Սուրբ Զատիկ (Նախապատրաստական խմբի համար)

Սուրբ Զատիկ (Նախապատրաստական խմբի համար)

Նախապատրաստական խմբի համար)

 

Դահլիճի կենտրոնում կարմիր սփռոցով ծածկված յոթ սեղանների վրա դրվում են զատկական կերակրատեսակներ` կարմրաներկ հավկիթ, չամչով փլավ, ձուկ, տապակած և հում կանաչեղեն, տոպրակով հատիկավոր քաղցրավենիք` հյուրերին, ծնողներին, դաստիարակներին հյուրասիրելու համար: Դահլիճի կենտրոնում լուսամփոփից կախվում է ակլատիզ : Յուրաքանչյուր սեղանի վրա դրվում է ակլատիզ` գունավոր փետուրներով: Մեկ այլ սեղանի վրա դրվում են հաց, աղ, ջուր` տնօրհնեքի համար:

 

Դաստիարակը, դիմելով հոգևորականին, հրավիրում է կենտրոն` միջոցառումը Տերունական աղոթքով սկսելու:

 

Քահանայի ողջույնի խոսք,

 

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ

Երեխաները, հրեշտակների զգեստներով թռչկոտելով, մտնում են դահլիճ և կանգնում: Ավետիս տվող խմբից առանձնանում են երգող երեխաները և երգում:

ՇԱՐԱԿԱՆ` «Սուրբ Աստուած, Սուրբ և Հզոր…» (Խորան լուսոյ, Երևան, էջ 30):

 

1. - Օրհնեցե՜ք Տիրոջը երկնքից, օրհնեցե՜ք Նրան բարձունքներից,
2. - Օրհնեցե՜ք Նրան, Նրա բոլոր հրեշտակներ,
3. - Օրհնեցե՜ք Նրան, արեգակ և լուսին,
4. - Օրհնեցե՜ք Նրան, բոլոր աստղեր և լույս,
5. - Հուր և անձրև, ձյուն և քամի, օրհնեցե՜ք Տիրոջը,
6. - Հողմ և մրրիկ, որ Նրա խոսքն եք կատարում, օրհնեցե՜ք Տիրոջը,
7. - Լեռներ և բլուրներ, պտղաբեր ծառեր և բոլոր մայրիներ, օրհնեցե՜ք Տիրոջը,
8. - Գազաններ և ամեն տեսակ կենդանիներ, օրհնեցե՜ք Տիրոջը,
9. - Սողուններ և ամեն տեսակ թևավոր թռչուններ, օրհնեցե՜ք Տիրոջը,
10. - Երկրի թագավորներ, զորքերով հանդերձ օրհնեցե՜ք Տիրոջը,
11. - Երիտասարդներ և կույսեր, ծերեր և մանուկներ, օրհնեցե՜ք Տիրոջը:

 

Ավարտին երեխաների մի մասը տալիս է Հարության ավետիսը, մյուսը` պատասխանում:

 

1-ին խումբ - ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
2-րդ խումբ - ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:
ԵՐԳ-ՊԱՐ` «Հանիկ նինար» (Մանկապատանեկան ժողովրդական երգերի երգարան` Խնկի ծառ, կազմեց Աշոտ Շահնազարյանը, էջ 14):

 

Երգ-պարից հետո երեխաները նստում են սեղանների շուրջ:

 

Երեխա – Սբ Զատկից քառասունինն օր առաջ սկսվում է Մեծ պասը: Հայաստանի որոշ վայրերում ընդունված է եղել Մեծ պասի առաջին օրը սոխից կամ կարտոֆիլից պատրաստել ակլատիզ, որը զարդարվել է փետուրներով: Յոթ փետուրները խորհրդանշել են Մեծ պասի յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես փետուրներից մեկը պոկել են:

 

Երեխա
Ակլատիզ, չվանը վիզ,
Եկավ մեզ հյուր,
Կախվավ երդիս:

 

Յուրաքանչյուր սեղանից մեկ երեխա, պոկելով ակլատիզի մեկ փետուր, ասում է Մեծ պասի յոթ շաբաթներից մեկի անունը:

 

1. Բուն բարեկենդան: 2. Անառակ Որդու կիրակի: 3. Արտաքսման կիրակի: 4. Անիրավ Տնտեսի կիրակի: 5. Անիրավ դատավորի կիրակի: 6. Գալստյան Կիրակի: 7. Ծաղկազարդ:

 

Երեխա - Վերջին` յոթերորդ փետուրը պոկել են Զատկից մեկ օր առաջ, իսկ հաջորդ օրը տոնել են Զատիկը: Ակլատիզը սովորաբար դրվել է տան որևէ նկատելի անկյունում կամ կախվել է տանիքից:

 

Խոսք - (ասում է դաստիարակը) - Զատկից մեկ շաբաթ առաջ նշվում է Ծաղկազարդի տոնը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կարգադրությամբ Ծաղկազարդի տոնին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Ուստի մենք այսօր հրավիրել ենք արժանապատիվ Տեր ____________________ քահանա _______________________-ին` օրհնելու մեր մանուկներին:

 

Քահանայի օրհնության խոսք

Խոսք (ասում է դաստիարակը) – Ըստ ավանդույթի, Ծաղկազարդի տոնին երեխաները վերցրել են մի դույլ կամ տոպրակ և շրջել տնետուն, երգել են Ծաղկազարդի երգեր, ուռենու օրհնված ճյուղեր նվիրել ընտանիքի անդամներին, իսկ տանտիկինները նրանց հյուրասիրել են ձու և «հատիկ» կոչվող քաղցրավենիք` պատրաստված ցորենից, սիսեռից, չամչից և շաքարահատիկներից: Այս ծեսը կարծես գարնան գալուստն է ավետել:

 

Ոտանավոր.
Ձմեռն անցավ, եկավ գարուն,
Պասը գնաց, Ուտիսն եկավ,
Քաշվի՛, կորի՛, Զատիկն եկավ:

 

Յուրաքանչյուր սեղանից մի երեխա, վերցնելով հատիկով լի ափսեն, հյուրասիրում է ներկաներին:



ԵՐԳ` «Զատիկ» (Ռ. Հարոյան, Զատիկ, Երևան, 1996, էջ 69):

 

Խոսք - Զատիկը` Հիսուս Քրիստոսի Հարության տոնը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար, այսինքն` ամենամեծ տոներից է: Այն ժողովրդի սիրված և սպասված տոներից է և ամեն տարի նշվում է մեծ շուքով:

 

Ոտանավոր.
-Նո՛րն է ծնունդ առնում էսպես,
Ու շարունակ պտույտ գալիս,
Դա հրաշք է, ուրիշ էլ ի՞նչ,
Եվ անունն է այդ հրաշքի
Հարություն կամ Կարմիր Զատիկ:

 

ԶԱՏԿԻ ԱՌԱԾԱՆԻ
(Ռ. Հարոյան, «Զատիկ», էջ 55)
(Ասում են երեխաները):
1. - Հենց սովածանան, Զատկի փլավը միտը կբերեն:
2. - Ջրօրհնեքը ճրագլիսով, Զատիկը` Արևլիսով:
3. - Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչի հատիկ է:
4. - Կարմիր ձուն Զատկին կսազե:
5. - Զատիկն առանց ձվի չի լինի:
6. - Ինչու՞:
7.- Որովհետև ձուն մի կողմից օրինակ է աշխարհի,
8. - դրսի կեղևը նման է երկնքի,
9. - սպիտակ թաղանթը` օդի,
10. - սպիտակուցը` ջրի,
11. - դեղնուցը` երկրի:
12. - Ձուն նաև խորհրդանիշ է Հարության:

 

Ուրախ երաժշտության ներքո գալիս է Ուտիս տատը` ծաղկավոր հագուստ ով և գոգնոցով, ձեռքին` կարմրաներկ հավկիթներով լի կողով:

Երեխա – Եկա՜վ, եկա՜վ, Ուտիս տատը եկավ:

Պարում է, ապա ձվերը ցույց տալով` ասում.

Ուտիս տատ - Բերեցի՜, Զատկի ձվերը բերեցի՜: Տեսեք որքա՜ն գեղեցիկ են Զատկի ձվերը:

Ձվերը բաժանում է երեխաներին:

 

Երեխա - Տատի՛կ, ինչու՞ են ձվերը կարմիր ներկում:
Ուտիս տատ - Կարմիրը Քրիստոսի արյան գույնն է: Իմացեք նաև, որ Զատկի տոնին ընդունված է միմյանց շնորհավորելու հետ մեկտեղ ներկած ձվեր նվիրել` ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Իսկ վերցնողը պետք է պատասխանի. «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:
Երեխա - Ուտի՛ս տատի, ի՞նչ են պատրաստում Զատկի տոնին:
Ուտիս տատ – Զատկին եփում են չամչով փլավ:
Երեխա - Իսկ ինչու՞ են Զատկին չամչով փլավ եփում:
Ուտիս տատ - Որովհետև բրինձը խորհրդանիշն է համայն ժողովրդի, իսկ չամիչները` քրիստոնյաների:

 

ԵՐԳ` «Չամչով փլավ» (Ա. Մովսիսյան, Երեքից տասներեք, Երևան, 1999):

 

Ուտիս տատ - Զատկի սեղանը զարդարել են ոչ միայն ներկած ձուն, չամչով փլավը, ձուկը և գինին, այլև կանաչիներից պատրաստված աղցաններն ու տարբեր ճաշատեսակները, որոնք խորհրդանշում են գարնան զարթոնքը:
Երեխա - Առաջին դարերում, երբ հալածել են քրիստոնյաներին, նրանք միմյանց ձուկ են տվել և այդպիսով ճանաչել իրար:
Երեխա - Ժողովրդական առածն ասում է.
Ձուկ կեր, գինի խմիր,
Վա՜յ ձկան գլխին,
Ձուկ կեր, ջուր խմիր,
Վա՜յ ուտողի գլխին:
Ուտիս տատ - Դե՛, թոռնիկներ, եկեք միասին աղոթենք ու ես գնամ:

 

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂՈԹՔ

Ո՛վ մեծ Աստված, որ տվել ես մեզ բարի հայր և սիրող մայր,
Տուր մեզ շնորհք, անենք աղոթք, չլինենք անհոգ,
Ապրենք խելոք, պարկեշտ ու հեզ ու սիրենք Քեզ. ամեն:

 


Ուտիս տատ - Իմ գործերը շա՜տ-շա՜տ են, ուրիշ մանպապարտեզներ էլ պիտի գնամ, որտեղ սպսում են ձեզ նման անուշիկ շա~տ փոքրիկներ:

Հրաժեշտ են տալիս Ուտիս տատիկին` երգելով «Յարալի» երգը /Ռ. Հարոյան, «Զատիկ», էջ 70/:

Երեխա - Բացի Զատկի կերակրատեսակներից, կան նաև Զատկին նվիրված երգեր, պարեր, խաղեր, հանելուկներ:

Երեխաները հանդիսատեսին առաջարկում են հանելուկներ: Պատասխանողներին տալիս են կարմրաներկ հավկիթ:

 


1. Կուլուլիկ, պուլուլիկ,
Ոչ դուռ ունի, ոչ երդիկ:

2. Այսօր կլոր մարմար քար,
Վաղը կթրչի վեր ու վար:

3. Կարաս ունեմ մի պուճուր,
Մեջը` երկու գույնի ջուր:
4. Մի տուն գիտեմ`
Քանդվել ունի, շինվել` չունի:

5. Մի տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը` ոսկի:

6. Աստված մի տուն է շինել,
Ոչ դուռ ունի, ոչ կտուր:

(պատասխանն` է ձու)

ՊԱՐ` «Ճոր պար» (Ռ. Հարոյան, «Զատիկ», էջ 67):

 

Երեխա - Զատկի խաղերից են «Ձու գլորիկը», «Ձու պտտոցին», «Ձու կոտրոցին», «Ձվարշավը», որը խաղում են կոտրված ձվերով:
Դաստիարակ - Այժմ եկեք խաղանք «Ձուկոտրոցի»:

 

Ոտանավոր
Ծաղկած են դաշտեր ծիլ-ծիլ, խատուտիկ,
Եվ ամեն ժամ կավետեն Զատիկ,
Զատի՛կ է եկել, թո՛ղ աշխարհ ցնծա,
Կարմիր հավկիթներ բերել ենք ընծա:

 

Երեխաների մի մասը մոտենում են միջոցառման ներկաներին, նվիրում մեկ ձու և խաղում ձու կոտրոցի, իսկ մյուսները խաղում են միմյանց հետ:

Երեխա - Ղոչ հավկիթը երեսից է երևում:

Երեխաները խաղում են, նշվում են հաղթողների անունները:

ԵՐԳ` «Բարի հրեշտակ» (Ռ Հարոյան, «Զատիկ», էջ 68):

 

Երեխաներ.
-ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:


Հանդիսատես.
-ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:



Դաստիարակը և երեխաները միասին.
-ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ:

  • 2021-12-11
×