Ակլատիզ

Ակլատիզ

Հայկական մշակույթի ամենագեղեցիկ, խորհրդանշական և խորհրդավոր արժեքներից են հայոց ծիսական տիկնիները: Նրանց կերպարների և գործառույթների մեջ առավել խոսուն ձևով է խտացվել և մարմնավորվել ժողովրդի անհատակ մտածողությունը: Հատուկ ծեսերով և հմայական բանաձևերով են ուղեկցվել տիկնիկի խորհրդանշական ծնունդը և մահը: Ժողովուրդը նրանց օժտել է մոգական ուժով, չարը խափանող, վտանգից ու չարից զերծ պահող հատկություններով: Տիկնիկների միջոցով ձգտել են ապահովել բերք ու բարիքի առատությունը, պտղաբերությունը, արգասաբերությունը, ընտանեկան և անձնական հաջողությունները:Մեծ պասի ծիսական տիկնիկը` Ակլատիզը կամ Պաս պապը, արական տիրապետության և պաս օրերի շրջանը: Տարբեր գավառներում տարբեր էին Ակլատիզի անվանումները` Ախլոճ, Ախացել, Ախելուծ, Գոգոռոզ, Խուխուլիճ, Խուլուճիկ, Մոռմոռոզ, Մռմռաս, Մեծպաս, Ֆռիկ, Որոջբեկ և այլն: Նա հայտվում էր պասի առավոտյան`իր հետ բերելով ծիսական գործողությունների մի ամբողջ շարան, որոնք դարձյալ պիտի ապահովեին պտղաբերությունն ու արգասաբերությունը: Ակլատիզը պատրաստում էր տան ամենատարեց կինը` բոլորից թաքուն: Տիկնիկը իրենից ներկայացնում էր մի սոխ (կարտոֆիլ, խմորագունդ), վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի յոթ շաբաթները: Որոշ վայրերում փետուրները կարող էին գույնզգույն լինել կամ` չորսը սպիտակ, մեկը`սև ու սպիտակ, երկուսը`սև, քանի որ պասի առաջին 4 շաբաթները ձմռան շրջանում են, վերջին երեքը` գարնան, երբ գետինն արդեն սևացել է: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Սոխի վրա խրում էին միոտանի տիկնիկին`պատրաստված փայտից,բեղ-մորուքով, հագին`տղամարդու շորեր, աջ ու ձախ պարզած թևերից քարեր կախած :Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Հակառակ դեպքում պատիժը չէր ուշանա`նա քարերով կհարվածեր պասը խախտողին, կամ էլ կծու բիբարով կվառեր նրա բերանը:

 

Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո, երիտասարդները Ակլատիզին տանում էին կալերը և չարախնդալով, դագանակով հարվածելով, ջուրն էին գցում, իսկ Ակլատիզի սոխը կամ սոխի ծիլերը տանտիրուհիները պահում էին և գցում ճաշի մեջ: Որոշ վայրերում սոխը թաթախում էին մածունի մեջ և նետում տանիքը: Ըստ ժողովրդական պատկերացումների,Ակլատիզը թռչուն է դառնում, թռչում գնում է` մյուս տարի կրկին վերադառնալու համար: Այս պատկերացումի համաձայն` սոխի մի կողմից թռչունի կտուց էին դնում:


Ակլատիզին ժողովուրդը օժտել էր բավականին տարաբնույթ հատկանիշներով: Առաջինը պասը չպահողներին պատժելու գործառույթն էր` բերանը վառելու, քարեր նետելու, հատկապես երեխաների մեջ ահ ու սարասափ տարածելու միջոցով: Չնայած սրան` Ակլատիզն ավելի դրական, քան բացասական կերպար էր: ժողովուրդը նրան սիրում էր: Դա են վկայում ծիսական այս տիկնիկին առնչվող երգերի մեծ մասը:
Ակլատիզը նաև հուսաբեր էր: Նա կարող էր խեր բերել, ուրախ տարի ապահովել, դուրս վռնդել չարիքը և ապահովել բարին: Շիրակում , օրինակ, հավաքում էին Ակլատիզի փետուրները , խուրձ անում և հաց թխելիս այդ խրձով մաքրում սեղանի ալյուրը: Փետուրները երբեմն պահում էին ներքնակի տակ` մինչև հաջորդ Մեծ պաս: Հավատում էին, որ դրանք կապահովեն բարեկեցությունը: Ակլատիզին էին դիմում նաև անհատական խնդրանքներով.`«Սուրբ Ակլատիզ, կատարիր խնդրանքս, ես քեզ մատաղ կանեմ»: Նրա վերջին փետուրով ալաշկերտցիները գուշակություն էին անում: Փետուրը երդիկից վայր էին նետում, եթե մեջքի վրա էր ընկնում, լավ նշան էր համարվում, եթե կոր մասով վայր` հավատում էին, որ տան երեխաներից մեկը հիվանդանալու է:


Միաժամանակ Ակլատիզը տառապյալ կերպար էր: Նա գիտեր իր կյանքի կարճատևությունը և «չվանը վզին» սպասում էր իր «գանահարմանն» ու դուրս վռնդմանը:

  • 2021-12-11
×