Գրից մինչև գիրք

Գրից մինչև գիրք

1.Երգ- «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ»

Երգից հետո բոլորը միասին արտասանում են.

Ծնվեց,որ ծնենք,
Եղավ,որ լինենք
Եվ անմահացավ,
Որ անմահանանք…

2.Աշ.- Եվ ահա աշխարհ եկավ նա՝
Այր մի` Մեսրոպ Մաշտոց անունով:
Եվ նա չծնվեց,որ ավելացնի
Հարց տվողների քանակն անպակաս,
Նա եկավ աշխարհ՝ պատասխանելու
Եվ պատասխանը գտավ իսկապես…

Աշ.- Այո՛, մենք կայինք նրանից առաջ,
Հզոր թե տկար՝ մարմին էինք մենք:
Սակայն նա եկավ ,որ հոգի դառնա,
Շոշափվող հոգի և անմեռ հոգի…

Աշ. - Այո՛, մենք կայինք նրանից առաջ,
Քիչ թե շատ կար հաց և ունեինք ջուր:
Սակայն նա ծնվեց,որ սնդունդ դառնա:

3. Լսվում են ձայներ

--Տե՛ր Աստված, պատարագի ժամանակ ոչինչ չհասկացա …
--Աղոթել եմ ուզում,ազոթք չգիտեմ…
--Ուզում եմ կարդալ Աստվածաշունչը,բայց ինչպե՞ս…
-- Հունարե՛ն կարդա, գիր չունենք, զավա՛կս..
--Սուտ է, ի՞նչ Քրիստոս և ի՞նչ նոր հավատ…
--Այս ի՜նչ խավար է, ամեն ինչ օտար…

4.Աշ.-(Մեսրոպ Մաշտոցն աղոթում է)
Աղաչեմ զքեզ,Հոգիդ՛ Սուրբ Աստված,
Զի եղիցիս ինձ առաջնորդ
Ե՛վ զորացուցիչ, և՛ օգնական
Շնորհեա՛ և ինձ լինել դարձուցիչ մոլորելոց,
Աղ անհամելոց,լույս խավարելոց:

Աշ.-396 թվական:Երկատված ու գլխատված հայրենիքի քաղաքական ծանր ճակատագիրը հանգիստ չէր տալիս Սուրբ Մեսրոպ վարդապետին : Օտարալեզու արարողությունները ժողովրդին հեռու էին պահում եկեղեցուց: Պետք էր հրաժարվել հասարակ մարդկանց համար անհասկանալի հունարենից ու ասորերենից:

Աշ.-Բարեպաշտ քրիստոնյան՝ Մաշտոցը,հայրենյաց գավառներով շրջելով,ճանաչեց ինքնաճանաչությունը կորցրած ժողովրդին,հասկացավ՝ նոր հավատքը ժողովրդի հոգուն չի հասնում:Եթե աղոթում է առ Աստված,ապա միայն օտար լեզվով, ուստի և խարխափում էր խավարի մեջ:

Աշ.-Եվ ինչ էր մնում,
Այլ բան չէր մնում,
Քան թե աղոթել…
Բայց մենք էլ նույնիսկ մեր Աստծուն
Աղոթում էինք օտար խոսքերով,
Խոսքեր ոչ պակաս անհասկանալի,
Քան ինքն այդ Աստված…
Եվ մարդկանց հոգնած սրտերի վրա,
Որ երեկ այնպես հուզառատ էին,
Այնպես զգացիկ,
Իջել էր արդեն անտարբերություն մի կործանարար
Եվ վաղվա հանդեպ և ապագայի:

Աշ.—Անդնդանում էր մի անհայտություն,
Անորոշություն մի ամենաքամ,
Որ վատ էր անգամ որոշյալ մահից:
Մի անհայտություն, որ ինքն էր դարձել
Երկրի իրական տիրակալը չար:
Եվ կործանումի սուր հոտ էր փրում
Ոչ միայն հացից,ջրից ու հողից
Այլ նաև օդից ու քամուց անգամ:
Պետք էր,շատ էր պետք ինչ-որ բան անել,
Սակայն ի՞նչ անել և ինչպե՞ս, ինչպե՞ս:

Այս պահին դուրս են գալիս Մեսրոպ Մաշտոցը,Սահակ Պարթևը և Վռամշապուհ թագավորը:

Մ.Մ.-Վեհափա՛ռ տեր,մեր ժողովրդին ձուլման վտանգից փրկելու
հայ գիր է հարկավոր: Պետք է անհապաղ թարգմանել
քրիստոնեական գրքերը, քարոզներն ու ծեսերը կատարել մայրենի
լեզվով,ինքնուրույն գրականություն ստեղծել, կրթության լույսը
տարածել՝ պայծառ, մաքուր, անբիծ ու հրաշակերտ:

Ս.Պ.-Ես էլ նույն մտահոգության մեջ եմ և համոզված եմ,որ հզոր մշակույթն է դառնալու սիրելի երկրիս անկախությունը վերականգնելու զենքը:Ես տենչում եմ իմ հեգևոր եղբայրներին ու ողջ աշխարհը Հայոց ազատագրել օտարի ձեռքերից: Զորացի՛ր, Մեսրո՛պ, և պինդ կաց… Մենք պատրաստ ենք այդ ծանր խնդիրը լուծման հասցնելու:Սակայն նախ անհրաժեշտ է,որ մենք թագավորին հայտնենք այսպիսի մեծ խնդրի կարևորությունը:

Վռամշապուհ- Ես ել վաղուց մտահոգ եմ այդ խնդրի շուրջ,և ինձ դուր եկավ ձեր հոգեմտավոր զարթոնքի և ինքնության պահպանման ծրագրերը,ուստի կսատարեմ այդ սուրբ գաղափարի իրագործմանը:Պիտի փրկենք բիբլիական մեր երկիրը կործանումից,պիտի բացենք լույսի ճամփան մեր հայորդյաց սերունդների համար:

3-ը միասին մոտենում են խաչին և արտասանում ՝ Ի Քրիստո՛ս

Վռամշապուհ-Թողությու՛ն տուր,Տե՛ր,ծանր խավարին,
Միայն թե թո՛ղ նա թողնի հեռանա:
Թո՛ղ ծառերն անգամ առանց և քամու
Հարգանքով նրա առջև կռանան,
Միայն թե թո՛ղ նա թողնի հեռանա:

Ս.Պ.- Մենք պահանջ չունենք,մենք գոհ ենք նույնիսկ,
Միայն թե թո՛ղ նա թողնի հեռանա:
Մենք խոստանում ենք, և մենք իսկապես
Նրան չենք կարող ու չենք մոռանա,
Միայն թե թո՛ղ նա թողնի հեռանա:

Մ.Մ-Իսկ թե հարկ լինի, նամանավանդ պետք
Ես խավարի հետ կմեկնեմ ինքս՝
Դառնալով նրա թագավորության
Հին հպատակն ու նոր քաղաքացին:

Ս.Պ.- Անդարձ կմեկնեմ խավարի հետ ես,
Միայն թե մեր այդ մեկնումից հետո
Ժամանի ինքը՝ մեր արշալույսը:

Վռամշապուհ- Գա ու եթե մի քիչ տխրի, որ չկանք,
Բայց մի քիչ հետո
Եվ կուրախանա,որ մեր կորստով
Կորել է նաև ինքը՝ խավարը…
Եվ տիրակալն է ամենատերը՝ Լույսը փառավոր:

(Բոլորը հեռանում են,իսկ Մեսրոպ Մաշտոցը լուռ աղոթում է:)

6.Մ.Մ.-Տե՛ր, մի՞թե չպետք է հատուցվի տքնանքս: Եթե չկարողանամ իրականություն դարձնել գաղափարը,ուրեմն զուր եմ ապրել,զուր եմ գործել:Ո՛չ,Տե՛ր,դու ինձ չես լքի,չէ՞ որ տառապանքն է ծնում գեղեցկությունն ու ճշմարտությունը: Տխուր հայացքով մի չքնաղ հայրենիք հեռու հեռվում սպասում է ինձ…

7.Երգ (Շարական-Որպեսզի Տեր Աստված մեր…)

8.Մ.Մ_Արարիչ անճառելի և աղբիւր
ճշմարիտ լուսոյ եվ իմաստութեան,
Հեղ ի միտս իմ զնշոյլ պայծառութեան
և փարատեցո հանձնե իմմէ
զմէգ և զանգիտութիւն:
Դու որ զլեզուս տղայոց դնես պարզախօսս,
Վարժեա զլեզու իմ,և լից օրհնութեամբ
շնորհաց քոց զշրթունս իմ:
Տուր ինձ սրութիւն իմանալոյ
զընդունակութիւն պահելոյ,
Զկորովամտութիւն մեկնելոյ,
զդիւրաընկալութիւն ուսանելոյ
Եվ զամենաառատ շնորհախօսելոյ:
Կազմեալ հարդարեա զմուրս իմ,
ուղղեա զգնացս իմ եւ կատարեա
Զելս իմ՝ ի Հիսուս Քրիստոս՝ ի Տէր Ամէն:

Աշ.- Լու՜յս,լու՜յս… զվարթ և ոչ թե լույս երեկոյի ի մտանել արեգական, այլ լույս զվարթ արդար գոյի, շաղոտն առավոտի…

9. Հնչում է Ա.Գևորգյանի մշակած <<Տեր ողորմյա>>-ն ,և ծնվում են տառերը:

Աշ.- Արարիչ
Բովանդակ
Գոյությանց
Դատավոր
Երկնից
Զորավոր
Էություն
Ըստհուն
Թագավոր
Ժամանակաց
Իրաց
Լուսո
Խավարի
Ծովուց
Կենսականաց
Համայնից
Ձայն
Ղողանջական
Ճեմարան
Մտաց
Հիսուս
Նազովրեցի
Շնորհ
Ոգեշունչ
Չարեաց
Պատաղիշ
Ջանադիր
Ռաբբի
Սրբոց
Վկայարան
Տեր
Մեր
Ցանկալի
Ու
Փառք
Քրիստոսիդ


Բոլորը միասին -----Տառերի անուններն են արտասանում.
Ա՛յբ,Բե՛ն,Գի՛մ,Դա՛….

Մ.Մ.- Օրհնեմք զքեզ,անսկիզբն Հայր,
Յամենայն ժամ օրհնութիւն ի բարձունս:
Գովեմք զքեզ, Միածին Որդի,
Յամենայն ժամ գոհութիւն ի բարձունս:
Բարեբանեմք զքեզ Սուրբ Հոգի,
Յամենայն ժամ փառք քեզ, Աստվա՛ծ…

Աշ.- Դուք՝ անմար կանթեղ մեր հայ դպրության
Նախահայրերիս մրմունջ,ողբ ու երգ,
Դուք անկործան հիմք հինավուրց մեր տան,
Դուք՝ մեզ անցյալին կամրջող սուրբ ձեռք:

Աշ.- Հայրենի՛ գրեր, դուք մեր երկնատուր,
Դուք՝ ամենաթանկ հրեղեն պարգև,
Մեր երազանքի անմար ակնաղբյուր,
Դուք մեր խոյանքի անխոցելի թև:

Աշ.- Դուք իմաստության ստույգ ուղեգիծ,
Օժտված տքնության, հանճարի փայլով,
Դուք սերունդների անմահ ուղեկից,
Գալիքը տանող լուսեղեն քայլով:

Աշ.- Ու քանի պայծառ մնաք մեր հոգում
Դուք Մեսրոպատառ քերթություն ու գիր,
Մեր սուրբ անվանը չի լինի անկում,
Հավերժ կունենանք հայրենի երկիր:

10. Պար – Քոչարի
Աշ.-Հայոց աշխարհում արտառոց տոն էր:Տոնվում էր մտքի հաղթությունը, և հայոց մայրաքաղաք Վաղարշապատը մեծ իրարանցման մեջ էր: Քաղաքի դռներից դուրս հորդում ժողովուրդը, գնում է դիմավորելու հայոց պայծառ միտքը հավերժացնող իր զավակին՝ ուսուցչապետ սուրբ Մեսրոպին:

11.Աշ.- Հայոց գրերի գյուտը արդյունք է Սուրբ Գիրքը հայերեն թարգմանելու անհրաժեշտության,որպեսզի հայ ժողովուրդը կարողանար իր մայրենի լեզվով կարդալ և հասկանար Աստծո խոսքը՝ իբրև հոգևոր սնունդ:
<<Աստվածաշունչը>> քրիստոնեական կրոնի հիմքն է, Աստծո գոյության և կյանքի մատյանն է,Աստծո խոսքն է և մեր հավատի խարիսխը:Այն մարդկության հոգևոր սննդի անսպառ շտեմարանն է,կյանքի փրկության ոսկեմատյանն է այն:

12.Բոլորը միասին արտասանում են .
Ճանաչել զիմաստութիւն և զխրատ իմանալ զբանս հանճարոյ:

Աշ.- Այո՛, սուրբ են տառերը հայոց,քանզի մկրտվեցին նրանք<<Ավետարանի>> շնչով, ու ավետաբեր խոսքն առաջին հայոց լեզվով դարձավ պատգամը յուրաքնչյուր հայորդու:

Աշ.-Աստվածաշնչի <<Առակաց գրքի>> թարգմանությամբ է Հայաստանում հզոր մշակութային շարժում ակզբնավորվում:Քարո-զիչ ու գիտնական Մաշտոցը մանկավարժ էր,հայերենի 1-ին հմուտ ուսուցիչը,հիմնադիրը հայ դպրոցի: Նա ավելի շատ մտածում էր կրթության տենչով համակված հայ մանուկների մասին,նրանց ընթերցարան էր հարկավոր,որպեսզի գրաճանաչ դառնալուց հետո կարդան՝ գրերն ի վանկ կապելով:

Աշ.- Սուրբ Մեսրոպը առաջին անգամ թարգմանում է Աստվածաշնչից այս նախադասությունը,որը վերցրել էր <<Առակաց>> գրքից:Կաթողիկոս Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի ջանքերով Հայաստանում սկսվում են բացվել դպրոցներ, ուր ուսուցանվում է հայոց գիրը: Նրանք իրենց աշակերտների հետ ձեռնամուխ են լինում Սուրբ Գրքի թարգմանությանը՝ դառնալով հայ թարգմանչական գրականության հիմնադիրներ: Աստվածաշնչի այս թարգմանությունն այնքան կատարյալ էր,որ մինչև այսօր համարվում է <<Թարգմանությունների թագուհի>>:

Երգ.- Շարական << Որք զարդարեցին>>(Վարդան Արեւելցի)

Աշ.-Առաքյալ ուսուցիչները՝ Սուրբ Մաշտոցն ու Սուրբ Սահակը,իրենց աշակերտների ջանքերով սկիզբ են դնում Սահակ-Մեսրոպյան Ոսկեդարին,և եթե գրամշակութային վիթխարի շարժման արձագանքները հասնում են մեզ,դրա համար պարտական ենք ոչ միայն ուսուցիչներին,այլ աշակերտներին:Սովորական պատանիներ չէին նրանք,հայոց պատմության մեջ առանձին էջ ունի նրանցից յուրաքանչյուրը:

Աշ.-Ու հայի արդար խոսքը գիր դարձավ,գիր դարձավ ու ճախրեց երկնակամարում,որ աշխարհին պատմի իր հավերժի ճամփորդ լինելու մասին,բիբլիական հողի իր հրաշալիքների ու զորության մասին:
Ու ծնվեցին գրքերը՝ մագազաթյա վկաները մեր ինքնության:
Հայրենասիրական գազափարներով տոգորված մեր առաջին մատենագիրները առաջնորդվում են հետևյալ սկզբունքով՝ ընդգծել հայ ժողովրդի հերոսականությունը,քաջության և ազգային ինքնաճանաչման օրինակներ ու դասեր տալ ներկա և ապագա սերունդներին:Այո՛,մեր պատմիչները սերունդներ են դաստիարակել,ներշնչել հայրենյաց ոգին,սերունդների արյան մեջ ներարկել հայ լինելու հպարտությունը:

Աշ.- Սուրբ Մեսրոպից հետո որքան էլ դժվար է եղել հայի ուղին,երբեք չի տրտնջացել նա,մաքառել է, պայքարել է,կորուստներ տվել,սակայն երես չի թեքել իր հաստատուն հավատից՝Քրիստոսի փշոտ պսակից:Չէ՞ որ արդեն մագաղաթյա մատյաններում Մաշտոցյան երկաթագիր սուրբ տառերով դրոշմված էր զորավոր <<Հավատամքը>>,հայի ճամփին միշտ լույս տվող <<Տերունական աղոթքը>>:

13. Երգ- Տերունական աղոթք

14.Աշ.-Աստվածաշունչը գրի առած ու սրբագործված հայոց տառերը այնուհետև շունչ ու ոգի տվին հայոց հանճարներին.մեկը երգեց հրաշագործ <<Տե՜ր ողորմյան>>,մյուսը հայրենյաց իր հերոսի գովքը երգեց ՝ <<Մահ իմացյալ անմահություն>>: Երկնից կաթած մի շնորհով մեկը գովեց Աստվածամոր գեղգեղանքը,մեկ ուրիշը Արդար Արեգակի լույսը փառաբանեց… Հանճարներ երկնեց հայ միտքը հզոր. Ներսես Շնորհալի, Գրիգոր Նարեկացի, Գրիգոր Տղա , նահապետ Քուչակ, Կոստանդին Երզնկացի,Ֆրիկ,Հովհաննես Թլկուրանցի, Մկրտիչ Նաղաշ,Գրիգորիս Աղթամարցի,Նաղաշ Հովնաթան,Պաղդասար Դպիր … և այլք իմաստուն:

Աշ.-Ու այսպես ահա լույսերի շողով մեր ճանապարհը բացվեց առհավետ …. Հավերժի ուղին ընտրած հանճարեղ հայորդիները արդար արեգակի լույսով առաջ ընթացան՝ Աստծո հետ խոսելով միայն հայերեն…

15. Երգ – շարական <<Առավոտ Լուսոյ>>(Ներսես Շնորհալի)

16.Աշ. Դարեր անցան ,և Հակոբ Մեղապարտը Մեսրոպի մեծ գյուտը միավորեց եվրոպական գյուտին և նոր կյանք տվեց հայոց գրերին: Արևմուտքում առաջին տպագիր գիրքը Յոհան Գուտենբերգի հրատարակած Աստվածաշունչն է՝ լատինական տառերով: Հակոբ Մեղապարտը արևելյան և արևմտյան շատ լեզուներից ավելի վաղ է հայերենը դարձրել տպագրության լեզու: 1512թ-ից ի վեր աշխարհում լույս են տեսել հայատառ գրքեր…
Մեզ հասել են Հակոբի ստեղծած հինգ անուն գրքերը՝ <<Ուրբաթագիրք>>, <<Պատարագամատույց>>, <<Աղթարք>>, <<Պարզատումար>>,<<Տաղարան>> :

Աշ.- Եվ հայ գիրքը իր հաղթական երթն սկսեց աշխարհում և զարմացրեց աշխարհին: Ու Մաշտոցից հետո բոլոր դարերում հայի միակ անփոխարինելի գանձը մնաց գիրքը՝ ժողովուրդների կյանքում հոգևոր-իմացական նվաճումների առհավատչյան,իսկ մեր ժողովուրդի համար ինքնության պահպանման միջոցը:Եվ փայլեց հայոց լեզուն իր ամբողջ գեղեցկությամբ՝ հմայելով նույնիսկ օտարներին:

Աշ.-Իմ սու՛րբ Մայրենի ,քո հավերժ գոյության համար Մաշտոցը դարձավ հավերժիդ գերին,կնքեց մեր լեզուն Քրիստոսի լույսի վկաներով՝մեր լինելիության անմահ ջահերով՝ մեր այբուբենի բոլոր տառերով:

Աշ.- Դու՛ մեր մեծ երթի գավազանակիր
Եվ մեր պատմության մեծագույն դիվան,
Մեր ազնվության գովասանագիր,
Մեր մտքի պահեստ ,հոգու օթևան:
Անցյալին պարզած դու մեր լուսափող,
Եվ մեր խուսափող՝ գալիքին ուղղված:
Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
Նարեկացիով օծված ու յուղված:

Աշ.- Դաժան դարերի ամեն մի ժամին
Շատ բան է խլել մեզնից թշնամին:
Բարդելով վերքին վերք ու անարգանք,
Հեծության վրա մի նոր հեծություն՝
Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,
Խլել է մեզնից փառք ու մեծություն,
Խլել կյանքը մեր և… կյանքից էլ թանկ
Մեր հողը,հողը մեր սուրբ հայրենին:

Աշ.- Շատ բանից է մեզ զրկել վայրենին:
Մեր կերած հացին քսել է նա ժանգ,
Բայց և… դարավոր բնիկ վայրենին
Կորստի լեղի կարոտն է քսել,
Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
Արցունքը,սակայն…և արյունը սև,
Բայց մենք չենք զրկվել….մեր բերնի համից,
- Քաղցրացրել ենք մենք… մեր քաղցր բառով,
Մեր հայրենահամ անուշ բարբառով:

Աշ.- Շատ բանից է մեզ զրկել թշնամին:
Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,
Հատել է ականջ ու ոտնաթաթեր,
Աչքեր է հանել դաշույնով իր սուր,
Կտրել է նաև արմատից լեզուն,
Եվ սակայն …իզուր.
Չի հատվել լեզեուն,
Մնացել է նա ՝ հատվելով անգամ…

Աշ.- Չկարողացան քեզ մեզնից խլել,
Եվ պարզ է հիմա ,հստակ ու որոշ,
Որ չեն էլ կարող քեզ մեզնից խլել,
Ինչպես չեն կարող խլել մեր դրոշ,
Որ հազարամյա դաժան մարտերում
Փողփողացել է միշտ էլ… սրտերում:

Աշ.- Ո՛չ,քեզ ոչ մեկ կուլ տալ չի կարող,
Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:
Ո՛չ,քեզ ոչ մեկը փուլ տալ չի կարող,
Ինչպես երկինքը երբեք չի փլվում:
Չե՛ս խլվի երբեք,
Չե՛ս փլվի երբեք,
Ինչպես արյունից գույնը չի խլվում…

Աշ.- Եվ ինչ խաչագող դեղ պիտի ծնվի,
Որ քեզ կամենա գողանալ մեզնից,
(Մի ասա <<մեզնից>> <<Աշխարհից>> ասա)
Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,
Այլև մասունք ես,
Մասունք ես մի սուրբ,
Անկողոպտելի մասունք սրբազան՝
Դարերի խորքից դարերին հասած;

Աշ.- Մասու՞նք:Ինչպե՞ս թե: Մասունքը ո՞րն է:
Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:
Իսկ դու՝ դարավոր,բայց և առույգ ես,
Գիսավոր ծուխ ես,բայց և խարույկ ես,
Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
Շատերի մեջ ես,բայց պետական ես,
Եվ դրանով իսկ դու պետքական ես,
Այն պետությանը ,որ վաղը պիտի
Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի…

17.Երգ -<<Պատմեք վանքի մաշված քարեր>>

18.Աշ.- <<Մահ իմացյալ անմահություն է>> կարգախոսը պիտի փոխվի մեր ժողովրդի համար, այսուհետև պիտի ասենք՝<<Կյանք իմացյալ անմահություն է>>:Այո՛, մենք այլևս պիտի ապրելով ապրենք,հաղթելով ապրենք: Հայրենասիրությունը բանաձևելու կարիք չունի,նրանով պիտի ապրես,գործես,արարես,ինչպես արեց ամենայն հայոց ուսուցիչ ՝ Սուրբ Մեսրոպը:
Աշ.-Հայն ապրում և ստեղծագործում է իր հայրենի հողում՝ այն սիրով ու գուրգուրանքով անվանելով Մայր Հայաստան: Չկա աշխարհում մի անկյուն ,որտեղ հայ չլինի: Ճակատագրի կամոք որտեղ ոտք է դրել հայը,ստեղծել է իր Հայաստանը՝ կառուցելով հայկական եկեղեցի,հիմնելով հայկական դպրոց:
Աշ.- Այսօր աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերը իրենց միտքը, հոգին, սիրտը, միախառնելով քրիստոնեական խոսքի ճշմարտությանը, իրենց հավատքի աղբյուրն ու Աստծու բնակության ազգային տունն անվանում են Մայր եկեղեցի , իսկ սրբազան սիրով տոգորված ազգային բարբառը կոչուն մայրենի լեզու:
Աշ.- Հանուն իր գոյությունը պայմանավորող այս երեք սրբությունների պահպանման և նրանց հավիտենականության ապահովման՝ մշտապես մաքառել և հաղթանակներ է կռել հայը:Մեր անկախ հայրենիքի բարգավաճմանն ուղղված ազոթքներով մաղթում ենք,որ մեր ազգային բոլոր սրբությունների հանդեպ պարտքն ու պատասխանատվությունը դառնան հայության սրբազան ուխտն ու զորությունը՝
Ա) ի պայծառություն ազատ ու անկախ Մայր Հայաստանի,
Աշ.- Բ) ի զորացումն օրավոր պայծառացող Առաքելական Մայր Եկեղեցու,
Աշ.- Գ) ի սեր հրաշաստեղծ Մայրենիի:

Աշ.-Հայաստա՛ն, ի՛մ հայրենիք,
Երկնքի չափ սիրում ենք քեզ…
Մենք դեռ փոքրիկ, շատ ենք փոքրիկ,
Բայց արդեն շատ բաներ գիտենք:
Գիտենք,որ այն հին օրերում
Թշնամին քեզ շատ է նեղել,
Քեզ բերել է մահ ու արյուն,
Որդիներիդ քեզնից խլել…
Մենք ուզում ենք շուտ մեծանալ,
Քեզ համար շատ գործեր անել,
Քեզ արժանի զավակ լինել
Ու քո սիրտը ուրախացնել:

  • 2021-12-11
×