա, թեև մեռնի, պիտի ապրի:
Հարբեցող – (Ծիծաղ) Ինչ՞ է, դրա համար եք զինվորներ կարգել գերեզմանի մոտ, չլինի՞ թե մեռնելուց հետո ապրի ու խոսքը կատարի:
Հարյուրապետ – Ծիծաղում եք, բայց ես հայտնապես տեսա այն բոլոր հրաշքները, որ տեղի ունեցան խաչելության ժամանակ: Չէ՞ որ հենց Նրա խաչի մոտ էի կանգնած: Արևը խավարեց, երկրաշարժ եղավ: Ասում են նաև, որ տաճարի վարագույրը վերից վար պատռվեց:
Բայց ամենամեծ հրաշքն այն էր, որ խաչի վրա իր վերջին շնչում Նա աղոթեց իրեն խաչողների համար, որ Աստված ների ու թողություն տա մեր մեղքերին: Ինչպես խաչի մոտ ասացի, հիմա էլ նույնն եմ կրկնում «Նա արդարև Աստծո Որդին էր»:
(Գալիս են զինվորները վախեցած հայացքով ու թափթփված հանդերձներով)
Հարյուրապետ – այս ի՞նչ տեսք ունեք, սա ի՞նչ թափթփվածություն է: Հարբա՞ծ եք, ի՞նչ է:
1 Զինվոր – Մեր աչքերով տեսանք: Այո՛, այո՛, տեսանք …
Հարյուրապետ – Ի՞նչ տեսաք, ի՞նչ եք կմկմում: Գույներդ այնպես եք գցել, որ կարծես թշնամու շրջապատումից եք դուրս եկել ու մի կերպ, մազապուրծ եղած՝ փախել: Ավա՛գ, իսկույն ուշքի եկեք և կարգի՛ հրավիրեք ձեզ ու զեկուցեք, թե, վերջապես ի՞նչ է պատահել:
Ավագ – Հարյուրապետ, մենք հսկում էինք գերեզմանը, ինչպես որ հրամայված էր: Ու տեսանք կանանց, որոնք յուղ ու օծանելիք էին բերել՝ Հիսուսի մարմինն օծելու համար: Մենք ծիծաղեցինք նրանց վրա և պատրաստվում էինք զվարճանալ, թե ինչպե՞ս այդ թույլ կանայք գերեզմանի մեծ քարը գլորելու փորձեր պիտի անեին, և հանկարծ՝ սարսափ. մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, գերեզմանի մուտքից մի կողմ գլորեց քարը՝ ու նստեց նրա վրա:
2 զինվոր – Օ˜, ահավոր էր այդ երևույթը: Նրա տեսքը փայլակի պես էր, իսկ նրա հանդերձանքը՝ ձյան պես ճերմակ:
Հարբեցող – Ա˜յ քեզ բան: Չսարսափեցի՞ք: Հետո ի՞նչ եղավ:
Ավագ – Ի՞նչ կարող էինք անել: Նրա ահից սարսափահար եղանք ու մեռածի պես ընկանք գետին:
1 զինվոր – Հրեշտակը մեզ վրա ուշադրություն չդարձրեց և խոսեց իր անզուգական ձայնով ու կանանց ասաց. «Մի՛ վախեցեք, քանի որ գիտեմ թե փնտրում եք խաչված Հիսուսին: Նա այստե՛ղ չէ, քանի որ հարություն առավ»: Նաև ասաց որ գնան ու այս լուրը աշակերտներին հայտնեն:
Հարյուրապետ – Արդարև, Նա էր Քրիստոսը՝ Աստծո Որդին:
(Այդ պահին ինչ որ մեկը թակում է դուռը)
Սիմոն Կանանացի – Տեսնես, ո՞վ կլինի:
Հակոբոս Ալփեան – Միգուցե մեզ փնտռող հռոմեացի զինվորնե՞րն են:
Անդրեաս – Ես ձեզ չէի՞ զգուշացնում, թե կամաց է պետք խոսել:
Պետրոս – Եղբայրնե՛ր, խնդրում եմ՝ առանց խուճապի: Ես հիմա դուռը կբացեմ:
(Դուռը բացելուց հետո)
Մարիա՞մ, քույրե՞ ր …
Քույրերը – Քրիստոս հարյա˜վ, Քրիստոս հարյա˜վ …
Փիլիպպոս – Ի՞նչ է պատահել: Ի՞նչ է պատահել: Մեկ-մեկ խոսեք, որ բան հասկանանք:
Մարիամ Մագդաղենացի – Ձայնը … Դեռ մինչև հիմա ականջումս է Նրա ձայնը: Ինչ հիանալի էր Նրա ձայնը: Ինչ հիանալի էր Նրա ձայնը, երբ ասաց. Մարիամ:
Ոչինչ չէի տեսնում, ոչինչ չէի հասկանում, բայց երբ ասաց՝ Մարիամ, աչքերս բացվեցին ու տեսա Նրան՝ երեք օր առաջ խաչված, թաղված և հիմա հարություն առած մեր Տիրոջը՝ Աստծո Միածին Որդուն՝Հիսուս Քրիստոսին, մեր Փրկչին:
Սողոմե – Այո՛, Այո՛: Նա ինքն էր՝ մեր Տերը: Տեսանք Նրան ու ձեռքերով շոշափեցինք:
(Առաքյալները զարմացած իրար են նայում)
Մաթևոս – Ի՞նչ է դու ուզում ես ասել, որ Նրա մարմինը գերեզմանի մեջ չէ՞ այլևս:
Սողոմե – Հիմա՛, հիմա՛: Ամեն ինչ կպատմեմ հանգամանորեն:
Շաբաթ գիշերվանից անհամբերությամբ պատրաստություն էինք տեսնում՝ գերեզման գնալու: Յուղն ու խունկը առնված էին, ամեն բան պատրաստ էր, բայց բոլորիս մտածմունքը մեկն էր. Ինչպես պիտի գլորենք քարը, որ փակում էր գերեզմանի դուռը:… Բայց, հավատացեք, ի զարմանս բոլորի, քարը գլորված էր ու գերեզմանը՝ դատարկ:
Մարիամ Կղեովպասի – Բայց սա դեռ ամբողջը չէ: Գլորված քարի վրա նստած էր Աստծո հրեշտակը, որը լուսավոր կերպարանք ուներ ու սպիտակ զգեստներ: Մինչ մեզ վախն ու սարսափն էր պատել, հրեշտակը ժպտուն ու անուշ դեմքով սկսեց քաջալերել մեզ հետևյալ խոսքերով. «Մի՛ վախեցեք, մի՛ շփոթվեք, գիտեմ, խաչված Հիսուսի ետևից եք եկել ու Նրա մարմինն եք փնտրում՝ պատշաճ հարգանքը ընծայելու: Բայց Նա այստեղ չէ այլևս: Նա մեռած չէ: Նա կենդանի է»:
շրկ. Օվ պարտիզպան
Հովհաննա – Հետո, երբ գերեզմանից դուրս եկանք և Երուսաղեմ էինք շտապում՝ տեսածներս ժամ առաջ ձեզ պատմելու, կատարվեց անհավատալին. ճանապարհի վրա մեր դիմաց ելավ Հիսուսը, իր սովորական ու ծանոթ կերպարանքով ու ասաց. «Ո՛ղջ եղեք»:
Մարիամ Մագդաղենացի – Բոլորս էլ ճանաչեցինք մեր Վարդապետին և ներքին երկյուղածությամբ մոտեցանք Նրան, հարգանքով երկրպագեցինք ու փարվեցինք ոտքերին՝ խոնարհությամբ համբուրեցինք: Իսկ Նա, խորաթափանց հայացքը մեր վրա հառելով, խոսեց մեզ հետ և ասաց. «Մի վախեցեք, ես ձեր Վարդապետն եմ: Հիմա գնացեք ու ինչ որ տեսաք, պատմեք առաքյալներին և իմ սիրելի եղբայրներին:
(Առաքյալները կասկածանքով ու անհավատությամբ նայում են իրան)
Մարիամ Մագդաղենացի – Ի՞նչ է, չէ՞ք հավատում:
Թովմաս – Սիրելի քույրերս, բոլորս էլ կցանկանայինք, որ ձեր երազանքը իրականություն լիներ, ու մեր Տիրոջը ողջ և կենդանի տեսնեինք: Այն, ինչ դուք պատմեցիք, բոլորիս ցանկությունն է: Հենց այդ ցանկության ազդեցության տակ էլ, երևի, քնեցիք գերեզմանի մոտ ու երազ տեսաք:
Մագդաղենացի – Ի՞նչ երազ: Մենք չենք քնել և երազ չենք տեսել: Մեր տեսածներն իրական են ու բացարձակ ճշմարտություն:
Հակոբոս – Գեթսեմանի պարտեզում մենք էլ, Պետրոսը ու ես, երբ Տիրոջ հրամանով առանձնացել էինք աղոթելու, չկարողացանք դիմանալ և քնեցինք: Սա բնական է: Այնպես որ, ձեր պատմածները ավելի շուտ երազի արդյունք են:
Բարդուղիմեոս – Սիրելի քույրերս, դուք մեզ իհարկե ներեցեք, բայց ձեր ասածները, ինչպես նկատեց Հակոբոսը, անհավանական ու անտրամաբանական են:
Հովհաննես – Իսկապես, ինչպե՞ս կարող է Նա ողջ լինել, երբ աչքերովս տեսա, որ խաչի վրա իր հոգին ավանդեց և սառը գերեզմանի մեջ թաղվեց: Ես նույնպես անհավատալի եմ համարում ձեր պատմածները:
Պետրոս – Սպասեք, եղբայրներ, այս ամենը լրջորեն պետք է քննարկել: Ես հիմա գերեզման կգնամ ու նրա դատարկ լինելը անձամբ կստուգեմ:
Հովհաննես – Սպասի՛ր, Պետրոս, ես էլ եմ գալիս: Այս հարցը ինձ էլ է շատ հուզում:
(Պետրոսն ու Հովհաննեսը դուրս են գալիս վերնատնից)
Մյուսը – Կղեովպա՛ս, այլևս ժամանակ չկորցնենք: Ինչպես որ պայմանավորվել էինք, մենք էլ Էմմավուս գնանք: Գերեզման տանող ճանապարհով ենք անցնելու, և ամենայն հավանականությամբ, կհանդիպենք Պետրոսին ու Հովհաննեսին, որոնք գերեզմանից ետ դառնալիս կլինեն: Նրանցից կիմանանք հենց նոր լսած բաների իսկությունը ու կշարունակենք մեր ճանապարհը դեպի Էմմավուս:
(Կղեովպասը և մյուս աշակերտը դուրս են գալիս Վերնատնից)
Հեղինակ – 7 ժամ անցնելուց հետո կրկին լցվում է Վերնատունը
(Դռան թակոցի ձայնից Անդրեասը բացում է դուռը և տեսնելով Կղեովպասին ու մյուս աշակերտին՝ զարմացած հարցնում է.)
Անդրեաս – Եղբայրնե՞ր, Կղեովպա՞ս: Ի՞նչ է պատահել: Ինչո՞ւ այդպես գիշերով էլ վերադարձաք:
Ջուր խմելուց ու շունչ քաշելուց հետո
Կղեովպաս – Ճանապարհ ընկած գնում էինք Էմմավուս: Երբ տաք-տաք զրուցում էինք իրար հետ, մեզ մոտեցավ ուրիշ մի երրորդ ճամփորդ և առանց մեզ հետ ծանոթանալու՝ սկսեց խոսել ու հարցրեց. «Ինչի՞ մասին եք խոսում, ինչո՞ւ եք տխուր, և որն է ձեր ցավը»:
Նախ՝ շատ զարմացանք, որ Երուսաղեմի մեջ կար մեկը, որ տեղյակ չէր այս վերջին օրերի դեպքերից: Ենթադրելով, որ եկվոր է, սկսեցինք պատմել մեր Վարդապետի՝ Հիսուսի, Նրա գործերի, չարչարանքների, խաչի, մահվան ու թաղման մասին: Հետո պատմեցինք քույրերի ու եղբայրների տեսած դատարկ գերեզմանի մասին: Պատմեցինք նաև մեր շփոթության ու տագնապների մասին:
Իսկ Նա մեզ հետ խոսում էր ամեն բանին տեղյակ եղողի պես: Հանդիմանում ու միևնույն ժամանակ մեզ մխիթարում էր՝ հիշեցնելով մարգարեների խոսքերըՄեսիայի մասին, թե պիտի կատարվեր այս ամենը համայն մարդկության մեղքերի թողության ու փրկության համար:
Մյուսը – Մեր զրույցը այնքան հետաքրքիր էր, որ չնկատեցինք, թե ինչպես կեսօրն անցավ ու իրիկուն եղավ: Արդեն տեղ էինք հասել: Մեր զրուցակցի խոսքը այնքան գրավիչ ու հմայող էր, որ չուզեցինք բաժանվել: Խնդրեցինք՝ մեզ հետ գիշերել: Նա չմերժեց:
Սեղան նստեցինք հաց ուտելու: Եվ այն պահին, երբ Նա հացը առավ, օրհնեց, կտրեց ու մեզ տվեց՝ ուտելու, մեր աչքերը բացվեցին. ու տեսարանը անմիջապես փոխվեց: Անծանոթ ճամփորդը մեզ ծանոթ կերպարանք առավ: Մեր առջև նստած էր Հիսուսը իր ծանոթ կերպարանքով ու տարազով:
Ուրախությունից շփոթված, երբ ուզում էինք մեր պատշաճ հարգանքը մատուցել Նրան, երևումը դադարեց, և Հիսուսը անհետացավ: Այս բանը տեսնելուց հետո՝ կարո՞ղ էինք քնել ու Էմմավուսում գիշերել: Ժամ առաջ փորձեցինք հասնել ձեզ մոտ և հայտնել, որ գրվածը կատարվեց. Քրիստոս հարություն առավ:
Սիմոն Կանանացի – Եղբայրնե՛ր, ձեր պատմածները ուրախություն ու հրճվանք են պատճառում մեզ: Երանի˜ թե այդպես լիներ, ինչպես որ պատմում եք:
Կղեովպաս – Այսինքն, ուզում ես ասել, թե չե՞ս հավատում:
Սիմոն Կանանացի – Ուրանալ հարությունը ու մեր Տիրոջ ասածները՝ չեմ կարող հանդգնել: Բայց միևնույն ժամանակ՝ հավատալ, որ Նա հարություն է առել, դժվարանում եմ:
(Հանկարծակի հայտնվում է Հիսուսը: Բոլորը ուրախությամբ, զարմանքով ու նաև վախեցած նայում են Հիսուսին)
շրկ. Գովեա Երուսաղեմ …
Հիսուս – Խաղաղություն ձեզ: Ես եմ, մի վախեցեք; Ինչո՞ւ եք այդպես անհավատ ու խռովված, և ինչո՞ւ ձեր սրտերում կասկածներ կան: Նայեք իմ ծակված ձեռքերին ու ոտքերին. հոգին մարմին ու ոսկոր չունի:
Կատարվեց գրվածը, այն, որ ասում էր՝ «Մարդու Որդին պիտի չարչարվի, խաչվի, թաղվի և երրորդ օրը հարություն պիտի առնի մեռելներից»:
Դո՛ւք եք իմ վկաները: Ինչպես Հայրս ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում աշխարհ՝ որպես գառներ գայլերի մեջ: Բայց մի՛ վախեցեք, քաջասի՛րտ եղեք. Ես աշխարհին հաղթեցի՛: Գնացե՛ք, ուրեմն, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, մկրտեցեք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև աշխարհի վախճանը: Ամեն:
Շրկ. Քրիսոս հարյավ